ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3
ԵՐԳ 124 Միշտ նվիրված
Եհովան կօգնի քեզ դժվար ժամանակներում
«[Եհովան] հաստատուն կդարձնի ձեզ» (1 ՊԵՏ. 5։10)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ի՞նչ կարող ենք անել, որ դժվար ժամանակներում օգտվենք Եհովայի տրամադրած օգնությունից։
1-2. Աստծու հավատարիմ ծառաները ի՞նչ դժվարությունների գուցե բախվեն։
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ իրադարձությունները մի ակնթարթում կարող են տակնուվրա անել մեր կյանքը։ Ահա մի քանի օրինակ։ Լուիս a անունով մի հավատարիմ եղբոր մոտ ախտորոշեցին քաղցկեղի հազվադեպ հանդիպող մի տեսակ։ Բժիշկն ասաց, որ նրան մի քանի ամսվա կյանք է մնացել։ Մոնիկան և նրա ամուսինը ակտիվ էին հոգևոր գործերում, բայց մի օր Մոնիկան իմացավ, որ իր ամուսինը, ով երեց էր, տարիներ շարունակ երկակի կյանքով է ապրել։ Իսկ Օլիվիա անունով մի քույր ստիպված էր լքել իր տունը, քանի որ իրենց տարածքում ավերիչ փոթորիկ էր սպասվում։ Երբ նա վերադարձավ, իր տունը ամբողջովին ավերված էր։ Այո՛, մեկ ակնթարթում այս մարդկանց կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչի միջով են նրանք անցել։ Քեզ հետ է՞լ է եղել մի բան, ինչը հանկարծակի փոխել է կյանքդ։
2 Թեև մենք հավատարմորեն ծառայում ենք Եհովային, բայց մյուս մարդկանց պես բախվում ենք դժվարությունների և առողջական խնդիրներ ենք ունենում։ Բացի այդ՝ Աստծուն ատող մարդիկ հակառակվում և հալածում են մեզ։ Ճիշտ է, Եհովան մեզ չի ազատում այսպիսի խնդիրներից, սակայն խոստանում է օգնել (Ես. 41։10)։ Նրա աջակցությամբ մենք կարող ենք պահպանել մեր ուրախությունը, ճիշտ որոշումներ կայացնել և նվիրված մնալ նրան նույնիսկ դժվար իրավիճակներում։ Հոդվածից կիմանանք, թե Եհովան որ չորս կերպերով է օգնում մեզ մեր կյանքի մռայլ ժամանակներում։ Նաև կիմանանք, թե ինչ պետք է անենք, որպեսզի օգտվենք Եհովայի օգնությունից։
ԵՀՈՎԱՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՔԵԶ
3. Երբ մեր կյանքում ողբերգություն է լինում, ի՞նչ գուցե դժվարանանք անել։
3 Խնդիր։ Երբ մեր կյանքում ողբերգություն է տեղի ունենում, դժվար է առողջ դատել և ճիշտ որոշումներ կայացնել։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպիսի պահերին սաստիկ ցավ ենք զգում և խիստ մտահոգված ենք լինում։ Նման իրավիճակներում ասես մշուշի մեջ լինենք և չիմանանք, թե որ ուղղությամբ գնալ։ Ուշադրություն դարձնենք, թե հոդվածի սկզբում հիշատակված քույրերը դժվարությունների ժամանակ ինչ զգացումներ են ունեցել։ Օլիվիան ասում է. «Երբ տեսա, թե ինչպես է փոթորիկն ավերել տունս, հողը ասես փախավ ոտքերիս տակից. դա մեծ հարված էր ինձ համար»։ Իսկ Մոնիկան, ում ամուսինը դավաճանում էր իրեն, հետևյալն է ասում. «Դա պարզապես հիասթափություն չէր, ես այնպիսի ցավ էի զգում, ասես սիրտս սրով խոցած լինեին։ Չգիտեի՝ ինչպես եմ շարունակելու բնականոն կյանքով ապրել։ Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ նման բան կլինի»։ Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ նման իրավիճակներում։
4. Փիլիպպեցիներ 4։6, 7 համարների համաձայն՝ ի՞նչ է Եհովան խոստանում մեզ։
4 Ինչպե՞ս է օգնում Եհովան։ Նա խոստանում է օգնել մեզ՝ տալով իր խաղաղությունը (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Դա մտքի և սրտի հանդարտ վիճակն է, որը ունենում ենք Եհովայի հետ մտերիմ լինելու շնորհիվ։ Այն «գերազանցում է ամեն միտք», այսինքն՝ վեր է մեր պատկերացումից։ Երբևէ եղե՞լ է, որ Եհովային ջերմեռանդորեն աղոթելուց հետո հանկարծակի աննկարագրելի հանգստություն զգաս։ Այդ զգացումը հենց «Աստծու խաղաղությունն» է։
5. Ինչպե՞ս է Աստծու խաղաղությունը պաշտպանում մեր միտքն ու սիրտը։
5 Փիլիպպեցիներ 4։7-ում նաև ասվում է, որ Աստծու խաղաղությունը, «կպահպանի», կամ՝ կպաշտպանի մեր «սրտերն ու մտքերը»։ «Պահպանել» թարգմանված բնագիր բառը ռազմական տերմին էր, որն օգտագործվում էր այն զինվորների առնչությամբ, ովքեր հսկում էին քաղաքը և պաշտպանում այն հարձակումներից։ Այդ քաղաքի բնակիչները հանգիստ քնում էին՝ իմանալով, որ զինվորները հսկում են դարպասը։ Նմանապես, երբ Աստծու խաղաղությունը հսկում է մեր սիրտն ու միտքը, մենք մեզ հանգիստ ենք զգում՝ իմանալով, որ պաշտպանված ենք (Սաղ. 4։8)։ Եվ նույնիսկ եթե մեր իրավիճակը անմիջապես չի փոխվում, մենք կարող ենք ինչ-որ առումով խաղաղություն զգալ, ինչպես Աստծու հավատարիմ ծառա Աննայի պարագայում էր (1 Սամ. 1։16-18)։ Իսկ երբ ներքին խաղաղություն ենք ունենում, ավելի հեշտությամբ ենք կարողանում սթափ դատել և իմաստուն որոշումներ կայացնել։
6. Ի՞նչ կարող ենք անել, որ ունենանք Աստծու խաղաղությունը (տես նաև նկարը)։
6 Մենք ի՞նչ կարող ենք անել։ Երբ մտահոգություններ ես ունենում, օգնության կանչիր «պահապան զինվորին»։ Ինչպե՞ս։ Աղոթիր այնքան, մինչև որ զգաս Աստծու խաղաղությունը (Ղուկ. 11։9; 1 Թեսաղ. 5։17)։ Լուիսը, ում մասին խոսեցինք ավելի վաղ, ասել է, թե ինչն է օգնել իրեն և իր կնոջը՝ Աննային, դիմանալ, երբ նրանք իմացան, որ իրեն ընդամենը մի քանի ամիս է մնացել ապրելու։ Նա ասել է. «Նման պահերին բուժման և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելը շատ դժվար է։ Այդ ողջ ընթացքում հանդարտ մնալը անհնար կլիներ առանց աղոթքի»։ Լուիսն ու նրա կինը պատմում էին, որ ջերմեռանդորեն և անդադար աղոթում էին Եհովային, որ իրենց տա մտքի խաղաղություն և հանդարտ սիրտ, ինչպես նաև իմաստություն, որ ճիշտ որոշումներ կայացնեն։ Եհովան օգնել է նրանց։ Եթե դու էլ ես լուրջ դժվարությունների միջով անցնում, հարատևիր աղոթքում և կտեսնես, թե ինչպես է Աստծու խաղաղությունը պահպանում քո սիրտն ու միտքը (Հռոմ. 12։12)։
ԵՀՈՎԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԴԱՐՁՆԻ ՔԵԶ
7. Ի՞նչ զգացումներ գուցե ունենանք, երբ լուրջ դժվարության միջով ենք անցնում։
7 Խնդիր։ Լուրջ դժվարության միջով անցնելիս գուցե չկարողանանք սովորականի պես հավասարակշռել մեր զգացումները, մտքերը և գործողությունները։ Ինչպես նավն է ալեկոծ ծովում տարուբերվում ալիքներից, այնպես էլ ծանր ապրումները կարող են ալեկոծել մեր ներաշխարհը։ Լուիսի կինը՝ Աննան, նշում է, որ ամուսնու մահից հետո շատ խառը զգացումներ էր ունենում։ Նա ասում է. «Դատարկության զգացմանը հաջորդում էր ինքնախղճահարությունը։ Երբեմն էլ բարկանում էի այն մտքից, որ նա այլևս չկա»։ Աննան նաև իրեն միայնակ ու շփոթված էր զգում, քանի որ ստիպված էր որոշումներ կայացնել այնպիսի հարցերի հետ կապված, որոնց մասին ժամանակին Լուիսն էր հոգ տանում։ Լինում էին պահեր, երբ նա իրեն փոթորկալից ծովում էր զգում։ Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնում, երբ նման զգացումները հեղեղում են մեզ։
8. Ինչպես նշվում է 1 Պետրոս 5։10-ում, ինչո՞ւմ է Եհովան հավաստիացնում մեզ։
8 Ինչպե՞ս է Եհովան օգնում։ Նա հավաստիացնում է, որ «հաստատուն կդարձնի մեզ» (կարդա 1 Պետրոս 5։10)։ Փոթորկոտ ծովում տարուբերվող ալիքները սկսում են ուժեղ ճոճել նավը, ինչը շատ վտանգավոր է։ Բազմաթիվ նավեր կայունարարներ ունեն, որոնք վտանգավոր իրավիճակներում նավի երկու կողմից ջրի մեջ բացվում են։ Այդ կայունարարները էականորեն նվազեցնում են նավի ճոճը, և իրավիճակը ավելի ապահով ու տանելի են դարձնում ուղևորների համար։ Սակայն հարկ է նշել, որ շատ կայունացնող համակարգեր ավելի արդյունավետ են գործում, երբ նավը շարժման մեջ է։ Նմանապես Եհովան կկայունացնի՝ հաստատուն կդարձնի մեզ, եթե փորձությունների ժամանակ շարունակենք հավատարմորեն առաջ ընթանալ։
9. Փնտրտուքներ անելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ չկորցնես հավասարակշռությունդ (տես նաև նկարը)։
9 Մենք ի՞նչ կարող ենք անել։ Երբ ներսդ տակնուվրա է լինում, ամեն ինչ արա, որ կառչած մնաս հոգևոր գրաֆիկիդ։ Ինչ խոսք, գուցե չկարողանաս անել այնքան, որքան նախկինում էիր անում, բայց հիշիր, որ Եհովան ողջամիտ է իր ակնկալիքներում (համեմատիր Ղուկաս 21։1-4)։ Քո գրաֆիկում տեղ հատկացրու անձնական ուսումնասիրությանն ու խորհրդածությանը։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Քանի որ Եհովան իր կազմակերպության միջոցով Աստվածաշնչի վրա հիմնված հրաշալի տեսանյութեր ու հոդվածներ է տրամադրում, որոնք կօգնեն պահպանել էմոցիոնալ հավասարակշռությունդ։ Քեզ անհրաժեշտ նյութերը գտնելու համար օգտվիր փնտրտուքների համար նախատեսված այն գործիքներից, որոնք առկա են քո լեզվով, ինչպես, օրինակ, JW Library® հավելվածից կամ «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից։ Մոնիկան, ում մասին խոսեցինք ավելի վաղ, ասում է, որ ամեն անգամ, երբ իր ներսում բացասական զգացմունքներ էին սկսում կուտակվել, նա դիմում էր փնտրտուքների համար նախատեսված գործիքների օգնությանը։ Երբեմն որոնման դաշտում նա գրում էր «բարկություն», երբեմն էլ՝ «դավաճանություն» կամ «հավատարմություն» բառերը։ Հետո սկսում էր կարդալ այնքան, մինչև իրեն ավելի լավ էր զգում։ Նա ասում է. «Փնտրտուք անելու սկզբում սովորաբար լարված ու նյարդայնացած էի լինում, բայց հետո զգում էի, թե ինչպես է Եհովան ինձ իր գիրկն առնում։ Ուսումնասիրություններ անելը օգնում էր ինձ տեսնել, որ Եհովան լիովին հասկանում է իմ զգացումները և աջակցում է ինձ»։ Եհովան այս ձևով քեզ էլ կարող է օգնել, որ չկորցնես հավասարակշռությունդ, մինչև որ ներսիդ փոթորիկը հանդարտվի (Սաղ. 119։143, 144)։
ԵՀՈՎԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՔԵԶ
10. Ինչպե՞ս գուցե զգանք մեզ, երբ մեր կյանքում դժբախտություն է լինում։
10 Խնդիր։ Երբ մեր կյանքում դժբախտություն է տեղի ունենում, գուցե լինեն օրեր, երբ ֆիզիկապես ու զգացապես սպառված լինենք։ Հնարավոր է՝ մեզ զգանք վնասված մարզիկի պես, որը սովոր էր արագ վազել, սակայն հիմա ստիպված է կաղալով քայլել։ Գուցե դժվարանանք կատարել այնպիսի հանձնարարություններ, որոնք նախկինում հեշտությամբ էինք անում, կամ ցանկություն չունենանք անել այնպիսի բաներ, որոնք մի ժամանակ մեզ հաճույք էին պատճառում։ Աստծու հավատարիմ ծառա Եղիայի պես թերևս մենք էլ այնքան թույլ զգանք մեզ, որ ցանկանանք անընդհատ քնել (1 Թագ. 19։5-7)։ Իսկ ի՞նչ է խոստանում Եհովան անել, երբ մեզ թույլ ենք զգում։
11. Ուրիշ ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ (Սաղմոս 94։18)։
11 Ինչպե՞ս է Եհովան օգնում։ Նա խոստանում է աջակցել մեզ (կարդա Սաղմոս 94։18)։ Ինչպես վնասվածք ստացած մարզիկը տեղաշարժվելու համար օգնության կարիք ունի, այնպես էլ մենք գուցե աջակցության կարիք ունենանք, որ շարունակենք զբաղված մնալ Եհովայի գործում։ Նման պահերին Եհովան հավաստիացնում է մեզ. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Ես. 41։13)։ Դավիթ թագավորը անձամբ է զգացել Եհովայի աջակցությունը։ Երբ թշնամիները հետապնդում էին նրան, և նա փորձությունների միջով էր անցնում, հետևյալն ասաց. «Քո աջ ձեռքը կհաստատի ինձ» (Սաղ. 18։35)։ Բայց ինչպե՞ս է Եհովան օգնում։
12. Ո՞ւմ միջոցով Եհովան գուցե օգնի մեզ, երբ վհատված ենք։
12 Եհովան հաճախ աջակցում է մեզ՝ ուրիշներին մղելով, որ օգնեն մեզ։ Օրինակ՝ մի անգամ, երբ Դավիթը վհատված էր, իր ընկեր Հովնաթանը այցելեց նրան, որպեսզի զորացնի ու քաջալերի (1 Սամ. 23։16, 17)։ Իսկ Եղիային Եհովան օգնեց Եղիսեի միջոցով (1 Թագ. 19։16, 21; 2 Թագ. 2։2)։ Այսօր Եհովան գուցե օգնության հասնի մեզ մեր ընտանիքի անդամների, ընկերների կամ երեցների միջոցով։ Սակայն վհատված պահերին գուցե մեկուսանանք և չցանկանանք որևէ մեկին տեսնել։ Եվ դա բնական արձագանք է։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել Եհովայի աջակցությունը ստանալու համար։
13. Ի՞նչ պետք է անենք Եհովայի աջակցությունը ստանալու համար (տես նաև նկարը)։
13 Մենք ի՞նչ կարող ենք անել։ Պայքարիր մեկուսանալու ցանկության դեմ։ Երբ մեկուսանում ենք, մեր տեսադաշտը նեղանում է, և մենք սկսում ենք մտածել միայն մեր և մեր խնդիրների մասին։ Իսկ դա կարող է վատ անդրադառնալ մեր որոշումների վրա (Առակ. 18։1)։ Ինչ խոսք, բոլորս էլ մենակ մնալու կարիք ունենում ենք, հատկապես երբ մեզ հետ դժբախտություն է տեղի ունենում։ Սակայն եթե մեկուսացած մնանք, ակամայից կմերժենք Եհովայի օգնությունը։ Ուստի ծանր պահերին, որքան էլ որ դժվար լինի, ընդունիր ընտանիքիդ, ընկերներիդ և երեցների օգնությունը։ Հիշիր, որ Եհովան է նրանց միջոցով ցանկանում օգնել քեզ (Առակ. 17։17; Ես. 32։1, 2)։
ԵՀՈՎԱՆ ԿՄԽԻԹԱՐԻ ՔԵԶ
14. Վախ ներշնչող ի՞նչ իրավիճակների գուցե բախվենք։
14 Խնդիր։ Երբեմն գուցե վախով համակվենք։ Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք գրել են, որ երբեմն ահ ու դողի մեջ են եղել իրենց թշնամիների կամ այլ ճնշումների պատճառով (Սաղ. 18։4; 55։1, 5)։ Մենք էլ գուցե տարբեր ճնշումների բախվենք դպրոցում, աշխատավայրում, ընտանիքում կամ էլ կառավարության կողմից։ Հնարավոր է նաև որևէ առողջական խնդրի պատճառով մեր կյանքը վտանգի ենթարկվի։ Այդպիսի իրավիճակներում գուցե մեզ երեխայի պես անօգնական զգանք։ Ինչպե՞ս է Եհովան նման պահերին աջակցում մեզ։
15. Ի՞նչ հավաստիացման մասին ենք կարդում Սաղմոս 94։19-ում։
15 Ինչպե՞ս է Եհովան օգնում։ Եհովան մխիթարում և հանգստացնում է մեզ (կարդա Սաղմոս 94։19)։ Այս սաղմոսը կարդալիս կարող ենք պատկերացնել մի աղջնակի, ով ուժգին ամպրոպի պատճառով վախեցել է և չի կարողանում քնել։ Բայց նրա հայրը գալիս է, իր թևի տակ առնում նրան և պահում իր գրկում այնքան ժամանակ, մինչև նա քնի։ Ու թեև ամպրոպը դեռ շարունակվում է, աղջիկը իրեն ապահով է զգում հոր գրկում։ Երբ սարսափազդու փորձությունների միջով ենք անցնում, մենք մեր երկնային Հոր կարիքն ենք ունենում, որպեսզի նա փոխաբերական իմաստով պահի մեզ իր գրկում, մինչև որ մեզ ավելի հանգիստ զգանք։ Տեսնենք, թե մենք ինչ կարող ենք անել։
16. Ինչպե՞ս կարող ենք մխիթարություն ստանալ Եհովայից (տես նաև նկարը)։
16 Մենք ի՞նչ կարող ենք անել։ Կանոնավորաբար ժամանակ անցկացրու Եհովայի հետ՝ աղոթելով նրան և կարդալով նրա Խոսքը (Սաղ. 77։1, 12-14)։ Այդ դեպքում սթրեսի մեջ հայտնվելիս առաջին բանը, որ կցանկանաս անել, քո երկնային Հորից օգնություն խնդրելը կլինի։ Պատմիր նրան քո վախերի ու անհանգստությունների մասին։ Թույլ տուր, որ նա խոսի քեզ հետ ու մխիթարի իր Խոսքի միջոցով (Սաղ. 119։28)։ Երբ վախեցած ես, աստվածաշնչյան կոնկրետ հատվածներ կարող են հատկապես մխիթարական լինել քեզ համար, օրինակ՝ «Հոբ», «Սաղմոսներ», «Առակներ» գրքերը, ինչպես նաև Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 6-րդ գլխում։ Երբ աղոթես Եհովային և կարդաս նրա Խոսքը, կզգաս, թե ինչպես է նա հանգստացնում քեզ։
17. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
17 Մենք կարող ենք համոզված լինել, որ մեր կյանքի ծանր պահերին Եհովան մեզ հետ կլինի։ Նա երբեք մեզ մենակ չի թողնի (Սաղ. 23։4; 94։14)։ Չէ՞ որ Եհովան խոստանում է, որ կպաշտպանի մեզ, հաստատուն կդարձնի, կաջակցի ու կմխիթարի։ Եհովայի մասին Եսայիա 26։3-ում ասվում է. «Հաստատուն միտք ունեցող մարդուն դու կպահպանես հարատև խաղաղությամբ, քանի որ նա քեզ է ապավինում»։ Ուստի ապավինիր Եհովային և օգտվիր քեզ օգնելու համար նրա տրամադրած միջոցներից։ Եթե այդպես վարվես, կվերագտնես ուժերդ նույնիսկ դժվար ժամանակներում։
Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
-
Հատկապես ե՞րբ ենք զգում Եհովայի օգնության կարիքը։
-
Ո՞ր չորս կերպերով է Եհովան օգնում մեզ դժվարությունների ժամանակ։
-
Ի՞նչ կարող ենք անել Եհովայից օգնություն ստանալու համար։
ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։