Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 3

ԵՐԳ 35 «Հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր»

Եհովային հաճելի որոշումներ կայացրու

Եհովային հաճելի որոշումներ կայացրու

«Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է, և Ամենասուրբի մասին գիտելիքները հասկացողություն են տալիս» (ԱՌԱԿ. 9։10

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես գիտելիքների, հասկացողության և խորաթափանցության շնորհիվ իմաստուն որոշումներ կայացնել։

1. Ի՞նչ դժվարության ենք բախվում բոլորս։

 ԱՄԵՆ ՕՐ մենք պետք է որոշումներ կայացնենք։ Դրանցից որոշները համեմատաբար հեշտ է կայացնել, օրինակ՝ ինչ ուտել նախաճաշին կամ երբ քնել։ Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ որոշումներ կայացնելը դժվար է։ Դրանք գուցե կապված լինեն մեր առողջության, երջանկության, մեզ մտերիմ մարդկանց կամ երկրպագության հետ։ Իհարկե, մենք ուզում ենք, որ մեր որոշումները օգուտ բերեն մեզ և մեր ընտանիքին։ Սակայն նախ և առաջ հույս ունենք, որ մեր որոշումները հաճելի կլինեն Եհովային (Հռոմ. 12։1, 2

2. Ո՞ր քայլերը կօգնեն քեզ իմաստուն որոշումներ կայացնել։

2 Ավելի հավանական է, որ իմաստուն որոշում կկայացնես, եթե 1) ծանոթանաս բոլոր փաստերին, 2) իմանաս Եհովայի տեսակետը և 3) ծանրութեթև անես տարբերակները։ Հոդվածում կխոսենք այս քայլերի մասին և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ավելի խորաթափանց դառնալ (Առակ. 2։11

ԾԱՆՈԹԱՑԻՐ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԻՆ

3. Ո՞ր օրինակն է օգնում հասկանալ, թե նախքան որոշում կայացնելը ինչու է անհրաժեշտ ծանոթանալ փաստերին։

3 Ճիշտ որոշում կայացնելու առաջին քայլը փաստերին ծանոթանալն է։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Պատկերացրու՝ պացիենտը առողջական լուրջ խնդրով դիմում է բժշկին։ Արդյո՞ք բժիշկը առանց նրան զննելու կամ հարցեր տալու որոշում կկայացնի նրա բուժման մեթոդի վերաբերյալ։ Պարզ է, որ ոչ։ Լավ բժշկի պես դու ճիշտ որոշումներ կկայացնես, եթե նախ քննես այն փաստերը, որոնք առնչվում են քո իրավիճակին։ Ինչպե՞ս կարող ես դա անել։

4. Առակներ 18։13-ի համաձայն՝ ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ ծանոթ ես փաստերին (տես նաև նկարը)։

4 Հաճախ փաստերին կարող ես ծանոթանալ՝ հարցեր տալով։ Ենթադրենք՝ քեզ հրավիրել են ընկերական հավաքույթի։ Արժե՞ գնալ։ Եթե ծանոթ չես հրավիրողի հետ կամ չգիտես, թե ինչ է ծրագրված հավաքույթին, կարող ես նրան նման հարցեր տալ. «Որտե՞ղ և ե՞րբ է լինելու հավաքույթը։ Որքա՞ն մեծ է այն լինելու։ Ո՞վ է այն վերահսկելու։ Ովքե՞ր են ներկա լինելու։ Ի՞նչ են հրավիրվածներն անելու։ Ոգելից խմիչքներ լինելո՞ւ են»։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի քեզ իմաստուն որոշում կայացնել (կարդա Առակներ 18։13

Ծանոթացիր փաստերին՝ հարցեր տալով (տես պարբերություն 4) a


5. Ի՞նչ պետք է անես փաստերին ծանոթանալուց հետո։

5 Այնուհետև ձեռքի տակ ունենալով փաստերը՝ փորձիր տեսնել ամբողջական պատկերը։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե իմանաս, որ հավաքույթին մասնակցելու են այնպիսի մարդիկ, ովքեր անտեսում են աստվածաշնչյան սկզբունքները, կամ ոգելից խմիչքի քանակը չի վերահսկվելու։ Հավանականություն կա՞, որ հավաքույթը կվերածվի անկառավարելի խրախճանքի (1 Պետ. 4։3)։ Հարկավոր է հաշվի առնել նաև, թե արդյոք հավաքույթի ժամանակը համընկնում է ժողովի կամ ծառայության ժամին։ Երբ տեսնես ողջ պատկերը, ավելի հեշտությամբ կկարողանաս իմաստուն որոշում կայացնել։ Բայց ևս մեկ բան կա։ Հիշիր, դու իրավիճակին նայում ես քո տեսանկյունից, բայց ինչպե՞ս է դրան նայում Եհովան (Առակ. 2։6

ԻՄԱՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ

6. Հակոբոս 1։5-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է Եհովայից օգնություն խնդրենք։

6 Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալ իր մտածելակերպը։ Եհովան խոստանում է մեզ իմաստություն տալ, որ կարողանանք իրեն հաճելի որոշումներ կայացնել։ Այդպիսի իմաստություն նա տալիս է «բոլորին.... առատաձեռնորեն ու առանց նախատելու» (կարդա Հակոբոս 1։5

7. Ինչպե՞ս կարող ես իմանալ Եհովայի մտածելակերպը։ Բեր օրինակ։

7 Եհովայից առաջնորդություն խնդրելուց հետո ուշադիր եղիր, որ տեսնես պատասխանը։ Պատկերացրու՝ ճանապարհորդելիս մոլորվել ես և օգնության համար դիմել ես տեղացիներից մեկին. մի՞թե կհեռանաս առանց նրա պատասխանը լսելու։ Իհարկե ո՛չ։ Դու ուշադիր կլսես՝ ինչպես է նա բացատրում, թե որ ճանապարհով պիտի գնաս։ Նմանապես՝ Եհովայից իմաստություն խնդրելուց հետո փորձիր տեսնել նրա պատասխանը՝ փնտրելով տվյալ իրավիճակին համապատասխան աստվածաշնչյան օրենքներ ու սկզբունքներ։ Օրինակ՝ երբ որոշում ես մասնակցել վերոնշյալ հավաքույթին, թե ոչ, լավ կլինի՝ մտածես, թե Աստվածաշունչը ինչ է ասում անկառավարելի խրախճանքների, վատ ընկերակցության, ինչպես նաև Թագավորության շահերը անձնական նախասիրություններից վեր դասելու մասին (Մատթ. 6։33; Հռոմ. 13։13; 1 Կորնթ. 15։33

8. Ի՞նչ կարող ես անել, եթե օգնության կարիք ունես տեղեկություն գտնելու հարցում (տես նաև նկարը)։

8 Երբեմն գուցե օգնության կարիք ունենաս համապատասխան տեղեկություն գտնելու հարցում։ Կարող ես խնդրել մի փորձառու քրոջ կամ եղբոր, որ օգնի քեզ։ Սակայն քեզ կօգնի նաև ինքնուրույն փնտրտուքներ անելը։ Ուսումնասիրության համար նախատեսված գործիքները, որոնցից են, օրինակ՝ «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» և «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկները, հարուստ են զանազան տեղեկություններով։ Հիշիր, քո նպատակն է կայացնել այնպիսի որոշում, որը հաճելի կլինի Եհովային։

Իմացիր Եհովայի տեսակետը (տես պարբերություն 8) b


9. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր որոշումը հաճելի կլինի Եհովային (Եփեսացիներ 5։17

9 Իսկ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր որոշումը հաճելի կլինի Եհովային։ Նախևառաջ մենք պետք է լավ ճանաչենք Եհովային։ Աստվածաշնչում ասվում է, որ «Ամենասուրբի մասին գիտելիքները հասկացողություն են տալիս» (Առակ. 9։10)։ Ուստի մենք կարող ենք հասկացողություն ձեռք բերել՝ իմանալով Եհովայի հատկությունների, նպատակի, ինչպես նաև այն մասին, թե նա ինչ է սիրում և ինչ է ատում։ Հարցրու ինքդ քեզ. «Եհովայի մասին ունեցած գիտելիքներիս հիման վրա ինչպե՞ս կարող եմ նրան հաճելի որոշում կայացնել» (կարդա Եփեսացիներ 5։17

10. Աստվածաշնչյան սկզբունքներն ինչո՞ւ են ընտանեկան սովորույթներից ու տեղի մշակույթից ավելի կարևոր։

10 Եհովային հաճեցնելու համար երբեմն ստիպված ենք հիասթափեցնել մեր մտերիմներին։ Օրինակ՝ որոշ ծնողներ, լավ միտումներից ելնելով, գուցե իրենց աղջկան ստիպեն ամուսնանալ մեկի հետ, ով ունևոր է, նույնիսկ եթե վերջինս հոգևորապես ամուր չէ։ Ճիշտ է, նրանք թերևս ուզում են, որ իրենց աղջիկը ֆինանսապես ապահովված լինի, բայց այդ դեպքում ո՞վ կօգնի նրան շարունակել հոգևորապես առաջադիմել։ Ո՞րն է Եհովայի տեսակետը այս իրավիճակի վերաբերյալ։ Պատասխանը գտնում ենք Մատթեոս 6։33-ում, որտեղ քրիստոնյաներին հորդոր է տրվում «առաջին տեղում դնել Աստծու թագավորությունը»։ Մենք անշուշտ պատվում ենք մեր ծնողներին և հարգում ենք մեր շրջապատի մարդկանց, բայց մեզ համար ամենակարևորը Եհովային ուրախացնելն է։

ԾԱՆՐՈՒԹԵԹԵՎ ԱՐԱ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

11. Ո՞ր հատկությունը կօգնի քեզ ծանրութեթև անել հնարավոր տարբերակները (Առակներ 2։11

11 Որոշմանդ առնչվող աստվածաշնչյան սկզբունքները ուսումնասիրելուց հետո պետք է ծանրութեթև անես հնարավոր տարբերակները (կարդա Առակներ 2։11)։ Խորաթափանցությունը կօգնի քեզ տեսնել, թե յուրաքանչյուր տարբերակ ինչ հետևանք կարող է ունենալ։ Երբեմն գուցե հեշտ լինի որոշում կայացնել, բայց միշտ չէ, որ այդպես է։ Խորաթափանցությունը կօգնի, որ իմաստուն որոշումներ կայացնես նույնիսկ բարդ իրավիճակներում։

12-13. Ինչպե՞ս կարող է խորաթափանցությունը օգնել քեզ աշխատանք ընտրելու հարցում իմաստուն որոշում կայացնել։

12 Պատկերացնենք հետևյալը։ Դու աշխատանք ես փնտրում, որ հոգ տանես ընտանիքիդ համար։ Աշխատանքի հնարավորության երկու տարբերակ ունես։ Դու քննում ես բոլոր փաստերը, հաշվի ես առնում, թե ինչպիսի աշխատանք է, ինչ գրաֆիկով ես աշխատելու, որքան ժամանակ ես ծախսելու ճանապարհի վրա և այլն։ Երկու տարբերակներն էլ չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Գուցե դրանցից մեկը նախընտրելի է քեզ համար, քանի որ սիրում ես նման աշխատանք կատարել, կամ էլ աշխատավարձն է ավելի բարձր։ Սակայն որոշ գործոններ էլ կան, որ արժե հաշվի առնել նախքան որոշում կայացնելը։

13 Մտածիր՝ արդյո՞ք այդ աշխատանքը կխանգարի ներկա լինել ժողովներին։ Ժամանակ կմնա՞ ընտանիքիդ էմոցիոնալ և հոգևոր կարիքները հոգալու համար։ Նմանատիպ հարցերի շուրջ խորհելը կօգնի, որ «ավելի կարևոր» բաները՝ հոգևոր գործերը և ընտանիքդ, նյութական բարեկեցությունից առավել դասես։ Արդյունքում դու այնպիսի որոշում կկայացնես, որը Եհովան կօրհնի։

14. Խորաթափանցությունն ու սերը ինչպե՞ս կարող են օգնել մեզ խուսափել այնպիսի բան անելուց, ինչի պատճառով ուրիշների հավատը կխարխլվի։

14 Խորաթափանցությունը նաև կօգնի հաշվի առնել այն, թե մեր որոշումը ինչպես կարող է անդրադառնալ մարդկանց վրա։ Դա հետ կպահի մեզ այնպիսի բան անելուց, որի պատճառով ուրիշների հավատը կխարխլվի (Փիլիպ. 1։10)։ Սա կարևոր է, երբ որոշումներ ենք կայացնում այնպիսի անձնական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հագուկապն ու հարդարանքը։ Գուցե հագուստի կամ հարդարանքի ինչ-որ նախընտրած ոճ ունենք։ Բայց արդյո՞ք այն վատ ազդեցություն չի ունենա մեր հավատակիցների կամ մյուս մարդկանց վրա։ Խորաթափանցությունը կօգնի, որ հարգենք նրանց զգացմունքները։ Իսկ սերը կմղի, որ մտածենք «դիմացինի օգտի» մասին և համեստ լինենք (1 Կորնթ. 10։23, 24, 32; 1 Տիմոթ. 2։9, 10)։ Այդ դեպքում այնպիսի որոշում կկայացնենք, որից կերևա մարդկանց հանդեպ մեր հարգանքն ու սերը։

15. Ի՞նչ պետք է հաշվի առնես նախքան կարևոր որոշում կայացնելը։

15 Եթե կարևոր որոշում ես կայացնում, մտածիր, թե ինչ է հարկավոր այն իրագործելու համար։ Հիսուսը հորդորել է «հաշվել ծախսը» (Ղուկ. 14։28)։ Ուստի մտածիր, թե որքան ժամանակ, միջոցներ և ջանքեր են անհրաժեշտ որոշումդ կյանքի կոչելու համար։ Երբեմն գուցե կարիք լինի խորհրդակցել ընտանիքիդ անդամների հետ՝ որոշելու համար, թե յուրաքանչյուրն ինչ պետք է անի, որպեսզի թիկունք կանգնի այդ որոշմանը։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Այդպես վարվելը կարող է օգնել քեզ հասկանալու, թե արդյոք կայացրածդ որոշումը հարկավոր է փոխել, կամ ընտրելու ավելի գործնական տարբերակ։ Երբ ընտանիքիդ անդամների հետ խորհրդակցես և լսես նրանց կարծիքը, նրանք ավելի մեծ պատրաստակամությամբ կնպաստեն, որ որոշումդ հաջողությամբ իրականացվի (Առակ. 15։22

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐՈՒ

16. Ո՞ր քայլերը կօգնեն քեզ ճիշտ որոշում կայացնել (տես նաև « Ինչպես իմաստուն որոշումներ կայացնել» շրջանակը)։

16 Եթե արել ես վերոնշյալ քայլերը, ուրեմն պատրաստ ես իմաստուն որոշում կայացնելու։ Դու տեղյակ ես բոլոր փաստերին և ուսումնասիրել ես սկզբունքները, որոնք կօգնեն քեզ Աստծուն հաճելի որոշում կայացնել։ Այդ ամենից հետո կարող ես Եհովային խնդրել, որ քեզ օգնի հաջողությամբ իրականացնել այն։

17. Ո՞րն է ճիշտ որոշումներ կայացնելու գաղտնիքը։

17 Նույնիսկ եթե նախկինում բազմաթիվ ճիշտ որոշումներ ես կայացրել, հիշիր, որ ճիշտ որոշումներ կայացնելու գաղտնիքը ոչ թե քո խելքի կամ փորձի վրա հիմնվելն է, այլ Եհովայի իմաստությանը ապավինելը։ Միայն նա կարող է քեզ իսկական գիտելիքներ, հասկացողություն և խորաթափանցություն տալ, որոնց շնորհիվ իմաստնորեն կվարվես (Առակ. 2։1-5)։ Եհովան կարող է օգնել քեզ իրեն հաճելի որոշումներ կայացնել (Սաղ. 23։2, 3

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

a ՆԿԱՐ։ Երիտասարդ եղբայրներն ու քույրերը խոսում են խնջույքի հրավերի վերաբերյալ ստացած հաղորդագրության մասին։

b ՆԿԱՐ։ Եղբայրներից մեկը նախքան խնջույքի մասնակցելու վերաբերյալ որոշում կայացնելը փնտրտուք է անում։