Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 22

Գնահատիր չերևացող գանձերը

Գնահատիր չերևացող գանձերը

«Մենք մեր աչքերը հառած պահում ենք ոչ թե երևացող բաներին, այլ չերևացողներին, որովհետև երևացող բաները ժամանակավոր են, իսկ չերևացողները՝ հավիտենական» (2 ԿՈՐՆԹ. 4։18

ԵՐԳ 45 Սրտիս խորհրդածությունը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Հիսուսն ի՞նչ է ասել երկնային գանձերի մասին։

ՈՉ ԲՈԼՈՐ գանձերն են տեսանելի, և դրանք իրականում ամենաթանկն են։ Հիսուսը Լեռան քարոզում խոսել է երկնային գանձերի մասին, որոնք անհամեմատ թանկ են նյութական հարստությունից։ Հետո նա ավելացրել է. «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» (Մատթ. 6։19–21)։ Երբ ինչ-որ բան թանկ ենք համարում, ձգտում ենք ձեռք բերել այն։ Ուստի եթե ուզում ենք «գանձեր դիզել երկնքում», այսինքն՝ լավ անուն ունենալ Աստծու մոտ, պետք է ամեն ջանք թափենք, որ հասնենք այդ նպատակին։ Ինչպես նշել է Հիսուսը, այսպիսի գանձերը հնարավոր չէ գողանալ կամ ոչնչացնել։

2. ա) Ինչպես գրված է 2 Կորնթացիներ 4։17, 18 համարներում, Պողոսը մեզ ի՞նչ է հորդորում անել։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Պողոս առաքյալը հորդորում է «մեր աչքերը հառած պահել» չերևացող բաներին (կարդա 2 Կորնթացիներ 4։17, 18)։ Չերևացող գանձերից են այն օրհնությունները, որոնք վայելելու ենք Աստծու խոստացած նոր աշխարհում։ Բայց այս հոդվածում կխոսենք չորս գանձերի մասին, որոնք այսօր իսկ ունենք։ Դրանք են Աստծու հետ մտերմությունը, աղոթքը, սուրբ ոգու օգնությունը և երկնքից եկող այն աջակցությունը, որի շնորհիվ կարողանում ենք արդյունավետորեն ծառայել։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում այս անտեսանելի գանձերը։

ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

3. Ո՞րն է ամենաթանկ գանձը, և ինչպե՞ս է հնարավոր այն ունենալ։

3 Չերևացող գանձերից ամենաթանկը Եհովա Աստծու հետ մտերմությունն է (Սաղ. 25։14)։ Ինչպե՞ս կարող է կատարելապես սուրբ Աստված մտերմություն անել մեղավոր մարդկանց հետ։ Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ Հիսուսի քավիչ զոհը «վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Եհովան ի սկզբանե գիտեր, որ մարդկանց փրկելու իր նպատակը չի խափանվի։ Դրա համար ընկեր էր նույնիսկ նրանց, ովքեր ապրել են նախքան Հիսուսի մահանալը (Հռոմ. 3։25

4. Բեր Քրիստոսից առաջ ապրած մարդկանց օրինակներ, ովքեր եղել են Աստծու ընկերները։

4 Քննենք Քրիստոսից առաջ ապրած մարդկանց օրինակներ, ովքեր եղել են Աստծու ընկերները։ Օրինակ՝ Աբրահամը ամուր հավատի տեր մարդ էր։ Նրա մահից ավելի քան 1 000 տարի անց Եհովան նրան կոչեց «իմ ընկեր» (Ես. 41։8)։ Փաստորեն, նույնիսկ մահը չի կարող Եհովայի մտերիմ ընկերներին խլել նրանից։ Աբրահամը ողջ է Աստծու հիշողության մեջ (Ղուկ. 20։37, 38)։ Մեկ այլ օրինակ է Հոբը։ Եհովան իր առաջ հավաքված հրեշտակների ներկայությամբ մեծ վստահությամբ խոսեց Հոբի մասին՝ ասելով, որ «նրա նման անարատ, ուղղամիտ, Աստծուց վախեցող և չարից հեռացող մարդ չկա» երկրի վրա (Հոբ 1։6–8)։ Հիշենք նաև Դանիելին։ Ինչպե՞ս էր Եհովան դիտում իր այս ծառային, որը թեև մոտ 80 տարի ապրում էր հեթանոսական երկրում, բայց հավատարիմ էր իր Աստծուն։ Հրեշտակը Դանիելի հետ խոսելիս երեք անգամ նշեց, որ նա «թանկագին մարդ» է Աստծու համար (Դան. 9։23; 10։11, 19)։ Կասկած չկա, որ Եհովան փափագով սպասում է այն օրվան, երբ հարություն կտա իր սիրելի ընկերներին (Հոբ 14։15

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը չերևացող գանձերի համար (տես պարբերություն 5) *

5. Ի՞նչ է անհրաժեշտ Եհովայի ընկերը լինելու համար։

5 Այսօր միլիոնավոր մարդիկ մտերիմ են Եհովայի հետ։ Ողջ աշխարհում բազմաթիվ տղամարդիկ, կանայք ու երեխաներ իրենց վարքով ու գործերով ցույց են տալիս, որ իսկապես ուզում են Աստծու ընկերը լինել։ Այո՛, Եհովայի «մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակ. 3։32)։ Այդ մտերմությունը հնարավոր է նրանց համար, ովքեր հավատում են Հիսուսի քավիչ զոհին։ Այդ զոհի հիման վրա Եհովան մեծահոգաբար թույլ է տալիս, որ նվիրվենք իրեն ու մկրտվենք։ Այս կարևոր քայլն անելով՝ մենք միանում ենք նվիրված ու մկրտված այն միլիոնավոր քրիստոնյաներին, որոնք տիեզերքի մեծագույն Անձնավորության մտերիմ ընկերներն են։

6. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ թանկ ենք գնահատում Աստծու հետ մեր մտերմությունը։

6 Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ մեզ համար թանկ է Եհովայի հետ մտերմությունը։ Աբրահամի ու Հոբի պես, ովքեր ողջ կյանքի ընթացքում՝ ավելի քան հարյուր հիսուն տարի, հավատարիմ են եղել Աստծուն, մենք ևս պետք է հավատարիմ մնանք՝ անկախ նրանից, թե քանի տարի ենք ծառայում նրան։ Դանիելի պես պետք է Եհովայի հետ ընկերությունը կյանքից թանկ համարենք (Դան. 6։7, 10, 16, 22)։ Թող երբեք չկասկածենք, որ մեր երկնային Հոր օգնությամբ կկարողանանք դիմանալ ցանկացած փորձության և մնալ նրա ընկերը (Փիլիպ. 4։13

ԱՂՈԹՔ

7. ա) Առակներ 15։8-ի համաձայն՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ աղոթում ենք իրեն։ բ) Աստված ինչպե՞ս է պատասխանում մեր աղոթքներին։

7 Չերևացող գանձերից մեկն էլ աղոթքն է։ Մտերիմ ընկերները սովորաբար սիրում են իրար հետ զրուցել ու պատմել, թե ինչ են մտածում ու զգում։ Դա այդպես է նաև Աստծու հետ մտերմության դեպքում։ Եհովան մեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով՝ պատմելով իր մտքերի ու զգացմունքների մասին։ Իսկ մենք նրա հետ խոսում ենք, երբ աղոթում ենք։ Աստծուն կարող ենք պատմել մեր ամենախոր մտքերի ու նվիրական զգացմունքների մասին։ Նրան հաճելի են մեր աղոթքները (կարդա Առակներ 15։8)։ Լինելով սիրող Ընկեր՝ Եհովան ոչ միայն լսում է մեր աղոթքները, այլև պատասխանում դրանց։ Երբեմն նա շատ արագ է պատասխանում, բայց լինում են դեպքեր, երբ պետք է շարունակ աղոթենք մեր խնդրի մասին։ Այնուամենայնիվ, կարող ենք համոզված լինել, որ Եհովան ճիշտ ժամանակին և լավագույն ձևով լուծում կտա հարցին։ Գուցե նաև այնպես լինի, որ չստանանք այն պատասխանը, որն ակնկալում էինք։ Օրինակ՝ հնարավոր է՝ Աստված ոչ թե վերացնի խնդիրը, այլ մեզ իմաստություն և ուժ տա, «որպեսզի կարողանանք տոկալ» (1 Կորնթ. 10։13

(տես պարբերություն 8) *

8. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ աղոթքի համար։

8 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք այս թանկ պարգևը՝ աղոթքը։ Դրա համար պետք է հետևենք աստվածաշնչյան հետևյալ հորդորին. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղ. 5։17)։ Եհովան մեզ չի ստիպում, որ խոսենք իր հետ։ Նա հարգում է մեր ազատ կամքը և, պարտադրելու փոխարեն, հորդորում է «աղոթքում հարատևել» (Հռոմ. 12։12)։ Ուստի, եթե այս պարգևը թանկ է մեզ համար, օրվա ընթացքում հաճախ կաղոթենք։ Ինչ խոսք, աղոթելիս չպետք է մոռանանք նաև շնորհակալական և փառաբանական խոսքեր ուղղել Աստծուն (Սաղ. 145։2, 3

9. Մի եղբայր ինչպե՞ս է վերաբերվում աղոթքին, և ի՞նչ է աղոթքը քեզ համար։

9 Որքան երկար ենք ծառայում Եհովային ու տեսնում, թե նա ինչպես է պատասխանում մեր խնդրանքներին, այնքան ավելի շնորհակալ պետք է լինենք աղոթելու հնարավորության համար։ Քրիս անունով մի եղբայր, ով արդեն 47 տարի լիաժամ է ծառայում, ասում է. «Վաղ առավոտյան շատ հաճելի է ժամանակ հատկացնել ու աղոթել Եհովային։ Մինչ արևի առաջին շողերի ներքո ցողակաթիլները սկսում են պսպղալ, ես զրուցում եմ նրա հետ։ Դա ինձ շատ է թարմացնում։ Սիրտս մղում է շնորհակալություն հայտնել Աստծուն իր բոլոր նվերների համար, այդ թվում՝ աղոթքի։ Ու երբ օրս ավարտում եմ աղոթքով, հանգիստ խղճով եմ գնում քնելու»։

ՍՈՒՐԲ ՈԳԻ

10. Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք սուրբ ոգու համար։

10 Աստծու սուրբ ոգին՝ գործուն ուժը, մեկ այլ անտեսանելի գանձ է։ Հիսուսը հորդորել է, որ իր Հորից շարունակ սուրբ ոգի խնդրենք (Ղուկ. 11։9, 13)։ Այդ ոգու միջոցով Աստված մեզ ուժ է տալիս, անգամ «սովորականին գերազանցող ուժ» (2 Կորնթ. 4։7; Գործ. 1։8)։ Դրա շնորհիվ կկարողանանք դիմանալ ցանկացած փորձության։

(տես պարբերություն 11) *

11. Սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

11 Ինչ նշանակում էլ ստացած լինենք, սուրբ ոգին կարող է օգնել մեզ արդյունավետորեն կատարել մեր ծառայությունը։ Այդ օգնության շնորհիվ կարող ենք բարելավել մեր ունակությունները և ավելի լավ կատարել մեր քրիստոնեական պարտականությունները։ Երբ մեր ջանքերը լավ արդյունքներ են բերում, ճիշտ կանենք, եթե դա վերագրենք ոչ թե մեզ, այլ Աստծու ոգուն։

12. Ըստ Սաղմոս 139։23, 24 համարների՝ ինչի՞ մասին կարող ենք աղոթել։

12 Ինչպե՞ս ցույց կտանք, որ սուրբ ոգին թանկ է մեզ համար։ Օրինակ՝ աղոթելով Աստծուն, որ օգնի հայտնաբերել մեր սրտում ծագող սխալ մտքերն ու ցանկությունները (կարդա Սաղմոս 139։23, 24)։ Եթե այդպես վարվենք, Եհովան իր ոգու միջոցով կօգնի տեսնել դրանք։ Այնուհետև պետք է Աստծուն խնդրենք, որ իր ոգով մեզ ուժ տա արմատախիլ անելու սխալ մտքերն ու ցանկությունները։ Այդպես կերևա, որ չենք ուզում անել այնպիսի բան, ինչի պատճառով կզրկվենք սուրբ ոգու օգնությունից (Եփես. 4։30

13. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր երախտագիտությունը սուրբ ոգու համար։

13 Մենք ավելի շնորհակալ կլինենք սուրբ ոգու համար, եթե մտորենք այն մասին, թե դրա օգնությամբ ինչեր են արվում այսօր։ Նախքան երկինք համբարձվելը Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Այս խոսքերը զարմանալի կերպով կատարվում են մեր աչքերի առաջ։ Սուրբ ոգու շնորհիվ աշխարհի բոլոր ծայրերից ավելի քան ութուկես միլիոն մարդ է հավաքվել Եհովայի թևի տակ։ Բացի այդ՝ մենք հոգևոր դրախտում ենք ապրում, որովհետև Աստծու ոգու օգնությամբ լավ հատկություններ ենք զարգացնում մեր մեջ, ինչպիսիք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում։ Այս հատկությունները միասին կոչվում են «ոգու պտուղ» (Գաղ. 5։22, 23)։ Իրոք որ, սուրբ ոգին անչափ թանկ պարգև է։

ԵՐԿՆՔԻՑ ԵԿՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

14. Ի՞նչ անտեսանելի աջակցություն ենք ստանում մեր ծառայությունը կատարելիս։

14 Մեր ունեցած չերևացող գանձերից է նաև այն, որ համագործակցում ենք Եհովայի, Հիսուսի և հրեշտակների հետ (2 Կորնթ. 6։1)։ Դա անում ենք, երբ քարոզում ենք և աշակերտներ պատրաստում։ Պողոսը իր և իր ծառայակիցների մասին ասել է. «Մենք Աստծու համագործակիցներն ենք» (1 Կորնթ. 3։9)։ Մենք նաև Հիսուսի համագործակիցներն ենք։ Հիշենք, որ երբ նա իր հետևորդներին պատվիրեց «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել», նշեց. «Ես ձեզ հետ եմ» (Մատթ. 28։19, 20)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել հրեշտակների մասին։ Նրանք ուղղորդում են մեզ, երբ «հավիտենական բարի լուրը» հռչակում ենք «երկրի վրա բնակվողներին» (Հայտն. 14։6)։ Ինչպիսի՜ օրհնություն։

15. Եհովան ի՞նչ դեր ունի մեր ծառայության մեջ։ Բեր աստվածաշնչային օրինակ։

15 Երկնքից եկող այս աջակցության շնորհիվ ի՞նչ է իրագործվում։ Երբ ցանում ենք Թագավորության սերմերը, դրանց մի մասն ընկնում է «լավ հողի մեջ», ծլում և աճում է (Մատթ. 13։18, 23)։ Իսկ ո՞վ է ճշմարտության սերմերն աճեցնում այդ անկեղծ սրտերում և դրանք պտղաբեր դարձնում։ Հիսուսը բացատրել է, որ ոչ ոք չի կարող դառնալ իր հետևորդը, եթե «Հայրը.... չձգի նրան» (Հովհ. 6։44)։ Հիշենք այն դեպքը, երբ Պողոս առաքյալը Փիլիպպե քաղաքից դուրս վկայություն տվեց մի խումբ կանանց։ Նրանցից մեկի՝ Լիդիայի մասին կարդում ենք. «Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց արեց, որպեսզի նա ուշադրություն դարձնի Պողոսի ասածներին» (Գործ. 16։13–15)։ Եհովան միլիոնավոր այսպիսի մարդկանց է ձգել դեպի իրեն։

16. Ո՞ւմ ենք պարտական ծառայության մեջ ունեցած հաջողությունների համար։

16 Ծառայության մեջ ունեցած լավ արդյունքների համար ո՞ւմ ենք պարտական։ Պողոս առաքյալը Կորնթոսի ժողովին գրած նամակում պատասխանել է այս հարցին. «Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված է, որ աճեցրեց, այնպես որ ո՛չ տնկողն է մի բան, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է» (1 Կորնթ. 3։6, 7)։ Պողոսի նման մենք էլ պետք է ընդունենք, որ Եհովայի շնորհիվ ենք հաջողությունների հասնում ծառայության մեջ։

17. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ մեզ համար թանկ է Աստծու, Քրիստոսի ու հրեշտակների հետ համագործակցելու հնարավորությունը։

17 Ինչպե՞ս ենք փաստում, որ թանկ ենք գնահատում Աստծու, Քրիստոսի ու հրեշտակների հետ համագործակցելու առանձնաշնորհումը։ Մենք առիթներ ենք փնտրում մարդկանց հայտնելու բարի լուրը։ Դրա համար եռանդով մասնակցում ենք ծառայության տարբեր ձևերի, օրինակ՝ հրապարակային վկայություն ենք տալիս և տնետուն ենք քարոզում (Գործ. 20։20)։ Մեզնից շատերն էլ սիրում են ոչ պաշտոնական վկայություն տալ։ Նրանք ջերմորեն բարևում են անծանոթներին ու փորձում զրույց սկսել։ Եթե մարդը զրույցի է բռնվում, նրանք փորձում են նրբանկատորեն փոխել թեման և հայտնել Թագավորության լուրը։

(տես պարբերություն 18) *

18–19. ա) Ինչպե՞ս ենք ջրում ճշմարտության սերմերը։ բ) Բեր օրինակ, թե Եհովան ինչպես է օգնել Աստվածաշունչ ուսումնասիրող մի մարդու։

18 Որպես «Աստծու համագործակիցներ»՝ մենք պետք է ոչ միայն ցանենք ճշմարտության սերմերը, այլև ջրենք դրանք։ Երբ մարդը հետաքրքրվում է ճշմարտությամբ, պետք է ամեն ջանք թափենք, որ նորից զրուցենք նրա հետ ու զարգացնենք նրա հետաքրքրությունը, իսկ եթե չենք կարող, պետք է ուրիշին խնդրենք կապ հաստատել այդ մարդու հետ և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Մենք շատ ենք ուրախանում՝ տեսնելով, թե Եհովան ինչպես է ուսումնասիրողին օգնում նորոգել իր միտքն ու սիրտը։

19 Նկատի առնենք մի օրինակ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող Ռափալալանին հեքիմ էր, բայց համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրան դուր էր գալիս իր սովորածը, սակայն իր համար դժվար էր ընդունել այն, ինչ Սուրբ Գրքում ասվում է մահացած նախնիների հետ հաղորդակցվելու մասին (2 Օրենք 18։10–12)։ Այնուամենայնիվ, նա թույլ տվեց, որ Աստված փոխի իր մտածելակերպը։ Ի վերջո նա թողեց հեքիմի գործը, թեև դա նշանակում էր կորցնել իր եկամտի աղբյուրը։ Ռափալալանին, ով այժմ 60 տարեկան է, ասում է. «Շատ շնորհակալ եմ Եհովայի վկաներին, որ տարբեր ձևերով աջակցեցին ինձ, օրինակ՝ օգնեցին աշխատանք գտնել։ Բայց ամենից շատ Եհովային եմ շնորհակալ, որ օգնեց ինձ փոխել կյանքս ու մկրտվել։ Հիմա կարող եմ Աստծու վկան լինել ու ծառայել նրան»։

20. Այս հոդվածի քննարկումը ի՞նչ անելու մղեց քեզ։

20 Այս հոդվածում խոսեցինք չերևացող գանձերից չորսի մասին։ Դրանցից ամենաթանկը մեր ու Եհովայի սերտ ընկերությունն է։ Դրա շնորհիվ ստանում ենք մյուս անտեսանելի պարգևները՝ մեր երկնային Հորն աղոթելու հնարավորությունը, սուրբ ոգու օգնությունը, ինչպես նաև Եհովայի, Հիսուսի ու հրեշտակների աջակցությունը։ Ուստի եկեք ավելի խորացնենք մեր երախտագիտությունը այս բոլոր գանձերի համար ու միշտ շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ այդքա՜ն լավ Ընկեր է մեզ համար։

ԵՐԳ 145 Աստծու խոստացած դրախտը

^ պարբ. 5 Նախորդ հոդվածում խոսեցինք Աստծու տված տեսանելի պարգևներից մի քանիսի մասին։ Այս հոդվածում ուշադրություն կդարձնենք այնպիսի պարգևների, որոնք չեն երևում, սակայն գանձի պես թանկ են մեզ համար։ Հոդվածը կօգնի խոր երախտագիտություն զարգացնել Եհովա Աստծու հանդեպ, ով մեր կյանքը հարստացրել է այդ գանձերով։ Նաև կիմանանք, թե ինչպես դրսևորենք մեր երախտագիտությունը։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ 1) Զմայլվելով Եհովայի ստեղծագործությամբ՝ քույրը մտորում է նրա հետ իր մտերմության շուրջ։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ 2) Նույն քույրը Եհովայից ուժ է խնդրում քարոզելու բարի լուրը։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ 3) Սուրբ ոգին քրոջը քաջությամբ է լցնում ոչ պաշտոնական վկայություն տալու։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ 4) Քույրը Աստվածաշունչ է ուսուցանում այն կնոջը, ում ոչ պաշտոնական վկայություն էր տվել։ Քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը նա հրեշտակների աջակցությամբ է իրականացնում։