Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2

ԵՐԳ 132 Հիմա մեկ մարմին ենք

Ամուսիննե՛ր, պատիվ տվեք ձեր կանանց

Ամուսիննե՛ր, պատիվ տվեք ձեր կանանց

«Ամուսիննե՛ր.... պատիվ տվեք [կանանց]» (1 ՊԵՏ. 3։7

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող է ամուսինը խոսքով ու գործով պատվել իր կնոջը։

1. Ո՞րն է պատճառներից մեկը, որ Եհովան հաստատել է ամուսնական կառույցը։

 ԵՀՈՎԱՆ «երջանիկ Աստված» է և ուզում է, որ մենք էլ երջանիկ լինենք (1 Տիմոթ. 1։11)։ Նա բազմաթիվ պարգևեր է տվել, որ հաճույք ստանանք կյանքից (Հակ. 1։17)։ Այդ պարգևներից մեկը ամուսնությունն է։ Ամուսնանալիս տղամարդն ու կինը խոստանում են սիրել, հարգել և փայփայել միմյանց։ Այդ ամուր կապը պահպանելը նրանց մեծ ուրախություն է բերում (Առակ. 5։18

2. Այսօր շատ ամուսիններ ինչպե՞ս են վերաբերվում իրենց կանանց։

2 Ցավոք, այսօր աշխարհում շատ զույգեր անտեսում են հարսանիքի օրը տված իրենց խոստումը, ինչի պատճառով էլ երջանիկ չեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հաշվետվությունն ընդգծում է, որ շատ տղամարդիկ ֆիզիկական և էմոցիոնալ բռնության են ենթարկում իրենց կանանց ու խոսքերով վիրավորում են։ Այսպիսի ամուսինները թերևս ուրիշների ներկայությամբ հարգալից են իրենց կողակիցների հանդեպ, մինչդեռ տանը վատ են վերաբերվում նրանց։ Շատ ամուսնական միություններ քայքայվում են նաև այն պատճառով, որ ամուսինը պոռնկագրություն է դիտում։

3. Ինչո՞ւ են որոշ ամուսիններ վատ վերաբերվում իրենց կանանց։

3 Ինչո՞ւ են որոշ ամուսիններ վատ վերաբերվում իրենց կանանց։ Գուցե նրանց հայրը բռնի մարդ է եղել, ուստի նրանք մտածում են, որ նման վերաբերմունքը նորմալ է։ Մյուսների վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակույթը, ըստ որի՝ իսկական տղամարդը պետք է բռունցքներով իր կնոջը ցույց տա, թե ով է տան տերը։ Շատ տղամարդկանց չեն սովորեցրել կառավարել իրենց զգացմունքները, այդ թվում՝ զայրույթը։ Որոշ տղամարդիկ էլ կանոնավոր պոռնկագրություն են դիտում, ինչի պատճառով աղավաղված տեսակետ ունեն կանանց և սեքսի մասին։ Մասնագետներն ասում են, որ COVID-19 համավարակի ընթացքում վերոնշյալ խնդիրներն ավելի լայն տարածում գտան։ Սակայն նման պատճառներից և ոչ մեկը չի արդարացնում տղամարդկանց բռնի և վատ վերաբերմունքը։

4. Ո՞ր հարցում պետք է քրիստոնյա ամուսինները զգույշ լինեն և ինչո՞ւ։

4 Քրիստոնյա տղամարդիկ պետք է զգույշ լինեն, որ չորդեգրեն կանանց վերաբերյալ այս աշխարհի աղավաղված տեսակետը։ a Հիշենք, որ մարդու մտքերը հաճախ գործերի են վերածվում։ Պողոս առաքյալը Հռոմի օծյալ քրիստոնյաներին զգուշացրեց. «Թույլ մի՛ տվեք, որ այս աշխարհը ձևավորի ձեզ» (Հռոմ. 12։1, 2)։ Երբ Պողոսը գրեց հռոմեացիներին, այնտեղի ժողովն արդեն մի քանի տարի էր, ինչ կազմավորվել էր։ Սակայն նրա խոսքերը ցույց են տալիս, որ ժողովում դեռ կային մարդիկ, ում վրա մշակույթն ու աշխարհի մտածելակերպը մեծ ազդեցություն էին ունենում։ Ուստի նա հորդորեց նրանց փոխել իրենց մտածելակերպն ու գործերը։ Նրա խորհուրդը, ինչ խոսք, վերաբերում է նաև այսօրվա քրիստոնյա ամուսիններին։ Ցավոք, նրանցից ոմանք թույլ են տվել, որ աշխարհը ազդի իրենց մտածելակերպի վրա և անգամ սկսել են բռնություն գործադրել իրենց կանանց նկատմամբ։ b Սակայն ո՞րն է Եհովայի տեսակետն այն հարցի հետ կապված, թե ամուսինն ինչպես պետք է վերաբերվի իր կնոջը։ Պատասխանը գտնում ենք այս հոդվածի բնաբանում։

5. 1 Պետրոս 3։7-ի համաձայն՝ ամուսինն ինչպե՞ս պետք է վերաբերվի իր կնոջը։

5 Կարդա 1 Պետրոս 3։7։ Եհովան ամուսիններին պատվիրել է պատիվ տալ իրենց կանանց։ Երբ ամուսինը բարությամբ ու սիրով է վերաբերվում իր կնոջը, պատիվ է տալիս նրան։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող է ամուսինը հարգել ու պատվել իր կնոջը։ Բայց մինչ այդ տեսնենք, թե կնոջ հանդեպ ինչպիսի վերաբերմունքն է անընդունելի։

ՄԻ՛ ԱՐԱ ԱՅՆՊԻՍԻ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՑԱՎԵՑՆԵՆ ԿՆՈՋԴ

6. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում այն տղամարդուն, ով բռնություն է գործադրում իր կնոջ հանդեպ (Կողոսացիներ 3։19

6 Ֆիզիկական բռնություն։ Եհովան ատում է բռնարար մարդկանց (Սաղ. 11։5)։ Բայց նրա համար հատկապես ատելի է, երբ ամուսինն է բռնություն գործադրում կնոջ հանդեպ (Մաղ. 2։16; կարդա Կողոսացիներ 3։19)։ Ըստ 1 Պետրոս 3։7 համարի՝ եթե ամուսինը վատ է վերաբերվում իր կնոջը, վտանգում է Աստծու հետ իր հարաբերությունները։ Եհովան գուցե նույնիսկ չլսի նրա աղոթքները։

7. Եփեսացիներ 4։31, 32 համարների համաձայն՝ ամուսինը ինչպիսի՞ խոսքեր չպետք է ասի (տես նաև բառամեկնությունը)։

7 Վիրավորական խոսք։ Որոշ ամուսիններ զայրացած են խոսում իրենց կանանց հետ և ցավեցնող խոսքեր են ասում նրանց։ Բայց Եհովան ատում է «զայրույթը, ցասումը, գոռգոռոցը [և] նվաստացուցիչ խոսքերը» (կարդա Եփեսացիներ 4։31, 32 c Նա լսում է ամեն բան։ Եհովայի համար միևնույն չէ, թե ինչպես է ամուսինը խոսում իր կնոջ հետ, անգամ երբ նրանք երկուսով են։ Այն ամուսինը, ով կոպտորեն է խոսում իր կնոջ հետ, վնասում է հարաբերությունները ոչ միայն նրա, այլև Աստծու հետ (Հակ. 1։26

8. Եհովան ի՞նչ տեսակետ ունի պոռնկագրության վերաբերյալ և ինչո՞ւ։

8 Պոռնկագրություն։ Ի՞նչ տեսակետ ունի Եհովան պոռնկագրության վերաբերյալ։ Նա ատում է այն։ Ուստի երբ ամուսինը պոռնկագրություն է դիտում, վնասում է իր հարաբերությունները Եհովայի հետ և նվաստացնում է իր կնոջը։ d Եհովան ամուսնուց ակնկալում է, որ նա հավատարիմ լինի իր կնոջը ոչ միայն գործով, այլև մտքով։ Հիսուսն ասաց, որ եթե տղամարդը այնպես է նայում որևէ կնոջ, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն իսկ «իր սրտում» դավաճանում է կողակցին (Մատթ. 5։28, 29 e

9. Ինչո՞ւ է Եհովայի համար ատելի, երբ ամուսինը կնոջը պարտադրում է սեռական հարաբերության այնպիսի ձևեր, որոնք նվաստացուցիչ են նրա համար։

9 Նվաստացում սեռական հարաբերություններում։ Որոշ ամուսիններ իրենց կանանց պարտադրում են սեռական հարաբերության նվաստացուցիչ ձևեր, որոնց պատճառով կինը իրեն անմաքուր և չսիրված է զգում։ Եհովան ատում է նման սառնասիրտ ու անկարեկից վերաբերմունքը։ Նա ակնկալում է, որ ամուսինը կսիրի ու կփայփայի իր կնոջը և կհարգի նրա զգացմունքները (Եփես. 5։28, 29)։ Իսկ ի՞նչ պետք է անի քրիստոնյա ամուսինը, եթե արդեն նվաստացնում է իր կնոջը կամ կոպիտ է վարվում նրա հետ կամ էլ պոռնկագրություն է դիտում։ Ինչպե՞ս նա կարող է փոխել իր մտածելակերպն ու վարքը։

ԴԱԴԱՐԻՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՎԱՐՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ

10. Ամուսինները ի՞նչ օգուտներ կքաղեն՝ ուսումնասիրելով Հիսուսի օրինակը։

10 Ամուսինը կարող է դադարել կնոջ հանդեպ կոպիտ և նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորել, եթե ձգտի ընդօրինակել Հիսուսին։ Թեև Հիսուսը երբեք ամուսնացած չի եղել, բայց աշակերտների հանդեպ իր վերաբերմունքով հիանալի օրինակ է թողել ամուսիններին (Եփես. 5։25)։ Տեսնենք՝ ամուսինները ինչ կարող են սովորել այն բանից, թե Հիսուսն ինչպես էր վերաբերվում իր առաքյալներին և խոսում նրանց հետ։

11. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում իր առաքյալներին։

11 Հիսուսն իր առաքյալների նկատմամբ երբեք կոպիտ և իշխող չէր, այլ միշտ բարությամբ ու արժանապատվությամբ էր վերաբերվում նրանց։ Թեև Հիսուսը նրանց Ուսուցիչն ու Տերն էր, բայց երբեք իր իշխանությունը չէր դրսևորում ուժի կիրառմամբ։ Փոխարենը նա խոնարհաբար ծառայում էր նրանց (Հովհ. 13։12-17)։ Մի առիթով նա ասաց իր աշակերտներին. «Սովորեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք կթարմանաք» (Մատթ. 11։28-30)։ Նկատենք, որ Հիսուսը հեզ էր, սակայն հեզ չի նշանակում թույլ։ Նա այնքան ուժեղ էր, որ կարողանում էր տիրապետել ինքն իրեն։ Երբ նրան սադրում էին, նա հանդարտ էր մնում և զսպում էր իր զգացմունքները։

12. Ինչպե՞ս էր Հիսուսը խոսում մարդկանց հետ։

12 Հիսուսի խոսքերը մխիթարում ու թարմացնում էին ուրիշներին։ Նա կոպտորեն չէր խոսում իր հետևորդների հետ (Ղուկ. 8։47, 48)։ Անգամ երբ հակառակորդները վիրավորում էին նրան ու սադրում, «նա, ի պատասխան, չէր վիրավորում» (1 Պետ. 2։21-23)։ Հիսուսը նախընտրում էր ոչինչ չասել, քան կոպտորեն պատասխանել (Մատթ. 27։12-14)։ Նա իսկապես հիանալի օրինակ է քրիստոնյա ամուսինների համար։

13. Ինչպե՞ս կարող է ամուսինը «միանալ իր կնոջը» (Մատթեոս 19։4-6; տես նաև նկարը)։

13 Հիսուսը պատվիրեց ամուսիններին հավատարիմ մնալ իրենց կանանց։ Նա մեջբերեց իր Հոր խոսքերը, ով ասել էր, որ ամուսինը պետք է «միանա իր կնոջը» (կարդա Մատթեոս 19։4-6)։ Այս համարում «միանալ» թարգմանված հունարեն բայը բառացի նշանակում է «սոսնձվել»։ Հետևաբար ամուսնական կապը պետք է այնքան ամուր լինի, որ ամուսինն ու կինը ասես սոսնձված լինեն։ Եթե նրանց միությունը քանդվի, ապա երկուսն էլ անմասն չեն մնա վնասներից։ Իր կնոջ հետ ամուր հարաբերություններ կառուցող ամուսինը կմերժի պոռնկագրության բոլոր ձևերը։ Նա անմիջապես կհրաժարվի «անպետք բաներ նայելուց» (Սաղ. 119։37)։ Հոբի նման նա ասես ուխտ է կապել իր աչքերի հետ, որ իր կնոջից բացի՝ այլ կնոջ հանդեպ ռոմանտիկ հետաքրքրություն չզարգացնի (Հոբ 31։1

Նվիրված ամուսինը պոռնկագրական նյութեր չի նայի (տես պարբերություն 13) g


14. Ամուսինն իր կնոջ ու Եհովայի հետ հարաբերությունները վերականգնելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

14 Այն ամուսինը, ով ֆիզիկական բռնություն է գործադրում կնոջ նկատմամբ կամ խոսքերով վիրավորում է նրան, իր կնոջ ու Եհովայի հետ ունեցած հարաբերությունները վերականգնելու համար պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը։ Առաջին՝ նա պետք է գիտակցի, որ լուրջ խնդիր ունի։ Ոչինչ չի վրիպում Եհովայի աչքից (Սաղ. 44։21; Ժող. 12։14; Եբր. 4։13Երկրորդ՝ պետք է դադարի վատ վերաբերվել իր կնոջը և փոխի իր վարքը (Առակ. 28։13Երրորդ՝ պետք է Եհովային ու իր կնոջն ասի, որ ընդունում է իր սխալը, և ներողություն խնդրի նրանցից (Գործ. 3։19)։ Նաև պետք է աղերսի Եհովային, որ իրեն ցանկություն տա փոխվելու և օգնի կառավարել իր մտքերը, գործերն ու լեզուն (Սաղ. 51։10-12; 2 Կորնթ. 10։5; Փիլիպ. 2։13Չորրորդ՝ պետք է իր աղոթքներին համապատասխան վարվի՝ սովորելով ատել բռնությունն ու վիրավորական խոսքը (Սաղ. 97։10Հինգերորդ՝ օգնության համար պետք է անմիջապես դիմի ժողովի սիրառատ հովիվներին (Հակ. 5։14-16Վեցերորդ՝ պետք է գործողությունների պլան մշակի, որը կօգնի իրեն ապագայում խուսափել նման արարքներից։ Այն ամուսինը, որը պոռնկագրություն է դիտում, պետք է նույն քայլերը ձեռնարկի։ Եհովան անշուշտ կօրհնի ամուսնու ներդրած ջանքերը (Սաղ. 37։5)։ Սակայն կնոջ հանդեպ վատ վարք չդրսևորելուց բացի՝ հարկավոր է նաև պատվի արժանացնել նրան։ Տեսնենք, թե ինչպես։

ՊԱՏՎԻ ԱՐԺԱՆԱՑՐՈՒ ԿՆՈՋԴ

15. Ամուսինն ինչպե՞ս կարող է քնքշանք արտահայտել իր կնոջ հանդեպ։

15 Քնքշանք արտահայտիր։ Երջանիկ ընտանիք ունեցող որոշ եղբայրներ սովորություն են դարձրել ամեն օր ինչ-որ բան անել իրենց կնոջ համար, որպեսզի փաստեն իրենց սերը (1 Հովհ. 3։18)։ Ամուսինը կարող է քնքշանք դրսևորել փոքր բաներով, օրինակ՝ ձեռքը բռնելով կամ ջերմորեն գրկելով։ Կարող է նաև հաղորդագրություն ուղարկել և գրել՝ «Կարոտել եմ քեզ», կամ հարցնել՝ «Օրդ ո՞նց է անցնում»։ Ժամանակ առ ժամանակ նա կարող է արտահայտել իր սերը, եթե փոքր անակնկալներ անի կամ ծաղիկներ նվիրի։ Այդպիսով ամուսինը կպատվի իր կնոջը և կամրացնի իրենց ամուսնությունը։

16. Ինչո՞ւ պետք է ամուսինը գնահատանքի խոսքեր ասի իր կնոջը։

16 Գնահատանք արտահայտիր։ Իր կնոջը պատվող ամուսինը ոգևորում է նրան ու թև է տալիս։ Օրինակ՝ նա չի մոռանում շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ կինն անում է, որպեսզի աջակցի իրեն (Կող. 3։15)։ Երբ ամուսինը անկեղծորեն գովում է իր կնոջը, ջերմությամբ է լցնում նրա սիրտը։ Այդպիսի ամուսնու կողքին կինը իրեն ապահով, սիրված և գնահատված է զգում (Առակ. 31։28

17. Ամուսինն ինչպե՞ս կարող է հարգանք դրսևորել իր կնոջ հանդեպ։

17 Բարությամբ և հարգանքով վերաբերվիր։ Իր կնոջը սիրող ամուսինը գնահատում ու փայփայում է նրան։ Նրա համար իր կինը Եհովայից տրված անգին գանձ է (Առակ. 18։22; 31։10)։ Նա իր կողակցին բարությամբ և հարգանքով է վերաբերվում, այդ թվում՝ սեքսին առնչվող հարցերում։ Ամուսինը կնոջը չի ստիպի սեռական հարաբերություններում անել բաներ, որոնք անհարմար դրության մեջ կդնեն ու կնվաստացնեն նրան, կամ որոնց պատճառով նրա խիղճը կսկսի տանջել։ f Ամուսինն ինքն էլ չի անի մի բան, որի պատճառով իր խիղճը մաքուր չի լինի Եհովայի առաջ (Գործ. 24։16

18. Ամուսիններն ի՞նչ պետք է վճռեն անել (տես նաև « Չորս կերպեր, որոնք ամուսնուն կօգնեն հարգալից լինել» շրջանակը)։

18 Ամուսիննե՛ր, վստահ եղեք, որ Եհովան տեսնում է, թե ինչպես եք ձգտում խոսքով ու գործով պատվել ձեր կնոջը, և գնահատում է ձեր ջանքերը։ Վճռեք պատվել ձեր կողակցին՝ նաև չանելով այնպիսի բան, ինչը կցավեցնի նրան, և եղեք բարի, հարգալից ու ջերմ։ Այդպես վարվելով՝ ցույց կտաք, որ սիրում ու հարգում եք նրան։ Պատվեք ձեր կնոջը և այդպիսով կպահպանեք ձեր ամենաթանկ հարաբերությունները՝ Եհովայի հետ մտերմությունը (Սաղ. 25։14

ԵՐԳ 131 «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ»

a Ամուսինների համար օգտակար կլինի ընթերցել «Եհովայի պե՞ս ես վերաբերվում կանանց» հոդվածը «Դիտարանի» 2024թ.-ի հունվարի համարում։

b Ընտանեկան բռնության զոհ դարձածների համար օգտակար կլինի jw.org կայքի կամ JW Library® հավելվածի «Այլ նյութեր» հոդվածաշարից ընթերցել «Ընտանեկան բռնություն. ի՞նչ անել և ինչպե՞ս օգնել» հոդվածը։

c ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Վիրավորական խոսք» արտահայտությունը կարող է ներառել նվաստացուցիչ բառերով պիտակավորելն ու քննադատական խոսքեր ասելը։ Այսինքն՝ ցանկացած խոսք, որը ամուսինն ասում է կնոջը ցավեցնելու կամ նվաստացնելու համար, վիրավորական խոսք է։

d jw.org կայքում և JW Library հավելվածում տես «Պոռնկագրությունը կարող է քայքայել ձեր ամուսնությունը» հոդվածը։

e Այն կանանց համար, որոնց ամուսինները պոռնկագրություն են դիտում, օգտակար կլինի ընթերցել «Երբ կողակիցդ պոռնկագրություն է դիտում» հոդվածը «Դիտարանի» 2023թ.-ի օգոստոսի համարում։

f Աստվածաշնչում չի խոսվում այն մասին, թե ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերությունների ինչպիսի ձևերն են համարվում մաքուր կամ անմաքուր։ Քրիստոնյա զույգը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք ցույց կտան Եհովային հարգելու, միմյանց հաճեցնելու և խիղճը մաքուր պահելու նրանց վճռականությունը։ Սովորաբար զույգը իրենց ամուսնությանը վերաբերող այսպիսի նեղ անձնական հարցերը ուրիշների հետ չի քննարկում։

g ՆԿԱՐ։ Եղբոր ոչ Վկա աշխատակիցները նրան պոռնկագրական նյութեր պարունակող ամսագիր են առաջարկում։