Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3

Դեպքեր, երբ Հիսուսն արտասվեց. ի՞նչ ենք սովորում

Դեպքեր, երբ Հիսուսն արտասվեց. ի՞նչ ենք սովորում

«Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին» (ՀՈՎՀ. 11։35

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–3. Ինչո՞ւ գուցե Եհովայի ծառաները արտասվեն։

 ՎԵՐՋԻՆ անգամ ե՞րբ ես լաց եղել։ Երբեմն մենք արտասվում ենք ուրախությունից։ Բայց բոլորս էլ հաճախ լաց ենք լինում սրտի ցավից, օրինակ, երբ հարազատ ենք կորցնում։ Լորելի անունով մի քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Երբեմն աղջկաս մահվան պատճառած ցավը այնքան ուժգին էր լինում, որ մտածում էի, թե ոչինչ չի կարող մեղմել վիշտս։ Զարմանում էի՝ ինչպես է կոտրված ու փշրված սիրտս շարունակում բաբախել»։ *

2 Մենք արտասվում ենք նաև այլ պատճառներով։ Հիրոմի անունով մի ռահվիրա քույր, ով ապրում է Ճապոնիայում, ասում է. «Քարոզելիս երբեմն վհատվում էի մարդկանց անտարբերությունից։ Լինում էին դեպքեր, երբ արցունքն աչքերիս խնդրում էի Եհովային, որ օգնի ինձ գտնել մեկին, ում կհետաքրքրի ճշմարտությունը»։

3 Այս զգացումները մեզանից շատերին են ծանոթ (1 Պետ. 5։9)։ Մենք ուզում ենք «ծառայել Եհովային ուրախությամբ», բայց երբեմն վշտի, հուսահատության կամ հավատի փորձությունների պատճառով արտասվում ենք (Սաղ. 6։6; 100։2)։ Ի՞նչ կարող ենք անել, երբ նման զգացումներով ենք համակվում։

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Մենք շատ բան կարող ենք սովորել Հիսուսից։ Նրա կյանքում էլ եղան պահեր, երբ ծանր ապրումների պատճառով նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհ. 11։35; Ղուկ. 19։41; 22։44; Եբր. 5։7)։ Հոդվածում կքննենք այդ դեպքերը և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։ Կիմանանք նաև, թե ինչպես կարելի է հաղթահարել այն խնդիրները, որոնց պատճառով արտասվում ենք։

ԱՐՏԱՍՎԵՑ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հիսուսի պես՝ աջակցիր նրանց, ովքեր սգում են (տես պարբերություն 5–9) *

5. Հիսուսի մասին ի՞նչ ենք սովորում Հովհաննես 11։32–36 համարներից։

5 32 թ. ձմռանը Հիսուսի մտերիմ ընկեր Ղազարոսը հիվանդացավ ու մահացավ (Հովհ. 11։3, 14)։ Նա երկու քույր ուներ՝ Մարիամը և Մարթան։ Հիսուսը շատ էր սիրում այդ ընտանիքին։ Սիրելի եղբոր մահը մեծ վիշտ էր պատճառել այդ երկու կանանց։ Ղազարոսի մահից հետո Հիսուսը գնաց Բեթանիա, որտեղ Մարիամն ու Մարթան էին ապրում։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ վազեց։ Պատկերացրու, թե ինչ ծանր ապրումներ ուներ նա, երբ ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա» (Հովհ. 11։21)։ Կարճ ժամանակ հետո, երբ Հիսուսը տեսավ, որ Մարիամը և նրա հետ լինողները արտասվում են, նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (կարդա Հովհաննես 11։32–36

6. Հիսուսն ինչո՞ւ արտասվեց, երբ Ղազարոսը մահացավ։

6 Ինչո՞ւ Հիսուսը լաց եղավ։ «Աստվածաշնչի ըմբռնում» գիրքը պատասխանում է այս հարցին. «Տեսնելով, որ իր ընկեր Ղազարոսը մահացել է, և թե ինչ մեծ վշտի մեջ են նրա քույրերը, Հիսուսը «հառաչեց.... և [նրա] աչքերից արցունքներ հոսեցին»»։ * Հիսուսը հավանաբար մտածում էր, թե հիվանդության պատճառով որքան էր տառապել իր ընկերը, և պատկերացնում էր, թե ինչ էր նա զգացել՝ գիտակցելով, որ հեռանում է կյանքից։ Հիսուսը նաև հուզվեց, երբ տեսավ, թե Մարթայի ու Մարիամի վրա ինչ ազդեցություն է թողել իրենց եղբոր մահը։ Եթե դու էլ ես կորցրել մտերիմ ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամներից մեկին, անկասկած, նման ապրումներ ունես։ Քննենք երեք դաս, որ կարող ենք սովորել այս դեպքից։

7. Եհովայի մասին ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Հիսուսն արտասվեց իր ընկերների համար։

7 Եհովան հասկանում է, թե ինչ ես զգում։ Հիսուսը իր Հոր «էության ճշգրիտ պատկերն» է (Եբր. 1։3)։ Երբ նա արտասվեց, արտացոլեց իր Հոր զգացումները (Հովհ. 14։9)։ Եթե դու էլ ես վշտի մեջ հարազատիդ մահվան պատճառով, կարող ես վստահ լինել, որ Եհովան ոչ միայն նկատում է, թե ինչերի միջով ես անցնում, այլև խորապես կարեկցում է քեզ։ Նա ցանկանում է բուժել քո կոտրված սիրտը (Սաղ. 34։18; 147։3

8. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը հարություն կտա մեր հարազատներին։

8 Հիսուսը ցանկանում է հարություն տալ քո մահացած հարազատներին։ Նախքան արտասվելը Հիսուսը հավաստիացրեց Մարթային. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան հավատաց Հիսուսի խոսքերին (Հովհ. 11։23–27)։ Լինելով Եհովայի հավատարիմ ծառա՝ Մարթան, անկասկած, տեղյակ էր, որ դարեր առաջ Եղիա և Եղիսե մարգարեները հարություն էին տվել մարդկանց (1 Թագ. 17։17–24; 2 Թագ. 4։32–37)։ Նա հավանաբար նաև գիտեր, որ Հիսուսն էլ էր հարություն տվել մահացածներին (Ղուկ. 7։11–15; 8։41, 42, 49–56)։ Դու նույնպես կարող ես համոզված լինել, որ կրկին կտեսնես քո մահացած հարազատներին։ Հիսուսի արցունքները, որ նա թափեց իր վշտահար ընկերներին մխիթարելիս, փաստում են, որ նա փափագում է հարություն տալ մահացածներին։

9. Հիսուսի նման ինչպե՞ս կարող ենք աջակցել սգավորներին։ Բեր օրինակ։

9 Դու կարող ես աջակցել նրանց, ովքեր սգում են իրենց հարազատի մահը։ Հիսուսը ոչ միայն արտասվեց Մարթայի ու Մարիամի հետ, այլև լսեց ու մխիթարեց նրանց։ Նույնը մենք կարող ենք անել նրանց համար, ովքեր սգում են իրենց հարազատի մահը։ Դեն անունով մի երեց, ով ապրում է Ավստրալիայում, ասում է. «Կնոջս մահից հետո ես աջակցության կարիք ունեի։ Մի քանի ամուսնական զույգ պատրաստ էին օր ու գիշեր լսել ինձ։ Նրանք անհարմար չէին զգում, երբ ես արտասվում էի և արտահայտում վիշտս։ Նրանք նաև օգնում էին ինձ առօրյա գործերում։ Օրինակ, երբ ի վիճակի չէի լինում, լվանում էին ավտոմեքենաս, մթերք էին գնում և ճաշ պատրաստում։ Բացի այդ՝ հաճախ աղոթում էին ինձ հետ։ Նրանք փաստեցին, որ իսկական ընկերներ են և եղբայրներ՝ «նեղ օրվա համար ծնված»» (Առակ. 17։17

ԱՐՏԱՍՎԵՑ ԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

10. Պատմիր Ղուկաս 19։36–40 համարներում արձանագրված դեպքը։

10 33 թ. նիսանի 9-ն էր։ Հիսուսը եկավ Երուսաղեմ։ Քաղաքին մոտենալով՝ նա տեսավ, որ մի մեծ բազմություն է հավաքվել։ Մարդիկ իրենց հագուստները փռում էին ճանապարհին՝ ի նշան այն բանի, որ Հիսուսին ընդունում են որպես իրենց թագավորի։ Անշուշտ, դա ուրախալի իրադարձություն էր (կարդա Ղուկաս 19։36–40)։ Ուստի աշակերտների համար անսպասելի էր այն, ինչ տեղի ունեցավ հետո։ «Երբ նա մոտեցավ Երուսաղեմին, նայեց քաղաքին ու լաց եղավ նրա վրա»։ Արցունքն աչքերին՝ Հիսուսը մարգարեացավ, որ աղետալի օրեր են սպասում Երուսաղեմի բնակիչներին (Ղուկ. 19։41–44

11. Հիսուսն ինչո՞ւ արտասվեց Երուսաղեմի բնակիչների համար։

11 Հիսուսը ցավ էր զգում, քանի որ գիտեր, որ թեև իր հայրենակիցները ջերմ ընդունելություն ցուցաբերեցին իր նկատմամբ, սակայն նրանց մեծ մասը դրականորեն չէր արձագանքելու Թագավորության լուրին։ Երուսաղեմը կործանվելու էր, և կործանումից վերապրածները գերության էին տարվելու (Ղուկ. 21։20–24)։ Ցավոք, ինչպես Հիսուսն ասել էր, մարդկանց մեծամասնությունը մերժեց նրան։ Իսկ ինչպե՞ս են մարդիկ արձագանքում Թագավորության լուրին ձեր տարածքում։ Քչե՞րն են դրականորեն արձագանքում։ Տեսնենք, թե ինչ երեք դաս կարող ենք սովորել այն բանից, որ Հիսուսն արտասվեց իր մերձավորների համար։

12. Այն, որ Հիսուսն արտասվեց իր մերձավորների համար, ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի մասին։

12 Եհովան անտարբեր չէ մարդկանց հանդեպ։ Այն, որ Հիսուսն արտասվեց իր մերձավորների համար, ցույց է տալիս, թե որքան շատ է Եհովան հետաքրքրված մարդկանցով։ Նա «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Այսօր մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք մեր մերձավորին, երբ ջանք չենք խնայում բարի լուրը նրանց սրտին հասցնելու համար (Մատթ. 22։39

Հիսուսի պես՝ փոփոխություններ արա ծառայության քո գրաֆիկում (տես պարբերություն 13–14) *

13–14. Հիսուսն ինչպե՞ս էր կարեկցանք դրսևորում մարդկանց հանդեպ, և մենք ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ հատկությունը։

13 Հիսուսը ջանասիրաբար քարոզում էր։ Նա իր սերն էր դրսևորում մարդկանց հանդեպ՝ ամեն առիթով ուսուցանելով նրանց (Ղուկ. 19։47, 48)։ Ի՞նչն էր մղում նրան այդպես վարվելու։ Նա կարեկցում էր մարդկանց։ Երբեմն այնքան շատ մարդ էր ուզում լսել Հիսուսի սովորեցրածները, որ նա և իր աշակերտները անգամ հաց ուտելու ժամանակ չէին ունենում (Մարկ. 3։20)։ Նա նույնիսկ պատրաստ էր գիշերը ժամանակ տրամադրելու մարդկանց, օրինակ՝ Նիկոդեմոսին, ում այդ ժամին էր հարմար (Հովհ. 3։1, 2)։ Հիսուսին լսողներից շատերը այդպես էլ նրա աշակերտները չդարձան։ Բայց նրանք բոլորն էլ հիմնովին վկայություն ստացան։ Այսօր մենք ուզում ենք, որ բոլորը հնարավորություն ունենան լսելու բարի լուրը (Գործ. 10։42)։ Դրա համար գուցե կարիք լինի փոփոխություններ անելու մեր ծառայության գրաֆիկի մեջ։

14 Պատրաստ եղիր փոփոխություններ անելու։ Եթե տարբեր ժամերի քարոզենք, ամենայն հավանականությամբ, կգտնենք այնպիսի մարդկանց, ովքեր դրականորեն կարձագանքեն բարի լուրին։ Մատիլդա անունով մի ռահվիրա քույր ասում է. «Ամուսնուս հետ փորձում ենք տարբեր ժամերի գնալ ծառայության։ Առավոտյան գործարար տարածքներում ենք ծառայում, կեսօրին, երբ շատերն են դրսում, հրապարակային վկայություն ենք տալիս։ Իսկ երեկոյան տնետուն քարոզելն է շատ արդյունավետ»։ Մենք չպետք է ծառայենք միայն այն ժամերին, երբ մեզ է հարմար։ Լավ կլինի՝ մեր գրաֆիկում փոփոխություններ անենք, որպեսզի կարողանանք քարոզել այն ժամերին, երբ ավելի հավանական է, որ մարդկանց կհանդիպենք։ Կարող ենք համոզված լինել, որ այդպես վարվելով՝ կհաճեցնենք Եհովային։

ԱՐՏԱՍՎԵՑ ԻՐ ՀՈՐ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ

Հիսուսի պես՝ փորձությունների ժամանակ դիմիր Եհովային (տես պարբերություն 15–17) *

15. Ըստ Ղուկաս 22։39–44 համարների՝ ի՞նչ տեղի ունեցավ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը։

15 33 թ. նիսանի 14-ի գիշերը Հիսուսը գնաց Գեթսեմանիի պարտեզ, որտեղ իր սիրտը բացեց Եհովայի առաջ (կարդա Ղուկաս 22։39–44)։ Դա իր երկրային կյանքի վերջին գիշերն էր, և նա ծանր ապրումներ ուներ։ Հենց այդ ժամանակ էր, որ Հիսուսը «սաստիկ աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ.... մատուցեց» (Եբր. 5։7)։ Ինչի՞ մասին էր աղոթում նա։ Հիսուսը Եհովայից ուժ էր խնդրում, որ հավատարիմ մնա և կատարի նրա կամքը։ Աստված լսեց իր Որդու աղաղակը և հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան։

16. Ի՞նչն էր մտահոգում Հիսուսին, երբ նա աղոթում էր Գեթսեմանիի պարտեզում։

16 Գեթսեմանիի պարտեզում աղոթելիս Հիսուսն արտասվեց, քանի որ նրան տանջում էր այն միտքը, որ մարդիկ իրեն համարելու էին Աստծուն հայհոյող։ Բացի այդ՝ նա գիտակցում էր, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված իր ուսերին՝ իր Հոր անվան սրբացումը։ Դո՞ւ էլ ես ծանր իրավիճակում, քանի որ փորձվում է Եհովայի հանդեպ քո նվիրվածությունը։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել այն բանից, որ Հիսուսն արտասվեց։ Քննենք ևս երեք դաս։

17. Եհովայի մասին ի՞նչ ենք սովորում այն բանից, որ նա պատասխանեց Հիսուսի թախանձագին խնդրանքներին։

17 Եհովան լսում է քո աղաչանքները։ Նա լսեց Հիսուսի թախանձագին խնդրանքները։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուսի հիմնական մտահոգությունը իր Հորը հավատարիմ մնալն էր և նրա անունը սրբացնելը։ Եհովան մեր աղոթքներին էլ կպատասխանի, եթե մեր գլխավոր նպատակը լինի նրան հավատարիմ մնալը և նրա անունը սրբացնելը (Սաղ. 145։18, 19

18. Ի՞նչ առումով է Հիսուսը նման կարեկից ընկերոջ։

18 Հիսուսը հասկանում է, թե ինչ ես զգում։ Երբ ծանր փորձությունների միջով ենք անցնում և խիստ մտահոգ ենք, որքա՜ն լավ ենք զգում, երբ մեր կարեկից ընկերներից մեկը մխիթարում է մեզ, հատկապես նա, ով նմանատիպ իրավիճակում է եղել։ Հիսուսը այդպիսի ընկեր է։ Նա հասկանում է, թե ինչ է նշանակում լինել թույլ և օգնության կարիք ունենալ։ Նա գիտի մեր թույլ կողմերը և հոգ կտանի, որ «ճիշտ ժամանակին» ստանանք անհրաժեշտ օգնությունը (Եբր. 4։15, 16)։ Ինչպես որ Հիսուսը Գեթսեմանիի պարտեզում ընդունեց հրեշտակի աջակցությունը, այնպես էլ մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու Եհովայի օգնությունը՝ լինի դա որևէ հրատարակության, տեսանյութի, ելույթի, երեցի կամ այլ հասուն հավատակցի քաջալերական այցի միջոցով։

19. Ինչպե՞ս կարող ես ուժ ստանալ, երբ բախվում ես այնպիսի դժվարությունների, որոնց ժամանակ փորձվում է Աստծու հանդեպ քո նվիրվածությունը։ Բեր օրինակ։

19 Եհովան կտա քեզ իր խաղաղությունը։ Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ։ Երբ աղոթում ենք, ստանում ենք «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։6, 7)։ Աստծու տված խաղաղությունը հանդարտեցնում է մեր սիրտը և օգնում, որ սթափ դատենք։ Լուզ անունով մի քույր իր փորձով համոզվեց դրանում։ Նա ասում է. «Երբեմն միայնության զգացումը տանջում է ինձ։ Ժամանակ առ ժամանակ դրա պատճառով մտածում եմ, թե Եհովան ինձ չի սիրում։ Բայց այդ իրավիճակում անմիջապես Եհովային պատմում եմ, թե ինչ եմ զգում։ Աղոթքի շնորհիվ կարողանում եմ վերահսկել զգացումներս»։ Ինչպես ցույց է տալիս այս քրոջ օրինակը, աղոթքի միջոցով մենք կարող ենք խաղաղություն ունենալ։

20. Ի՞նչ սովորեցինք այն դեպքերից, երբ Հիսուսն արտասվել է։

20 Մենք շատ գործնական և մխիթարական դասեր սովորեցինք այն դեպքերից, երբ Հիսուսն արտասվել է։ Տեսանք, թե որքան կարևոր է աջակցել մեր սգացող հավատակիցներին և վստահ լինել, որ Եհովան ու Հիսուսը կաջակցեն մեզ, երբ մեր սիրելիներից մեկը մահանա։ Հասկացանք, որ կարեկցանքը պետք է մղի մեզ քարոզելու և ուսուցանելու մարդկանց, քանի որ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը նույնպես դրսևորում են այդ գեղեցիկ հատկությունը։ Բացի այդ՝ իմացանք, որ նրանք հասկանում են մեզ, ցավակից են մեր թուլություններին և ուզում են օգնել, որ դիմանանք։ Եկեք կիրառենք այն, ինչ սովորեցինք, մինչև որ Եհովան կկատարի իր հիանալի խոստումը և «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից» (Հայտն. 21։4

ԵՐԳ 120 Ընդօրինակենք Քրիստոսի մեղմությունը

^ Ծանր ապրումների պատճառով Հիսուսը երբեմն արտասվում էր։ Հոդվածում կքննենք երեք դեպք, երբ Հիսուսն արտասվել է, և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

^ Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ Տես «Աստվածաշնչի ըմբռնում» գիրքը (it-U, «Иисус Христос», it-2-E, 69

^ ՆԿԱՐ։ Հիսուսը մխիթարեց Մարիամին և Մարթային։ Մենք էլ կարող ենք մխիթարել նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։

^ ՆԿԱՐ։ Հիսուսը գիշերը պատրաստակամորեն ուսուցանեց Նիկոդեմոսին։ Մենք էլ պետք է Աստվածաշունչը ուսուցանենք մարդկանց նրանց հարմար ժամին։

^ ՆԿԱՐ։ Հիսուսը աղոթքով զորություն խնդրեց Եհովայից, որպեսզի հավատարիմ մնա նրան։ Փորձությունների բախվելիս մենք էլ պետք է նույն կերպ վարվենք։