ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2
Սովորենք Հիսուսի եղբայր Հակոբոսից
«Ես՝ Հակոբոսս՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառաս» (ՀԱԿ. 1։1)։
ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ինչպե՞ս կնկարագրես Հակոբոսի ընտանիքը։
ՀԱԿՈԲՈՍԸ՝ Հիսուսի եղբայրը, մեծացել էր հոգևորապես ամուր ընտանիքում։ Նրա ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, շատ էին սիրում Եհովային և եռանդորեն ծառայում էին նրան։ Իսկ հետագայում նրա ավագ եղբայրը դարձավ խոստացյալ Մեսիան։ Ի՜նչ մեծ պատիվ էր Հակոբոսի համար լինել այդ ընտանիքի մի մասը։
2. Հակոբոսը իր ավագ եղբորով հպարտանալու ի՞նչ պատճառներ ուներ։
2 Հակոբոսը իր ավագ եղբորով հպարտանալու բազմաթիվ պատճառներ ուներ (Մատթ. 13։55)։ Օրինակ՝ 12 տարեկանում Հիսուսն այնքան լավ գիտեր Սուրբ Գրքերը, որ Երուսաղեմում ուսուցիչները անչափ տպավորվել էին նրա գիտելիքներով (Ղուկ. 2։46, 47)։ Հնարավոր է՝ Հակոբոսը Հիսուսի հետ ատաղձագործությամբ է զբաղվել։ Եթե այդպես է, ապա նա Հիսուսին ավելի լավ ճանաչելու հնարավորություն ուներ։ Ինչպես հաճախ Նաթան Նորն էր ասում, մարդու հետ աշխատելով՝ շատ բան ես իմանում նրա մասին։ * Հակոբոսը հավանաբար տեսնում էր, որ «Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը» (Ղուկ. 2։52)։ Ուստի գուցե մտածենք, թե Հակոբոսը այն առաջինների թվում էր, ովքեր դարձան Հիսուսի աշակերտ։ Բայց դա այդպես չէ։
3. Երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, ինչպիսի՞ն էր Հակոբոսի արձագանքը։
3 Հիսուսի երկրային կյանքի ընթացքում Հակոբոսը նրա աշակերտը չդարձավ (Հովհ. 7։3–5)։ Նա թերևս Հիսուսի այն ազգականների թվում էր, ովքեր կարծում էին, թե նա «խելագարվել է» (Մարկ. 3։21)։ Բացի այդ՝ ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ Հակոբոսը իր մոր՝ Մարիամի հետ էր, երբ Հիսուսին ցցին էին գամում (Հովհ. 19։25–27)։
4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Հետագայում Հակոբոսը հավատաց Հիսուսին և դարձավ քրիստոնեական ժողովի հարգված եղբայրներից մեկը։ Հոդվածում կքննենք երկու բան, որ կարող ենք սովորել Հակոբոսից։ Առաջին՝ ինչո՞ւ պետք է խոնարհ մնանք և երկրորդ՝ ինչպե՞ս կարող ենք լինել հմուտ ուսուցիչ։
ՀԱԿՈԲՈՍԻ ՊԵՍ՝ ԽՈՆԱՐՀ ՄՆԱ
5. Ի՞նչ արեց Հակոբոսը, երբ հարություն առած Հիսուսը հայտնվեց նրան։
5 Տեսնենք, թե երբ Հակոբոսը դարձավ Հիսուսի հավատարիմ հետևորդներից մեկը։ Հարությունից հետո Հիսուսը «երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին» (1 Կորնթ. 15։7)։ Այդ հանդիպումը շրջադարձային եղավ Հակոբոսի համար։ Հետագայում նա առաքյալների հետ էր, երբ վերջիններս մի վերնասենյակում սպասում էին, որ ստանային խոստացված սուրբ ոգին (Գործ. 1։13, 14)։ Հակոբոսը նաև պատիվ ունեցավ ծառայելու որպես առաջին դարի կառավարիչ մարմնի անդամ (Գործ. 15։6, 13–22; Գաղ. 2։9)։ Իսկ 62 թ.-ից առաջ նա մի նամակ գրեց օծյալ քրիստոնյաներին, որից օգուտներ ենք քաղում նաև մենք՝ անկախ նրանից՝ երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային (Հակ. 1։1)։ Ըստ առաջին դարի պատմագիր Հովսեպոսի՝ Հակոբոսը մահապատժի է ենթարկվել հրեա քահանայապետ Անանիա Կրտսերի հրամանով։ Հակոբոսը մինչև իր երկրային կյանքի ավարտը հավատարիմ մնաց Եհովային։
6. Հակոբոսի արձագանքը ինչո՞վ էր տարբերվում իր ժամանակների կրոնական առաջնորդների արձագանքից։
6 Հակոբոսը խոնարհ էր։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք, թե ի վերջո ինչպես արձագանքեց Հակոբոսը, և թե ինչպես արձագանքեցին կրոնական առաջնորդներից շատերը, երբ տեսան անհերքելի փաստեր այն մասին, որ Հիսուսն Աստծու Որդին է։ Ի տարբերություն ավագ քահանաների՝ Հակոբոսը խոնարհաբար ընդունեց այդ փաստը։ Օրինակ՝ նրանք չէին կարող հերքել, որ Հիսուսը հարություն է տվել Ղազարոսին, բայց նաև չէին ընդունում, որ նա Աստծու կողմից է ուղարկված։ Դեռ ավելին՝ նրանք նույնիսկ փորձեցին սպանել թե՛ Հիսուսին, թե՛ Ղազարոսին (Հովհ. 11։53; 12։9–11)։ Իսկ ավելի ուշ, երբ Հիսուսը հարություն առավ, նրանք մարդկանցից փորձեցին թաքցնել այդ փաստը (Մատթ. 28։11–15)։ Հպարտությունից դրդված՝ այդ կրոնական առաջնորդները մերժեցին Մեսիային։
7. Ինչո՞ւ պետք է խուսափենք հպարտությունից։
7 Ի՞նչ ենք սովորում։ Խուսափիր հպարտությունից և միշտ պատրաստ եղիր սովորելու։ Ինչպես որոշ հիվանդություններ են դժվարացնում բառացի սրտի աշխատանքը, այնպես էլ հպարտությունն է կարծրացնում մեր փոխաբերական սիրտը և խանգարում մեզ հնազանդվել Եհովայի առաջնորդությանը։ Փարիսեցիները թույլ տվեցին, որ իրենց սիրտը այնքան կարծրանա, որ հրաժարվեցին ընդունել Աստծու ոգու կողմից տրված ակնհայտ ապացույցները (Հովհ. 12։37–40)։ Նրանց բռնած ուղին վտանգավոր էր, քանի որ դրա պատճառով նրանք կորցրին հավիտենական կյանքի հեռանկարը (Մատթ. 23։13, 33)։ Անչափ կարևոր է, որ թույլ տանք՝ Աստծու Խոսքը և նրա ոգին ձևավորեն մեր անհատականությունը և ազդեն մեր մտածելակերպի ու որոշումների վրա (Հակ. 3։17)։ Հակոբոսը խոնարհ էր, ուստի թույլ տվեց, որ Եհովան կրթի իրեն։ Եվ ինչպես կտեսնենք, իր խոնարհության շնորհիվ էլ նա դարձավ հմուտ ուսուցիչ։
ՀԱԿՈԲՈՍԻ ՊԵՍ՝ ՀՄՈՒՏ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՂԻՐ
8. Ի՞նչը կօգնի մեզ լինել հմուտ ուսուցիչ։
8 Հակոբոսը հատուկ կրթություն չէր ստացել։ Նրա օրերում ապրող կրոնական առաջնորդները, անկասկած, նրան էլ էին «անուսում և հասարակ» մարդ համարում, ինչպես Պետրոս և Հովհաննես առաքյալներին (Գործ. 4։13)։ Բայց հետագայում Հակոբոսը հմուտ ուսուցիչ դարձավ։ Դա տեսնում ենք՝ կարդալով նրա անունը կրող գիրքը։ Հակոբոսի պես մենք էլ գուցե հատուկ կրթություն չունենք, բայց Եհովայի ոգու և նրա կազմակերպության շնորհիվ մենք նույնպես կարող ենք հմուտ ուսուցիչ դառնալ։ Եկեք քննենք Հակոբոսի օրինակը և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։
9. Նկարագրիր, թե ինչպես էր Հակոբոսը ուսուցանում։
9 Հակոբոսն օգտագործում էր հասկանալի բառեր և պարզ տրամաբանություն։ Դրա շնորհիվ նրան լսողները հստակ հասկանում էին, թե ինչ պետք է անեն և ինչպես։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ պարզ ձևով Հակոբոսը ընդգծեց, որ քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն դիմանալու անարդարությանը և դրա պատճառով դառնությամբ չլցվեն։ Նա ասաց. «Մենք երջանիկ ենք կոչում նրանց, ովքեր տոկացին։ Դուք լսել եք Հոբի տոկունության մասին և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան, տեսել եք, որ Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակ. 5։11)։ Նկատի առնենք, որ Հակոբոսը իր սովորեցրածները հիմնում էր Սուրբ Գրքերի վրա։ Աստծու Խոսքի միջոցով նա օգնում էր տեսնել, որ Եհովան միշտ վարձատրում է նրանց, ովքեր Հոբի պես նվիրված են իրեն։ Նա իր ասելիքը հասցնում էր ունկնդիրների սրտին՝ օգտագործելով հասկանալի բառեր և պարզ տրամաբանություն։ Այդպես նա մարդկանց ուշադրությունը հրավիրում էր ոչ թե իր, այլ Եհովայի վրա։
10. Ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հակոբոսին։
10 Ի՞նչ ենք սովորում։ Խոսիր պարզ և սովորեցրու Աստծու Խոսքից։ Մենք չպետք է փորձենք մարդկանց տպավորել մեր գիտելիքներով, այլ պետք է նրանց ուշադրությունը հրավիրենք Եհովայի անսահման իմաստության և հոգատարության վրա (Հռոմ. 11։33)։ Այդ նպատակին հասնելու համար մեր սովորեցրածները պետք է հիմնենք Աստծու Խոսքի վրա։ Օրինակ՝ չպետք է Աստվածաշունչ ուսումնասիրողներին ասենք, թե մենք ինչպես կվարվեինք, եթե իրենց տեղը լինեինք։ Փոխարենը՝ պետք է օգնենք, որ նրանք տրամաբանեն սուրբգրային օրինակների շուրջ և հասկանան, թե ինչ է մտածում և զգում Եհովան։ Այդ դեպքում նրանք կկիրառեն իրենց սովորածը ոչ թե մեզ հաճեցնելու համար, այլ Եհովային։
11. Հակոբոսի օրերում որոշ քրիստոնյաներ ի՞նչ խնդիրների էին բախվում, և Հակոբոսը ի՞նչ խորհուրդ տվեց նրանց (Հակոբոս 5։13–15)։
11 Հակոբոսը իրատես էր։ Նրա նամակից պարզ տեսնում ենք, որ նա տեղյակ էր այն խնդիրներից, որոնց բախվում էին իր հավատակիցները, և տալիս էր հստակ խորհուրդներ, թե ինչպես հաղթահարեն դրանք։ Օրինակ՝ որոշ քրիստոնյաներ վարանում էին կիրառել իրենց սովորածը (Հակ. 1։22)։ Ուրիշներն էլ խտրականություն էին դնում հարուստների և աղքատների միջև (Հակ. 2։1–3)։ Ոմանք էլ չէին կարողանում հսկել իրենց լեզուն (Հակ. 3։8–10)։ Ինչ խոսք, սրանք լուրջ սխալներ էին, բայց Հակոբոսը հույսը չէր կտրում իր հավատակիցներից։ Նա սիրալիր, բայց և ուղիղ խորհուրդ տվեց նրանց ու հորդորեց, որ օգնության կարիք ունեցողները, դիմեն երեցներին (կարդա Հակոբոս 5։13–15)։
12. Ինչպե՞ս կարող ենք դրական տրամադրվածություն պահպանել, երբ օգնում ենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին։
12 Ի՞նչ ենք սովորում։ Իրատես եղիր և դրական տրամադրվածություն պահպանիր։ Շատերը, ում Աստվածաշունչ ենք ուսուցանում, գուցե դժվարանան կիրառել սուրբգրային խորհուրդները (Հակ. 4։1–4)։ Ժամանակ է պետք վատ սովորությունները արմատախիլ անելու և քրիստոնեավայել հատկություններ զարգացնելու համար։ Ընդօրինակելով Հակոբոսին՝ մենք պետք է քաջություն դրսևորենք և ուսումնասիրողներին ասենք, թե որ հարցերում բարելավումներ անելու կարիք ունեն։ Մենք պետք է նաև դրական տրամադրվածություն պահպանենք՝ վստահ լինելով, որ Եհովան խոնարհ մարդկանց կձգի դեպի իրեն և ուժ կտա, որ իրենց կյանքում կատարեն անհրաժեշտ փոփոխությունները (Հակ. 4։10)։
13. Հակոբոս 3։2-ի համաձայն՝ ի՞նչ էր գիտակցում Հակոբոսը։
13 Հակոբոսը ճիշտ կարծիք ուներ իր մասին։ Նա չէր մտածում, որ իր ընտանիքը կամ առանձնաշնորհումները իրեն յուրահատուկ և ավելի կարևոր էին դարձնում իր հավատակիցներից։ Նրանց դիմելիս Հակոբոսն ասում էր՝ «Սիրելի՛ եղբայրներս» (Հակ. 1։16, 19; 2։5)։ Նա չէր փորձում այնպիսի տպավորություն ստեղծել, թե անթերի է։ Ընդհակառակը՝ հետևյալ խոսքերը նա իրեն էլ վերագրեց. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (կարդա Հակոբոս 3։2)։
14. Ինչո՞ւ պետք է անկեղծորեն ընդունենք մեր սխալները։
14 Ի՞նչ ենք սովորում։ Հիշիր, որ ոչ ոք անթերի չէ։ Մենք չպետք է մտածենք, որ ինչ-որ առումով առավել ենք նրանցից, ում ուսուցանում ենք։ Ինչո՞ւ։ Քանի որ եթե ուսումնասիրողի մոտ այնպիսի տպավորություն ստեղծենք, թե անթերի ենք, նա գուցե մտածի, որ երբեք չի կարողանա կատարել Աստծու պահանջները։ Բայց եթե անկեղծորեն ընդունենք, որ մեզ համար էլ է երբեմն դժվար հետևել աստվածաշնչյան սկզբունքներին, և բացատրենք, թե ինչպես է Եհովան օգնում մեզ հնազանդվել իրեն, ապա ուսումնասիրողը կտեսնի, որ ինքն էլ կկարողանա ծառայել Եհովային։
15. Ինչպիսի՞ օրինակներ է Հակոբոսն օգտագործել իր նամակում (Հակոբոս 3։2–6, 10–12)։
15 Հակոբոսը օգտագործում էր այնպիսի օրինակներ, որոնք հասնում էին մարդկանց սրտին։ Անկասկած, այս հարցում սուրբ ոգին օգնել էր նրան։ Նա նաև շատ բան էր սովորել՝ հավանաբար ուսումնասիրելով այն օրինակները, որոնք իր ավագ եղբայրն էր օգտագործել։ Իր նամակում Հակոբոսն այնպիսի օրինակներ է բերում, որոնք պարզ են և հեշտ հասկանալի (կարդա Հակոբոս 3։2–6, 10–12)։
16. Ինչո՞ւ պետք է արդյունավետ օրինակներ օգտագործենք։
16 Ի՞նչ ենք սովորում։ Օգտագործիր արդյունավետ օրինակներ։ Տեղին օրինակներ բերելով՝ կօգնես, որ մարդիկ ոչ միայն հասկանան քո ասածը, այլև պատկերացնեն այն։ Դրա շնորհիվ աստվածաշնչյան կարևոր ճշմարտությունները կտպվեն մարդկանց մտքում։ Արդյունավետ օրինակներ օգտագործելու հարցում Հիսուսը վարպետ էր, և նրա եղբայր Հակոբոսը հետևում էր նրա օրինակին։ Եկեք քննենք Հակոբոսի բերած օրինակներից մեկը և տեսնենք, թե ինչու է այն արդյունավետ։
17. Ինչո՞ւ է Հակոբոս 1։22–25 համարներում բերված օրինակը արդյունավետ։
17 Կարդա Հակոբոս 1։22–25։ Հայելու մասին Հակոբոսի բերած օրինակը արդյունավետ է մի քանի պատճառներով։ Նրա նպատակն էր ընդգծել հետևյալ միտքը. Աստծու Խոսքից օգուտներ քաղելու համար մենք պետք է ընթերցելուց ավելին անենք՝ կիրառենք այն, ինչ սովորում ենք։ Այդ նպատակին հասնելու համար Հակոբոսն իր ունկնդիրներին ծանոթ մի իրավիճակ նկարագրեց. խոսեց մի մարդու մասին, ով հայելու մեջ իրեն է նայում։ Հակոբոսն ուզում էր ասել, որ անմտություն կլինի, եթե անհատը, նայելով հայելու մեջ, նկատի մի թերություն, որը կարելի է շտկել, բայց չշտկի այն։ Նմանապես խելամիտ չի լինի, եթե անհատը, կարդալով Աստծու Խոսքը, տեսնի, որ իր բնավորության մեջ փոփոխություններ անելու կարիք կա, ու ոչինչ չանի։
18. Օրինակներ բերելիս ի՞նչ երեք բան պետք է հաշվի առնենք։
18 Օրինակներ բերելիս կարող ենք ընդօրինակել Հակոբոսին՝ մտածելով հետևյալ երեք բաների մասին՝ 1) արդյո՞ք օրինակը համապատասխանում է քննարկվող մտքին, 2) արդյո՞ք ունկնդիրները հեշտությամբ կհասկանան այն, և 3) արդյո՞ք դրա կիրառությունը պարզ է։ Եթե դժվարանում ես հարմար օրինակ գտնել, օգտվիր «Դիտարանի հրատարակությունների ցանկից» (անգլ., ռուս.)։ «Օրինակներ» վերնագրի տակ դու կգտնես մի շարք օրինակներ, որոնք կարող ես օգտագործել։ Բայց հիշիր, որ դրանք նման են բարձրախոսի։ Օրինակները ուժգնացնում են ասելիքդ, ուստի հավաստիացիր, որ դրանք ընդգծում են այն հիմնական մտքերը, որոնք ուզում ես սովորեցնել։ Սակայն կարևոր է հիշել, որ մենք բարելավում ենք մեր ուսուցանելու հմտությունները ոչ թե այն բանի համար, որ մեր անձի վրա ուշադրություն հրավիրենք, այլ որ հնարավորինս շատ մարդկանց օգնենք դառնալ Եհովայի երջանիկ ընտանիքի մի մասը։
19. Ինչպե՞ս ենք փաստում, որ սիրում ենք մեր հավատակիցներին։
19 Հակոբոսը մեծացել էր իր կատարյալ ավագ եղբոր հետ։ Մենք կատարյալ եղբայր չունենք, բայց պատիվ ունենք համաշխարհային քրիստոնեական եղբայրության հետ ուս-ուսի ծառայել Եհովային։ Մենք փաստում ենք, որ սիրում ենք նրանց, երբ շփվում ենք նրանց հետ, սովորում ենք նրանցից և սերտորեն համագործակցում ենք նրանց հետ քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում։ Երբ ձգտում ենք ընդօրինակել Հակոբոսին մեր մտածելակերպի, վարքի և ուսուցողական մեթոդների հարցում, փառք ենք բերում Եհովային և օգնում ենք անկեղծ սիրտ ունեցող մարդկանց մտերմանալ մեր սիրառատ երկնային Հոր հետ։
ԵՐԳ 114 «Համբերող եղեք»
^ Հակոբոսը Հիսուսի եղբայրն էր։ Նա Աստծու կատարյալ Որդուն շատ ավելի լավ էր ճանաչում, քան այդ ժամանակներում ապրող մարդկանցից շատերը։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Հակոբոսից, ով հետագայում դարձավ քրիստոնեական ժողովի սյուներից մեկը։
^ Նաթան Նորը եղել է Կառավարիչ մարմնի անդամ։ Նա իր երկրային կյանքը ավարտել է 1977 թ.-ին։
^ ՆԿԱՐ։ Փոքր կրակի օրինակը բերելով՝ Հակոբոսը նկարագրեց, թե որքան վտանգավոր կարող է լինել լեզուն սխալ գործածելը։ Այս օրինակը մարդիկ կարող էին հեշտությամբ հասկանալ։