Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լինենք հյուրասեր. դա անհրաժեշտություն է

Լինենք հյուրասեր. դա անհրաժեշտություն է

«Հյուրասեր եղեք իրար հանդեպ՝ առանց փնթփնթալու» (1 ՊԵՏ. 4։9

ԵՐԳ 100, 87

1. Ի՞նչ դժվարությունների էին բախվում առաջին դարի քրիստոնյաները։

ՊԵՏՐՈՍ առաքյալը մոտ 62–64 թվականներին գրեց «ժամանակավոր բնակիչներին, որ ցրված էին Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բութանիայում» (1 Պետ. 1։1)։ Փոքր Ասիայի այդ ժողովները, որոնց անդամները տարբեր մշակույթների էին պատկանում, քաջալերության և առաջնորդության կարիք ունեին։ Նրանք հակառակության էին բախվում, իրենց հասցեին վիրավորական խոսքեր էին լսում և «կրակի պես վառվող» փորձություններ էին կրում։ Նրանք ապրում էին ծանր ժամանակներում։ «Ամեն ինչի վերջը մոտեցել է»,— գրեց Պետրոսը։ Հրեական համակարգի զարհուրելի վախճանը գալու էր մի քանի տարի հետո։ Ի՞նչը կօգներ քրիստոնյաներին դիմանալ (1 Պետ. 4։4, 7, 12

2, 3. Պետրոսը ինչո՞ւ քրիստոնյաներին հորդորեց հյուրասեր լինել (տես հոդվածի սկզբի նկարը)։

2 Այլ բաների թվում Պետրոսը իր եղբայրներին հետևյալ հորդորը տվեց. «Հյուրասեր եղեք իրար հանդեպ» (1 Պետ. 4։9)։ «Հյուրասիրություն» բառը հունարենում բառացի նշանակում է «սեր կամ բարություն օտարի հանդեպ»։ Սակայն նկատիր, որ Պետրոսը իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին հորդորեց հյուրասեր լինել «իրար հանդեպ», այսինքն՝ նրանց, ում իրենք արդեն ճանաչում էին և ում հետ շփվում էին։ Ինչպե՞ս դա կօգներ նրանց։

3 Դա նրանց ավելի կմտերմացներ։ Հիշիր, թե ինչ ես զգացել, երբ ինչ-որ մեկը քեզ հրավիրել է իր տուն։ Մի՞թե քո մտքում ջերմ հիշողություններ չեն մնացել։ Իսկ երբ դու ես ժողովի անդամներից մեկին հրավիրել քո տուն, դա չի՞ նպաստել, որ ավելի լավ ընկերներ դառնաք։ Հյուրասիրություն դրսևորելով՝ մենք մոտիկից ենք ծանոթանում մեր քույրերի ու եղբայրների հետ, ինչը այլ դեպքերում գուցե հնարավոր չլիներ։ Քանի որ Պետրոսի օրերում իրավիճակը գնալով վատանում էր, քրիստոնյաները պետք է ավելի ու ավելի մտերմանային իրար հետ։ Նույնը կարելի է ասել այսօրվա քրիստոնյաների մասին, որոնք ապրում են «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1

4. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

4 Հյուրասիրություն ցույց տալու ի՞նչ առիթներ ունենք։ Ինչպե՞ս հաղթահարենք այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ հյուրասեր լինել։ Ինչպե՞ս պետք է վարվենք, երբ մեզ հյուր են կանչում։

ԱՌԻԹՆԵՐ ՓՆՏՐԵՆՔ

5. Մեր քրիստոնեական հանդիպումներին ինչպե՞ս կարող ենք հյուրասիրություն դրսևորել։

5 Քրիստոնեական հանդիպումներ։ Մենք ջերմորեն ընդունում ենք բոլոր նրանց, ովքեր գալիս են մեր հանդիպումներին։ Թե՛ նրանք, թե՛ մենք հյուրեր ենք՝ հրավիրված հոգևոր խնջույքի։ Մեզ հյուրընկալում են Եհովան և իր կազմակերպությունը (Հռոմ. 15։7)։ Բայց մյուս կողմից, երբ նոր մարդիկ են գալիս, մենք նույնպես ինչ-որ իմաստով հյուրընկալներ ենք դառնում։ Ի՜նչ լավ կլինի, որ նախաձեռնություն վերցնես ու ողջունես նորեկներին՝ անկախ նրանց տեսքից (Հակ. 2։1–4)։ Եթե նկատում ես հյուրի, որի մասին ոչ ոք հոգ չի տանում, կարո՞ղ ես առաջարկել նրան նստել քո կողքին։ Այդ մարդը հավանաբար շնորհակալ կլինի, եթե օգնես նրան հետևել ծրագրին և գտնել աստվածաշնչյան համարները։ Սա «հյուրասեր լինելու» լավ առիթ է (Հռոմ. 12։13

6. Առաջին հերթին ո՞ւմ պետք է հրավիրենք մեր տուն։

6 Թեթև հյուրասիրություն կամ ճաշի հրավեր։ Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ սովորաբար հյուրին հրավիրում էին իրենց տուն՝ ճաշելու (Ծննդ. 18։1–8; Դատ. 13։15; Ղուկ. 24։28–30)։ Դրանով նրանք ցույց էին տալիս, որ ուզում են ընկերական խաղաղ հարաբերություններ ունենալ նրա հետ։ Առաջին հերթին ո՞ւմ պետք է հրավիրենք մեր տուն։ Իհարկե նրանց, ովքեր մեր կյանքի անբաժան մասն են դարձել՝ մեր ժողովի եղբայրներին ու քույրերին։ Երբ ծանր ժամանակներ սկսվեն, բոլորս էլ մեկս մյուսի կարիքն ենք ունենալու։ Ուստի մենք պետք է նվիրված ընկերներ լինենք ու խաղաղ փոխհարաբերություններ ունենանք։ Հետաքրքիր է, որ 2011 թ.-ին Կառավարիչ մարմինը որոշեց Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի համար անցկացվող «Դիտարանի» ուսումնասիրությունը 18։45-ի փոխարեն սկսել 18։15-ին։ Ինչո՞ւ։ Հայտարարության մեջ ասվում էր, որ դրա շնորհիվ հավանաբար ավելի շատ բեթելցիներ կցանկանան հանդիպումից հետո հյուրընկալել իրար և հյուր գնալ։ Մյուս մասնաճյուղերը նույնպես նման որոշում կայացրին։ Սա նպաստեց, որ Բեթելում ծառայողները ավելի մտերմանան որպես ընտանիք։

7, 8. Ինչպե՞ս կարող ենք հյուրասիրություն դրսևորել Եհովայի կազմակերպության ներկայացուցիչների հանդեպ։

7 Երբ մեզ այցելում են հռետորներ այլ ժողովներից, շրջանային վերակացուներ, երբեմն էլ՝ տեղի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մենք հնարավորություն ենք ունենում հյուրասիրություն դրսևորելու (կարդա 3 Հովհաննես 5–8)։ Կարո՞ղ ես նրանց ճաշի հրավիրել կամ թեթև հյուրասիրություն կազմակերպել։

8 ԱՄՆ-ում բնակվող մի քույր հիշում է. «Տարիների ընթացքում ես ու ամուսինս մեր տանը հյուրընկալել ենք բազմաթիվ հռետորների ու նրանց կանանց։ Ամեն անգամ մենք մեծ ուրախություն էինք ստանում, քանի որ լավ ժամանակ էինք անցկացնում և, որ ամենակարևորն է, հոգևորապես կերտում էինք իրար։ Երբեք չենք ափսոսացել, որ այդպես ենք վարվել»։

9, 10. ա) Ովքե՞ր գուցե կացարանի կարիք ունենան։ բ) Համեստ բնակարան ունեցողները կարո՞ղ են արդյոք առաջարկել իրենց օգնությունը։ Բեր օրինակ։

9 Կացարան։ Երբ վաղեմի ժամանակներում մարդիկ հյուրասիրություն էին դրսևորում, հաճախ վստահելի այցելուներին կացարան էին տրամադրում (Հոբ 31։32; Փիլիմ. 22)։ Մեր օրերում էլ է դրա կարիքը լինում։ Օրինակ՝ շրջանային վերակացուներին հաճախ կացարան են տրամադրում այն ժողովները, որոնք նրանք այցելում են։ Հնարավոր է՝ կացարանի կարիք ունենան աստվածապետական դպրոցներում սովորողները և շինարարությանը մասնակցող կամավորները։ Բնական աղետների հետևանքով որոշ ընտանիքներ գուցե անտուն մնան և օթևանի կարիք ունենան, մինչև որ իրենց տները վերականգնվեն։ Չպետք է մտածենք, թե նման դեպքերում կարող են օգնել միայն նրանք, ովքեր հարմարավետ տուն ունեն։ Հնարավոր է՝ նրանք բազմիցս դա արել են։ Կարո՞ղ ես դու էլ քո բնակարանը առաջարկել, նույնիսկ եթե այն համեստ է։

10 Հարավային Կորեայում ապրող մի եղբայր ջերմությամբ է հիշում այն ժամանակը, երբ կացարան էր տրամադրում աստվածապետական դպրոցներում սովորողներին։ Նա գրում է. «Սկզբում ես վարանում էի դա անել, որովհետև նոր էի ամուսնացել, և մեր տունը փոքր էր։ Բայց երբ սկսեցինք հյուրընկալել ուսանողներին, դա մեծ ուրախություն պատճառեց մեզ։ Որպես նորապսակներ՝ ես ու կինս համոզվեցինք, թե որքան երջանիկ կարող են լինել ամուսինները, երբ միասին ծառայում են Եհովային և հոգևոր նպատակների ձգտում»։

11. Ինչո՞ւ կարիք կա հյուրասիրություն ցույց տալու ձեր ժողով տեղափոխված մարդկանց։

11 Ժողով տեղափոխված մարդիկ։ Հնարավոր է՝ ձեր տարածք գան ընտանիքներ կամ անհատներ։ Ոմանք տեղափոխվում են՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ձեր ժողովին աջակցելու նպատակով գուցե ռահվիրաներ ուղարկվեն։ Սկզբնական շրջանում բոլորն էլ ինչ-որ չափով իրենց օտար են զգում, քանի որ գալիս են նոր բնակավայր, նոր ժողով, երբեմն էլ կարիք է լինում նոր լեզու սովորելու և տեղի մշակույթին հարմարվելու։ Եթե այդ մարդկանց համար թեթև հյուրասիրություն կազմակերպես կամ նրանց հրավիրես ճաշի կամ զբոսանքի, կօգնես նրանց նոր ընկերներ գտնել և հարմարվել փոփոխություններին։

12. Ո՞ր դեպքն է ցույց տալիս, որ ճոխ հյուրասիրության կարիք չկա։

12 Ճոխ հյուրասիրության կարիք չկա (կարդա Ղուկաս 10։41, 42)։ Մի եղբայր հիշում է այն ժամանակը, երբ ինքն ու իր կինը նոր էին սկսել որպես միսիոներ ծառայել. «Մենք երիտասարդ էինք և անփորձ։ Բացի այդ, շատ էինք կարոտում մեր հարազատներին։ Մի երեկո կինս կարոտից շատ էր ընկճվել։ Ես փորձում էի նրան քաջալերել, բայց ապարդյուն։ Ժամը յոթն անց կեսի կողմերը մեկը թակեց մեր դուռը։ Աստվածաշունչ ուսումնասիրող մի կին էր, որը եկել էր ողջունելու մեզ ու երեք նարինջ էր բերել։ Մենք նրան ներս հրավիրեցինք և մի բաժակ ջուր տվեցինք։ Հետո թեյ ու տաք շոկոլադ պատրաստեցինք։ Մենք դեռ չէինք խոսում սվահիլի լեզվով, նա էլ անգլերեն չգիտեր։ Սակայն այդ դեպքը տեղի եղբայրների հետ ընկերանալու առաջին քայլը եղավ»։

ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

13. Հյուրասեր լինելով՝ ի՞նչ օգուտ ենք ստանում։

13 Եղե՞լ է այնպես, որ վարանել ես հյուրասիրություն դրսևորել։ Եթե այո, ապա թերևս բաց ես թողել հաճելի շփման ու հարատև ընկերություն սկսելու հնարավորությունը։ Հյուրասիրությունը միայնության դեմ լավագույն հակաթույներից մեկն է։ Ուստի գուցե հարց ծագի, թե ինչու են մարդիկ վարանում հյուրասիրություն դրսևորել։ Պատճառները կարող են տարբեր լինել։

14. Ի՞նչ կարող ենք անել, եթե հյուրասիրություն ցույց տալու կամ հյուր գնալու համար ժամանակ և ուժեր չունենք։

14 Ժամանակ և ուժեր են հարկավոր։ Եհովայի ծառաները շատ զբաղված են։ Նրանք բազմաթիվ պարտականություններ ունեն։ Ոմանք գուցե մտածեն, թե հյուրասիրություն դրսևորելու համար ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ ուժեր։ Եթե դու էլ ես այդպես մտածում, ապա թերևս կարիք կա վերանայելու գրաֆիկդ։ Կարո՞ղ ես փոփոխություններ անել, որ ժամանակ և ուժեր ունենաս հյուրեր ընդունելու կամ հյուր գնալու։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է հյուրասիրություն դրսևորել (Եբր. 13։2)։ Ուստի դրա համար ժամանակ հատկացնելը ոչ միայն սխալ չէ, այլև անհրաժեշտ է։ Սակայն պետք է պատրաստ լինես հրաժարվելու որոշ անկարևոր զբաղմունքներից։

15. Ո՞ր անհանգստություններն են ոմանց խանգարում հյուրասիրություն դրսևորել։

15 Երբ քո մասին ունեցած կարծիքդ խանգարում է քեզ։ Եղե՞լ է այնպես, որ ցանկացել ես հյուրասիրություն դրսևորել, բայց մտածել ես, թե չես կարող լավ հյուրընկալ լինել։ Օրինակ՝ ոմանք ամաչկոտ են։ Նրանք վախենում են, որ չեն կարողանա զրույց վարել կամ զբաղեցնել հյուրերին։ Ուրիշներն էլ սահմանափակ միջոցներ ունեն և կարծում են, թե չեն կարող այնպես ընդունել հյուրերին, ինչպես ժողովի մյուս անդամները։ Սակայն միշտ հիշիր. կարևորն այն չէ, որ շքեղ տուն ունենաս։ Կարևորն այն է, որ տունդ մաքուր ու հավաք պահես, և այն ջերմ օջախ լինի հյուրերիդ համար։

16, 17. Ի՞նչը կօգնի, որ հյուրեր ընդունելու հարցում չանհանգստանանք։

16 Եթե հյուրեր ընդունելու հարցում դու էլ այսպիսի անհանգստություններ ունես, ապա հիշիր, որ դու միակը չես։ Մեծ Բրիտանիայում ծառայող մի երեց ասում է. «Երբ պատրաստվում ես հյուրեր ընդունել, հնարավոր է՝ լարվես։ Սակայն ինչպես ծառայության ցանկացած ոլորտում, այս դեպքում էլ մենք այնքան օգուտներն ենք ստանում և բավարարվածության այնպիսի զգացում ենք ունենում, որ անհանգստությունները աննշան են թվում։ Երբ հյուրերի հետ զրուցում եմ սուրճի սեղանի շուրջ, մեծ բավականություն եմ ստանում»։ Հյուրերով հետաքրքրվելը միշտ էլ օգտակար է (Փիլիպ. 2։4)։ Գրեթե բոլորն էլ սիրում են դեպքեր պատմել իրենց կյանքից։ Շփվելու համար հավաքվելը գուցե լինի միակ առիթը, երբ ուրիշները խնդրեն մեզ դեպքեր պատմել մեր կյանքից։ Մեկ ուրիշ երեց գրում է. «Երբ հյուրընկալում եմ ժողովի անդամներին, դա ինձ օգնում է ավելի լավ հասկանալ նրանց։ Այդպես ավելի լավ եմ ճանաչում նրանց և իմանում եմ, թե ինչպես են նրանք ընդունել ճշմարտությունը»։ Եթե սեր ու հետաքրքրություն ցուցաբերենք, ցանկացած առիթ կարող է մեզ մեծ ուրախություն պատճառել։

17 Մի ռահվիրա քույր, որը հյուրընկալել է աստվածապետական դպրոցների ուսանողներին, խոստովանում է. «Սկզբում անհանգստանում էի, քանի որ շատ համեստ բնակարան ունեմ, կահույքս էլ հին է։ Բայց դասավանդողներից մեկի կինը հանգստացրեց ինձ։ Նա ասաց, որ երբ ինքն ու իր ամուսինը մասնակցում են շրջագայական ծառայությանը, ամենից շատ հաճույք են ստանում, երբ հոգևոր մարդու տանն են մնում, ով գուցե նյութական շատ բաներ չունի, բայց իրենց պես կենտրոնացած է Եհովային ծառայելու վրա ու ձգտում է պարզ կյանքով ապրել։ Դա ինձ հիշեցրեց այն, ինչ մայրս էր ասում, երբ փոքր էինք. «Ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ»» (Առակ. 15։17)։ Թող սերը մղի քեզ հյուրասիրություն դրսևորել։ Եվ հիշիր, որ անհանգստանալու կարիք չկա։

18, 19. Հյուրասեր լինելը ինչպե՞ս կօգնի մեզ փոխել ուրիշների մասին ունեցած բացասական կարծիքը։

18 Երբ ուրիշների մասին ունեցած կարծիքդ խանգարում է քեզ։ Քո ժողովում կա՞ մեկը, ով նյարդայնացնում է քեզ։ Սկզբում գուցե բացասական կարծիք ունենաս այդ մարդու մասին, ու եթե ոչ մի բան չանես, այն կարող է արմատավորվել։ Քո ու նրա միջև եղած տարբերությունների պատճառով գուցե վարանես հյուրասիրություն դրսևորել։ Կամ հնարավոր է՝ մեկը վիրավորել է քեզ անցյալում, և դու չես կարողանում մոռանալ պատահածը։

19 Ուրիշների, նույնիսկ թշնամիների հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հյուրասեր լինել (կարդա Առակներ 25։21, 22)։ Հյուրասիրությունը կարող է թուլացնել լարվածությունը և մեղմել բացասական զգացումները։ Դրա շնորհիվ գուցե նկատես մարդու լավ հատկությունները, որոնք տեսել է Եհովան, երբ նրան ձգել է դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Եթե մարդուն անսպասելիորեն հրավիրես քո տուն և դա անես սիրով, հնարավոր է՝ ձեր միջև բոլորովին նոր փոխհարաբերություններ սկսվեն։ Ի՞նչ կարող ես անել, որ քո մղումը լինի սերը։ Օրինակ՝ կարող ես հետևել Փիլիպպեցիներ 2։3-ում տրված հորդորին. «Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք»։ Երբ տեսնենք, որ մեր եղբայրներն ու քույրերը ինչ-որ բանում, օրինակ՝ հավատ, տոկունություն, քաջություն կամ քրիստոնեական այլ հատկություն դրսևորելու հարցում մեզանից բարձր են, մենք ավելի շատ կսիրենք նրանց ու կմղվենք հյուրասիրություն ցույց տալու, ինչի շնորհիվ մեր փոխհարաբերությունները կբարելավվեն։

ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊ

Հյուրընկալները սովորաբար սրտանց պատրաստություն են տեսնում իրենց հյուրերի համար (տես պարբերություն 20)

20. Եթե ընդունել ենք հրավերը, ինչպե՞ս հարգանք դրսևորենք մեզ հրավիրողի նկատմամբ, և ինչո՞ւ է դա կարևոր։

20 Սաղմոսերգու Դավիթը հարցրեց. «Եհո՛վա, ո՞վ կարող է հյուր լինել քո վրանում» (Սաղ. 15։1)։ Այդ հարցը տալուց հետո Դավիթը թվարկեց մի շարք հատկություններ, որոնք Աստված ուզում է տեսնել իր հյուրերի մեջ։ Դրանցից մեկն այն է, որ մարդը պահում է իր տված խոստումները. «Եթե նույնիսկ ի վնաս իրեն երդում է տալիս, չի դրժում այն» (Սաղ. 15։4)։ Եթե մենք ընդունում ենք հրավերը, չպետք է առանց հիմնավոր պատճառի հրաժարվենք գնալ։ Մեզ հրավիրողը հավանաբար արդեն պատրաստություն է տեսել, և նրա բոլոր ջանքերը ջուրը կընկնեն, եթե հանկարծ որոշենք չգնալ (Մատթ. 5։37)։ Երբեմն պատահում է, որ մարդիկ ընդունում են հրավերը, բայց հետո որոշում են չգնալ, քանի որ ուրիշ հրավեր են ստանում, իրենց կարծիքով՝ ավելի լավը։ Մի՞թե դա սիրո ու հարգանքի դրսևորում է։ Իհարկե ոչ։ Մենք պետք է սրտանց գնահատենք ուրիշների հյուրասիրությունը, ինչ էլ որ նրանք ի վիճակի լինեն անելու մեզ համար (Ղուկ. 10։7)։ Իսկ եթե մեր հանգամանքներն այնպես են փոխվում, որ ստիպված ենք լինում չգնալ, լավ կլինի՝ մեզ հրավիրողին հնարավորինս շուտ նախազգուշացնենք. դա սիրո ու նրբանկատության դրսևորում է։

21. Ինչո՞ւ է կարևոր հաշվի առնել տեղի սովորույթները։

21 Բացի այդ, կարևոր է հաշվի առնել տեղի սովորույթները։ Որոշ մշակույթներում մարդիկ հաճույքով ընդունում են անսպասելի հյուրերին, իսկ ուրիշ վայրերում հարկավոր է նախապես պայմանավորվել։ Որոշ տեղերում ընդունված է հյուրերին տալ լավագույնը, իսկ այլ վայրերում թե՛ հյուրերը, թե՛ ընտանիքի անդամները ամեն ինչից հավասարապես են օգտվում։ Որոշ երկրներում ընդունված է, որ հյուրերը իրենց հետ որևէ բան բերեն, իսկ ուրիշ տեղերում տանտերերն ուզում են, որ հյուրը պարտավորված չզգա որևէ բան բերելու։ Որոշ մշակույթներում էլ ակնկալվում է, որ հյուրը քաղաքավարի ձևով կմերժի առաջին ու երկրորդ հրավերը, իսկ այլ վայրերում մերժումը համարվում է անշնորհակալ վերաբերմունքի դրսևորում։ Եկեք ամեն ինչ անենք, որ մեզ հյուրընկալողներին ուրախություն պատճառենք։

22. Ինչո՞ւ է անչափ կարևոր «հյուրասեր լինել իրար հանդեպ»։

22 Այսօր պարզից էլ պարզ է, որ «ամեն ինչի վերջը մոտեցել է» (1 Պետ. 4։7)։ Շուտով սկսվելու է բոլոր ժամանակների ամենամեծ նեղությունը։ Մինչ դժվարությունները կշատանան, անհրաժեշտ կլինի, որ մեր ու մեր հավատակիցների միջև ջերմագին սեր տիրի։ Այժմ առավել, քան երբևէ, հարկավոր է կիրառել Պետրոսի խորհուրդը՝ ուղղված քրիստոնյաներին. «Հյուրասեր եղեք իրար հանդեպ» (1 Պետ. 4։9)։ Այո՛, հյուրասեր լինելը անհրաժեշտություն է։ Թող դա լինի մեր կյանքի անբաժան մասը և մեզ անսպառ ուրախություն բերի հիմա և հավիտյան։