Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2

Սովորենք Հիսուսի սիրելի աշակերտից

Սովորենք Հիսուսի սիրելի աշակերտից

«Եկեք սիրենք իրար, որովհետև սերը Աստծուց է» (1 ՀՈՎՀ. 4։7

ԵՐԳ 105 «Աստված սեր է»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Աստծու սերը ի՞նչ զգացումներ է արթնացնում քո մեջ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԸ գրել է. «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Այս պարզ խոսքերը մեզ հիշեցնում են մի հիմնարար ճշմարտություն. Աստված, որ կյանքի Աղբյուրն է, նաև սիրո Աղբյուրն է։ Նա սիրում է մեզ։ Այս բանի գիտակցումը լցնում է մեզ ապահովության, ուրախության և բավարարվածության զգացումով։

2. Մատթեոս 22։37–40 համարների համաձայն՝ որո՞նք են երկու մեծագույն պատվիրանները, և ինչո՞ւ գուցե դժվար լինի պահել երկրորդ պատվիրանը։

2 Քրիստոնյաների համար սեր դրսևորելը նախընտրության հարց չէ։ Դա պատվեր է (կարդա Մատթեոս 22։37–40)։ Երբ սկսում ենք Եհովային ավելի լավ ճանաչել, մեզ համար հեշտ է լինում հնազանդվել առաջին պատվիրանին։ Չէ՞ որ նա կատարյալ է և մեզ հետ վարվում է հոգատարությամբ ու մեղմությամբ։ Սակայն երկրորդ պատվիրանը պահելը գուցե դժվար լինի։ Ինչո՞ւ։ Քանի որ մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր մեր ամենամոտ մերձավորների թվում են, անկատար են։ Ուստի երբեմն գուցե ասեն կամ անեն բաներ, որոնք բարությունից և հոգատարությունից չեն բխում։ Եհովան գիտեր, որ մենք բախվելու ենք նման դժվարության, դրա համար իր ծառաներին ներշնչեց Աստվածաշնչում գրի առնել, թե ինչու պետք է սեր ցուցաբերենք միմյանց հանդեպ և ինչպես կարող ենք դա անել։ Այդ ծառաներից մեկը Հովհաննես առաքյալն էր (1 Հովհ. 3։11, 12

3. Ո՞ր միտքն է ընդգծվում Հովհաննեսի գրվածքներում։

Հովհաննեսն իր գրվածքներում ընդգծում է այն միտքը, որ քրիստոնյաները պետք է սեր դրսևորեն։ Իր Ավետարանում Հովհաննեսը սիրո մասին ավելի շատ է խոսել, քան մյուս երեք ավետարանագիրները՝ միասին վերցված։ Առաքյալը մոտ հարյուր տարեկան էր, երբ գրեց իր Ավետարանը և երեք նամակները։ Նրա գրվածքները մեզ սովորեցնում են, որ քրիստոնյայի բոլոր գործերի հիմքում պետք է սերն ընկած լինի (1 Հովհ. 4։10, 11)։ Սակայն ժամանակ պահանջվեց, որ Հովհաննեսը սովորեր այդ դասը։

4. Մի՞շտ է Հովհաննեսը սեր դրսևորել։

4 Երիտասարդ ժամանակ միշտ չէ, որ Հովհաննեսը սեր է դրսևորել։ Մի անգամ, երբ Հիսուսն ու առաքյալները Երուսաղեմից Սամարիա էին գնում, Սամարիայի գյուղերից մեկը հյուրասիրություն չցուցաբերեց նրանց հանդեպ։ Ինչպիսի՞ն էր Հովհաննեսի արձագանքը։ Նա հարցրեց Հիսուսին, թե կցանկանա արդյոք, որ երկնքից կրակ իջեցնեն ու ոչնչացնեն գյուղի բոլոր բնակիչներին (Ղուկ. 9։52–56)։ Մեկ ուրիշ անգամ Հովհաննեսը սեր չցուցաբերեց մյուս առաքյալների հանդեպ։ Նա և իր եղբայր Հակոբոսը, ըստ ամենայնի, համոզել էին իրենց մորը, որ խնդրի Հիսուսին իր Թագավորությունում բարձր դիրք տալ իրենց։ Երբ մյուս առաքյալները իմացան այդ մասին, շատ զայրացան (Մատթ. 20։20, 21, 24)։ Չնայած Հովհաննեսի սխալներին՝ Հիսուսը սիրում էր նրան (Հովհ. 21։7

5. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

5 Այս հոդվածում կքննենք Հովհաննես առաքյալի օրինակը և սիրո մասին նրա գրած մտքերից մի քանիսը։ Կիմանանք, թե ինչպես կարող ենք սեր դրսևորել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Բացի այդ՝ կտեսնենք, թե ընտանիքի գլուխները ինչպես կարող են սեր դրսևորել իրենց ընտանիքների հանդեպ։

ՍԵՐԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԵՐՈՎ

Եհովան փաստեց, որ սիրում է մեզ, երբ իր Որդուն ուղարկեց երկիր, որպեսզի նա մահանա մեզ համար (տես պարբերություն 6–7)

6. Ինչպե՞ս է Եհովան փաստել իր սերը մեր հանդեպ։

6 Հաճախ, երբ մտածում ենք սիրո մասին, պատկերացնում ենք մի ջերմ զգացմունք՝ արտահայտված բարի խոսքերով։ Բայց իրական սերը դրսևորվում է նաև գործերով (համեմատիր Հակոբոս 2։17, 26)։ Օրինակ՝ Եհովան սիրում է մեզ (1 Հովհ. 4։19)։ Նա իր սերը արտահայտում է Աստվածաշնչում գրված գեղեցիկ խոսքերով (Սաղ. 25։10; Հռոմ. 8։38, 39)։ Սակայն միայն խոսքերով չէ, որ Աստված փաստում է իր սերը մեր հանդեպ։ Նա իր սերը դրսևորում է նաև գործերով։ Հովհաննեսը գրեց. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք» (1 Հովհ. 4։9)։ Եհովան թույլ տվեց, որ իր սիրելի Որդին տառապանք կրի և մահանա մեզ համար (Հովհ. 3։16)։ Մի՞թե սա չի փաստում, որ Եհովան իրոք սիրում է մեզ։

7. Ինպե՞ս է Հիսուսը փաստել իր սերը մեր հանդեպ։

7 Հիսուսը հավաստիացրել է իր աշակերտներին, որ սիրում է նրանց (Հովհ. 13։1; 15։15Նա փաստել է իր սերը նրանց, ինչպես նաև մեր հանդեպ ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Հիսուսն ասել է. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհ. 15։13)։ Երբ խորհում ենք, թե Եհովան ու Հիսուսը ինչեր են արել մեզ համար, ի՞նչ անելու ենք մղվում։

8. Ըստ 1 Հովհաննես 3։18-ի՝ ի՞նչ պետք է անենք։

8 Մենք ցույց ենք տալիս մեր սերը Եհովայի և Հիսուսի հանդեպ, երբ հնազանդվում ենք նրանց տված պատվերներին (Հովհ. 14։15; 1 Հովհ. 5։3)։ Իսկ Հիսուսը հստակ պատվիրել է, որ սիրենք իրար (Հովհ. 13։34, 35)։ Եվ դա պետք է անենք ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով (կարդա 1 Հովհաննես 3։18)։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք մեր հավատակիցներին։

ՍԻՐԻՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ

9. Սերը ի՞նչ անելու մղեց Հովհաննեսին։

9 Հովհաննեսը կարող էր մնալ իր հոր հետ և շարունակել ընտանեկան բիզնեսը։ Սակայն իր կյանքի մնացած մասը նա ամբողջությամբ նվիրեց ճշմարտությունը սովորեցնելու գործին։ Նրա ընտրած ուղին հեշտ չէր։ Նա տարբեր հալածանքներ կրեց և առաջին դարի վերջում, երբ արդեն ծեր էր, աքսորվեց Պատմոս կղզի Հիսուսի մասին քարոզելու համար (Գործ. 3։1; 4։1–3; 5։18; Հայտն. 1։9)։ Անգամ այդ ժամանակ առաքյալը փաստեց, որ մտածում է ուրիշների բարօրության մասին։ Օրինակ՝ այնտեղ նա գրեց «Հայտնություն» գիրքը և այն ուղարկեց ժողովներին, որպեսզի նրանց հայտնի, թե «շուտով [ինչ] պետք է տեղի ունենա» (Հայտն. 1։1)։ Ամենայն հավանականությամբ, աքսորավայրից վերադառնալուց հետո Հովհաննեսը գրեց իր Ավետարանը։ Նա նաև գրեց իր երեք նամակները, որպեսզի քաջալերի և զորացնի եղբայրներին ու քույրերին։ Ինչպե՞ս կարող ես Հովհաննեսի պես անձնազոհ կյանքով ապրել։

10. Ինչպե՞ս կարող ես փաստել, որ սիրում ես մարդկանց։

10 Մարդկանց հանդեպ քո սերը կարող է երևալ այն բանից, թե ինչին ես նվիրում քո կյանքը։ Սատանայի աշխարհը ցանկանում է, որ քո ողջ ուժերն ու ժամանակը ծախսես քեզ վրա՝ ձգտելով ավելի շատ գումար աշխատել և անուն ստեղծել։ Սակայն ամբողջ աշխարհում Թագավորության անձնազոհ քարոզիչները ձգտում են հնարավորինս շատ ժամանակ տրամադրել բարի լուրը քարոզելուն և աշակերտներ պատրաստելու գործին։ Ոմանք նույնիսկ կարողանում են լիաժամ մասնակցել։

Մենք գործերով ենք փաստում, որ սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև մեր ընտանիքի անդամներին (տես պարբերություն 11, 17) *

11. Ինչպե՞ս են շատ քարոզիչներ փաստում, որ սիրում են Եհովային և հավատակիցներին։

11 Շատ քրիստոնյաներ ստիպված են լիաժամ աշխատել, որպեսզի հոգ տանեն իրենց և իրենց ընտանիքի մասին։ Նույնիսկ այս հանգամանքներում նրանք հավատարմորեն աջակցում են Աստծու կազմակերպությանը տարբեր կերպերով։ Օրինակ՝ ոմանք կարողանում են օգնել աղետից տուժածներին, ուրիշներն էլ մասնակցում են աստվածապետական շինարարական նախագծերին։ Եվ իհարկե, բոլորը հնարավորություն ունեն ֆինանսապես աջակցելու համաշխարհային գործին։ Նրանք անում են այս ամենը, քանի որ սիրում են Աստծուն և մերձավորին։ Ամեն շաբաթ նրանք փաստում են իրենց սերը հավատակիցների հանդեպ՝ հաճախելով ժողովի հանդիպումներին և մասնակցելով դրանց։ Չնայած հոգնածությանը՝ նրանք ներկա են լինում, չնայած լարվածությանը՝ մեկնաբանություն տալիս, չնայած խնդիրներին՝ ժողովից առաջ և հետո քաջալերում ուրիշներին (Եբր. 10։24, 25)։ Մենք շատ թանկ ենք գնահատում մեր այս սիրելի եղբայրների ու քույրերի ջանքերը։

12. Ուրիշ ի՞նչ կերպով էր Հովհաննեսը սեր դրսևորում իր եղբայրների և քույրերի հանդեպ։

12 Հովհաննեսը եղբայրների ու քույրերի հանդեպ իր սերը ցույց էր տալիս ոչ միայն գովելով նրանց, այլ նաև խորհուրդ տալով։ Օրինակ՝ իր նամակներում առաքյալը գովեց հավատակիցներին նրանց հավատի և բարի գործերի համար, սակայն նաև լուրջ խորհուրդ տվեց մեղք գործելու վերաբերյալ (1 Հովհ. 1։8–2։1, 13, 14)։ Նմանապես մենք պետք է գովենք մեր եղբայրներին ու քույրերին իրենց արած լավ գործերի համար։ Բայց եթե նկատենք, որ ինչ-որ մեկը սխալ մտածելակերպ կամ սովորություն է զարգացնում, մենք սեր դրսևորած կլինենք, եթե նրբանկատորեն խորհուրդ տանք նրան։ Ինչ խոսք, դրա համար քաջություն է պետք, բայց Աստվածաշունչն ասում է, որ իսկական ընկերները «սրում», կամ՝ ուղղում են միմյանց (Առակ. 27։17

13. Ինչի՞ց պետք է խուսափենք։

13 Երբեմն մենք սեր ենք դրսևորում մեր եղբայրների և քույրերի հանդեպ՝ որոշ բաներ չանելով։ Օրինակ՝ երբ չենք շտապում վիրավորվել հավատակցի խոսքերից։ Հիշենք մի դեպք, որ տեղի ունեցավ Հիսուսի երկրային կյանքի վերջում։ Նա իր աշակերտներին ասաց, որ կարող են կյանք ունենալ, եթե ուտեն իր մարմինը և խմեն իր արյունը (Հովհ. 6։53–57)։ Այդ խոսքերը այնքան ցնցող էին, որ աշակերտներից շատերը լքեցին նրան, բայց ոչ նրա իսկական ընկերները, այդ թվում՝ Հովհաննեսը։ Նրանք հավատարմորեն մնացին նրա հետ։ Ճիշտ է, նրանք էլ չհասկացան Հիսուսի խոսքերը, և թերևս զարմացան, բայց չմտածեցին, թե նա սխալ բաներ է ասում, և չվիրավորվեցին նրանից։ Փոխարենը՝ վստահեցին Հիսուսին, քանի որ գիտեին, որ նա միշտ ճշմարտությունն է խոսում (Հովհ. 6։60, 66–69)։ Որքան կարևոր է, որ չշտապենք վիրավորվել մեր ընկերների խոսքերից։ Փոխարենը՝ պետք է հնարավորություն տանք նրանց բացատրելու, թե ինչ նկատի ունեին (Առակ. 18։13; Ժող. 7։9

14. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ ատելությունը բույն դնի մեր սրտում։

14 Հովհաննեսը նաև հորդորում է, որ չատենք մեր եղբայրներին ու քույրերին։ Եթե չհետևենք այս հորդորին, Սատանայի ձեռքում խամաճիկ կդառնանք (1 Հովհ. 2։11; 3։15)։ Առաջին դարի վերջում ոմանք ընկան այս ծուղակը։ Սատանան ամեն ինչ անում էր, որ ատելություն սերմաներ Աստծու ժողովրդի մեջ և պառակտեր նրանց։ Երբ Հովհաննեսը գրում էր իր նամակները, Սատանայի ոգով վարակված որոշ տղամարդիկ սողոսկել էին ժողով։ Օրինակ՝ Դիոտրեֆես անունով մի մարդ լուրջ բաժանումներ էր մտցնում ժողովներից մեկում (3 Հովհ. 9, 10)։ Նա անհարգալից վերաբերմունք ուներ կառավարիչ մարմնի կողմից ուղարկված եղբայրների հանդեպ։ Դեռ ավելին՝ Դիոտրեֆեսը փորձում էր ժողովից վռնդել նրանց, ովքեր հյուրասիրություն էին դրսևորում այն եղբայրների հանդեպ, ում նա չէր հավանում։ Ինչպիսի՜ ամբարտավանություն։ Սատանան այսօր էլ շարունակում է ամեն ջանք թափել, որ բաժանումներ մտցնի Աստծու ժողովրդի մեջ և հաղթի նրանց։ Թող որ երբեք թույլ չտանք, որ ատելությունը բույն դնի մեր սրտում և պառակտի մեզ։

ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԸՆՏԱՆԻՔԻԴ ՀԱՆԴԵՊ

Հիսուսը խնդրեց Հովհաննեսին, որ հոգ տանի իր մոր ֆիզիկական և հոգևոր կարիքների մասին։ Այսօր ընտանիքի գլուխները պետք է հոգ տանեն իրենց ընտանիքների մասին (տես պարբերություն 15–16)

15. Ի՞նչ պետք է հիշի ընտանիքի գլուխը։

15 Ընտանիքի հայրը փաստում է իր սերը ընտանիքի անդամների հանդեպ՝ հոգալով նրանց նյութական կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն նա պետք է հիշի, որ նյութական բաները չեն կարող բավարարել իր ընտանիքի հոգևոր կարիքները (Մատթ. 5։3)։ Ուշադրություն դարձնենք, թե այս հարցում ինչ լավ օրինակ է թողել Հիսուսը։ Հովհաննեսի Ավետարանի համաձայն՝ անգամ ցցին գամված՝ նա մտածում էր իր ընտանիքի մասին։ Հովհաննեսը Հիսուսի մոր՝ Մարիամի հետ կանգնած էր նրա ցցի մոտ։ Մահամերձ վիճակում նա Հովհաննեսին խնդրեց, որ հոգ տանի իր մոր մասին (Հովհ. 19։26, 27)։ Ճիշտ է, Հիսուսը եղբայրներ ու քույրեր ուներ, ովքեր, անկասկած, հոգ կտանեին Մարիամի ֆիզիկական կարիքների մասին, սակայն, ըստ երևույթին, նրանք դեռ չէին դարձել նրա հետևորդները։ Ուստի նա ցանկանում էր հավաստիանալ, որ կլինի մեկը, ով հոգ կտանի իր մոր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր կարիքների մասին։

16. Ի՞նչ պատասխանատվություններ ուներ Հովհաննեսը։

16 Հովհաննեսը մի շարք լուրջ պատասխանատվություններ ուներ։ Որպես առաքյալ՝ նա պետք է առաջնորդություն վերցներ քարոզչական գործում։ Հնարավոր է նաև, որ նա ամուսնացած էր և պետք է հոգար իր ընտանիքի թե՛ նյութական, թե՛ հոգևոր կարիքները (1 Կորնթ. 9։5)։ Տեսնենք, թե ինչ կարող են ընտանիքի գլուխները սովորել նրանից։

17. Ինչպե՞ս կարող է ընտանիքի գլուխը ցույց տալ, որ սիրում է իր ընտանիքին։

17 Ընտանիքի գլուխը Հովհաննեսի պես գուցե մի շարք լուրջ պատասխանատվություններ ունենա։ Օրինակ՝ նա պետք է ջանասեր աշխատող լինի, որ իր վարքով փառք բերի Եհովային (Եփես. 6։5, 6; Տիտոս 2։9, 10)։ Նա գուցե պատասխանատվություններ ունենա նաև ժողովում, օրինակ՝ լինի երեց կամ ծառայող օգնական։ Դա նշանակում է, որ պետք է հոգ տանի ժողովի եղբայրների ու քույրերի մասին և առաջնորդություն վերցնի ծառայության մեջ։ Սակայն կարևոր է նաև, որ նա իր կնոջ ու երեխաների հետ կանոնավորաբար ուսումնասիրի Աստվածաշունչը։ Վերջիններս մեծապես կգնահատեն այն ամենը, ինչ նա անում է իրենց ֆիզիկապես, ինչպես նաև էմոցիոնալ ու հոգևոր առումով առողջ պահելու համար (Եփես. 5։28, 29; 6։4

«ՄՆԱՑԵՔ ԻՄ ՍԻՐՈ ՄԵՋ»

18. Ինչո՞ւմ էր Հովհաննեսը համոզված։

18 Հովհաննեսը երկար և իրադարձություններով լի կյանք է ունեցել։ Նրա հավատը տարբեր կերպերով փորձվել է։ Բայց նա միշտ ձգտել է պահել Հիսուսի պատվիրանները, այդ թվում՝ հավատակիցների հանդեպ սեր դրսևորելու պատվերը։ Ուստի Հովհաննեսը համոզված էր, որ Եհովան ու Հիսուսը սիրում են իրեն և ուժ կտան՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն (Հովհ. 14։15–17; 15։10; 1 Հովհ. 4։16)։ Նա թույլ չտվեց, որ Սատանան ու նրա աշխարհը խանգարեն իրեն սիրել հավատակիցներին, և այդ սերը դրսևորել թե՛ խոսքով, թե՛ գործով։

19. Ըստ 1 Հովհաննես 4։7-ի՝ ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ։

19 Հովհաննեսի պես մենք ապրում ենք մի աշխարհում, որը ղեկավարվում է Սատանայի կողմից, ով լի է ատելությամբ (1 Հովհ. 3։1, 10)։ Նա ուզում է այնպես անել, որ դադարենք սիրել մեր եղբայրներին ու քույրերին։ Բայց դա նրան չի հաջողվի, եթե մենք թույլ չտանք։ Ուստի եկեք վճռենք սիրել մեր հավատակիցներին և այդ սերը դրսևորենք թե՛ խոսքով, թե՛ գործով։ Եթե այդպես վարվենք, կվայելենք Եհովայի ընտանիքի մի մասը լինելու ուրախությունը և իսկապես երջանիկ կլինենք (կարդա 1 Հովհաննես 4։7

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

^ պարբ. 5 Ամենայն հավանականությամբ, Հովհաննեսն էր «այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր» (Հովհ. 21։7)։ Ուստի կարելի է եզրակացնել, որ չնայած երիտասարդ տարիքին՝ նա շատ լավ հատկություններ ուներ։ Տարիներ անց Եհովայի ներշնչմամբ Հովհաննեսը շատ բաներ գրեց սիրո մասին։ Այս հոդվածում կքննարկենք նրա գրած մտքերից մի քանիսը և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։

^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Ընտանիքի գլուխը, ով մի շարք պատասխանատվություններ ունի, մասնակցում է աղետից տուժածներին օգնություն տրամադրելու գործին, նվիրատվություն է անում համաշխարհային գործի համար և հավատակիցներին հրավիրել է իրենց ընտանեկան երկրպագությանը։