Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3

Մեծ բազմությունը գովաբանում է Աստծուն և Քրիստոսին

Մեծ բազմությունը գովաբանում է Աստծուն և Քրիստոսին

«Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, որ նստած է գահին, և Գառանը» (ՀԱՅՏՆ. 7։10

ԵՐԳ 14 Գովաբանենք երկրի նոր Թագավորին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. 1935 թ.-ին եղբայր Ռադերֆորդի ներկայացրած ելույթը ի՞նչ ազդեցություն թողեց մի երիտասարդի վրա։

1926 ԹՎԱԿԱՆԻՆ տասնութամյա մի երիտասարդ մկրտվեց՝ իր կյանքը նվիրելով Եհովային։ Նրա ծնողները Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին (նախկինում այդպես էին կոչվում Եհովայի վկաները)։ Նա երկու եղբայր և երկու քույր ուներ։ Ծնողները նրանց այնպես էին դաստիարակել, որ ծառայեին Եհովա Աստծուն և ընդօրինակեին Հիսուս Քրիստոսին։ Այդ տարիներին ինչպես բոլոր Աստվածաշունչ ուսումնասիրողները, այնպես էլ այս անկեղծ երիտասարդը ամեն տարի Հիշատակի երեկոյին օգտվում էր հացից ու գինուց։ Սակայն 1935 թ.-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նա մի ելույթ լսեց, որն ամբողջովին փոխեց կյանքի հանդեպ նրա պատկերացումները։ Այդ հիշարժան ելույթի վերնագիրն էր՝ «Մեծ բազմությունը»։ Այն ներկայացրեց եղբայր Ռադերֆորդը։ Իսկ ինչո՞վ էր հիշարժան այդ ելույթը։

2. Եղբայր Ռադերֆորդը ո՞ր ճշմարտությունը բացատրեց իր ելույթում։

2 Իր ելույթում եղբայր Ռադերֆորդը բացատրեց, թե ովքեր են մտնում Հայտնություն 7։9 համարում նշված «մեծ բազմության» մեջ։ Մինչ այդ Աստվածաշունչ ուսումնասիրողները այն կարծիքին էին, որ այս խմբին պատկանող մարդիկ ապրելու են երկնքում, սակայն չեն թագավորելու Հիսուսի հետ, քանի որ այնքան էլ հավատարիմ չեն եղել Աստծուն։ Եղբայր Ռադերֆորդը Աստվածաշնչի միջոցով բացատրեց, որ մեծ բազմության անդամները չեն ապրելու երկնքում, և որ նրանք Հիսուսի «ուրիշ ոչխարների» * խմբին պատկանող մարդիկ են, ովքեր վերապրելու են «մեծ նեղությունից» և հավիտյան ապրելու են երկրի վրա (Հայտն. 7։14)։ Հիսուսն ասել է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան» (Հովհ. 10։16)։ Այս գառնանման մարդիկ Եհովայի այն հավատարիմ Վկաներն են, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա (Մատթ. 25։31–33, 46)։ Եկեք տեսնենք, թե այս ճշգրտված բացատրությունը ինչպես փոխեց Եհովայի ծառաներից շատերի, այդ թվում՝ մեր երիտասարդ եղբոր կյանքը (Սաղ. 97։11; Առակ. 4։18

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՓՈԽԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ

3–4. 1935 թ. համաժողովին հազարավոր Վկաներ ի՞նչ եզրակացության եկան իրենց հույսի առնչությամբ և ինչո՞ւ։

3 Ելույթի ընթացքում հռետորը դիմեց ներկաներին. «Բոլոր նրանք, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն, խնդրում եմ, թող կանգնեն»։ Շատ հուզումնալից պահ էր։ Ականատեսների խոսքերով՝ 20 000 ներկաների կեսից ավելին ոտքի կանգնեց։ Եղբայր Ռադերֆորդը ավելացրեց. «Ահա՛ մեծ բազմությունը»։ Այնուհետև բուռն ծափահարություններ տեղացին։ Ոտքի կանգնածները հասկացան, որ իրենք երկնային կյանքի հույս չունեն և օծված չեն Աստծու ոգով։ Հաջորդ օրը 840 հոգի մկրտվեց, որոնցից շատերը պատկանում էին «ուրիշ ոչխարների» խմբին։

4 Այդ ելույթից հետո երիտասարդը, ում մասին արդեն խոսեցինք, ինչպես նաև հազարավոր այլ Վկաներ, Հիշատակի երեկոյին այլևս չօգտվեցին հացից ու գինուց։ Եղբայրներից մեկի հետևյալ խոսքերը հիանալի կերպով արտահայտում են շատերի զգացմունքները. «1935 թ. Հիշատակի երեկոյին վերջին անգամ օգտվեցի խորհրդանիշներից։ Ելույթից հետո հասկացա, որ Եհովան իր սուրբ ոգու միջոցով իմ մեջ երկնային կյանքի հույս չէր արթնացրել։ Ես հույս ունեի ապրել երկրի վրա և մասնակցել այն դրախտի վերածելու աշխատանքներին» (Հռոմ. 8։16, 17; 2 Կորնթ. 1։21, 22)։ Այդ ժամանակվանից ի վեր՝ մեծ բազմության անդամների թիվն աճում է, և նրանք ուս-ուսի ծառայում են օծյալ մնացորդի հետ։ *

5. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր դադարում են օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։

5 Ինչպե՞ս է Եհովան վերաբերվել նրանց, ովքեր 1935 թ.-ից հետո դադարել են օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։ Իսկ ինչպե՞ս է նա վերաբերվում մեր օրերի այն մկրտված քարոզիչներին, ովքեր, անկեղծ մղումներից ելնելով, օգտվում են Տիրոջ ընթրիքի հացից ու գինուց, բայց հետո հասկանում են, որ օծված չեն սուրբ ոգով (1 Կորնթ. 11։28)։ Ոմանք օգտվում են խորհրդանիշներից, քանի որ սխալմամբ կարծում են, թե երկնային կյանքի հույս ունեն։ Բայց եթե նրանք անկեղծորեն ընդունում են, որ սխալվել են, և այլևս չեն օգտվում խորհրդանիշներից ու շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային, նա, անկասկած, նրանց համարում է «ուրիշ ոչխարների» մի մասը։ Թեև նրանք չեն օգտվում հացից ու գինուց, սակայն շարունակում են ներկա լինել Հիշատակի երեկոյին, քանի որ խոր գնահատանք ունեն այն ամենի հանդեպ, ինչ Եհովան ու Հիսուսը արել են իրենց համար։

ՀԻԱՆԱԼԻ ՀՈՒՅՍ

6. Հիսուսը ի՞նչ պատվեր է տվել հրեշտակներին։

6 Քանի որ մեծ նեղությունը արագորեն մոտենում է, քաջալերական կլինի իմանալ, թե Հայտնություն 7-րդ գլխում է՛լ ինչ է ասվում օծյալ քրիստոնյաների և մեծ բազմության մասին։ Հիսուսը հրեշտակներին պատվիրում է շարունակել պահել երկրի չորս կործանարար քամիները, մինչև որ բոլոր օծյալ քրիստոնյաների վրա կնիք դրվի, այսինքն՝ Եհովան վերջնական հավանություն տա նրանց (Հայտն. 7։1–4)։ Քրիստոսի այս օծյալ եղբայրները իրենց հավատարմության համար կվարձատրվեն և Հիսուսի հետ երկնքում քահանաներ ու թագավորներ կլինեն (Հայտն. 20։6)։ Աստծու երկնային ընտանիքի բոլոր անդամները մեծ ուրախություն կապրեն, երբ տեսնեն, թե ինչպես են 144 000 օծյալները ստանում իրենց երկնային վարձատրությունը։

Մեծ բազմությունը, սպիտակ պատմուճաններ հագած և արմավենու ճյուղեր բռնած, կանգնած է Աստծու փառահեղ գահի և Գառան առաջ (տես պարբերություն 7)

7. Հայտնություն 7։9, 10 համարների համաձայն՝ Հովհաննեսը ո՞ւմ է տեսնում տեսիլքում, և ի՞նչ են նրանք անում (տես ամսագրի շապիկի նկարը)։

7 144 000 թագավորների ու քահանաների մասին նշելուց հետո Հովհաննեսը մի «մեծ բազմություն» է տեսնում, որը վերապրել է Արմագեդոնից։ Այս երկրորդ խումբը բաղկացած է ավելի շատ մարդկանցից, որոնց թիվը սահմանված չէ (կարդա Հայտնություն 7։9, 10)։ Նրանք «սպիտակ պատմուճաններ [են] հագած», ինչը ցույց է տալիս, որ Սատանայի աշխարհում «անարատ» են մնացել ու նվիրված՝ Աստծուն և Քրիստոսին (Հակ. 1։27)։ Նրանք բացականչում են, որ փրկվել են Եհովայի ու Հիսուսի՝ Աստծու Գառան շնորհիվ։ Բացի այդ՝ նրանց ձեռքերում արմավենու ճյուղեր կան, ինչը ցույց է տալիս, որ նրանք ուրախությամբ ընդունում են Հիսուսին որպես Եհովայի կողմից նշանակված թագավոր (համեմատիր Հովհաննես 12։12, 13

8. Հայտնություն 7։11, 12 համարները ի՞նչ են հայտնում մեզ Եհովայի երկնային ընտանիքի մասին։

8 Կարդա Հայտնություն 7։11, 12։ Իսկ ինչպե՞ս է արձագանքում Եհովայի երկնային ընտանիքը՝ տեսնելով մեծ բազմությանը։ Հովհաննեսը գրում է, որ նրանք ցնծում են ու փառաբանում Աստծուն։ Եհովայի երկնային ընտանիքը մեծ ուրախություն կապրի, երբ տեսնի այս տեսիլքի կատարումը։

9. Ըստ Հայտնություն 7։13–15 համարների՝ ինչո՞վ է զբաղված մեծ բազմությունն այսօր։

9 Կարդա Հայտնություն 7։13–15։ Հովհաննեսը գրում է, որ մեծ բազմության անդամները «իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով»։ Սա նշանակում է, որ նրանք մաքուր խիղճ ունեն և արդար են Եհովայի առաջ (Ես. 1։18)։ Նրանք Եհովային նվիրված ու մկրտված քրիստոնյաներ են, ովքեր մեծ հավատ են դրսևորում Հիսուսի զոհի հանդեպ և մտերիմ փոխհարաբերություններ ունեն Եհովայի հետ (Հովհ. 3։36; 1 Պետ. 3։21)։ Ուստի նրանք կարող են կանգնել Աստծու գահի առաջ և «օր ու գիշեր սուրբ ծառայություն» մատուցել նրան հոգևոր տաճարի երկրային գավիթում։ Այսօր նրանք եռանդորեն կատարում են բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործի մեծ մասը՝ Աստծու Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում դնելով (Մատթ. 6։33; 24։14; 28։19, 20

«Ուրիշ ոչխարներից» բաղկացած մեծ բազմության անդամները գալիս են մեծ նեղությունից։ Նրանք ուրախությունից ցնծում են (տես պարբերություն 10)

10. Ինչո՞ւմ են մեծ բազմության անդամները համոզված, և ո՞ր խոստման կատարումը նրանք կտեսնեն։

10 Մեծ բազմության անդամները համոզված են, որ մեծ նեղությունից հետո էլ Աստված կշարունակի հոգ տանել իրենց մասին, քանի որ «գահի վրա նստողը իր վրանը կտարածի իրենց վրա»։ Այդ ժամանակ կիրականանա հետևյալ խոստումը, որի կատարումը «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ միշտ փափագել են տեսնել. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտն. 21։3, 4

11–12. ա) Ինչպես նշվում է Հայտնություն 7։16, 17 համարներում, ի՞նչ օրհնություններ են սպասում մեծ բազմությանը։ բ) Ի՞նչ կարող են անել «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ Հիշատակի երեկոյին, և ի՞նչն է նրանց մղում այդպես վարվելու։

11 Կարդա Հայտնություն 7։16, 17։ Շատ երկրներում քաղաքացիական խռովությունների և պատերազմների պատճառով տնտեսական ծանր պայմաններ են տիրում, ուստի Եհովայի ժողովրդից ոմանք սովի են մատնվում։ Ոմանք էլ իրենց հավատի պատճառով ազատազրկման մեջ են։ Սակայն մեծ բազմության անդամները ուրախությունից ցնծում են, քանի որ գիտեն, որ այս չար աշխարհի կործանումից հետո նրանք միշտ ֆիզիկական ու հոգևոր սննդի առատություն են վայելելու։ Երբ Սատանայի աշխարհը կործանվի, մեծ բազմությունը պաշտպանված կլինի Աստծու բարկության «հեղձուցիչ տապից»։ Մեծ նեղությունից հետո Հիսուսը նրանց կառաջնորդի դեպի հավիտենական «կյանքի ջրի աղբյուրները»։ Մի պահ մտածիր, թե ինչ հիանալի հեռանկար ունեն մեծ բազմության անդամները։ Ի տարբերություն երբևէ ապրած միլիարդավոր մարդկանց՝ նրանք հնարավորություն ունեն երբեք չմահանալու (Հովհ. 11։26

12 «Ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ իրենց հիանալի հույսի համար երախտապարտ են Եհովային ու Հիսուսին։ Ճիշտ է, նրանք երկնային կյանքի հույս չունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք պակաս արժեքավոր են Եհովայի համար։ Երկու խմբերն էլ կարող են գովաբանել Աստծուն և Քրիստոսին։ Դա անելու կերպերից մեկը Հիշատակի երեկոյին ներկա լինելն է։

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՎԱԲԱՆԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Հիշատակի երեկոյին փոխանցվող հացն ու գինին մեզ հիշեցնում են, որ Հիսուսը մահացել է մեր փոխարեն, որպեսզի մենք կյանք ունենանք (տես պարբերություն 13–15)

13–14. Ինչո՞ւ պետք է բոլորս ներկա լինենք Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։

13 Վերջին տարիներին Հիշատակի երեկոյի ժամանակ 1 000 ներկաներից մոտավորապես մեկը օգտվում է հացից ու գինուց։ Ժողովների մեծ մասում խորհրդանիշներից ոչ ոք չի օգտվում։ Հիշատակի երեկոյի ներկաների ճնշող մեծամասնությունը երկրային կյանքի հույս ունի։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք ներկա լինում։ Դա նման է ընկերոջ հարսանիքին մասնակցելուն։ Մենք ներկա ենք լինում, քանի որ դրանով ցույց ենք տալիս, որ սիրում ու աջակցում ենք ամուսնացող զույգին։ Նմանապես՝ «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ ներկա են լինում Տիրոջ ընթրիքին, քանի որ ցանկանում են իրենց սերն ու աջակցությունը ցույց տալ Քրիստոսի և օծյալների հանդեպ։ Այդպես նրանք նաև արտահայտում են իրենց երախտագիտությունը Քրիստոսի զոհի հանդեպ, որի շնորհիվ նրանք երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։

14 Մյուս կարևոր պատճառը, թե ինչու են «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող քրիստոնյաները ներկա լինում Հիշատակի երեկոյին, այն է, որ Հիսուսն է պատվիրել այդպես անել։ Տիրոջ ընթրիքը հաստատելիս նա իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Սա արեք ինձ հիշելու համար» (1 Կորնթ. 11։23–26)։ Հետևաբար «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ ներկա կլինեն Տիրոջ ընթրիքին այնքան ժամանակ, քանի դեռ երկրի վրա օծյալներ կան։ Նրանք նաև հրավիրում են ուրիշներին, որպեսզի իրենց հետ ներկա լինեն Հիշատակի երեկոյին։

15. Մեզանից յուրաքանչյուրը ինչպե՞ս կարող է Հիշատակի երեկոյի ժամանակ գովաբանել Աստծուն ու Քրիստոսին։

15 Հիշատակի երեկոյին միասին երգելով և աղոթելով մենք գովաբանում ենք Աստծուն և Քրիստոսին։ Այս տարվա Հիշատակի երեկոյի ելույթի վերնագիրն է՝ «Բարձր գնահատիր այն, ինչ Աստված ու Քրիստոսը արել են քեզ համար»։ Այն կխորացնի գնահատանքդ Աստծու և Քրիստոսի հանդեպ։ Մինչ կփոխանցվեն հացն ու գինին, մենք ևս մեկ անգամ կհիշենք, որ դրանք խորհրդանշում են Հիսուսի մարմինն ու արյունը։ Դրանք մեզ կհիշեցնեն նաև, որ Եհովան թույլ է տվել, որ իր Որդին մահանա մեր փոխարեն, որպեսզի մենք կյանք ունենանք (Մատթ. 20։28)։ Բոլոր նրանք, ովքեր սիրում են մեր երկնային Հորն ու նրա Որդուն, կցանկանան ներկա գտնվել Հիշատակի երեկոյին։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՔՈ ՀՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ

16. Ի՞նչ նմանություններ կան օծյալների և «ուրիշ ոչխարների» միջև։

16 Թե՛ օծյալները, թե՛ «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ հավասարապես թանկ են Աստծու համար։ Եհովան երկու խմբի համար էլ նույն գինն է վճարել՝ իր սիրելի Որդու կյանքը։ Նրանց տարբերությունը միայն իրենց ունեցած հույսն է։ Երկու խմբի անդամներն էլ պետք է նվիրված մնան Աստծուն և Քրիստոսին (Սաղ. 31։23)։ Հիշենք նաև, որ Աստծու ոգին կարող է հավասարապես ազդել բոլորիս վրա։ Սա նշանակում է, որ Եհովան իր սուրբ ոգին տալիս է յուրաքանչյուրին՝ ըստ անհրաժեշտության։

17. Օծյալ մնացորդը ինչի՞ն է անհամբերությամբ սպասում։

17 Օծյալ քրիստոնյաները չեն ծնվում երկնային հույսով։ Աստված է այն դնում նրանց սրտում։ Նրանք մտածում են իրենց հույսի շուրջ, աղոթում են այդ մասին և փափագում են ստանալ իրենց վարձատրությունը։ Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչպիսին է լինելու իրենց ոգեղեն մարմինը (Փիլիպ. 3։20, 21; 1 Հովհ. 3։2)։ Այնուամենայնիվ, նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ են հանդիպելու Եհովային, Հիսուսին, հրեշտակներին ու մյուս օծյալներին և զբաղեցնելու իրենց տեղը երկնային Թագավորությունում։

18. «Ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ ինչի՞ն են անհամբերությամբ սպասում։

18 «Ուրիշ ոչխարների» խմբին պատկանող մարդիկ փափագում են հավիտյան ապրել երկրի վրա։ Այդ ցանկությունը բնականից դրված է նրանց սրտում (Ժող. 3։11)։ Նրանք սպասում են այն օրվան, երբ ողջ երկիրը դրախտի կվերածեն, իրենց համար տներ կկառուցեն, այգիներ կտնկեն, ինչպես նաև կատարելապես առողջ կլինեն՝ թե՛ իրենք, թե՛ իրենց երեխաները (Ես. 65։21–23)։ Նրանք մեծ ցանկություն ունեն ուսումնասիրելու Երկիր մոլորակը՝ լեռները, անտառներն ու ծովերը, ինչպես նաև Եհովայի ձեռքի մյուս գործերը։ Եվ իհարկե, նրանց սիրտը մեծ ուրախությամբ է լցվում, երբ մտածում են այն մասին, որ Եհովայի հետ իրենց փոխհարաբերությունները ավելի կամրանան։

19. Հիշատակի երեկոն ի՞նչ հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս, և ե՞րբ է այն նշվելու այս տարի։

19 Եհովան իր նվիրված ծառաներին ապագայի հիանալի հույս է տվել (Երեմ. 29։11)։ Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն յուրաքանչյուրիս հնարավորություն է ընձեռում գովաբանել Աստծուն և Քրիստոսին այն ամենի համար, ինչ նրանք արել են, որ մենք կարողանանք հավիտյան ապրել։ Հիշատակի երեկոն, անխոս, ամենակարևոր իրադարձությունն է ճշմարիտ քրիստոնյաների կյանքում։ Այս տարի այն կնշվի մարտի 27-ին՝ շաբաթ օրը՝ մայրամուտից հետո։ Շատերը հնարավորություն կունենան ներկա լինելու այս կարևոր իրադարձությանը հարաբերական ազատության պայմաններում։ Ուրիշներն էլ դա կանեն՝ չնայած հակառակությանը։ Իսկ ոմանք կնշեն այն բանտում։ Ամեն դեպքում, եկեք հիշենք, որ Եհովան, Հիսուսը և Աստծու երկնային ընտանիքը ուշադրությամբ հետևում են մեզ։ Ուստի թող որ յուրաքանչյուր ժողով, խումբ և անհատ կարողանա առանց խոչընդոտի նշել Հիշատակի երեկոն։

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

^ պարբ. 5 2021 թ. մարտի 27-ը հատուկ օր է Եհովայի վկաների համար։ Այդ օրը մենք նշելու ենք Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։ Ներկաների մեծամասնությունը կլինի այն խմբից, որին Հիսուսը անվանեց «ուրիշ ոչխարներ»։ 1935 թ.-ին այդ խմբի մասին ի՞նչ ճշմարտություն բացահայտվեց։ Ի՞նչ հիանալի հեռանկար է սպասում նրանց մեծ նեղությունից հետո։ Հիշատակի երեկոյին ինչպե՞ս կարող են նրանք գովաբանել Աստծուն և Քրիստոսին։

^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Ուրիշ ոչխարների» խմբին են պատկանում Քրիստոսի այն հետևորդները, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա։ Իսկ մեծ բազմության անդամները «ուրիշ ոչխարների» խմբին պատկանող այն հավատարիմներն են, ովքեր կենդանի են լինելու մեծ նեղության ժամանակ, երբ Քրիստոսը դատի մարդկությանը, և վերապրելու են մեծ նեղությունից։

^ պարբ. 4 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Մնացորդ» բառը վերաբերում է այն օծյալ քրիստոնյաներին, ովքեր դեռ ապրում են երկրի վրա և օգտվում են Տիրոջ ընթրիքի հացից ու գինուց։