Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 18

Կգայթակղվե՞ս, թե՞ կհետևես Հիսուսին

Կգայթակղվե՞ս, թե՞ կհետևես Հիսուսին

«Երջանիկ է նա, ով իմ մեջ գայթակղության ոչ մի պատճառ չի տեսնում» (ՄԱՏԹ. 11։6

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչը թերևս զարմացրեց քեզ, երբ բարի լուրը առաջին անգամ պատմեցիր ուրիշներին։

ՀԻՇՈ՞ՒՄ ես այն պահը, երբ հասկացար, որ գտել ես ճշմարտությունը։ Աստվածաշնչյան ճշմարտությունները այնքան պարզ էին, այնքան հասկանալի քեզ համար, որ կարծում էիր, թե բոլորը կընդունեն դրանք։ Համոզված էիր, որ բարի լուրը նրանց կյանքը իմաստով կլցնի և ապագայի հիանալի հույս կտա (Սաղ. 119։105)։ Ուստի մեծ ոգևորությամբ քո ընկերներին ու հարազատներին սկսեցիր պատմել աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Բայց ի զարմանս քեզ՝ շատերը մերժեցին քո հայտնած լուրը։

2–3. Հիսուսի օրերում մարդկանց մեծամասնությունը ի՞նչ էր մտածում նրա և նրա հայտնած լուրի մասին։

2 Մենք չպետք է զարմանանք, երբ մարդիկ մերժում են բարի լուրը։ Առաջին դարում մարդկանց մեծամասնությունը մերժեց Հիսուսին, չնայած որ նրա կատարած հրաշքները փաստում էին, որ Աստված նրա հետ է։ Օրինակ՝ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Դա մի այնպիսի հրաշք էր, որը չկարողացան հերքել նույնիսկ նրա հակառակորդները։ Այդուհանդերձ, հրեա առաջնորդները չընդունեցին Հիսուսին որպես Մեսիայի և նույնիսկ ցանկանում էին սպանել թե՛ նրան, թե՛ Ղազարոսին (Հովհ. 11։47, 48, 53; 12։9–11

3 Հիսուսը գիտեր, որ մարդկանց մեծամասնությունը չի ընդունելու իրեն որպես Մեսիայի (Հովհ. 5։39–44)։ Նա Հովհաննես Մկրտչի աշակերտներին ասաց. «Երջանիկ է նա, ով իմ մեջ գայթակղության * ոչ մի պատճառ չի տեսնում» (Մատթ. 11։2, 3, 6)։ Իսկ ինչո՞ւ շատերը մերժեցին Հիսուսին։

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Այս և հաջորդ հոդվածներում կքննենք մի շարք պատճառներ, թե ինչու առաջին դարում շատերը չհավատացին Հիսուսին։ Նաև կտեսնենք, թե ինչու են շատերն այսօր գայթակղվում։ Եվ, որ ամենակարևորն է, կտեսնենք, թե Հիսուսի հանդեպ ամուր հավատը ինչպես կարող է օգնել, որ չգայթակղվենք։

1) ՀԻՍՈՒՍԻ ԾԱԳՈՒՄԸ

Շատերը գայթակղվեցին Հիսուսի ծագման պատճառով։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ լինել մեր օրերում (տես պարբերություն 5) *

5. Թերևս ինչո՞ւ էին ոմանք մտածում, թե Հիսուսը չէր կարող լինել կանխագուշակված Մեսիան։

5 Շատերը գայթակղվում էին՝ իմանալով, թե որ քաղաքից է Հիսուսը։ Նրանք ընդունում էին, որ նա հիանալի ուսուցիչ է և հրաշքներ է գործում։ Բայց, միևնույն է, Հիսուսը նրանց համար մի հասարակ ատաղձագործի որդի էր։ Բացի այդ՝ նա Նազարեթից էր, որն այդ ժամանակ աննշան քաղաք էր համարվում։ Նույնիսկ Նաթանայելը, ով հետագայում դարձավ Հիսուսի աշակերտներից մեկը, նրա մասին ասել էր. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա» (Հովհ. 1։46)։ Թերևս Նաթանայելը հակակրանք էր տածում այն քաղաքի հանդեպ, որտեղ Հիսուսը մեծացել էր։ Կամ էլ գուցե նա մտածում էր Միքիա 5։2-ի խոսքերի շուրջ, ըստ որի՝ Մեսիան պետք է ծնվեր Բեթլեհեմում, ոչ թե Նազարեթում։

6. Ի՞նչը կօգներ Հիսուսի օրերում ապրող մարդկանց հասկանալ, որ նա է Մեսիան։

6 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Եսայիա մարգարեն կանխագուշակել էր, որ Հիսուսի հակառակորդներին չէր հետաքրքրելու Մեսիայի «ծագումը» (Ես. 53։8)։ Դրա վերաբերյալ շատ մանրամասներ էին մարգարեացվել։ Եթե մարդիկ ժամանակ տրամադրեին և ուսումնասիրեին բոլոր փաստերը, կիմանային, որ Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում և Դավիթ թագավորի սերնդից է (Ղուկ. 2։4–7)։ Հիսուսը ծնվել էր հենց այն վայրում, որի մասին մարգարեացվել էր Միքիա 5։2-ում։ Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը։ Մարդիկ, առանց բոլոր փաստերին տեղյակ լինելու, արագ դատողություններ էին անում։ Դրա համար էլ գայթակղվեցին ու մերժեցին Հիսուսին։

7. Ինչո՞ւ են այսօր շատերը մերժում Եհովայի ժողովրդին։

7 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛։ Ընդհանուր առմամբ Աստծու ժողովրդի մեծ մասը կարևոր դիրք չի զբաղեցնում հասարակության մեջ։ Ուստի ոմանք մտածում են, որ նրանք «անուսում և հասարակ մարդիկ են» (Գործ. 4։13)։ Որոշ մարդիկ էլ կարծում են, թե Եհովայի վկաները չեն կարող սովորեցնել Աստվածաշունչը, քանի որ կրթություն չեն ստացել աստվածաբանական հայտնի հաստատություններում։ Ուրիշներն էլ Վկաներին համարում են «ամերիկյան կրոն», թեև նրանց ընդամենը մոտ 14 տոկոսն է ապրում Միացյալ Նահանգներում։ Ոմանք էլ այն կարծիքին են, թե Եհովայի վկաները չեն ընդունում Հիսուսին։ Տարիների ընթացքում Աստծու ժողովրդին պիտակել են որպես «կոմունիստներ», «ամերիկյան լրտեսներ» և «ծայրահեղականներ»։ Այն մարդիկ, ովքեր լսում են այս ասեկոսեները, գայթակղվում են, քանի որ կա՛մ տեղյակ չեն փաստերին, կա՛մ չեն ընդունում դրանք։

8. Գործեր 17։11-ի համաձայն՝ ի՞նչ է հարկավոր անել հասկանալու համար, թե ովքեր են Աստծու ծառաներն այսօր։

8 Ի՞նչը կօգնի չգայթակղվել։ Հարկավոր է քննել փաստերը։ Ավետարանագիր Ղուկասը վճռել էր հենց այդպես վարվել։ Նա ջանքեր էր թափում, որ «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտեր»։ Նա ուզում էր, որ իր ընթերցողները «լիովին համոզվեին», որ այն ամենը, ինչ լսել էին Հիսուսի մասին, ճշգրիտ է (Ղուկ. 1։1–4)։ Բերիայում ապրող հրեաները նույն տրամադրվածությունն ունեին, ինչ Ղուկասը։ Առաջին անգամ Հիսուսի մասին լսելուց հետո նրանք սկսեցին ուշադիր քննել Եբրայերեն Գրությունները, որպեսզի տեսնեին՝ արդյոք իրենց լսած բաները ճիշտ են (կարդա Գործեր 17։11)։ Նմանապես այսօր մարդիկ պետք է ուշադիր քննեն փաստերը, Վկաների սովորեցրածները համեմատեն Աստվածաշնչում գրվածի հետ, ինչպես նաև ուսումնասիրեն Աստծու ժողովրդի ժամանակակից պատմությունը։ Մանրակրկիտ ուսումնասիրություններ անելը կօգնի, որ նախապաշարումներն ու ասեկոսեները չկուրացնեն նրանց։

2) ՀԻՍՈՒՍԸ ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԷՐ ԱՆՈՒՄ

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը ցուցադրաբար հրաշքներ չգործեց։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ լինել մեր օրերում (տես պարբերություն 9–10) *

9. Ի՞նչ եղավ, երբ Հիսուսը հրաժարվեց երկնքից նշան ցույց տալ։

9 Ոմանց համար բավարար չէին Հիսուսի սովորեցրած հիանալի ճշմարտությունները։ Նրանք ավելին էին ուզում. պահանջում էին, որ նա «երկնքից մի նշան» ցույց տա և ապացուցի, որ ինքն է Մեսիան (Մատթ. 16։1)։ Թերևս նրանք սխալ էին հասկացել Դանիել 7։13, 14 համարներում գրված խոսքերը։ Դեռ ժամանակը չէր, որ այդ մարգարեությունը կատարվեր։ Հիսուսի սովորեցրածները բավարար էին համոզվելու համար, որ նա է Մեսիան։ Եվ երբ նա հրաժարվեց մարդկանց ցույց տալ իրենց ուզած նշանը, նրանք գայթակղվեցին (Մատթ. 16։4

10. Ինչպե՞ս Հիսուսը կատարեց Մեսիայի վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը։

10 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Մեսիայի մասին Եսայիան մարգարեացել էր. «Նա չի աղաղակի ու իր ձայնը չի բարձրացնի, փողոցում իր ձայնը լսել չի տա» (Ես. 42։1, 2)։ Հիսուսն իր ծառայությունը կատարեց՝ առանց իր վրա ուշադրություն հրավիրելու։ Նա շքեղ տաճարներ չկառուցեց, հոգևորականի հագուստ չկրեց, ոչ էլ պահանջեց, որ իրեն հատուկ կրոնական տիտղոսներով դիմեն։ Իր դատավարության ժամանակ Հերովդես թագավորին տպավորելու համար նա հրաշքներ չարեց (Ղուկ. 23։8–11)։ Թեև Հիսուսը իր ծառայության ընթացքում որոշ հրաշքներ գործեց, սակայն նրա հիմնական նպատակը բարի լուրը քարոզելն էր։ Իր աշակերտներին նա ասաց. «Հենց այս նպատակով եմ եկել» (Մարկ. 1։38

11. Մարդիկ այսօր ի՞նչ սխալ ակնկալիքներ ունեն։

11 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛։ Այսօր շատերին են տպավորում արվեստի թանկարժեք գործերով զարդարված տաճարները, հոգևորականների վերամբարձ տիտղոսները և այնպիսի ծիսակատարությունները, որոնց ծագումն ու նշանակությունը արդեն մոռացվել են։ Նման ծիսակատարությունների մասնակցելով՝ մարդիկ շատ քիչ բան են սովորում Աստծու և նրա նպատակների մասին։ Իսկ նրանք, ովքեր հաճախում են Եհովայի վկաների հանդիպումներին, սովորում են, թե ինչ է պահանջում Աստված, և թե ինչպես կարող են ապրել նրա կամքի համաձայն։ Մեր Թագավորության սրահները ճոխ ու շքեղ շինություններ չեն։ Դրանք կոկիկ են ու համեստ։ Առաջնորդություն վերցնող տղամարդիկ հոգևորականի հագուստ չեն կրում, ոչ էլ հատուկ տիտղոսներ ունեն։ Մեր հավատալիքներն ու սովորեցրածները հիմնված են Աստծու Խոսքի վրա։ Չնայած այս ամենին՝ շատերն այսօր գայթակղվում են, քանի որ կարծում են, թե մենք Աստծուն շատ հասարակ ձևով ենք պաշտում։ Բացի այդ՝ մեր սովորեցրածները հաճելի չեն նրանց ականջներին։

12. Ինչպես բացատրվում է Եբրայեցիներ 11։1 և 6 համարներում, ինչի՞ վրա պետք է հիմնված լինի մեր հավատը։

12 Ի՞նչը կօգնի չգայթակղվել։ Պողոս առաքյալը Հռոմում ապրող քրիստոնյաներին ասաց. «Հավատը գալիս է լսածից, լսածն էլ Քրիստոսի մասին խոսքից» (Հռոմ. 10։17)։ Այստեղից տեսնում ենք, որ հավատը կերտելու համար պետք է ուսումնասիրենք Աստծու Խոսքը, ոչ թե մասնակցենք հակասուրբգրային ծիսակատարությունների՝ անկախ նրանից, թե որքան գրավիչ են թվում դրանք։ Քանի որ «առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն», մենք պետք է ամուր հավատ զարգացնենք՝ հիմնված ճշգրիտ գիտելիքների վրա (կարդա Եբրայեցիներ 11։1, 6)։ Ուստի կարիք չկա, որ երկնքից մի արտասովոր նշան տրվի, որը մեզ ցույց կտա, որ մենք գտել ենք ճշմարտությունը։ Աստվածաշնչի՝ հավատ զորացնող ուսմունքների մանրազնին ուսումնասիրությունը լիովին բավարար է, որ համոզվենք ճշմարտության մեջ և փարատենք մեր կասկածները։

3) ՀԻՍՈՒՍԸ ՉՀԵՏԵՎԵՑ ՀՐԵԱԿԱՆ ՇԱՏ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը հրեական որոշ ավանդույթների չհետևեց։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ լինել մեր օրերում (տես պարբերություն 13) *

13. Ինչո՞ւ շատերը մերժեցին Հիսուսին։

13 Հովհաննես Մկրտչի աշակերտները, տեսնելով, որ Հիսուսի հետևորդները ծոմ չեն պահում, շփոթության մեջ ընկան։ Հիսուսը բացատրեց, որ քանի դեռ ինքը ողջ է, կարիք չկա ծոմ պահելու (Մատթ. 9։14–17)։ Չնայած դրան՝ Հիսուսի հակառակորդները, այդ թվում՝ փարիսեցիները քննադատում էին նրան իրենց սովորույթներին և ավանդույթներին չհետևելու համար։ Նրանք զայրանում էին՝ տեսնելով, որ շաբաթ օրով Հիսուսը բուժում է հիվանդների (Մարկ. 3։1–6; Հովհ. 9։16)։ Մի կողմից՝ նրանք բարեպաշտ էին ձևանում՝ պնդելով, թե պահում են Շաբաթը, մյուս կողմից՝ ոչ մի խնդիր չէին տեսնում տաճարում առևտուր անելու մեջ։ Երբ Հիսուսը դատապարտեց նրանց դրա համար, նրանք վրդովվեցին (Մատթ. 21։12, 13, 15)։ Նազարեթի ժողովարանում քարոզելիս Հիսուսը իսրայելացիների պատմությունից որոշ դրվագներ մեջբերեց։ Այդպիսով նա ցույց տվեց, որ ներկաները հավատի պակաս ունեն և եսասեր են։ Դա նրանց մեծ բարկությամբ լցրեց (Ղուկ. 4։16, 25–30)։ Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը չվարվեց այնպես, ինչպես իրենք էին ակնկալում (Մատթ. 11։16–19

14. Ինչո՞ւ Հիսուսը դատապարտեց մարդկային ավանդույթները։

14 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով ասաց. «Այս ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ և միայն իր շուրթերով է փառաբանում ինձ, բայց իր սիրտը հեռացրել է ինձնից և իմ հանդեպ վախը իր համար լոկ անգիր արած մարդկային պատվիրան է» (Ես. 29։13)։ Հիսուսը միանգամայն արդարացի էր, երբ դատապարտեց մարդկային այն ավանդույթները, որոնք հակասում էին Սուրբ Գրքերին։ Նրանք, ովքեր մարդկային օրենքները և ավանդույթները վեր էին դասում Աստծու Խոսքից, մերժում էին Եհովային և նրա ընտրյալին՝ Մեսիային։

15. Ի՞նչը շատերին դուր չի գալիս Եհովայի վկաների մեջ։

15 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛։ Շատերին դուր չի գալիս այն, որ Եհովայի վկաները չեն նշում հակասուրբգրային տոնակատարություններ, ինչպիսիք են ծննդյան տարեդարձները և Ամանորը։ Շատերն էլ զայրանում են, երբ Եհովայի վկաները չեն նշում հայրենասիրական տոներ և չեն հետևում թաղման հետ կապված տարբեր արարողակարգերի, որոնք հակասում են Աստծու Խոսքին։ Հնարավոր է՝ այս մարդիկ կարծում են, թե ճիշտ ձևով են պաշտում Աստծուն։ Բայց եթե նրանք աշխարհի ավանդույթները վեր են դասում Աստվածաշնչի պարզ ճշմարտություններից, իրականում չեն կարող հաճեցնել Աստծուն (Մարկ. 7։7–9

16. Համաձայն Սաղմոս 119։97, 113 և 163–165 համարների՝ ի՞նչ պետք է անենք և ինչի՞ց պետք է խուսափենք։

16 Ի՞նչը կօգնի չգայթակղվել։ Մենք պետք է ուժգին սեր զարգացնենք Եհովայի օրենքների և սկզբունքների հանդեպ (կարդա Սաղմոս 119։97, 113, 163–165)։ Եթե սիրենք Եհովային, կմերժենք ցանկացած ավանդույթ, որը տհաճ է նրան, և թույլ չենք տա, որ որևէ բան ավելի կարևոր դառնա մեզ համար։

4) ՀԻՍՈՒՍԸ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՑ

Շատերը գայթակղվեցին, քանի որ Հիսուսը քաղաքական հարցերում չեզոք էր։ Կարո՞ղ է նույն բանը գայթակղության պատճառ լինել մեր օրերում (տես պարբերություն 17) *

17. Շատերը ի՞նչ ակնկալիքներ ունեին Մեսիայից։

17 Հիսուսի օրերում մարդիկ քաղաքական փոփոխություններ էին ուզում։ Նրանք ակնկալում էին, որ Մեսիան իրենց ազատելու է հռոմեական լծից։ Բայց երբ փորձեցին Հիսուսին թագավոր դարձնել, վերջինս հրաժարվեց (Հովհ. 6։14, 15)։ Ուրիշները, այդ թվում՝ քահանաները չէին ուզում, որ Հիսուսը իշխանափոխություն աներ։ Նրանք վախենում էին, որ դա կբորբոքեր հռոմեացիների զայրույթը, և վերջիններս կվերցնեին այն իշխանությունը, որ տվել էին կրոնական առաջնորդներին։ Քաղաքական հարցերի վերաբերյալ այս մտահոգությունները պատճառ եղան, որ շատերը գայթակղվեն։

18. Մեսիայի վերաբերյալ ո՞ր մարգարեությունները շատերը անտեսեցին։

18 Ի՞նչ է ասում Աստծու Խոսքը։ Շատ մարգարեություններում կանխագուշակվել էր, որ Մեսիան հետագայում դառնալու էր հզոր Ռազմիկ։ Բայց որոշ մարգարեություններ նշում էին, որ նա նախ պետք է մահանար մեր մեղքերի համար (Ես. 53։9, 12)։ Այդ դեպքում ինչո՞ւ մարդիկ սխալ ակնկալիքներ ունեին։ Քանի որ նրանց չէին հետաքրքրում այն մարգարեությունները, որոնք իրենց խնդիրներին շուտափույթ լուծում չէին կանխագուշակում (Հովհ. 6։26, 27

19. Ո՞ր ակնկալիքներն են շատերի համար գայթակղության պատճառ դառնում մեր օրերում։

19 Տեսնո՞ւմ ենք արդյոք նույն խնդիրը մեր օրերում։ Այո՛։ Շատերն այսօր գայթակղվում են, քանի որ մենք չեզոք ենք մնում քաղաքական հարցերում։ Նրանք ուզում են, որ մասնակցենք ընտրությունների։ Բայց մենք հասկանում ենք, որ եթե մարդկային ղեկավար ենք ընտրում, դրանով մերժում ենք Եհովային (1 Սամ. 8։4–7)։ Մարդիկ նաև ակնկալում են, որ կառուցենք դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև մասնակցենք այլ բարեգործական ծրագրերի։ Նրանք գայթակղվում են, քանի որ մեր ջանքերը կենտրոնացնում ենք քարոզչական գործի վրա, ոչ թե փորձում ենք աշխարհի խնդիրներին շուտափույթ լուծում տալ։

20. Մատթեոս 7։21–23 համարների համաձայն՝ ի՞նչը պետք է լինի մեր գլխավոր նպատակը։

20 Ի՞նչը կօգնի չգայթակղվել (կարդա Մատթեոս 7։21–23)։ Մեր գլխավոր նպատակը պետք է լինի կատարել այն գործը, որ հանձնարարել է Հիսուսը (Մատթ. 28։19, 20)։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այս աշխարհի քաղաքական և սոցիալական խնդիրները շեղեն մեզ։ Մենք սիրում ենք մարդկանց և անտարբեր չենք նրանց խնդիրների հանդեպ։ Բայց նաև հասկանում ենք, որ նրանց օգնելու լավագույն ձևն այն է, որ սովորեցնենք Աստծու Թագավորության մասին և օգնենք նրանց մտերմանալ Եհովայի հետ։

21. Ի՞նչ պետք է վճռենք։

21 Այս հոդվածում քննեցինք գայթակղության չորս պատճառ։ Տեսանք, թե ինչու էին շատերը առաջին դարում մերժում Հիսուսին, և թե ինչու են մարդիկ այսօր մերժում նրա հետևորդներին։ Բայց արդյո՞ք միայն այս պատճառներով են մարդիկ գայթակղվում։ Ո՛չ։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս չորս պատճառ։ Եկեք վճռենք չգայթակղվել և ամուր պահել մեր հավատը։

ԵՐԳ 56 Ճշմարտությունը քոնը դարձրու

^ պարբ. 5 Հիսուսը երկրի վրա երբևէ ապրած մեծագույն Ուսուցիչն է եղել։ Բայց իր օրերում ապրող մարդկանց մեծամասնությունը մերժեց նրան։ Ինչո՞ւ։ Հոդվածում կքննենք չորս պատճառ։ Կիմանանք նաև, թե ինչու են այսօր շատերը գայթակղվում Հիսուսի ճշմարիտ հետևորդների խոսքերից ու գործերից։ Իսկ որ ավելի կարևոր է՝ կտեսնենք, թե Հիսուսի հանդեպ ամուր հավատը ինչպես կարող է օգնել, որ չգայթակղվենք։

^ պարբ. 3 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս և հաջորդ հոդվածներում գայթակղվել բառը նշանակում է թույլ տալ, որ ինչ-որ բան հետ պահի Հիսուսին հետևելուց։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Փիլիպոսը հորդորում է Նաթանայելին ծանոթանալ Հիսուսի հետ։

^ պարբ. 63 ՆԿԱՐ։ Հիսուսը քարոզում է բարի լուրը։

^ պարբ. 65 ՆԿԱՐ։ Հիսուսը բուժում է չորացած ձեռքով մի մարդու, իսկ հակառակորդները նայում են նրանց։

^ պարբ. 67 ՆԿԱՐ։ Հիսուսը լեռն է բարձրանում։