Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21

Մի՛ խաբվիր «այս աշխարհի իմաստությամբ»

Մի՛ խաբվիր «այս աշխարհի իմաստությամբ»

«Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու համար» (1 ԿՈՐՆԹ. 3։19

ԵՐԳ 98 Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Աստված ի՞նչ է մեզ տվել իր Խոսքի միջոցով։

ՄԵՆՔ կարող ենք դիմակայել ցանկացած դժվարության, քանի որ մեր Մեծ Ուսուցիչը Եհովան է (Ես. 30։20, 21)։ Նա իր Խոսքի միջոցով տվել է մեզ անհրաժեշտ ամեն բան, որպեսզի «իրազեկ լինենք» և «ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։17)։ Երբ կյանքում առաջնորդվում ենք աստվածաշնչյան սկզբունքներով, դառնում ենք ավելի իմաստուն, քան նրանք, ովքեր «աշխարհի իմաստությունն» են գովազդում (1 Կորնթ. 3։19; Սաղ. 119։97–100

2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Ինչպես դեռ կտեսնենք, այս աշխարհի իմաստությունը մղում է հագուրդ տալ մարմնական ցանկություններին։ Հնարավոր է՝ մեզ համար էլ երբեմն դժվար լինի մերժել աշխարհի մտածելակերպն ու գործելակերպը։ Զուր չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ» (Կող. 2։8)։ Այս հոդվածից կիմանանք, թե այդ դատարկ ստերից երկուսը ինչպես են տարածում գտել։ Յուրաքանչյուր դեպքում կտեսնենք, թե այս աշխարհի իմաստությունն ինչու է հիմարություն, և թե Աստծու Խոսքի իմաստությունն ինչպես է գերազանցում այն ամենը, ինչ աշխարհն է առաջարկում։

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

3–4. 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում ինչպե՞ս բարոյական անկում տեղի ունեցավ։

3 Ամերիկայի Միացյալ Նահանգներում 20-րդ դարի սկզբին բարոյական չափանիշները մեծ անկում ապրեցին։ Նախկինում շատերն այն կարծիքին էին, որ միայն իրար հետ ամուսնացած մարդիկ կարող են սեռական հարաբերություն ունենալ, և այդ թեմայով ուրիշների ներկայությամբ չէին խոսում։ Բայց բարոյական չափանիշները փոխվեցին, և թույլատու տեսակետներ տարածվեցին։

4 20-րդ դարի երրորդ տասնամյակում հասարակական այնպիսի մեծ փոփոխություններ եղան, որ այդ տարիները հայտնի դարձան որպես խելահեղ 20-ականներ։ «Կինոնկարները, թատերական ներկայացումները, երգերը, գեղարվեստական գրականությունը և գովազդները լցվեցին սեռական բնույթի բովանդակությամբ», — ասում է մի հետազոտող։ Այդ տասնամյակի ընթացքում առաջ եկան ցանկահարույց պարերի տեսակներ և նորաձևության ոճեր։ Ինչպես վերջին օրերի մասին կանխագուշակվել էր Աստվածաշնչում, մարդիկ մեծ մասամբ դարձան «հաճոյասեր» (2 Տիմոթ. 3։4

Եհովայի ծառաները թույլ չեն տալիս, որ բարոյազանց աշխարհը ձևավորի իրենց (տես պարբերություն 5) *

5. 1960-ականներից սկսած՝ ինչպե՞ս են փոխվել բարոյական նորմերը։

5 1960-ականներից ավելի շատ մարդիկ սկսեցին առանց ամուսնանալու միասին ապրել, համասեռամոլությամբ զբաղվել, նաև աճեց ամուսնալուծությունների թիվը։ Էկրաններին և պարբերականների էջերին հայտնվեցին էրոտիկ բնույթի ավելի բաց տեսարաններ։ Ի՞նչ հետևանքների հանգեցրեց այս ազատամտությունը։ Մի գրող իր աշխատության մեջ ասում է, որ քայքայված ընտանիքները, միայնակ ծնողները, էմոցիոնալ խոր վերքերը, պոռնկագրությունից կախվածությունը և նմանատիպ այլ բաներ ծնունդն են «խեղաթյուրված բարոյական նորմերի, որոնք կերտում են ներկայիս հասարակությունը»։ Եթե միայն անդրադառնանք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածվածությանը, օրինակ՝ ՁԻԱՀ-ի, ապա վստահությամբ կարող ենք ասել, որ աշխարհի իմաստությունը հիմարություն է (2 Պետ. 2։19

6. Սեռական հարաբերությունների վերաբերյալ աշխարհի տեսակետը ինչպե՞ս է ծառայում Սատանայի նպատակին։

6 Սեռական հարաբերությունների վերաբերյալ աշխարհի տեսակետը ծառայում է Սատանայի նպատակին։ Նա անշուշտ ուրախանում է՝ տեսնելով, թե մարդիկ ինչպես են պղծում Աստծու տված պարգևը՝ ամուսնությունն ու սեռական հարաբերությունները (Եփես. 2։2)։ Անբարոյականությունը ոչ միայն արժեզրկում է այդ գեղեցիկ պարգևը, այլև նման վարք ունեցող մարդկանց առաջ փակում է հավիտենական կյանքի ուղին (1 Կորնթ. 6։9, 10

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

7–8. Աստվածաշնչում ի՞նչ տեսակետ է արտահայտված սեռական կյանքի վերաբերյալ, և ինչո՞վ է այն առավել։

7 Աշխարհի իմաստությունը որդեգրած մարդիկ ծաղրում են Աստվածաշնչի բարոյական չափանիշները։ Նրանք համարում են, որ դրանցով հնարավոր չէ ապրել։ Այդպիսի մարդիկ ասում են. «Եթե Աստված մեզ ստեղծել է այնպես, որ մեր մեջ սեռական ցանկություններ արթնանան, ինչո՞ւ պետք է պահանջի, որ զսպենք դրանք»։ Նրանց տրամաբանությունը հիմնված է այն տեսակետի վրա, թե մարդը պետք է անի ամեն բան, ինչ ցանկանում է։ Սակայն Աստվածաշունչը այլ բան է ասում։ Այն սովորեցնում է, որ մեր Արարիչը պատվել է մեզ՝ օժտելով սխալ ցանկությունները կառավարելու ունակությամբ (Կող. 3։5)։ Բացի այդ, Եհովան հիմնել է ամուսնական կառույցը, որի ներսում սեռական ցանկությունները կարող են արժանավայել ձևով բավարարվել (1 Կորնթ. 7։8, 9)։ Իրար հետ ամուսնացած տղամարդն ու կինը կարող են սեռական կյանքից հաճույք ստանալ՝ առանց խղճի խայթի և այն ցավալի հետևանքների, որ բերում են անբարո հարաբերությունները։

8 Ի տարբերություն այս աշխարհի իմաստության՝ Աստվածաշնչում սեռական կյանքի վերաբերյալ առողջ տեսակետ է արտահայտված։ Այնտեղ ասվում է, որ դա հաճույք է պատճառում մարդուն (Առակ. 5։18, 19)։ Սակայն Սուրբ Գրքում նաև գրված է. «Սա է Աստծու կամքը.... որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով (ինչպիսին որ ունեն Աստծուն չճանաչող ազգերը)» (1 Թեսաղ. 4։3–5

9. ա) 20-րդ դարի սկզբին Եհովայի ժողովրդին ի՞նչն օգնեց մերժել աշխարհի իմաստությունը։ բ) Ի՞նչ իմաստուն խորհուրդ է տրված 1 Հովհաննես 2։15, 16 համարներում։ գ) Հռոմեացիներ 1։24–27 համարների համաձայն՝ ո՞ր անբարո արարքներից պետք է հեռու մնանք։

9 20-րդ դարի սկզբին, երբ բարոյական նորմերը անկում էին ապրում, Եհովայի ժողովուրդը չմոլորվեց «ամոթի զգացումը կորցրած» աշխարհի փուչ խաբեություններով (Եփես. 4։19)։ Ճշմարիտ քրիստոնյաները ամեն ջանք թափեցին՝ կառչած մնալու Աստծու չափանիշներին։ «Դիտարանի» 1926 թ. մայիսի 15-ի համարում գրվեց, որ «տղամարդիկ ու կանայք պետք է մաքուր պահեն իրենց միտքը և սուրբ վարք ունենան, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների հետ առնչվելիս»։ Աշխարհում տարածվող բարքերին հետևելու փոխարեն՝ Աստծու ծառաները առաջնորդվեցին նրա Խոսքում գրված իմաստությամբ (կարդա 1 Հովհաննես 2։15, 16)։ Որքա՜ն երախտապարտ ենք մեր Հորը, որ մեզ տվել է այդ պարգևը՝ Աստվածաշունչը։ Եվ որքա՜ն շնորհակալ ենք, որ նա ժամանակին հոգևոր սնունդ է տրամադրում, որպեսզի չորդեգրենք այլասերված աշխարհի իմաստությունը (կարդա Հռոմեացիներ 1։24–27 *

ԵՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ

10–11. Աստվածաշունչը ի՞նչ էր նախազգուշացրել վերջին օրերի մասին։

10 Աստվածաշունչը զգուշացրել էր, որ վերջին օրերում մարդիկ «լինելու էին անձնասեր» (2 Տիմոթ. 3։1, 2)։ Ուստի չենք զարմանում, երբ տեսնում ենք աշխարհում տարածված եսասիրության ոգին։ Մի հանրագիտարանում խոսվում է 1970-ականներին լույս տեսած մի շարք գրքերի մասին, որոնցում խորհուրդներ էին տրվում, թե ինչպես հաջողակ լինել կյանքում։ Դրանց մի մասը «ընթերցողներին խորհուրդ էր տալիս ճանաչել և ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին որ կան, նաև ուրախ լինել, որ իրենք հենց այդպիսին են»։ Նկատի առ, թե ինչ է գրված դրանցից մեկում. «Սիրիր երկրի երեսին գոյություն ունեցող ամենագեղեցիկ, ամենահմայիչ և ամենաթանկ մարդուն՝ քեզ»։ Այդ գիրքը «սեփական անձի պաշտամունք» է քարոզում. այն խրախուսում է, որ մարդը, առանց հաշվի առնելու հասարակության կարծիքը, անի այն ամենը, ինչ ինքն է ճիշտ համարում։

11 Այս գաղափարախոսությունը ծանո՞թ է քեզ։ Հիշիր. Սատանան էր, որ Եվային դրդեց նման բան անելու։ Նա ասաց, որ Եվան կարող է «Աստծու պես լինել՝ բարին ու չարը իմացող» (Ծննդ. 3։5)։ Այսօր շատերը այնքան բարձր կարծիք ունեն իրենց մասին, որ մտածում են, թե ոչ ոք, նույնիսկ Աստված չի կարող իրենց ասել՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Այս մոտեցումը ակնհայտ է հատկապես ամուսնության հարցում։

Քրիստոնյան նախ մտածում է դիմացինի մասին, առավել ևս իր կողակցի (տես պարբերություն 12) *

12. Աշխարհն ի՞նչ տեսակետ է առաջ տանում ամուսնական միության վերաբերյալ։

12 Աստվածաշունչը ամուսնուն և կնոջը սովորեցնում է պատվել միմյանց և պահել իրենց ամուսնական երդումը։ Այն հորդորում է պատասխանատվության մեծ զգացումով վերաբերվել միասին ապրելու խոստմանը։ Սուրբ Գրքում գրված է. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդ. 2։24)։ Իսկ աշխարհի իմաստությունը այլ բան է խրախուսում։ Դրա համաձայն՝ կողակիցներից յուրաքանչյուրի համար ամենակարևորը պետք է լինեն սեփական ցանկություններն ու կարիքները։ Ամուսնալուծությունների մասին մի գրքում հետևյալն է նշվում. «Երբ ամուսնական որոշ արարողությունների ժամանակ հարսն ու փեսան հավատարմության երդում են տալիս, փոխանակ խոստանան, որ միասին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի են, ասում են, որ միասին կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ սիրում են իրար»։ Այս մոտեցումը անթիվ-անհամար բաժանումների պատճառ է դարձել և բազմաթիվ մարդկանց էմոցիոնալ խոր վերքեր է հասցրել։ Ակնհայտ է, որ ամուսնական միության վերաբերյալ աշխարհի տեսակետը հիմարություն է։

13. Ո՞րն է պատճառներից մեկը, թե ինչու է Եհովան գարշում հպարտ մարդկանցից։

13 Աստվածաշունչն ասում է. «Բոլոր նրանք, ովքեր սրտով հպարտ են, գարշելի են Եհովայի համար» (Առակ. 16։5)։ Իսկ ինչո՞ւ է նա գարշում հպարտ մարդկանցից։ Պատճառներից մեկն այն է, որ իր եսը չափից շատ սիրող մարդը Սատանայի պես դառնում է մեծամիտ և հանդուգն։ Պատկերացնո՞ւմ ես. Սատանան կարծում էր, թե Հիսուսը, որի միջոցով Աստված արարել էր ամեն բան, կխոնարհվի ու կերկրպագի իրեն (Մատթ. 4։8, 9; Կող. 1։15, 16)։ Տեսնելով այսպիսի անձանց մեծամտությունն ու դրա հետևանքները՝ ավելի ենք համոզվում, որ աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ։

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻՆ. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

14. Հռոմեացիներ 12։3-ը ինչպե՞ս է օգնում հավասարակշռված տեսակետ ունենալ սեփական եսի մասին։

14 Սուրբ Գիրքն օգնում է հավասարակշռված տեսակետ ունենալ մեր եսի մասին։ Այն սովորեցնում է, որ տեղին է, երբ մարդը որոշ չափով սիրում է իրեն։ Հիսուսն ասել է՝ «Մերձավորիդ սիրիր քո անձի պես», ինչը նշանակում է, որ ողջամտության սահմաններում պետք է սիրենք ինքներս մեզ (Մատթ. 19։19)։ Սակայն Աստվածաշունչը չի սովորեցնում, որ պետք է մեզ վեր դասենք ուրիշներից։ Ընդհակառակը, ասում է. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպ. 2։3; կարդա Հռոմեացիներ 12։3

15. Ի՞նչն է քեզ համոզում, որ սեփական անձի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալը օգտակար է։

15 Այսօր իմաստուն համարվող շատ մարդիկ ծաղրում են Աստծու տեսակետը և ասում են, որ եթե ուրիշներին քեզանից վեր դասես, նրանք առիթից կօգտվեն ու քեզ կշահագործեն։ Սակայն մտածիր, թե ինչ հետևանքների է հանգեցրել Սատանայի աշխարհի հրամցրած տեսակետը։ Ի՞նչ ես նկատել։ Եսասեր մարդիկ երջանի՞կ են։ Իսկ նրանց ընտանի՞քը։ Իսկական ընկերներ ունե՞ն։ Աստծու հետ մտերի՞մ են։ Ըստ քեզ՝ ո՞րն է ավելի լավ՝ աշխարհի՞ իմաստությունը, թե՞ Աստվածաշնչի։

16–17. Ինչի՞ համար պետք է շնորհակալ լինենք և ինչո՞ւ։

16 Նրանք, ովքեր հետևում են աշխարհի կողմից իմաստուն համարվող մարդկանց խորհրդին, նման են զբոսաշրջիկի, որը իր պես մոլորված մեկ այլ զբոսաշրջիկից է հարցնում ճիշտ ճանապարհը։ Հիսուսը այդպիսի մարդկանց մասին ասել է. «Նրանք կույր առաջնորդներ են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթ. 15։14)։ Իսկապես որ, այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու համար։

Աստծու ծառաները բավարարվածության զգացումով են լցվում, երբ հետ են նայում ծառայության մեջ անցկացրած տարիներին (տես պարբերություն 17) *

17 Սուրբ Գրքում պարփակված իմաստուն խորհուրդները միշտ էլ օգտակար են եղել «սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթ. 3։16)։ Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք Եհովային, որ իր կազմակերպության միջոցով պաշտպանում է մեզ այս աշխարհի իմաստությունից (Եփես. 4։14)։ Նրա տված հոգևոր կերակուրը զորացնում է մեզ՝ օգնելով կառչած մնալ սուրբգրային չափանիշներին։ Ի՜նչ մեծ պատիվ է առաջնորդվել Աստծու Խոսքի անսխալական իմաստությամբ։

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

^ պարբ. 5 Այս հոդվածն ուսումնասիրելով՝ ավելի կհամոզվենք այն բանում, որ Եհովան է առաջնորդության միակ վստահելի Աղբյուրը։ Նաև կտեսնենք, թե ինչ ցավալի հետևանքների է հանգեցնում աշխարհի իմաստությունը, և ինչ օգուտ է բերում Աստծու իմաստությունը։

^ պարբ. 9 Որպես օրինակ տես «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորի 24–26-րդ գլուխները և 2-րդ հատորի 4-րդ ու 5-րդ գլուխները։

^ պարբ. 50 ՆԿԱՐ։ Մի քանի դրվագ Եհովային ծառայող ամուսնական զույգի կյանքից։ 1960-ականներ. նրանք մասնակցում են քարոզչական ծառայությանը։

^ պարբ. 52 ՆԿԱՐ։ 1980-ականներ. ամուսինը հոգ է տանում իր հիվանդ կնոջ մասին, իսկ նրանց աղջիկը նայում է, թե հայրն ինչպես է դա անում։

^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Մեր օրեր. ամուսինն ու կինը իրենց աղջկա, փեսայի և թոռնիկի հետ նկարներ են նայում։ Նրանք ջերմությամբ հիշում են ծառայության մեջ անցկացրած երջանիկ տարիները։