Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 1

ԵՐԳ 2 Քո անունը Եհովա է

Փա՛ռք տվեք Եհովային

Փա՛ռք տվեք Եհովային

2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐՎԱ ԽՈՍՔԸ. «Եհովային իր անվանը վայել փառք տվեք» (ՍԱՂ. 96։8

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող ենք Եհովային տալ այն փառքը, որին նա արժանի է։

1. Ինչի՞ վրա են շատերը կենտրոնացած։

 ՀԱՎԱՆԱԲԱՐ նկատել ես, որ այսօր շատ մարդիկ եսակենտրոն են։ Օրինակ՝ նրանք ամեն բան անում են, որ սոցիալական ցանցերում ուրիշների ուշադրությունը հրավիրեն իրենց և իրենց ձեռքբերումների վրա։ Ցավոք, համեմատաբար քչերն են գովաբանում կամ փառք տալիս Եհովա Աստծուն։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչ է նշանակում փառք տալ Եհովային, և ինչը պետք է մղի մեզ դա անելու։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք Աստծուն ըստ արժանվույն փառավորել, և թե նա ինքը ինչպես կփառավորի իր անունը մոտ ապագայում։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓԱՌՔ ՏԱԼ ԵՀՈՎԱՅԻՆ

2. Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց իր փառքը Սինա լեռան մոտ (տես նաև նկարը)։

2 Ի՞նչ է փառքը։ Աստվածաշնչում «փառք» բառը կարող է վերաբերել ցանկացած բանի, ինչը անձնավորությանը մեծարելի է դարձնում կամ պատիվ բերում։ Իսրայելի ազգին Եգիպտոսի ստրկությունից ազատագրելուց կարճ ժամանակ հետո Եհովան փայլուն կերպով ցույց տվեց իր փառքը։ Միայն պատկերացրու. միլիոնավոր իսրայելացիներ հավաքվել են Սինա լեռան մոտ, որ լսեն իրենց Աստծուն։ Թանձր ամպերը ծածկել են լեռը։ Հանկարծ ուժգին երկրաշարժ է լինում՝ ակներևաբար ուղեկցվելով հրաբխային ակտիվությամբ։ Գետինը ցնցվում է նրանց ոտքերի տակ, կայծակ է փայլատակում, և ամենուրեք որոտի ու եղջերափողի ձայներ են տարածվում (Ելք 19։16-18; 24։17; Սաղ. 68։8)։ Եհովայի փառքի այդ ահազդու դրսևորումը տեսնելով՝ հավաքված իսրայելացիները ապշահար կանգնած են։

Սինա լեռան մոտ Եհովան ահազդու կերպով իր փառքը ցույց տվեց իսրայելացիներին (տես պարբերություն 2)


3. Ի՞նչ է նշանակում փառք տալ Եհովային։

3 Իսկ մարդիկ կարո՞ղ են փառավորել Աստծուն։ Այո՛, կարող են։ Եհովային փառավորելու կերպերից մեկը նրա անգերազանցելի զորության և սքանչելի հատկությունների մասին պատմելն է։ Մենք փառավորում ենք Աստծուն նաև այն ժամանակ, երբ փառքը նրան ենք վերագրում այն ամենի համար, ինչը անում ենք նրա զորության շնորհիվ (Ես. 26։12)։ Այդ հարցում ակնառու օրինակ է Դավիթ թագավորը։ Իսրայելի ժողովրդի առաջ աղոթելիս նա ասաց. «Քոնն են, ո՛վ Եհովա, մեծությունը, հզորությունը, գեղեցկությունը, վեհությունն ու մեծափառությունը, քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են»։ Դավթի աղոթքից հետո «ժողովուրդը գովաբանեց Եհովային» (1 Տար. 29։11, 20

4. Հիսուսն ինչպե՞ս փառք տվեց Եհովային։

4 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը փառավորեց Հորը՝ ցույց տալով, որ նա է իր կատարած հրաշքների Աղբյուրը (Մարկ. 5։18-20)։ Իր Հոր մասին Հիսուսի ասած խոսքերը և ուրիշների հանդեպ նրա վերաբերմունքը նույնպես փառք էին բերում Եհովային։ Մի անգամ, երբ Հիսուսը սովորեցնում էր ժողովարանում, իր ունկնդիրների մեջ նկատեց մի կնոջ, որը 18 տարի դիվահար էր։ Չար ոգու ազդեցության պատճառով նրա մեջքը կորացել էր, և նա չէր կարողանում ուղիղ քայլել։ Կարելի է պատկերացնել, թե այդ կինը ինչ լուրջ դժվարություններ էր ունենում դրա պատճառով։ Կարեկցանքից մղված՝ Հիսուսը մոտեցավ նրան և ջերմորեն ասաց. «Ո՛վ կին, քո հիվանդությունը բուժված է»։ Այնուհետև ձեռքերը կնոջ վրա դրեց, և նա անմիջապես ուղղվեց ու «սկսեց փառաբանել Աստծուն»։ Նա անչափ երախտապարտ էր, որ իր արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվել են (Ղուկ. 13։10-13)։ Այդ կինը հիմնավոր պատճառ ուներ փառք տալու Աստծուն, մենք՝ նույնպես։

Ի՞ՆՉՆ Է ՄՂՈՒՄ ՄԵԶ ՓԱՌԱՎՈՐԵԼՈՒ ԵՀՈՎԱՅԻՆ

5. Ի՞նչն է մեր մեջ հարգանք առաջացնում Եհովայի հանդեպ։

5 Մենք փառավորում ենք Եհովային, քանի որ խոր հարգանք ունենք նրա հանդեպ։ Մենք շատ պատճառներ ունենք հարգանք դրսևորելու մեր երկնային Հոր հանդեպ։ Նա ամենակարող է և անսահման զորություն ունի (Սաղ. 96։4-7)։ Աստծու ձեռքի բոլոր գործերում ակնհայտ երևում է նրա անհուն իմաստությունը։ Եհովան է մեզ կյանք պարգևել ու տվել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ապրելու համար (Հայտն. 4։11)։ Նա նվիրված է (Հայտն. 15։4)։ Ինչ-որ մեր Հայրն անում է, հաջողում է, և նա միշտ պահում է իր խոստումները (Հեսու 23։14)։ Ուստի զարմանալի չէ, որ Երեմիա մարգարեն Եհովայի մասին ասաց. «Ազգերի և թագավորությունների իմաստունների մեջ քեզ նման մեկը չկա» (Երեմ. 10։6, 7)։ Անկասկած, մենք Աստծու հանդեպ հարգանք ցուցաբերելու բազմաթիվ պատճառներ ունենք։ Սակայն հարգանք ունենալուց բացի՝ մենք նաև սիրում ենք Եհովային։

6. Ինչո՞ւ ենք սիրում Եհովային։

6 Մենք փառավորում ենք Եհովային, քանի որ խոր սեր ունենք նրա հանդեպ։ Խոսենք Եհովայի մի քանի հատկությունների մասին, որոնք մղում են մեզ սիրելու նրան։ Նա գթասիրտ է և կարեկից (Սաղ. 103։13; Ես. 49։15)։ Մեր երկնային Հայրն ապրումակցում է մեզ. երբ մենք ցավ ենք զգում, նա նույնպես ցավ է զգում (Զաք. 2։8)։ Նա հնարավորություն է ստեղծել մտերմանալու իր հետ և դառնալու իր ընկերը (Սաղ. 25։14; Գործ. 17։27)։ Եհովան խոնարհ է՝ «խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին, հողից բարձրացնում է խեղճին» (Սաղ. 113։6, 7)։ Ինչպե՞ս կարելի է չփառավորել մեր մեծ Աստծուն (Սաղ. 86։12

7. Ի՞նչ առանձնահատուկ հնարավորություն ունենք։

7 Մենք փառավորում ենք Եհովային, քանի որ ուզում ենք՝ ուրիշները ճանաչեն նրան։ Շատերը չգիտեն Եհովայի մասին ճշմարտությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև Սատանան նրա մասին սարսափելի ստեր է տարածել և կուրացրել է մարդկանց միտքը (2 Կորնթ. 4։4)։ Սատանան համոզել է նրանց, որ Եհովան վրեժխնդիր է ու անհոգի, և որ նա է աշխարհում տիրող տառապանքի հիմնական պատճառը։ Բայց մենք գիտենք Աստծու մասին ճշմարտությունը և հնարավորություն ունենք մարդկանց հայտնելու, թե իրականում ինչպիսին է նա, ու այդպիսով փառք բերելու նրան (Ես. 43։10)։ 96-րդ սաղմոսը նվիրված է Եհովայի փառաբանությանը։ Այդ սաղմոսից որոշ խոսքեր քննելով՝ մտածիր, թե ինչպես կարող ես փառք բերել Եհովային, ինչին նա իրավամբ արժանի է։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ՓԱՌԱՎՈՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

8. Ո՞րն է Եհովային փառավորելու կերպերից մեկը (Սաղմոս 96։1-3

8 Կարդա Սաղմոս 96։1-3։ Մենք կարող ենք փառաբանել Եհովային մեր խոսքերով։ Այս համարներում Եհովայի ժողովրդին կոչ է արվում «երգ երգել Եհովայի պատվին», «փառաբանել նրա անունը», «պատմել նրանից եկող փրկության բարի լուրը», «նրա փառահեղության մասին հայտնել ազգերին»։ Սրանք բոլորը կերպեր են, որոնցով կարող ենք փառաբանել մեր երկնային Հորը։ Հնում ապրած հավատարիմ հրեաները և առաջին դարի քրիստոնյաները չէին վարանում պաշտպանել Եհովայի համբավը և ուրիշներին պատմել այն բոլոր լավ բաների մասին, որոնք նա արել էր իրենց համար (Դան. 3։16-18; Գործ. 4։29)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք դա անել։

9-10. Ի՞նչ ենք սովորում Անջելինայի հետ տեղի ունեցածից (տես նաև նկարը)։

9 Անջելինա a անունով մի քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, քաջաբար պաշտպանեց Եհովայի համբավը այն ընկերությունում, որտեղ աշխատում էր։ Երբ նա նոր էր ընդունվել աշխատանքի, ընկերության նոր աշխատակիցներին ժողովի ժամանակ հնարավորություն տրվեց մյուսների առաջ ինչ-որ բան պատմել իրենց մասին։ Անջելինան սահիկաշար էր պատրաստել, որից երևում էր, թե ինքը, լինելով Եհովայի վկա, որքան ուրախ կյանքով է ապրում։ Սակայն նախքան կգար նրա խոսելու հերթը, աշխատակիցներից մեկը պատմեց, որ մեծացել է Վկաների ընտանիքում, և սկսեց ծաղրանքով խոսել մեր հավատալիքների մասին։ Անջելինան ասում է. «Սիրտս սկսեց արագ բաբախել։ Բայց մտածեցի. «Հիմա ի՞նչ, թույլ եմ տալու, որ ինչ-որ մեկը ստե՞ր խոսի Եհովայի մասին, թե՞ պաշտպանելու եմ նրա անունը»»։

10 Երբ նրա աշխատակիցը ավարտեց իր խոսքը, Անջելինան մտքում կարճ աղոթեց։ Ապա մեղմորեն դիմեց նրան՝ ասելով. «Իմ կյանքի պատմությունը նման է ձեր կյանքի պատմությանը։ Ես նույնպես մեծացել եմ Եհովայի վկաների ընտանիքում և մինչ օրս Վկա եմ»։ Թեև իրավիճակը լարված էր, բայց Անջելինան, հանդարտություն պահպանելով, իր այցելած հոգևոր միջոցառումներից ջերմ լուսանկարներ ցույց տվեց և նրբանկատորեն պաշտպանեց իր հավատալիքները (1 Պետ. 3։15)։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Մեր քրոջ պատմածից հետո այդ տղամարդու վերաբերմունքը փոխվեց։ Նա նույնիսկ խոստովանեց, որ հաճելի հուշեր ունի այն ժամանակներից, երբ շփվում էր Վկաների հետ։ Անջելինան ասում է. «Եհովան արժանի է, որ պաշտպանենք նրա համբավը։ Մեծ պատիվ է նրա անունը բարձր պահելը»։ Մենք նույնպես պատիվ ունենք գովաբանելու և փառաբանելու Եհովային, անգամ եթե ուրիշները անհարգալից են վերաբերվում նրա անվանը։

Մենք կարող ենք փառավորել Եհովային մեր խոսքով, արժեքավոր բաներով և վարքով (տես պարբերություններ 9-10) b


11. Ինչպե՞ս են Աստծու ծառաները պատմության ընթացքում կիրառել Սաղմոս 96։8-ում գրված սկզբունքը։

11 Կարդա Սաղմոս 96։8։ Մենք կարող ենք փառավորել Եհովային մեր արժեքավոր բաներով։ Եհովայի ծառաները միշտ այդ կերպ պատվել են նրան (Առակ. 3։9)։ Օրինակ՝ իսրայելացիները աջակցել են տաճարի շինարարությանն ու սպասարկմանը (2 Թագ. 12։4, 5; 1 Տար. 29։3-9)։ Քրիստոսի հոգատար աշակերտները «իրենց միջոցներով» ծառայել են նրան ու նրա առաքյալներին (Ղուկ. 8։1-3)։ Առաջին դարի քրիստոնյաները օգնել են աղետից տուժած իրենց հոգևոր եղբայրներին ու քույրերին (Գործ. 11։27-29)։ Այսօր մենք էլ կարող ենք փառավորել Եհովային մեր կամավոր նվիրատվություններով։

12. Ինչպե՞ս կարող ենք մեր նվիրատվություններով փառավորել Եհովային (տես նաև նկարը)։

12 Քննենք մի դեպք, որը ցույց է տալիս, թե մեր նվիրատվություններով ինչպես ենք փառք բերում Եհովային։ 2020թ. հաշվետվության մեջ ներկայացվում էր, թե ինչ հետևանքներ են եղել Զիմբաբվեում տեղի ունեցած երկարատև երաշտի պատճառով։ Միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ մեր քույր Պրիսկան, սովի պատճառով մահվան շեմին էին հայտնվել։ Չնայած երաշտի հետևանքով առաջացած դժվարություններին՝ նա ամեն չորեքշաբթի և ուրբաթ կանոնավոր ծառայում էր ու դա անում էր նույնիսկ հերկելու սեզոնին։ Պրիսկայի համագյուղացիները ծաղրում էին նրան, որ հողամասում աշխատելու փոխարեն քարոզչության է գնում։ Նրանք ասում էին. «Ընտանիքդ սովամահ է լինելու»։ Պրիսկան էլ վստահությամբ պատասխանում էր. «Եհովան երբեք չի թողնում իր ծառաներին»։ Կարճ ժամանակ հետո նա հումանիտար օգնություն ստացավ մեր կազմակերպությունից։ Դա շատ տպավորեց նրա համագյուղացիներին։ Նրանք ասացին Պրիսկային. «Աստված երբեք չի լքում քեզ, մենք էլ ենք ուզում ճանաչել նրան»։ Նրա հարևաններից յոթը սկսեցին հաճախել մեր հանդիպումներին։

Մենք կարող ենք փառավորել Եհովային մեր արժեքավոր բաներով (տես պարբերություն 12) c


13. Ինչպե՞ս ենք մեր վարքով փառավորում Եհովային (Սաղմոս 96։9

13 Կարդա Սաղմոս 96։9։ Մենք կարող ենք փառավորել Եհովային մեր վարքով։ Եհովայի տաճարում ծառայող քահանաները պետք է ֆիզիկապես մաքուր լինեին (Ելք 40։30-32)։ Բայց մաքուր վարքը ֆիզիկական մաքրությունից շատ ավելի կարևոր է (Սաղ. 24։3, 4; 1 Պետ. 1։15, 16)։ Մենք պետք է հանենք «հին անձնավորությունը», այսինքն՝ հրաժարվենք սխալ մտածելակերպից և վատ վարքից, ու հագնենք «նոր անձնավորությունը», այսինքն՝ այնպիսի մտածելակերպ ու վարք ունենանք, որոնք կարտացոլեն Եհովայի վեհ հատկությունները (Կող. 3։9, 10)։ Եհովայի օգնությամբ նույնիսկ ծայրահեղ անբարո ապրելակերպ ունեցող և դաժան մարդը կարող է փոխվել՝ հագնելով նոր անձնավորությունը։

14. Ի՞նչ ենք սովորում Ջեքի օրինակից (տես նաև նկարը)։

14 Տեսնենք, թե ինչ եղավ Ջեքի հետ, ով բռնարար էր և այնքան վտանգավոր, որ նրա մականունը Դև էին դրել։ Իր կատարած հանցագործությունների պատճառով նա մահապատժի էր դատապարտվել։ Մինչ Ջեքը սպասում էր իր դատավճռի իրականացմանը, կալանավայր այցելող եղբայրներից մեկը նրան Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց, և նա համաձայնեց։ Չնայած իր հանցավոր անցյալին՝ Ջեքը հանեց հին անձնավորությունը և ժամանակի ընթացքում համապատասխանեց մկրտության համար սահմանված պահանջներին։ Նա այնքան փոխվեց, որ իր մահապատժի օրը որոշ բանտապահներ հրաժեշտ տվեցին նրան արցունքն աչքներին։ Կալանավայրում աշխատող սպաներից մեկը մի անգամ ասել էր. «Մի ժամանակ Ջեքը այստեղ ամենավատ կալանավորն էր։ Այժմ նա լավագույններից է»։ Ջեքի մահից մեկ շաբաթ անց այն եղբայրները, ովքեր կալանավայրում ամեն շաբաթ ժողով էին անցկացնում, ծանոթացան մի կալանավորի հետ, ով առաջին անգամ էր ներկա լինում հանդիպմանը։ Ի՞նչն էր նրան մղել գալու։ Նրան տպավորել էր Ջեքի վարքը, և նա ցանկանում էր ավելին իմանալ այն մասին, թե ինչ է հարկավոր անել Եհովային պաշտելու համար։ Հստակ է, որ մեր վարքը կարող է փառք բերել մեր երկնային Հորը (1 Պետ. 2։12

Մենք կարող ենք փառավորել Եհովային մեր վարքով (տես պարբերություն 14) d


ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՓԱՌԱՎՈՐԵԼՈՒ ԻՐ ԱՆՈՒՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

15. Ինչպե՞ս է Եհովան մոտ ապագայում ամենուրեք փառավորելու իր անունը (Սաղմոս 96։10-13

15 Կարդա Սաղմոս 96։10-13։ 96-րդ սաղմոսի եզրափակիչ խոսքերը Եհովային նկարագրում են որպես արդար Դատավորի և Թագավորի։ Եհովան ինչպե՞ս է մոտ ապագայում փառավորելու իր անունը. իր դատավճիռներով։ Շուտով նա կործանելու է Մեծ Բաբելոնը, քանի որ վերջինս արատավորում է նրա անունը (Հայտն. 17։5, 16; 19։1, 2)։ Մեծ Բաբելոնի կործանմանը ականատես լինողներից ոմանք գուցե որոշեն պաշտել Եհովային։ Արմագեդոնի ժամանակ Եհովան վերացնելու է Սատանայի ողջ համակարգը՝ կործանելով նրանց, ովքեր հակառակվում են իրեն և հայհոյում են իր անունը։ Սակայն նա փրկելու է բոլոր նրանց, ովքեր սիրում, հնազանդվում և հպարտությամբ փառաբանում են իրեն (Մարկ. 8։38; 2 Թեսաղ. 1։6-10)։ Քրիստոսի հազարամյա իշխանությունից հետո, երբ մարդկությունը անցնի վերջին փորձությունը, Եհովան ամբողջությամբ սրբացնելու է իր անունը (Հայտն. 20։7-10)։ Այդ ժամանակ «երկիրը լիքն է լինելու Եհովայի փառքի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Ամբ. 2։14

16. Ի՞նչ ես փափագում անել (տես նաև նկարը)։

16 Որքա՜ն ուրախալի կլինեն այն ժամանակները, երբ ամեն մարդ Եհովային նրա անվանը վայել փառք կտա։ Սակայն մինչ կգան այդ օրերը, մենք կարող ենք ամեն առիթի դեպքում փառավորել Եհովային։ Այս հարցի կարևորությունն ընդգծելու համար Կառավարիչ մարմինը որպես 2025 թ. տարվա խոսք ընտրել է Սաղմոս 96։8-րդ համարը՝ «Եհովային իր անվանը վայել փառք տվեք»։

Ի վերջո բոլորը ըստ արժանվույն կփառավորեն Եհովային (տես պարբերություն 16)

ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա

a Որոշ անուններ փոխված են։

b ՆԿԱՐ. Անջելինայի հետ տեղի ունեցածի բեմականացված նկարը։

c ՆԿԱՐ։ Պրիսկայի հետ տեղի ունեցածի բեմականացված նկարը։

d ՆԿԱՐ։ Ջեքի հետ տեղի ունեցածի բեմականացված նկարը։