Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1

Հանգստություն պահպանիր և ապավինիր Եհովային

Հանգստություն պահպանիր և ապավինիր Եհովային

2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի» (ԵՍ. 30։15

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Դավթի պես մեզնից ոմանք ի՞նչ հարց գուցե տան Եհովային։

ԲՈԼՈՐՍ էլ ուզում ենք հանգիստ ու խաղաղ կյանք ունենալ։ Ոչ ոքի հաճելի չէ անհանգստության զգացումը։ Բայց ժամանակ առ ժամանակ հնարավոր է՝ լուրջ մտահոգություններ ունենանք։ Ուստի մեզանից ոմանք Դավիթ թագավորի պես գուցե հարցնեն Եհովային. «Մինչև ե՞րբ պիտի ընդվզեմ իմ հոգու մեջ և օրեր շարունակ վիշտ ունենամ իմ սրտում» (Սաղ. 13։2

2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Թեև չենք կարող ամբողջովին խուսափել մտահոգություններից, բայց շատ բան կարող ենք անել մեր զգացումները վերահսկելու համար։ Այս հոդվածում նախ կտեսնենք, թե ինչ պատճառներով գուցե մտահոգվենք։ Այնուհետև կքննարկենք վեց գործնական քայլեր, որոնք կօգնեն մեզ հանգստություն պահպանել դժվարությունների բախվելիս։

ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ

3. Ի՞նչ սթրեսային իրավիճակների ենք բախվում և կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից։

3 Մենք շատ քիչ կամ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունենք որոշ բաների վրա, որոնց պատճառով գուցե սթրեսի մեջ ընկնենք։ Օրինակ՝ մենք չենք կարող վերահսկել սննդի, հագուստի և կացարանի տարեցտարի աճող գները։ Չենք կարող փոխել մեր աշխատակիցների կամ համադասարանցիների տրամադրվածությունը, ովքեր փորձում են մեզ անազնիվ ու անբարո արարքների դրդել։ Չենք կարող նաև վերջ դնել մեր շրջապատում տեղի ունեցող հանցագործություններին։ Մենք բախվում ենք նման դժվարությունների, քանի որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդկանց մեծ մասը չի առաջնորդվում աստվածաշնչյան սկզբունքներով։ Բացի այդ՝ այս աշխարհի աստվածը՝ Սատանան, գիտի, որ ոմանք «աշխարհի հոգսերի» պատճառով կդադարեն Եհովային ծառայելուց (Մատթ. 13։22; 1 Հովհ. 5։19)։ Ուստի զարմանալի չէ, որ աշխարհը լի է սթրեսային իրավիճակներով։

4. Ինչպե՞ս գուցե արձագանքենք, երբ մտահոգությունները ճնշեն մեզ։

4 Հնարավոր է՝ մտահոգությունները այնքան ճնշեն մեզ, որ դրանցից այն կողմ ոչինչ չտեսնենք։ Օրինակ՝ գուցե անհանգստանանք, որ չենք կարողանա բավականաչափ գումար վաստակել մեր կարիքները հոգալու համար, որ հիվանդության պատճառով ի վիճակի չենք լինի աշխատել կամ էլ որ կկորցնենք մեր գործը։ Հնարավոր է նաև մտահոգվենք, որ չենք կարողանա հավատարիմ մնալ Աստծուն փորձության բախվելիս։ Շուտով Սատանան կդրդի իր ազդեցության տակ եղող մարդկանց հարձակվել Աստծու ժողովրդի վրա։ Ուստի գուցե անհանգստանանք, թե ինչպես կվարվենք այդ ժամանակ։ Բայց սխա՞լ է արդյոք մտահոգվել նման բաների համար։

5. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով. «Մի՛ մտահոգվեք»։

5 Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Մի՛ մտահոգվեք» (Մատթ. 6։25)։ Արդյո՞ք նա ուզում էր ասել, որ մտահոգվելը սխալ է։ Իհարկե ո՛չ։ Չէ՞ որ անցյալում Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք էլ են մտահոգվել, բայց նրանք չեն կորցրել նրա հավանությունը (1 Թագ. 19։4; Սաղ. 6։3 * Իրականում Հիսուսն այդ խոսքերով ուզում էր մեզ մխիթարել։ Նա չի ցանկանում, որ կյանքի հոգսերի պատճառով Աստծուն մատուցվող մեր ծառայությունը տուժի։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ վերահսկենք մեզ անհանգստացնող մտքերը (տես « Ինչպես հանգստություն պահպանել» շրջանակը)։

ՎԵՑ ՔԱՅԼ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ՄԵԶ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ

տես պարբերություն 6 *

6. Փիլիպպեցիներ 4։6, 7 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, որ մտքի խաղաղություն ունենանք։

6 1) Հաճախակի աղոթիր։ Երբ հոգսերը ճնշում են մեզ, կարող ենք ջերմեռանդորեն աղոթել Եհովային (1 Պետ. 5։7)։ Ի պատասխան մեր աղոթքների՝ կստանանք «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն [մարդկային] միտք» (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Եհովան իր հզոր սուրբ ոգու միջոցով մտքի խաղաղություն կտա մեզ (Գաղ. 5։22

7. Աղոթելիս ի՞նչ պետք է հիշենք։

7 Աստծուն աղոթելիս սիրտդ բաց արա նրա առաջ և կոնկրետ բաների մասին աղոթիր։ Ասա նրան, թե որն է քո խնդիրը, և թե այն ինչպես է անդրադառնում քեզ վրա։ Եթե դա լուծվող հարց է, խնդրիր, որ Եհովան քեզ իմաստություն և ուժ տա, որպեսզի գտնես լուծումը և դրա համաձայն վարվես։ Իսկ եթե այնպիսի հարց է, որը չես կարող լուծել, խնդրիր նրան, որ օգնի քեզ չափից շատ չմտահոգվել։ Եթե կոնկրետ բաների մասին աղոթես, ժամանակի ընթացքում ավելի հստակ կտեսնես, թե ինչպես է Եհովան պատասխանում քո աղոթքներին։ Իսկ եթե աղոթքիդ պատասխանը անմիջապես չստանաս, մի՛ հանձնվիր։ Եհովան ուզում է, որ ոչ միայն կոնկրետ բաների մասին աղոթես, այլ նաև հաստատակամ լինես (Ղուկ. 11։8–10

8. Ի՞նչ պետք է ներառենք մեր աղոթքներում։

8 Երբ անհանգստություններիդ մասին պատմում ես Եհովային, մի՛ մոռացիր նաև շնորհակալական խոսքեր ասել նրան։ Լավ կլինի՝ հաշվես օրհնություններդ, նույնիսկ եթե առանձնահատուկ դժվարությունների միջով ես անցնում։ Իսկ եթե այնպիսի վիճակում ես, որ չես կարողանում բառեր գտնել զգացմունքներդ արտահայտելու համար, հիշիր, որ Եհովան պատասխանում է նույնիսկ այնպիսի պարզ աղոթքների, ինչպիսին է՝ «Խնդրում եմ, օգնի՛ր» (2 Տար. 18։31; Հռոմ. 8։26

տես պարբերություն 9 *

9. Որտե՞ղ կարող ենք իրական ապահովություն գտնել։

9 2) Ապավինիր Եհովայի իմաստությանը, ոչ թե քո։ Մ. թ. ա. 8-րդ դարում ասորեստանցիները սպառնում էին հարձակվել Հուդայի վրա։ Նրանց լծի տակ չընկնելու համար իսրայելացիները հուսահատ դիմեցին հեթանոս եգիպտացիների օգնությանը (Ես. 30։1, 2)։ Եհովան նախազգուշացրեց, որ եգիպտացիներին ապավինելը աղետի կտանի իրենց (Ես. 30։7, 12, 13)։ Եսայիայի միջոցով նա իր ժողովրդին հայտնեց, թե նրանք որտեղ կարող են իրական ապահովություն գտնել։ Մարգարեն ասաց. «Ձեր զորությունը հանգստության և [Եհովային] ապավինելու մեջ կլինի» (Ես. 30։15բ

10. Ո՞ր իրավիճակներում գուցե փորձվի վստահությունդ Եհովայի հանդեպ։

10 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային։ Քննենք մի քանի իրավիճակ։ Պատկերացրու՝ քեզ լավ վարձատրվող աշխատանք են առաջարկել, որը սակայն, բավականին շատ ժամանակ է խլելու քեզանից և խանգարելու է հոգևոր գործերիդ։ Կամ քո աշխատավայրում ինչ-որ մեկը, ով Աստծու մկրտված ծառա չէ, ռոմանտիկ հետաքրքրություն է ցուցաբերում քո հանդեպ։ Կամ էլ գուցե ընտանիքիդ անդամներից մեկը, ում շատ սիրում ես, քեզ ընտրության առաջ է կանգնեցնում՝ ասելով. «Կա՛մ ես, կա՛մ քո Աստվածը»։ Այս բոլոր իրավիճակներում էլ հեշտ չէ որոշում կայացնել։ Բայց համոզված եղիր, որ Եհովան ցանկացած դեպքում քեզ անհրաժեշտ առաջնորդությունը կտա (Մատթ. 6։33; 10։37; 1 Կորնթ. 7։39)։ Հարցն այն է, թե արդյոք կապավինես Եհովային և կհետևես նրա առաջնորդությանը։

տես պարբերություն 11 *

11. Աստվածաշնչյան ո՞ր արձանագրությունները կօգնեն մեզ հանգստություն պահպանել հալածանքի բախվելիս։

11 3) Սովորիր թե՛ լավ, թե՛ վատ օրինակներից։ Աստվածաշնչյան բազմաթիվ արձանագրություններ ընդգծում են հանգստություն պահպանելու և Եհովային ապավինելու կարևորությունը։ Դրանք ուսումնասիրելիս մտածիր, թե խիստ հակառակության ժամանակ ինչն է օգնել Աստծու ծառաներին հանգստություն պահպանել։ Օրինակ՝ երբ հրեական գերագույն դատարանը արգելեց առաքյալներին քարոզել, վերջիններս չվախեցան։ Փոխարենը՝ քաջաբար ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։ Անգամ ծեծվելուց հետո առաքյալները խուճապի չմատնվեցին։ Ինչո՞ւ։ Քանի որ գիտեին, որ Եհովան իրենց թիկունքին կանգնած է։ Նրանք ունեին Եհովայի հավանությունը, ուստի շարունակեցին քարոզել բարի լուրը (Գործ. 5։40–42)։ Իսկ երբ Ստեփանոսը կանգնած էր մահվան առաջ, նա այնքան խաղաղ ու հանդարտ էր, որ նրա «երեսը հրեշտակի երեսի նման էր» (Գործ. 6։12–15)։ Ինչի՞ շնորհիվ։ Ստեփանոսը վստահ էր, որ ունի Եհովայի հավանությունը։

12. 1 Պետրոս 3։14 և 4։14 համարների համաձայն՝ հակառակության բախվելիս ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել։

12 Առաքյալները հստակ տեսնում էին, որ Եհովան իրենց հետ է։ Նա նրանց հրաշքներ գործելու զորություն էր տվել (Գործ. 5։12–16; 6։8)։ Ճիշտ է, Եհովան մեզ այսօր նման զորություն չի տալիս, սակայն իր Խոսքի միջոցով հավաստիացնում է, որ երբ չարչարվում ենք հանուն արդարության, արժանանում ենք նրա հավանությանը, և նա իր ոգով զորացնում է մեզ (կարդա 1 Պետրոս 3։14; 4։14)։ Ուստի փոխանակ մտածելու, թե ինչպես կարձագանքենք սպասվող խիստ հալածանքին, լավ կլինի մտածենք, թե ինչպես կարող ենք ամրացնել մեր վստահությունը այն բանում, որ Եհովան կարող է զորացնել և փրկել մեզ։ Առաջին դարի աշակերտների նման մենք պետք է վստահենք Հիսուսի հետևյալ խոստմանը. «Ես ձեր բերանում իմաստություն կդնեմ, որին ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակառակ խոսել»։ Հիսուսը նաև հավաստիացրել է. «Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։12–19)։ Բացի այդ՝ երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան հիշում է ցանկացած մանրուք իր այն ծառաների վերաբերյալ, ովքեր մինչև մահ հավատարիմ են մնում իրեն։ Նա նրանց հարություն է տալու՝ հաշվի առնելով այդ բոլոր մանրուքները։

13. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ ուսումնասիրելով նրանց օրինակները, ովքեր հանգստություն չեն պահպանել և չեն ապավինել Եհովային։

13 Մենք կարող ենք սովորել նաև այն մարդկանց օրինակներից, ովքեր հանգստություն չեն պահպանել և չեն ապավինել Եհովային։ Նրանց կյանքից որոշ դեպքեր ուսումնասիրելը կօգնի, որ չկրկնենք նույն սխալները։ Օրինակ՝ Աստվածաշնչից իմանում ենք, որ Ասա թագավորը իր իշխանության սկզբում ապավինեց Եհովային, և Եհովան նրան հաղթանակ շնորհեց, երբ եթովպացիների մեծաքանակ զորքը դուրս եկավ Հուդայի դեմ (2 Տար. 14։9–12)։ Բայց հետագայում, երբ Իսրայելի Բաասա թագավորը շատ ավելի փոքր զորքով հարձակվեց Հուդայի վրա, Եհովային ապավինելու փոխարեն՝ Ասան դիմեց Ասորիքի օգնությանը (2 Տար. 16։1–3)։ Ասան չապավինեց Եհովային նաև իր կյանքի վերջում, երբ ծանր հիվանդացել էր (2 Տար. 16։12

14. Ի՞նչ ենք սովորում Ասայի սխալներից։

14 Սկզբում դժվարությունների բախվելիս Ասան դիմեց Եհովային, բայց հետո նախընտրեց խնդիրները իր ձևով լուծել։ Օգնության համար Ասորիքին դիմելու Ասայի որոշումը առաջին հայացքից գուցե շատ խելամիտ թվար։ Բայց դա երկարատև խաղաղություն չբերեց Հուդային։ Մարգարեի միջոցով Եհովան Ասային ասաց. «Քանի որ դու Ասորիքի թագավորին ապավինեցիր և ոչ թե քո Աստված Եհովային, այդ պատճառով Ասորիքի թագավորի զորքը փրկվեց քո ձեռքից» (2 Տար. 16։7)։ Ի՞նչ ենք սովորում։ Մենք չպետք է այնքան ինքնավստահ դառնանք, որ փորձենք խնդիրները մեր ձևով լուծել։ Փոխարենը՝ պետք է դիմենք Եհովային, որ իր Խոսքի միջոցով առաջնորդի մեզ։ Նույնիսկ եթե այնպիսի իրավիճակում ենք, որ հարկավոր է արագ գործել, մենք պետք է հանգստություն պահպանենք և ապավինենք Եհովային։ Նրա օգնությամբ մենք ճիշտ որոշում կկայացնենք։

տես պարբերություն 15 *

15. Աստվածաշունչը կարդալիս ի՞նչ պետք է անենք։

15 4) Անգիր արա աստվածաշնչյան համարներ։ Աստվածաշունչն ընթերցելիս կնկատես այնպիսի համարներ, որոնք ցույց են տալիս, որ մեր զորությունը հանգստության և Եհովային ապավինելու մեջ է։ Փորձիր անգիր անել դրանք։ Գուցե բարձրաձայն կարդաս այդ համարները կամ դրանք գրես ինչ-որ տեղ, որ հաճախակի աչքի անցկացնես։ Օրինակ՝ Եհովան Հեսուին պատվիրել էր, որ կանոնավորաբար կիսաձայն կարդար Օրենքի գիրքը, որպեսզի իմաստությամբ գործեր։ Այնտեղ գրված հիշեցումները օգնեցին Հեսուին քաջ լինել այնպիսի իրավիճակներում, որոնցում այլապես գուցե վախի մեջ ընկներ (Հեսու 1։8, 9)։ Աստվածաշնչում բազմաթիվ խոսքեր կան, որոնք կօգնեն, որ մտքի ու սրտի խաղաղություն ունենաս այնպիսի իրավիճակներում, որոնք սովորաբար վախ ու տագնապ են առաջացնում (Սաղ. 27։1–3; Առակ. 3։25, 26

տես պարբերություն 16 *

16. Եհովան ինչպե՞ս է ժողովի միջոցով օգնում մեզ հանգստություն պահպանել և ապավինել իրեն։

16 5) Շփվիր Աստծու ժողովրդի հետ։ Եհովան մեր եղբայրների ու քույրերի միջոցով օգնում է մեզ հանգստություն պահպանել և ապավինել իրեն։ Օրինակ՝ ժողովի հանդիպումների ժամանակ մենք մեծ օգուտներ ենք քաղում մեր հավատակիցների ելույթներից, մեկնաբանություններից և նրանց հետ ունեցած քաջալերական զրույցներից (Եբր. 10։24, 25)։ Բացի այդ՝ մենք մեծ թեթևություն ենք զգում, երբ մեզ անհանգստացնող մտքերի մասին խոսում ենք ժողովում մեր վստահելի ընկերների հետ։ Ընկերոջ ասած «բարի խոսքը» կօգնի, որ ավելի քիչ մտահոգվենք (Առակ. 12։25

տես պարբերություն 17 *

17. Ըստ Եբրայեցիներ 6։19-ի՝ Թագավորության հույսը ինչպե՞ս է օգնում, որ հանգստություն պահպանենք դժվար իրավիճակներում։

17 6) Հույսդ ամուր պահիր։ Թագավորության հույսը «խարսխի նման է մեր հոգու համար»։ Այն օգնում է, որ հանգստություն պահպանենք, երբ դժվարությունների միջով ենք անցնում կամ մեզ անհանգստացնող մտքեր ենք ունենում (կարդա Եբրայեցիներ 6։19)։ Խորհրդածիր այն մասին, թե Եհովան ինչ հիանալի ապագա է խոստացել մեզ. ապագա, որտեղ անհանգստացնող մտքեր չեն լինելու (Ես. 65։17)։ Պատկերացրու քեզ խաղաղ նոր աշխարհում, որը զերծ է լինելու սթրեսային իրավիճակներից (Միք. 4։4)։ Քո հույսը կամրանա նաև, եթե դրա մասին պատմես ուրիշներին։ Ամեն ջանք թափիր, որ մասնակցես քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։ Եթե այդպես վարվես, քո «հույսը հաստատուն կլինի մինչև վերջ» (Եբր. 6։11

18. Ի՞նչ է սպասվում ապագայում, և մենք ի՞նչ կարող ենք անել։

18 Մինչ այս աշխարհի վերջը մոտենում է, մենք ավելի շատ դժվարությունների ենք բախվելու և մտահոգվելու ավելի շատ պատճառներ ենք ունենալու։ Բայց 2021 թվականի տարվա խոսքը կօգնի, որ դրանց բախվելիս հանգստություն պահպանենք։ Մենք կկարողանանք դա անել ոչ թե սեփական ուժերի, այլ Եհովային ապավինելու շնորհիվ։ Եկեք այս տարվա ընթացքում մեր գործերով ցույց տանք, որ վստահում ենք Եհովայի հետևյալ խոսքերին. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի» (Ես. 30։15

ԵՐԳ 8 Եհովան մեր ապավենն է

^ պարբ. 5 2021 թվականի համար ընտրված աստվածաշնչյան խոսքը ընդգծում է այն միտքը, թե որքան կարևոր է սթրեսային իրավիճակներում ապավինել Եհովային թե՛ այսօր, թե՛ ապագայում։ Հոդվածում կքննարկենք մի քանի գործնական քայլեր, որոնք կօգնեն մեզ կիրառել այս տարվա խոսքում գրված խորհուրդը։

^ պարբ. 5 Որոշ հավատարիմ եղբայրներ ու քույրեր անհանգստության և տագնապի սուր զգացում ունեն։ Դա առողջական լուրջ խնդիր է։ Հիսուսը նման մտահոգության մասին չէր խոսում։

^ պարբ. 63 ՆԿԱՐ։ 1) Օրվա ընթացքում քույրը ջերմեռանդորեն աղոթում է իր մտահոգությունների մասին։

^ պարբ. 65 ՆԿԱՐ։ 2) Աշխատավայրում ընդմիջման ժամանակ նա կարդում է Աստծու Խոսքը, որպեսզի իմաստություն ձեռք բերի։

^ պարբ. 67 ՆԿԱՐ։ 3) Նա խորհրդածում է Աստվածաշնչում գրված լավ և վատ օրինակների շուրջ։

^ պարբ. 69 ՆԿԱՐ։ 4) Սառնարանի վրա փակցնում է սուրբգրային քաջալերական մի համար, որը ցանկանում է հիշել։

^ պարբ. 71 ՆԿԱՐ։ 5) Ծառայության ժամանակ լավ ընկերակցություն է վայելում։

^ պարբ. 73 ՆԿԱՐ։ 6) Նա ամրացնում է իր հույսը՝ խորհրդածելով ապագայի մասին։