Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20

«Հայտնություն» գիրքը և Աստծու թշնամիները

«Հայտնություն» գիրքը և Աստծու թշնամիները

«Նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն է կոչվում» (ՀԱՅՏՆ. 16։16

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ ենք իմանում Աստծու ժողովրդի մասին «Հայտնություն» գրքից։

 «ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» գրքից իմանում ենք, որ Աստծու Թագավորությունը արդեն հաստատվել է երկնքում, և Սատանան վայր է գցվել երկրի վրա (Հայտն. 12։1–9)։ Սատանայի արտաքսումը մեծ թեթևացում բերեց երկնքում բնակվողներին։ Բայց մեզ համար այն լուրջ դժվարությունների պատճառ դարձավ։ Ինչո՞ւ։ Քանի որ Սատանան իր բարկությունը սկսեց թափել Աստծու՝ երկրի վրա ապրող հավատարիմ ծառաների վրա (Հայտն. 12։12, 15, 17

2. Ի՞նչը կօգնի մեզ հավատարիմ մնալ Եհովային։

2 Ի՞նչը կօգնի մեզ հավատարիմ մնալ Եհովային՝ չնայած Սատանայի հարձակումներին (Հայտն. 13։10)։ Օրինակ՝ այն բանի գիտակցումը, թե ինչ է սպասում մեզ ապագայում։ Հովհաննես առաքյալը «Հայտնություն» գրքում նշել է այն օրհնություններից մի քանիսը, որոնք շուտով վայելելու ենք։ Դրանցից մեկը Աստծու թշնամիների ոչնչացումն է։ Այժմ տեսնենք, թե «Հայտնություն» գիրքը ինչպես է նկարագրում Աստծու թշնամիներին, և թե ինչ է սպասում նրանց։

ԱՍՏԾՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ «ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ»

3. Ի՞նչ խորհրդանշական գազանների մասին է խոսվում «Հայտնություն» գրքում։

3 «Հայտնություն» գրքի հենց առաջին համարում ասվում է, որ այնտեղ նշված տեղեկությունները ներկայացված են «խորհրդանշաններով», այսինքն՝ խորհրդանշական լեզվով (Հայտն. 1։1)։ Այնուհետև մենք կարդում ենք մի քանի գազանների մասին, որոնք խորհրդանշում են Աստծու թշնամիներին։ Օրինակ՝ խոսվում է «մի գազանի» մասին, «որ դուրս է գալիս ծովից»։ Նա ունի «տասը եղջյուր և յոթ գլուխ» (Հայտն. 13։1)։ Դրանից հետո կարդում ենք «մեկ ուրիշ գազանի» մասին, «որ դուրս է ելնում երկրից»։ Այդ գազանը խոսում է վիշապի նման և «երկնքից կրակ է իջեցնում» (Հայտն. 13։11–13)։ Հետո գրված է «ալ կարմիր մի գազանի» մասին, որի վրա նստած է մի անբարո կին։ Այս երեք գազանները խորհրդանշում են Եհովա Աստծու և նրա Թագավորության դարավոր թշնամիներին։ Ուստի անչափ կարևոր է իմանալ նրանց ինքնությունը (Հայտն. 17։1, 3

ՉՈՐՍ ՀՍԿԱ ԳԱԶԱՆՆԵՐԸ

Նրանք «դուրս են գալիս ծովից» (Դան. 7։1–8, 15–17)։ Նրանք խորհրդանշում են այն աշխարհակալ ուժերը, որոնք, Դանիելի ժամանակներից սկսած, զգալի ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա (տես պարբերություն 4, 7)

4–5. Դանիել 7։15–17 համարներում արձանագրվածը ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն «Հայտնություն» գրքի խորհրդանշանները։

4 Աստծու թշնամիների ինքնությունն իմանալու համար նախ հարկավոր է հասկանալ գրքում օգտագործված խորհրդանշական լեզուն։ Դրա համար պետք է թույլ տանք, որ Աստվածաշունչը բացատրի ինքն իրեն։ «Հայտնություն» գրքի խորհրդանշաններից շատերի նշանակության մասին արդեն իսկ գրված է Աստվածաշնչի մյուս գրքերում։ Օրինակ՝ Դանիել մարգարեն մի երազ տեսավ, որում «չորս հսկա գազաններ էին դուրս գալիս ծովից» (Դան. 7։1–3)։ Դանիելը գրել է, թե ինչ են դրանք խորհրդանշում։ Այդ հսկա գազանները ներկայացնում են չորս «թագավորների», կամ՝ կառավարությունների (կարդա Դանիել 7։15–17)։ Այս պարզ բացատրությունն օգնում է մեզ հասկանալ, որ «Հայտնություն» գրքում նկարագրված գազանները նույնպես քաղաքական ուժեր են ներկայացնում։

5 Այժմ քննենք «Հայտնություն» գրքում նշված խորհրդանշաններից մի քանիսը։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը օգնում մեզ հասկանալ դրանց նշանակությունը։ Նախ՝ կիմանանք, թե ում են ներկայացնում գազանները։ Հետո՝ կտեսնենք, թե ինչ է լինելու նրանց, և թե ինչ են այդ իրադարձությունները նշանակում մեզ համար։

ԱՍՏԾՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

ՅՈԹ ԳԼՈՒԽ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԶԱՆԸ

Այն «դուրս է գալիս ծովից» և ունի յոթ գլուխ, տասը եղջյուր և տասը թագ (Հայտն. 13։1–4)։ Այն խորհրդանշում է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ողջ պատմության ընթացքում իշխել են մարդկության վրա։ Իսկ յոթ գլուխները այն յոթ աշխարհակալ տերություններն են, որոնք զգալի ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա (տես պարբերություն 6–8)

6. Ի՞նչ է խորհրդանշում Հայտնություն 13։1–4 համարներում նշված յոթ գլուխ ունեցող գազանը։

6 Ի՞նչ է ներկայացնում յոթ գլուխ ունեցող գազանը (կարդա Հայտնություն 13։1–4)։ Տեսնում ենք, որ այս գազանը նման է ընձառյուծի, բայց ունի արջի ոտքեր, առյուծի երախ և տասը եղջյուր։ Նմանատիպ առանձնահատկություններ ունեն նաև Դանիել 7-րդ գլխում նկարագրված չորս գազանները։ Սակայն «Հայտնություն» գրքում այս առանձնահատկությունները բնորոշ են ոչ թե չորս առանձին գազանների, այլ մեկ գազանի։ Յոթ գլուխ ունեցող գազանը չի ներկայացնում մեկ կառավարություն կամ մեկ աշխարհակալ ուժ։ Հովհաննեսն ասում է, որ այն իշխանություն ունի «ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա»։ Ուստի այս գազանը ներկայացնում է մեկ կառավարությունից շատ ավելի հզոր մի բան (Հայտն. 13։7)։ Այն խորհրդանշում է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ողջ պատմության ընթացքում իշխել են մարդկության վրա (Ժող. 8։9 b

7. Ի՞նչ է ներկայացնում գազանի յոթ գլուխներից յուրաքանչյուրը։

7 Ի՞նչ է ներկայացնում յոթ գլուխներից յուրաքանչյուրը։ Պատասխանը գտնում ենք Հայտնություն 17-րդ գլխում, որտեղ տրվում է Հայտնություն 13-րդ գլխում նշված «գազանի պատկերի» նկարագրությունը։ Հայտնություն 17։10-ում կարդում ենք. «Դրանք.... յոթ թագավորներ են. հինգը ընկան, մեկը կա, մյուսը դեռ չի եկել, բայց երբ գա, կարճ ժամանակ պիտի մնա»։ Բոլոր այն քաղաքական ուժերից, որ Սատանան օգտագործել է, միայն յոթն են համեմատվում «գլուխների» հետ։ Դրանք այն աշխարհակալ ուժերն են, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։ Հովհաննեսի օրերում դրանցից հինգը արդեն հայտնվել էին աշխարհի թատերաբեմում՝ Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը և Հունաստանը։ Վեցերորդ աշխարհակալ ուժը Հռոմն էր, և այն դեռ իշխում էր, երբ Հովհաննեսը ստացավ այս հայտնությունը։ Իսկ ո՞րն էր լինելու յոթերորդ գլուխը, կամ՝ վերջին աշխարհակալ ուժը։

8. Ո՞ւմ է խորհրդանշում գազանի յոթերորդ գլուխը։

8 «Դանիել» գրքի մարգարեությունները օգնում են մեզ հասկանալ, թե ում է ներկայացնում գազանի յոթերորդ գլուխը։ Ո՞ր աշխարհակալ ուժն է իշխում այս վերջին օրերում, այսինքն՝ «Տիրոջ օրվա» ընթացքում (Հայտն. 1։10)։ Դա անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժն է, որը կազմված է երկու հզոր տերություններից՝ Միացյալ Թագավորությունից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ այն Հայտնություն 13։1–4 համարներում նկարագրված գազանի յոթերորդ գլուխն է։

ԳԱՌԱՆ ԵՂՋՅՈՒՐՆԵՐԻ ՆՄԱՆ ԵՐԿՈՒ ԵՂՋՅՈՒՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԶԱՆԸ

Այն «դուրս է ելնում երկրից» և խոսում է «վիշապի նման»։ Նա «երկնքից կրակ է իջեցնում» և որպես «սուտ մարգարե» նշաններ է անում (Հայտն. 13։11–15; 16։13; 19։20)։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը ներկայացվում է որպես երկու եղջյուր ունեցող գազան և սուտ մարգարե, քանի որ այն մոլորեցնում է երկրի բնակիչներին և ասում նրանց, որ «պատրաստեն գազանի պատկերը», որը ունի յոթ գլուխ և տասը եղջյուր (տես պարբերություն 9)

9. Ի՞նչ է խորհրդանշում այն գազանը, որը «երկու եղջյուր ունի, որոնք նման են գառան եղջյուրների»։

9 Հայտնություն 13-րդ գլխում այնուհետև նշվում է, որ գազանի յոթերորդ գլուխը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը, հանդես է գալիս նաև որպես մի գազան, որը «երկու եղջյուր ունի, որոնք նման են գառան եղջյուրների», և որը «խոսում է վիշապի նման»։ Հայտնություն 16-րդ և 19-րդ գլուխներում այս գազանը կոչվում է «սուտ մարգարե» (Հայտն. 16։13; 19։20)։ Իր տեսիլքում Հովհաննեսը տեսնում է, որ այս գազանը «մեծ նշաններ է անում, այնպես, որ նույնիսկ երկնքից կրակ է իջեցնում երկրի վրա մարդկանց աչքերի առաջ» (Հայտն. 13։11–15)։ Նմանատիպ բան է նշում նաև Դանիելը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի վերաբերյալ ասելով, որ այն «ավերելու է զարմանալի կերպով» (Դան. 8։19, 23, 24)։ Դա տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Ճապոնիայի վրա երկու ատոմային ռումբ նետվեց, ինչը վճռորոշ դեր խաղաց պատերազմին վերջ դնելու հարցում։ Դրանք ստեղծվել էին Բրիտանիայի և Միացյալ Նահանգների գիտնականների կողմից։ Այդպիսով անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը «երկնքից կրակ իջեցրեց երկրի վրա մարդկանց աչքերի առաջ»։

ԱԼ ԿԱՐՄԻՐ ԳԱԶԱՆԸ

Նրան հեծնել է մի պոռնիկ՝ Մեծ Բաբելոնը։ Այս գազանը ութերորդ թագավորն է (Հայտն. 17։3–6, 8, 11)։ Սկզբում այդ անբարո կինը ղեկավարում է գազանին, բայց հետո վերջինս ոչնչացնում է նրան։ Անբարո կինը ներկայացնում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Իսկ գազանը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպությունը, որը առաջ է տանում համաշխարհային քաղաքական համակարգի շահերը (տես պարբերություն 10, 14–17)

10. Ի՞նչ է ներկայացնում «գազանի պատկերը» (Հայտնություն 13։14, 15; 17։3, 8, 11

10 Այնուհետև խոսվում է մեկ այլ գազանի մասին, որը նման է յոթ գլուխ ունեցող գազանին, սակայն մի տարբերությամբ. այն ալ կարմիր է։ Վերջինս կոչվում է «գազանի պատկեր» և նկարագրվում է որպես «ութերորդ թագավոր» c (կարդա Հայտնություն 13։14, 15; 17։3, 8, 11)։ Այդ «թագավորը» ի հայտ է գալիս, հետո անհետանում է, և որոշ ժամանակ հետո՝ կրկին հայտնվում։ Այս նկարագրությունը միանգամայն համապատասխանում է Միավորված ազգերի կազմակերպությանը, որը առաջ է տանում համաշխարհային քաղաքական համակարգի շահերը։ Սկզբում այդ կազմակերպությունը կոչվում էր Ազգերի լիգա։ Սակայն Երկրորդ աշխարհամարտի ընթացքում այն դուրս եկավ ասպարեզից, հետո կրկին հայտնվեց և սկսեց գործել որպես Միավորված ազգերի կազմակերպություն։

11. Ի՞նչ են հրահրելու քաղաքական ուժերը, և ինչո՞ւ մենք չպետք է վախենանք նրանցից։

11 Գազանները, կամ՝ քաղաքական ուժերը կհրահրեն մարդկանց դուրս գալ Եհովայի և նրա ժողովրդի դեմ։ Փոխաբերական իմաստով նրանք կհավաքեն «ողջ բնակեցված երկրի թագավորներին» Արմագեդոն պատերազմի՝ «Ամենակարող Աստծու մեծ օրվա» համար (Հայտն. 16։13, 14, 16)։ Բայց մենք վախենալու պատճառ չունենք։ Մեր հզոր Աստված Եհովան անմիջապես գործի կանցնի, որպեսզի պաշտպանի բոլոր նրանց, ովքեր թիկունք են կանգնում իր իշխանությանը (Եզեկ. 38։21–23

12. Ի՞նչ է լինելու բոլոր «գազաններին»։

12 Ի՞նչ է լինելու բոլոր խորհրդանշական գազաններին։ Հայտնություն 19։20-ը պատասխանում է այս հարցին. «Գազանը բռնվեց, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առջև նշաններ էր անում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր ընդունել էին գազանի նշանը, և նրանց, ովքեր երկրպագում էին նրա պատկերին։ Այս երկուսը ողջ-ողջ գցվեցին ծծմբով այրվող կրակի լիճը»։ Ճիշտ է, Աստծու այս թշնամիները դեռևս ղեկավարում են, սակայն շուտով նրանք վերջնականապես ոչնչացվելու են։

13. Որոշ կառավարություններ ի՞նչ դժվարություն են ստեղծում քրիստոնյաների համար։

13 Ի՞նչ է դա նշանակում մեզ համար։ Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է նվիրված լինենք Աստծուն և նրա Թագավորությանը (Հովհ. 18։36)։ Դրա համար անհրաժեշտ է չեզոք մնալ աշխարհի քաղաքական հարցերում։ Այդպիսի չեզոքություն պահպանելը, ինչ խոսք, շատ դժվար է, քանի որ կառավարությունները պահանջում են, որ լիարժեքորեն աջակցենք իրենց թե՛ խոսքով, թե՛ գործով։ Նրանք, ովքեր ենթարկվում են այդ ճնշմանը, թույլ են տալիս, որ գազանը նշան դնի իրենց վրա (Հայտն. 13։16, 17)։ Այդ նշանն ունեցող մարդիկ կարժանանան Աստծու բարկությանը և չեն ստանա հավիտենական կյանք (Հայտն. 14։9, 10; 20։4)։ Ուստի անչափ կարևոր է, որ բացարձակապես չեզոք մնանք՝ անկախ նրանից, թե ինչ ճնշումների կենթարկվենք։

«ՄԵԾ ՊՈՌՆԻԿԻ» ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՎԱԽՃԱՆԸ

14. Ի՞նչ զարմանալի բան տեսավ Հովհաննես առաքյալը (Հայտնություն 17։3–5

14 Կարդա Հայտնություն 17։35։ Հովհաննես առաքյալը մեկ ուրիշ բան էլ տեսավ, ինչը «շատ զարմացրեց» նրան։ Նա տեսավ մի կնոջ, որը հեծնել էր այդ կատաղի գազաններից մեկին։ Այդ կինը նկարագրվում է որպես «մեծ պոռնիկ» և կոչվում է «Մեծ Բաբելոն»։ Նա «երկրի թագավորների» հետ «պոռնկություն է գործում» (Հայտն. 17։1, 2, 6

15–16. Ի՞նչ է Մեծ Բաբելոնը, և որտեղի՞ց գիտենք դա։

15 Ի՞նչ է «Մեծ Բաբելոնը»։ Այդ կինը չի կարող խորհրդանշել քաղաքական կազմակերպություն, քանի որ ասվում է, որ նա անբարոյություն է գործում այս աշխարհի քաղաքական առաջնորդների հետ (Հայտն. 18։9)։ Բացի այդ՝ այն, որ նա հեծնել է գազանին, ցույց է տալիս, որ փորձում է ղեկավարել այդ առաջնորդներին։ Նա նաև չի կարող խորհրդանշել Սատանայի աշխարհի ագահ առևտրային տարրերը, քանի որ դրանք «Հայտնություն» գրքում կոչվում են «երկրի ճամփորդող վաճառականներ» (Հայտն. 18։11, 15, 16

16 Աստվածաշնչում «պոռնիկ» բառը կարող է վերաբերել նրանց, ովքեր պնդում են, թե ծառայում են Աստծուն, սակայն զբաղվում են կռապաշտության որևէ ձևով կամ ինչ-որ այլ կերպով ընկերություն են անում աշխարհի հետ (1 Տար. 5։25; Հակ. 4։4)։ Իսկ նրանց մասին, ովքեր հավատարմորեն պաշտում են Աստծուն, ասվում է, որ նրանք «մաքուր» են և «կույս» (2 Կորնթ. 11։2; Հայտն. 14։4)։ Հին Բաբելոնը կեղծ պաշտամունքի կենտրոն էր համարվում։ Հետևաբար Մեծ Բաբելոնը ներկայացնում է կեղծ պաշտամունքի բոլոր ձևերը։ Այսպիսով՝ այդ կինը խորհրդանշում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը (Հայտն. 17։5, 18; տես «Ի՞նչ է Մեծ Բաբելոնը» հոդվածը jw.org կայքում)։

17. Ի՞նչ է լինելու Մեծ Բաբելոնին։

17 Ի՞նչ է լինելու Մեծ Բաբելոնին։ Հայտնություն 17։16, 17 համարները պատասխանում են այս հարցին. «Իսկ տասը եղջյուրները, որ տեսար, ինչպես նաև գազանը կատեն պոռնիկին և կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը ու ամբողջությամբ կայրեն նրան կրակով, որովհետև Աստված նրանց սրտում դրեց, որ իր միտքը իրագործեն»։ Այո՛, Եհովան կդրդի ազգերին ալ կարմիր գազանի, այսինքն՝ Միավորված ազգերի կազմակերպության միջոցով հարձակվել կեղծ կրոնի համաշխարհային կայսրության վրա և ոչնչացնել այն (Հայտն. 18։21–24

18. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ որևէ առնչություն չունենք Մեծ Բաբելոնի հետ։

18 Ի՞նչ է դա նշանակում մեզ համար։ Մենք պետք է շարունակենք «մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագություն» մատուցել (Հակ. 1։27)։ Երբեք չպետք է թույլ տանք, որ մեզ վրա ազդեն Մեծ Բաբելոնի կեղծ ուսմունքները, հեթանոսական տոնակատարությունները, բարոյական ցածր արժեքները և ոգեհարցություն պարունակող արարողությունները։ Մենք շարունակում ենք մարդկանց հորդորել, որ «դուրս գան նրա միջից», որպեսզի մասնակից չլինեն նրա մեղքերին (Հայտն. 18։4

ԱՍՏԾՈՒ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԹՇՆԱՄՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ

ՀՐԱԳՈՒՅՆ ՎԻՇԱՊԸ

Սատանան իշխանություն է տալիս յոթ գլուխ ունեցող գազանին (Հայտն. 12։3, 9, 13; 13։4; 20։2, 10)։ Եհովայի մեծագույն թշնամին՝ Սատանան, անդունդն է գցվելու և 1000 տարով բանտարկվելու է։ Այնուհետև նա գցվելու է «կրակի ու ծծմբի լիճը» (տես պարբերություն 19–20)

19. Ո՞վ է «մեծ հրագույն վիշապը»։

19 «Հայտնություն» գրքում խոսվում է նաև «մի մեծ հրագույն վիշապի» մասին (Հայտն. 12։3)։ Այս վիշապը պատերազմում է Հիսուսի և նրա հրեշտակների դեմ (Հայտն. 12։7–9)։ Նա հարձակվում է Աստծու ժողովրդի վրա և իշխանություն տալիս գազաններին, այսինքն՝ մարդկային կառավարություններին (Հայտն. 12։17; 13։4)։ Իսկ ո՞վ է այս վիշապը։ Դա «առաջին օձն [է], որ Բանսարկու և Սատանա է կոչվում» (Հայտն. 12։9; 20։2)։ Նա է կանգնած Եհովայի բոլոր թշնամիների հետևում։

20. Ի՞նչ է լինելու վիշապին։

20 Ի՞նչ է լինելու վիշապին։ Հայտնություն 20։1–3 համարներից իմանում ենք, որ մի հրեշտակ Սատանային անդունդն է գցելու, այսինքն՝ բանտարկելու է։ Այդ բանտարկության ընթացքում Սատանան «այլևս չի մոլորեցնելու ազգերին, մինչև որ հազար տարին լրանա»։ Իսկ վերջում նա և նրա դևերը «գցվելու են կրակի ու ծծմբի լիճը», այսինքն՝ վերջնականապես ոչնչացվելու են (Հայտն. 20։10)։ Միայն պատկերացրու, թե ինչպիսին է լինելու աշխարհը առանց Սատանայի ու նրա դևերի։ Այո՛, մեզ հիանալի ժամանակներ են սպասում։

21. Ինչո՞ւ է մեզ ուրախացնում այն, ինչ կարդում ենք «Հայտնություն» գրքում։

21 Անչափ քաջալերական է իմանալ «Հայտնություն» գրքում արձանագրված խորհրդանշանների բացատրությունը։ Մենք ոչ միայն իմացանք Եհովայի թշնամիների ինքնությունը, այլև տեսանք, թե ինչ է լինելու նրանց։ Իրոք որ, «երջանիկ է նա, ով բարձրաձայն կարդում է այս մարգարեության խոսքերը, և երջանիկ են նրանք, ովքեր լսում.... են դրա մեջ գրվածները» (Հայտն. 1։3)։ Իսկ ի՞նչ օրհնություններ են սպասում հավատարիմ մարդկանց Աստծու թշնամիների կործանումից հետո։ Այդ մասին կիմանանք հաջորդ հոդվածից։

ԵՐԳ 23 Եհովան սկսում է թագավորել

a «Հայտնություն» գիրքը խորհրդանշական լեզվով նկարագրում է Աստծու թշնամիներին։ Իսկ «Դանիել» գիրքը օգնում է մեզ հասկանալ այդ խորհրդանշական լեզուն։ Այս հոդվածում «Դանիել» գրքից որոշ մարգարեություններ կհամեմատենք «Հայտնություն» գրքի նմանատիպ մարգարեությունների հետ և կտեսնենք, թե ովքեր են Աստծու թշնամիները։ Հոդվածից նաև կիմանանք, թե ինչ է սպասում նրանց։

b Կա ևս մեկ ապացույց, որ յոթ գլուխ ունեցող գազանը ներկայացնում է բոլոր քաղաքական ուժերը. այդ գազանն ունի «տասը եղջյուր»։ «Տասը» թիվը Աստվածաշնչում հաճախ ամբողջություն է նշանակում։

c Ի տարբերություն առաջին գազանի՝ «գազանի պատկերի» եղջյուրների վրա «թագեր» չկան (Հայտն. 13։1)։ Պատճառն այն է, որ նա «այն յոթից է առաջ գալիս», այսինքն՝ մյուս յոթ թագավորներից, և իր իշխանությունը նրանցից է ստանում (տես «Ի՞նչ է խորհրդանշում Հայտնություն 17-րդ գլխում նշված ալ կարմիր գազանը» հոդվածը jw.org կայքում)։