Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեղմություն. օգտակար հատկություն

Մեղմություն. օգտակար հատկություն

«Ես բնավորությամբ ամաչկոտ եմ և ուժերիս վրա վստահ չեմ,— ասում է Սառան։ *— Դրա համար կաշկանդվում եմ այն մարդկանց շրջապատում, ովքեր ինքնավստահ են և իրենց ասածի։ Բայց երբ մեղմ ու խոնարհ մարդու կողքին եմ, ինձ հանգիստ եմ զգում։ Նրա առաջ կարող եմ բացել սիրտս և խոսել զգացմունքներիս ու խնդիրներիս մասին։ Իմ ամենալավ ընկերները հենց այսպիսին են»։

Սառայի խոսքերից երևում է, որ մեղմությունը գրավում է մարդկանց։ Այս հատկությունը Եհովային էլ է հաճելի։ Նա իր Խոսքում հորդորում է մեզ. «Հագեք.... մեղմությունը» (Կող. 3։12)։ Իսկ ի՞նչ է մեղմությունը։ Հիսուսն ինչպե՞ս է դրսևորել այս հատկությունը։ Եվ այն ինչպե՞ս կարող է մեզ ավելի երջանիկ դարձնել։

Ի՞ՆՉ Է ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ

Մեղմությունը * ներքին հանդարտությունից բխող հատկություն է։ Մեղմ մարդը ուրիշների հետ բարությամբ ու հեզությամբ է վարվում։ Լարված իրավիճակներում նա ինքն իրեն տիրապետում է և անվրդով է մնում։

Մեղմությունը խոսում է ներքին ուժի մասին։ «Մեղմություն» թարգմանված հունարեն բառը բնութագրում է վայրի ձիուն, որին ընտելացրել են։ Թեև ձին առաջվա պես ուժեղ է, բայց վարժեցվել է, որ վերահսկի իր ուժը։ Նույն ձևով էլ մենք, սովորելով մեղմ լինել, սանձահարում ենք մեր անկատար էությունը և հանդարտությամբ ենք վարվում ուրիշների հետ։

Գուցե մտածես, թե բնավորությամբ մեղմ մարդ չես։ Իրականում մեղմություն դրսևորելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ հանդուգն և անզուսպ լինելը սովորական բան է (Հռոմ. 7։19)։ Հետևաբար ջանքեր են հարկավոր մեղմ անձնավորություն դառնալու համար, բայց Եհովայի սուրբ ոգու օգնությամբ մենք կարո՛ղ ենք հասնել այս նպատակին (Գաղ. 5։22, 23)։ Իսկ ինչո՞ւ արժե մեղմություն զարգացնել։

Մեղմությունը գրավում է մարդկանց։ Ինչպես նկատել է Սառան, մեղմ մարդկանց շրջապատում մենք հանգիստ ենք ու անկաշկանդ։ Հիսուսը մեղմ ու բարի մարդու կատարյալ օրինակ է (2 Կորնթ. 10։1)։ Նույնիսկ այն երեխաները, որոնք չէին ճանաչում Հիսուսին, նրա կողքին իրենց լավ էին զգում (Մարկ. 10։13–16

Մեղմությունը օգտակար է թե՛ մեզ, թե՛ մեր շրջապատի մարդկանց համար։ Եթե մեղմ լինենք, արագ չենք վրդովվի կամ բարկանա (Առակ. 16։32)։ Ուստի չենք վիրավորի ուրիշներին, այդ թվում՝ մեզ սիրելի մարդկանց, և դրա պատճառով մեղավորության զգացում չենք ունենա։ Մեղմության շնորհիվ կկարողանանք վերահսկել մեր զգացմունքներն ու արարքները և ուրիշին չենք վնասի։

ՄԵՂՄ ՄԱՐԴՈՒ ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԻՆԱԿ

Հիսուսը լուրջ հանձնարարություններ ուներ և շատ զբաղված էր, սակայն բոլորի հետ մեղմությամբ էր վարվում։ Նրա օրերում շատերը ճկված էին զանազան բեռների ծանրության տակ և մխիթարության կարիք ունեին։ Ուստի մեծ թեթևություն զգացին, երբ Հիսուսն իրենց ասաց. «Ինձ մոտ եկեք.... որ հեզ եմ [կամ՝ «մեղմ»] ու սրտով խոնարհ» (Մատթ. 11։28, 29, ծնթ.)։

Ինչպե՞ս նմանվենք Հիսուսին ու մեղմ անձնավորություն դառնանք։ Դրա համար պետք է ուսումնասիրենք Աստծու Խոսքը և իմանանք, թե Հիսուսն ինչպես էր վարվում մարդկանց հետ և ինչ էր անում դժվար իրավիճակներում։ Հետո, երբ ինքներս հայտնվենք այնպիսի իրավիճակներում, որոնցում հեշտ է հունից դուրս գալ, պետք է ձգտենք վարվել այնպես, ինչպես Հիսուսը (1 Պետ. 2։21)։ Նկատի առնենք, թե ինչն է օգնել նրան մեղմություն դրսևորել։

Հիսուսը սրտով խոնարհ էր։ Նա նշեց, որ ինքը մեղմ է և սրտով խոնարհ (Մատթ. 11։29, ծնթ.)։ Աստվածաշնչում այս երկու հատկությունները հաճախ միասին են հիշատակվում, քանի որ մեղմությունը սերտորեն կապված է խոնարհության հետ (Եփես. 4։1–3)։ Ինչպե՞ս։

Խոնարհությունն օգնում է, որ չափից շատ չկենտրոնանանք մեր անձի վրա և չափազանց զգայուն չլինենք։ Հիշենք, թե Հիսուսը ինչպես պատասխանեց նրանց, ովքեր անարդարացիորեն քննադատեցին իրեն՝ կոչելով «որկրամոլ» և «գինի խմելուն անձնատուր եղած մարդ»։ Նա թույլ տվեց, որ իր գործերը խոսեն իր փոխարեն, և մեղմ պատասխան տվեց նրանց՝ ասելով. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթ. 11։19

Հնարավոր է՝ ինչ-որ մեկը անմտածված խոսի քո ռասայի, սեռի կամ ծագման մասին։ Նման դեպքում փորձիր Հիսուսի պես վարվել։ Պիտեր անունով մի երեց, ով ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ասում է. «Երբ ուրիշների խոսքերը նյարդայնացնում են ինձ, ինքս ինձ հարցնում եմ, թե Հիսուսն ինչպես կվարվեր այս իրավիճակում»։ Նա ավելացնում է. «Սովորել եմ չափից շատ չկենտրոնանալ իմ անձի վրա»։

Հիսուսը հասկանում էր մարդկանց թուլությունները։ Նրա աշակերտները ցանկանում էին բարին գործել, բայց անկատարության պատճառով միշտ չէր, որ դա հաջողվում էր նրանց։ Օրինակ՝ Հիսուսի մահվանը նախորդող գիշերը Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը արթուն չմնացին նրա հետ, ինչպես նա խնդրել էր, և զորավիգ չեղան նրան։ Սակայն Հիսուսը չվրդովվեց, քանի որ հասկանում էր նրանց։ Նա ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթ. 26։40, 41

Մենդի անունով մի քույր քննադատորեն էր վերաբերվում ուրիշներին, բայց այժմ նա շարունակ ջանքեր է թափում, որ Հիսուսի պես ըմբռնումով վերաբերվի մարդկանց։ Քույրն ասում է. «Մարդկային անկատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում, և ես փորձում եմ ընդունել դա։ Ձգտում եմ ուրիշների մեջ դրականը տեսնել՝ այն, ինչ Եհովան է տեսնում»։ Կարո՞ղ ես դու էլ ընդօրինակել Հիսուսին և մեղմությամբ վարվել մարդկանց հետ՝ հասկանալով, որ նրանք անկատար են։

Հիսուսը ամեն ինչ Աստծու ձեռքն էր հանձնում։ Երկրի վրա եղած ժամանակ նա անարդար վերաբերմունքի արժանացավ։ Նրան չհասկացան, արհամարհեցին և տանջանքների ենթարկեցին։ Բայց Հիսուսը ամեն ինչ հեզությամբ տարավ, որովհետև «իրեն հանձնել էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։ Նա գիտեր, որ իր երկնային Հայրը կօգնի իրեն և ճիշտ ժամանակին կվերականգնի արդարությունը։

Եթե մեզ հետ անարդարացի վարվեն, և մենք, զայրույթով լցված, փորձենք վերականգնել արդարությունը, գուցե մեր բուռն արձագանքով ավելի բարդացնենք իրավիճակը։ Զուր չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Մարդու զայրույթը Աստծու արդարությունը չի բերում» (Հակ. 1։20)։ Նույնիսկ եթե մեր բարկությունն արդարացված է, անկատարության պատճառով, հնարավոր է, սխալ քայլեր անենք հարցը լուծելու համար։

Գերմանիայում ապրող մի քույր, որի անունը Կատի է, միշտ մտածում էր, որ եթե ինքն իրեն չպաշտպանի, ապա դա ոչ ոք չի անի։ Բայց երբ նա սովորեց վստահել Եհովային, փոխեց իր մտածելակերպը։ «Այլևս կարիք չեմ տեսնում պաշտպանողական դիրք բռնելու,— ասում է քույրը։— Այժմ, երբ գիտեմ, որ Եհովան ամեն ինչ կատարելապես վերահսկում է, ինձ համար ավելի հեշտ է հեզությամբ վարվել»։ Եթե դու էլ ես անարդարության զոհ դարձել, ապա ընդօրինակելով Հիսուսին ու ապավինելով Աստծուն՝ կկարողանաս հանդարտ մնալ։

ՄԵՂՄ ՄԱՐԴԻԿ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ

Մեղմությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դժվար իրավիճակներում

Հիսուսը նշել է, որ մեղմությունը մարդու երջանկությանը նպաստող կարևոր գործոններից է։ Նա ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են [կամ՝ «մեղմ»]» (Մատթ. 5։5, ծնթ.)։ Տեսնենք, թե մեղմությունն ինչպես կարող է օգնել մեզ կյանքի հետևյալ ոլորտներում։

Մեղմությունը օգնում է ամուսնական կյանքում։ Ռոբերտ անունով մի եղբայր, որը բնակվում է Ավստրալիայում, խոստովանում է. «Բարկության պահերին կնոջս ասել եմ բաներ, որոնցով վիրավորել եմ նրան, թեև այդպիսի նպատակ չեմ ունեցել։ Հետո շատ վատ եմ զգացել՝ տեսնելով, թե ինչ մեծ ցավ եմ պատճառել նրան։ Բայց բերանիցդ դուրս թռած խոսքերը չես կարող հետ վերցնել»։

«Բոլորս էլ հաճախ ենք սխալվում», ուստի մեր անմտածված խոսքերը կարող են խաթարել ընտանեկան խաղաղությունը (Հակ. 3։2)։ Նման դեպքերում մեղմությունն օգնում է հանդարտ մնալ և սանձել մեր լեզուն (Առակ. 17։27

Ռոբերտը սովորեց ավելի հանդարտ ու զուսպ լինել։ Իսկ ի՞նչ եղավ արդյունքը։ Նա ասում է. «Այժմ, երբ որևէ տարաձայնություն է առաջանում, ես գիտակցաբար ջանքեր եմ գործադրում, որ ուշադիր լսեմ կնոջս, մեղմությամբ խոսեմ նրա հետ ու չվրդովվեմ։ Հիմա ես ու կինս իրար հանդեպ շատ ավելի ջերմ ենք»։

Մեղմությունն օգնում է լեզու գտնել մարդկանց հետ։ Արագ վիրավորվող մարդիկ սովորաբար շատ ընկերներ չեն ունենում։ Իսկ մեղմությունն օգնում է պահպանել «խաղաղության միավորող կապը» (Եփես. 4։2, 3)։ Կատին ասում է. «Մեղմության շնորհիվ կարողանում եմ մարդկանց հետ շփումս ավելի հաճելի դարձնել, նույնիսկ երբ դժվար է լինում ոմանց հետ լեզու գտնել»։

Մեղմությունն օգնում է, որ ներքին խաղաղություն ունենանք։ Մեղմությունն ու խաղաղությունը ոգու պտղի մաս են կազմում և սերտորեն կապված են իրար հետ (Գաղ. 5։22, 23)։ Մեղմ մարդը «հանդարտ սիրտ» ունի (Առակ. 14։30)։ Մարտինը, ով մեծ ջանքեր է թափել մեղմ անձնավորություն դառնալու համար, ասում է. «Հիմա ես ավելի զիջող եմ. ամեն անգամ իմ տեսակետը չեմ պնդում։ Դրա շնորհիվ ներքին խաղաղություն ունեմ ու ավելի երջանիկ եմ»։

Մեղմություն զարգացնելու համար, ինչ խոսք, մեծ ջանքեր են պահանջվում։ Մի եղբայր խոստովանում է. «Անկեղծ ասած՝ մինչ օրս էլ լինում են իրավիճակներ, երբ բարկությամբ եմ լցվում»։ Սակայն Եհովան, ով բոլորիս հորդորում է մեղմ անձնավորություն դառնալ, կօգնի մեզ այս պայքարում (Ես. 41։10; 1 Տիմոթ. 6։11)։ Նա կարող է «ավարտին հասցնել մեր ուսուցումը» ու զորացնել մեզ (1 Պետ. 5։10)։ Եվ ժամանակի ընթացքում մեզ էլ կհաջողվի Պողոս առաքյալի պես արտացոլել «Քրիստոսի մեղմությունը և բարությունը» (2 Կորնթ. 10։1

^ պարբ. 2 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 5 Աստվածաշնչի բնագրում գործածված հունարեն բառը կարող է թարգմանվել նաև «հեզություն»։