Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երիտասարդնե՛ր, հաստատ կանգնեք Բանսարկուի դեմ

Երիտասարդնե՛ր, հաստատ կանգնեք Բանսարկուի դեմ

«Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (ԵՓԵՍ. 6։11

ԵՐԳ 79, 140

1, 2. ա) Երիտասարդ քրիստոնյաներն ինչպե՞ս են կարողանում հաղթել ոգեղեն չար ուժերին (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ՊՈՂՈՍ առաքյալը քրիստոնյաներին համեմատեց մարտի բռնված զինվորների հետ։ Ճիշտ է, մենք հոգևոր պատերազմ ենք մղում, սակայն մեր թշնամիներն իրական են։ Սատանան ու դևերը ահռելի փորձ ունեցող հմուտ ռազմիկներ են։ Առաջին հայացքից՝ նրանց հաղթելն անհնար է։ Այս պատերազմում առավել խոցելի են թվում երիտասարդ քրիստոնյաները։ Ինչպե՞ս նրանք կարող են հաղթել ոգեղեն չար էակներին, որոնք մարդկանցից ուժեղ են։ Նախ նշենք, որ պատանիները կարո՛ղ են հաղթել և հաղթո՛ւմ են։ Ինչո՞ւ։ Որովհետև «շարունակում են զորանալ Տիրոջով»։ Բացի այդ, լավ պատրաստված զինվորների պես՝ երիտասարդները համապատասխան հանդերձանք ունեն, որը նախատեսված է մարտ վարելու համար։ Նրանք «հագել են Աստծու տված ամբողջ սպառազինությունը» (կարդա Եփեսացիներ 6։10–12

2 Այս օրինակը բերելիս Պողոսը հավանաբար նկատի ուներ հռոմեական բանակի զինվորների սպառազինությունը (Գործ. 28։16)։ Եկեք տեսնենք, թե սա ինչու էր դիպուկ օրինակ։ Նաև ուշադրություն դարձնենք մի քանի երիտասարդների խոսքերին։ Նրանք կպատմեն, թե ինչ դժվարություններ են ունենում, սակայն ինչու է օգտակար կրել հոգևոր սպառազինության յուրաքանչյուր մաս։

Հագե՞լ ես Աստծու տված ամբողջ սպառազինությունը

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԳՈՏԵՎՈՐՎԱԾ»

3, 4. Աստվածաշնչյան ճշմարտությունը ի՞նչ առումով է նման հռոմեացի զինվորի գոտուն։

3 Կարդա Եփեսացիներ 6։14։ Հռոմեացի զինվորի գոտու վրա կային մետաղյա թիթեղներ, որոնք պաշտպանում էին նրա գոտկատեղը։ Գոտու շնորհիվ ավելի հեշտ էր կրել ծանր զրահը։ Բացի այդ, որոշ գոտիների վրա կային ամրակներ, որոնք պահում էին սուրն ու դաշույնը։ Երբ զինվորը գոտին ամուր կապում էր մեջքին, կարող էր հաստատ կանգնել մարտի դաշտում։

4 Նմանապես Աստծու Խոսքի ճշմարտություններն են պաշտպանում մեզ այն հոգևոր վնասից, որ բերում են կեղծ ուսմունքները (Հովհ. 8։31, 32; 1 Հովհ. 4։1)։ Որքան շատ ենք սիրում աստվածաշնչյան ճշմարտությունները, այնքան ավելի հեշտ է լինում կրել մեր «զրահը», այսինքն՝ ապրել Աստծու արդար չափանիշներով (Սաղ. 111։7, 8; 1 Հովհ. 5։3)։ Երբ այդ ճշմարտությունները լավ ենք հասկանում, կարողանում ենք հաստատուն մնալ ու հակառակորդների առաջ պաշտպանել դրանք (1 Պետ. 3։15

5. Ինչո՞ւ պետք է ճիշտը խոսենք։

5 Եթե աստվածաշնչյան ճշմարտությամբ գոտևորված լինենք, դրա համաձայն կապրենք և միշտ ճշմարտությունը կխոսենք։ Ինչո՞ւ։ Քանի որ սուտը Սատանայի հզոր զենքերից մեկն է։ Սուտը վնասում է և՛ նրան, ով ասում է այն, և՛ նրան, ով հավատում է դրան (Հովհ. 8։44)։ Ուստի չնայած մեր անկատարությանը՝ ամեն ինչ անում ենք, որ սուտ չխոսենք (Եփես. 4։25)։ Սակայն դա կարող է հեշտ չլինել։ 18 տարեկան Աբիգեյլը ասում է. «Երբեմն կարող է թվալ, որ ճիշտն ասելը հարմար չէ, հատկապես երբ սուտը կարող է ազատել քեզ դժվար իրավիճակից»։ Այդ դեպքում ինչո՞ւ է այս աղջիկը ջանում միշտ ճիշտը խոսել։ Նա ավելացնում է. «Քանի որ սուտ չեմ խոսում, Եհովայի առաջ մաքուր խիղճ ունեմ։ Ծնողներս ու ընկերներս վստահում են ինձ»։ Վիկտորյան, որը 23 տարեկան է, ասում է. «Երբ ճշմարտությունն ես խոսում ու պաշտպանում ես հավատալիքներդ, գուցե ճնշումների ենթարկվես։ Սակայն այդպես վարվելով՝ միշտ լավ արդյունքների ես հասնում. ավելի վստահ ես դառնում, մտերմանում ես Եհովայի հետ և քեզ սիրող մարդկանց հարգանքին ես արժանանում»։ Իսկապես որ, անչափ կարևոր է միշտ «ճշմարտությամբ գոտևորված» լինել։

Ճշմարտության գոտի (տես պարբերություն 3–5)

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶՐԱՀԸ»

6, 7. Արդարությունն ինչո՞ւ է զրահի հետ համեմատվում։

6 Հռոմեացի զինվորը զրահ էր կրում։ Առաջին դարում տարածված զրահի մի տեսակ կազմված էր հորիզոնական դասավորություն ունեցող և մասամբ իրար ծածկող երկաթյա թիթեղներից։ Դրանք գրկում էին ռազմիկի իրանը։ Մետաղյա կեռիկների ու ճարմանդների օգնությամբ այդ թիթեղները ամրացված էին կաշվե փոկերի։ Զինվորի ուսերը նույնպես ծածկված էին կաշեփոկերին ամրացված երկաթյա թիթեղներով։ Այս հանդերձանքը ինչ-որ չափով սահմանափակում էր զինվորի շարժումները։ Բացի այդ, նա պետք է միշտ ստուգեր, թե արդյոք թիթեղները ամրացված են իրենց տեղերում։ Սակայն զրահը նրա սիրտն ու մյուս կարևոր օրգանները պաշտպանում էր սրի ու նետերի հարվածներից։

7 Եհովայի արդար չափանիշները զրահի պես պաշտպանում են մեր այլաբանական սիրտը (Առակ. 4։23)։ Զինվորը երբեք իր երկաթյա զրահը չէր փոխի ցածրակարգ մետաղից պատրաստված զրահի հետ։ Նմանապես մենք էլ չենք ցանկանա Եհովայի արդար չափանիշների փոխարեն առաջնորդվել մեր սեփական չափանիշներով։ Մեր հասկացողությունն այնքան թերի է, որ չի կարող անհրաժեշտ չափով պաշտպանել մեզ (Առակ. 3։5, 6)։ Ուստի միշտ պետք է ստուգենք, թե արդյոք Եհովայի տված «մետաղյա թիթեղները» ամրացված են իրենց տեղերում և պաշտպանում են մեր սիրտը։

8. Ինչո՞ւ արժե Եհովայի չափանիշներով ապրել։

8 Եղե՞լ է այնպես, որ մտածես, թե Եհովայի արդար չափանիշները ծանրաբեռնում են քեզ կամ սահմանափակում են քո ազատությունը։ 21-ամյա Դենիելն ասում է. «Ուսուցիչներս ու համադասարանցիներս ծաղրում էին ինձ աստվածաշնչյան չափանիշներով ապրելու համար։ Դրա պատճառով կորցրի վստահությունս և ընկճվեցի»։ Ի՞նչն օգնեց այս տղային վերագտնել իր ուժերը։ Նա ասում է. «Ի վերջո տեսա, թե որքան օգտակար է Եհովայի չափանիշներով առաջնորդվել։ Իմ ընկերներից ոմանք սկսեցին թմրանյութեր օգտագործել, ուրիշներն էլ թողեցին ուսումը։ Ցավալի էր տեսնել, թե ինչպիսին դարձավ նրանց կյանքը։ Եհովան իրոք որ պաշտպանում է մեզ»։ Մեդիսոնը, որը 15 տարեկան է, խոստովանում է. «Ինձ համար դժվար է Եհովայի չափանիշներով առաջնորդվել ու չանել այն, ինչ հասակակիցներս զվարճալի են համարում»։ Ի՞նչն է օգնում այս աղջկան պայքարել։ Նա ավելացնում է. «Ինքս ինձ հիշեցնում եմ, որ Եհովայի անունն եմ կրում, և որ գայթակղությունները Սատանայի արձակած նետերն են։ Երբ մարտում հաղթում եմ, շատ եմ ուրախանում»։

Արդարության զրահ (տես պարբերություն 6–8)

«ՈՏՔԵՐԻՆ.... ՔԱՐՈԶԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԳԱԾ»

9–11. ա) Քրիստոնյաներն ի՞նչ այլաբանական կոշիկներ են կրում։ բ) Ի՞նչը կօգնի բարի լուրը քարոզելիս ավելի վստահ լինել։

9 Կարդա Եփեսացիներ 6։15։ Հռոմեացի զինվորը, առանց կոշիկ հագնելու, չէր կարողանա գնալ մարտի։ Նրա սանդալաձև կոշիկները կաշվի երեք շերտից էին կազմված։ Դրանք շատ ամուր էին, ինչի շնորհիվ ռազմիկը կարող էր վստահ քայլել։ Միևնույն ժամանակ դրանք հարմարավետ էին ու երկար էին ծառայում։

10 Կոշիկներ հագնելով՝ հռոմեացի զինվորները կարող էին հասնել մարտի դաշտ ու կռվել, իսկ քրիստոնյաների այլաբանական կոշիկները օգնում են նրանց խաղաղության լուր տանել (Ես. 52։7; Հռոմ. 10։15)։ Այնուամենայնիվ, քաջություն է հարկավոր, որպեսզի հարմար առիթի դեպքում խոսենք Աստվածաշնչից։ 20-ամյա Ռոբերտոն պատմում է. «Ես վախենում էի վկայություն տալ համադասարանցիներիս։ Երևի թե ամաչում էի։ Հետ նայելով՝ չեմ հասկանում, թե ինչու էի անհարմար զգում։ Սակայն այժմ երջանիկ եմ, որ կարողանում եմ քարոզել հասակակիցներիս»։

11 Շատ երիտասարդներ նկատել են, որ երբ լավ են պատրաստվում, ավելի մեծ վստահությամբ են քարոզում բարի լուրը։ Իսկ ինչպե՞ս կարող ես պատրաստվել։ 16-ամյա Ջուլիան ասում է. «Պայուսակիս մեջ միշտ գրականություն եմ պահում։ Նաև ջանում եմ ուշադիր լինել ու լսել, թե ինչ կարծիքներ են արտահայտում համադասարանցիներս։ Հետո մտածում եմ, թե նրանց ինչպես օգնեմ։ Երբ պատրաստված եմ լինում, կարողանում եմ նրանց հետ խոսել այն թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են նրանց»։ Մակենզի անունով մի աղջիկ, որը 23 տարեկան է, նշում է. «Եթե բարի ես ու պատրաստ լսելու հասակակիցներիդ, հասկանում ես, թե ինչ խնդիրներ ունեն նրանք։ Ես կարդում եմ երիտասարդների համար հրատարակվող բոլոր նյութերը։ Այդպես կարողանում եմ հասակակիցներիս ուշադրությունը հրավիրել Աստվածաշնչում կամ jw.org կայքում տրվող օգտակար խորհուրդների վրա»։ Ինչպես երևում է այս երիտասարդների խոսքերից, երբ պատրաստվում ես քարոզելու, քո այլաբանական կոշիկները ամուր գրկում են ոտքերդ և օգնում են վստահ քայլել։

Կոշիկ՝ քարոզելու պատրաստակամություն (տես պարբերություն 9–11)

«ՀԱՎԱՏԻ ՄԵԾ ՎԱՀԱՆԸ»

12, 13. Սատանան ի՞նչ «կրակոտ նետեր» կարող է արձակել մեզ վրա։

12 Կարդա Եփեսացիներ 6։16։ Հռոմեացի զինվորի ձեռքին ուղղանկյունաձև «մեծ վահան» կար։ Այն ծածկում էր նրա մարմինը ուսերից մինչև ծնկները և պաշտպանում էր զենքերի ու նետերի հարվածներից։

13 Սատանայի «կրակոտ նետերից» են Եհովայի մասին ստերը։ Այդ ստերից մեկն այն է, թե Աստված քեզ չի սիրում ու հոգ չի տանում քո մասին։ 19-ամյա Իդան պայքարում է թերարժեքության զգացումի դեմ. «Հաճախ մտածում եմ, թե Եհովան իմ կողքին չէ, թե նա չի ուզում լինել իմ Ընկերը»։ Ի՞նչն է օգնում այս աղջկան պաշտպանվել Սատանայի «կրակոտ նետերից»։ Նա ասում է. «Հանդիպումները անչափ զորացնում են իմ հավատը։ Առաջ պարզապես նստում էի Սրահում ու ոչ մի մեկնաբանություն չէի տալիս։ Մտածում էի, թե ոչ ոք չի ուզում լսել իմ ասածը։ Սակայն այժմ պատրաստվում եմ հանդիպումներին ու ջանում եմ երկու-երեք անգամ պատասխանել։ Դա դժվար է, բայց երբ մեկնաբանություն եմ տալիս, ինձ ավելի լավ եմ զգում։ Եղբայրներն ու քույրերը ինձ շատ են քաջալերում։ Ամեն հանդիպումից հետո տուն եմ վերադառնում այն համոզմունքով, որ Եհովան սիրում է ինձ»։

14. Իդայի օրինակը ի՞նչ ճշմարտություն է բացահայտում։

14 Իդայի օրինակը մի կարևոր ճշմարտություն է բացահայտում։ Բառացի վահանի չափն անփոփոխ է, սակայն հավատի վահանը կարող է փոքրանալ կամ մեծանալ։ Դա մեզանից է կախված (Մատթ. 14։31; 2 Թեսաղ. 1։3)։ Ուստի անչափ կարևոր է ամրացնել մեր հավատը։

Հավատի մեծ վահան (տես պարբերություն 12–14)

«ՓՐԿՈՒԹՅԱՆ ՍԱՂԱՎԱՐՏԸ»

15, 16. Հույսն ինչո՞վ է նման սաղավարտի։

15 Կարդա Եփեսացիներ 6։17։ Սաղավարտը, որ կրում էր հռոմեական հետևակի զինվորը, նրա գլուխը, պարանոցն ու դեմքը պաշտպանում էր հարվածներից։ Որոշ սաղավարտներ բռնակներ ունեին, որոնց շնորհիվ զինվորները կարող էին դրանք նաև ձեռքներին բռնած տանել։

16 Ինչպես որ սաղավարտն է պաշտպանում զինվորի ուղեղը, այնպես էլ «փրկության հույսն» է պաշտպանում մեր միտքը՝ խորհելու կարողությունը (1 Թեսաղ. 5։8; Առակ. 3։21)։ Հույսն օգնում է մեզ կենտրոնացած մնալ Աստծու խոստումների վրա և ճիշտ վերաբերվել մեր խնդիրներին (Սաղ. 27։1, 14; Գործ. 24։15)։ Սակայն եթե ուզում ենք, որ «սաղավարտը» պաշտպանի մեզ, պետք է այն ոչ թե ձեռքում պահենք, այլ մեր գլխին դնենք։

17, 18. ա) Սատանան ինչպե՞ս կարող է մեզ համոզել, որ հանենք մեր սաղավարտը։ բ) Ի՞նչը ցույց կտա, որ խաբված չենք Սատանայի կողմից։

17 Սատանան ինչպե՞ս կարող է համոզել մեզ հանել մեր սաղավարտը։ Հիշենք, թե նա ինչ առաջարկեց Հիսուսին։ Սատանան գիտեր, որ Հիսուսը դառնալու էր Թագավոր և իշխելու էր ողջ մարդկության վրա, սակայն պետք է սպասեր մինչև Աստծու սահմանած ժամանակը։ Մինչ այդ նա պետք է տառապեր ու մահանար։ Ուստի Սատանան Հիսուսին առաջարկեց ավելի շուտ ստանալ այն, ինչին նա սպասում էր։ Բանսարկուն ասաց, որ եթե Հիսուսը թեկուզ մեկ անգամ երկրպագի իրեն, կկարողանա անմիջապես դառնալ ողջ աշխարհի տիրակալը (Ղուկ. 4։5–7)։ Նմանապես Սատանան գիտի, որ Եհովան նոր աշխարհում է մեզ նյութական առատ բարիքներ տալու։ Սակայն մենք պետք է սպասենք ու նեղությունների միջով անցնենք։ Ուստի մեր թշնամին գայթակղիչ առաջարկներ է անում, որ հիմա՛ ձգտենք առատության մեջ ապրել։ Նա ուզում է, որ մեր կյանքում առաջնային տեղ տանք ոչ թե Աստծու Թագավորությանը, այլ նյութական բաներին՝ ձգտելով ամեն ինչ հիմա՛ ստանալ (Մատթ. 6։31–33

18 Բազում երիտասարդ քրիստոնյաների պես՝ 20-ամյա Քիանան թույլ չի տալիս, որ Սատանան այս ձևով խաբի իրեն։ Նա ասում է. «Ես գիտեմ, որ մեր միակ հույսը Աստծու Թագավորությունն է։ Միայն այդ կառավարությունը կարող է լուծել մարդկության բոլոր խնդիրները»։ Հաստատուն հույսն ինչպե՞ս է ազդում այս աղջկա մտածելակերպի ու գործելակերպի վրա։ Նա ավելացնում է. «Դրախտում ապրելու հույսը օգնում է ինձ ճիշտ տեսակետ ունենալ աշխարհիկ նպատակների վերաբերյալ։ Չեմ փորձում տաղանդներս սեփական շահի համար օգտագործել և կարիերայի չեմ ձգտում։ Փոխարենը՝ ժամանակս և ուժերս օգտագործում եմ հոգևոր նպատակների հասնելու համար»։

Փրկության սաղավարտ (տես պարբերություն 15–18)

«ՈԳՈՒ ՍՈՒՐԸ»՝ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ

19, 20. Ի՞նչ կարող ենք անել, որ ավելի հմտորեն օգտագործենք Աստծու Խոսքը։

19 Պողոսի ժամանակներում հռոմեական հետևազորն օգտագործում էր 50 սանտիմետր (20 դյույմ) երկարություն ունեցող սուր։ Հռոմեացի զինվորները հմուտ սրամարտիկներ էին, քանի որ ամեն օր վարժվում էին։

20 Պողոսը Աստծու Խոսքը սրի հետ է համեմատում։ Մենք պետք է սովորենք Եհովայի տված սուրը հմտորեն օգտագործել, երբ պաշտպանում ենք մեր հավատալիքները կամ շտկում ենք մեր մտածելակերպը (2 Կորնթ. 10։4, 5; 2 Տիմոթ. 2։15)։ Ինչպե՞ս կարող ես բարելավել քո հմտությունները։ 21-ամյա Սեբաստիանն ասում է. «Աստվածաշունչն ընթերցելիս ամեն գլխից դուրս եմ գրում որևէ համար և իմ սիրած համարների ցուցակի մեջ ընդգրկում։ Սա ինձ օգնում է ավելի լավ հասկանալ Եհովայի մտածելակերպը»։ Իսկ Դենիելը, ում մասին արդեն հիշատակել ենք, ասում է. «Աստվածաշունչը կարդալիս ընտրում եմ համարներ, որոնք, իմ կարծիքով, օգտակար կլինեն այն մարդկանց համար, ում հանդիպում եմ ծառայության ժամանակ։ Երբ մարդիկ տեսնում են, որ խանդավառությամբ ես խոսում Աստվածաշնչից և ջանում ես օգնել իրենց, լավ են արձագանքում»։

Ոգու սուր (տես պարբերություն 19–20)

21. Ինչո՞ւ չպետք է վախենանք Սատանայից ու դևերից։

21 Ինչպես տեսանք հոդվածում նշված երիտասարդների օրինակից, մենք չպետք է վախենանք Սատանայից ու դևերից։ Նրանք ահազդու են, բայց ոչ անպարտելի։ Նրանք մահկանացու են։ Շուտով՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ժամանակ, Սատանան ու դևերը կբանտարկվեն՝ կատարյալ անգործության մեջ կհայտնվեն, իսկ հետո կոչնչացվեն (Հայտն. 20։1–3, 7–10)։ Մենք ճանաչում ենք մեր թշնամուն, տեղյակ ենք նրա դիտավորություններին ու մարտավարությանը։ Ուստի Եհովայի օգնությամբ կարող ենք հաստատ կանգնել նրա դեմ։