Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21

Գնահատո՞ւմ ես Աստծուց ստացած պարգևները

Գնահատո՞ւմ ես Աստծուց ստացած պարգևները

«Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները» (ՍԱՂ. 40։5

ԵՐԳ 5 Աստծու զարմանալի գործերը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ըստ Սաղմոս 40։5 համարի՝ Եհովան ինչե՞ր է արել մեզ համար, և ինչո՞ւ ենք այս հոդվածում խոսելու նրա տված պարգևների մասին։

ԵՀՈՎԱՆ առատաձեռն Աստված է։ Մտածիր այն պարգևների մասին, որ նա տվել է մեզ։ Դրանցից են մեր անզուգական գեղեցիկ տունը՝ Երկիր մոլորակը, մեր զարմանահրաշ ուղեղը, ինչպես նաև Աստծու անգին Խոսքը։ Այս երեք պարգևների շնորհիվ ունենք բնակվելու հարմարավետ վայր, մտածելու ու հաղորդակցվելու կարողություն, նաև ստացել ենք կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները (կարդա Սաղմոս 40։5

2 Այս հոդվածում հակիրճ կխոսենք վերոնշյալ պարգևների մասին։ Որքան շատ խորհենք այդ պարգևների շուրջ, այնքան բարձր կգնահատենք դրանք և այնքան ավելի շատ կցանկանանք հաճեցնել մեր սիրառատ Արարչին՝ Եհովային (Հայտն. 4։11)։ Բացի այդ՝ ավելի պատրաստված կլինենք օգնելու նրանց, ովքեր հավատում են էվոլյուցիոն տեսությանը։

ՄԵՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ

3. Ինչո՞վ է Երկիր մոլորակը եզակի։

3 Աստծու իմաստությունը հստակ երևում է այն բանից, թե նա ինչպես է ստեղծել մեր տունը՝ Երկիր մոլորակը (Հռոմ. 1։20; Եբր. 3։4)։ Այն միակ մոլորակը չէ, որ պտտվում է Արեգակի շուրջը, բայց եզակի է։ Միայն Երկրի վրա կան մեր կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

4. Ի՞նչ կարող ենք ասել Երկիր մոլորակի մասին, եթե այն համեմատենք նավի հետ։

4 Երկիրը ասես տիեզերքի անծայրածիր օվկիանոսում լողացող նավ լինի։ Բայց մարդու կառուցած նավի և մեր մոլորակի միջև մեծ տարբերություններ կան։ Օրինակ՝ մտածիր, թե որքան երկար կկարողանան ապրել նավում գտնվող մարդիկ, եթե ստիպված լինեն իրենք իրենց համար արտադրել թթվածին, սնունդ և ջուր, միևնույն ժամանակ թափոնները նավից դուրս նետելու հնարավորություն չունենան։ Վաղ թե ուշ նրանք կմահանան։ Ի տարբերություն նավի՝ Երկրի վրա միլիարդավոր կենդանի արարածներ են կարողանում ապրել, քանի որ այն արտադրում է թթվածին, սնունդ և ջուր, որոնց պաշարները երբեք չեն սպառվում։ Ու թեև Երկրի թափոնները տիեզերք չեն արտանետվում, բայց Երկիրը շարունակում է մնալ գեղեցիկ և ապրելու համար հիանալի վայր։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Եհովան այնպես է ստեղծել մեր մոլորակը, որ այն կարողանա վերամշակել իր թափոնները։ Այժմ կտեսնենք, թե դա ինչպես է տեղի ունենում. կքննենք թթվածնի և ջրի շրջապտույտները։

5. Ի՞նչ է թթվածնի շրջապտույտը, և ի՞նչ է այն փաստում։

5 Թթվածինը գազ է, որը անհրաժեշտ է բազմաթիվ կենդանի օրգանիզմների, այդ թվում՝ մարդու գոյության համար։ Նրանք շնչում են թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ։ Ըստ որոշ հաշվարկների՝ կենդանի օրգանիզմները ամեն տարի հարյուր միլիարդ տոննա թթվածին են կլանում։ Սակայն երբեք այնպես չի լինում, որ թթվածնի պաշարները սպառվեն, և մթնոլորտում գերակշռի դրա «թափոնը»՝ ածխաթթու գազը։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան ստեղծել է նաև բույսեր՝ սկսած փոքրիկ ջրիմուռներից և վերջացրած հսկայական ծառերով, որոնք կլանում են ածխաթթու գազը և թթվածին են արտազատում։ Թթվածնի շրջապտույտը փաստում է Գործեր 17։24, 25 համարներում գրված խոսքերի ճշմարտացիությունը. «Աստված.... բոլոր մարդկանց տալիս է կյանք, շունչ և ամեն բան»։

6. Ի՞նչ է ջրի շրջապտույտը, և ինչի՞ մասին է այն վկայում (տես նաև « Ջրի շրջապտույտը պարգև է Եհովայից» շրջանակը)։

6 Ջուրը հեղուկ վիճակում Երկրի վրա գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ մեր մոլորակը Արեգակից իդեալական հեռավորության վրա է գտնվում։ Եթե այն մի փոքր մոտ լիներ Արեգակին, ապա նրանում եղող ջուրը ամբողջությամբ կգոլորշիանար, և երկրագունդը կվերածվեր կյանքից զուրկ քարե տաք գնդի։ Իսկ եթե մի փոքր հեռու լիներ, ապա ողջ ջուրը կսառչեր, և Երկիրը կծածկվեր հսկայական սառցե շերտով։ Եհովան իդեալական դիրք է սահմանել Երկիր մոլորակի համար, ինչը հնարավոր է դարձնում ջրի շրջապտույտը, հետևաբար նաև կյանքի գոյությունը։ Արևի էներգիան տաքացնում է օվկիանոսները և ցամաքային ջրերը, ինչի հետևանքով ամեն տարի մոտ 500 000 խորանարդ կիլոմետր (120 000 խորանարդ մղոն) ջուր է գոլորշիանում։ Գոլորշիացած ջուրը վերածվում է ամպերի և մոտ տասը օր մնում մթնոլորտում, հետո ձյան կամ անձրևի տեսքով թափվում է երկրի վրա։ Այն ի վերջո վերադառնում է գետեր, լճեր, ծովեր, օվկիանոսներ, և շրջապտույտը նորից սկսվում է։ Այս երևույթը վկայում է, որ Եհովան իմաստուն է ու զորեղ (Հոբ 36։27, 28; Ժող. 1։7

7. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այն պարգևի համար, որի մասին խոսվում է Սաղմոս 115։16-ում։

7 Ի՞նչ կարող ենք անել, որ մեր սիրտը երախտագիտության զգացումով լցվի բարիքներով լի մեր զարմանահրաշ մոլորակի համար (կարդա Սաղմոս 115։16)։ Օրինակ՝ կարող ենք խորհրդածել Եհովայի ձեռքի գործերի շուրջ։ Դա կմղի մեզ ամեն օր շնորհակալություն հայտնել նրան։ Երկիր մոլորակի համար մեր երախտագիտությունը ցույց կտանք նաև, եթե հնարավորինս մաքուր պահենք այն տարածքը, որտեղ ապրում ենք։

ՄԵՐ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՈՒՂԵՂԸ

8. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր ուղեղը զարմանահրաշ կերպով է ստեղծված։

8 Մարդու ուղեղը ճարտարագիտական արվեստի գլուխգործոց է։ Մոր արգանդում երեխայի ուղեղը զարգանում է Աստծու մշակած գենետիկական ծրագրով, և ամեն րոպե ուղեղի հազարավոր նոր բջիջներ են կազմավորվում։ Մասնագետներն ասում են, որ չափահաս մարդու ուղեղը, որը կշռում է մոտ 1,5 կիլոգրամ (3,3 ֆունտ), բաղկացած է գրեթե 100 միլիարդ հատուկ բջիջներից, որոնք կոչվում են նեյրոններ։ Քննենք մեր ուղեղի զարմանահրաշ ունակություններից մի քանիսը։

9. Ի՞նչն է քեզ համոզում, որ խոսելու ունակությունը Աստծու տված պարգևներից է։

9 Խոսելու կարողությունը հրաշք է։ Մի պահ մտածիր, թե ինչ է տեղի ունենում, երբ խոսում ենք։ Որպեսզի կարողանանք որևէ բառ արտասանել, ուղեղը պետք է կոորդինացնի լեզվի, կոկորդի, շրթունքների, ծնոտի և կրծքավանդակի մկանների շարժումները, ընդհանուր հաշվով՝ մոտ 100 մկան։ Իսկ որպեսզի բառը հասկանալի հնչի, յուրաքանչյուր մկան պետք է շարժվի ճիշտ պահին և ճիշտ հերթականությամբ։ Լեզու սովորելու ունակության վերաբերյալ 2019 թվականի մի ուսումնասիրության մեջ ասվում է, որ նորածինները կարողանում են ճանաչել որոշ բառեր և արձագանքել դրանց։ Սա թիկունք է կանգնում շատ մասնագետների այն կարծիքին, որ մենք ծնվում ենք լեզուները տարբերակելու և դրանք սովորելու ունակությամբ։ Խոսելու կարողությունը, անկասկած, Աստծուց տրված պարգև է (Ելք 4։11

10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք խոսքի պարգևը։

10 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը խոսքի պարգևի համար։ Օրինակ՝ այն բանով, որ մեր համոզմունքները բացատրենք նրանց, ում հետաքրքրում է, թե ինչու ենք հավատում Աստծուն և չենք ընդունում էվոլյուցիոն տեսությունը (Սաղ. 9։1; 1 Պետ. 3։15)։ Այս տեսության կողմնակիցներն ասում են, թե երկրագունդն ու դրա վրա գոյություն ունեցող կյանքը պատահականության արդյունք են։ Ուստի Աստվածաշնչի և այս հոդվածում քննարկված մտքերի օգնությամբ կարող ենք մարդկանց բացատրել, թե ինչու ենք համոզված, որ Եհովան է երկնքի ու երկրի Արարիչը։ Այդպիսով կպաշտպանենք մեր երկնային Հոր հեղինակությունը (Սաղ. 102։25; Ես. 40։25, 26

11. Մարդու ուղեղը ուրիշ ինչո՞վ է եզակի։

11 Հիշելու կարողությունը զարմանալի բան է։ Տարիներ առաջ մի հետազոտող հաշվարկել է, որ մարդու ուղեղը կարող է այնքան տեղեկություն պահել, որքան կտեղավորվի 20 միլիոն գրքում։ Բայց այժմ կարծիք կա, որ մեր հիշողությունը շատ ավելի տարողունակ է։ Ուղեղի հիշելու կարողությունը իրոք որ եզակի է։

12. Մարդը ինչո՞վ է տարբերվում կենդանիներից։

12 Երկրի վրա ապրող բոլոր էակներից միայն մարդն է օժտված բարոյական արժեքներ յուրացնելու կարողությամբ։ Անցյալում տեղի ունեցած դեպքերը հիշելով ու վերլուծելով՝ մենք կարողանում ենք դասեր քաղել, փոխել մեր մտածելակերպն ու ապրելակերպը և ավելի լավ անձնավորություն դառնալ (1 Կորնթ. 6։9–11; Կող. 3։9, 10)։ Նաև կարողանում ենք մարզել մեր խիղճը և զանազանել ճիշտն ու սխալը (Եբր. 5։14)։ Բացի այդ՝ ունակ ենք սիրելու, կարեկցելու և ողորմածություն դրսևորելու, ինչպես նաև ընդօրինակելու Եհովայի արդարությունը։

13. Սաղմոս 77։11, 12 համարների համաձայն՝ ինչպե՞ս պետք է օգտագործենք հիշողության պարգևը։

13 Հիշողության պարգևի համար մեր երախտագիտությունը ցույց կտանք, եթե միշտ հիշենք, թե Եհովան ինչպես է անցյալում օգնել ու մխիթարել մեզ։ Դա մեզ ավելի մեծ վստահությամբ կլցնի, որ նա ապագայում էլ մեր կողքին կլինի (կարդա Սաղմոս 77։11, 12; 78։4, 7)։ Մեր երախտագիտությունը ցույց կտանք նաև, եթե հիշենք այն լավ բաները, որ մարդիկ արել են մեզ համար, և շնորհակալ լինենք նրանց։ Մասնագետներն ասում են, որ երախտագետ մարդը ավելի երջանիկ է։ Սակայն կան բաներ, որոնք լավ կլինի՝ չհիշենք, ինչպես որ Եհովան է անում։ Նա կատարյալ հիշողություն ունի, բայց երբ զղջում ենք մեր արած սխալների համար, ներում է մեզ և մոռանում դրանք (Սաղ. 25։7; 130։3, 4)։ Եհովան ուզում է, որ նույն ձևով վարվենք այն մարդկանց հետ, ովքեր ցավ են պատճառել մեզ, բայց զղջացել են դրա համար (Մատթ. 6։14; Ղուկ. 17։3, 4

Մենք ցույց ենք տալիս, որ գնահատում ենք Աստծու տված հրաշալի պարգևը՝ մեր ուղեղը, երբ այն օգտագործում ենք Եհովային փառաբանելու համար (տես պարբերություն 14) *

14. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստծու տված հիանալի պարգևը՝ ուղեղը։

14 Մենք ցույց կտանք, որ գնահատում ենք մեր զարմանահրաշ ուղեղը, եթե այն օգտագործենք Արարչին փառաբանելու համար։ Ոմանք իրենց ուղեղը եսասիրական նպատակներով են օգտագործում. փորձում են ճշտի ու սխալի վերաբերյալ իրե՛նց չափանիշները սահմանել։ Բայց քանի որ Եհովան է մեզ ստեղծել, տրամաբանական է եզրակացնել, որ նրա սկզբունքները շատ ավելի իմաստուն են (Հռոմ. 12։1, 2)։ Երբ հետևում ենք դրանց, խաղաղություն ենք վայելում (Ես. 48։17, 18)։ Բացի այդ՝ կյանքում հստակ նպատակ ենք ունենում, այն է՝ փառք բերել մեր Արարչին ու Հորը և ուրախացնել նրա սիրտը (Առակ. 27։11

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԹԱՆԿԱԳԻՆ ՊԱՐԳԵՎ Է

15. Այն, որ ունենք Աստվածաշունչը, ինչպե՞ս է փաստում, որ Եհովան սիրում է մարդկանց։

15 Աստվածաշունչը պարգև է մեր երկնային սիրառատ Հորից։ Նա գրել է տվել այն, քանի որ շատ է սիրում իր երկրային զավակներին։ Սուրբ Գրքի միջոցով Աստված պատասխանում է կյանքի կարևորագույն հարցերին, օրինակ՝ ինչպե՞ս ենք առաջացել, ո՞րն է կյանքի իմաստը, կամ ի՞նչ է սպասվում ապագայում։ Եհովան ուզում է, որ իր բոլոր զավակները իմանան այս հարցերի պատասխանները, ուստի դարերի ընթացքում մարդկանց մղել է իր Խոսքը թարգմանել բազմաթիվ լեզուներով։ Այսօր Աստվածաշունչը ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է ավելի քան 3 000 լեզուներով։ Այն ամենից շատ թարգմանված ու տարածված գիրքն է։ Մարդկանց մեծ մասը, անկախ բնակության վայրից ու լեզվից, կարող է Աստծու Խոսքը կարդալ մայրենի լեզվով (տես « Աստվածաշունչը հասանելի է դառնում աֆրիկյան լեզուներով» շրջանակը)։

16. Հաշվի առնելով Մատթեոս 28։19, 20 համարները՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստվածաշունչը։

16 Մենք ցույց կտանք, որ գնահատում ենք Աստվածաշունչը, եթե ամեն օր կարդանք այն, խորհենք դրա շուրջ և ձգտենք կիրառել սովորածը։ Մեր երախտագիտությունը ցույց կտանք նաև նրանով, որ հնարավորինս շատ մարդկանց հայտնենք այնտեղ գրված բարի լուրը (Սաղ. 1։1–3; Մատթ. 24։14; կարդա Մատթեոս 28։19, 20

17. Աստծու տված ո՞ր պարգևների մասին խոսեցինք այս հոդվածում և ի՞նչ ենք քննելու հաջորդում։

17 Այս հոդվածում խոսեցինք Աստծու տված պարգևներից մի քանիսի մասին. դրանցից են մեր տունը՝ Երկիր մոլորակը, մեր զարմանահրաշ ուղեղը և Աստվածաշունչը։ Բայց Եհովան մեզ այլ պարգևներ էլ է տվել, որոնք մարդկային աչքին տեսանելի չեն։ Այդ չերևացող գանձերի մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա

^ պարբ. 5 Այս հոդվածը կնպաստի, որ երախտագիտություն զարգացնենք Եհովայի հանդեպ և գնահատենք նրանից ստացած պարգևները։ Նաև կօգնի, որ համոզիչ փաստարկներ բերենք, երբ զրուցում ենք Արարչի գոյությանը չհավատացող մարդկանց հետ։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Քույրը օտար լեզու է սովորում, որպեսզի ներգաղթյալներին հայտնի Աստծու Խոսքում գրված ճշմարտությունները։