Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19

«Հայտնություն» գիրքը և դու

«Հայտնություն» գիրքը և դու

«Երջանիկ է նա, ով բարձրաձայն կարդում է այս մարգարեության խոսքերը» (ՀԱՅՏՆ. 1։3

ԵՐԳ 15 Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1–2. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի «Հայտնություն» գիրքը։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ թերթում ես ինչ-որ մեկի լուսանկարների ալբոմը։ Հիմնականում անծանոթ դեմքեր ես տեսնում։ Սակայն նկարներից մեկը գրավում է ուշադրությունդ, քանի որ նկատում ես, որ դու էլ կաս այնտեղ։ Նայում ես լուսանկարին և ուզում հիշել, թե երբ և որտեղ է այն արվել։ Նաև փորձում ես մտաբերել, թե քեզ հետ լուսանկարված մարդիկ ովքեր են։ Այո՛, այդ բոլոր լուսանկարների միջից հենց այդ մեկը առանձնահատուկ է դառնում քեզ համար։

2 «Հայտնություն» գիրքը նման է այդ լուսանկարին։ Ինչո՞ւ։ Առնվազն երկու պատճառով։ Առաջին պատճառն այն է, որ այդ գիրքը գրվել է մեզ համար։ Այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Հայտնություն՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան, որպեսզի ցույց տա իր ծառաներին այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան» (Հայտն. 1։1)։ Փաստորեն, այն, ինչ գրված է այդ գրքում, ոչ թե բոլոր մարդկանց համար է, այլ մեզ համար՝ Աստծուն նվիրված ծառաներիս։ Որպես Աստծու ժողովուրդ՝ մենք չենք զարմանում՝ իմանալով, որ այս գրքի մարգարեությունների կատարման մեջ մենք մեր բաժինն ունենք։ Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք մեզ այդ «լուսանկարում»։

3–4. Ըստ «Հայտնություն» գրքի՝ ե՞րբ պետք է սկսեին կատարվել այնտեղ գրված մարգարեությունները, և այդ բանի գիտակցումը ինչի՞ պետք է մղի մեզ։

3 Երկրորդ պատճառը այդ մարգարեությունների կատարման ժամանակն է։ Տարեց Հովհաննես առաքյալը նշեց, թե երբ են դրանք կատարվելու՝ ասելով. «Ոգու ներշնչմամբ ես հայտնվեցի Տիրոջ օրվա մեջ» (Հայտն. 1։10)։ Հովհաննեսը այս խոսքերը գրեց մոտավորապես 96 թ.-ին։ Այդ ժամանակ «Տիրոջ օրը» դեռ շատ հեռու էր (Մատթ. 25։14, 19; Ղուկ. 19։12)։ Աստվածաշնչյան մարգարեության համաձայն՝ այդ օրը սկսվեց 1914 թ.-ին, երբ Հիսուսը երկնքում Թագավոր նշանակվեց։ Այդ ժամանակվանից ի վեր «Հայտնություն» գրքի մարգարեությունները, որոնք կապ ունեն Աստծու ժողովրդի հետ, սկսեցին կատարվել։ Այո՛, այժմ մենք ապրում ենք «Տիրոջ օրվա մեջ»։

4 Այս նշանակալից ժամանակներում անչափ կարևոր է, որ հատուկ ուշադրություն դարձնենք այն սիրառատ խորհրդին, որ գրված է Հայտնություն 1։3-ում. «Երջանիկ է նա, ով բարձրաձայն կարդում է այս մարգարեության խոսքերը, և երջանիկ են նրանք, ովքեր լսում ու պահում են դրա մեջ գրվածները, որովհետև նշանակված ժամանակը մոտ է»։ Փաստորեն, մենք պետք է «բարձրաձայն կարդանք այս մարգարեության խոսքերը», «լսենք ու պահենք» դրանք։ Իսկ որո՞նք են այդ խոսքերը։

ՀԱՎԱՍՏԻԱՑԻՐ, ՈՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՁԵՎՈՎ ԵՍ ՊԱՇՏՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ

5. Ինչո՞ւ է կարևոր հավաստիանալ, որ Աստծուն մատուցվող մեր երկրպագությունը ընդունելի է նրան։

5 Հայտնություն 1-ին գլխից իմանում ենք, որ Հիսուսը լիովին տեղյակ է, թե ինչ է կատարվում ժողովներում (Հայտն. 1։12–16, 20; 2։1)։ Դա երևում է Փոքր Ասիայի յոթ ժողովներին ուղղված նրա խոսքերից։ Նա կոնկրետ հրահանգներ տվեց առաջին դարի քրիստոնյաներին, որ օգնի նրանց հավաստիանալ, թե արդյոք իրենց երկրպագությունը ընդունելի է Եհովային։ Այն, ինչ նա ասաց այդ ժողովներին, վերաբերում է նաև մեզ։ Ի՞նչ կարող ենք սովորել։ Մեր առաջնորդը՝ Հիսուս Քրիստոսը, քաջատեղյակ է մեր հոգևոր վիճակից։ Նա առաջնորդում ու պաշտպանում է մեզ, և ոչինչ չի վրիպում նրա աչքից։ Նա գիտի, թե ինչ պետք է անենք, որպեսզի շարունակ ունենանք Եհովայի հավանությունը։ Իսկ Հիսուսը ի՞նչ խորհուրդներ է տվել, որոնք մենք էլ կարող ենք կիրառել։

6. ա) Հայտնություն 2։3, 4 համարների համաձայն՝ ի՞նչ խնդիր կար Եփեսոսի ժողովում։ բ) Ի՞նչ ենք սովորում։

6 Կարդա Հայտնություն 2։3, 4։ Մենք չպետք է կորցնենք այն սերը, որը սկզբից ունեինք Եհովայի հանդեպ։ Հիսուսի պատգամը՝ ուղղված Եփեսոսի ժողովին, ցույց է տալիս, որ եփեսացիները տոկունություն էին դրսևորում և չնայած տարբեր դժվարությունների՝ շարունակում էին ծառայել Եհովային։ Այնուամենայնիվ, նրանք կորցրել էին այն սերը, որը սկզբից ունեին։ Եփեսացիները պետք է բոցավառեին իրենց սերը, այլապես Եհովան չէր ընդունի նրանց մատուցած երկրպագությունը։ Նմանապես այսօր միայն տոկալը բավական չէ. մենք պետք է տոկանք՝ ճիշտ մղումներից ելնելով։ Աստծուն հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչ ենք անում, այլև թե ինչու ենք դա անում։ Մեր մղումները նրա համար կարևոր են, քանի որ նա ցանկանում է, որ իրեն պաշտենք խոր սիրուց և գնահատանքից մղված (Առակ. 16։2; Մարկ. 12։29, 30

7. ա) Ի՞նչ խնդիր էր Հիսուսը տեսնում Սարդեսի ժողովում (Հայտնություն 3։1–3)։ բ) Ի՞նչ պետք է անենք։

7 Կարդա Հայտնություն 3։1–3։ Մենք պետք է շարունակենք արթուն և զգոն մնալ։ Սարդեսի ժողովի անդամները մեկ այլ խնդիր ունեին։ Թեև նրանք նախկինում ակտիվ էին եղել, բայց այժմ հոգևորապես քնած վիճակում էին։ Այդ պատճառով էլ Հիսուսը հորդորեց նրանց «արթնանալ»։ Ի՞նչ ենք սովորում։ Անկասկած, Եհովան չի մոռանա մեր կատարած աշխատանքը (Եբր. 6։10)։ Այդուհանդերձ, մենք չպետք է բավարարվենք միայն նրանով, ինչ Եհովային ծառայելու համար արել ենք անցյալում։ Ճիշտ է, գուցե հիմա մեր հնարավորությունները ավելի սահմանափակ են, սակայն պետք է շարունակ զբաղված լինենք «Տիրոջ գործում», որպեսզի արթուն ու զգոն մնանք մինչև վերջ (1 Կորնթ. 15։58; Մատթ. 24։13; Մարկ. 13։33

8. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից՝ ուղղված Լաոդիկեայի ժողովին (Հայտնություն 3։15–17

8 Կարդա Հայտնություն 3։15–17։ Մենք պետք է նախանձախնդիր լինենք և ամբողջ սրտով պաշտենք Աստծուն։ Տեսնենք, թե ինչ խնդիր կար Լաոդիկեայի ժողովում։ Նրանք «գոլ» էին դարձել իրենց ծառայության մեջ։ Նրանց անտարբերության պատճառով Հիսուսն ասաց, որ «թշվառ են ու խղճուկ»։ Այդ քրիստոնյաները պետք է մեծ նախանձախնդրությամբ լցվեին Եհովայի և նրան մատուցվող երկրպագության հանդեպ (Հայտն. 3։19)։ Ի՞նչ ենք սովորում։ Եթե մեր եռանդը թուլացել է, մենք պետք է խոր գնահատանք զարգացնենք այն ամենի հանդեպ, ինչ Եհովան և նրա կազմակերպությունը տալիս են մեզ (Հայտն. 3։18)։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ հարմարավետ կյանքով ապրելու ձգտումը պատճառ դառնա, որ հոգևոր գործերը մեր կյանքում երկրորդ պլան մղվեն։

9. Պերգամոնի և Թյուատիրի քրիստոնյաներին ուղղված խոսքերի համաձայն՝ ո՞ր վտանգից պետք է խուսափենք։

9 Մենք պետք է մերժենք հավատուրացների ուսմունքները։ Հիսուսը Պերգամոնի ժողովի որոշ քրիստոնյաների հանդիմանեց բաժանումներ մտցնելու և աղանդավորություն տարածելու համար (Հայտն. 2։14–16)։ Իսկ Թյուատիրի ժողովին գովեց այն բանի համար, որ խուսափում է «Սատանայի խորունկ բաներից» և հորդորեց «ամուր պահել» ճշմարտությունը (Հայտն. 2։24–26)։ Հոգևորապես թույլ քրիստոնյաները, ովքեր սկսել էին հետևել կեղծ ուսմունքների, պետք է զղջային։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք պետք է մերժենք ցանկացած ուսմունք, որը ներդաշնակ չէ Եհովայի մտածելակերպին։ Հավատուրացները գուցե «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց դրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթ. 3։5)։ Ուստի եթե Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրողներ լինենք, մեզ համար ավելի հեշտ կլինի զատորոշել ու մերժել կեղծ ուսմունքները (2 Տիմոթ. 3։14–17; Հուդա 3, 4

10. Ուրիշ ի՞նչ ենք սովորում Պերգամոնի և Թյուատիրի ժողովներին ուղղված խոսքերից։

10 Մենք չպետք է անբարոյություն գործենք, հանդուրժենք անբարոյության որևէ դրսևորում կամ մատների արանքով նայենք դրան։ Պերգամոնի և Թյուատիրի ժողովներում ուրիշ խնդիր էլ կար։ Հիսուսը դատապարտեց այդ քրիստոնյաներից ոմանց անբարո վարք դրսևորելու համար (Հայտն. 2։14, 20)։ Ի՞նչ ենք սովորում։ Մենք չենք կարող ակնկալել, որ Եհովան կհանդուրժի մեր անբարո վարքը, ինչ է թե երկար տարիներ է՝ ծառայում ենք նրան կամ մի շարք պատասխանատվություններ ունենք նրա կազմակերպության մեջ (1 Սամ. 15։22; 1 Պետ. 2։16)։ Եհովան ուզում է, որ մենք միշտ կառչած մնանք իր տված բարոյական բարձր չափանիշներին՝ անկախ նրանից, թե այս աշխարհը որքան կբարոյազրկվի (Եփես. 6։11–13

11. Ի՞նչ սովորեցինք (տես նաև « Դասեր մեզ համար» շրջանակը)։

11 Այժմ ամփոփենք մեր սովորածը։ Իմացանք, որ պետք է հավաստիանանք, թե արդյոք մեր մատուցած երկրպագությունը ընդունելի է Եհովային։ Եթե անում ենք մի բան, ինչի պատճառով նա չի ընդունի մեր երկրպագությունը, պետք է անհապաղ փոփոխություններ անենք (Հայտն. 2։5, 16; 3։3, 16)։ Բայց եկեք տեսնենք, թե ուրիշ ինչի վրա ուշադրություն դարձրեց Հիսուսը ժողովներին դիմելիս։

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՀԱԼԱԾԱՆՔԻՆ

Երկնքից վայր գցվելուց հետո Սատանան ինչպե՞ս է հարձակվել Աստծու ժողովրդի վրա (տես պարբերություն 12–16)

12. Այն, ինչ Հիսուսն ասաց Զմյուռնիայի և Ֆիլադելֆիայի ժողովներին, ինչո՞ւ պետք է հետաքրքրի մեզ (Հայտնություն 2։10

12 Ուշադրություն դարձնենք, թե ինչ ասաց Հիսուսը Զմյուռնիայի և Ֆիլադելֆիայի ժողովներին։ Նա ասաց, որ չվախենան հալածանքից, քանի որ նրանց հավատարմությունը վարձատրվելու է (կարդա Հայտնություն 2։10; 3։10)։ Ի՞նչ ենք սովորում։ Մենք չպետք է անակնկալի գանք հալածանքի բախվելիս, և պետք է պատրաստ լինենք դիմանալու դրան (Մատթ. 24։9, 13; 2 Կորնթ. 12։10)։ Ինչո՞ւ է այս հիշեցումը կարևոր։

13–14. Հայտնություն 12-րդ գլխում նկարագրված իրադարձությունները ի՞նչ ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։

13 «Հայտնություն» գրքից իմանում ենք, որ Աստծու ժողովուրդը «Տիրոջ օրվա» ընթացքում, այսինքն՝ մեր օրերում հալածանքի է բախվելու։ Հայտնություն 12-րդ գլխում ասվում է, որ անմիջապես այն բանից հետո, երբ Աստծու Թագավորությունը սկսեց իշխել երկնքում, այնտեղ պատերազմ բռնկվեց։ Միքայելը՝ փառավորված Հիսուս Քրիստոսը, և նրա զորքը պատերազմեցին Սատանայի ու դևերի դեմ (Հայտն. 12։7, 8)։ Արդյունքում Աստծու թշնամիները պարտություն կրեցին և ցած գցվեցին երկրի վրա, ինչի հետևանքով մարդկությունը անասելի ցավ ու տառապանք է կրում (Հայտն. 12։9, 12)։ Իսկ ինչպե՞ս է այս ամենը անդրադառնում Աստծու ժողովրդի վրա։

14 Այնուհետև «Հայտնություն» գրքում նշվում է, թե ինչպես է Սատանան արձագանքում իր պարտությանը։ Նա այլևս չի կարող մուտք գործել երկնային ոլորտ, այդ պատճառով իր բարկությունը թափում է օծյալների վրա, ովքեր Աստծու Թագավորության երկրային ներկայացուցիչներն են և «նշանակված են Հիսուսի մասին վկայելու» (Հայտն. 12։17; 2 Կորնթ. 5։20; Եփես. 6։19, 20Ինչպե՞ս է այս մարգարեությունը կատարվել։

15. Ովքե՞ր էին Հայտնություն 11-րդ գլխում նշված «երկու վկաները», և ի՞նչ եղավ նրանց հետ։

15 Սատանան հրահրեց, որ Աստծու թշնամիները հարձակվեն այն օծյալ եղբայրների վրա, ովքեր առաջնորդություն էին վերցնում քարոզչական գործում։ Այս եղբայրները ներկայացնում էին այն խորհրդանշական «երկու վկաներին», որոնք սպանվեցին b (Հայտն. 11։3, 7–11)։ 1918 թ.-ին կազմակերպության մեջ առաջնորդություն վերցնող ութ եղբայրներ անհիմն կերպով մեղադրվեցին և դատապարտվեցին երկար տարիների ազատազրկման։ Մարդկային տեսանկյունից նրանց գործունեությունը «սպանվեց»։

16. Ի՞նչ զարմանալի բան տեղի ունեցավ 1919 թ.-ին, բայց ի՞նչ է Սատանան շարունակում անել այդ ժամանակվանից ի վեր։

16 Հայտնություն 11-րդ գլխում նշված մարգարեության մեջ նաև ասվում է, որ «երկու վկաները» կարճ ժամանակ հետո պետք է կյանքի կոչվեին։ Եղբայրների ազատազրկումից գրեթե մեկ տարի անց այս մարգարեությունը զարմանալի կերպով կատարվեց։ 1919 թ. մարտին այդ օծյալ եղբայրներին ազատ արձակեցին բանտից, իսկ ավելի ուշ հանեցին նրանց առաջադրված մեղադրանքները։ Եղբայրները անմիջապես գործի անցան և նորից սկսեցին առաջ տանել Թագավորության շահերը։ Բայց Սատանան չդադարեցրեց իր հարձակումները Աստծու ժողովրդի վրա։ Այդ ժամանակվանից սկսած՝ նա հալածանքի «գետը» թափում է Աստծու բոլոր ծառաների վրա (Հայտն. 12։15)։ Իսկապես, «այստեղ է, որ.... [յուրաքանչյուրս] պետք է տոկունություն ու հավատ դրսևորի» (Հայտն. 13։10

ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԾ ԳՈՐԾԻՆ

17. Ի՞նչ անսպասելի օգնություն է ստացել Աստծու ժողովուրդը՝ չնայած Սատանայի հարձակումներին։

17 Հայտնություն 12-րդ գլխում նշվում է, որ Աստծու ժողովուրդը օգնություն է ստանալու մի անսպասելի աղբյուրից։ Ասես «երկիրը» կուլ է տալու հալածանքի «գետը» (Հայտն. 12։16)։ Հենց այդպես էլ եղել է։ Երբեմն Սատանայի աշխարհի համեմատաբար կայուն տարրերը, ինչպես, օրինակ, դատական որոշ համակարգեր օգնության են հասել Աստծու ժողովրդին։ Բազմիցս Եհովայի ծառաները հաղթանակներ են տարել դատական ատյաններում, ինչը նրանց որոշակի ազատություն է տվել։ Իսկ ինչպե՞ս են նրանք օգտվել այդ ազատությունից։ Նրանք լիարժեքորեն օգտագործել են ցանկացած հնարավորություն, որպեսզի կատարեն Եհովայի հանձնարարած գործը (1 Կորնթ. 16։9)։ Տեսնենք, թե ինչ գործ է Եհովան հանձնարարել իր ծառաներին։

Ի՞նչ երկու լուր պետք է հայտնի Աստծու ժողովուրդը (տես պարբերություն 18–19)

18. Այս վերջին օրերում ո՞րն է մեր հիմնական գործը։

18 Հիսուսը մարգարեացել էր, որ նախքան աշխարհի վերջը Աստծու ժողովուրդը հռչակելու է «Թագավորության.... բարի լուրը» ամբողջ աշխարհով մեկ (Մատթ. 24։14)։ Քարոզչական գործում նրանց օգնում է մի հրեշտակ կամ հրեշտակների մի խումբ, որը «հավիտենական բարի լուր ունի՝ հռչակելու որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտն. 14։6

19. Եհովային սիրողները ուրիշ ի՞նչ լուր պետք է հռչակեն։

19 Թագավորության բարի լուրը միակ լուրը չէ, որ Աստծու ժողովուրդը հռչակում է։ Նրանք աջակցում են հրեշտակներին այն գործում, որը նկարագրված է Հայտնություն 8–10-րդ գլուխներում։ Այս հրեշտակները մի շարք «վայեր» են ազդարարում նրանց համար, ովքեր չեն ընդունում Աստծու Թագավորությունը։ Այսինքն՝ Եհովայի վկաները հռչակում են նաև դատաստանական լուր, որը նման է «կարկուտի և կրակի». նրանք մարդկանց հայտնում են, թե Աստված ինչ դատաստան է տեսնելու Սատանայի չար աշխարհի տարբեր տարրերի նկատմամբ (Հայտն. 8։7, 13)։ Մարդիկ պետք է իմանան, որ վերջը մոտ է, որպեսզի կարողանան արմատապես փոխել իրենց կյանքը և փրկվել Եհովայի բարկության օրը (Սոփ. 2։2, 3)։ Բայց մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում լսել այդ լուրը, ուստի այն հռչակելու համար մեզանից քաջություն է պահանջվում։ Իսկ վերջնական դատաստանի լուրը, որը մենք կհռչակենք մեծ նեղության ժամանակ, նման կլինի ավելի ուժեղ կարկտահարության (Հայտն. 16։21

ՀԵՏԵՎԻՐ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԻՆ

20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ երկու հոդվածներում։

20 Մենք պետք է հետևենք «այս մարգարեության խոսքերին», քանի որ մենք նույնպես ներգրավված ենք «Հայտնություն» գրքում նկարագրված իրադարձությունների կատարման մեջ (Հայտն. 1։3)։ Բայց ինչպե՞ս կարող ենք հավատարիմ մնալ հալածանքի ներքո և շարունակել համարձակությամբ քարոզել այս պատգամները։ Մեզ կզորացնի երկու բան. առաջին՝ այն, թե ինչ է բացահայտում «Հայտնություն» գիրքը Աստծու թշնամիների մասին, և երկրորդ՝ այն օրհնությունները, որ կստանանք ապագայում, եթե հավատարիմ մնանք։ Դրանց մասին կխոսենք հաջորդ երկու հոդվածներում։

ԵՐԳ 32 Եհովայի կողքը կանգնիր

a Մենք ապրում ենք նշանակալից ժամանակներում։ Մեր օրերում կատարվում են «Հայտնություն» գրքի մարգարեությունները։ Իսկ դրանք ի՞նչ կապ ունեն մեզ հետ։ Այս և հաջորդ երկու հոդվածները կօգնեն ընդհանուր պատկերացում կազմել «Հայտնություն» գրքի վերաբերյալ։ Կիմանանք, թե ինչպես կարող ենք շարունակել ընդունելի երկրպագություն մատուցել Եհովա Աստծուն՝ հետևելով այն խոսքերին, որ գրված են այդ գրքում։