Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1

«Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի»

«Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի»

2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի» (ՍԱՂ. 34։10

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Անգամ դժվար ժամանակներում Դավիթը տեսավ, որ իր համար «ոչ մի բարիք չի պակասում» (տես պարբերություն 1–3) *

1. Ի՞նչ դժվար իրավիճակում էր հայտնվել Դավիթը։

 ԴԱՎԻԹԸ փախուստի մեջ էր։ Իսրայելի թագավոր Սավուղը ցանկանում էր սպանել նրան։ Դավիթը սննդի կարիք ուներ, ուստի գնաց Նոբ քաղաք և մի համեստ խնդրանքով դիմեց Աքիմելեք քահանային. նա հինգ հաց խնդրեց նրանից (1 Սամ. 21։1, 3)։ Դրանից հետո նա և իր մարդիկ թաքնվեցին մի քարայրում (1 Սամ. 22։1)։ Ինչո՞ւ էր Դավիթը հայտնվել նման իրավիճակում։

2. Սավուղն ինչպե՞ս ինքն իրեն գցեց վտանգավոր իրավիճակի մեջ (1 Սամուել 23։16, 17

2 Սավուղը նախանձով էր լցված Դավթի հանդեպ, քանի որ մարդիկ սիրում ու գովաբանում էին նրան իր տարած հաղթանակների համար։ Նա նաև գիտեր, որ իր անհնազանդության պատճառով Եհովան մերժել է իրեն և Դավթին է ընտրել որպես թագավոր (կարդա 1 Սամուել 23։16, 17)։ Բայց Սավուղը դեռ Իսրայելի թագավորն էր։ Նա մեծ բանակ ու շատ աջակիցներ ուներ, ուստի Դավիթը ստիպված էր փախչել, որպեսզի փրկեր իր կյանքը։ Մի՞թե Սավուղը կարծում էր, թե կարող է խափանել Դավթի առնչությամբ Աստծու նպատակը (Ես. 55։11)։ Աստվածաշունչը այդ մասին ոչինչ չի ասում, բայց մի բան հստակ է. Սավուղն իր արարքների պատճառով վտանգավոր իրավիճակում էր հայտնվել։ Չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Աստծու դեմ են դուրս գալիս, միշտ պարտություն են կրում։

3. Ինչպիսի՞ տրամադրվածություն ուներ Դավիթը՝ չնայած իր հանգամանքներին։

3 Դավիթը փառասեր մարդ չէր։ Իսրայելի թագավոր դառնալը նրա որոշումը չէր. Եհովան էր նշանակել նրան (1 Սամ. 16։1, 12, 13)։ Այդուհանդերձ, Սավուղը Դավթին ոխերիմ թշնամի էր համարում։ Բայց Դավիթը ստեղծված իրավիճակի համար Եհովային չէր մեղադրում։ Նա չէր տրտնջում, որ քիչ ուտելիք ունի և ստիպված է թաքնվել քարայրում։ Ընդհակառակը՝ հավանաբար այդ քարայրում էր, որ նա Աստծուն փառաբանող մի գեղեցիկ երգ գրեց։ Հոդվածի բնաբանի խոսքերը հենց այդ երգից են վերցված. «Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի» (Սաղ. 34։10

4. Ի՞նչ հարցեր ենք քննելու, և ինչո՞ւ է կարևոր իմանալ դրանց պատասխանները։

4 Այսօր երբեմն լինում է այնպես, որ Աստծու ծառաներից շատերը բավականաչափ սնունդ և կյանքի համար անհրաժեշտ այլ բաներ չեն ունենում, ինչպես, օրինակ, COVID-19 համավարակի ընթացքում։ * Եվ որքան մոտենա մեծ նեղությունը, այնքան ավելի շատ դժվարություններ կունենանք (Մատթ. 24։21)։ Ուստի լավ կլինի՝ իմանանք հետևյալ հարցերի պատասխանները։ Ինչո՞ւ կարելի է ասել, որ Դավթի համար «ոչ մի բարիք չպակասեց»։ Ինչո՞ւ պետք է սովորենք բավարարվել ունեցածով։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան հոգ կտանի մեր մասին, և ինչպե՞ս այսօրվանից պատրաստվենք ապագայում սպասվող դժվարություններին։

«ԵՍ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ»

5–6. Ինչպե՞ս են Սաղմոս 23։1–6 համարները օգնում մեզ հասկանալ, թե ինչ նկատի ուներ Դավիթը՝ ասելով, որ Եհովայի ծառաների համար «ոչ մի բարիք չի պակասի»։

5 Ի՞նչ նկատի ուներ Դավիթը, երբ ասաց, որ Եհովայի ծառաների համար «ոչ մի բարիք չի պակասի»։ Նա նմանատիպ միտք արտահայտեց նաև 23-րդ սաղմոսը գրելիս։ Քննելով այն՝ կհասկանանք, թե ինչ նկատի ուներ նա (կարդա Սաղմոս 23։1–6)։ Այդ սաղմոսը սկսվում է հետևյալ խոսքերով. «Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա»։ Շարունակության մեջ Դավիթը նշում է մնայուն արժեք ունեցող բաների՝ այն առատ հոգևոր օրհնությունների մասին, որ նա վայելում էր, քանի որ Եհովային իր Հովիվն էր դարձրել։ Եհովան նրան տանում էր «արդարության շավիղներով» և հավատարմորեն աջակցում էր Դավթին նրա լավ ու վատ օրերին։ Դավիթը գիտակցում էր, որ Եհովայի «խոտառատ արոտավայրերում» իր կյանքը դժվարություններից զերծ չի լինելու։ Նա թշնամիներ էր ունենալու և երբեմն վհատվելու էր, ասես քայլելու էր «թանձր խավարի հովտում»։ Բայց քանի որ Եհովան նրա Հովիվն էր, Դավիթը «ոչ մի չար բանից չէր վախենալու»։

6 Փաստորեն, երբ Դավիթն ասաց, որ իր համար «ոչ մի բարիք չի պակասի», նա նկատի ուներ, որ ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Եհովայի հետ մտերիմ լինելու համար։ Նրա ուրախությունը կախված չէր նյութական բաներից։ Նա բավարարվում էր այն ամենով, ինչ Եհովան տալիս էր իրեն։ Դավթի համար ամենակարևոր բանը Եհովայի օրհնությունն ու պաշտպանությունը ունենալն էր։

7. Ղուկաս 21։20–24 համարների համաձայն՝ ի՞նչ դժվար իրավիճակում հայտնվեցին Հրեաստանում ապրող առաջին դարի քրիստոնյաները։

7 Դավթի խոսքերից տեսնում ենք, թե որքան կարևոր է ճիշտ վերաբերմունք ունենալ նյութական բաների նկատմամբ։ Ինչ խոսք, մենք վայելում ենք մեր ունեցած նյութական բաները, բայց դրանք չպետք է մեր կյանքում ամենակարևորը լինեն։ Հրեաստանում ապրող առաջին դարի քրիստոնյաները իրենց փորձով համոզվեցին դրանում (կարդա Ղուկաս 21։20–24)։ Հիսուսը նախազգուշացրել էր, որ կգա մի ժամանակ, երբ Երուսաղեմը «զորքերով շրջապատված» կլինի։ Երբ դա տեղի ունենար, նրանք պետք է «սարերը փախչեին»։ Այդ փախուստը կփրկեր նրանց կյանքը, բայց դրա համար նրանք պետք է շատ բան զոհեին։ Մի քանի տարի առաջ «Դիտարանում» ասվում էր, որ այդ քրիստոնյաները լքեցին իրենց դաշտերն ու տները՝ չվերցնելով նույնիսկ իրենց ունեցվածքը։ Համոզված լինելով, որ Եհովան կպաշտպանի ու կաջակցի իրենց՝ նրանք Աստծուն պաշտելը կարևոր թվացող ամեն բանից վեր դասեցին։

8. Ի՞նչ սթափեցնող դաս ենք սովորում Հրեաստանում ապրող առաջին դարի քրիստոնյաների հետ պատահածից։

8 Հրեաստանում ապրող առաջին դարի քրիստոնյաների հետ պատահածից մի շատ սթափեցնող դաս ենք սովորում։ Վերոնշյալ «Դիտարանում» նշվում է, որ առջևում մեզ սպասում են այնպիսի փորձություններ, որոնք կբացահայտեն, թե ինչ տեսակետ ունենք նյութական բաների վերաբերյալ։ Ի՞նչն է մեզ համար ավելի կարևոր՝ նյութական բանե՞րը, թե՞ մեր փրկությունը, որը կախված է Աստծուն նվիրված մնալուց։ Ինչ խոսք, մեր «փախուստը» գուցե իր հետ որոշ նեղություններ ու զրկանքներ բերի։ Ուստի պետք է պատրաստ լինենք անելու ինչ էլ որ պահանջվի, ինչպես վարվեցին առաջին դարում նմանատիպ իրավիճակում գտնվող մեր հավատակիցները, երբ փախան Հրեաստանից։ *

9. Ի՞նչ համոզվածությամբ են մեզ լցնում Պողոսի խոսքերը։

9 Պատկերացնո՞ւմ ես՝ այդ քրիստոնյաների համար որքան դժվար էր թողնել գրեթե ողջ ունեցվածքը և ամեն ինչ սկսել նորից։ Նրանց հավատ էր պետք, որպեսզի համոզված լինեին, որ Եհովան կհոգա իրենց անհրաժեշտ կարիքները։ Այդ հարցում նրանց կարող էր օգնել հետևյալ արժեքավոր խորհուրդը, որ Պողոսը տվել էր եբրայեցիներին Երուսաղեմի շրջափակումից հինգ տարի առաջ. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»» (Եբր. 13։5, 6)։ Անկասկած, նրանք, ովքեր լուրջ էին վերաբերվել Պողոսի խորհրդին և նախքան հռոմեացիների հարձակումը պարզ կյանքով էին ապրել, ավելի հեշտությամբ հարմարվեցին նոր բնակավայրի համեստ պայմաններին։ Նրանք համոզված էին, որ Եհովան կհոգա իրենց անհրաժեշտ կարիքները։ Պողոսի խոսքերը մեզ էլ են նույն համոզվածությամբ լցնում։

ԴՐԱՆՑՈՎ ԲԱՎԱՐԱՐՎԵՔ

10. Ի՞նչ «գաղտնիք» է մեզ հայտնել Պողոսը։

10 Պողոսը նմանատիպ խորհուրդ տվեց նաև Տիմոթեոսին։ Այն մեզ էլ է վերաբերում։ Առաքյալը գրեց. «Ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթ. 6։8)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չենք կարող համեղ ուտելիքներ վայելել, հարմարավետ տուն ունենալ կամ ժամանակ առ ժամանակ նոր հագուստ գնել։ Ո՛չ, Պողոսը դա նկատի չուներ։ Նա ուզում էր ասել, որ պետք է բավարարվենք այն ամենով, ինչ ունենք (Փիլիպ. 4։12)։ Դա էր Պողոսի «գաղտնիքը»։ Մեր ունեցած ամենաթանկ բանը ոչ թե մեր ձեռք բերած նյութական բաներն են, այլ Աստծու հետ մեր փոխհարաբերությունները (Ամբ. 3։17, 18

Անապատում 40 տարիների ընթացքում իսրայելացիները «ոչ մի բանի պակասություն չունեցան»։ Կարո՞ղ ենք մենք էլ բավարարվել այն ամենով, ինչ ունենք (տես պարբերություն 11) *

11. Ի՞նչ ենք սովորում Մովսեսի խոսքերից։

11 Այն, ինչ մտածում ենք, թե անհրաժեշտ է մեզ, գուցե Եհովայի տեսանկյունից այդպես չլինի։ Քննենք, թե Մովսեսն ինչ ասաց իսրայելացիներին, ովքեր 40 տարի էր, ինչ անապատում էին։ «Քո Աստված Եհովան օրհնել է քո ձեռքի բոլոր գործերը։ Նա գիտի, թե ինչպես ես քայլել այս մեծ անապատով։ Այս քառասուն տարիների ընթացքում քո Աստված Եհովան քեզ հետ է եղել։ Դու ոչ մի բանի պակասություն չես զգացել» (2 Օրենք 2։7)։ Այդ 40 տարիների ընթացքում Եհովան իսրայելացիներին կերակրում էր մանանայով։ Նրանց հագուստը՝ այն նույն հագուստը, որով նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, չէր մաշվում (2 Օրենք 8։3, 4)։ Թեև ոմանց համար դա չնչին բան էր, սակայն Մովսեսը հիշեցրեց իսրայելացիներին, որ նրանք ունեին այն, ինչ անհրաժեշտ էր իրենց։ Մենք կհաճեցնենք Եհովային, եթե սովորենք բավարարվել մեր ունեցածով։ Դա նշանակում է, որ պետք է գնահատենք նրա տված նույնիսկ փոքր բաները՝ դրանք համարելով օրհնություն, և շնորհակալություն հայտնենք դրանց համար։

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՀՈԳ ԿՏԱՆԻ ՔՈ ՄԱՍԻՆ

12. Ի՞նչն է ցույց տալիս, որ Դավիթը հույսը դնում էր ոչ թե իր, այլ Եհովայի վրա։

12 Դավիթը գիտեր, որ Եհովան նվիրված է և հոգ է տանում նրանց մասին, ովքեր սիրում են իրեն։ Երբ նա գրում էր 34-րդ սաղմոսը, նրա կյանքը վտանգի տակ էր։ Չնայած դրան՝ Դավիթը հավատի աչքերով տեսավ «Եհովայի հրեշտակին», որը «բանակ էր դրել [նրա] շուրջը» (Սաղ. 34։7)։ Ըստ ամենայնի, նա Եհովայի հրեշտակին համեմատում է դաշտում բանակ դրած մի զինվորի հետ, որը միշտ զգոն է, որ տեսնի թշնամուն։ Թեև Դավիթը քաջ ռազմիկ էր, և Եհովան նրան թագավոր էր օծել, սակայն նա հույսը չդրեց պարսատիկով քար նետելու և սրով կռվելու իր հմտությունների վրա (1 Սամ. 16։13; 24։12)։ Դավիթը ապավինում էր Աստծուն՝ համոզված լինելով, որ նրա հրեշտակը փրկում է Նրանից վախեցողներին։ Ինչ խոսք, մենք այսօր չենք ակնկալում, որ Եհովան հրաշքով կպաշտպանի մեզ, բայց գիտենք, որ նրան ապավինողներից և ոչ մեկը անդառնալի վնաս չի կրի։

Մեծ նեղության ընթացքում Մագոգի Գոգը կփորձի հարձակվել մեզ վրա։ Բայց մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսն ու իր հրեշտակները կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում, և կպաշտպանեն մեզ (տես պարբերություն 13)

13. Երբ Մագոգի Գոգը հարձակվի, ինչո՞ւ մենք անպաշտպան կթվանք, բայց ինչո՞ւ չպետք է վախենանք (տես ամսագրի շապիկի նկարը)։

13 Մոտ ապագայում մեր համոզվածությունը այն բանում, որ Եհովան կարող է պաշտպանել մեզ, կփորձվի։ Երբ Մագոգի Գոգը՝ ազգերի կոալիցիան, հարձակվի Աստծու ժողովրդի վրա, մեր կյանքին վտանգ կսպառնա։ Այդ ժամանակ պետք է համոզված լինենք, որ Եհովան կարող է և կփրկի մեզ։ Ազգերի աչքին մենք նման կլինենք անպաշտպան գառների (Եզեկ. 38։10–12)։ Մենք զենք չենք ունենա և պատրաստված չենք լինի պատերազմի։ Ուստի նրանք կմտածեն, թե հեշտությամբ կհաղթեն մեզ։ Ազգերը չեն տեսնի այն, ինչ մենք կտեսնենք հավատի աչքերով։ Նրանք չեն տեսնի մեր շուրջը բանակ դրած հրեշտակների այն մեծ զորքը, որը պատրաստ կլինի պաշտպանելու մեզ. չէ՞ որ նրանք հոգևոր տեսողություն չունեն։ Ազգերը անակնկալի կգան, երբ երկնային զորքը օգնության հասնի մեզ (Հայտն. 19։11, 14, 15

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԱՊԱԳԱՅԻՆ

14. Ինչպե՞ս կարող ենք այսօրվանից պատրաստվել ապագային։

14 Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել ապագային։ Նախ՝ անհրաժեշտ է ճիշտ տեսակետ ունենալ նյութական բաների վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք, որ մի օր ստիպված ենք լինելու թողնել դրանք։ Կարևոր է նաև, որ բավարարվենք ունեցածով։ Բացի այդ՝ մեր ուրախության աղբյուրը պետք է լինի Եհովայի հետ մտերմությունը։ Որքան լավ ճանաչենք մեր Աստծուն, այնքան ավելի համոզված կլինենք, որ նա կկարողանա պաշտպանել մեզ Մագոգի Գոգի հարձակման ժամանակ։

15. Ինչո՞ւ էր Դավիթը համոզված, որ եթե ապավինի Եհովային, երբեք հուսախաբ չի լինի։

15 Տեսնենք, թե ուրիշ ինչն օգնեց Դավթին, և ինչը կարող է օգնել մեզ պատրաստվել ապագայում սպասվող փորձություններին։ Նա ասաց. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է, երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում» (Սաղ. 34։8)։ Այս խոսքերից հասկանում ենք, թե ինչու էր Դավիթը միշտ իր հույսը Եհովայի վրա դնում։ Նա տարբեր առիթներով ապավինել էր իր Աստծուն և երբեք հուսախաբ չէր եղել։ Դավիթը դեռ պատանի էր, երբ կանգնեց հսկա Գողիաթի առջև և այդ ահազդու ռազմիկին ասաց հետևյալ խոսքերը. «Այսօր Եհովան քեզ իմ ձեռքն է մատնելու» (1 Սամ. 17։46)։ Հետագայում Դավիթը ծառայեց Սավուղ թագավորին, ով մի քանի անգամ փորձեց սպանել նրան։ Բայց «Եհովան նրա հետ էր» (1 Սամ. 18։12)։ Քանի որ Դավիթը անցյալում տեսել էր, թե ինչպես է Եհովան օգնում իրեն, համոզված էր, որ այդ պահին ունեցած փորձությունների ժամանակ էլ իր հույսը կարող է դնել նրա վրա։

16. Ինչպե՞ս կարող ենք ճաշակել Եհովայի բարությունը։

16 Որքան շատ ապավինենք Եհովային այսօր, այնքան ավելի մեծ համոզվածությամբ կլցվենք, որ նա կարող է փրկել մեզ ապագայում։ Ենթադրենք՝ պետք է խոսենք մեր գործատիրոջ հետ, որ մեզ ազատ օր տա համաժողովին ներկա լինելու համար։ Կամ էլ պետք է խնդրենք նրան, որ մեր աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ անի, որպեսզի կարողանանք ներկա լինել ժողովի բոլոր հանդիպումներին և ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։ Դրա համար Եհովայի հանդեպ հավատ և նրան վստահելու ցանկություն է պետք։ Իսկ եթե մեր գործատերը հրաժարվի կատարել մեր խնդրանքը, և մենք կորցնենք մեր աշխատանքը, բավականաչափ հավատ կունենա՞նք համոզված լինելու, որ Եհովան երբեք մեզ չի լքի և միշտ կապահովի ամեն անհրաժեշտ բանով (Եբր. 13։5)։ Շատերը, ովքեր լիաժամ ծառայության մեջ են, կարող են պատմել, թե ինչպես է Եհովան օգնության հասել իրենց, երբ նրա կարիքը շատ են ունեցել։ Եհովան հավատարիմ Աստված է։

17. Ո՞րն է 2022 թ. տարվա խոսքը, և ինչո՞ւ է այն ժամանակահարմար։

17 Եհովան մեր կողքին է, ուստի մենք ապագայից վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Մեր Աստվածը երբեք մեզ չի լքի, քանի դեռ Թագավորության շահերը առաջին տեղում ենք դնում մեր կյանքում։ Որպեսզի հիշենք, որ կարևոր է այսօրվանից պատրաստվել ապագայում սպասվող դժվար օրերին, և որպեսզի ամրացնենք մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան երբեք մեզ չի թողնի, Կառավարիչ մարմինը որպես 2022 թ. տարվա խոսք ընտրել է Սաղմոս 34։10-ը. «Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի»։

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

^ 2022 թ. տարվա խոսքը վերցված է Սաղմոս 34։10 համարից, որտեղ ասվում է. «Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի»։ Բայց այսօր Եհովայի հավատարիմ ծառաներից շատերը նյութական քիչ բաներ ունեն։ Այդ դեպքում ինչո՞ւ կարող ենք ասել, որ նրանց համար «ոչ մի բարիք չի պակասի»։ Այս համարը հասկանալը ինչպե՞ս կօգնի մեզ պատրաստվել ապագայում սպասվող դժվարություններին։

^ Տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 2014 թ. սեպտեմբերի 15-ի համարում։

^ Տես «Դիտարանի» 1999 թ. մայիսի 1-ի համարը (էջ 26)։

^ ՆԿԱՐ։ Դավիթը ստիպված էր Սավուղ թագավորից պաշտպանվելու նպատակով թաքնվել քարայրում։ Նույնիսկ այդ իրավիճակում նա գնահատում էր այն ամենը, ինչ Եհովան տալիս էր իրեն։

^ ՆԿԱՐ։ Իսրայելացիներին Եգիպտոսից հանելուց հետո Եհովան նրանց կերակրում էր մանանայով և այնպես էր անում, որ նրանց հագուստը չմաշվի։