Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 22

Առաջնորդվենք իմաստությամբ

Առաջնորդվենք իմաստությամբ

«Եհովան է տալիս իմաստություն» (ԱՌԱԿ. 2։6

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞ւ աստվածային իմաստության կարիք ունենք (Առակներ 4։7

 ԵՂԵ՞Լ է այնպես, որ կարևոր որոշման առաջ կանգնած լինես։ Եթե այո, ապա անկասկած աղոթել ես Եհովային իմաստության համար։ Ինչ խոսք, դու ճիշտ ես վարվել (Հակ. 1։5)։ Սողոմոն թագավորը գրել է. «Գլխավորը իմաստությունն է» (կարդա Առակներ 4։7)։ Անշուշտ, նա ոչ թե խոսում էր սովորական իմաստության մասին, այլ այն իմաստության, որի Աղբյուրը Եհովա Աստված է (Առակ. 2։6)։ Իսկ կարո՞ղ է աստվածային իմաստությունը օգնել մեզ, որ հաղթահարենք մեր խնդիրները։ Այս հոդվածից կտեսնենք, որ այո՛, կարող է։

2. Ո՞րն է իսկական իմաստություն ձեռք բերելու կերպերից մեկը։

2 Մենք իսկական իմաստություն ձեռք կբերենք, եթե ուսումնասիրենք և կիրառենք այն, ինչ սովորեցրել են անցյալում ապրած երկու իմաստուն անձնավորություններ։ Նրանցից մեկը Սողոմոն թագավորն է։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված Սողոմոնին շատ իմաստություն ու հասկացողություն էր տալիս» (1 Թագ. 4։29)։ Մյուսը Հիսուս Քրիստոսն է, ով երբևէ ապրած ամենաիմաստուն մարդն էր (Մատթ. 12։42)։ Հիսուսի մասին հետևյալն էր մարգարեացվել. «Նրա վրա Եհովայի ոգին կլինի՝ իմաստության ու հասկացողության ոգին» (Ես. 11։2

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Աստծուց ստացած իմաստության շնորհիվ Սողոմոնը և Հիսուսը գործնական խորհուրդներ են տվել կյանքի այնպիսի ոլորտների վերաբերյալ, որոնք բոլորիս են հետաքրքրում։ Այս հոդվածում կքննենք դրանցից երեքը և կտեսնենք, թե ինչպես կարող ենք հավասարակշռված տեսակետ ունենալ փողի, աշխատանքի և սեփական անձի մասին։

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ ՓՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4. Ի՞նչ տարբերություն կար Սողոմոնի և Հիսուսի նյութական պայմանների միջև։

4 Սողոմոնը աննկարագրելի հարուստ էր և ապրում էր ճոխության մեջ (1 Թագ. 10։7, 14, 15)։ Ի տարբերություն նրա՝ Հիսուսը շատ քիչ նյութական բաներ ուներ, նա անգամ տուն չուներ (Մատթ. 8։20)։ Սակայն նրանք երկուսն էլ հավասարակշռված տեսակետ ունեին նյութական բաների վերաբերյալ, քանի որ նրանց իմաստության Աղբյուրը Եհովա Աստված էր։

5. Ի՞նչ հավասարակշռված տեսակետ ուներ Սողոմոնը փողի վերաբերյալ։

5 Սողոմոնն ասել է, որ «փողը պաշտպանություն է տալիս» (Ժող. 7։12)։ Փողի միջոցով մենք կարողանում ենք ձեռք բերել մեզ անհրաժեշտ բաներ, երբեմն էլ այն, ինչ պարզապես ցանկանում ենք։ Չնայած իր հարստությանը՝ Սողոմոնը հասկանում էր, որ փողից ավելի կարևոր բաներ կան։ Նա գրել է. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է» (Առակ. 22։1)։ Սողոմոնը նկատել էր, որ փողասեր մարդկանց ունեցվածքը հիմնականում իրենց երջանկություն չի բերում (Ժող. 5։10, 12)։ Նա նաև նախազգուշացրեց, որ չապավինենք փողին, քանի որ մի ակնթարթում կարող ենք կորցնել այն (Առակ. 23։4, 5

Արդյո՞ք նյութական բաների հանդեպ մեր վերաբերմունքը չի խանգարում մեզ, որ Թագավորության շահերը առաջին տեղում դնենք կյանքում (տես պարբերություն 6–7) d

6. Ի՞նչ հավասարակշռված տեսակետ ուներ Հիսուսը նյութական բաների վերաբերյալ (Մատթեոս 6։31–33

6 Հիսուսը նույնպես հավասարակշռված տեսակետ ուներ նյութական բաների վերաբերյալ։ Նա վայելում էր ուտելու և խմելու առիթները (Ղուկ. 19։2, 6, 7)։ Մի անգամ նա նույնիսկ ջուրը բարձրորակ գինու վերածեց. դա նրա առաջին հրաշքն էր (Հովհ. 2։10, 11)։ Իսկ իր մահվան օրը Հիսուսը թանկարժեք հագուստ էր կրում (Հովհ. 19։23, 24)։ Բայց միևնույն ժամանակ նա թույլ չէր տալիս, որ նյութական բաները իր կյանքում ամենակարևոր բանը դառնային։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել.... Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24)։ Նա սովորեցրեց, որ եթե նախ Թագավորությունը փնտրենք, Եհովան կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ (կարդա Մատթեոս 6։31–33

7. Ի՞նչ օգուտներ է քաղել մի եղբայր, ով հավասարակշռված տեսակետ ունի փողի վերաբերյալ։

7 Մեր եղբայրներից ու քույրերից շատերը մեծ օգուտներ են քաղել՝ կիրառելով փողի վերաբերյալ Եհովայի տված իմաստուն խորհուրդները։ Քննենք Դանիել անունով մի ամուրի եղբոր օրինակը։ Նա ասում է. «Պատանեկան տարիքում ես որոշեցի, որ Եհովային ծառայելը իմ կյանքում ամենակարևոր բանը պետք է լինի»։ Այժմ Դանիելը պարզ կյանք է վարում, ինչը նրան հնարավորություն է տալիս իր ժամանակն ու հմտությունները օգտագործել տարբեր աստվածապետական նախագծերում։ Դանիելն ավելացնում է. «Ես երբեք չեմ փոշմանել, որ նման որոշում եմ կայացրել։ Ինչ խոսք, ես կարող էի շատ փող աշխատել, եթե դա իմ կյանքի գլխավոր նպատակը լիներ։ Բայց փողով ես երբեք չէի կարող ձեռք բերել այնպիսի ընկերներ, որ հիմա ունեմ։ Չէի կարող ունենալ այն բավարարվածության զգացումը, որ ունեմ Աստծու Թագավորությունը առաջին տեղում դնելու շնորհիվ։ Եհովայի տված օրհնությունները շատ ավելի թանկ են, քան այն հարստությունը, որ երբևէ կարող էի ձեռք բերել»։ Ակնհայտ է, որ մենք մեծ օգուտներ կքաղենք, եթե մեր կյանքը պտտվի ոչ թե փողի, այլ հոգևոր բաների շուրջ։

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

8. Որտեղի՞ց գիտենք, որ Սողոմոնը հավասարակշռված տեսակետ ուներ աշխատանքի վերաբերյալ (Ժողովող 5։18, 19

8 Սողոմոնն ասել է, որ մարդը մեծ ուրախություն կարող է ստանալ իր տքնաջան աշխատանքից, և այն անվանել է «Աստծու պարգև» (կարդա Ժողովող 5։18, 19)։ Նա նաև գրել է. «Ամեն տեսակ տքնաջան աշխատանքից օգուտ կա» (Առակ. 14։23, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։ Սողոմոնն իր փորձով էր համոզվել դրանում, քանի որ աշխատասեր մարդ էր։ Նա կառուցեց տներ, ջրավազաններ, քաղաքներ, ինչպես նաև տնկեց խաղողի այգիներ ու պարտեզներ (1 Թագ. 9։19; Ժող. 2։4–6)։ Այս ամենն, իհարկե, ծանր աշխատանք էր, և նա ուրախություն էր ստանում դրանից։ Բայց Սողոմոնը գիտեր, որ իսկական երջանկություն ունենալու համար դա բավական չէ։ Ուստի իր կյանքի ընթացքում նա շատ բաներ արեց նաև Եհովայի համար, օրինակ՝ կազմակերպեց նրա փառահեղ տաճարի շինարարությունը, որը տևեց յոթ տարի (1 Թագ. 6։38; 9։1)։ Տարատեսակ աշխատանքներ, ինչպես նաև հոգևոր գործեր անելուց հետո Սողոմոնը եկավ այն եզրահանգման, որ հոգևոր գործերով զբաղվելը ավելի կարևոր է։ Նա գրեց. «Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները» (Ժող. 12։13

9. Ի՞նչ տեղ ուներ աշխատանքը Հիսուսի կյանքում։

9 Հիսուսը ջանասեր աշխատող էր։ Իր երկրային կյանքի սկզբում նա ատաղձագործությամբ էր զբաղվում (Մարկ. 6։3)։ Հիսուսի ծնողներն, անկասկած, շատ էին գնահատում, որ նա օգնում էր հոգալ իրենց մեծ ընտանիքի կարիքները։ Լինելով կատարյալ մարդ՝ Հիսուսը շատ լավ էր կատարում իր աշխատանքը։ Որպես ատաղձագործ՝ նա պետք է որ մեծ պահանջարկ ունենար։ Ամենայն հավանականությամբ, Հիսուսը սիրում էր իր գործը։ Բայց աշխատանքի հետ մեկտեղ նա ժամանակ էր հատկացնում նաև հոգևոր գործերին (Հովհ. 7։15)։ Հետագայում, երբ Հիսուսը լիաժամ ծառայության մեջ էր, իր ունկնդիրներին հետևյալ խորհուրդը տվեց. «Աշխատեք ոչ թե կորչող ուտելիքի համար, այլ այն ուտելիքի, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս» (Հովհ. 6։27)։ Իսկ Լեռան քարոզում նա ասաց. «Ձեզ համար գանձեր դիզեք երկնքում» (Մատթ. 6։20

Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել մեր աշխատանքը և աստվածապետական գործերը (տես պարբերություն 10–11) e

10. Ի՞նչ խնդրի գուցե բախվեն նրանք, ովքեր լավ աշխատողներ են։

10 Աստծու տված իմաստությունն օգնում է, որ հավասարակշռված տեսակետ ունենանք մեր աշխատանքի վերաբերյալ։ Աստվածաշունչը մեզ՝ քրիստոնյաներիս, սովորեցնում է «տքնաջան աշխատել՝ մեր ձեռքերով բարին գործելով» (Եփես. 4։28)։ Սովորաբար գործատուները նկատում են մեր ազնվությունն ու աշխատասիրությունը և գուցե գովեն մեզ մեր կատարած աշխատանքի համար։ Եվ մենք, լավ մղումներից ելնելով, հնարավոր է՝ սկսենք ավելի երկար աշխատել՝ մտածելով, թե դրա շնորհիվ գործատուի մոտ ավելի լավ տպավորություն կստեղծենք Եհովայի վկաների մասին։ Բայց դրա պատճառով թերևս բավականաչափ ժամանակ չունենանք մեր ընտանեկան պարտականությունների և աստվածապետական գործերի համար։ Այդ դեպքում հարկավոր է փոփոխություններ անել, որպեսզի կարողանանք հավասարակշռված տեսակետ պահպանել աշխատանքի վերաբերյալ։

11. Աշխատանքի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալու մասին ի՞նչ է սովորել մի եղբայր։

11 Ուիլյամ անունով մի երիտասարդ եղբայր, տեսնելով երեցներից մեկի օրինակը, ով իր նախկին գործատերն էր, համոզվել է, թե որքան կարևոր է աշխատանքը կյանքում ճիշտ տեղում դնել։ Նա ասում է. «[Այս եղբայրը] աշխատանքի հանդեպ հավասարակշռված տեսակետ ունենալու հարցում ինձ համար հիանալի օրինակ է.... Նա տքնաջան է աշխատում և քանի որ որակով է անում իր գործը, լավ փոխհարաբերություններ ունի իր պատվիրատուների հետ։ Սակայն օրվա վերջում իր գործն ավարտելուց հետո նա կարողանում է մոռանալ աշխատանքի մասին և լիովին կենտրոնանալ իր ընտանիքի և հոգևոր գործերի վրա։ Նա իմ իմացած ամենաերջանիկ մարդկանցից է»։ b

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12. Ինչի՞ց է երևում, որ Սողոմոնը հավասարակշռված տեսակետ ուներ իր անձի մասին, բայց ի՞նչ եղավ հետո։

12 Երբ Սողոմոնը հավատարմորեն ծառայում էր Եհովային, իր անձի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ուներ։ Երիտասարդ տարիքում, երբ նա դեռ նոր էր թագավոր դարձել, համեստորեն ընդունում էր, որ սահմանափակ կարողություններ ունի, և առաջնորդության համար Եհովային էր դիմում (1 Թագ. 3։7–9)։ Բացի այդ՝ Սողոմոնը գիտակցում էր, որ հպարտանալը շատ վտանգավոր է։ Նա գրել է. «Հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն» (Առակ. 16։18)։ Ցավոք, հետագայում Սողոմոնը չկիրառեց իր իսկ խորհուրդը։ Թագավոր դառնալուց որոշ ժամանակ հետո նա հպարտացավ և սկսեց անտեսել Աստծու պահանջները։ Դրանցից մեկն այն էր, որ թագավորը իր կանանց թիվը չպետք է շատացներ, «որպեսզի նրա սիրտը չապականվեր» (2 Օրենք 17։17)։ Չհետևելով այս օրենքին՝ նա ձեռք բերեց 700 կին և 300 հարճ, որոնցից շատերը հեթանոսներ էին (1 Թագ. 11։1–3)։ Թերևս Սողոմոնը մտածում էր, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ Սակայն ժամանակի ընթացքում նա կրեց այն դառը հետևանքները, որ բերում է Եհովային չհնազանդվելը (1 Թագ. 11։9–13

13. Ի՞նչ կարող ենք սովորել՝ մտածելով Հիսուսի խոնարհության մասին։

13 Հիսուսը խոնարհ էր և հավասարակշռված տեսակետ ուներ իր անձի մասին։ Նախքան երկիր գալը Եհովային ծառայելիս նա բազմաթիվ հրաշալի գործեր է արել։ Նրա «միջոցով են ստեղծվել մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա» (Կող. 1։16)։ Իր մկրտության ժամանակ Հիսուսն, ակներևաբար, հիշեց այն ամենը, ինչ արել էր իր Հոր հետ եղած ժամանակ (Մատթ. 3։16; Հովհ. 17։5)։ Բայց այդ գիտելիքները պատճառ չեղան, որ նա հպարտանար։ Դեռ ավելին, Հիսուսը երբեք իրեն մյուսներից բարձր չդասեց։ Նա իր աշակերտներին ասաց, որ եկել է երկիր, «որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Հիսուսը նաև համեստորեն ընդունեց, որ ինքն «իրենից ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 5։19)։ Ինչպիսի՜ խոնարհություն։ Այս հարցում նա հիանալի օրինակ է մեզ համար։

14. Սեփական անձի մասին ճիշտ տեսակետ ունենալու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հիսուսից։

14 Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց, որ ճիշտ տեսակետ ունենան իրենց անձի վերաբերյալ։ Մի անգամ նա նրանց ասաց. «Ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է» (Մատթ. 10։30)։ Այս խոսքերը շատ քաջալերական կարող են լինել մեզ համար, հատկապես եթե հակված ենք բացասական բաներ մտածելու ինքներս մեր մասին։ Դրանք ցույց են տալիս, որ մեր երկնային Հայրը խորապես հետաքրքրված է մեզանով, մենք թանկ ենք նրա համար։ Եթե Եհովան թույլ է տալիս, որ պաշտենք իրեն, և մեզ արժանի է համարում հավիտյան ապրելու իր նոր աշխարհում, ապա ո՞վ ենք մենք, որ հակառակը մտածենք։

Սեփական անձի վերաբերյալ սխալ տեսակետը ի՞նչ հնարավորություններից և օրհնություններից կարող է զրկել մեզ (տես պարբերություն 15) f

15. ա) Ի՞նչ հորդոր էր տրվում «Դիտարանում»։ բ) Ինչպես երևում է 24-րդ էջի նկարներից, եթե չափից շատ կենտրոնանանք մեր անձի վրա, ո՞ր օրհնություններից կզրկվենք։

15 Մոտ 15 տարի առաջ «Դիտարանում» սեփական անձի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալու մասին հետևյալն էր ասվում. «Ինչ խոսք, մենք չենք ցանկանա այնքան մեծ կարծիք ունենալ մեր մասին, որ դառնանք ինքնագոհ, ոչ էլ կցանկանանք ընկնել մյուս ծայրահեղության մեջ և մեզ ոչնչություն համարել։ Մենք պետք է նպատակ դնենք հավասարակշռված տեսակետ ունենալ մեր մասին՝ իմանալ մեր ուժեղ և թույլ կողմերը։ Մի քրիստոնյա կին դա հետևյալ կերպ արտահայտեց. «Ես ո՛չ չարության մարմնացում եմ, ո՛չ էլ Աստծու գառ։ Ես ունեմ թե՛ լավ, թե՛ վատ կողմեր, ինչպես և բոլորը»»։ c Տեսնում ենք, թե որքան օգտակար է հավասարակշռված տեսակետ զարգացնել սեփական անձի մասին։

16. Ինչո՞ւ է Եհովան մեզ իմաստուն առաջնորդություն տալիս։

16 Եհովան իր Խոսքի միջոցով մեզ իմաստուն առաջնորդություն է տալիս։ Նա սիրում է մեզ և ուզում է, որ երջանիկ լինենք (Ես. 48։17, 18)։ Աստծուն ծառայելը կյանքում առաջին տեղում դնելը ամենաիմաստուն որոշումն է։ Այն մեզ իսկական երջանկություն կբերի և կօգնի խուսափել բազում խնդիրներից, որոնց բախվում են նրանք, ում կյանքը պտտվում է փողի, աշխատանքի և սեփական անձի շուրջ։ Եկեք, ուրեմն, վճռենք իմաստուն լինել և ուրախացնել Եհովայի սիրտը (Առակ. 23։15

ԵՐԳ 94 Շնորհակալ ենք քո Խոսքի համար

a Սողոմոնն ու Հիսուսը մեծ իմաստություն ունեին։ Նրանց իմաստության Աղբյուրը Եհովան էր։ Աստծուց ներշնչված՝ Սողոմոնն ու Հիսուսը խորհուրդներ են տվել այն մասին, թե ինչպես կարող ենք հավասարակշռված տեսակետ ունենալ փողի, աշխատանքի և սեփական անձի մասին։ Հոդվածից կիմանանք, թե ինչ կարող ենք սովորել այդ խորհուրդներից։ Նաև կտեսնենք, թե ինչպես են մեր հավատակիցներից ոմանք կիրառել դրանք և օգուտներ քաղել։

b Տես «Ինչպես ուրախություն ստանալ աշխատանքից» հոդվածը «Դիտարանի» 2015 թ. փետրվարի 1-ի համարում։

c Տես «Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ ուրախություն գտնել» հոդվածը «Դիտարանի» 2005 թ. օգոստոսի 1-ի համարում։

d ՆԿԱՐ։ Երկու երիտասարդ եղբայրներ՝ Ջոնն ու Թոմը, ծառայում են նույն ժողովում։ Ջոնը շատ ժամանակ է ծախսում, որ հոգ տանի իր մեքենայի մասին։ Իսկ Թոմը իր մեքենան օգտագործում է, որպեսզի օգնի ուրիշներին մասնակցել ծառայությանը և հաճախել ժողովի հանդիպումներին։

e ՆԿԱՐ։ Ջոնը արտաժամ է աշխատում։ Նա չի ցանկանում հիասթափեցնել իր գործատիրոջը։ Երբ էլ որ գործատերը պահանջում է երկար աշխատել, Ջոնը համաձայնվում է։ Այդ նույն երեկո՝ Թոմը, ով ծառայող օգնական է, երեցներից մեկի հետ հովվական այցելություն է անում։ Նախկինում Թոմը իր գործատիրոջը բացատրել էր, որ շաբաթվա մեջ որոշ երեկոներ չի կարող արտաժամ աշխատել, քանի որ այդ ժամանակը տրամադրում է հոգևոր գործերին։

f ՆԿԱՐ։ Ջոնը կենտրոնացած է իր անձի վրա։ Իսկ Թոմը, ով հոգևոր նպատակները սեփական շահերից վեր է դասում, ընդլայնում է իր ընկերների շրջանակը՝ մասնակցելով համաժողովների սրահի վերանորոգման աշխատանքներին։