Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4

ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար

Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով փրկագնի մասին

Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով փրկագնի մասին

«Աստված իր սերը մեր հանդեպ այսպես դրսևորեց» (1 ՀՈՎՀ. 4։9

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչ է փրկագինը բացահայտում Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի սքանչելի հատկությունների մասին։

1. Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն նշելը ո՞ր հարցում է մեզ օգնում։

 ԱՆԿԱՍԿԱԾ համաձայն ես, որ փրկագինը մեծ արժեք ունեցող պարգև է (2 Կորնթ. 9։15)։ Շնորհիվ այն բանի, որ Հիսուսը զոհեց իր մարդկային կյանքը, դու կարող ես Եհովայի մտերիմ ընկերը լինել և հավիտյան ապրելու հեռանկար ունենալ։ Մենք անթիվ-անհամար պատճառներ ունենք շնորհակալ լինելու մեր Աստծուն, ով, մեր հանդեպ խոր սիրուց մղված, տվեց փրկագինը (Հռոմ. 5։8)։ Հիսուսը պատվիրեց ամեն տարի նշել իր մահվան հիշատակի երեկոն, որպեսզի օգնի մեզ չկորցնել փրկագնի համար մեր երախտագիտությունը և այն սովորական բան չհամարել (Ղուկ. 22։19, 20

2. Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս հոդվածում։

2 Այս տարի՝ 2025 թ.-ին, Հիշատակի երեկոն կնշենք ապրիլի 12-ին՝ շաբաթ։ Անշուշտ, բոլորս ծրագրում ենք ներկա լինել։ Մեծ օգուտ կստանանք, եթե այդ օրերին խորհենք a այն մասին, թե Եհովան ու նրա Որդին ինչ են արել մեզ համար։ Այս հոդվածում կքննենք, թե փրկագինը ինչ է սովորեցնում մեզ Եհովայի ու Հիսուսի մասին։ Իսկ հաջորդ հոդվածը կօգնի հասկանալ՝ ինչպես է փրկագինը օգուտ բերում մեզ, և ինչպես կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել դրա համար։

Ի՞ՆՉ Է ՓՐԿԱԳԻՆԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՄԵԶ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ

3. Ինչպե՞ս կարող է մեկ մարդու մահը միլիոնավոր մարդկանց ազատել մեղքից ու մահից (տես նաև նկարը)։

3 Փրկագինը սովորեցնում է Եհովայի արդարության մասին (2 Օրենք 32։4)։ Բանն այն է, որ ըմբոստ Ադամից մենք ժառանգել ենք մեղք, որը մահվան է տանում (Հռոմ. 5։12)։ Մեղքից ու մահից մեզ ազատելու համար Եհովան Հիսուսին ուղարկեց երկիր, որպեսզի նա իր կյանքը որպես փրկագին տա։ Սակայն ինչպե՞ս կարող էր մեկ կատարյալ մարդու զոհը միլիոնավոր մարդկանց ազատել մեղքից ու մահից։ Պողոս առաքյալը բացատրում է. «Ինչպես մեկ մարդու [Ադամի] անհնազանդության պատճառով շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու [Հիսուսի] հնազանդության շնորհիվ շատերը արդարներ կդառնան» (Հռոմ. 5։19; 1 Տիմոթ. 2։6)։ Այլ խոսքով՝ մեկ անհնազանդ կատարյալ մարդը մեզ մեղքի ու մահվան ստրուկը դարձրեց, հետևաբար մեկ հնազանդ կատարյալ մարդու միջոցով էլ մարդկությունը պետք է ազատվեր մեղքի ու մահվան այդ ստրկությունից։

Ինչպես մեկ մարդու պատճառով մեղքի ու մահվան ստրուկը դարձանք, այնպես էլ մեկ մարդու միջոցով կարող ենք ազատվել մեղքից ու մահից (տես պարբերություն 3)


4. Ինչո՞ւ Եհովան Ադամի այն երեխաներին, որոնք հնազանդ էին իրեն, թույլ չտվեց հավիտյան ապրել։

4 Իսկապե՞ս կարիք կար, որ Հիսուսը մահանար մեզ փրկելու համար։ Եհովան չէ՞ր կարող պարզապես թույլ տալ, որ Ադամի այն երեխաները, որոնք հնազանդ էին իրեն, հավիտյան ապրեին։ Անկատար մարդկանց տեսանկյունից՝ դա գուցե բարի և ողջամիտ արարք լիներ։ Բայց այդպես մտածողը հաշվի չի առնում Եհովայի կատարյալ արդարությունը։ Քանի որ Եհովան արդար է, նա երբեք չէր անտեսի Ադամի բացահայտ անհնազանդությունը։

5. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան միշտ ճիշտ է վարվում։

5 Իսկ ի՞նչ կլիներ, եթե Եհովան փրկագին չտար և անտեսելով արդարությունը՝ թույլ տար, որ Ադամի անկատար տղաներն ու աղջիկները հավիտյան ապրեին։ Մարդիկ գուցե մտածեին, որ Աստված թերևս կանտեսի իր արդար չափանիշները նաև այլ հարցերում։ Նրանք գուցե կասկածեին, որ նա կպահի իր բոլոր խոստումները։ Բայց մենք կարիք չունենք անհանգստանալու, որ նման բան կլինի։ Այն փաստը, որ Եհովան արդար վարվեց նույնիսկ մեծ գին վճարելով՝ իր սիրելի Որդու կյանքը զոհելով, ինչն իրեն խոր ցավ պատճառեց, վստահեցնում է մեզ, որ նա միշտ անում է այն, ինչը ճիշտ է։

6. Ինչպե՞ս է փրկագինը բացահայտում Եհովայի սերը (1 Հովհաննես 4։9, 10

6 Փրկագինը օգնում է մեզ հասկանալու, որ Եհովան արդար է։ Ավելին՝ այն առանձնահատուկ կերպով օգնում է գիտակցելու նրա սիրո խորությունը (Հովհ. 3։16; կարդա 1 Հովհաննես 4։9, 10)։ Փրկագնի մասին ուսմունքը բացահայտում է, որ Եհովան ուզում է՝ մենք ոչ միայն հավերժ ապրենք, այլև լինենք նրա ընտանիքի մի մասը։ Երբ Ադամը մեղք գործեց, Եհովան նրան վտարեց իրեն երկրպագողներից կազմված իր ընտանիքից։ Ուստի երբ մենք ծնվում ենք, ինքնաբերաբար նրա ընտանիքի մաս չենք կազմում։ Բայց Եհովան փրկագնի հիման վրա ներում է մեր մեղքերը և ի վերջո իր ընտանիք կընդունի բոլոր նրանց, ովքեր կհավատան իրեն ու կհնազանդվեն։ Սակայն նույնիսկ հիմա մենք կարող ենք ջերմ հարաբերություններ ունենալ Եհովայի ու մեր հավատակիցների հետ։ Մենք իսկապես զգում ենք Եհովայի քնքուշ սերը (Հռոմ. 5։10, 11

7. Այն, որ Հիսուսը տառապանքներ կրեց, ինչպե՞ս է օգնում հասկանալու, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ։

7 Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե Եհովան որքան շատ է սիրում մեզ, եթե գիտակցենք, թե նա ինչ մեծ գին վճարեց՝ տալով փրկագինը։ Սատանան պնդում է, որ Աստծու ոչ մի ծառա, երբ նեղն ընկնի, նվիրված չի մնա նրան։ Հակառակը փաստելու համար Եհովան թույլ տվեց, որ Հիսուսը մահանալուց առաջ տառապի (Հոբ 2։1-5; 1 Պետ. 2։21)։ Եհովայի աչքի առաջ մարդիկ ծաղրեցին Հիսուսին, զինվորները խարազանեցին նրան ու հետո գամեցին սյանը։ Այնուհետև Եհովան տեսավ, թե ինչպես է իր թանկագին Որդին, տանջալից ցավ կրելով, տալիս իր վերջին շունչը (Մատթ. 27։28-31, 39)։ Եհովան ի զորու էր ցանկացած պահի վերջ դնել այդ ամենին։ Օրինակ՝ երբ հակառակորդները Հիսուսի վերաբերյալ ասացին՝ «Թող հիմա Աստված ազատի նրան, եթե ունի Աստծու հավանությունը», Եհովան կարող էր հենց այդպես վարվել (Մատթ. 27։42, 43)։ Բայց չէ՞ որ եթե Աստված այդ պահին միջամտեր, փրկագինը չէր տրվի, և մենք էլ ոչ մի հույս չէինք ունենա։ Ուստի Եհովան թույլ տվեց, որ իր Որդին չարչարվի մինչև իր կյանքի վերջին վայրկյանը։

8. Եհովան ցավ ապրո՞ւմ էր՝ տեսնելով իր Որդու տառապանքը։ Բացատրիր (տես նաև նկարը)։

8 Այն, որ Աստված ամենազոր է, չի նշանակում, որ անսիրտ է։ Մենք ստեղծված ենք նրա պատկերով՝ զգացմունքներ ունենք, ուստի հստակ է, որ Եհովան էլ զգացմունքներ ունի։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան «ցավ» և «վիշտ» է զգում (Սաղ. 78։40, 41)։ Ուշադրություն դարձնենք Աբրահամի և Իսահակի մասին արձանագրություններին։ Հաստատ հիշում ես, որ Եհովան Աբրահամին պատվիրել էր զոհ մատուցել իր միակ որդուն (Ծննդ. 22։9-12; Եբր. 11։17-19)։ Պատկերացրու, թե ինչպես էր Աբրահամի ներաշխարհն ալեկոծվում, երբ նա, ձեռքը բարձրացրած, պատրաստվում էր դանակի մեկ հարվածով վերջ դնել իր որդու կյանքին։ Որքա՜ն ավելի մեծ ցավ թերևս զգաց Եհովան, երբ անարդար մարդիկ նրա Որդուն դաժանաբար կտտանքների ենթարկեցին ու սպանեցին (jw.org կայքում տես «Ընդօրինակեք նրանց հավատը. Աբրահամ (մաս 2)» տեսանյութը)։

Եհովան ցավ էր զգում՝ տեսնելով իր Որդու տառապանքը (տես պարբերություն 8)


9. Հռոմեացիներ 8։32, 38, 39 համարները ինչպե՞ս են օգնում տեսնել քո և հավատակիցներիդ հանդեպ Եհովայի սիրո խորությունը։

9 Փրկագնի մասին մտածելով՝ հասկանում ենք, որ մեզ ոչ ոք այնպես չի սիրում, ինչպես Եհովան՝ ո՛չ մեր ամենամտերիմ հարազատը, ո՛չ էլ լավագույն ընկերը (կարդա Հռոմեացիներ 8։32, 38, 39)։ Կասկած չունենաս, որ Եհովան քեզ ավելի շատ է սիրում, քան դու ինքդ։ Ուզո՞ւմ ես հավիտյան ապրել։ Եհովան ավելի շատ է ուզում, որ հավիտյան ապրես։ Ուզո՞ւմ ես՝ մեղքերդ ներվեն։ Եհովան ավելի շատ է ուզում ներել քեզ։ Նա ընդամենը ակնկալում է, որ ընդունենք նրա տված անգին պարգևը՝ փրկագինը, հավատանք ու հնազանդվենք իրեն։ Փրկագինը իսկապես Եհովայի սերը փաստող մեծարժեք պարգև է։ Սակայն ամեն ինչ դեռ առջևում է. նոր աշխարհում մենք ավելի շատ բան կսովորենք Եհովայի սիրո մասին (Ժող. 3։11

Ի՞ՆՉ Է ՓՐԿԱԳԻՆԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ

10. ա) Իր մահապատժի հետ կապված ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում Հիսուսին։ բ) Հիսուսն ինչպե՞ս փառավորեց Եհովայի անունը (տես նաև « Հիսուսն իր անարատությամբ արդարացնում է Եհովայի անունը» շրջանակը)։

10 Հիսուսի համար անչափ կարևոր է իր Հոր համբավը (Հովհ. 14։31)։ Այն փաստը, որ մարդիկ սպանեցին Հիսուսին՝ մեղադրելով Աստծուն անարգելու և ապստամբություն հրահրելու համար, շատ մտահոգում էր նրան, քանի որ դա կարող էր իր Հոր անվան վրա անպատվություն բերել։ Այդ պատճառով նա աղոթեց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, հեռացրու այս բաժակն ինձանից» (Մատթ. 26։39)։ Սակայն նա մինչև մահ Եհովային հավատարիմ մնաց և այդպիսով փառավորեց իր Հոր անունը։

11. Ինչպե՞ս Հիսուսը խոր սեր արտահայտեց մարդկանց հանդեպ (Հովհ. 13։1

11 Փրկագինը սովորեցնում է մեզ, որ Հիսուսի համար կարևոր են մարդիկ, հատկապես իր աշակերտները (Առակ. 8։31; կարդա Հովհաննես 13։1)։ Հիսուսը գիտեր, որ իր ծառայության ժամանակ շատ դժվարություններ է ունենալու և ի վերջո մահանալու է։ Այնուամենայնիվ, իր հանձնարարությունը նա անտարբերությամբ չէր անում, այլ իր սիրտն էր դնում քարոզելու, ուսուցանելու և ուրիշներին ծառայելու մեջ։ Անգամ իր մահվան օրը Հիսուսը ժամանակ տրամադրեց, որ լվանա առաքյալների ոտքերը, կրթի նրանց, քաջալերի ու մխիթարի (Հովհ. 13։12-15)։ Իսկ տանջանքի սյանը գամված՝ նա իր կողքին մահապատիժ կրող հանցագործին հույսով լցրեց, ինչպես նաև Հովհաննեսին խնդրեց, որ հոգ տանի իր մոր համար (Ղուկ. 23։42, 43; Հովհ. 19։26, 27)։ Այսպիսով՝ Հիսուսը խոր սեր դրսևորեց ոչ միայն իր մահով, այլև երկրի վրա ապրած իր ողջ կյանքով։

12. Ի՞նչ իմաստով է Հիսուսը շարունակում զոհեր մատուցել մեզ համար։

12 Թեև Հիսուսը «մահացավ.... ու էլ երբեք չի մահանա», նա շարունակում է, այսպես ասած, զոհեր մատուցել մեզ համար (Հռոմ. 6։10)։ Որո՞նք են այդ զոհերը։ Նա այսօր էլ մեզ համար անում է շատ բաներ, որոնցից մենք օգտվում ենք փրկագնի շնորհիվ։ Նա Թագավոր է, Քահանայապետ և ժողովի գլուխը (1 Կորնթ. 15։25; Եփես. 5։23; Եբր. 2։17)։ Հիսուսը պատասխանատու է օծյալների և մեծ բազմությանը հավաքելու գործի համար, գործ, որը կավարտվի մինչև մեծ նեղության վերջը (Մատթ. 25։32; Մարկ. 13։27 b Նա նաև հոգ է տանում, որ այս վերջին օրերում իր հավատարիմ ծառաները հոգևորապես կուշտ լինեն (Մատթ. 24։45)։ Եվ իր հազարամյա իշխանության ընթացքում նա դեռ շատ բաներ է անելու մեզ համար։ Իսկապես, Հիսուսը Եհովայի կողմից մեզ տրված թանկ նվեր է։

ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԴԱԴԱՐԻՐ ՍՈՎՈՐԵԼ

13. Խորհրդածությունն ինչպե՞ս կօգնի քեզ շարունակ նոր բաներ հասկանալ այն սիրո մասին, որն Աստված և Քրիստոսը ունեն մեր հանդեպ։

13 Եթե շարունակ խորհրդածես այն սիրո մասին, որը Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսն ունեն մեր հանդեպ, շարունակ նոր բաներ կհասկանաս։ Այս տարվա Հիշատակի երեկոյի շրջանում ուշադրությամբ ընթերցիր Ավետարաններից մեկը կամ մի քանիսը։ Մի՛ փորձիր միանգամից մի քանի գլուխ ընթերցել, ձգտիր խորհել կարդացածիդ շուրջ։ Մտածիր, թե Եհովային ու Հիսուսին սիրելու էլ ինչ պատճառներ կան։ Այնուհետև սովորածդ պատմիր ուրիշներին։

14. Սաղմոս 119։97-ի և դրա ծանոթագրության համաձայն՝ փնտրտուք անելը ինչպե՞ս կարող է օգնել, որ շարունակենք սովորել փրկագնի, ինչպես նաև այլ ուսմունքների մասին (տես նաև նկարը)։

14 Եթե երկար տարիներ է, ինչ գիտես ճշմարտությունը, գուցե մտածում ես, թե հնարավոր է արդյոք նոր բաներ բացահայտել այնպիսի քաջածանոթ թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են Աստծու արդարությունը, նրա սերը և փրկագինը։ Ճշմարտությունն այն է, որ այդ և նման թեմաների մասին կարելի է անվերջ սովորել։ Ուրեմն ի՞նչ կարող ես անել։ Լիարժեքորեն օգտվիր մեր հրատարակություններում տեղ գտած բազմաբովանդակ նյութերից։ Երբ որևէ հատված քեզ համար այնքան էլ հասկանալի չէ, փնտրտուքներ արա դրա վերաբերյալ։ Այնուհետև օրվա ընթացքում մտորիր այն մասին, թե ինչ նոր բան ես իմացել, և թե այդ տեղեկությունը ինչ է բացահայտում Եհովայի, նրա Որդու և քո հանդեպ նրանց դրսևորած սիրո մասին (կարդա Սաղմոս 119։97-ը և ծանոթագրությունը

Նույնիսկ եթե երկար տարիներ է, ինչ գիտենք ճշմարտությունը, միևնույն է, կարող ենք խորացնել մեր գնահատանքը փրկագնի համար (տես պարբերություն 14)


15. Ինչո՞ւ ենք շարունակ աստվածաշնչյան գանձեր որոնում։

15 Մի՛ վհատվիր, եթե ամեն անգամ որևէ նյութ ընթերցելիս կամ փնտրտուքներ անելիս նոր կամ ոգևորիչ բան չես գտնում։ Ինչ որ առումով դու նման ես ոսկի որոնողի։ Ոսկի որոնողները ոսկու անգամ փոքր կտոր գտնելու համար համբերությամբ ժամեր կամ օրեր են տրամադրում։ Այնուամենայնիվ, նրանք չեն հանձնվում, որովհետև ոսկու յուրաքանչյուր կտոր արժեքավոր է իրենց համար։ Աստվածաշնչում պարփակված ամեն մի գանձն անհամեմատ ավելի մեծ արժեք ունի (Սաղ. 119։127; Առակ. 8։10)։ Ուստի համբերատար եղիր և կառչած մնա Աստվածաշնչի ընթերցանության քո գրաֆիկին (Սաղ. 1։2

16. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային ու Հիսուսին։

16 Ուսումնասիրություն անելիս միջոցներ փնտրիր, որ սովորածդ կիրառես։ Ընդօրինակիր Եհովային արդար լինելու հարցում և ուրիշների հետ անկողմնակալությամբ վարվիր։ Ընդօրինակիր Հիսուսին՝ սիրելով նրա Հորը և մարդկանց, ու պատրաստ եղիր տառապել հանուն Եհովայի անվան և անձնազոհաբար օգնել հավատակիցներիդ։ Հիսուսին ընդօրինակիր նաև՝ ուրիշներին քարոզելով, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան ընդունելու Եհովայի տված անգին պարգևը։

17. Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ հոդվածում։

17 Որքան շատ բան ենք սովորում փրկագնի մասին, այնքան ավելի շատ ենք հասկանում դրա արժեքը, ու Եհովայի և նրա Որդու հանդեպ սերը ավելի խոր արմատներ է գցում մեր սրտում։ Նրանք էլ, ի պատասխան, ավելի շատ են սիրում մեզ (Հովհ. 14։21; Հակ. 4։8)։ Ուստի եկեք արդյունավետորեն օգտվենք Եհովայի տրամադրած միջոցներից, որպեսզի շարունակենք սովորել փրկագնի մասին։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք օգուտ քաղել փրկագնից և մեր երախտագիտությունն արտահայտել Եհովային նրա ցուցաբերած սիրո համար։

ԵՐԳ 107 Աստվածային սիրո օրինակը

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Խորհել» նշանակում է մտքերը կենտրոնացնել ինչ-որ թեմայի վրա և այն ավելի խորը վերլուծել։

b «Նրանց, ովքեր երկնքում են» համախմբելը, ինչի մասին Եփեսացիներ 1։10-ում նշեց Պողոսը, տարբերվում է «ընտրածներին» հավաքելուց, ինչի մասին խոսեց Հիսուսը Մատթեոս 24։31 և Մարկոս 13։27 համարներում։ Պողոսը նկատի ունի այն ժամանակը, երբ Եհովան ընտրում է իր ոգեղեն որդիներին՝ նրանց օծելով սուրբ ոգով։ Իսկ Հիսուսը նկատի ունի այն ժամանակը, երբ երկրի վրա եղած օծյալները մեծ նեղության ընթացքում հավաքվում են երկնքում։