Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 22

Ինչպես բարելավել Աստծու Խոսքի ուսումնասիրությունը

Ինչպես բարելավել Աստծու Խոսքի ուսումնասիրությունը

«Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (ՓԻԼԻՊ. 1։10

ԵՐԳ 35 «Հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ոմանք ինչո՞ւ ուսումնասիրություն չեն անում։

ԱՅՍՕՐ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է ապրուստ վաստակում։ Մեր հավատակիցներից շատերը երկար ժամեր են աշխատում, որ կարողանան հոգալ իրենց ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները։ Ոմանք էլ ստիպված են ամեն օր մի քանի ժամ ծախսել աշխատանքի վայր հասնելու և տուն վերադառնալու համար։ Կան նաև այնպիսիներ, որոնք իրենց հացը վաստակելու համար ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում։ Եվ աշխատանքային օրվա վերջում մեր այս ժրաջան եղբայրներն ու քույրերը այնքան հոգնած են լինում, որ ուժ չեն ունենում ուսումնասիրություն անելու։

2. Ե՞րբ ես ժամանակ գտնում անձնական ուսումնասիրության համար։

2 Այնուամենայնիվ, մենք պետք է ժամանակ գտնենք, որ ուսումնասիրենք Աստծու Խոսքը և մեր հրատարակությունները, ընդ որում՝ ինչպես հարկն է ուսումնասիրենք։ Չէ՞ որ դրանից են կախված Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները և մեր հավիտենական կյանքը (1 Տիմոթ. 4։15)։ Ոմանք վաղ առավոտյան են անձնական ուսումնասիրություն անում, երբ տանը լռություն է, և իրենց միտքը թարմ է։ Մյուսներն էլ օրվա վերջում են մի քանի հանգիստ րոպե ունենում, որոնք օգտագործում են հոգևորապես սնվելու և իրենց կարդացածի շուրջ խորհրդածելու համար։

3–4. Ի՞նչ փոփոխություններ են արվել մեր հրատարակչական գործում և ինչո՞ւ։

3 Հավանաբար ինքդ էլ կհամաձայնվես, որ շատ կարևոր է ժամանակ գտնել Աստվածաշնչի և մեր հրատարակությունների ուսումնասիրության համար։ Բայց ո՞ր մեկը ուսումնասիրել։ Հնարավոր է՝ ասես. «Այնքան շատ բան կա կարդալու, որ չեմ հասցնում բոլորն ուսումնասիրել»։ Ճիշտ է, կան մարդիկ, որ հասցնում են կարդալ մեր բոլոր հրատարակությունները և դիտել բոլոր տեսանյութերը, բայց շատերի համար դժվար է ժամանակ գտնել։ Կառավարիչ մարմինը դա շատ լավ գիտի։ Դրա համար էլ վերջերս որոշում է կայացրել կրճատելու ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով թողարկվող նյութերը։

4 Օրինակ՝ մենք այլևս չենք հրատարակում «Եհովայի վկաների տարեգիրքը», քանի որ այժմ քաջալերական շատ դեպքերի մասին պատմվում է jw.org® կայքում և JW Broadcasting® հեռուստաալիքի ամենամսյա ծրագրերում։ Իսկ «Դիտարանի» հանրային թողարկումը և «Արթնացե՛ք»-ը այժմ լույս են տեսնում տարին միայն երեք անգամ։ Այս փոփոխությունները չեն արվել այն նպատակով, որ մենք ավելի շատ ժամանակ ունենանք ուրիշ գործերի համար։ Դրանք արվել են, որ կարողանանք ժամանակ հատկացնել «ավելի կարևոր» բաներին (Փիլիպ. 1։10)։ Ուստի եկեք քննենք, թե ինչպես ճիշտ առաջնահերթություններ սահմանենք և արդյունավետորեն անձնական ուսումնասիրություն անենք։

ՃԻՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՐ

5–6. Ո՞ր հրատարակությունները պետք է խորությամբ ուսումնասիրենք։

5 Առաջին հերթին ո՞ր հրատարակությունները պետք է ուսումնասիրենք։ Նախևառաջ՝ պետք է ամեն օր ժամանակ հատկացնենք Աստծու Խոսքն ուսումնասիրելու համար։ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ծրագրում ընդգրկված նյութը կրճատվել է, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք մտորելու մեր կարդացածի շուրջ և հավելյալ փնտրտուքներ անելու։ Մենք պետք է ձգտենք ոչ միայն ընթերցել Սուրբ Գրքի տվյալ հատվածը, այլև այնպես անել, որ այն մեր սրտին հասնի և մեզ ավելի մտերմացնի Աստծու հետ (Սաղ. 19։14

6 Է՞լ ինչ պետք է խորությամբ ուսումնասիրենք։ Մենք պետք է պատրաստվենք «Դիտարանի» ուսումնասիրությանն ու ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրությանը, ինչպես նաև միջշաբաթյա հանդիպման ծրագրի մյուս բաժիններին։ Բացի այդ, պետք է կարդանք հանրային «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի բոլոր նոր համարները։

7. Պե՞տք է արդյոք վհատվենք, եթե չենք հասցնում կարդալ կամ դիտել այն ամենը, ինչ թողարկվում է մեր կայքում և ցուցադրվում է մեր հեռուստաալիքով։

7 «Լավ,— գուցե ասես։— Ենթադրենք՝ այդ ամենը կարդացի։ Իսկ մեր կայքի և հեռուստաալիքի նյութե՞րը... Ախր դրանք այնքա՜ն շատ են»։ Նկատի առ մի օրինակ. ռեստորանում հաճախորդներին համեղ ուտեստների մեծ բազմազանություն է առաջարկվում։ Սակայն նրանք պարզապես ի վիճակի չեն բոլորն էլ փորձելու, ուստի սովորաբար սահմանափակվում են միայն մի քանի ճաշատեսակով։ Նմանապես, եթե չես հասցնում կարդալ էլեկտրոնային ձևաչափով թողարկված մեր բոլոր նյութերը, մի՛ վհատվիր։ Կարդա կամ դիտիր այնքան, որքան ի վիճակի ես։ Այժմ եկեք քննենք, թե ինչպես է հարկավոր ուսումնասիրություն անել, և ինչպես կարող ենք այն հնարավորինս արդյունավետ դարձնել։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է

8. Ինչպե՞ս պետք է պատրաստվենք «Դիտարանի» ուսումնասիրությանը, և դա մեզ ի՞նչ օգուտ կբերի։

8 Ուսումնասիրություն անել նշանակում է պրպտուն մտքով կարդալ նյութը՝ նպատակ ունենալով կարևոր դասեր քաղելու դրանից։ Նյութը արագ-արագ ընթերցելն ու հարցերի պատասխաններն ընդգծելը ուսումնասիրություն չես անվանի։ Օրինակ՝ «Դիտարանի» հոդվածի քննարկմանը պատրաստվելիս նախ կարդա դրա ներածությունը։ Ապա աչքի անցկացրու վերնագիրը, ենթավերնագրերն ու ամփոփիչ հարցերը և մտորիր դրանց շուրջ։ Հետո սկսիր դանդաղ և ուշադիր կարդալ հոդվածը։ Ուշադրություն դարձրու այն նախադասությանը, որից երևում է, թե պարբերությունն ինչի մասին է լինելու։ Սովորաբար դա պարբերության առաջին նախադասությունն է։ Հոդվածն ընթերցելիս մտածիր, թե յուրաքանչյուր պարբերություն ինչպես է կապված ենթավերնագրի և գլխավոր թեմայի հետ։ Նշիր անծանոթ բառերը և այն մտքերը, որոնց վերաբերյալ կցանկանայիր լրացուցիչ տեղեկություններ գտնել։

9. ա) «Դիտարանի» հոդվածն ուսումնասիրելիս ինչո՞ւ պետք է հատուկ ուշադրություն դարձնենք սուրբգրային համարներին և ի՞նչ պետք է փորձենք հասկանալ։ բ) Ինչպես նշված է Հեսու 1։8-ում, Աստվածաշնչից հատվածներ կարդալուց բացի՝ ի՞նչ պետք է անենք։

9 «Դիտարանի» հոդվածի միջոցով մենք իրականում Աստվածաշունչն ենք ուսումնասիրում։ Ուստի հատուկ ուշադրություն դարձրու հոդվածում նշված սուրբգրային համարներին, հատկապես նրանց, որոնք ընթերցվելու են ժողովի հանդիպման ժամանակ։ Փորձիր հասկանալ, թե այնտեղ գործածված բառերն ու արտահայտությունները ինչպես են թիկունք կանգնում պարբերության գլխավոր մտքին։ Ժամանակ հատկացրու, որ խորհրդածես կարդացածդ համարների շուրջ և մտածես, թե ինչպես կարող ես դրանք կիրառել քո կյանքում (կարդա Հեսու 1։8

Ծնողնե՛ր, ձեր երեխաներին սովորեցրեք ուսումնասիրություն անել (տես պարբերություն 10) *

10. Հաշվի առնելով Եբրայեցիներ 5։14-ը՝ ծնողները ինչո՞ւ պետք է ընտանեկան երկրպագության ժամանակ երեխաներին սովորեցնեն փնտրտուքներ կատարել և ուսումնասիրություններ անել։

10 Իհարկե, ծնողները ցանկանում են, որ երեխաները հաճույք ստանան ընտանեկան երկրպագությունից։ Թեև ծնողները միշտ պետք է նախապես որոշեն, թե ինչ են քննարկելու ընտանեկան երկրպագության ժամանակ, սակայն կարիք չկա մտածելու, թե ամեն շաբաթ հարկավոր է ծրագրի մեջ ինչ-որ հատուկ, հետաքրքրաշարժ բան ընդգրկել։ Ճիշտ է, ընտանիքով կարելի է դիտել «JW հեռարձակման» ամսական թողարկումը կամ ժամանակ առ ժամանակ հատուկ ծրագիր կազմակերպել, օրինակ՝ փորձել Նոյի տապանի նմուշը պատրաստել, բայց նաև շատ կարևոր է երեխաներին սովորեցնել ուսումնասիրություն անել։ Օրինակ՝ նրանք պետք է սովորեն պատրաստվել ժողովի հանդիպումներին և փնտրտուքներ անել դպրոցում ծագած որևէ հարցի շուրջ (կարդա Եբրայեցիներ 5։14)։ Եթե նրանք տանը ժամանակ տրամադրեն աստվածաշնչյան թեմաներով ուսումնասիրություններ անելուն, ապա նրանց համար ավելի հեշտ կլինի ուշադրությամբ լսել ժողովի հանդիպումների և համաժողովների ծրագրերը, որոնք ոչ միշտ են տեսանյութեր պարունակում։ Ուսումնասիրության տևողությունը որոշելիս հարկավոր է հաշվի առնել երեխայի տարիքն ու խառնվածքը։

11. Ինչո՞ւ է կարևոր Աստվածաշունչ ուսումնասիրողին սովորեցնել ինքնուրույն խոր ուսումնասիրություններ անել։

11 Այն մարդիկ, որոնց Աստվածաշունչ ենք ուսուցանում, նույնպես պետք է սովորեն անձնական ուսումնասիրություն անել։ Երբ նրանք նոր են սկսում Աստծու Խոսքն ուսումնասիրել, մենք ուրախանում ենք՝ տեսնելով, որ ուսումնասիրությանը կամ ժողովի հանդիպումներին պատրաստվելիս նրանք ընդգծել են հարցերի պատասխանները։ Բայց անհրաժեշտ է նրանց սովորեցնել ինքնուրույն փնտրտուքներ կատարել և խոր ուսումնասիրություններ անել։ Եթե դա անենք, ապա երբ նրանք կյանքում խնդիրների բախվեն, ոչ թե ժողովում ուրիշներին կհարցնեն, թե ինչպես վարվեն, այլ կկարողանան մեր հրատարակությունների մեջ ինքնուրույն փնտրտուքներ անել և համապատասխան խորհուրդներ գտնել։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԻՍ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՑԻՐ

12. Ուսումնասիրություն անելիս ի՞նչ նպատակներ կարող ենք դնել։

12 Եթե չես սիրում ուսումնասիրություն անել, քեզ գուցե թվա, թե երբեք հաճույք չես ստանա դրանից։ Բայց համոզված եղիր, որ այդ դժվարությունը կարելի է հաղթահարել։ Սկզբում կարճ ժամանակ տրամադրիր ուսումնասիրությանը, ապա աստիճանաբար ավելացրու այն։ Ուսումնասիրություն անելիս նպատակ ունեցիր։ Իհարկե, մեր գլխավոր նպատակը պետք է լինի Եհովայի հետ ավելի մտերմանալը։ Սակայն մենք կարող ենք ունենալ նաև այլ նպատակներ, օրինակ՝ գտնել մեզ տրված որևէ հարցի պատասխանը կամ մեր ունեցած խնդրի լուծումը։

13. ա) Ի՞նչ կարող է անել երիտասարդը՝ դպրոցում իր հավատալիքները պաշտպանելու համար։ բ) Ինչպե՞ս կարող ես կիրառել Կողոսացիներ 4։6-ում նշված խորհուրդը։

13 Ենթադրենք՝ դու պատանի ես և դպրոց ես հաճախում։ Հնարավոր է՝ քո բոլոր համադասարանցիները հավատում են էվոլյուցիոն տեսությանը։ Դու ուզում ես պաշտպանել աստվածաշնչյան ճշմարտությունը, բայց մտածում ես, թե դա այնքան էլ լավ չես կարողանա անել։ Ուստի այդ թեմայով խոր ուսումնասիրություններ արա։ Դու կարող ես երկու նպատակ ունենալ՝ 1) ամրապնդել համոզվածությունդ, որ Աստված է ամեն բան արարել, և 2) սովորել ավելի հմտորեն բացատրել հավատալիքներդ (Հռոմ. 1։20; 1 Պետ. 3։15)։ Հարցրու ինքդ քեզ. «Համադասարանցիներս ի՞նչ փաստարկներ ունեն, որ հավատում են էվոլյուցիոն տեսությանը»։ Ապա օգտվելով մեր հրատարակություններից՝ փնտրտուքներ արա։ Հավատալիքներդ պաշտպանելը կարող է այնքան էլ դժվար չլինել, որքան կարծում ես։ Մարդկանց մեծամասնությունը էվոլյուցիային հավատում է լոկ այն պատճառով, որ իրենց կողմից հարգված մեկը այն ներկայացրել է որպես ճշմարտություն։ Այդ տեսությունը հերքող մեկ կամ երկու փաստն անգամ կարող է բավարար լինել, որ անկեղծ մարդուն օգնես գտնել ճշմարտությունը (կարդա Կողոսացիներ 4։6

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՐՈՒ

14–16. ա) Ի՞նչ կարող ես անել, որ ավելի շատ բան իմանաս Աստվածաշնչի այն գրքի վերաբերյալ, որին այնքան էլ ծանոթ չես։ բ) Բացատրիր, թե նշված աստվածաշնչյան համարները ինչպե՞ս են օգնում ավելի լավ հասկանալ «Ամոս» գիրքը (տես նաև « Մտքումդ կենդանացրու Աստծու Խոսքը» շրջանակը)։

14 Պատկերացրու, որ ժողովի առաջիկա հանդիպմանը քննարկելու ենք Աստվածաշնչի մարգարեական փոքր գրքերից մեկը, որին դու այնքան էլ ծանոթ չես։ Ուստի առաջին քայլդ պետք է լինի այն, որ քո մեջ ցանկություն զարգացնես ավելին իմանալու այդ գրքում գրվածի մասին։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել։

15 Նախ հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ գիտեմ այս գիրքը գրած մարգարեի մասին։ Ո՞վ էր նա, որտե՞ղ էր ապրում, ինչո՞վ էր զբաղվում»։ Գրողի ծագումն ու աշխատանքի բնույթը մեծապես ազդում են այն բանի վրա, թե նա ինչ բառեր և օրինակներ է օգտագործում իր խոսքում։ Աստվածաշունչը կարդալիս ուշադրություն դարձրու այն արտահայտություններին, որոնք շատ բան են ասում գրողի անձնավորության մասին։

16 Հետո իմացիր, թե երբ է գրվել այդ գիրքը։ Դա հեշտությամբ կարող ես անել, եթե բացես «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերջնամասում բերված «Աստվածաշնչի գրքերը» աղյուսակը։ Բացի այդ, կարող ես աչքի անցկացնել «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույցում» տպագրված «Հուդայի և Իսրայելի մարգարեներն ու թագավորները» սանդղակը։ Եթե Աստվածաշնչի այն գիրքը, որ ուսումնասիրում ես, մարգարեական է, լավ կլինի՝ պարզես, թե դրա գրվելու ժամանակ մարդիկ ինչ պայմաններում են ապրել և ինչ սխալ մտածելակերպ ու վարք են ունեցել, որոնք շտկելու համար մարգարեն ուղարկվել է նրանց մոտ։ Նաև իմացիր, թե ովքեր են եղել մարգարեի ժամանակակիցները։ Իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար գուցե կարիք լինի Աստվածաշնչի մյուս գրքերից էլ օգտվելու։ Օրինակ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե Ամոս մարգարեի օրոք ինչ իրավիճակ էր տիրում, պետք է կարդաս «2 Թագավորներ» և «2 Տարեգրություն» գրքերի այն հատվածները, որոնք նշված են «Ամոս» գրքի 1-ին գլխի 1-ին համարի զուգահեռ հղումներում։ Քեզ շատ կօգնի նաև Օսեե մարգարեի գիրքը, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, Ամոսի ժամանակակիցն է եղել։ Այս բոլոր աղբյուրներից օգտվելով՝ ավելի լավ կհասկանաս, թե ինչպիսին էր կյանքը Ամոսի ժամանակներում (2 Թագ. 14։25–28; 2 Տար. 26։1–15; Օս. 1։1–11; Ամոս 1։1

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

17–18. Պարբերությունների մեջ բերված օրինակներով կամ քո գտած օրինակով բացատրիր, թե անէական թվացող մանրամասնություններին ուշադրություն դարձնելով՝ ինչպես կարող ես հարստացնել անձնական ուսումնասիրությունդ։

17 Երբ ընթերցում ես Աստվածաշունչը, հետաքրքրասիրությունը կարող է շատ օգտակար լինել։ Ենթադրենք՝ կարդում ես Զաքարիայի մարգարեության 12-րդ գլուխը, որտեղ կանխագուշակված է Մեսիայի մահը (Զաք. 12։10)։ Երբ հասնում ես 12-րդ համարին, կարդում ես, որ «Նաթանի տան ազգատոհմը» սուգ կանի Մեսիայի վրա։ Այս մանրամասնության վրայով արագ անցնելու փոխարեն՝ կանգ ես առնում և հարցնում ինքդ քեզ. «Նաթանի տունը ի՞նչ կապ ունի Մեսիայի հետ։ Հնարավո՞ր է դա ինչ-որ ձևով ճշտել»։ Ու փոքր «հետաքննություն» ես սկսում։ Գնում ես զուգահեռ հղումների հետքերով և տեսնում ես 2 Սամուել 5։14-ը, որտեղից իմանում ես, որ Նաթանը Դավիթ թագավորի որդիներից մեկն էր։ Իսկ երկրորդ համարից՝ Ղուկաս 3։31-ից, տեղեկանում ես, որ Հիսուսը Նաթանից է սերել. վերջինս Մարիամի նախահայրն էր։ * Սա ավելի է բորբոքում հետաքրքրությունդ։ Դու գիտեիր, որ ըստ մարգարեությունների՝ Հիսուսը պետք է Դավթի ցեղից լիներ (Մատթ. 22։42)։ Բայց Դավիթը ավելի քան 20 որդի ուներ։ Մի՞թե զարմանալի չէ, որ Զաքարիան կոնկրետ մատնանշել է Նաթանի տունը։

18 Նկատի առնենք ևս մեկ օրինակ։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխում կարդում ենք, որ Գաբրիել հրեշտակը, այցելելով Մարիամին, մի շատ հետաքրքիր բան ասաց այն երեխայի մասին, որին նա ծնունդ էր տալու. «Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա» (Ղուկ. 1։32, 33)։ Հնարավոր է՝ մենք միշտ կենտրոնացել ենք Գաբրիելի հայտնած լուրի առաջին մասի վրա, որ Հիսուսը «Բարձրյալի Որդի կկոչվի»։ Բայց այս հրեշտակը նաև մարգարեացավ, որ Հիսուսը թագավոր է դառնալու։ Ուստի գուցե ինքներս մեզ հարցնենք. «Մարիամը Գաբրիելի այդ խոսքերից ի՞նչ հասկացավ։ Արդյո՞ք մտածեց, թե Հիսուսը թագավոր է դառնալու Հերովդեսի կամ նրա ժառանգորդներից մեկի փոխարեն և ղեկավարելու է Իսրայելը»։ Եթե Հիսուսն իրոք թագավոր էր դառնալու, նշանակում է՝ Մարիամն էլ մայր թագուհի էր լինելու, և նրա ընտանիքը պալատում էր ապրելու։ Սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, թե Մարիամը նման բան է քննարկել Գաբրիելի հետ, ոչ էլ նշված է, թե նա արտոնյալ դիրք է խնդրել Թագավորության մեջ, ինչպես արեցին Հիսուսի աշակերտներից երկուսը (Մատթ. 20։20–23)։ Ուստի այս մանրամասնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մարիամը իսկապես շատ խոնարհ կին է եղել։

19–20. Ինչպես նշված է Հակոբոս 1։22–25 և 4։8 համարներում, ի՞նչ նպատակով պետք է ուսումնասիրություն անենք։

19 Հիշիր. Աստծու Խոսքն ու մեր հրատարակություններն ուսումնասիրելու հիմնական նպատակը Եհովայի հետ ավելի մտերմանալն է։ Սակայն մենք նաև ուզում ենք ավելի պարզ տեսնել, թե ինչպիսին ենք ներքուստ և թե ինչ փոփոխություններ պետք է անենք Աստծուն հաճեցնելու համար (կարդա Հակոբոս 1։22–25; 4։8)։ Ամեն անգամ անձնական ուսումնասիրությունից առաջ Եհովայից իր սուրբ ոգին խնդրիր։ Նաև աղոթիր, որ օգնի քեզ լիովին հասկանալ նյութը և հստակ տեսնել, թե ինչ փոփոխություններ անելու կարիք ունես։

20 Թող որ բոլորս նմանվենք Աստծու այն հավատարիմ ծառային, որի մասին սաղմոսերգուն հետևյալն է գրել. «Նրա ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է, և գիշեր-ցերեկ նրա օրենքն է կարդում.... Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղ. 1։2, 3

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

^ պարբ. 5 Եհովան իրեն հատուկ առատաձեռնությամբ մեզ հոգևոր բազմազան «ուտեստներ» է տվել։ Մենք մեծ հաճույք ենք ստանում՝ դիտելով, կարդալով և ուսումնասիրելով այդ նյութերը։ Այս հոդվածը կօգնի քեզ որոշել, թե ինչ ուսումնասիրես, և գործնական խորհուրդներ կտա, թե անձնական ուսումնասիրությունդ ինչպես հնարավորինս արդյունավետ դարձնես։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Ծնողները իրենց երեխաներին սովորեցնում են, թե ինչպես պետք է պատրաստվեն «Դիտարանի» քննարկմանը։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Եղբայրը տեղեկություններ է փնտրում Ամոս մարգարեի մասին։ Հետին պլանում տեսնում ենք, թե եղբոր երևակայության մեջ ինչ պատկերներ են ծնվում, երբ նա ընթերցում է Աստվածաշունչը և մտորում է կարդացածի շուրջ։