Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պետական ծառայողների հետ գործ ունենալիս քրիստոնյաները պետք է առաջնորդվեն Աստվածաշնչով մարզված իրենց խղճով

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչը կօգնի քրիստոնյաներին որոշելու՝ արդյոք տեղին է նվեր կամ թեյավճար տալ պետական ծառայողներին։

Հարկավոր է ի մտի ունենալ մի շարք գործոններ։ Քրիստոնյաները պետք է ազնիվ լինեն։ Նրանք պետք է հնազանդվեն տվյալ երկրի օրենքներին, երբ դրանք չեն հակասում Եհովայի օրենքներին (Մատթ. 22։21; Հռոմ. 13։1, 2; Եբր. 13։18)։ Նրանք ձգտում են հարգանքով վերաբերվել տեղի սովորություններին ու ընդունված կարգերին և «սիրել իրենց մերձավորին իրենց անձի պես» (Մատթ. 22։39; Հռոմ. 12։17, 18; 1 Թեսաղ. 4։11, 12)։ Այս սկզբունքները կիրառելը հավանական է՝ կանդրադառնա նվեր կամ թեյավճար տալու վերաբերյալ աշխարհի տարբեր մասերում ապրող քրիստոնյաների տեսակետի վրա։

Բազմաթիվ վայրերում հարկ չկա որևէ բան առաջարկելու հասարակական ծառայողին, որպեսզի ձեռք բերես մի բան, ինչի իրավունքն ունես։ Հասարակական ծառայողները կատարում են ծառայություն, ինչի համար պետությունը նրանց վճարում է, և նրանք ո՛չ պահանջում են, ո՛չ էլ ակնկալում են, որ իրենց աշխատավարձից բացի լրացուցիչ բան կստանան։ Շատ երկրներում օրենքով արգելված է, որ պետական ծառայողները որևէ գործ կատարելու դիմաց փորձեն ստանալ կամ վերցնեն արժեքավոր մի բան, նույնիսկ եթե նրանք օրինական ձևով են կատարել իրենց պարտականությունները։ Այդպիսի նվերը կաշառք կհամարվի, անգամ եթե այն ոչ մի ձևով չի փոխել գործի արդյունքը։ Այն երկրներում, որտեղ այսպիսի օրենքներ են գործում, ընդհանրապես հարց չի էլ առաջանում, թե արդյոք քրիստոնյան կարող է նվեր կամ թեյավճար տալ պետական ծառայողներին։ Նման դեպքերում նվերներ տալը պարզապես սխալ կլինի։

Այնուամենայնիվ, այն երկրներում, որտեղ չկան նման օրենքներ, կամ որտեղ այդ օրենքները խիստ չեն, հասարակական ծառայողները կարծում են, որ նվեր կամ թեյավճար վերցնելը սխալ չէ։ Իսկ որոշ երկրներում պաշտոնյաները, օգտվելով իրենց դիրքից, փող են կորզում կամ փորձում են շահ ստանալ այն մարդկանցից, ում նրանք պարտավոր են ծառայություն մատուցել, և չեն ցանկանում առանց նվերի որևէ բան անել։ Դրամական նվերներ հիմնականում պահանջում են այն պաշտոնյաները, որոնք ամուսնություններ են օրինականացնում, ընդունում են եկամտային հարկի օրինական վճարները, շինթույլտվություն են տալիս և այլն։ Իսկ երբ մարդիկ դրամական նվերներ չեն տալիս, նրանք դիտավորյալ խոչընդոտներ են ստեղծում գործի ընթացքը դժվարացնելու համար կամ անհնարին են դարձնում այն, ինչի օրինական իրավունքը քաղաքացին ունի։ Մի երկրի մասին անգամ ասվում է, որ հրշեջները չեն սկսում հանգցնել հրդեհը, մինչև որ նրանց մեծ դրամական նվեր չեն տալիս։

Երբեմն գուցե տեղին լինի ի նշան երախտագիտության՝ փոքրիկ նվեր տալ մի բանի համար, ինչը ստանալու իրավունքը անհատն ունի

Այն երկրներում, որտեղ նման բաները տարածված են, ոմանք գուցե մտածեն, որ անհնար է խուսափել թեյավճար տալուց։ Այսպիսի իրավիճակներում քրիստոնյան գուցե թեյավճարը համարի լրացուցիչ վճար, որը իրենից պահանջվում է, որպեսզի իր համար օրենքով սահմանված ծառայություն կատարվի։ Սակայն կոռուպցիոն մթնոլորտում քրիստոնյան պետք է զգույշ լինի, որպեսզի կարողանա հստակ տեսնել սահմանը այն բանի միջև, թե ինչն է ընդունելի Աստծուն, և ինչը՝ ոչ։ Մի բան է թեյավճար տալ ստանալու համար այն, ինչի իրավունքը անհատն ունի, մեկ ուրիշ բան է փորձել ստանալ այն, ինչի իրավունքը նա չունի։ Այն վայրերում, որտեղ կոռուպցիան տարածված է, ոմանք թեյավճար են տալիս պաշտոնյաներին, որպեսզի իրենց համար արվի մի բան, ինչի իրավունքը չունեն, կամ էլ «թեյավճար» են տալիս ոստիկանին կամ պետական տեսուչին, որպեսզի խուսափեն որևէ խախտում կատարելու պատճառով տուգանք վճարելուց։ Իհարկե, սխալ կլինի ինչ-որ մեկին կաշառելը՝ «նվեր» տալով, ինչպես որ սխալ կլինի կաշառք վերցնելը՝ նման «նվեր» ընդունելով։ Երկու դեպքում էլ արդարությունը կաղավաղվի (Ելք 23։8; 2 Օրենք 16։19; Առակ. 17։23

Հասուն քրիստոնյաներից շատերը, լսելով Աստվածաշնչով մարզված իրենց խղճի ձայնին, ճիշտ չեն համարում իրենցից թեյավճար ուզող պաշտոնյաներին որևէ բան տալ։ Նրանք կարծում են, որ թեյավճար տալով՝ կնպաստեն կոռուպցիայի տարածմանը կամ կհանդուրժեն այն։ Հետևաբար նրանք մերժում են ցանկացած տեսակի նվեր տալու պահանջներն ու ակնարկները։

Թեև հասուն քրիստոնյաները հասկանում են, որ անօրինական գործ իրականացնելու նպատակով թեյավճար տալը կարող է հավասար լինել կաշառք տալուն, տեղի հանգամանքները և ընդունված բարքերը գուցե թույլ տան որոշ քրիստոնյաների, ի նշան երախտագիտության, փոքր նվեր առաջարկել՝ օրինական գործ իրականացնելու կամ անարդարացի կերպով գործը ձգձգելուց խուսափելու համար։ Լինում են դեպքեր էլ, երբ հիվանդանոցում անվճար բուժում ստանալուց հետո որոշ քրիստոնյաներ, երախտագիտությունից մղված, բժիշկներին ու բուժքույրերին նվերներ են տալիս բուժծառայության համար, և նրանք դա անում են բուժումը ստանալուց հետո և ոչ թե առաջ, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, թե այդ նվերը կաշառք է կամ խնդրանք՝ արտոնյալ պայմաններով բուժում ստանալու համար։

Անհնար է նկատի առնել բոլոր հնարավոր իրավիճակները, որ կարող են ծագել տարբեր երկրներում։ Ուստի անկախ տեղի հանգամանքներից՝ քրիստոնյաները պետք է այնպիսի որոշում կայացնեն, որ նրանց խիղճը մաքուր մնա (Հռոմ. 14։1–6)։ Նրանք պետք է խուսափեն անօրինական գործեր անելուց (Հռոմ. 13։1–7)։ Նաև պետք է խուսափեն ցանկացած գործից, ինչը կարող է նախատինք բերել Եհովայի անվանը կամ գայթակղության պատճառ լինել ուրիշների համար (Մատթ. 6։9; 1 Կորնթ. 10։32)։ Նրանց որոշումները պետք է արտացոլեն սեր մերձավորի հանդեպ (Մարկ. 12։31

Ինչպե՞ս կարող են ժողովի անդամները արտահայտել իրենց ուրախությունը, երբ հայտարարվում է, որ ինչ-որ մեկը վերականգնվել է։

Ղուկաս 15-րդ գլխում արձանագրված է մի ազդեցիկ առակ, որը պատմեց Հիսուսը։ Այնտեղ խոսվում է մի մարդու մասին, ով 100 ոչխար ուներ։ Երբ ոչխարներից մեկը կորավ, այդ մարդը թողեց 99-ին անապատում և գնաց կորած ոչխարին փնտրելու, մինչև որ գտավ նրան։ Հիսուսն ասաց. «Երբ գտնի, կուրախանա ու կդնի նրան իր ուսերին։ Երբ նա տուն գա, կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարին»»։ Վերջում նա նշեց. «Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն» (Ղուկ. 15։4–7

Համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսը պատմեց այս առակը, որպեսզի շտկի դպիրների ու փարիսեցիների սխալ մտածելակերպը, ովքեր քննադատում էին նրան, որ շփվում է հարկահավաքների ու մեղավորների հետ (Ղուկ. 15։1–3)։ Հիսուսը նշեց, որ երկնքում ուրախություն է լինում, երբ մեղավորը զղջում է։ Մենք կարող ենք հարցնել. «Եթե երկնքում ուրախություն է լինում, մի՞թե երկրի վրա նույնպես չպետք է ուրախություն լինի, երբ մեղավորը զղջում է, թողնում է իր սխալ ընթացքը և ուղղում է իր ոտքերի ճանապարհները» (Եբր. 12։13

Երբ ժողովում ինչ-որ մեկը վերականգնվում է, մենք ուրախանալու պատճառ ենք ունենում։ Ինչ խոսք, անհատը պետք է շարունակի Աստծու առաջ պահել իր անարատությունը, բայց այն, որ նա վերականգնվել է, ցույց է տալիս, որ զղջացել է, և մենք ուրախ ենք դրա համար։ Հետևաբար երբ երեցները հայտարարեն, որ ինչ-որ մեկը վերականգնվել է, սխալ չի լինի, եթե ներկաները ինքնաբուխ, բայց և հարգալից ծափահարեն։

Ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ Երուսաղեմի Բեթզաթա ավազանի ջուրը «շարժվեր»։

Հիսուսի օրերում Երուսաղեմի բնակիչներից ոմանք կարծում էին, որ երբ Բեթզաթա ավազանի ջուրը «շարժվում» էր, այն կարող էր բուժել մարդկանց (Հովհ. 5։1–7)։ Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր ուզում էին բուժվել, ավազանի մոտ էին հավաքվում։

Բեթզաթան համարվում է հրեաների ծիսական մաքրման ավազան։ Այնտեղ ջուրը լցվում, և ջրի մակարդակը պահպանվում էր հարակից ջրամբարի շնորհիվ, ինչը Բեթզաթա ավազանի մաս էր կազմում։ Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկու ավազանները իրարից բաժանվում էին ամբարտակով։ Ամբարտակի ջրարգելակ դարպասը բացվում էր դեպի վեր, և ջրամբարից ջուրը ջրանցքի միջով ներքևից լցվում էր ավազանի մեջ։ Այդ պահին ջրի ուժգին հոսքը անշուշտ շարժում էր ավազանի ջրերը։

Ուշադրության է արժանի այն, որ Հովհաննես 5։4 համարը, որտեղ ասվում է, որ մի հրեշտակ շարժում էր ավազանի ջուրը, բացակայում է հին հունարեն վստահարժան ձեռագրերում, օրինակ՝ չորրորդ դարով թվագրված Սինայական ձեռագրում։ Ինչևէ, փաստն այն է, որ Բեթզաթայի մոտ Հիսուսը բուժեց մի մարդու, որը 38 տարի հիվանդ էր։ Այդ մարդը անմիջապես բուժվեց՝ առանց ջրավազան մտնելու։