Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան երբեք ինձ հուսախաբ չի արել

Եհովան երբեք ինձ հուսախաբ չի արել

Երբ փոքր էի, ինձ ու ևս երեք աղջնակների ընտրեցին, որ Ադոլֆ Հիտլերին ծաղիկներ նվիրենք նրա ելույթից հետո։ Ինձ ընտրել էին այն պատճառով, որ հայրս ակտիվորեն զբաղվում էր նացիստական գործունեությամբ։ Նա այդ կուսակցության տեղի մասնաճյուղի ղեկավարի վարորդն էր։ Մայրս բարեպաշտ կաթոլիկ էր և ցանկանում էր, որ ես միանձնուհի դառնայի։ Չնայած ծնողներիս ազդեցությանը՝ ես ո՛չ նացիստ դարձա, ո՛չ էլ միանձնուհի։ Պատմեմ, թե ինչու։

ՄԵԾԱՑԵԼ եմ Ավստրիայի Գրաց քաղաքում։ Երբ յոթ տարեկան էի, ինձ ուղարկեցին կրոնական դպրոց։ Սակայն պարզ դարձավ, որ այնտեղ քահանաներն ու միանձնուհիները սեռական անբարոյությամբ են զբաղվում։ Ուստի մայրս թույլ տվեց, որ մեկ տարի հետո հեռանամ այդ դպրոցից։

Ընտանիքիս անդամների հետ (համազգեստով տղամարդը հայրս է)

Դրանից հետո ինձ տարան գիշերօթիկ դպրոց։ Մի գիշեր, երբ Գրաց քաղաքը ուժգին ռմբակոծման էր ենթարկվում, հայրս եկավ դպրոց և ինձ տեղափոխեց ապահով վայր։ Մենք ապաստանեցինք Շլադմինգ քաղաքում։ Հենց որ եկանք այնտեղ ու անցանք կամուրջը, այն պայթեցրին։ Մի օր էլ, երբ ես ու տատիկս բակում էինք, ցածր թռչող ինքնաթիռներից կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Երբ պատերազմն ավարտվեց, այնպիսի զգացողություն ունեինք, որ թե՛ եկեղեցին, թե՛ կառավարությունը մեզ հուսախաբ են արել։

ՃԱՆԱՉԵՑԻ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆՈՂ ԱՍՏԾՈՒՆ

1950 թ.-ին մի Եհովայի վկա սկսեց մորս հետ Աստվածաշնչից խոսել։ Ես լսում էի նրանց զրույցները, երբեմն էլ մորս հետ գնում էի ժողովի հանդիպումներին։ Մայրս համոզվեց, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են քարոզում, և 1952 թ.-ին մկրտվեց։

Այդ ժամանակ տեղի ժողովը տատիկների ակումբի էի նմանեցնում։ Բայց հետո այցելեցի մի ժողով, որտեղ շատ երիտասարդներ կային։ Այն բոլորովին էլ նման չէր տատիկների ակումբի։ Երբ վերադարձա Գրաց, սկսեցի հաճախել բոլոր հանդիպումներին և շուտով համոզվեցի, որ իմ սովորածը ճշմարտություն է։ Նաև հասկացա, որ Եհովան այնպիսի Աստված է, ով միշտ աջակցում է իր ծառաներին ու երբեք նրանց հուսախաբ չի անում։ Նա մեր կողքին է նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե անելանելի դրության մեջ ենք (Սաղ. 3։5, 6

Իմ մեջ ցանկություն առաջացավ ճշմարտությունը հայտնելու ուրիշներին։ Փորձեցի նախ խոսել եղբորս ու քույրերիս հետ։ Չորս ավագ քույրերս մեզ հետ չէին ապրում։ Նրանք տարբեր գյուղերում որպես ուսուցիչ էին աշխատում։ Ես այցելեցի նրանց ու հորդորեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ի վերջո բոլոր քույրերս ու եղբայրս դարձան Եհովայի վկաներ։

Ես սկսեցի տնետուն ծառայել։ Հաջորդ իսկ շաբաթ հանդիպեցի 30-ն անց մի կնոջ, ով համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա առաջադիմեց ու մկրտվեց, իսկ հետագայում նրան միացան իր ամուսինն ու երկու տղաները։ Այդ ուսումնասիրությունը հոգևոր առումով մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Բանն այն է, որ ոչ ոք Աստվածաշնչի պաշտոնական ուսումնասիրություն չէր անցկացրել ինձ հետ։ Ուստի պետք է ամեն դասին լավ պատրաստվեի, որ նախ ինքս սովորեի, հետո կարողանայի սովորեցնել այդ կնոջը։ Ես սկսեցի խորությամբ հասկանալ ճշմարտությունը։ 1954 թ. ապրիլին մկրտվեցի։

«ՀԱԼԱԾՎԱԾ.... ԲԱՅՑ ՈՉ ԼՔՎԱԾ»

1955 թ.-ին ներկա եղա Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում անցկացվող միջազգային համաժողովներին։ Լոնդոնում հանդիպեցի Ալբերտ Շրյոդերին։ Նա դասավանդում էր աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում և հետագայում ծառայեց որպես Կառավարիչ մարմնի անդամ։ Երբ այցելեցինք Բրիտանական թանգարան, եղբայր Շրյոդերը մեր ուշադրությունը հրավիրեց մի շարք աստվածաշնչյան ձեռագրերի վրա, որոնք պարունակում էին Աստծու անունը՝ գրված եբրայերեն տառերով։ Նա նշեց, թե որքան կարևոր են դրանք։ Այս ամենից տպավորված՝ սկսեցի ավելի շատ սիրել Եհովային ու ճշմարտությունը և ավելի մեծ վճռականությամբ լցվեցի տարածելու Աստծու Խոսքը։

Ես ու ծառայակիցս (աջից) որպես հատուկ ռահվիրաներ ենք ծառայում Միստելբախում (Ավստրիա)

1956 թ. հունվարի 1-ից սկսեցի ծառայել որպես լիաժամ ռահվիրա։ Չորս ամիս անց հատուկ ռահվիրա նշանակվեցի Ավստրիայում։ Այդ ժամանակ Միստելբախ քաղաքում, որտեղ պետք է ծառայեի, ոչ մի Վկա չկար։ Բայց ես մեկ ուրիշ դժվարության բախվեցի։ Ես ու իմ ռահվիրա ծառայակիցը տարբեր մարդիկ էինք։ Ես քաղաքից էի և գրեթե 19 տարեկան էի, իսկ նա գյուղից էր և 25 տարեկան էր։ Ես սիրում էի գիշերները ուշ քնել և առավոտյան ուշ արթնանալ, իսկ նա շուտ էր պառկում և շուտ էլ արթնանում։ Սակայն չնայած մեր տարբերություններին՝ մենք, աստվածաշնչյան խորհուրդները կիրառելով, հաճույքով համագործակցում էինք։

Ինչ խոսք, մենք այլ դժվարություններ էլ ունեցանք, նույնիսկ հալածվեցինք, բայց Եհովան չլքեց մեզ (2 Կորնթ. 4։7–9)։ Մի օր, երբ քարոզում էինք մի գյուղում, մարդիկ ազատ էին արձակել իրենց շներին։ Եվ ահա ինձ ու ծառայակցիս շրջապատեցին մեծ շներ, որոնք հաչում էին ու երախները բացած՝ նայում մեզ։ Մենք ամուր բռնեցինք միմյանց ձեռքերը և աղոթեցինք. «Եհո՛վա, խնդրում ենք, երբ նրանք հարձակվեն մեզ վրա, թող որ շուտ մեռնենք»։ Շները մոտեցան մեզ, բայց հանկարծ կանգ առան, սկսեցին պոչերը խաղացնել ու հեռացան։ Մենք զգացինք Եհովայի ձեռքը։ Դրանից հետո կարողացանք ողջ գյուղում քարոզել։ Հուրախություն մեզ՝ մարդիկ լավ արձագանքեցին։ Երևի նրանք զարմացել էին՝ տեսնելով, որ շները մեզ չվնասեցին, կամ որ մենք չվախեցանք ու հաստատակամություն դրսևորեցինք։ Նրանցից ոմանք հետագայում դարձան Վկաներ։

Մեր ծառայության ընթացքում ուրիշ վախազդու դեպք էլ եղավ։ Մի օր մեր վարձակալած տան տերը հարբած եկավ ու սպառնաց, որ կսպանի մեզ։ Նա պնդում էր, թե մենք անհանգստացնում ենք հարևաններին։ Այդ տղամարդու կինը փորձում էր հանգստացնել նրան, բայց ապարդյուն։ Վերնահարկի մեր սենյակից մենք լսում էինք նրանց խոսակցությունը։ Ուստի անմիջապես կահույքը դեմ տվեցինք դռանը ու սկսեցինք հավաքել մեր ճամպրուկները։ Երբ դուռը բացեցինք, տան տերը, ձեռքին մի մեծ դանակ, կանգնած էր աստիճաններին։ Մենք դուրս եկանք հետնամուտքով ու այգու միջով փախանք։

Գնացինք հյուրանոց, որտեղ մնացինք գրեթե մեկ տարի։ Մեր տեղափոխությունը լավ անդրադարձավ մեր ծառայության վրա։ Ինչպե՞ս։ Հյուրանոցը քաղաքի կենտրոնում էր, և Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք ուզում էին այնտեղ պարապել։ Կարճ ժամանակ անց սկսեցինք մեր սենյակում անցկացնել Գրքի ուսումնասիրությունը և «Դիտարանի» շաբաթական ուսումնասիրությունը։ Այդ հանդիպումներին ներկա էր լինում մոտ 15 հոգի։

Միստելբախում մնացինք ավելի քան մեկ տարի։ Այնուհետև ես նշանակվեցի Ֆելդբախ քաղաք, որը գտնվում է Գրացից հարավ-արևելք։ Այնտեղ նոր ռահվիրա ծառայակից ունեի, բայց կրկին ժողով չկար։ Մենք ապրում էինք մի գերանաշեն տնակի երկրորդ հարկում՝ փոքրիկ սենյակում։ Գերանների արանքից քամին ներս էր սուրում, ուստի մենք թերթերով փակում էինք անցքերը։ Այդ տանը ջուր չկար. ջրհորից էինք բերում։ Սակայն մեր չարչարանքները զուր չէին։ Մի քանի ամիս հետո այդ քաղաքում խումբ կազմավորվեց։ Մենք ուսումնասիրում էինք մի ընտանիքի հետ, որի մոտ 30 անդամներ ժամանակի ընթացքում Վկաներ դարձան։

Նման դեպքերը խորացնում էին իմ երախտագիտությունը այն բանի համար, որ Եհովան առանց հուսախաբ անելու աջակցում է նրանց, ովքեր Թագավորության շահերը առաջ են տանում։ Նույնիսկ եթե մարդիկ ի վիճակի չեն օգնելու մեզ, Եհովան միշտ մեր կողքին է (Սաղ. 121։1–3

ԱՍՏԾՈՒ «ԱՐԴԱՐ ԱՋԸ» ԲՌՆԱԾ

1958 թ.-ին միջազգային համաժողով էր կայանալու Նյու Յորք քաղաքի «Յանկի» և «Պոլո Գրաունդզ» մարզադաշտերում։ Ես դիմում գրեցի, որ մասնակցեմ, և Ավստրիայի մասնաճյուղը հարցրեց ինձ, թե կցանկանամ արդյոք սովորել «Գաղաադ» դպրոցի 32-րդ դասարանում։ Ինչպե՞ս կարող էի հրաժարվել նման առանձնաշնորհումից։ Ուստի անմիջապես համաձայնվեցի։

«Գաղաադ» դպրոցում ես նստում էի Մարտին Փետցինգերի կողքին։ Նացիստների օրոք նա սարսափելի փորձություններ էր կրել համակենտրոնացման ճամբարներում։ Հետագայում նա դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Դասի ժամանակ Մարտինը երբեմն շշուկով հարցնում էր ինձ. «Է՛րիկա, այս բանը ինչպե՞ս կասես գերմաներեն»։

Երբ դասընթացի կեսն արդեն անցել էինք, Նաթան Նորը հայտարարեց մեր նշանակումները։ Ես նշանակվել էի Պարագվայ։ Քանի որ դեռ շատ երիտասարդ էի, երկիր մտնելու համար հորս թույլտվությունն էր հարկավոր։ Այն ստանալուն պես 1959 թ. մարտին մեկնեցի Պարագվայ։ Նոր ծառայակցիս հետ ապրելու էի Ասունսիոնում գտնվող միսիոներական տանը։

Շուտով հանդիպեցի միսիոներ Ուոլտեր Բրայտին, որն ավարտել էր «Գաղաադի» 30-րդ դասարանը։ Որոշ ժամանակ անց մենք ամուսնացանք։ Այդուհետ կարող էինք կյանքի խնդիրները միասին հաղթահարել։ Ամեն անգամ, երբ փորձության էինք բախվում, կարդում էինք Եհովայի խոստումը՝ գրված Եսայիա 41։10-ում. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ»։ Այս խոսքերը մեզ վստահեցնում էին, որ քանի դեռ հավատարիմ ենք մնում Աստծուն և նրա Թագավորությունը առաջին տեղում ենք դնում, նա երբեք չի թողնի մեզ։

Հետագայում նշանակվեցինք Բրազիլիային սահմանակից մի վայր։ Այնտեղ մի խումբ երիտասարդներ հոգևորականների դրդմամբ քարեր էին նետում մեր միսիոներական տան վրա, որն առանց այն էլ լավ վիճակում չէր։ Այդ ժամանակ Ուոլտերը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ոստիկանապետի հետ։ Նա ոստիկանների նշանակեց, որ մեկ շաբաթ հսկեն մեր տունը։ Դրանից հետո մեզ այլևս չէին անհանգստացնում։ Շուտով մենք տեղափոխվեցինք ավելի հարմար կացարան, որը Բրազիլիայի սահմանից այն կողմ էր։ Սա օգտակար եղավ, որովհետև կարող էինք հանդիպումներ անցկացնել թե՛ Պարագվայում, թե՛ Բրազիլիայում։ Երբ մենք այդ վայրից հեռացանք, այդտեղ երկու փոքր ժողով կար։

Ես ու ամուսինս ծառայում ենք որպես միսիոներներ Ասունսիոնում (Պարագվայ)

ԵՀՈՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԻՆՁ

Բժիշկներն ինձ ասել էին, որ չեմ կարող երեխաներ ունենալ։ Ուստի անակնկալի եկա, երբ 1962 թ.-ին իմացա, որ հղի եմ։ Մենք բնակություն հաստատեցինք Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում, որտեղ Ուոլտերի հարազատներն էին ապրում։ Մի քանի տարի ես ու ամուսինս չկարողացանք որպես ռահվիրա ծառայել, քանի որ պետք է հոգ տանեինք մեր ընտանիքի մասին։ Չնայած դրան՝ շարունակում էինք առաջին տեղում դնել Թագավորության շահերը (Մատթ. 6։33

Երբ 1962 թ. նոյեմբերին եկանք Ֆլորիդա, զարմացանք՝ իմանալով, որ բնակչության տրամադրվածության պատճառով սևամորթ ու սպիտակամորթ եղբայրները պետք է առանձին անցկացնեին իրենց հանդիպումները և առանձին տարածքներում քարոզեին։ Սակայն Եհովան ռասայական խտրականություն չի դնում, և կարճ ժամանակ անց ժողովների մեջ ընդգրկվեցին տարբեր ռասաների պատկանող մարդիկ։ Այս փոփոխության մեջ ակնհայտ էր Եհովայի ձեռքը։ Այժմ այդ տարածքում տասնյակ ժողովներ կան։

Ցավոք, 2015 թ.-ին Ուոլտերը ուղեղի քաղցկեղից մահացավ։ 55 տարի նա հրաշալի ամուսին է եղել։ Նա շատ էր սիրում Եհովային և բազում եղբայրների էր օգնել։ Փափագով սպասում եմ այն օրվան, երբ Ուոլտերը հարություն կառնի, ու ես դարձյալ նրան ողջ-առողջ կտեսնեմ (Գործ. 24։15

Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն եմ ունեցել ավելի քան 40 տարի լիաժամ ծառայելու, ինչը ինձ մեծ ուրախություն է պատճառել ու բազում օրհնություններ բերել։ Օրինակ՝ ես ու ամուսինս ներկա ենք եղել մեր ուսումնասիրողներից 136 հոգու մկրտությանը։ Ինչ խոսք, դժվարություններ էլ ենք ունեցել։ Բայց երբեք դրանք պատճառ չենք համարել, որ դադարենք ծառայել մեր հավատարիմ Աստծուն։ Փոխարենը՝ ավելի ենք մտերմացել նրա հետ, ապավինել ենք նրան ու սպասել, որ նա իր որոշած ժամանակին և իր ընտրած ձևով լուծի մեր խնդիրները։ Եվ նա հենց այդպես էլ արել է (2 Տիմոթ. 4։16, 17

Ես շատ եմ կարոտում Ուոլտերին, սակայն ռահվիրայությունը օգնում է ինձ դիմանալ։ Հատկապես քաջալերվում եմ, երբ սովորեցնում եմ ուրիշներին ու նրանց պատմում եմ հարության հույսի մասին։ Այո՛, Եհովան երբեք ինձ հուսախաբ չի արել։ Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ նա աջակցել ու ամրացրել է ինձ և իր «արդար աջով» ամուր բռնել է իմ ձեռքը (Ես. 41։10