Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 5

«Ձեզ համար գնեք հարմար ժամանակը»

«Ձեզ համար գնեք հարմար ժամանակը»

«Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (ԵՓԵՍ. 5։15, 16

ԵՐԳ 8 Եհովան մեր ապավենն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչպե՞ս ենք ժամանակ անցկացնում Եհովայի հետ։

 ՄԵՆՔ սիրում ենք ժամանակ անցկացնել մեր մտերիմների հետ։ Օրինակ՝ երջանիկ ամուսինները սիրում են երեկոները միասին անցկացնել։ Իսկ երիտասարդները սիրում են ժամանակ անցկացնել իրենց մտերիմ ընկերների հետ։ Բացի այդ՝ մենք բոլորս հաճույք ենք ստանում մեր հավատակիցների հետ շփումից։ Իսկ որ ամենակարևորն է, մենք սիրում ենք ժամանակ անցկացնել մեր Աստծու հետ։ Մենք դա անում ենք՝ աղոթելով նրան, կարդալով նրա Խոսքը և խորհրդածելով նրա հրաշալի նպատակների ու գեղեցիկ հատկությունների շուրջ։ Այն ժամանակը, որ անցկացնում ենք մեր երկնային Հոր հետ, անշուշտ, շատ թանկ է մեզ համար (Սաղ. 139։17

2. Ի՞նչը գուցե դժվար լինի մեզ համար։

2 Ճիշտ է, մենք սիրում ենք ժամանակ անցկացնել Եհովայի հետ, բայց դա միշտ չէ, որ հեշտ է։ Մենք զբաղված կյանքով ենք ապրում, ուստի գուցե դժվար լինի ժամանակ հատկացնել հոգևոր գործերին։ Աշխատանքի, ընտանեկան պարտականությունների և այլ կարևոր գործերի պատճառով գուցե այնքան զբաղված լինենք, որ ժամանակ չունենանք աղոթքի, ուսումնասիրության և խորհրդածության համար։

3. Ուրիշ ի՞նչը կարող է խլել մեր ժամանակը։

3 Կա ևս մի բան, որը կարող է խլել մեր ժամանակը։ Եթե զգույշ չլինենք, այն գործերը, որոնք ինքնին սխալ չեն, գուցե գողանան մեր ժամանակը, որը պետք է անցկացնեինք Եհովայի հետ։ Օրինակ՝ բոլորս էլ հանգստի ու զվարճանալու կարիք ունենք։ Բայց եթե չափից շատ ժամանակ տրամադրենք նույնիսկ օգտակար զվարճություններին, բավականաչափ ժամանակ չենք ունենա հոգևոր գործերի համար։ Ուստի մենք չպետք է թույլ տանք, որ հանգիստն ու ժամանցը ամենակարևոր բանը դառնան մեզ համար (Առակ. 25։27; 1 Տիմոթ. 4։8

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Այս հոդվածից կիմանանք, թե ինչու է կարևոր ճիշտ առաջնահերթություններ դնել կյանքում։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող ենք լավագույնս օգտագործել այն ժամանակը, որ անցկացնում ենք Եհովայի հետ, և թե ինչ օգուտներ կքաղենք՝ այդպես վարվելով։

ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐՈՒ ԵՎ ՃԻՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԻՐ

5. Եփեսացիներ 5։15–17 համարների շուրջ խորհրդածելը ինչպե՞ս կարող է օգնել երիտասարդներին, որ կյանքի լավագույն ուղին ընտրեն։

5 Ընտրիր կյանքի լավագույն ուղին։ Երիտասարդներին հաճախ մտահոգում է այն հարցը, թե որն է կյանքի լավագույն ուղին։ Մի կողմից՝ ուսուցիչները և ոչ Վկա հարազատները գուցե հորդորեն նրանց բարձրագույն կրթություն ստանալ, որպեսզի կարողանան լավ կարիերա ստեղծել՝ կյանքի մի ուղի, որը, ամենայն հավանականությամբ, կխլի նրանց ժամանակի մեծ մասը։ Իսկ մյուս կողմից՝ ծնողներն ու հավատակիցները գուցե հորդորեն երիտասարդներին իրենց կյանքը նվիրել Եհովային ծառայելուն։ Ի՞նչը կօգնի Եհովային սիրող երիտասարդին ճիշտ որոշում կայացնել։ Նրա համար օգտակար կլինի կարդալ Եփեսացիներ 5։15–17 համարները (կարդա) և խորհրդածել հետևյալ հարցերի շուրջ. «Ո՞րն է Եհովայի կամքը։ Ո՞ր որոշումը հաճելի կլինի նրան։ Կյանքի ո՞ր ուղին կօգնի ինձ լավագույնս օգտագործել իմ ժամանակը»։ «Օրերը չար են», և Սատանայի աշխարհը շուտով կործանվելու է, ուստի իմաստուն վարված կլինենք, եթե այնպիսի ուղի ընտրենք կյանքում, որը կուրախացնի Եհովային։

6. Ի՞նչ ընտրություն կատարեց Մարիամը, և ինչո՞ւ էր դա իմաստուն որոշում։

6 Ճիշտ առաջնահերթություններ դիր։ Ժամանակը լավագույնս օգտագործելու համար երբեմն գուցե կարիք լինի ընտրություն կատարել երկու բաների միջև, որոնք ինքնին սխալ չեն։ Դա երևում է այն պատմությունից, երբ Հիսուսը այցելել էր Մարիամին ու Մարթային։ Մարթան հյուրասեր անձնավորություն էր և շատ էր ուրախացել, որ Հիսուսը իրենց հյուր է եկել, ուստի սկսել էր ընտիր կերակուրներ պատրաստել նրա համար։ Մինչդեռ Մարիամը նստել էր իր «Տիրոջ ոտքերի մոտ» և լսում էր նրան։ Թեև Մարթայի արածը վատ բան չէր, բայց Հիսուսն ասաց, որ «Մարիամը լավ բաժինն ընտրեց» (Ղուկ. 10։38–42)։ Որոշ ժամանակ հետո Մարիամը գուցե չէր էլ հիշում, թե այդ օրը ինչ կերակուրներ էին դրված սեղանին, բայց կարող ենք համոզված լինել, որ նա իր ողջ կյանքի ընթացքում հիշում էր այն, ինչ սովորել էր Հիսուսից։ Մարիամը թանկ գնահատեց Աստծու Որդուց սովորելու հնարավորությունը։ Մենք էլ պետք է թանկ համարենք այն ժամանակը, որ անցկացնում ենք Եհովայի հետ։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք լավագույնս օգտագործել այն։

ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՍ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

7. Ինչո՞ւ է անչափ կարևոր ժամանակ տրամադրել աղոթքին, ուսումնասիրությանը և խորհրդածությանը։

7 Հիշիր, որ աղոթքը, ուսումնասիրությունը և խորհրդածությունը մեր երկրպագության մաս են կազմում։ Երբ աղոթում ենք, հաղորդակցվում ենք մեր երկնային Հոր հետ, ով ջերմորեն սիրում է մեզ (Սաղ. 5։7)։ Երբ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, գիտելիքներ ենք ձեռք բերում Աստծու մասին, ով իմաստության Աղբյուրն է (Առակ. 2։1–5)։ Իսկ երբ խորհրդածում ենք մեր սովորածի շուրջ, մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Եհովայի գեղեցիկ հատկությունների, ինչպես նաև ողջ ստեղծագործության, այդ թվում՝ մեր առնչությամբ ունեցած նրա հրաշալի նպատակի վրա։ Մի՞թե մեր ժամանակն օգտագործելու ավելի լավ ձև կա։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ աղոթքին, ուսումնասիրությանը և խորհրդածությանը տրամադրած ժամանակը արդյունավետ լինի։

Կարո՞ղ ես անձնական ուսումնասիրություն անելու համար հանգիստ վայր գտնել (տես պարբերություն 8–9)

8. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Հիսուսն ինչպես օգտագործեց իր ժամանակը անապատում։

8 Հնարավորության դեպքում հանգիստ վայր ընտրիր։ Քննենք Հիսուսի օրինակը։ Իր երկրային ծառայությունը սկսելուց առաջ նա 40 օր անցկացրեց անապատում (Ղուկ. 4։1, 2)։ Այդ հանգիստ միջավայրում նա կարող էր աղոթել և խորհրդածել այն մասին, թե որն է Աստծու կամքը իր առնչությամբ։ Դա օգնեց Հիսուսին պատրաստվել ապագա փորձություններին։ Ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։ Եթե մեծ ընտանիքում ես ապրում, գուցե քեզ համար ավելի հեշտ լինի հանգիստ վայր գտնել դրսում։ Ջուլի անունով մի քույր հենց այդպես է վարվում, երբ ցանկանում է աղոթել Եհովային։ Նա և նրա ամուսինը ապրում են Ֆրանսիայում՝ մի փոքր բնակարանում, և Ջուլիի համար դժվար է առանձնանալ ու կենտրոնանալ։ Քույրն ասում է. «Ես ամեն օր գնում եմ այգի՝ զբոսնելու, քանի որ այնտեղ կարողանում եմ առանձնանալ, կենտրոնանալ և խոսել Եհովայի հետ»։

9. Հիսուսն ինչպե՞ս էր ցույց տալիս, որ թանկ է գնահատում Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։

9 Հիսուսը շատ զբաղված կյանքով էր ապրում։ Իր երկրային ծառայության ընթացքում ուր էլ որ նա գնում էր, նրա շուրջը միշտ շատ մարդ էր հավաքվում, և նրանց բոլորին հարկավոր էր ժամանակ տրամադրել։ Մի անգամ «ամբողջ քաղաքը հավաքվել էր դռան առաջ», որպեսզի տեսներ Հիսուսին։ Չնայած դրան՝ նա աղոթքի համար ժամանակ գտավ։ Նախքան արևածագը Հիսուսը «ամայի մի տեղ» գնաց, որտեղ կարող էր մենակ մնալ իր Հոր հետ (Մարկ. 1։32–35

10–11. Մատթեոս 26։40, 41 համարների համաձայն՝ ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը իր աշակերտներին, բայց ի՞նչ եղավ։

10 Իր երկրային կյանքի վերջին գիշերը Հիսուսը կրկին մի հանգիստ վայր էր փնտրում, որտեղ կկարողանար խորհրդածել ու աղոթել։ Նա իր աշակերտների հետ գնաց Գեթսեմանիի պարտեզ (Մատթ. 26։36)։ Այնտեղ Հիսուսը նրանց մի կարևոր խորհուրդ տվեց աղոթքի վերաբերյալ։

11 Արդեն շատ ուշ էր՝ հավանաբար կեսգիշերն անց։ Հիսուսն իր առաքյալներին խնդրեց, որ արթուն մնան, իսկ ինքը գնաց աղոթելու (Մատթ. 26։37–39)։ Բայց մինչ նա աղոթում էր, նրանք քնով ընկան։ Դա տեսնելով՝ Հիսուսը կրկին հորդորեց նրանց. «Արթուն մնացեք և շարունակ աղոթք արեք» (կարդա Մատթեոս 26։40, 41)։ Նա հասկանում էր, որ աշակերտները ծանր օր էին ունեցել և շատ հոգնած էին, ուստի կարեկցանք դրսևորելով՝ ասաց. «Մարմինը տկար է»։ Հետո Հիսուսը ևս երկու անգամ գնաց աղոթելու և երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները աղոթելու փոխարեն նորից քնել են (Մատթ. 26։42–45

Կարո՞ղ ես աղոթել այն ժամանակ, երբ դեռ չափից շատ հոգնած չես (տես պարբերություն 12)

12. Ի՞նչ կարող ենք անել, եթե լարվածության կամ հոգնածության պատճառով չի ստացվում աղոթել։

12 Հարմար ժամանակ ընտրիր։ Երբեմն գուցե այնքան լարված ու հոգնած լինենք, որ չկարողանանք աղոթել։ Քեզ հետ նման բան եղե՞լ է։ Եթե այո, ապա հիշիր, որ դու մենակ չես։ Ի՞նչ կարող ես անել։ Ոմանք, ովքեր սովորություն ունեին աղոթելու օրվա վերջում, նկատել են, որ ավելի լավ են կենտրոնանում, երբ աղոթում են ոչ թե ուշ երեկոյան, այլ ավելի շուտ, երբ դեռ շատ հոգնած չեն։ Մյուսներն էլ ասում են, որ կենտրոնանալու համար կարևոր է նաև, թե ինչ դիրքով են աղոթում։ Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ մտահոգությունների կամ վհատության պատճառով չի ստացվում աղոթել։ Ասա Եհովային, թե ինչ ես զգում, և վստահ եղիր, որ մեր ողորմած Հայրը կհասկանա քեզ (Սաղ. 139։4

Կարո՞ղ ես ժողովի հանդիպումների ժամանակ չպատասխանել հաղորդագրություններին ու նամակներին (տես պարբերություն 13–14)

13. Էլեկտրոնային սարքերը ինչպե՞ս կարող են խանգարել մեզ, երբ ժամանակ ենք անցկացնում Եհովայի հետ։

13 Ուսումնասիրություն անելիս մի՛ շեղվիր։ Աղոթքը Եհովայի հետ ընկերությունն ամրացնելու միակ միջոցը չէ։ Աստծու Խոսքի ուսումնասիրությունը և ժողովի հանդիպումներին հաճախելը նույնպես կարող են օգնել մեզ այդ հարցում։ Իսկ ի՞նչ կարող ես անել, որպեսզի լավագույնս օգտագործես այն ժամանակը, որ տրամադրում ես Աստվածաշնչի ուսումնասիրությանը և ժողովի հանդիպումներին։ Հարցրու ինքդ քեզ. «Սովորաբար ի՞նչն է շեղում իմ ուշադրությունը ժողովի հանդիպումների ժամանակ և անձնական ուսումնասիրություն անելիս»։ Գուցե քեզ խանգարեն հեռախոսազանգերը, էլեկտրոնային նամակները կամ տեքստային հաղորդագրությունները, որ ստանում ես քո սմարթֆոնի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա։ Այսօր միլիարդավոր մարդիկ օգտվում են այդ օգտակար սարքերից։ Որոշ մասնագետներ ասում են, որ սմարթֆոնի առկայությունն արդեն բավական է, որ մեր ուշադրությունը շեղվի։ «Դու չես կարողանում կենտրոնանալ քո անելիքի վրա։ Ուշքդ ու միտքդ ուրիշ տեղ է»,— ասում է հոգեբանության մի պրոֆեսոր։ Հաճախ համաժողովներից առաջ հիշեցում ենք ստանում, որ մեր էլեկտրոնային սարքերը դնենք այնպիսի ռեժիմի վրա, որ դրանք չխանգարեն ուրիշներին։ Իսկ կարո՞ղ ենք նույնն անել, որ դրանք չխանգարեն մեզ, երբ ժամանակ ենք անցկացնում Եհովայի հետ։

14. Փիլիպպեցիներ 4։6, 7 համարների համաձայն՝ Եհովան ինչպե՞ս կօգնի մեզ, որ կենտրոնանանք։

14 Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ կենտրոնանալ։ Եթե նկատում ես, որ ուսումնասիրության կամ ժողովի հանդիպման ժամանակ միտքդ թափառում է, Եհովայից օգնություն խնդրիր։ Երբ անհանգիստ ես կամ մտահոգված, գուցե դժվար լինի ամեն ինչ մի կողմ դնել և կենտրոնանալ հոգևոր բաների վրա։ Բայց հիշիր, որ այդպես վարվելը կենսական է։ Ուստի Եհովայից խաղաղություն խնդրիր, որը կպաշտպանի ոչ միայն սիրտդ, այլ նաև միտքդ (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԿՔԱՂԵՆՔ

15. Ի՞նչ օգուտ ենք քաղում՝ Եհովայի հետ ժամանակ անցկացնելով։

15 Եթե ժամանակ տրամադրես, որպեսզի խոսես Եհովայի հետ, լսես նրան և մտածես նրա մասին, մեծ օգուտներ կքաղես։ Օգուտներից առաջինն այն է, որ ավելի լավ որոշումներ կկայացնես։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ «իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակ. 13։20)։ Ուստի իմաստության Աղբյուրի՝ Եհովայի հետ ժամանակ անցկացնելով՝ ավելի իմաստուն կդառնաս։ Դու ավելի լավ կհասկանաս, թե ինչ պետք է անես, որ հաճեցնես Եհովային, և ինչերից խուսափես, որ ցավ չպատճառես նրան։

16. Եհովայի հետ ժամանակ անցկացնելը ինչպե՞ս է օգնում, որ բարելավենք ուսուցանելու մեր հմտությունները։

16 Երկրորդ՝ կբարելավես ուսուցանելու հմտություններդ։ Աստվածաշունչ ուսուցանելիս մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ օգնենք անհատին մտերմանալ Եհովայի հետ։ Որքան շատ ժամանակ անցկացնենք մեր երկնային Հոր հետ, այնքան ավելի շատ կսիրենք նրան։ Այդ դեպքում մենք ավելի լավ կկարողանանք օգնել ուսումնասիրողին սիրել Եհովային։ Դա հստակ երևում է Հիսուսի օրինակից։ Նա այնպիսի ջերմ խոսքերով էր արտահայտվում իր Հոր մասին, որ իր հավատարիմ հետևորդները նույնպես մղվում էին սիրելու Նրան (Հովհ. 17։25, 26

17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ աղոթքն ու ուսումնասիրությունը ամրացնում են մեր հավատը։

17 Երրորդ՝ հավատդ ավելի կամրանա։ Ամեն անգամ, երբ Աստծուց առաջնորդություն, մխիթարություն և օգնություն ես խնդրում ու ստանում աղոթքիդ պատասխանը, հավատդ մեծանում է (1 Հովհ. 5։15)։ Իսկ ուրիշ ի՞նչը կարող է օգնել քեզ, որ ամրացնես հավատդ։ Անձնական ուսումնասիրությունը. չէ՞ որ «հավատը գալիս է լսածից» (Հռոմ. 10։17)։ Սակայն ամուր հավատ ունենալու համար միայն գիտելիքներ ստանալը բավական չէ։ Տեսնենք, թե ուրիշ ինչ է պետք անել։

18. Օրինակով ցույց տուր, թե ինչու է կարևոր խորհրդածել։

18 Մենք պետք է խորհրդածենք մեր սովորածի շուրջ։ Նկատի առնենք 77-րդ սաղմոսը գրողի օրինակը։ Նա վհատված էր, քանի որ մտածում էր, թե ինքն ու իր ազգակիցները այլևս չունեն Եհովայի հավանությունը։ Այդ մտքերի պատճառով նա կորցրել էր քունը (2–8-րդ համարներ)։ Ի՞նչ արեց սաղմոսերգուն։ Նա Եհովային ասաց. «Պիտի խորհրդածեմ քո բոլոր գործերի մասին և քո արածների մասին պիտի միտք անեմ» (12-րդ համար)։ Թեև նա լավ գիտեր, թե Եհովան անցյալում ինչեր էր արել իր ժողովրդի համար, բայց հետևյալ միտքը նրան հանգիստ չէր տալիս. «Մի՞թե Աստված մոռացել է իր բարեհաճության մասին, կամ մի՞թե նա բարկության մեջ փակել է իր ողորմությունը» (9-րդ համար)։ Սաղմոսերգուն սկսեց խորությամբ մտածել Եհովայի գործերի և նախկինում նրա դրսևորած ողորմածության ու կարեկցանքի շուրջ (11-րդ համար)։ Արդյունքում համոզվեց, որ Եհովան երբեք չի լքի իր ժողովրդին (15-րդ համար)։ Նմանապես քո հավատը ավելի կամրանա, եթե խորհրդածես այն մասին, թե ինչեր է Եհովան արել իր ժողովրդի և անձամբ քեզ համար։

19. Ուրիշ ի՞նչ օգուտ ենք քաղում՝ Եհովայի հետ ժամանակ անցկացնելով։

19 Չորրորդ և ամենակարևոր օգուտն այն է, որ Եհովայի հանդեպ քո սերը կաճի։ Մյուս բոլոր հատկություններից առավել սերն է մղում մեզ, որ հնազանդվենք Եհովային, զոհողություններ անենք նրան հաճեցնելու համար և դիմանանք ցանկացած փորձության (Մատթ. 22։37–39; 1 Կորնթ. 13։4, 7; 1 Հովհ. 5։3)։ Եհովայի հետ ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ ունենալուց ավելի թանկ բան չկա (Սաղ. 63։1–8

20. Ինչպե՞ս ես ծրագրում օգտագործել ժամանակդ, որպեսզի ամրացնես փոխհարաբերություններդ Եհովայի հետ։

20 Հիշիր, որ աղոթքը, ուսումնասիրությունը և խորհրդածությունը մեր երկրպագության մաս են կազմում։ Հիսուսի նման՝ հարմար վայր ու ժամանակ գտիր Եհովայի հետ շփվելու համար։ Այնպես արա, որ ոչինչ չշեղի քեզ։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ՝ հոգևոր գործերով զբաղվելիս կարողանաս կենտրոնացած լինել։ Եթե լավագույնս օգտագործես ժամանակդ, Եհովան կօրհնի քեզ՝ տալով հավիտենական կյանք իր նոր աշխարհում (Մարկ. 4։24

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

^ Եհովան մեր լավագույն Ընկերն է։ Մենք շատ թանկ ենք գնահատում նրա հետ մտերմությունը և ցանկանում ենք նրան ավելի լավ ճանաչել։ Իսկ ինչ-որ մեկին լավ ճանաչելու համար ժամանակ է պետք։ Նույնը կարելի է ասել Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու մասին։ Մենք ապրում ենք զբաղված ու ծանրաբեռնված կյանքով։ Ուստի ինչպե՞ս կարող ենք ժամանակ տրամադրել մեր երկնային Հոր հետ մտերմանալու համար և ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե այդպես վարվենք։