ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23
Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
«Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (ՄԱՏԹ. 22։37)։
ԵՐԳ 134 Երեխաները գանձեր են Աստծուց
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1–2. Բացատրիր, թե հանգամանքների փոփոխությունը ինչպես կարող է ազդել սուրբգրային սկզբունքների վերաբերյալ մեր մոտեցման վրա։
ՀԱՐՍԱՆԻՔԻ օրը գեղեցիկ հագնված հարսն ու փեսան ուշադրությամբ լսում են հարսանեկան ելույթը։ Այնտեղ քննարկվում են սկզբունքներ, որոնք նորություն չեն նրանց համար։ Սակայն այդ օրվանից՝ նորապսակները այլ տեսանկյունից են սկսում նայել դրանց։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք այդ սկզբունքները կիրառելու են արդեն որպես ամուսնական զույգ։
2 Նույնն է պարագան նաև, երբ քրիստոնյա ամուսինները ծնող են դառնում։ Տարիների ընթացքում նրանք գուցե շատ թեմաներ են լսել երեխաների դաստիարակության մասին։ Բայց այժմ, երբ պատրաստվում են երեխա ունենալ, այդ սկզբունքները ավելի մեծ կարևորություն են ստանում նրանց համար։ Իրականում երեխա մեծացնելը մեծ պատասխանատվություն է։ Տեսնում ենք, որ նոր հանգամանքները կարող են փոխել մեր մոտեցումը մեզ ծանոթ սուրբգրային սկզբունքների վերաբերյալ։ Դա է պատճառներից մեկը, թե ինչու են Եհովայի ծառաները Իսրայելի թագավորների նման «իրենց կյանքի բոլոր օրերում» կարդում Սուրբ Գիրքը և խորհրդածում կարդացածի շուրջ (2 Օրենք 17։19)։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Քրիստոնյա՛ ծնողներ, դուք ունեք մեծագույն առանձնաշնորհումներից մեկը՝ սովորեցնել ձեր երեխային Եհովայի մասին։ Սակայն ձեր նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես Աստծու մասին տեղեկություններ հայտնելը, այլ նրան օգնելը, որ խոր սեր զարգացնի Եհովայի հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող եք դա անել։ Հոդվածում կքննենք սուրբգրային չորս սկզբունք, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում (2 Տիմոթ. 3։16)։ Նաև կտեսնենք, թե ինչպես են որոշ ծնողներ օգուտներ քաղել՝ կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները։
ՉՈՐՍ ՍԿԶԲՈՒՆՔ՝ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
4. Ո՞ր սկզբունքը կարող է օգնել ծնողներին երեխաների սրտում սեր զարգացնել Եհովայի հանդեպ (Հակոբոս 1։5)։
4 Սկզբունք 1։ Փնտրեք Եհովայի առաջնորդությունը։ Եհովայից իմաստություն խնդրեք, որ կարողանաք օգնել ձեր երեխաներին սեր զարգացնել նրա հանդեպ (կարդա Հակոբոս 1։5)։ Եհովան աշխարհի լավագույն Խորհրդատուն է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նախ՝ այն պատճառով, որ ծնող լինելու հարցում ամենամեծ փորձը Եհովան ունի (Սաղ. 36։9)։ Բացի այդ՝ նրա տված խորհուրդներին հետևելը միշտ օգուտներ է բերում (Ես. 48։17)։
5. ա) Ինչպե՞ս է Եհովայի կազմակերպությունը աջակցում ծնողներին։ բ) Դիտելով տեսանյութը՝ ի՞նչ ես սովորում այն բանից, թե ինչպես են եղբայր և քույր Ամորիմները դաստիարակել իրենց երեխաներին։
5 Եհովան իր Խոսքի և կազմակերպության միջոցով բազմաթիվ խորհուրդներ է տալիս, որոնք կարող են օգնել ծնողներին, որ իրենց երեխաների սրտում սեր զարգացնեն Աստծու հանդեպ (Մատթ. 24։45)։ Մի շարք օգտակար խորհուրդներ կան «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարում, որը տարիներ շարունակ տպագրվել է «Արթնացե՛ք» ամսագրում։ Այդ հոդվածաշարը այժմ հասանելի է jw.org կայքում։ Այնտեղ կան նաև շատ տեսանյութեր, որոնք կարող են օգնել ծնողներին Եհովայի խորհրդով դաստիարակել իրենց երեխաներին (Առակ. 2։4–6)։ b
6. Ինչպե՞ս է մի հայր արտահայտվում Եհովայի կազմակերպությունից ստացած առաջնորդության մասին։
6 Շատ ծնողներ իրենց գնահատանքն են արտահայտել այն օգնության համար, որ Եհովան տրամադրում է իր կազմակերպության միջոցով։ Ջո անունով մի հայր ասում է. «Երեք երեխա ճշմարտության մեջ մեծացնելը հեշտ բան չէ։ Ես ու կինս միշտ աղոթում ենք Եհովային, որ օգնի մեզ։ Հաճախ է եղել, որ ինչ-որ հոդված կամ տեսանյութ է լույս տեսել հենց մեր խնդրի մասին։ Եհովայի առաջնորդությունը փնտրելը միշտ կենսական է եղել մեզ համար»։ Ջոն և նրա կինը նկատել են, որ կազմակերպության տրամադրած նյութերը շատ են օգնում իրենց երեխաներին մտերմանալ Եհովայի հետ։
7. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները ուշադիր լինեն, թե ինչ օրինակ են թողնում իրենց երեխաներին (Հռոմեացիներ 2։21)։
7 Սկզբունք 2։ Սովորեցրեք ձեր օրինակով։ Երեխաները ուշադիր հետևում են իրենց ծնողների վարքին և հաճախ ընդօրինակում են նրանց։ Ինչ խոսք, ոչ մի ծնող կատարյալ չէ (Հռոմ. 3։23)։ Այդուհանդերձ, իմաստուն ծնողները ամեն կերպ ձգտում են օրինակ լինել իրենց երեխաների համար (կարդա Հռոմեացիներ 2։21)։ Մի հայր ասում է. «Երեխաները ասես սպունգ լինեն, նրանք ամեն ինչ կլանում են։ Երբ մեր գործերը հակասում են մեր սովորեցրածներին, նրանք միշտ ասում են մեզ այդ մասին»։ Այսպիսով, եթե ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն Եհովային, նախ ինքներս պետք է նրան շատ սիրենք և մեր գործերով փաստենք դա։
8–9. Ի՞նչ ես սովորում Էնդրյուի և Էմմայի խոսքերից։
8 Շատ կերպեր կան, որոնցով ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին սիրել Եհովային։ Տեսնենք, թե ինչ է ասում 17-ամյա մի եղբայր, ում անունը Էնդրյու է. «Ծնողներս միշտ ընդգծում էին աղոթքի կարևորությունը։ Ամեն գիշեր հայրս աղոթում էր ինձ հետ, նույնիսկ եթե ես առանձին արդեն աղոթել էի։ Ծնողներս ինձ ասում էին. «Քանի անգամ ուզում ես, կարող ես աղոթել Եհովային»։ Այս խոսքերը մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա։ Այժմ ես անկաշկանդ աղոթում եմ Եհովային և նրան իմ սիրառատ Հայրը համարում»։ Սիրելի՛ ծնողներ, երբեք մի՛ թերագնահատեք այն զորեղ ազդեցությունը, որ Եհովայի հանդեպ ունեցած ձեր սերը կարող է թողնել ձեր երեխաների վրա։
9 Ուշադրություն դարձնենք նաև Էմմայի օրինակին։ Նրա հայրը, ով մեծ պարտքեր ուներ, մի օր լքեց նրանց, և Էմմայի մայրը ստիպված էր փակել այդ պարտքերը։ Էմման ասում է. «Մայրս հաճախ էր ֆինանսական դժվարություններ ունենում։ Բայց նա միշտ ասում էր, որ Եհովան հոգ է տանում իր ծառաների մասին և տալիս է անհրաժեշտ բաները։ Մորս ապրելակերպից երևում էր, որ նա համոզված է դրանում։ Նա կիրառում էր այն, ինչ սովորեցնում էր մեզ»։ Ի՞նչ ենք սովորում։ Ծնողները կարող են իրենց օրինակով սովորեցնել անգամ դժվար իրավիճակներում (Գաղ. 6։9)։
10. Երեխաների հետ հաղորդակցվելու ի՞նչ հնարավորություններ ունեին իսրայելացի ծնողները (2 Օրենք 6։6, 7)։
10 Սկզբունք 3։ Կանոնավորաբար խոսեք ձեր երեխաների հետ։ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր, որ իրենց երեխաների հետ կանոնավորաբար խոսեին իր մասին (կարդա 2 Օրենք 6։6, 7)։ Ծնողները օրվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ունեին իրենց երեխաների հետ խոսելու և նրանց սրտում Եհովայի հանդեպ սեր զարգացնելու։ Օրինակ՝ իսրայելացի տղան կարող էր ժամեր շարունակ օգնել հորը վարուցանքի և բերքահավաքի գործում։ Իսկ նրա քույրը գուցե օրվա մեծ մասը օգներ իրենց մորը կարելու, գործելու կամ այլ տնային գործերում։ Միասին աշխատելիս ծնողներն ու երեխաները կարող էին զրուցել բազմաթիվ թեմաների շուրջ, օրինակ՝ այն մասին, թե ինչ լավ բաներ է Եհովան արել իրենց համար, և թե ինչպես է աջակցում իրենց ընտանիքին։
11. Երեխաների հետ զրուցելու ի՞նչ հնարավորություն ունեն ծնողները մեր օրերում։
11 Ժամանակները փոխվել են։ Շատ երկրներում ծնողներին չի հաջողվում օրվա ընթացում ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ։ Նրանք գուցե աշխատանքի լինեն, իսկ երեխաները՝ դպրոցում։ Ուստի ծնողները պետք է առիթներ ստեղծեն, որպեսզի զրուցեն երեխաների հետ (Եփես. 5։15, 16; Փիլիպ. 1։10)։ Այդպիսի առիթներից մեկը ընտանեկան երկրպագությունն է։ Ալեքսանդր անունով մի պատանի եղբայր ասում է. «Հայրս միշտ կազմակերպում է ընտանեկան երկրպագությունը և թույլ չի տալիս, որ ինչ-որ բան խանգարի այդ օրը միասին հավաքվելուն։ Իսկ երկրպագությունից հետո մենք պարզապես զրուցում ենք»։
12. Ընտանեկան երկրպագություն անցկացնելիս ի՞նչ պետք է հիշի ընտանիքի գլուխը։
12 Եթե դու ընտանիքի գլուխ ես, ի՞նչ կարող ես անել, որպեսզի ընտանեկան երկրպագությունը հետաքրքիր անցնի երեխաներիդ համար։ Օրինակ՝ կարելի է նրանց հետ ուսումնասիրել մեր նոր գիրքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»։ Այս ձեռնարկը հիանալի միջոց է նրանց հետ աշխույժ զրույցներ ունենալու համար։ Եթե ուզում ես, որ երեխաներդ քեզ պատմեն իրենց զգացումների ու մտահոգությունների մասին, ընտանեկան երկրպագությունը մի՛ օգտագործիր նրանց գլխին ճառ կարդալու կամ նրանց հանդիմանելու համար։ Բացի այդ՝ սուր մի՛ արձագանքիր, երբ երեխաներդ այնպիսի տեսակետ են հայտնում, որը ներդաշնակ չէ Աստվածաշնչին։ Ուրախ եղիր, որ նրանք անկեղծորեն բացում են իրենց սիրտը քո առաջ, և հորդորիր, որ ազատորեն արտահայտվեն։ Դու կկարողանաս օգնել երեխաներիդ միայն այն դեպքում, եթե իմանաս, թե իրականում ինչ կա նրանց սրտում։
13. Ուրիշ ինչպե՞ս կարող են ծնողները օգնել երեխաներին մտերմանալ Եհովայի հետ։
13 Ծնողնե՛ր, օրվա ընթացքում առիթներ փնտրեք օգնելու ձեր երեխաներին մտերմանալ Եհովայի հետ։ Պարտադիր չէ սպասել, որ Աստվածաշնչի դասընթացի ժամանակ սովորեցնեք նրանց մեր սիրառատ Աստծու մասին։ Տեսնենք, թե ինչ է ասում Լիզա անունով մի մայր. «Մենք ձգտում ենք արարչագործության միջոցով սովորեցնել մեր երեխաներին Եհովայի մասին։ Օրինակ, երբ մեր շունը ծիծաղաշարժ բաներ է անում, մենք երեխաների ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ մեր Արարիչն էլ հումորի զգացում ունի և սիրում է կյանքը»։
14. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները օգնեն իրենց երեխաներին լավ ընկերներ ընտրել (Առակներ 13։20)։
14 Սկզբունք 4։ Օգնեք ձեր երեխաներին լավ ընկերներ ընտրել։ Աստծու Խոսքը հստակ ցույց է տալիս, որ մեր ընկերները մեծ ազդեցություն ունեն մեզ վրա՝ լինի դա լավ, թե վատ (կարդա Առակներ 13։20)։ Ծնողնե՛ր, գիտե՞ք, թե ովքեր են ձեր երեխաների ընկերները։ Երբևէ հանդիպե՞լ եք նրանց։ Ժամանակ անցկացրե՞լ եք նրանց հետ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին, որ ընկերանան Եհովային սիրող մարդկանց հետ (1 Կորնթ. 15։33)։ Կերպերից մեկն այն է, որ հոգևորապես հասուն քրիստոնյաների հրավիրեք ձեր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու (Սաղ. 119։63)։
15. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին լավ ընկերներ գտնել։
15 Թոնի անունով մի հայր պատմում է, թե նա և իր կինը ինչպես են օգնել իրենց երեխաներին։ Նա ասում է. «Տարիներ շարունակ մենք տարբեր տարիքի, ծագման և մշակույթի եղբայրների ու քույրերի ենք հրավիրում մեր տուն։ Սովորաբար միասին ճաշում ենք և ընտանեկան երկրպագություն անում։ Դա հիանալի հնարավորություն է ճանաչելու նրանց, ովքեր սիրում են Եհովային և ուրախությամբ ծառայում նրան։ Մեր տանը հաճախ են մնացել շրջանային վերակացուներ, միսիոներներ և ուրիշներ։ Նրանց պատմած դեպքերը, եռանդը և անձնազոհ ոգին մեծ ազդեցություն են ունեցել մեր երեխաների վրա և նպաստել, որ մտերմանան Եհովայի հետ»։ Սիրելի՛ ծնողներ, ձգտեք օգնել ձեր երեխաներին, որ լավ ընկերներ գտնեն։
ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ՀՈՒՅՍԸ
16. Ի՞նչ կարող են անել ծնողները, եթե երեխան չի ցանկանում ծառայել Եհովային։
16 Հնարավոր է՝ չնայած ձեր ջանքերին՝ երեխան ասի, որ չի ցանկանում ծառայել Եհովային։ Այդ դեպքում մի՛ եզրակացրեք, թե որպես ծնող ինչ-որ հարցում թերացել եք։ Եհովան բոլորիս, այդ թվում՝ ձեր երեխային ազատ կամք է տվել, այսինքն՝ երեխան պետք է ընտրի՝ ծառայել Աստծուն, թե ոչ։ Եթե նա որոշել է հեռանալ Եհովայից, մի՛ հուսահատվեք և մի՛ մտածեք, թե նա այլևս հետ չի գա։ Հիշեք կորած որդու մասին առակը (Ղուկ. 15։11–19, 22–24)։ Այդ երիտասարդը շեղվել էր արդարության ճանապարհից, բայց ի վերջո վերադարձավ։ Գուցե ոմանք ասեն. «Դա ընդամենը առակ է։ Մի՞թե իրական կյանքում կարող է նման բան լինել»։ Այո՛, կարող է։ Այդպիսի բան եղել է Իլի անունով մի երիտասարդի հետ։
17. Ինչո՞վ է Իլիի օրինակը քաջալերական քեզ համար։
17 Իլին պատմում է. «Ծնողներս.... ամեն ինչ արել են, որ ես սիրեմ Եհովային ու նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Սակայն պատանեկան հասակում սկսեցի ըմբոստանալ»։ Իլին երկակի կյանքով էր ապրում։ Նրա ծնողները փորձում էին հոգևորապես օգնել նրան, բայց նա չէր լսում նրանց։ Տնից հեռանալուց հետո Իլին սկսեց շատ վատ կյանքով ապրել։ Այդուհանդերձ, նա երբեմն աստվածաշնչյան զրույցներ էր ունենում իր ընկերներից մեկի հետ։ Նա ասում է. «Ինչքան շատ էի Եհովայի մասին պատմում, այնքան շատ էի նրա մասին մտածում։ Աստվածաշնչի ճշմարտության սերմերը, որոնք ծնողներս մեծ դժվարությամբ դրել էին իմ սրտում, բայց որոնք երկար ժամանակ չէին աճում, սկսեցին դանդաղ, բայց հաստատակամորեն ծլարձակել»։ Ժամանակի ընթացքում Իլին վերադարձավ Եհովայի մոտ։ c Միայն պատկերացրու, թե որքան ուրախ էին նրա ծնողները, որ իրենց որդուն մանկուց սովորեցրել էին սիրել Եհովային (2 Տիմոթ. 3։14, 15)։
18. Ի՞նչ զգացումներ ունես այն ծնողների հանդեպ, ովքեր ամեն ջանք թափում են, որ սովորեցնեն իրենց երեխաներին սիրել Եհովային։
18 Սիրելի՛ ծնողներ, դուք մեծ պատիվ ունեք կրթելու Եհովայի ծառաների մի նոր սերնդի (Սաղ. 78։4–6)։ Դա հեշտ գործ չէ։ Ձեր անխոնջ ջանքերը մեծ գովասանքի են արժանի։ Եթե շարունակեք ամեն ջանք թափել, որ օգնեք ձեր երեխաներին սիրել Եհովային, և մեծացնեք նրանց Եհովայի խրատով ու նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով, կարող եք համոզված լինել, որ կուրախացնեք մեր երկնային Հոր սիրտը (Եփես. 6։4)։
ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
a Քրիստոնյա ծնողները շատ են սիրում իրենց երեխաներին, ուստի ջանք չեն խնայում, որ հոգ տանեն նրանց ֆիզիկական և էմոցիոնալ կարիքների մասին։ Եվ որ ամենակարևորն է, նրանք ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի իրենց երեխաների սրտում սեր զարգացնեն Եհովայի հանդեպ։ Հոդվածում կքննենք աստվածաշնչյան չորս սկզբունք, որոնք կօգնեն ծնողներին հասնել այդ նպատակին։
b Տես «Եհովայից սովորում ենք կրթել մեր երեխաներին» տեսանյութը jw.org կայքում։
c Տես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածը «Դիտարանի» 2012 թ. ապրիլի 1-ի համարում։
d ՆԿԱՐ։ Որդու ընկերներին ճանաչելու համար հայրը բասկետբոլ է խաղում նրա և նրա ընկերոջ հետ։