Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Խրատ լսեք ու իմաստուն դարձեք»

«Խրատ լսեք ու իմաստուն դարձեք»

«Որդինե՛ր.... խրատ լսեք ու իմաստուն դարձեք» (ԱՌԱԿ. 8։32, 33

ԵՐԳ 56, 89

1. Ինչպե՞ս ենք իմաստություն ձեռք բերում, և դա ի՞նչ օգուտ է տալիս։

ԵՀՈՎԱՆ իմաստության Աղբյուրն է և առատորեն այն տալիս է ուրիշներին։ Հակոբոս 1։5-ում ասվում է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու»։ Աստծուց իմաստություն ստանալու ձևերից մեկը նրա խրատն ընդունելն է։ Այդ իմաստությունը պաշտպանում է մեզ այն ամենից, ինչը կարող է բարոյական և հոգևոր առումով մեզ վնաս հասցնել (Առակ. 2։10–12)։ Դրա շնորհիվ մենք «մնում ենք Աստծու սիրո մեջ», ինչը օգնում է վառ պահել հավիտենական կյանքի հույսը (Հուդա 21

2. Ի՞նչը կօգնի, որ սկսենք գնահատել Աստծու խրատը։

2 Մեր մեղսածին հակումների, դաստիարակության կամ այլ գործոնների պատճառով երբեմն դժվար է լինում ընդունել խրատը կամ ճիշտ վերաբերվել դրան։ Մենք սկսում ենք գնահատել խրատը, երբ տեսնում ենք դրա բերած օգուտները, որոնք ապացույցն են այն բանի, որ Աստված սիրում է մեզ։ Առակներ 3։11, 12 համարներում գրված է. «Որդի՛ս, Եհովայի խրատը մի՛ մերժիր.... որովհետև ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է»։ Թող երբեք չմոռանանք, որ մեր երկնային Հայրը մեր լավն է ուզում (կարդա Եբրայեցիներ 12։5–11)։ Քանի որ նա կատարելապես ճանաչում է մեզ, նրա խրատը միշտ էլ տեղին է ու չափավոր։ Այժմ եկեք խոսենք խրատի հետ կապված չորս բանի մասին՝ 1) ինքնակարգապահության, 2) ծնողական դաստիարակության, 3) քրիստոնեական ժողովում տրվող խրատի և 4) մի բանի, ինչն ավելի վատ է, քան խրատի պատճառած վաղանցիկ ցավը։

ԵՂԵՔ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՊԱՀ

3. Երեխան ինչպե՞ս է ինքնակարգապահ դառնում։ Բեր օրինակ։

3 Երբ ինքնակարգապահ ենք, ինքներս մեզ խրատում ենք, ինքներս մեզ ղեկավարում ենք՝ ձգտելով շտկել մեր վարքն ու մտածելակերպը։ Մարդիկ ի ծնե ինքնակարգապահ չեն։ Ուստի պետք է զարգացնենք այդ հատկությունը։ Բերենք մի օրինակ։ Երբ երեխան նոր է սովորում հեծանիվ քշել, ծնողը այն բռնում է, որ չշրջվի։ Բայց երբ երեխան սովորում է պահել հավասարակշռությունը, ծնողը մերթընդմերթ բաց է թողնում հեծանիվը։ Իսկ երբ երեխան լիովին կարողանում է պահել հավասարակշռությունը, ծնողը այլևս չի բռնում հեծանիվը։ Նույն ձևով էլ, երբ ծնողները իրենց զավակներին հետևողականորեն ու համբերատարորեն կրթում են «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով», նրանց օգնում են դառնալ իմաստուն և ինքնակարգապահ (Եփես. 6։4

4, 5. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «նոր անձնավորությանը» բնորոշ է ինքնակարգապահությունը։ բ) Ինչո՞ւ չպետք է հանձնվենք, նույնիսկ եթե «յոթ անգամ ընկնենք»։

4 Նույն սկզբունքը վերաբերում է նրանց, ովքեր Եհովային մեծ տարիքում են ճանաչում։ Ճիշտ է, նրանք, հնարավոր է, արդեն ինչ-որ չափով ինքնակարգապահ են, սակայն նոր աշակերտները քրիստոնեական ուղու սկզբում հասուն չեն լինում։ Չնայած դրան՝ նրանք կարող են աճել ու հասունանալ՝ սովորելով «հագնել նոր անձնավորությունը», որը Քրիստոսին է նման (Եփես. 4։23, 24)։ Ինքնակարգապահություն զարգացնելը կարևոր է այդ աճի համար։ Դրա շնորհիվ սովորում ենք «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները և այս աշխարհում ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։12

5 Այդուհանդերձ, բոլորս էլ հակված ենք մեղք գործելու (Ժող. 7։20)։ Սակայն երբ սայթաքում ենք, միշտ չէ, որ դա նշանակում է, թե լիովին ձախողվել ենք կամ ամենևին էլ ինքնակարգապահ չենք։ «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա»,— ասվում է Առակներ 24։16-ում։ Ի՞նչը նրան կօգնի վեր կենալ։ Ոչ թե պարզապես կամքի ուժը, այլ Աստծու ոգին (կարդա Փիլիպպեցիներ 4։13)։ Ոգու պտղի մաս կազմող հատկություններից է ինքնատիրապետումը, որը սերտորեն կապված է ինքնակարգապահության հետ։

6. Ի՞նչը կօգնի ավելի լավ ուսումնասիրել Աստծու Խոսքը (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Բացի այդ, ինքնակարգապահ դառնալու համար կարևոր է սրտանց աղոթել Աստծուն, ուսումնասիրել նրա Խոսքը և խորհրդածել դրա շուրջ։ Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ համար դժվար է ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Գուցե կարծում ես, թե ուսումնասեր չես։ Սակայն հիշիր, որ Եհովան կօգնի քեզ, եթե թույլ տաս։ Նա կարող է օգնել, որ «փափագ զարգացնես» իր Խոսքի հանդեպ (1 Պետ. 2։2)։ Նախ՝ աղոթիր Եհովային, որ ինքնակարգապահ լինես և կարողանաս ուսումնասիրել նրա Խոսքը։ Ապա՝ գործիր աղոթքներիդ համաձայն։ Սկզբում ուսումնասիրությունը կարող է կարճ տևել։ Որոշ ժամանակ հետո կնկատես, որ դա քեզ համար ավելի հեշտ է ու հաճելի։ Անշուշտ կսիրես լռության մեջ խորհել Եհովայի մտքերի շուրջ, որոնք ասես թանկ գոհարներ լինեն (1 Տիմոթ. 4։15

7. Ինքնակարգապահությունը ինչպե՞ս է օգնում հասնել հոգևոր նպատակների։

7 Ինքնակարգապահությունը օգնում է մեզ հասնել հոգևոր նպատակների։ Ահա մի օրինակ։ Ընտանիք ունեցող մի եղբայր նկատեց, որ իր եռանդը նվազում է։ Դա մտահոգեց նրան, և նա ռահվիրա դառնալու նպատակ դրեց։ Եղբայրը այդ թեմայով հոդվածներ կարդաց մեր ամսագրերում։ Դրա, ինչպես նաև աղոթքի շնորհիվ նա հոգևորապես ամրացավ և զորացավ։ Բացի այդ, երբ եղբայրը կարողանում էր, ծառայում էր որպես ենթառահվիրա։ Այս ամենը ի՞նչ արդյունք բերեց։ Չնայած խոչընդոտներին՝ նա տեսադաշտից չկորցրեց իր նպատակը և ի վերջո դարձավ ռահվիրա։

ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՀՈՎԱՅԻ ԽՐԱՏՈՎ

Երեխաները ի ծնե չգիտեն, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ. նրանց հարկավոր է կրթել (տես պարբերություն 8)

8–10. Ի՞նչը կօգնի ծնողներին այնպես դաստիարակել իրենց երեխաներին, որ նրանք դառնան Եհովայի ծառա։ Բեր օրինակ։

8 Քրիստոնյա ծնողները մեծ պատիվ ունեն դաստիարակելու իրենց երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Դա դժվարին առաջադրանք է, հատկապես այսօրվա աշխարհում (2 Տիմոթ. 3։1–5)։ Երեխաները ի ծնե չգիտեն, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, սակայն խիղճ ունեն, որը պետք է մարզել կամ դաստիարակել (Հռոմ. 2։14, 15)։ Աստվածաշնչին նվիրված մի աշխատության մեջ ասվում է, որ հունարեն «խրատ» բառը կարող է թարգմանվել «երեխայի դաստիարակություն» արտահայտությամբ։

9 Այն երեխաները, ում սիրով խրատում են, սովորաբար իրենց ապահով են զգում։ Նրանք սովորում են, որ ազատությունը սահմաններ ունի, և որ իրենց արարքները հետևանքներ ունեն՝ լավ կամ վատ։ Ուստի անչափ կարևոր է, որ քրիստոնյա ծնողները Եհովայի առաջնորդությանը հետևեն։ Չմոռանանք, որ երեխաների դաստիարակության հարցում մարդիկ տարբեր գաղափարներ ու մեթոդներ ունեն, նայած թե որ մշակույթին են պատկանում կամ որ սերնդի ներկայացուցիչ են։ Սակայն երբ ծնողները Աստծուն են լսում, նրանք չեն գուշակում, թե ինչպես երեխային արդյունավետորեն դաստիարակեն, և մարդկանց փորձին կամ գաղափարներին չեն ապավինում։

10 Քննենք Նոյի օրինակը։ Երբ Եհովան նրան պատվիրեց տապան կառուցել, նա չէր կարող իր փորձին ապավինել, քանի որ երբեք նման բան չէր արել։ Ուստի Նոյը պետք է Եհովային ապավիներ և ամեն ինչ աներ ճիշտ այնպես, ինչպես նա էր ասել (Ծննդ. 6։22)։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Առաջին անգամից Նոյին հաջողվեց անել այն, ինչ անհրաժեշտ էր։ Բացի այդ, այս արդար մարդը ընտանիքի լավ գլուխ էր։ Եվ կրկին դրա պատճառն այն էր, որ նա Աստծու իմաստությանն էր ապավինում։ Նոյը արդյունավետորեն էր կրթում իր երեխաներին և լավ օրինակ էր թողնում։ Սա, անկասկած, շատ դժվար էր նախաջրհեղեղյան ժամանակներում, երբ երկիրը լիքն էր չարությամբ (Ծննդ. 6։5

11. Ծնողները ինչպե՞ս կարող են արդյունավետորեն դաստիարակել իրենց երեխաներին։

11 Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք ամեն ինչ Աստծու ասածի համաձայն անել։ Լսեք Եհովային։ Թույլ տվեք, որ նա իր Խոսքի և կազմակերպության միջոցով սովորեցնի ձեզ դաստիարակել երեխաներին։ Վերջիններս հետագայում ձեզ շնորհակալ կլինեն դրա համար։ Մի եղբայր գրում է. «Ես երախտապարտ եմ այն բանի համար, թե ինչպես են ծնողներս դաստիարակել ինձ։ Նրանք ամեն ինչ արել են, որ սրտիս հասնեն։ Իմ հոգևոր աճի համար ես մեծ մասամբ նրանց եմ պարտական»։ Սակայն պատահում է, որ չնայած ծնողների առավելագույն ջանքերին՝ երեխաները թողնում են Եհովային։ Այդուհանդերձ, այն ծնողները, ովքեր լավագույնն են արել ճշմարտությունն իրենց երեխայի սրտին դաջելու համար, մաքուր խիղճ ունեն։ Նրանք կարող են հուսալ, որ մի օր իրենց կամակոր զավակը կվերադառնա Եհովայի մոտ։

12, 13. ա) Երբ երեխան զրկվում է ընկերակցությունից, քրիստոնյա ծնողներն ինչպե՞ս են ցույց տալիս, որ հնազանդ են Աստծուն։ բ) Ի՞նչ օգուտ ստացավ մի ընտանիք, երբ ծնողները հնազանդ մնացին Եհովային։

12 Երբ երեխան զրկվում է ընկերակցությունից, ծնողների համար նրա հետ շփումը կարող է դառնալ հնազանդության ամենամեծ փորձությունը։ Ահա մի քրոջ օրինակ, ում աղջիկը զրկվեց ընկերակցությունից ու հեռացավ տնից։ Նա խոստովանում է. «Մեր հրատարակություններում սողանցքներ էի փնտրում, որ կարողանայի ժամանակ անցկացնել աղջկաս ու թոռնիկիս հետ։ Բայց ամուսինս նրբանկատորեն օգնեց ինձ հասկանալ, որ մեր զավակը այժմ մեր վերահսկողությունից դուրս է, և մենք չպետք է միջամտենք»։

13 Տարիներ անց աղջիկը վերականգնվեց։ «Այժմ նա գրեթե ամեն օր զանգում է ինձ կամ հաղորդագրություններ է ուղարկում,— ասում է մայրը։— Նա խորապես հարգում է ինձ ու ամուսնուս, քանի որ գիտի, որ մենք հնազանդ ենք մնացել Աստծուն։ Մենք հիանալի փոխհարաբերություններ ունենք»։ Եթե քո զավակը ընկերակցությունից զրկված է, կձգտե՞ս «ամբողջ սրտովդ Եհովային ապավինել և քո սեփական հասկացողությանը չվստահել» (Առակ. 3։5, 6)։ Հիշիր. Եհովայի խրատը արտացոլում է նրա անզուգական իմաստությունն ու սերը։ Երբեք մի՛ մոռացիր, որ նա իր Որդուն բոլորի համար է տվել, այդ թվում՝ քո զավակի։ Աստված չի ուզում, որ ինչ-որ մեկը կործանվի (կարդա 2 Պետրոս 3։9)։ Ուստի հավատա, որ Եհովայի խրատն ու առաջնորդությունը ճիշտ են։ Դա արա նույնիսկ այն ժամանակ, երբ Եհովայի ասածն անելով՝ ցավ ես զգում։ Գործիր Աստծու խրատի համաձայն, ոչ թե դրան հակառակ։

ԸՆԴՈՒՆԵՔ ԺՈՂՈՎՈՒՄ ՏՐՎՈՂ ԽՐԱՏԸ

14. Ի՞նչ օգուտ ենք քաղում այն կրթությունից, որ Եհովան տալիս է հավատարիմ տնտեսի միջոցով։

14 Եհովան խոստացել է հոգալ քրիստոնեական ժողովի մասին, պաշտպանել այն ու կրթել դրա անդամներին։ Նա այս բաներն անում է մի շարք ձևերով։ Օրինակ՝ նա ժողովը հանձնել է իր Որդու հոգածությանը, ով նշանակել է իր հավատարիմ տնտեսին, որպեսզի նա ժամանակին հոգևոր սնունդ տա (Ղուկ. 12։42)։ Այդ սնունդը տարբեր ձևերով է մատուցվում, և դրա շնորհիվ մենք արժեքավոր կրթություն ենք ստանում՝ անգին խրատներ։ Հարցրու ինքդ քեզ. «Եղե՞լ է այնպես, որ մեր ամսագրերում տպագրված որևէ հոդված կամ ինչ-որ ելույթ մղել է ինձ շտկելու մտածելակերպս ու վարքս»։ Եթե այո, ուրախացիր։ Այդպես դու թույլ ես տալիս Եհովային ձևավորել քեզ, խրատել քեզ քո օգտի համար (Առակ. 2։1–5

15, 16. ա) Ինչպե՞ս օգուտ քաղենք այն ամենից, որ անում են երեցները։ բ) Ինչպե՞ս կարող ենք երեցների գործը ավելի հաճելի դարձնել նրանց համար։

15 Քրիստոսը ժողովին նաև տվել է «մարդկանց տեսքով պարգևներ»՝ երեցներ, որոնք հովվում են Աստծու հոտը (Եփես. 4։8, 11–13)։ Ինչպե՞ս օգուտ քաղենք այն ամենից, որ նրանք անում են։ Նախ՝ պետք է ընդօրինակենք երեցների հավատը և հետևենք նրանց լավ օրինակին։ Ապա՝ պետք է ընդունենք Սուրբ Գրքի վրա հիմնված այն խորհուրդները, որ նրանք տալիս են (կարդա Եբրայեցիներ 13։7, 17)։ Երեցները սիրում են մեզ և ուզում են, որ հոգևորապես աճենք։ Եթե նրանք նկատեն, որ մենք բաց ենք թողնում հանդիպումները, կամ մեր եռանդը նվազում է, արագ օգնության կգան։ Նրանք կլսեն մեզ, սրտանց կքաջալերեն և համապատասխան աստվածաշնչյան խորհուրդ կտան։ Այս օգնությունը համարո՞ւմ ես Եհովայի սիրո դրսևորում։

16 Հնարավոր է՝ երեցների համար հեշտ չլինի մոտենալ մեզ ու խորհուրդ տալ։ Պատկերացրու, թե Նաթան մարգարեի համար, ըստ ամենայնի, որքան դժվար էր խոսել Դավիթ թագավորի հետ, երբ վերջինս փորձեց թաքցնել իր ծանր մեղքը (2 Սամ. 12։1–14)։ Պողոս առաքյալը նույնպես պետք է հավաքեր իր քաջությունը, որ ուղղեր Պետրոսին՝ 12 առաքյալներից մեկին, ով կողմնակալություն էր դրսևորել այլազգի քրիստոնյաների հանդեպ (Գաղ. 2։11–14)։ Ուստի ինչպե՞ս կարող ես թեթևացնել քո ժողովի երեցների բեռը։ Եղիր խոնարհ, մատչելի ու երախտագետ։ Նրանց օգնությունը համարիր քո հանդեպ Աստծու սիրո դրսևորում։ Դա օգուտ կտա քեզ, ինչպես նաև կնպաստի, որ նրանք մեծ ուրախությամբ անեն իրենց գործը։

17. Երեցները ինչպե՞ս օգնեցին մի քրոջ։

17 Մի քույր իր անցյալի պատճառով դժվարանում էր սիրել Եհովային։ Նա ասում է. «Երբ իմ անցյալի և այլ խնդիրների պատճառով էմոցիոնալ առումով սպառվեցի, հասկացա, որ պետք է խոսեմ երեցների հետ։ Նրանք ինձ չհանդիմանեցին ու չքննադատեցին, այլ քաջալերեցին ու զորացրին։ Չնայած իրենց զբաղվածությանը՝ ժողովի ամեն հանդիպումից հետո նրանցից գոնե մեկը հարցնում էր, թե ինչպես եմ։ Իմ անցյալի պատճառով ինձ համար դժվար էր հավատալ, որ ես արժանի եմ Աստծու սիրուն։ Սակայն նորից ու նորից Եհովան իր ժողովի ու երեցների միջոցով վստահեցրեց, որ սիրում է ինձ։ Աղոթում եմ, որ երբեք չհեռանամ նրանից»։

Ի՞ՆՉՆ Է ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ԽՐԱՏԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՑԱՎԸ

18, 19. Ի՞նչն է ավելի վատ, քան այն ցավը, որ կարող է պատճառել խրատը։ Բեր օրինակ։

18 Թեև խրատը կարող է ցավ պատճառել, սակայն կա մի բան, ինչն ավելի ցավոտ է, քան խրատը։ Խոսքը այն վնասի մասին է, որ մարդն ինքն իրեն պատճառում է՝ մերժելով խրատը (Եբր. 12։11)։ Քննենք Կայենի և Սեդեկիա թագավորի օրինակը։ Երբ Կայենը մահաշունչ ատելություն զարգացրեց Աբելի հանդեպ, Աստված նրան խրատեց. «Ինչո՞ւ ես այդպես բարկացել, և ինչո՞ւ է դեմքդ մռայլվել։ Եթե բարին անես, մի՞թե չես բարձրանա իմ աչքում։ Բայց եթե բարին չանես, մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է և քեզ է փափագում. բայց արդյո՞ք դու կիշխես նրա վրա» (Ծննդ. 4։6, 7)։ Կայենը չլսեց Աստծուն, և ի վերջո մեղքը տիրացավ նրան։ Զուր տեղը նա մեծ ցավ ու տառապանք բերեց իր գլխին (Ծննդ. 4։11, 12)։ Աստծու խրատի պատճառած ցավը չնչին էր՝ համեմատած այս աղետալի հետևանքների հետ։

19 Սեդեկիա թագավորը, որը թուլակամ էր ու չար, իշխում էր շատ մռայլ ժամանակաշրջանում։ Երեմիա մարգարեն կրկին ու կրկին հորդորում էր նրան թողնել իր վատ ճանապարհը, սակայն նա չընդունեց խրատը։ Եվ դարձյալ կործանարար հետևանքներ եղան (Երեմ. 52։8–11)։ Եհովան շատ է ուզում մեզ զերծ պահել այսպիսի անիմաստ տառապանքներից (կարդա Եսայիա 48։17, 18

20. Ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր ընդունում են Աստծու խրատը, և նրանց, ովքեր մերժում են այն։

20 Աշխարհում շատերը արհամարհանքով են վերաբերվում խրատին և չեն ուզում ինքնակարգապահ լինել։ Սակայն շուտով չարերը կտեսնեն իրենց անմտության աղետալի հետևանքները (Առակ. 1։24–31)։ Ուստի եկեք «խրատ լսենք ու իմաստուն դառնանք»։ Առակներ 4։13-ում ասվում է. «Ամուր բռնիր խրատը և բաց մի՛ թող։ Պահպանիր այն, քանի որ այն քո կյանքն է»։