Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19

Արդարի համար գայթակղության քար չկա

Արդարի համար գայթակղության քար չկա

«Շատ է քո օրենքը սիրողների խաղաղությունը, և նրանց համար գայթակղության քար չկա» (ՍԱՂ. 119։165

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ է ասել մի գրող, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԱՅՍՕՐ միլիոնավոր մարդիկ պնդում են, թե հավատում են Հիսուսին, սակայն չեն ընդունում նրա սովորեցրածները (2 Տիմոթ. 4։3, 4)։ Մի գրող ասել է. «Եթե այսօր Հիսուսի նման մի մարդ լիներ, որը սովորեցներ այն, ինչ Հիսուսն է սովորեցրել.... արդյո՞ք նրան էլ կմերժեինք, ինչպես մերժեցինք Հիսուսին երկու հազար տարի առաջ.... Շատերի գործերն ու վերաբերմունքը ցույց են տալիս, որ, այո՛, կմերժեինք»։

2 Առաջին դարում շատերը լսեցին Հիսուսի սովորեցրածները և տեսան նրա հրաշքները, բայց հավատ չընծայեցին նրան։ Ինչո՞ւ։ Նախորդ հոդվածից իմացանք, թե որ չորս պատճառներով մարդիկ գայթակղվեցին Հիսուսի խոսքերից ու գործերից։ Այժմ կքննենք ևս չորս պատճառ և կտեսնենք, թե ինչու են այսօր մարդիկ մերժում Հիսուսի հետևորդներին, և ինչը կօգնի, որ չգայթակղվենք։

1) ՀԻՍՈՒՍՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԷՐ

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը շփվում էր այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեղավորներ էին համարվում։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ դառնալ մեր օրերում (տես պարբերություն 3) *

3. Հիսուսի ո՞ր վարվելակերպը գայթակղության պատճառ դարձավ։

3 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը շփվում էր տարբեր մարդկանց հետ։ Նա ճաշում էր հարուստների և իշխանություն ունեցողների հետ, բայց նաև շատ ժամանակ էր անցկացնում աղքատների ու խեղճերի հետ։ Բացի այդ՝ նա կարեկցանք էր դրսևորում նրանց հանդեպ, ովքեր «մեղավորներ» էին համարվում։ Հիսուսի վարվելակերպը գայթակղության պատճառ դարձավ որոշ ինքնահավան մարդկանց համար։ Ուստի նրանք հարցրին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ եք հարկահավաքների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ Իսկ Հիսուսը պատասխանեց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին» (Ղուկ. 5։29–32

4. Ըստ Եսայիայի մարգարեության՝ ի՞նչ ակնկալիքներ պետք է հրեաները ունենային Մեսիայի առնչությամբ։

4 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Մեսիայի՝ երկիր գալուց դեռ երկար ժամանակ առաջ Եսայիա մարգարեն ասել էր, որ աշխարհը չի ընդունելու նրան։ Կարդում ենք. «Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում էին նրանից.... Մենք հեռացնում էինք մեր հայացքը, որ չտեսնենք նրա դեմքը։ Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում» (Ես. 53։3)։ «Մարդիկ» խուսափելու էին Մեսիայից, ուստի առաջին դարում հրեաները պետք է ակնկալեին, որ Հիսուսը մերժված է լինելու։

5. Ի՞նչ կարծիք ունեն այսօր շատերը Հիսուսի հետևորդների մասին։

5 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛, այսօր շատ հոգևորականներ մեծ ուրախությամբ իրենց եկեղեցի են ընդունում ազդեցիկ, հարուստ և այս աշխարհի տեսանկյունից իմաստուն համարվող անհատների։ Նրանք դա անում են անգամ այն դեպքում, երբ այդ մարդկանց բարոյական արժեքներն ու ապրելակերպը չեն համապատասխանում Աստծու չափանիշներին։ Այդ նույն հոգևորականները վերևից են նայում Եհովայի եռանդուն, բարոյապես մաքուր ծառաներին, քանի որ վերջիններս այս աշխարհի տեսանկյունից կարևոր մարդիկ չեն։ Ինչպես Պողոսն ասաց, Աստված ընտրում է «արհամարհվածներին» (1 Կորնթ. 1։26–29)։ Սակայն Եհովայի համար իր բոլոր հավատարիմ ծառաները թանկ են։

6. Ի՞նչ ասաց Հիսուսը Մատթեոս 11։25, 26 համարներում, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

6 Ի՞նչը կօգնի չգայթակղվել (կարդա Մատթեոս 11։25, 26)։ Թույլ մի՛ տուր, որ Աստծու ժողովրդի վերաբերյալ այս աշխարհի տեսակետը ազդի քեզ վրա։ Ընդունիր, որ Եհովան իր կամքը կատարում է խոնարհների միջոցով (Սաղ. 138։6)։ Մտածիր, թե նա որքան բան է իրագործել այն մարդկանց միջոցով, ովքեր այս աշխարհի տեսանկյունից իմաստուններ և գիտուններ չեն։

2) ՀԻՍՈՒՍԸ ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄ ԷՐ ԿԵՂԾ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ

7. Ինչո՞ւ Հիսուսը փարիսեցիներին կեղծավորներ անվանեց, և ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։

7 Հիսուսը քաջաբար դատապարտեց իր օրերի կեղծ կրոնական սովորույթները։ Օրինակ՝ նա քողազերծեց փարիսեցիների կեղծավորությունը, որոնց համար ավելի կարևոր էր ձեռքերը լվանալու ավանդույթը, քան իրենց ծնողներին հոգ տանելը (Մատթ. 15։1–11)։ Հավանաբար Հիսուսի խոսքերը անակնկալի բերեցին նրա աշակերտներին, և նրանք հարցրին. «Գիտե՞ս, որ փարիսեցիները գայթակղվեցին՝ լսելով քո ասած խոսքերը»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ամեն տունկ, որ իմ երկնային Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Թողե՛ք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթ. 15։12–14)։ Հիսուսը թույլ չտվեց, որ կրոնական առաջնորդների բացասական արձագանքը հետ պահի իրեն ճիշտն ասելուց։

8. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ ոչ բոլոր հավատալիքներն են ընդունելի Աստծուն։

8 Հիսուսը նաև քողազերծեց կրոնական որոշ կեղծ ուսմունքներ։ Նա չասաց, որ բոլոր հավատալիքներն են ընդունելի Աստծուն, այլ ասաց, որ միայն քչերն են քայլելու կյանքի տանող նեղ ճանապարհով, մինչդեռ շատերը գնալու են ընդարձակ ճանապարհով, որը կործանման է տանում (Մատթ. 7։13, 14)։ Հիսուսը հստակ ցույց տվեց, որ ոմանք միայն ասում են, թե ծառայում են Աստծուն։ Նա նախազգուշացրեց. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են։ Իրենց պտուղներից կճանաչեք նրանց» (Մատթ. 7։15–20

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը քողազերծում էր կեղծ կրոնական ուսմունքներն ու արարողությունները։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ դառնալ մեր օրերում (տես պարբերություն 9) *

9. Նշիր մի քանի կեղծ ուսմունք, որոնք Հիսուսը քողազերծեց։

9 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ Մեսիան Եհովայի տան հանդեպ մեծ նախանձախնդրություն էր ունենալու (Սաղ. 69։9; Հովհ. 2։14–17)։ Դա մղեց Հիսուսին քողազերծելու կեղծ հավատալիքներն ու կրոնական արարողությունները։ Օրինակ՝ փարիսեցիները հավատում էին, որ հոգին անմահ է, իսկ նա սովորեցնում էր, որ մահացածները քնած վիճակում են (Հովհ. 11։11)։ Սադուկեցիները չէին հավատում հարությանը, իսկ Հիսուսը հարություն տվեց իր ընկեր Ղազարոսին (Հովհ. 11։43, 44; Գործ. 23։8)։ Փարիսեցիները ամեն ինչ վերագրում էին ճակատագրին և Աստծուն, իսկ Հիսուսը սովորեցնում էր, որ մարդիկ են որոշում՝ ծառայել Աստծուն, թե ոչ (Մատթ. 11։28

10. Ինչո՞ւ են շատերը գայթակղվում մեր հավատալիքների պատճառով։

10 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛։ Շատերը գայթակղվում են, քանի որ մեր սովորեցրած սուրբգրային ուսմունքները քողազերծում են որոշ կեղծ կրոնական գաղափարներ։ Հոգևորականները իրենց հետևորդներին սովորեցնում են, որ Աստված չարերին պատժում է դժոխքում։ Նրանք այդ կեղծ ուսմունքի միջոցով իրենց են ենթարկեցնում մարդկանց։ Իսկ մենք, լինելով Եհովայի՝ սիրո Աստծու ծառաներ, օգնում ենք մարդկանց հասկանալ, որ այդ ուսմունքը կեղծ է։ Կրոնականները նաև սովորեցնում են, որ հոգին անմահ է։ Մենք մարդկանց ցույց ենք տալիս, որ այդ ուսմունքը հեթանոսական արմատներ ունի։ Եթե այն ճիշտ լիներ, հարության անհրաժեշտություն չէր լինի։ Շատ հոգևորականներ սովորեցնում են նախասահմանության ուսմունքը, բայց մենք ասում ենք, որ մարդիկ ազատ կամք ունեն, և իրենք են որոշում՝ ծառայել Աստծուն, թե ոչ։ Իսկ ինչպե՞ս են կրոնական առաջնորդներն արձագանքում, երբ մենք բացահայտում ենք ճշմարտությունը։ Հիմնականում դա նրանց զայրացնում է։

11. Հովհաննես 8։45–47 համարների համաձայն՝ ի՞նչ է Աստված պահանջում իր ժողովրդից։

11 Ի՞նչը կօգնի չգայթակղվել։ Եթե սիրենք ճշմարտությունը, կհավատանք ու կհնազանդվենք այն ամենին, ինչ Աստված ասում է (կարդա Հովհաննես 8։45–47Ի տարբերություն Բանսարկու Սատանայի՝ մենք ամուր կանգնած կմնանք ճշմարտության մեջ և երբեք փոխզիջումների չենք գնա մեր համոզմունքների հարցում (Հովհ. 8։44)։ Աստված իր ժողովրդից պահանջում է «զզվել չարից» և «բարուն կառչել», ինչպես Հիսուսն արեց (Հռոմ. 12։9; Եբր. 1։9

3) ՀԻՍՈՒՍԻՆ ՀԱԼԱԾՈՒՄ ԷԻՆ

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը մահացավ տանջանքի ցցի վրա։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ դառնալ մեր օրերում (տես պարբերություն 12) *

12. Ինչո՞ւ Հիսուսի մահը գայթակղության պատճառ դարձավ շատ հրեաների համար։

12 Հիսուսի օրերում ուրիշ ի՞նչը գայթակղության պատճառ դարձավ։ Պողոսն ասել է. «Մենք քարոզում ենք ցցին գամված Քրիստոսին, որը գայթակղության պատճառ է հրեաների համար» (1 Կորնթ. 1։23)։ Ինչո՞ւ Հիսուսի մահը գայթակղության պատճառ դարձավ շատ հրեաների համար։ Հիսուսը մահացավ տանջանքի ցցի վրա, ուստի հրեաները նրան հանցագործ ու մեղավոր էին համարում, ոչ թե Մեսիա (2 Օրենք 21։22, 23

13. Ո՞ր փաստն անտեսեցին այն հրեաները, ովքեր գայթակղվեցին։

13 Որոշ հրեաներ գայթակղվեցին՝ անտեսելով այն փաստը, որ Հիսուսն անմեղ է, անհիմն կերպով է մեղադրվել և անարդար վերաբերմունքի է արժանացել։ Հիսուսի դատավարությունն անցկացնողները ոտնահարեցին արդարադատությունը։ Հրեաների բարձրագույն ատյանը շուտափույթ հավաքվեց և անօրինական դատավարություն իրականացրեց (Ղուկ. 22։54; Հովհ. 18։24)։ Ներկայացված մեղադրանքներն ու ապացույցները քննելու փոխարեն՝ դատավորները «սուտ վկաներ էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի նրան մահվան մատնեն»։ Երբ դա էլ չհաջողվեց, քահանայապետը փորձեց այնպիսի խոսքեր կորզել Հիսուսից, որոնց հիման վրա կկարողանար մեղադրել նրան։ Այս ամենը միանգամայն հակասում էր այն ժամանակվա օրենքներին (Մատթ. 26։59; Մարկ. 14։55–64)։ Եվ երբ Հիսուսը հարություն առավ, այդ անարդար դատավորները «բավականին շատ արծաթե դրամներ տվեցին» հռոմեացի զինվորներին, որպեսզի նրանք սուտ լուրեր տարածեին այն մասին, թե ինչու էր Հիսուսի գերեզմանը դատարկ (Մատթ. 28։11–15

14. Ի՞նչ էին Սուրբ Գրքերը կանխագուշակել Մեսիայի մահվան մասին։

14 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Թեև Հիսուսի օրերում շատ հրեաներ չէին ակնկալում, որ Մեսիան պետք է մահանար, սակայն նկատի առնենք, թե ինչ էր մարգարեացվել նրա մասին. «Իր հոգին մահվան մատնեց և օրինազանցների հետ դասվեց։ Նա կրեց շատերի մեղքերն ու միջնորդեց օրինազանցների համար» (Ես. 53։12)։ Ուստի հրեաները ոչ մի պատճառ չունեին գայթակղվելու, երբ Հիսուսը որպես մեղավոր մահացավ։

15. Ո՞ր հարցերում են Եհովայի վկաներին մեղադրում, ինչի պատճառով ոմանք գայթակղվում են։

15 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Անշո՛ւշտ։ Հիսուսին մեղավոր ճանաչեցին մի բանում, ինչը նա չէր արել։ Նույն անարդար վերաբերմունքն է դրսևորվել նաև Եհովայի վկաների հանդեպ։ Նկատի առնենք մի քանի օրինակ։ 1930-ականներին և 1940-ականներին Միացյալ Նահանգներում Աստծուն պաշտելու մեր ազատությունը բազմիցս վիճարկվել է դատական ատյաններում։ Որոշ դատավորներ ակնհայտորեն աչառություն են դրսևորել մեր հանդեպ։ Կանադայի Քվեբեկ նահանգում եկեղեցին և պետությունը ձեռք ձեռքի տված փորձում էին կանգնեցնել մեր գործունեությունը։ Շատ քարոզիչների բանտարկում էին Աստծու Թագավորության մասին մարդկանց պատմելու համար։ Իսկ Գերմանիայում նացիստական ռեժիմը մահվան դատապարտեց բազմաթիվ հավատարիմ եղբայրների։ Ռուսաստանում մեր եղբայրներից շատերին մեղավոր են ճանաչում և ազատազրկում Աստվածաշնչի մասին մարդկանց հետ զրուցելու համար։ Նրանք դա համարում են «ծայրահեղական գործունեություն»։ Անգամ ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» դասվել է «ծայրահեղական նյութերի» շարքում և արգելվել է։ Եվ դա այն պատճառով, որ այնտեղ կա «Եհովա» անունը։

16. Ինչպես երևում է 1 Հովհաննես 4։1-ից, ինչո՞ւ պետք է մերժենք Աստծու ժողովրդի մասին սուտ պատմությունները։

16 Ի՞նչը կօգնի չգայթակղվել։ Քննիր փաստերը։ Լեռան քարոզում Հիսուսը ներկաներին ասաց, որ ոմանք «ստելով ամեն տեսակ չար բաներ» կխոսեն իր հետևորդների դեմ (Մատթ. 5։11)։ Այդ ստերի աղբյուրը Սատանան է։ Նա դրդում է Աստծու ժողովրդի հակառակորդներին նենգ ստեր տարածել նրանց մասին (Հայտն. 12։9, 10)։ Մենք պետք է մերժենք դրանք և թույլ չտանք, որ նման ստերը վախեցնեն մեզ կամ թուլացնեն մեր հավատը (կարդա 1 Հովհաննես 4։1

4) ՀԻՍՈՒՍԻՆ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՈՒ ԼՔԵՑԻՆ

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը Հուդայի ձեռքով մատնվեց։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ դառնալ մեր օրերում (տես պարբերություն 17–18) *

17. Հիսուսի մահվանը նախորդող ո՞ր դեպքերից թերևս ոմանք գայթակղվեցին։

17 Հիսուսի մահվանը նախորդող գիշերը 12 առաքյալներից մեկը դավաճանեց նրան։ Այնուհետև բոլոր առաքյալները լքեցին Հիսուսին, իսկ նրանցից մեկը երեք անգամ ուրացավ (Մատթ. 26։14–16, 47, 56, 75)։ Բայց Հիսուսը անակնկալի չեկավ։ Նա նույնիսկ կանխագուշակել էր այդ դեպքերը (Հովհ. 6։64; 13։21, 26, 38; 16։32)։ Տեսնելով տեղի ունեցածը՝ ոմանք թերևս գայթակղվեցին՝ մտածելով. «Եթե Հիսուսի առաքյալներն են այդպես վարվում, ես չեմ ուզում նրա հետևորդը լինել»։

18. Ո՞ր մարգարեությունները իրականացան Հիսուսի մահից առաջ։

18 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Դարեր առաջ Եհովան իր Խոսքում հայտնել էր, որ Մեսիային մատնելու էին 30 կտոր արծաթի դիմաց (Զաք. 11։12, 13)։ Մատնիչը լինելու էր նրա մտերիմներից մեկը (Սաղ. 41։9)։ Բացի այդ՝ Զաքարիա մարգարեն գրել էր. «Հարվածի՛ր հովվին, և հոտի ոչխարները թող ցրվեն» (Զաք. 13։7)։ Ուստի անկեղծ սիրտ ունեցող մարդիկ չպետք է գայթակղվեին այդ դեպքերից։ Ընդհակառակը՝ տեսնելով, որ մարգարեությունները կատարվում են Հիսուսի վրա՝ նրանց հավատը պետք է ամրանար։

19. Ի՞նչ են գիտակցում անկեղծ սիրտ ունեցող մարդիկ։

19 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛։ Մեր օրերում որոշ Վկաներ, որոնց շատերը գիտեին, թողել են ճշմարտությունը, դարձել հավատուրաց և հետո փորձել ուրիշներին էլ շեղել ճշմարտությունից։ Այդ մարդիկ լրատվամիջոցներով և ինտերնետով Եհովայի վկաների մասին տարածում են բացասական տեղեկություններ, կես ճշմարտություններ և բացահայտ ստեր։ Բայց անկեղծ սիրտ ունեցողները դրանից չեն գայթակղվում. չէ՞ որ Աստվածաշնչում կանխագուշակվել է այդ ամենի մասին (Մատթ. 24։24; 2 Պետ. 2։18–22

20. Ի՞նչը կօգնի մեզ չգայթակղվել նրանց պատճառով, ովքեր հեռացել են ճշմարտությունից (2 Տիմոթեոս 4։4, 5

20 Ի՞նչը կօգնի չգայթակղվել։ Մենք պետք է ամրացնենք մեր հավատը՝ կանոնավորաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը, շարունակ աղոթելով և զբաղված լինելով այն գործում, որը Եհովան հանձնարարել է մեզ (կարդա 2 Տիմոթեոս 4։4, 5)։ Եթե հավատ զարգացնենք, խուճապի չենք մատնվի, երբ բացասական տեղեկություններ լսենք Եհովայի վկաների մասին (Ես. 28։16)։ Սերը Եհովայի, Աստվածաշնչի և հավատակիցների հանդեպ կօգնի մեզ, որ չգայթակղվենք նրանց պատճառով, ովքեր թողել են ճշմարտությունը։

21. Թեև մարդկանց մեծամասնությունը այսօր մերժում է մեր հայտնած լուրը, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

21 Առաջին դարում շատերը գայթակղվեցին և մերժեցին Հիսուսին։ Սակայն շատ ուրիշներ ընդունեցին նրան, այդ թվում՝ Սինեդրիոնի առնվազն մեկ անդամ և նույնիսկ «քահանաների մի մեծ բազմություն» (Գործ. 6։7; Մատթ. 27։57–60; Մարկ. 15։43)։ Նմանապես այսօր միլիոնավոր մարդիկ չեն գայթակղվել։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք գիտեն և սիրում են սուրբգրային ճշմարտությունները։ Աստծու Խոսքն ասում է. «Շատ է քո օրենքը սիրողների խաղաղությունը, և նրանց համար գայթակղության քար չկա» (Սաղ. 119։165

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

^ պարբ. 5 Նախորդ հոդվածից իմացանք, թե որ չորս պատճառներով էին մարդիկ առաջին դարում մերժում Հիսուսին, և թե ինչու են շատերը այսօր մերժում նրա հետևորդներին։ Այս հոդվածում կքննենք ևս չորս պատճառ և կտեսնենք, թե Եհովային սիրողները ինչու չեն գայթակղվում։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Հիսուսը ճաշում է Մատթեոսի և այլ հարկահավաքների հետ։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Հիսուսը տաճարից վռնդում է առևտրականներին։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Հիսուսին ստիպում են տանել տանջանքի ցիցը։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Հուդան մատնում է Հիսուսին համբույրով։