Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19

Սերն ու արդարությունը ընդդեմ չարիքի

Սերն ու արդարությունը ընդդեմ չարիքի

«Դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես, չարը երբեք չի բնակվի քեզ մոտ» (ՍԱՂ. 5։4

ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–3. ա) Համաձայն Սաղմոս 5։4–6 համարների՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում անօրենությանը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մանկապղծությունը «Քրիստոսի օրենքի» սոսկալի ոտնահարում է։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ ատում է անօրենությունը՝ իր բոլոր դրսևորումներով (կարդա Սաղմոս 5։4–6)։ Ուստի կարող ենք պատկերացնել, թե նա որքան է ատում երեխաների նկատմամբ կիրառվող սեռական բռնությունը, որը սարսափելի և գարշելի հանցանք է։ Եհովային ընդօրինակելով՝ մենք՝ որպես նրա Վկաներ, այս երևույթը նողկալի ենք համարում և չենք հանդուրժում մեր ժողովներում (Հռոմ. 12։9; Եբր. 12։15, 16

2 Մանկապղծությունը «Քրիստոսի օրենքի» սոսկալի ոտնահարում է (Գաղ. 6։2)։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Քրիստոսի օրենքը ներառում է այն ամենը, ինչ նա խոսքով ու գործով սովորեցրել է։ Այդ օրենքը հիմնված է սիրո վրա և միշտ նպաստում է արդարության։ Քանի որ ճշմարիտ քրիստոնյաները դրանով են առաջնորդվում, երեխաներին վերաբերվում են այնպես, որ նրանք իրենց սիրված ու պաշտպանված զգան։ Երեխաներին սեռական բռնության ենթարկելը ծայրաստիճան եսասիրական և չար արարք է։ Այդպիսի երեխաները իրենց անապահով ու չսիրված են զգում։

3 Մանկապղծությունը համաշխարհային տարածում ունեցող ախտ է։ Ցավոք, դրանից տուժել են նաև ճշմարիտ քրիստոնյաներից ոմանք։ Ինչպե՞ս։ Գաղտնիք չէ, որ աշխարհը լի է «չար և խաբեբա մարդկանցով», որոնցից ոմանք փորձել են սողոսկել ժողով (2 Տիմոթ. 3։13)։ Եվ եղել են դեպքեր, երբ ժողովի մաս կազմող մարդիկ տրվել են անբնական ցանկություններին և սեռական բռնության են ենթարկել երեխաներին։ Ուստի եկեք քննենք, թե այդ արարքը ինչու է ծանր մեղք։ Ապա կիմանանք, թե ինչ են անում երեցները, երբ ժողովից ինչ-որ մեկը ծանր մեղք է գործում, ինչպիսին մանկապղծությունն է, և թե ինչպես ծնողները կարող են պաշտպանել իրենց երեխաներին։ *

ԾԱՆՐ ՄԵՂՔ

4–5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մանկապղծությունը ծանր հանցանք է երեխայի դեմ։

4 Մանկապղծությունը մնայուն հետևանքներ է թողնում։ Այն անդրադառնում է ինչպես դրա զոհը դարձած երեխայի, այնպես էլ նրան սիրող մարդկանց վրա՝ ընտանիքի անդամների և հոգևոր եղբայրների ու քույրերի։ Մանկապղծությունը ծանր հանցանք է։

5 Մեղք երեխայի դեմ։ Մանկապղծությունը հանցավոր արարք է, որը ցավ ու տառապանք է պատճառում երեխային։ Ինչպես կիմանանք հաջորդ հոդվածից, մանկապիղծը անասելի վնաս է հասցնում իր զոհին։ Նա չարաշահում է երեխայի վստահությունը և նրանից խլում է ապահովության զգացումը։ Մենք պետք է երեխաներին պաշտպանենք այս չարիքից։ Իսկ դրա զոհը * դարձածներին պետք է մխիթարենք և օգնենք (1 Թեսաղ. 5։14

6–7. Մանկապղծությունը ինչո՞ւ է մեղք համարվում ժողովի և պետության դեմ։

6 Մեղք ժողովի դեմ։ Ժողովի մաս կազմող այն անհատը, որը մեղավոր է ճանաչվում մանկապղծության մեջ, արատավորում է ժողովի հեղինակությունը (Մատթ. 5։16; 1 Պետ. 2։12)։ Դա այնքա՜ն անարդար է այն միլիոնավոր հավատարիմ քրիստոնյաների հանդեպ, որոնք «համառորեն պայքարում են» հավատի համար՝ ջանալով փառք բերել Եհովայի անվանը (Հուդա 3)։ Մենք մեր շարքերում չենք հանդուրժում չզղջացող չարագործներին, որոնք գետնով են տալիս ժողովի բարի անունը։

7 Մեղք պետության դեմ։ Քրիստոնյաները պետք է «հպատակվեն վերին իշխանություններին» (Հռոմ. 13։1)։ Մենք նրանց հպատակվում ենք, երբ ենթարկվում ենք պետության օրենքներին։ Եթե ժողովի մաս կազմող մարդը քրեական հանցանք է կատարում, ինչպիսին, օրինակ, մանկապղծությունն է, նա մեղք է գործում նաև պետության դեմ (համեմատիր Գործեր 25։8)։ Երեցները իշխանություն չունեն պետության օրենքներով պատժելու մանկապիղծին։ Միևնույն ժամանակ նրանք վերջինիս հանցանքը չեն թաքցնում և նրան չեն պաշտպանում պետության պատժից (Հռոմ. 13։4)։ Մեղավորը հնձելու է այն, ինչ ցանել է (Գաղ. 6։7

8. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում այն մեղքերին, որ մարդը գործում է մեկ ուրիշ մարդու դեմ։

8 Մանկապղծությունը առաջին հերթին մեղք է Աստծու դեմ (Սաղ. 51։4)։ Երբ ինչ-որ մեկը ուրիշ մարդու դեմ մեղք է գործում, նա նաև Եհովայի դեմ է մեղք գործում։ Նկատի առնենք մի օրինակ այն Օրենքից, որ Աստված տվել էր Իսրայել ազգին։ Դրանում ասվում էր, որ նա, ով կողոպտել կամ խաբել է իր մերձավորին, «Եհովայի հանդեպ է անհավատարիմ վարվել» (Ղևտ. 6։2–4)։ Ուրեմն երբ ժողովից ինչ-որ մեկը սեռական բռնության է ենթարկում որևէ երեխայի, ոչ միայն նրան է վնաս հասցնում՝ խլելով ապահովության զգացումը, այլև Աստծու դեմ է մեղք գործում և մեծ նախատինք է բերում Նրա սուրբ անվանը։ Դրա համար էլ մենք պետք է դատապարտենք մանկապղծությունը՝ որպես Աստծու դեմ ուղղված ծանր մեղք։

9. Տարիներ շարունակ Եհովայի կազմակերպությունը Աստվածաշնչի վրա հիմնված ի՞նչ տեղեկություններ է տրամադրել և ինչո՞ւ։

9 Տասնամյակներ շարունակ Եհովայի կազմակերպությունը Աստվածաշնչի վրա հիմնված բազմաթիվ հրատարակություններ է թողարկել, որոնց մեջ անդրադարձել է մանկապղծության թեմային։ Օրինակ՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերում բազմիցս քննարկվել է, թե փոքր տարիքում սեռական բռնության ենթարկված մարդիկ ինչպես կարող են մեղմել իրենց էմոցիոնալ ցավը, թե մյուսներն ինչպես կարող են օգնել ու քաջալերել նրանց, և թե ծնողներն ինչ պետք է անեն, որ իրենց երեխաներին պաշտպանեն այդ չարիքից։ Մեր կազմակերպությունը Աստծու Խոսքի վրա հիմնված մանրամասն հրահանգներ է տվել երեցներին, թե ինչպես վարվեն, երբ այսպիսի ծանր մեղք է գործվում։ Սակայն երբեմն այդ ցուցումները վերանայվում են և անհրաժեշտության դեպքում փոփոխվում։ Ինչի՞ համար։ Որպեսզի մանկապղծության հետ կապված գործեր քննելիս երեցները միշտ Քրիստոսի օրենքին ներդաշնակ վարվեն։

ԵՐԲ ԾԱՆՐ ՄԵՂՔ Է ԳՈՐԾՎԵԼ

10–12. ա) Երբ երեցները ծանր մեղքերին առնչվող գործեր են քննում, ի՞նչ պետք է հիշեն և ինչի՞ մասին պետք է խորությամբ մտածեն։ բ) Հակոբոս 5։14, 15 համարների համաձայն՝ երեցները ի՞նչ են ձգտում անել։

10 Երբ երեցները ծանր մեղքերին առնչվող գործեր են քննում, նրանք չպետք է մոռանան, որ Քրիստոսի օրենքը իրենցից պահանջում է Եհովայի հոտին սիրով վերաբերվել և անել այն, ինչը Աստծու աչքում ճիշտ է ու արդար։ Ուստի երբ նրանք տեղեկանում են ծանր մեղքի մասին, պետք է խորությամբ մտածեն մի քանի բաների շուրջ։ Երեցների առաջնային նպատակը պետք է լինի Աստծու անվան սրբացումը (Ղևտ. 22։31, 32; Մատթ. 6։9)։ Նրանք նաև խորապես հետաքրքրված են իրենց եղբայրների ու քույրերի հոգևոր բարօրությամբ և ուզում են մխիթարել ու օգնել նրանց, ում դեմ ծանր մեղք է գործվել։

11 Բացի այդ, եթե մեղսագործը ժողովի մաս է կազմում, երեցները փորձում են հասկանալ, թե արդյոք նա զղջում է իր արածի համար, և եթե զղջում է, փորձում են օգնել նրան, որ վերականգնի Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները (կարդա Հակոբոս 5։14, 15)։ Քրիստոնյան, որը սխալ ցանկության է տրվել և ծանր մեղք է գործել, հոգևորապես հիվանդ է։ Սա նշանակում է, որ նա այլևս լավ փոխհարաբերություններ չունի Աստծու հետ։ * Երեցները ինչ-որ առումով հոգևոր բժիշկներ են։ Ուստի նրանք ձգտում են «բուժել հիվանդին», այս դեպքում՝ մեղսագործին։ Սուրբ Գրքի վրա հիմնված նրանց խորհուրդը կարող է օգնել այդ մարդուն վերականգնելու Եհովայի հետ փոխհարաբերությունները, բայց սա հնարավոր է միմիայն այն դեպքում, եթե նա իսկապես զղջում է իր արարքի համար (Գործ. 3։19; 2 Կորնթ. 2։5–10

12 Հստակ է, որ երեցների ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։ Նրանք սրտանց հոգ են տանում Աստծու կողմից իրենց վստահված հոտին (1 Պետ. 5։1–3)։ Նրանք ուզում են, որ եղբայրներն ու քույրերը իրենց ապահով զգան ժողովում։ Դրա համար էլ, երբ իմանում են, որ ինչ-որ մեկը ծանր մեղք է գործել, անհապաղ արձագանքում են։ Ինչպես արդեն նշեցինք, ծանր մեղքերի թվին է պատկանում նաև մանկապղծությունը։ Ի՞նչ են անում երեցները այս մեղքի դեպքում։ Դա իմանալու համար եկեք քննենք  13-րդ,  15-րդ և  17-րդ պարբերությունների սկզբում նշված հարցերը։

13–14. Երեցները հնազադվո՞ւմ են այն օրենքներին, որոնք պահանջում են իրավապահ մարմիններին տեղեկացնել մանկապղծության հնարավոր դեպքերի մասին։ Բացատրիր։

 13 Պե՞տք է արդյոք երեցները, ենթարկվելով պետության օրենքին, իրավապահ մարմիններին տեղեկացնեն մանկապղծության հնարավոր դեպքերի մասին։ Այո՛, պետք է։ Այն երկրներում, որտեղ այդպիսի օրենք կա, երեցները հնազանդվում են դրան և համապատասխան մարմիններին տեղեկացնում են հնարավոր հանցագործության մասին (Հռոմ. 13։1)։ Նման օրենքները չեն հակասում Աստծու օրենքին (Գործ. 5։28, 29)։ Ուստի երբ երեցներն իմանում են, որ հնարավոր է՝ այդպիսի բան է եղել, անմիջապես կապ են հաստատում մասնաճյուղի հետ և ճշտում են, թե ըստ օրենքի՝ իրենք ինչպես պետք է իրավապահ մարմիններին տեղեկացնեն այդ մասին։

14 Երեցները մանկապղծության զոհին, նրա ծնողներին և այդ մասին իմացող մյուս մարդկանց պետք է հիշեցնեն, որ նրանք իրավունք ունեն դիմելու համապատասխան պետական մարմիններին։ Պե՞տք է արդյոք քրիստոնյան վախենա, որ եթե դիմի իրավապահներին, ապա կատարվածի մասին կիմանա տեղի բնակչությունը։ Պե՞տք է արդյոք մտածի, թե ինքը անարգանք կբերի Եհովայի անվանը։ Իհարկե ո՛չ։ Աստծու անվանը մանկապի՛ղծն է անարգանք բերել։

15–16. ա) 1 Տիմոթեոս 5։19-ի համաձայն՝ իրավական կոմիտե կազմելու համար ինչո՞ւ է անհրաժեշտ, որ առնվազն երկու վկա հաստատի մեղադրանքը։ բ) Ի՞նչ են անում երեցները, երբ ժողովից ինչ-որ մեկը մեղադրվում է մանկապղծության մեջ։

 15 Ժողովում իրավական քայլեր ձեռնարկելու համար ինչո՞ւ է առնվազն երկու վկայի ցուցմունք անհրաժեշտ։ Այս պահանջը Աստվածաշնչում սահմանված արդարության բարձր չափանիշներից է։ Եթե մարդը չի խոստովանել իր մեղքը, ապա անպայման երկու վկա պետք է լինի մեղադրանքը հաստատելու համար, որպեսզի երեցները կարողանան իրավական կոմիտե կազմել (2 Օրենք 19։15; Մատթ. 18։16; կարդա 1 Տիմոթեոս 5։19)։ Իսկ արդյո՞ք սա նշանակում է, որ եթե երկու վկա չկա, ապա երեցները կամ այլ մարդիկ չեն կարող հնարավոր հանցագործության մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Ո՛չ։ Այս սուրբգրային պահանջը չի վերաբերում պետության օրենքը պահելուն։

16 Երբ երեցներն իմանում են, որ ժողովից ինչ-որ մեկը մեղադրվում է մանկապղծության մեջ, նրանք, պետության օրենքի համաձայն, նախ այդ մասին հայտնում են իրավապահ մարմիններին, ապա առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով՝ հետաքննություն են անցկացնում։ Եթե մարդը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, երեցները քննում են վկաների ցուցմունքները։ Եթե առնվազն երկու հոգի՝ մեղադրանք ներկայացնողը ու ևս մեկ մարդ, հաստատում են մանկապղծության տվյալ դեպքը կամ փաստում են, որ այլ դեպքեր էլ են եղել, երեցները իրավական կոմիտե են կազմում։ * Եթե երկրորդ վկա չկա, դա չի նշանակում, թե մեղադրանք ներկայացնողը ճիշտ չի խոսում։ Անգամ եթե կատարվածը չի կարող հաստատվել երկու վկաների կողմից, երեցներն ընդունում են, որ հնարավոր է՝ ծանր մեղք է գործվել, ինչը խոր ցավ է պատճառել մյուսներին։ Երեցները կշարունակեն մխիթարել և օգնել նրանց, ովքեր իրենց սրտում կրում են այդ ցավը։ Բացի այդ, ժողովը հնարավոր վտանգից պաշտպանելու համար այդ եղբայրները միշտ իրենց աչքը այն մարդու վրա կպահեն, որի դեմ մանկապղծության մեղադրանք էր ներկայացվել (Գործ. 20։28

17–18. Բացատրիր, թե որն է իրավական կոմիտեի դերը։

 17 Ո՞րն է իրավական կոմիտեի դերը։ «Իրավական» բառը չի նշանակում, որ երեցներն են որոշում, թե արդյոք իրավապահ ու դատական մարմինները պետք է մանկապիղծին պատժեն երկրի օրենքը խախտելու համար։ Երեցները չեն միջամտում իրավապահ մարմինների գործերին. նրանք քրեական հանցագործությունների հետ կապված հարցերը թողնում են պետական իշխանություններին (Հռոմ. 13։2–4; Տիտոս 3։1)։ Սակայն նրանք որոշում են, թե արդյոք ծանր մեղք գործած մարդը կարող է ժողովում մնալ։

18 Իրավական կոմիտեի կազմում ծառայող երեցների դերը զուտ հոգևոր՝ կրոնական բնույթ ունի։ Առաջնորդվելով Աստվածաշնչով՝ նրանք որոշում են՝ մանկապիղծը զղջում է իր արածի համար, թե ոչ։ Եթե չի զղջում, երեցները նրան զրկում են ընկերակցությունից և ժողովում այդ մասին հայտարարություն են անում (1 Կորնթ. 5։11–13)։ Իսկ եթե զղջում է, նա կարող է մնալ ժողովում։ Սակայն երեցները նրան կտեղեկացնեն, որ նա երկար տարիներ, հնարավոր է՝ նույնիսկ երբեք ժողովում ոչ մի առանձնաշնորհում կամ պատասխանատվություն չստանա։ Բացի այդ, ցանկանալով ապահովել երեխաների անվտանգությունը՝ երեցները կարող են ժողովում առանձին մոտենալ ծնողներին և զգուշացնել, որ նրանք զգոն լինեն, երբ իրենց երեխաները այդ մարդու շրջապատում են լինում։ Այսպիսի քայլեր ձեռնարկելիս երեցները պետք է զգույշ լինեն, որ չհայտնեն մանկապղծության զոհի ինքնությունը։

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ծնողները սեռական դաստիարակություն են տալիս իրենց երեխաներին, որպեսզի նրանց պաշտպանեն մանկապիղծներից։ Դա անելու համար նրանք օգտվում են Եհովայի կազմակերպության տրամադրած նյութերից (տես պարբերություն 19–22)

19–22. Ծնողներն ի՞նչ կարող են անել իրենց երեխաներին պաշտպանելու համար (տես ամսագրի շապիկի նկարը)։

19 Առաջին հերթին ո՞վ է պատասխանատու երեխաներին պաշտպանելու համար։ Իհարկե ծնողները։ * Ձեր երեխաները «ժառանգություն են Եհովայից»՝ թանկ պարգև, որը նա ձեզ է վստահել (Սաղ. 127։3)։ Ուստի նրանց պաշտպանելը նախևառաջ ձե՛ր պարտականությունն է։ Իսկ ի՞նչ կարող եք անել, որ ձեր զավակներին պաշտպանեք մանկապիղծներից։

20 Նախ՝ տեղեկություններ փնտրեք մանկապղծության վերաբերյալ։ Իմացեք, թե սովորաբար ինչ տեսակի մարդիկ են դրանով զբաղվում և ինչ հնարքներ են օգտագործում երեխաներին խաբելու համար։ Աչալուրջ եղեք և զգուշացեք այն իրավիճակներից կամ մարդկանցից, որոնք կարող են վտանգավոր լինել (Առակ. 22։3; 24։3)։ Հիշեք, որ շատ դեպքերում երեխաներին սեռական բռնության ենթարկում են այն մարդիկ, որոնց նրանք լավ ճանաչում ու վստահում են։

21 Երկրորդ՝ այնպես արեք, որ ձեր երեխաները ազատորեն խոսեն ձեզ հետ (2 Օրենք 6։6, 7)։ Դրա համար պետք է միշտ պատրաստ լինեք ամենայն ուշադրությամբ լսել նրանց (Հակ. 1։19)։ Հիշեք, որ մանկապղծության զոհ դարձած երեխաները սովորաբար չեն ցանկանում պատմել կատարվածի մասին։ Նրանք վախենում են, որ իրենց չեն հավատա։ Նաև հնարավոր է՝ մանկապիղծն է վախեցրել նրանց, որ կատարվածը գաղտնի պահեն։ Եթե զգում եք, որ ինչ-որ բան այն չէ, զգուշորեն հարցեր տվեք երեխային և համբերությամբ լսեք նրան։

22 Երրորդ՝ կրթեք ձեր զավակներին։ Հաշվի առնելով ձեր երեխաների տարիքը՝ սեռական դաստիարակություն տվեք նրանց։ Սովորեցրեք, թե նրանց մարմնի որ մասերին ուրիշներն իրավունք չունեն դիպչելու, և թե նրանք ինչ պետք է ասեն ու անեն, եթե նման բան պատահի։ Օգտագործեք Եհովայի կազմակերպության տրամադրած նյութերը, որոնցում խոսվում է այն մասին, թե ինչպես պաշտպանեք ձեր երեխաներին (տես  «Կրթիր և՛ քեզ, և՛ երեխայիդ» շրջանակը)։

23. Եհովայի վկաներն ինչպե՞ս են վերաբերվում մանկապղծությանը, և ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

23 Եհովայի վկաները մանկապղծությունը համարում են ծանր մեղք և նողկալի արարք։ Մենք առաջնորդվում ենք Քրիստոսի օրենքով, ուստի մանկապիղծներին չենք պաշտպանում իրենց մեղքերի հետևանքներից։ Սակայն հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպես կարող ենք օգնել մեր այն քույրերին ու եղբայրներին, որոնք երեխա ժամանակ մանկապղծության զոհ են դարձել և տառապում են դրա հետևանքներից։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են

^ պարբ. 5 Այս հոդվածում կխոսվի մանկապղծության մասին։ Կիմանանք, թե ծնողներն ինչպես կարող են իրենց երեխաներին պաշտպանել այդ չարիքից։ Նաև կքննենք, թե երեցներն ինչ են անում ժողովը պաշտպանելու համար։

^ պարբ. 3 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Մանկապղծությունը սեռական բռնությունն է երեխայի նկատմամբ, որի ժամանակ չափահասը, լինի տղամարդ, թե կին, երեխային օգտագործում է իր սեռական ցանկությունները բավարարելու համար։ Այն ընդգրկում է երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալը, բերանային կամ հետանցքային սեքսը, նրա սեռական օրգանները, կրծքերը կամ հետույքը շոյելը և այլ անառակաբարո գործողություններ։ Թեև մանկապղծության զոհ հիմնականում աղջիկ երեխաներն են դառնում, սակայն սեռական բռնության ենթարկված երեխաների մեջ քիչ չեն նաև տղաները։ Մանկապիղծների մեծ մասը տղամարդիկ են, բայց կան նաև կին մանկապիղծներ։

^ պարբ. 5 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս և հաջորդ հոդվածում զոհ բառը վերաբերում է նրան, ով երեխա ժամանակ սեռական բռնության է ենթարկվել։ Այս բառն օգտագործելով՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ բռնության ենթարկված երեխան անմեղ է կատարվածի մեջ. նրան շահագործել են ու մեծ վնաս հասցրել։

^ պարբ. 11 Հոգևորապես հիվանդ լինելը չի արդարացնում ծանր մեղքը։ Մեղսագործը լիովին պատասխանատու է իր սխալ որոշումների ու արարքների համար և պետք է հաշիվ տա Եհովային (Հռոմ. 14։12

^ պարբ. 16 Երեցները երբեք չեն պահանջում, որ մեղադրվողի հետ զրույցի ընթացքում երեխան ներկա լինի։ Կատարվածի մասին երեցներին կարող է պատմել ծնողը կամ մեկ այլ չափահաս մարդ, որին երեխան վստահում է։ Այդպես վերջինս ստիպված չի լինի նորից էմոցիոնալ ցավ ապրել։

^ պարբ. 19 Սա վերաբերում է նաև երեխաների օրինական խնամակալներին կամ ծնողի դեր կատարող այլ մարդկանց։