Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մրցակից թագավորները վերջի ժամանակ

Մրցակից թագավորները վերջի ժամանակ

Այստեղ նշված մարգարեություններից մի քանիսը նկարագրում են դեպքեր, որոնք միաժամանակ են կատարվում։ Դրանք փաստում են, որ մենք ապրում ենք «վերջի ժամանակ» (Դան. 12։4

  • Աստվածաշնչյան համարներ։ Հայտն. 11։7; 12։13, 17; 13։1–8, 12

    Մարգարեություն։ «Գազանը» հազարամյակներ շարունակ իշխում է երկրի բնակիչների վրա։ Վերջի ժամանակ գազանի յոթերորդ գլուխը վիրավորվում է, բայց հետո նրա վերքը բուժվում է, և «ողջ երկիրը» գնում է նրա հետևից։ Սատանան այդ գազանի միջոցով «պատերազմ է մղում [կնոջ] սերնդից մնացածների դեմ»։

    Կատարում։ Ջրհեղեղից հետո առաջ են գալիս մարդկային կառավարություններ, որոնք սկսում են հակառակվել Եհովային։ Հազարամյակներ անց՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում, Բրիտանական կայսրությունը խիստ թուլանում է։ Այն դարձյալ հզորանում է, երբ Միացյալ Նահանգների հետ միավորում է իր ուժերը։ Հատկապես վերջի ժամանակ Սատանան օգտագործում է աշխարհի ողջ քաղաքական համակարգը, որպեսզի հետապնդի Աստծու ժողովրդին։

  • Աստվածաշնչյան համարներ։ Դան. 11։25–45

    Մարգարեություն։ Վերջի ժամանակ հյուսիսի և հարավի թագավորները իշխանության համար պայքարում են իրար դեմ։

    Կատարում։ Գերմանիան մրցակցում է անգլո-ամերիկյան ուժի հետ։ 1945-ին Խորհրդային Միությունը և իր դաշնակիցները դառնում են հյուսիսի թագավոր։ 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվում է, և ժամանակի ընթացքում հյուսիսի թագավորի դերը ստանձնում են Ռուսաստանը և իր դաշնակիցները։

  • Աստվածաշնչյան համարներ։ Ես. 61։1; Մաղ. 3։1; Ղուկ. 4։18

    Մարգարեություն։ Եհովան ուղարկում է իր «պատգամաբերին», որ վերջինս «ճանապարհ հարթի» Մեսիական Թագավորության համար։ «Պատգամաբերը» սկսում է «հեզերին բարի լուր հայտնել»։

    Կատարում։ 1870-ից սկսած՝ Չարլզ Ռասելը և իր ընկերակիցները ջանասիրաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը, որ իմանան, թե ինչ է այն իրականում սովորեցնում։ 1881-ին նրանք սկսում են ընդգծել այն միտքը, որ Աստծու ծառաները պետք է քարոզեն ճշմարտությունը։ Ուստի հրատարակում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են՝ «Պահանջվում է 1 000 քարոզիչ» և «Օծված են քարոզելու համար»։

  • Աստվածաշնչյան համարներ։ Մատթ. 13։24–30, 36–43

    Մարգարեություն։ Թշնամին ցորենի արտում որոմ է ցանում։ Որոմը աճում է, և ցորենը որոմի մեջ չի երևում։ Հնձի ժամանակ որոմը առանձնացվում է ցորենից։

    Կատարում։ 1870-ից ճշմարիտ քրիստոնյաների և կեղծ քրիստոնյաների միջև տարբերությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Վերջի ժամանակ ճշմարիտ քրիստոնյաները հավաքվում են՝ առանձնացվելով կեղծ քրիստոնյաներից։

  • Աստվածաշնչյան համարներ։ Դան. 2։31–33, 41–43

    Մարգարեություն։ Բազմամետաղյա արձանի ոտնաթաթերը երկաթից ու կավից են։

    Կատարում։ Կավը խորհրդանշում է անգլո-ամերիկյան տերության տարածքում գործող ժողովրդական շարժումները, որոնք թուլացնում են դրա ուժը՝ թույլ չտալով գործել երկաթանման զորությամբ։

  • Աստվածաշնչյան համարներ։ Մատթ. 13։30; 24։14, 45; 28։19, 20

    Մարգարեություն։ «Ցորենը» հավաքվում է «ամբարի մեջ», ու «հավատարիմ և իմաստուն ծառան» նշանակվում է «տան անդամների վրա»։ Թագավորության բարի լուրը սկսում է քարոզվել «ամբողջ երկրով մեկ»։

    Կատարում։ 1919-ին հավատարիմ ծառան նշանակվում է Աստծու ժողովրդի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր Աստվածաշունչ ուսումնասիրողները ավելի մեծ թափով են քարոզում։ Այսօր Եհովայի վկաները քարոզում են ավելի քան 200 երկրներում և աստվածաշնչյան գրականություն են հրատարակում ավելի քան 1 000 լեզուներով։

  • Աստվածաշնչյան համարներ։ Դան. 12։11; Հայտն. 13։11, 14, 15

    Մարգարեություն։ Երկու եղջյուր ունեցող գազանը երկրի վրա բնակվողներին ասում է, որ «պատրաստեն գազանի պատկերը», և «շունչ է տալիս գազանի պատկերին»։

    Կատարում։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը հիմնադրում է Ազգերի լիգան, որին միանում են մյուս պետությունները։ 1926-ին հյուսիսի թագավորը նույնպես միանում է Ազգերի լիգային, բայց դրա անդամ է մնում մինչև 1933 թվականը։ Մարդիկ հավատում են, որ Ազգերի լիգան կարող է խաղաղություն բերել աշխարհին, ինչը միայն Աստծու Թագավորությունն է ունակ անելու։ Հետագայում մարդիկ ՄԱԿ-ի հետ են նույնպիսի հույսեր կապում։

  • Աստվածաշնչյան համարներ։ Դան. 8։23, 24

    Մարգարեություն։ Դաժան տեսքով թագավոր է դուրս գալիս և «ավերում է զարմանալի կերպով»։

    Կատարում։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը մեծ վնասներ է հասցնում։ Օրինակ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ն երկու ատոմային ռումբ է նետում թշնամի պետության վրա։ Այս զենքը աննախադեպ ավերածություն է պատճառում։

  • Աստվածաշնչյան համարներ։ Դան. 11։31; Հայտն. 17։3, 7–11

    Մարգարեություն։ Անդունդից տասը եղջյուր ունեցող «ալ կարմիր» գազան է դուրս գալիս, որը ութերորդ թագավորն է։ Դանիելի մարգարեության մեջ այս թագավորի մասին խոսվում է որպես «ամայացում բերող պղծության»։

    Կատարում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ազգերի լիգան անգործության է մատնվում։ Պատերազմից հետո հիմնադրվում է ՄԱԿ-ը։ Սրան նույնպես տրվում է այն փառքը, որին Աստծու Թագավորությունն է արժանի։ Հետագայում ՄԱԿ-ը հարձակում է գործում կրոնի վրա։

  • Աստվածաշնչյան համարներ։ 1 Թեսաղ. 5։3; Հայտն. 17։16

    Մարգարեություն։ Ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հայտարարում, և «գազանն» ու «տասը եղջյուրները» հարձակվում են «պոռնիկի» վրա և կործանում են նրան։ Դրանից հետո ազգերի վրա հանկարծահաս կործանում է գալիս։

    Կատարում։ Ազգերը հայտարարում են, որ հասել են խաղաղության ու անվտանգության։ Այնուհետև ՄԱԿ-ին աջակցող պետությունները վերացնում են կեղծ կրոնը։ Դրանով սկսվում է մեծ նեղությունը, որն ավարտվում է Արմագեդոնի ժամանակ, երբ Հիսուսը վերջ է դնում Սատանայի ողջ աշխարհին։

  • Աստվածաշնչյան համարներ։ Եզեկ. 38։11, 14–17; Մատթ. 24։31

    Մարգարեություն։ Գոգը ներխուժում է Աստծու ժողովրդի երկիր։ Հետո հրեշտակները հավաքում են «ընտրյալներին»։

    Կատարում։ Հյուսիսի թագավորը աշխարհի մյուս կառավարությունների հետ հարձակվում է Աստծու ժողովրդի վրա։ Երբ այս հարձակումը սկսվում է, որոշ ժամանակ անց երկրի վրա մնացած օծյալները հավաքվում են երկնքում։

  • Աստվածաշնչյան համարներ։ Եզեկ. 38։18–23; Դան. 2։34, 35, 44, 45; Հայտն. 6։2; 16։14, 16; 17։14; 19։20

    Մարգարեություն։ «Սպիտակ ձիու» վրա նստողը լիակատար հաղթանակ է տանում՝ կործանելով Գոգին ու նրա զորքերին։ «Գազանը» «գցվում է ծծմբով այրվող կրակի լիճը», և մեծ արձանը ջարդուփշուր է լինում։

    Կատարում։ Հիսուսը՝ Աստծու Թագավորության իշխող Թագավորը, գալիս է փրկելու Աստծու ժողովրդին։ Հրեշտակներից և իր 144 000 իշխանակիցներից բաղկացած զորքի հետ նա կործանում է Աստծու ժողովրդի վրա հարձակված բոլոր ազգերին։ Դրանով վերջ է դրվում Սատանայի ողջ քաղաքական համակարգին։