ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1
Համոզված եղիր, որ Աստծու «խոսքը ճշմարտություն է»
2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Քո խոսքի էությունը ճշմարտություն է» (ՍԱՂ. 119։160)։
ԵՐԳ 96 Աստվածաշունչը գանձ է
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ինչո՞ւ շատերն այսօր չեն վստահում Աստվածաշնչին։
ԱՅՍՕՐ շատերը չգիտեն, թե ում վստահեն։ Նրանք տարակուսանքի մեջ են և կասկածում են, որ քաղաքական գործիչները, գիտնականները և գործարարները, որոնցով նրանք հիանում են, անկեղծորեն հետաքրքրված են իրենց բարօրությամբ։ Բացի այդ՝ մարդիկ հարգանք չեն տածում իրենց քրիստոնյա համարող կրոնական առաջնորդների հանդեպ։ Ուստի զարմանալի չէ, որ նրանք թերահավատորեն են վերաբերվում Աստվածաշնչին՝ այն գրքին, որին այդ առաջնորդները պնդում են, թե հետևում են։
2. Սաղմոս 119։160-ի համաձայն՝ ինչո՞ւմ պետք է վստահ լինենք։
2 Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք համոզված ենք, որ նա «ճշմարտության Աստված» է և մեր լավն է ուզում (Սաղ. 31։5; Ես. 48։17)։ Մենք գիտենք, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, վստահարժան է, և որ «[Աստծու] խոսքի էությունը ճշմարտություն է» (կարդա Սաղմոս 119։160)։ b Մի աստվածաշնչագետ գրել է. «Աստծու ասածների մեջ կեղծիքի նշույլ անգամ չկա, ոչ էլ այնպիսի մի խոսք, որն իրականություն չդառնա։ Աստծու ժողովուրդը կարող է վստահել Աստվածաշնչի խոսքերին, քանի որ վստահում է այն Աստծուն, ով ասել է դրանք»։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց, որ Աստծու Խոսքի հանդեպ ունենան այն նույն վստահությունը, ինչ մենք։ Դրա համար քննենք երեք փաստարկ, որոնք ցույց են տալիս, թե ինչու կարելի է վստահել Աստվածաշնչին՝ 1) Աստվածաշնչի տեքստը ճշգրիտ է, 2) դրանում գրված մարգարեությունները կատարվում են, և 3) այն մարդկանց կյանքը փոխելու զորություն ունի։
ՏԵՔՍՏԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է
4. Ինչո՞ւ են ոմանք կասկածի տակ դնում աստվածաշնչյան տեքստի ճշգրտությունը։
4 Եհովա Աստված ներշնչել է մոտ 40 հավատարիմ տղամարդկանց, որ գրեն Աստվածաշնչի գրքերը։ Սակայն բնագրերից և ոչ մեկը չի հասել մեզ։ Մեր ունեցած ձեռագրերը կրկնօրինակների կրկնօրինակներն են։ Դա է պատճառը, թե ինչու են ոմանք կասկածում, որ աստվածաշնչյան տեքստը ճշգրտորեն է փոխանցում բնագրի միտքը։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես կարելի է դա պարզել։
5. Ինչպե՞ս էին արտագրում Եբրայերեն Գրությունները (տես ամսագրի շապիկի նկարը)։
5 Իր ներշնչյալ խոսքերը պահպանելու համար Եհովան իր ժողովրդին պատվիրել էր, որ արտագրեն դրանք։ Նա Իսրայելի թագավորներին հանձնարարել էր, որ իրենց համար արտագրեին գրավոր Օրենքը, իսկ ղևտացիներին պատվիրել էր, որ այն սովորեցնեին ժողովրդին (2 Օրենք 17։18; 31։24-26; Նեեմ. 8։7)։ Երբ հրեաները ազատագրվեցին բաբելոնյան գերությունից, հմուտ գրագիրների մի խումբ սկսեց արտագրել Եբրայերեն Գրությունները, և բազմաթիվ կրկնօրինակներ ստեղծվեցին (Եզր. 7։6)։ Նրանք ամենայն ուշադրությամբ էին անում իրենց գործը։ Ժամանակի ընթացքում գրագիրները սկսեցին հաշվել ոչ միայն բառերը, այլև տառերը, որպեսզի համոզվեին, որ ճշգրտորեն են արտագրել տեքստը։ Չնայած դրան՝ անկատարությունն իր գործն արեց. որոշ բացթողումներ, այնուամենայնիվ, եղան։ Բայց քանի որ միևնույն տեքստի բազմաթիվ օրինակներ կային, հետագայում հնարավոր էր հայտնաբերել այդ սխալները։ Ինչպե՞ս։
6. Ինչպե՞ս է հնարավոր հայտնաբերել Աստվածաշնչի ձեռագրերի կրկնօրինակներում թույլ տրված սխալները։
6 Մեր օրերում գիտնականները Աստվածաշունչը արտագրողների սխալները հայտնաբերելու մի վստահարժան մեթոդ են կիրառում։ Պատկերացնենք օրինակով։ Ենթադրենք՝ 100 մարդու հանձնարարում են արտագրել մեկ էջանոց տեքստ։ Նրանցից մեկը իր տեքստում մի չնչին սխալ է թույլ տալիս։ Այդ սխալը հայտնաբերելու կերպերից մեկը նրա արտագրածը մյուսների արտագրած տեքստի հետ համեմատելն է։ Նմանապես, համեմատելով Աստվածաշնչի մի շարք կրկնօրինակներ՝ գիտնականները կարողանում են գտնել սխալներ և բացթողումներ, որոնք գուցե թույլ է տվել գրագիրներից մեկը։
7. Ինչպիսի՞ ճշգրտությամբ են շատ գրագիրներ կրկնօրինակել Աստվածաշունչը։
7 Աստվածաշնչյան տեքստը արտագրողները մեծ ջանքեր են թափել, որ ամենայն ճշգրտությամբ կրկնօրինակեն այն։ Քննենք մի օրինակ, որը թիկունք է կանգնում այս մտքին։ Եբրայերեն Գրությունների ամենահին ամբողջական ձեռագիրը թվագրվում է մ. թ. 1008 կամ 1009 թվականով։ Այն կոչվում է Լենինգրադյան ձեռագիր։ Սակայն վերջերս բազմաթիվ ամբողջական և պատառիկ ձեռագրեր են հայտնաբերվել, որոնք մոտ 1 000 տարով ավելի հին են, քան Լենինգրադյան ձեռագիրը։ Ոմանք գուցե մտածեն, որ եթե այդ ձեռագրերը 1 000 տարվա ընթացքում անընդհատ կրկնօրինակվել են, ապա պետք է որ Լենինգրադյան ձեռագրի և դրանց միջև ահռելի տարբերություն լինի։ Բայց իրականում դա այդպես չէ։ Հին ձեռագրերը նորերի հետ համեմատելով՝ գիտնականները շատ չնչին տարբերություններ են գտել, այն էլ միայն ձևակերպման մեջ, իսկ ասելիքը ճշգրտորեն պահպանվել է։
8. Ի՞նչ տարբերություն կա Քրիստոնեական Հունարեն Գրությունների կրկնօրինակների և այլ հին աշխատությունների կրկնօրինակների միջև։
8 Վաղ շրջանի քրիստոնյաները հետևել են Եբրայերեն Գրությունները արտագրողների օրինակին և ջանասիրաբար կրկնօրինակել են Հունարեն Գրությունների 27 գրքերը, որոնք օգտագործում էին իրենց ժողովի հանդիպումներին և քարոզչական գործում։ Մի գիտնական մեզ հասած Հունարեն Գրությունների ձեռագրերի վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ նույն ժամանակահատվածում գրված այլ աշխատությունների հետ համեմատած՝ Հունարեն Գրությունների «ավելի շատ [կրկնօրինակներ] կան.... և դրանք ընդհանուր առմամբ ավելի ամբողջական են»։ Հունարեն Գրությունների վերաբերյալ մի գրքում էլ հետևյալն է ասվում. «Մենք կարող ենք համոզված լինել, որ այն, ինչ այսօր կարդում ենք [Հունարեն Գրությունների] ժամանակակից վստահարժան թարգմանություններում, փոխանցում է նույն միտքը, ինչ նկատի են ունեցել հեղինակները» (Anatomy of the New Testament)։
9. Աստծու Խոսքի վերաբերյալ ի՞նչ ճշմարտություն է գրված Եսայիա 40։8-ում։
9 Դարերի ընթացքում բազմաթիվ ջանասեր գրագիրներ ամենայն ուշադրությամբ արտագրել են աստվածաշնչյան տեքստը։ Նրանք նպաստել են այն բանին, որ այսօր մենք ունենանք ճշգրիտ Աստվածաշունչ, որը կարող ենք կարդալ և ուսումնասիրել։ c Անկասկած, Եհովան է հոգ տարել, որ մարդկությանը ուղղված իր ասելիքը ճշգրտորեն պահպանվի (կարդա Եսայիա 40։8)։ Բայց ոմանք գուցե ասեն, թե միայն այն փաստը, որ Աստվածաշունչը պահպանվել է, դեռ չի նշանակում, որ այն ներշնչված է Աստծուց։ Այժմ քննենք որոշ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։
ՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10. Բեր մարգարեության կատարման մի օրինակ, որը փաստում է, որ 2 Պետրոս 1։21-ում գրված խոսքերը ճշմարիտ են (տես նկարը)։
10 Աստվածաշնչում կան բազմաթիվ մարգարեություններ, որոնք կատարվել են։ Որոշ մարգարեություններ կատարվել են դրանք գրվելուց հարյուրավոր տարիներ հետո։ Պատմությունը փաստում է, որ այդ մարգարեությունները իսկապես իրականացել են։ Եվ դա մեզ չի զարմացնում, քանի որ գիտենք, որ աստվածաշնչյան մարգարեությունների Հեղինակը Եհովան է (կարդա 2 Պետրոս 1։21)։ Հիշենք, օրինակ, հնագույն Բաբելոն քաղաքի կործանման մասին մարգարեությունները։ Մ. թ. ա. 8-րդ դարում Եսայիա մարգարեն Աստծուց ներշնչված կանխագուշակել էր, որ այդ ժամանակների հզոր քաղաք Բաբելոնը նվաճվելու է։ Նա նույնիսկ նշել էր քաղաքը գրավողի՝ Կյուրոսի անունը և մանրամասնորեն կանխագուշակել էր, թե ինչպես էր այն գրավվելու (Ես. 44։27-45։2)։ Եսայիան նաև մարգարեացել էր, որ Բաբելոն քաղաքը ի վերջո ավերվելու էր և ամայի վայր էր դառնալու (Ես. 13։19, 20)։ Այդպես էլ եղավ։ Մ. թ. ա. 539 թ.-ին մարերն ու պարսիկները գրավեցին Բաբելոնը։ Երբեմնի հզոր քաղաքից այժմ միայն ավերակներ են մնացել («Վայելիր կյանքը հավիտյան» գրքի էլեկտրոնային տարբերակում դիտիր 3-րդ դասի 5-րդ կետում նշված «Աստվածաշունչը կանխագուշակել է Բաբելոնի կործանումը» տեսանյութը)։
11. Նկարագրիր, թե այսօր ինչպես են կատարվում Դանիել 2։41-43 համարները։
11 Աստվածաշնչյան մարգարեությունները միայն անցյալում չէ, որ կատարվել են։ Դրանք կատարվում են նաև այսօր։ Քննենք, օրինակ, թե ինչպես է կատարվում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի վերաբերյալ Դանիելի մարգարեությունը (կարդա Դանիել 2։41-43)։ Այդ մարգարեության մեջ հստակ նշվում է, որ երկու մասից բաղկացած այս աշխարհակալ ուժը «մասամբ հզոր» է լինելու, ինչպես երկաթը, և «մասամբ դյուրաբեկ», ինչպես կավը։ Այդպես էլ կա։ Բրիտանիան ու Ամերիկան երկաթանման ուժ են ցուցաբերել. նրանք մեծ դերակատարում են ունեցել երկու աշխարհամարտերում հաղթանակ տանելու հարցում և մինչ օրս հզոր ռազմական ուժ ունեն։ Բայց այդ երկրների քաղաքացիները թուլացնում են նրանց հզորությունը, քանի որ արհմիությունների, քաղաքացիական իրավունքները պաշտպանող շարժումների, ինչպես նաև անկախության համար ստեղծված շարժումների միջոցով պայքարում են իրենց իրավունքների համար։ Վերջերս համաշխարհային քաղաքականության մի մասնագետ հետևյալն ասաց. «Աշխարհում չկա մի այնպիսի ժողովրդավարական երկիր, որը քաղաքական առումով այդքան պառակտված ու անկայուն լինի, որքան Միացյալ Նահանգներն այսօր»։ Իսկ Մեծ Բրիտանիան, որն այդ աշխարհակալ ուժի մյուս մասն է, հատկապես պառակտվել է վերջին տարիներին, քանի որ ժողովուրդը տարակարծիք է այն հարցում, թե իրենց երկիրը ինչ փոխհարաբերություններ պետք է ունենա Եվրոպական միության երկրների հետ։ Պառակտման նման դրսևորումների պարագայում գրեթե անհնար է, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը վճռականորեն գործի։
12. Ինչո՞ւմ են վստահեցնում մեզ աստվածաշնչյան մարգարեությունները։
12 Աստվածաշնչի բազմաթիվ մարգարեությունների կատարումը ամրացնում է մեր համոզվածությունն այն բանում, որ ապագայի վերաբերյալ Աստծու խոստումները նույնպես կկատարվեն։ Մենք ունենք նույն զգացումները, ինչ սաղմոսերգուն, ով Եհովային աղոթեց. «Քո փրկության համար հոգիս մաշվում է, որովհետև քո խոսքին եմ սպասում» (Սաղ. 119։81)։ Աստվածաշնչի միջոցով Եհովան մեզ «ապագա և հույս է տալիս» (Երեմ. 29։11)։ Ապագայի մեր հույսը հիմնված է ոչ թե մարդկանց թափած ջանքերի, այլ Եհովայի տված խոստումների վրա։ Ուստի եկեք շարունակենք ամրացնել մեր վստահությունը Աստծու Խոսքի հանդեպ՝ խորությամբ ուսումնասիրելով այնտեղ գրված մարգարեությունները։
ՓՈԽՈՒՄ Է ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ
13. Սաղմոս 119։66, 138 համարների համաձայն՝ ուրիշ ի՞նչն է փաստում, որ կարող ենք վստահել Աստվածաշնչին։
13 Աստվածաշնչին վստահելու երրորդ պատճառն այն է, որ այնտեղ գրված խորհուրդներին հետևելով՝ մարդիկ բարելավում են իրենց կյանքը (կարդա Սաղմոս 119։66, 138)։ Օրինակ՝ որոշ ամուսնական զույգեր, ովքեր մի ժամանակ ամուսնալուծության եզրին են եղել, այժմ երջանիկ ընտանեկան կյանք են վայելում։ Նրանց երեխաները մեծանում են քրիստոնեական ընտանիքում, որտեղ սիրո և հոգատարության մթնոլորտ է տիրում (Եփես. 5։22-29)։
14. Բեր օրինակ, որից երևում է, որ Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը։
14 Աստվածաշնչի իմաստուն խորհուրդների շնորհիվ անգամ վտանգավոր հանցագործներն են արմատապես փոխվել։ Քննենք Ջեք d անունով մի բանտարկյալի օրինակը։ Նա մի դաժան հանցագործ էր, ով մահվան դատապարտված վտանգավոր բանտարկյալներից էր։ Մի անգամ Ջեքը մասնակցեց Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացի։ Տեսնելով ուսումնասիրությունն անցկացնող եղբայրների բարությունը՝ նա խորապես տպավորվեց, և ինքն էլ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Երբ նա սկսեց կիրառել իր սովորածը, նրա վարքը և նույնիսկ բնավորությունը փոխվեցին դեպի լավը։ Ժամանակի ընթացքում նա դարձավ չմկրտված քարոզիչ և մկրտվեց։ Ջեքը եռանդորեն քարոզում էր Աստծու Թագավորության մասին մյուս բանտարկյալներին։ Նա առնվազն չորս հոգու Աստվածաշունչ ուսուցանեց։ Իր մահապատժի օրը Ջեքն արդեն ուրիշ մարդ էր։ Նրա փաստաբաններից մեկը հետևյալն ասաց. «Ջեքն այլևս այն մարդը չէ, ում գիտեի 20 տարի առաջ։ Եհովայի վկաների ուսմունքները փոխել են նրա կյանքը»։ Թեև Ջեքի մահապատիժն ի կատար ածվեց, բայց նրա օրինակը ցույց է տալիս, որ մենք կարող ենք վստահել Աստվածաշնչին, և որ այն մարդկանց կյանքերը փոխելու ուժ ունի (Ես. 11։6-9)։
15. Աստվածաշնչյան խորհուրդները կիրառելով՝ ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդը առանձնանում մյուսներից (տես նկարը)։
15 Աստվածաշնչի խորհուրդները կիրառելու շնորհիվ Եհովայի ժողովուրդը միասնական է (Հովհ. 13։35; 1 Կորնթ. 1։10)։ Մինչդեռ Սատանայի աշխարհն այսօր պառակտված է քաղաքական, ռասայական և սոցիալական առումներով։ Մեր միջև տիրող միասնական ու խաղաղ ոգին ավելի ակնհայտ է դառնում, երբ այն համեմատում ենք այս աշխարհում տիրող իրավիճակի հետ։ Մեր միասնությունը մեծապես տպավորել է Ժան անունով մի երիտասարդի, ով մեծացել է աֆրիկյան երկրներից մեկում։ Երբ քաղաքացիական պատերազմ բռնկվեց, նա զորակոչվեց բանակ։ Բայց հետագայում փախավ հարևան երկիր, որտեղ էլ հանդիպեց Եհովայի վկաներին։ Ժանն ասում է. «Ես իմացա, որ ճշմարիտ կրոնի հետևորդները չեն խառնվում քաղաքականությանը, և նրանց մեջ պառակտումներ չկան։ Նրանք սիրում են իրար։ Կյանքս նվիրել էի երկրի պաշտպանությանը։ Բայց երբ իմացա ճշմարտությունը, կյանքս նվիրեցի Եհովային»։ Ժանը ամբողջովին փոխվեց։ Այլ ծագում ունեցող մարդկանց դեմ կռվելու փոխարեն՝ նա բոլորին պատմում է աստվածաշնչյան ճշմարտությունը, որը միավորելու ուժ ունի։ Այն փաստը, որ աստվածաշնչյան խորհուրդները օգնել են տարբեր ազգերի բազմաթիվ մարդկանց, հզոր ապացույց է, որ մենք կարող ենք վստահել Աստծու Խոսքին։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՎՍՏԱՀԵԼ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՆ
16. Ինչո՞ւ է կենսական, որ ամրացնենք մեր վստահությունը Աստծու Խոսքի հանդեպ։
16 Մինչ աշխարհի վիճակը գնալով վատանում է, Աստծու Խոսքի հանդեպ մեր վստահությունը կարող է փորձվել։ Մարդիկ գուցե կասկածներ սերմանեն մեր սրտում այն բանի հանդեպ, որ Աստվածաշունչը ճշգրիտ է, կամ որ Եհովան հավատարիմ և իմաստուն ծառային է նշանակել, որպեսզի առաջնորդի մեզ այսօր։ Բայց եթե համոզված լինենք, որ Եհովայի Խոսքը միշտ ճիշտ է, կկարողանանք պաշտպանել մեր հավատը նման հարձակումներից։ Մենք վճռական կլինենք կատարելու Եհովայի «կանոնները.... առհավետ, մինչև վերջ» (Սաղ. 119։112)։ Մենք չենք ամաչի պատմել ուրիշներին ճշմարտության մասին և հորդորել նրանց, որ ապրեն դրա համաձայն (Սաղ. 119։46)։ Բացի այդ՝ «կկարողանանք ամեն ինչին դիմանալ» և նույնիսկ ամենածանր փորձությունների ու հալածանքի ներքո «ուրախությամբ համբերել» (Կող. 1։11; Սաղ. 119։143, 157)։
17. Ինչի՞ մասին կհիշեցնի մեզ տարվա խոսքը։
17 Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ բացահայտել է մեզ ճշմարտությունը։ Այն օգնում է, որ հանգիստ ու անվրդով մնանք, հստակ նպատակ ունենանք կյանքում և իմանանք՝ ինչպես ապրել գնալով անկայուն և քաոսային դարձող այս աշխարհում։ Այն մեզ հույսով է լցնում, որ Աստծու Թագավորության ներքո լավ ապագա ենք ունենալու։ Թող որ 2023 թվականի տարվա խոսքը օգնի մեզ համոզված լինել, որ Աստծու Խոսքի էությունը, այսինքն՝ այն ամենը, ինչ գրված է այնտեղ, ճշմարտություն է (Սաղ. 119։160)։
ԵՐԳ 94 Շնորհակալ ենք քո Խոսքի համար
a Որպես 2023 թ. տարվա խոսք ընտրվել է հետևյալ հավատ զորացնող աստվածաշնչյան համարը. «Քո խոսքի էությունը ճշմարտություն է» (Սաղ. 119։160)։ Անկասկած, համաձայն ես այս խոսքերի հետ։ Սակայն շատերը չեն հավատում, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, և որ այն կարող է մեզ հուսալի առաջնորդություն տալ։ Այս հոդվածում կքննենք երեք փաստարկ, որոնց միջոցով կարող ենք օգնել անկեղծ սիրտ ունեցող մարդկանց, որ վստահեն Աստվածաշնչին և այնտեղ գրված խորհուրդներին։
b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Եբրայերենից թարգմանված «քո խոսքի էությունը ճշմարտություն է» խոսքերը կարող են թարգմանվել նաև հետևյալ կերպ՝ «Աստծու ողջ խոսքը ճշմարտություն է»։
c Որպեսզի ավելի շատ տեղեկություններ գտնես այն մասին, թե ինչպես է պահպանվել Աստվածաշունչը, կարող ես jw.org կայքի որոնման դաշտում գրել «Պատմություն և Աստվածաշունչ» ու փնտրել։
d Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։