Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4

ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր

Եհովան ջերմորեն սիրում է քեզ

Եհովան ջերմորեն սիրում է քեզ

«Եհովան անչափ գորովալից է» (ՀԱԿ. 5։11

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս է Եհովայի սերը ձգում մեզ դեպի իրեն և օգնում, որ մեզ զգանք ապահով, սիրված ու թարմացած։

1. Ի՞նչ պատկեր է ստեղծվում քո մտքում, երբ մտածում ես Եհովայի մասին։

 ԵՐԲԵՎԷ փորձե՞լ ես պատկերացնել, թե ինչպիսին է Եհովան։ Երբ աղոթքով դիմում ես նրան, ի՞նչ պատկեր է գալիս միտքդ։ Ճիշտ է, Եհովան անտեսանելի է, բայց Աստվածաշնչում նրա վերաբերյալ տարբեր նկարագրություններ կան։ Օրինակ՝ նա կոչվում է «արև ու վահան», ինչպես նաև «սպառող կրակ» (Սաղ. 84։11; Եբր. 12։29)։ Իսկ նրա ներկայությունը նմանեցվում է շափյուղա քարի, մետաղի ձուլվածքի փայլի և շողշողուն ծիածանի (Եզեկ. 1։26-28)։ Եհովայի վերաբերյալ այս նկարագրությունները թերևս մեզ ակնածանքով և նույնիսկ վախով են լցնում։

2. Ի՞նչը կարող է խանգարել մեզ, որ մտերմանանք Եհովայի հետ։

2 Եհովան անտեսանելի է, ուստի հնարավոր է՝ մեզ համար դժվար լինի հավատալ, որ նա սիրում է մեզ։ Ոմանք իրենց անցյալի պատճառով մտածում են, որ Եհովան չի կարող սիրել իրենց։ Թերևս նրանք սիրող հայր չեն ունեցել։ Եհովան հասկանում է նման զգացումները և գիտի, որ դրանք կարող են խանգարել մեզ մտերմանալ իր հետ։ Մեզ օգնելու համար նա իր Խոսքում գրել է տվել իր հրաշալի հատկությունների մասին։

3. Ինչո՞ւ պետք է ավելին իմանանք Եհովայի սիրո մասին։

3 Եհովային լավագույնս նկարագրող բառը՝ սերն է (1 Հովհ. 4։8)։ Սերը նրա էությունն է և անդրադառնում է նրա բոլոր գործերի վրա։ Աստծու սերը այնքան զորեղ է ու ջերմ, որ դրսևորվում է անգամ նրանց հանդեպ, ովքեր չեն սիրում նրան (Մատթ. 5։44, 45)։ Հոդվածից ավելի շատ բան կիմանանք Եհովայի և նրա դրսևորած սիրո մասին։ Որքան շատ բան սովորենք մեր Աստծու մասին, այնքան ավելի շատ կսիրենք նրան։

ԵՀՈՎԱՆ ՄԵԶ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ

4. Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան ջերմորեն սիրում է քեզ (տես նաև նկարը)։

4 «Եհովան անչափ գորովալից է» (Հակ. 5։11)։ Աստվածաշնչում նա իրեն համեմատում է սիրող մոր հետ (Ես. 66։12, 13)։ Պատկերացրու, թե ինչպես է մայրը սիրով հոգ տանում իր փոքրիկի մասին։ Նա քնքշորեն գրկում է նրան, դնում ծնկներին և մեղմ ու հանգիստ ձայնով խոսում նրա հետ։ Երբ երեխան լաց է լինում, կամ նրա ինչ-որ տեղը ցավում է, մայրը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որ հանգստացնի իր փոքրիկին։ Ուստի եթե դժվարությունների միջով ենք անցնում, կարող ենք մեր հույսը Եհովայի վրա դնել՝ համոզված լինելով, որ նա սիրում է մեզ։ Սաղմոսերգուն գրել է. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։19

«Ինչպես որ մարդուն իր մայրն է մխիթարում, այնպես էլ ես կմխիթարեմ ձեզ» (տես պարբերություն 4)


5. Ինչպե՞ս է Եհովայի նվիրված սերը դրսևորվում քո հանդեպ։

5 Եհովան նվիրված է՝ լի սիրառատ բարությամբ (Սաղ. 103։8)։ Նա չի դադարում մեզ սիրել, անգամ երբ սխալ բան ենք անում։ Իսրայելացիները շարունակ հիասթափեցնում էին Եհովային, բայց նա շարունակում էր սիրել իր զղջացող ժողովրդին։ Նրա անմար սերը երևում է հետևյալ խոսքերից. «Դու թանկ ես իմ աչքերում, ես պատվարժան եմ քեզ համարում ու սիրում եմ քեզ» (Ես. 43։4, 5)։ Եհովայի սերը իր ժողովրդի հանդեպ չի փոխվել։ Մենք կարող ենք միշտ համոզված լինել, որ նա սիրում է մեզ։ Նույնիսկ երբ լուրջ մեղք ենք գործում, նա չի լքում մեզ։ Երբ զղջում ու վերադառնում ենք Եհովայի մոտ, տեսնում ենք, որ նա շարունակում է սիրել մեզ։ Եհովան խոստանում է, որ «մեծահոգաբար կների» (Ես. 55։7)։ Աստվածաշնչում ասվում է, որ մեծահոգաբար ներելով՝ Եհովան «թարմություն» է բերում (Գործ. 3։19

6. Զաքարիա 2։8-ը ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովայի մասին։

6 Կարդա Զաքարիա 2։8։ Քանի որ Եհովան սիրում է մեզ, նա անտարբեր չէ մեր զգացմունքների հանդեպ և մեզ պաշտպանելու մեծ ցանկություն ունի։ Տեսնելով մեր սրտի ցավը՝ նա էլ է ցավ զգում։ Ուստի անկաշկանդ կարող ենք խնդրել նրան. «Պահի՛ր ինձ աչքի բիբի պես» (Սաղ. 17։8)։ Աչքը զգայուն և շատ կարևոր օրգան է, ուստի մեզ համեմատելով իր աչքի բիբի հետ՝ Եհովան կարծես ասում է. «Եթե ինչ-որ մեկը վնասի քեզ, ի՛մ ժողովուրդ, կդիպչի մի բանի, ինչը անչափ թանկ է ինձ համար»։

7. Ինչո՞ւ պետք է ամրացնենք մեր համոզվածությունը այն բանում, որ Եհովան սիրում է մեզ։

7 Եհովան ուզում է՝ համոզված լինենք, որ յուրաքանչյուրիս սիրում է անհատապես։ Բայց նա գիտի, որ մեր անցյալի պատճառով գուցե դժվարանանք հավատալ, որ նա սիրում է մեզ։ Կամ էլ այս պահին այնպիսի փորձությունների միջով ենք անցնում, որոնց պատճառով սկսել ենք կասկածել, որ Եհովան սիրում է մեզ։ Այն ամրացնելու համար եկեք տեսնենք, թե ինչպես է Եհովան սեր դրսևորում Հիսուսի, օծյալ քրիստոնյաների և մեր բոլորի հանդեպ։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԻՐ ՍԵՐԸ

8. Ինչո՞ւ էր Հիսուսը համոզված, որ իր Հայրը սիրում է իրեն։

8 Անթիվ-անհամար տարիներ Եհովան և իր սիրելի Որդին ջերմ կապվածություն են զարգացրել միմյանց հանդեպ։ Նրանք ամենավաղեմի ընկերներն են ամբողջ տիեզերքում։ Մատթեոս 17։5-ից տեսնում ենք, որ Եհովան հստակ կերպով արտահայտում է իր սերը Հիսուսի հանդեպ։ Նա կարող էր պարզապես ասել. «Սա նա է, ում ես հավանել եմ»։ Բայց Եհովան ցանկանում էր, որ իմանանք, թե նա որքան շատ է սիրում Հիսուսին, ուստի նրան կոչեց «իմ սիրելի Որդի»։ Եհովան հպարտանում էր Հիսուսով, հատկապես այն բանի համար, որ նա պատրաստվում էր զոհել իր կյանքը (Եփես. 1։7)։ Իսկ Հիսուսը չէր կասկածում, որ իր Հայրը սիրում է իրեն։ Նա լիովին համոզված էր դրանում և բազմիցս արտահայտել է իր վստահությունը (Հովհ. 3։35; 10։17; 17։24

9. Ո՞ր բառն է նկարագրում Եհովայի սերը օծյալների հանդեպ։ Բացատրիր (Հռոմեացիներ 5։5

9 Եհովան արտահայտում է իր սերը նաև օծյալ քրիստոնյաների հանդեպ (կարդա Հռոմեացիներ 5։5)։ Ուշադրություն դարձնենք «հորդել» բառին։ Մի աստվածաշնչյան բառարանում այն նկարագրվում է որպես «առատ ջրի հոսք»։ Այս պատկերավոր նկարագրությունը հստակ ցույց է տալիս, թե որքան շատ է Եհովան սիրում օծյալներին։ Նրանք գիտեն, որ «սիրված են Աստծուց» (Հուդա 1)։ Նրանց զգացումները արտահայտված են Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերում. «Տեսեք, թե ինչպիսի սեր է մեր Հայրը մեզ տվել, որպեսզի մենք Աստծու զավակներ կոչվենք» (1 Հովհ. 3։1)։ Արդյո՞ք Եհովան սիրում է միայն օծյալ քրիստոնյաներին։ Ո՛չ, նա փաստել է, որ բոլորիս է սիրում։

10. Ո՞րն է քո հանդեպ ունեցած Եհովայի սիրո ամենահամոզիչ ապացույցը։

10 Իսկ ո՞րն է Եհովայի սիրո ամենահամոզիչ ապացույցը։ Դա փրկագինն է՝ սիրո մեծագույն դրսևորումը ամբողջ տիեզերքում (Հովհ. 3։16; Հռոմ. 5։8)։ Նա իր թանկագին Որդու կյանքը տվել է ողջ մարդկության համար, որպեսզի մեր մեղքերը ներվեն, և մենք հնարավորություն ունենանք դառնալու նրա ընկերները (1 Հովհ. 4։10)։ Որքան շատ խորհրդածենք այն մասին, թե ինչ թանկ գին են վճարել Եհովան ու Հիսուսը, այնքան ավելի լավ կհասկանանք, թե որքան շատ են նրանք սիրում յուրաքանչյուրիս (Գաղ. 2։20)։ Փրկագինը չի վճարվել զուտ որևէ իրավական պահանջ բավարարելու համար. այն սիրով տրված նվեր է։ Եհովան փաստել է, որ սիրում է մեզ՝ զոհելով իր ամենաթանկը՝ Հիսուսին։ Նա թույլ է տվել, որ իր Որդին հանուն մեզ տառապի ու մահանա։

11. Ի՞նչ ենք սովորում Երեմիա 31։3-ից։

11 Ինչպես տեսանք, Եհովան չի թաքցնում իր զգացմունքները. նա արտահայտում է դրանք (կարդա Երեմիա 31։3)։ Նա ձգել է մեզ դեպի իրեն, քանի որ սիրում է մեզ (համեմատիր 2 Օրենք 7։7, 8)։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. 8։38, 39)։ Իսկ ի՞նչ զգացումներ է այդ սերը առաջացնում քո մեջ։ Կարդա 23-րդ սաղմոսը և տես, թե Եհովայի սերն ու հոգատարությունը ինչ ազդեցություն են ունեցել Դավթի վրա, և թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա։

Ի՞ՆՉ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ Է ՔՈ ՄԵՋ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՍԵՐԸ

12. Ինչի՞ մասին է 23-րդ սաղմոսը։

12 Կարդա Սաղմոս 23։1-6։ 23-րդ սաղմոսում Դավիթն արտահայտում է իր համոզվածությունը այն բանում, որ Եհովան սիրում և հոգ է տանում իր մասին։ Նա նկարագրում է իր և իր Հովվի՝ Եհովայի միջև եղած մտերմությունը, կամ՝ ջերմ կապվածությունը։ Դավիթն իրեն ապահով ձեռքերում էր զգում և թույլ էր տալիս, որ Եհովան առաջնորդի իրեն։ Նա լիովին ապավինում էր նրան։ Դավիթը գիտեր, որ Եհովան կշարունակի սեր դրսևորել իր հանդեպ իր կյանքի բոլոր օրերում։ Որտեղի՞ց նրան այդպիսի համոզվածություն։

13. Ինչո՞ւ էր Դավիթը համոզված, որ Եհովան հոգ է տանում իր մասին։

13 «Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա»։ Դավիթը իրեն ապահով ձեռքերում էր զգում, քանի որ Եհովան միշտ ապահովում էր նրան ամեն անհրաժեշտ բանով։ Բացի այդ՝ Դավիթը վայելում էր Եհովայի ընկերությունը և ուներ նրա հավանությունը։ Դրա համար էլ համոզված էր, որ անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում, Եհովան կշարունակի հոգ տանել իր բոլոր կարիքների մասին։ Եհովայի սիրո հանդեպ ունեցած Դավթի վստահությունն այնքան ամուր էր, որ օգնում էր նրան հաղթահարել ցանկացած մտահոգություն և ապրել երջանիկ և բավարարված կյանքով (Սաղ. 16։11

14. Ինչպե՞ս է Եհովան սեր ու հոգատարություն դրսևորում մեր հանդեպ։

14 Եհովան սիրով հոգ է տանում մեր մասին, հատկապես երբ դժվարությունների միջով ենք անցնում։ Կլերը, a ով ավելի քան 20 տարի է, ինչ ծառայում է Բեթելում, չգիտեր՝ ինչ անել, երբ իր ընտանիքը մի շարք լուրջ խնդիրների բախվեց։ Նրա հայրը կաթված ստացավ, քույրերից մեկը զրկվեց ընկերակցությունից, և նրա ընտանիքը կորցրեց իրենց փոքր բիզնեսն ու տունը։ Իսկ ինչպե՞ս Եհովան սեր ու հոգատարություն դրսևորեց նրանց հանդեպ։ Կլերն ասում է. «Եհովան հոգ էր տանում, որ իմ ընտանիքը միշտ ունենա օրվա համար անհրաժեշտ ամեն բան։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Եհովան տալիս է ավելին, քան կարող եմ պատկերացնել։ Հաճախ եմ մտածում այն պահերի մասին, երբ զգացել եմ Եհովայի սերն ու հոգատարությունը։ Դրանք շատ թանկ հիշողություններ են ինձ համար և օգնում են, որ չհանձնվեմ ու շարունակեմ դիմանալ փորձություններին»։

15. Ինչո՞ւ էր Դավիթը իրեն թարմացած զգում (տես նաև նկարը)։

15 «[Եհովան] իմ հոգին թարմացնում է»։ Երբեմն Դավիթը իր փորձությունների ու դժվարությունների պատճառով վհատվում էր (Սաղ. 18։4-6)։ Բայց Եհովայի ջերմ սերն ու հոգատարությունը թարմացնում էին նրան։ Իր ուժասպառ եղած ընկերոջը Աստված տանում էր «խոտառատ արոտավայրեր» և «ջրառատ հանգստի վայրեր»։ Արդյունքում Դավիթը վերագտնում էր ուժերը և շարունակում ուրախությամբ ծառայել Եհովային (Սաղ. 18։28-32

Նույնիսկ երբ Դավիթը փախստական էր, Եհովայի սերն ու հոգատարությունը թարմություն էին բերում նրան (տես պարբերություն 15)


16. Ինչպե՞ս է Եհովան թարմացրել քեզ։

16 Նմանապես այսօր Եհովայի «սիրառատ բարության շնորհիվ» է, որ մենք կարողանում ենք դիմանալ փորձություններին և կյանքի դժվարություններին (Ողբ 3։22; Կող. 1։11)։ Քննենք Ռեյչլի օրինակը։ COVID-19 համավարակի ընթացքում նրա ամուսինը լքեց նրան ու Եհովային։ Դրանից հետո Ռեյչլը իրեն փշրված էր զգում։ Իսկ ինչպե՞ս Եհովան օգնեց նրան։ Ռեյչլն ասում է. «Եհովան հավաստիացրեց, որ սիրում է ինձ։ Նա շրջապատեց ինձ այնպիսի ընկերներով, ովքեր ժամանակ էին անցկացնում ինձ հետ, ուտելիք էին բերում, մտածված հաղորդագրություններ և աստվածաշնչյան համարներ էին ուղարկում, ժպտում էին ինձ և շարունակ հիշեցնում, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։ Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ ինձ այդպիսի մեծ ու սիրող ընտանիք է տվել»։

17. Դավիթը ինչո՞ւ «ոչ մի չար բանից չէր վախենում»։

17 «Ոչ մի չար բանից ես չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես»։ Դավթի կյանքը հաճախ վտանգի տակ էր հայտնվում, և նա բազմաթիվ հզոր թշնամիներ ուներ։ Բայց Եհովայի սիրո շնորհիվ նա իրեն ապահով ու պաշտպանված էր զգում։ Դավիթը գիտեր, որ ցանկացած իրավիճակում Եհովան իր հետ է, և դա նրան վստահությամբ էր լցնում։ Դրա համար էլ նա մղվեց երգելու. «Իմ բոլոր երկյուղներից [Եհովան] ինձ ազատեց» (Սաղ. 34։4)։ Ճիշտ է, Դավիթը լուրջ վախեր ուներ, բայց կարողանում էր հաղթահարել դրանք, քանի որ գիտեր՝ Եհովան սիրում է իրեն։

18. Աստծու սիրո մեջ համոզված լինելը ինչպե՞ս է ամրացնում քեզ, երբ վախենում ես։

18 Այն բանի գիտակցումը, որ Եհովան սիրում է մեզ, ինչպե՞ս է օգնում վախ ներշնչող իրավիճակներում։ Սյուզի անունով մի ռահվիրա պատմում է, թե ինչ ապրումներ ունեցան ինքն ու իր ամուսինը, երբ իրենց որդին ինքնասպան եղավ. «Անսպասելի ողբերգությունը խոր հետք է թողնում մարդու սրտում՝ նրան դարձնելով անօգնական ու խոցելի, բայց Եհովայի սիրո շնորհիվ մենք մեզ ապահով ու պաշտպանված ենք զգում»։ Ռեյչլը, ում մասին խոսեցինք ավելի վաղ, պատմում է. «Մի գիշեր ծանր ապրումների մեջ էի։ Վախն ու անհանգստությունը խեղդում էին ինձ։ Սրտիս ցավից սկսեցի աղաղակել և օգնություն աղերսել Եհովայից։ Հենց այդ պահին զգացի, թե ինչպես նա ամոքեց ցավս և հանգստացրեց ինձ, ճիշտ ինչպես մայրն է հանգստացնում իր երեխային։ Դրանից հետո կարողացա քնել։ Այդ պահը երբեք չեմ մոռանա»։ Տեսնենք, թե Թասոս անունով մի երեց, ով զինծառայությունից հրաժարվելու համար չորս տարի անցկացրել է բանտում, ինչպես է զգացել Եհովայի սերն ու հոգատարությունը։ Նա պատմում է. «Եհովան հոգ էր տանում իմ կարիքների մասին, դեռ մի բան էլ ավել։ Դա ինձ վստահությամբ էր լցնում, որ լիովին ապավինեմ նրան։ Բացի այդ՝ Եհովայի ոգու շնորհիվ ես ուրախ էի՝ չնայած մռայլ ու ճնշող միջավայրին։ Համոզվեցի, որ ինչքան շատ վստահեմ Եհովային, այնքան ավելի շատ կտեսնեմ նրա հոգատար ձեռքը իմ կյանքում։ Ուստի բանտում սկսեցի ռահվիրա ծառայել»։

ՄՏԵՐՄԱՑԻՐ ՔՈ ՍԻՐԱՌԱՏ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

19. ա) Այն բանի գիտակցումը, որ Եհովան սիրում է մեզ, ինչպե՞ս է ազդում մեր աղոթքների բովանդակության վրա։ բ) Եհովայի սիրո ո՞ր նկարագրությունն է հատկապես տպավորում քեզ (տես « Եհովայի ջերմ սերը նկարագրող խոսքեր» շրջանակը)։

19 Քննարկված բոլոր օրինակները ցույց են տալիս, որ Եհովան՝ «սիրո.... Աստվածը», մեզ հետ է (2 Կորնթ. 13։11)։ Նա հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Մենք համոզված ենք, որ նրա «սիրառատ բարությամբ ենք շրջապատված» (Սաղ. 32։10)։ Որքան շատ խորհրդածենք մեր հանդեպ դրսևորած Եհովայի սիրո շուրջ, այնքան Նա ավելի իրական կդառնա մեզ համար, և մենք ավելի կմտերմանանք նրա հետ։ Մենք կարող ենք անկաշկանդ աղոթել նրան և ասել, թե որքան շատ ունենք նրա սիրո կարիքը։ Կարող ենք նաև պատմել նրան մեր բոլոր մտահոգությունները՝ համոզված լինելով, որ նա հասկանում է մեզ և շատ է ուզում օգնել (Սաղ. 145։18, 19

20. Ինչպե՞ս է Եհովայի սերը մեզ մտերմացնում իր հետ։

20 Ինչպես որ խարույկն է հաճելի մարդկանց ցուրտ եղանակին, այնպես էլ Եհովայի ջերմ սերն է ձգում մեզ դեպի իրեն։ Այդ սերը ոչ միայն զորեղ է, այլ նաև քնքուշ, ուստի թույլ տուր, որ այն դրսևորվի քո կյանքում։ Եվ թող բոլորս, ի պատասխան Եհովայի սիրուն, բացականչենք. «Ես սիրով եմ լցված» (Սաղ. 116։1

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս կնկարագրես Եհովայի սերը։

  • Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Եհովան անչափ սիրում է քեզ։

  • Ի՞նչ զգացումներ է քո մեջ արթնացնում Եհովայի սերը։

ԵՐԳ 108 Աստծու նվիրված սերը

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։