Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծնողնե՛ր, պատրաստո՞ւմ եք ձեր երեխաներին մկրտվելու

Ծնողնե՛ր, պատրաստո՞ւմ եք ձեր երեխաներին մկրտվելու

«Ինչո՞ւ ես հապաղում։ Վե՛ր կաց, մկրտվի՛ր» (ԳՈՐԾ. 22։16

ԵՐԳ 51, 135

1. Նախքան իրենց երեխաների մկրտվելը քրիստոնյա ծնողները ինչո՞ւմ են ուզում վստահ լինել։

«ԱՄԻՍՆԵՐ շարունակ ծնողներիս ասում էի, որ ուզում եմ մկրտվել, ու նրանք հաճախ ինձ հետ խոսում էին այդ մասին։ Նրանք ուզում էին վստահ լինել, որ ես հասկանում եմ այդ քայլի լրջությունը։ Վերջապես եկավ այդ նշանակալից օրը. 1934 թ. դեկտեմբերի 31-ին մկրտվեցի»,— պատմում է Բլոսոմ Բրանդտը՝ խոսելով մկրտվելու իր որոշման մասին։ Այսօր էլ քրիստոնյա ծնողները ցանկանում են օգնել իրենց երեխաներին իմաստուն որոշումներ կայացնել։ Ճիշտ է, մկրտությունն անտեղի հետաձգելը կարող է հոգևոր խնդիրներ առաջ բերել (Հակ. 4։17)։ Սակայն ծնողները, իմաստություն դրսևորելով, ցանկանում են նախքան իրենց երեխաների մկրտվելը համոզվել, որ նրանք պատրաստ են ստանձնելու Քրիստոսի աշակերտը լինելու պատասխանատվությունը։

2. ա) Ի՞նչ են նկատել որոշ շրջանային վերակացուներ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Որոշ շրջանային վերակացուներ իրենց անհանգստությունն են արտահայտել այն բանի համար, որ հանդիպում են քրիստոնյա ընտանիքներում մեծացած մոտ քսան տարեկան երիտասարդների, որոնք դեռ չեն մկրտվել։ Այդ երիտասարդներից շատերը հաճախում են ժողովի հանդիպումներին, մասնակցում են ծառայությանը և իրենց համարում են Եհովայի վկաներ։ Ո՞րն է պատճառը, որ նրանք դեռ չեն նվիրվել Եհովային ու չեն մկրտվել։ Որոշ դեպքերում ծնողներն են նրանց խորհուրդ տվել հետաձգել մկրտությունը։ Այս հոդվածում կքննարկենք ծնողներին մտահոգող չորս հարց, որոնց պատճառով նրանք իրենց երեխաներին գուցե հետ պահեն մկրտությունից։

ԵՐԵԽԱՍ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵ՞Ծ Է

3. Ինչի՞ մասին էին մտածում Բլոսոմի ծնողները։

3 Բլոսոմի ծնողները, որոնք հիշատակվում են առաջին պարբերության մեջ, մտածում էին, թե արդյոք իրենց աղջիկը բավականին մեծ է, որ գիտակցի մկրտության կարևորությունն ու լրջությունը։ Ծնողներն ինչպե՞ս կարող են իմանալ, որ իրենց երեխան պատրաստ է նվիրվելու Եհովային։

4. Մատթեոս 28։19, 20 համարներում գրված Հիսուսի պատվերը ինչպե՞ս կարող է օգնել ծնողներին։

4 Կարդա Մատթեոս 28։19, 20։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Աստվածաշունչը տարիք չի սահմանում մկրտության համար։ Սակայն լավ կլինի, որ ծնողները խորհեն, թե ինչ է նշանակում աշակերտ պատրաստել։ Մատթեոս 28։19-ում «աշակերտներ պատրաստել» արտահայտությամբ թարգմանված հունարեն բառը նշանակում է սովորեցնել աշակերտ դարձնելու նպատակով։ Աշակերտը նա է, ով սովորում ու հասկանում է Հիսուսի ուսմունքները և որոշում է հետևել դրանց։ Ուստի բոլոր քրիստոնյա ծնողները պետք է նպատակ ունենան իրենց երեխաներին փոքր տարիքից սովորեցնելու և օգնելու, որ դառնան Քրիստոսի մկրտված աշակերտներ։ Ինչ խոսք, հասկանալի է, որ նորածինը չի կարող համապատասխանել մկրտության պահանջներին։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երեխաները համեմատաբար փոքր տարիքում կարող են հասկանալ և գնահատել սուրբգրային ճշմարտությունները։

5, 6. ա) Աստվածաշնչյան արձանագրությունից ի՞նչ ենք եզրակացնում Տիմոթեոսի մկրտության մասին։ բ) Խորաթափանց ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին։

5 Տիմոթեոսը պատանի տարիքում ճշմարտությունն իրենն էր դարձրել։ Պողոս առաքյալը գրեց, որ Տիմոթեոսը մանկուց էր սովորել Սուրբ Գրքերը։ Թեպետ այդ երիտասարդի հայրը Եհովայի ծառա չէր, նրա մայրն ու տատը, որոնք հրեա էին, նրան բացատրել էին Սուրբ Գրքերը և նրա մեջ սեր էին արթնացրել դրանց հանդեպ։ Արդյունքում Տիմոթեոսը ամուր հավատ էր ձեռք բերել (2 Տիմոթ. 1։5; 3։14, 15)։ Երբ նա մոտ քսան տարեկան էր, արդեն Քրիստոսի աշակերտ էր և ուներ համապատասխան որակներ՝ հատուկ պատասխանատվություններ ստանձնելու համար (Գործ. 16։1–3

6 Ինչ խոսք, երեխաները տարբեր են։ Բոլորը միևնույն արագությամբ և միևնույն տարիքում չեն հասունանում։ Ոմանք էմոցիոնալ ու մտային առումով բավականաչափ հասունանում են ավելի վաղ տարիքում և ցանկություն են հայտնում մկրտվելու։ Ուրիշներն էլ ավելի մեծ տարիքում են պատրաստ լինում դրան։ Ուստի խորաթափանց ծնողները իրենց երեխաներին չեն ստիպում այդ քայլն անել։ Փոխարենը՝ օգնում են նրանց հոգևորապես առաջադիմել՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարողությունը։ Ծնողները ուրախանում են, երբ երեխան իմաստությամբ է վարվում (կարդա Առակներ 27։11)։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ իրենց նպատակն է՝ օգնել երեխաներին դառնալու Քրիստոսի աշակերտը։ Սա հիշելով՝ ծնողները պետք է իրենց հետևյալ հարցը տան. «Աստծուն նվիրվելու և մկրտվելու համար իմ երեխան ունի՞ բավականաչափ գիտելիքներ»։

ԵՐԵԽԱՍ ԲԱՎԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ՞

7. Արդյո՞ք մկրտվելու համար անհրաժեշտ է Աստվածաշնչից իմանալ ամեն մանրամասնություն։ Բացատրիր։

7 Ծնողներն անշուշտ ցանկանում են, որ իրենց երեխաներն այնքան լավ իմանան ճշմարտությունը, որ դա նրանց մղի նվիրվելու Աստծուն։ Սակայն նվիրվելու և մկրտվելու համար չի պահանջվում իմանալ ամեն մանրամասնություն, քանի որ մկրտությունից հետո էլ բոլոր աշակերտները պետք է շարունակեն ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել (կարդա Կողոսացիներ 1։9, 10)։ Ուրեմն որքա՞ն գիտելիքներն են բավարար մկրտվելու համար։

8, 9. Ի՞նչ ենք սովորում Պողոսին ու բանտապահին պատահած դեպքից։

8 Առաջին դարում պատահած մի դեպք կարող է օգտակար լինել ծնողների համար (Գործ. 16։25–33)։ Պողոս առաքյալը իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ՝ մոտ 50 թ.-ին, այցելեց Փիլիպպե։ Այնտեղ նա և իր ընկերը՝ Շիղան, կեղծ մեղադրանքների հիման վրա ձերբակալվեցին ու բանտարկվեցին։ Գիշերը ուժգին երկրաշարժ եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռները բացվեցին։ Բանտապահը, կարծելով, թե բանտարկյալները փախել են, ուզում էր ինքնասպան լինել։ Սակայն Պողոսը բարձր ձայնով բղավեց ու ասաց, որ իրեն չվնասի։ Պողոսն ու Շիղան հրաշալի վկայություն տվեցին նրան ու նրա ընտանիքին։ Այդ մարդիկ սրտանց ընդունեցին Հիսուսի մասին ճշմարտությունները և առանց հապաղելու մկրտվեցին։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։

9 Հնարավոր է՝ բանտապահը հռոմեական բանակում ծառայած պաշտոնաթող զինվորական էր։ Նա ծանոթ չէր Սուրբ Գրքերին։ Հետևաբար նա պետք է սովորեր սուրբգրային հիմնական ճշմարտությունները, հասկանար, թե ինչ է նշանակում լինել Աստծու ծառա, և վճռեր պահել այն ամենը, ինչ սովորեցրել է Հիսուսը։ Կարճ ժամանակում այդ մարդը իմացավ սուրբգրային հիմնական ճշմարտությունները և սկսեց գնահատել դրանք, ինչն էլ նրան մղեց մկրտվելու։ Անկասկած, նա դրանից հետո էլ շարունակեց ավելացնել իր գիտելիքները։ Ծնողնե՛ր, հաշվի առնելով այս օրինակը՝ ի՞նչ կարող եք անել, երբ տեսնում եք, որ ձեր երեխան սիրում ու գնահատում է իր սովորած սուրբգրային հիմնական ուսմունքները և հասկանում է մկրտության նշանակությունն ու կարևորությունը։ Գուցե ձեր զավակին ասեք, որ կարող է խոսել երեցների հետ, որպեսզի նրանք տեսնեն, թե արդյոք նա համապատասխանում է մկրտության պահանջներին։ * Մյուս բոլոր մկրտված քրիստոնյաների պես՝ նա իր ողջ կյանքի ընթացքում կշարունակի ավելացնել Եհովայի նպատակների մասին իր գիտելիքները և դա կանի հավիտյան (Հռոմ. 11։33, 34

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ՞Ն Է

10, 11. ա) Ի՞նչ են մտածում որոշ ծնողներ։ բ) Առաջին հերթին ինչի՞ մասին պետք է մտածի ծնողը։

10 Որոշ ծնողներ կարծում են, որ իրենց երեխայի համար ավելի լավ կլինի, եթե նա հետաձգի մկրտությունը, որպեսզի նախ բարձրագույն կրթություն ստանա և լավ կարիերա ունենա։ Ինչ խոսք, նրանք իրենց երեխայի լավն են ուզում, բայց արդյո՞ք դա կօգնի նրան իսկապես հաջողակ լինել կյանքում։ Եվ որ ամենակարևորն է, արդյո՞ք այս մոտեցումը ներդաշնակ է Աստվածաշնչին։ Ի՞նչ է խրախուսում Աստծու Խոսքը (կարդա Ժողովող 12։1

11 Կարևոր է հիշել, որ այս աշխարհը և նրա մաս կազմող ամեն բան հակառակ է Եհովայի կամքին ու մտածելակերպին (Հակ. 4։7, 8; 1 Հովհ. 2։15–17; 5։19)։ Սատանայից, նրա աշխարհից և աստվածամերժ մտածելակերպից պաշտպանվելու համար անհրաժեշտ է Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ։ Ուստի եթե ծնողը աշխարհիկ նպատակները առաջնային դարձնի երեխայի համար, դա կարող է շփոթեցնել վերջինիս և վտանգել նրա ապագան, քանի որ նա գուցե սկսի մտածել, թե դրանք Աստծու հետ փոխհարաբերություններից ավելի կարևոր են։ Մի՞թե իր երեխային սիրող քրիստոնյա ծնողը կցանկանա, որ այս աշխարհը նրան հրամցնի հաջողակ լինելու իր տեսակետը։ Մենք իսկապես երջանիկ ու հաջողակ կլինենք այն դեպքում, եթե մեր կյանքում առաջնային տեղ տանք Եհովային (կարդա Սաղմոս 1։2, 3

ԻՍԿ ԵԹԵ ԵՐԵԽԱՍ ՄԵՂՔ ԳՈՐԾԻ...

12. Որոշ ծնողներ ինչո՞ւ են ուզում, որ իրենց երեխան ավելի ուշ մկրտվի։

12 Մի մայր բացատրում է, թե ինչու էր իր աղջկան մկրտվելուց հետ պահում։ Նա ասում է. «Ամաչում եմ ասել, բայց գլխավոր պատճառն այն էր, որ վախենում էի՝ երեխաս ընկերակցությունից զրկվի»։ Այս քրոջ պես՝ ուրիշ ծնողներ ևս այն կարծիքին են, որ ավելի լավ է մկրտությունը հետաձգել, մինչև որ իրենց զավակը մեծանա, ու երեխայական հիմարություններ անելու հակումը վերանա (Ծննդ. 8։21; Առակ. 22։15)։ Նրանք մտածում են. «Քանի որ երեխաս մկրտված չէ, ընկերակցությունից չի զրկվի»։ Ինչո՞ւ է այսպես մտածելը սխալ (Հակ. 1։22

13. Արդյո՞ք մկրտությունն է մարդուն հաշվետու դարձնում Եհովայի առաջ։ Բացատրիր։

13 Հասկանալի է՝ ծնողները ցանկանում են, որ իրենց զավակը հասունանա ու գիտակցի Աստծուն նվիրվելու և մկրտվելու լրջությունը, և միայն դրանից հետո անի այդ քայլը։ Սակայն սխալ է մտածել, որ եթե նա մկրտված չէ, Եհովայի առաջ հաշվետու չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ դա մկրտված լինելու հետ կապ չունի։ Այն պահից սկսած, երբ երեխան իմանում է, թե Աստծու աչքում ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, նա արդեն հաշվետու է նրան (կարդա Հակոբոս 4։17)։ Հետևաբար իմաստուն ծնողները երեխային հետ չեն պահում մկրտությունից, այլ ջանում են լավ օրինակ լինել նրա համար։ Նրան մանուկ հասակից սովորեցնում են սիրել ու գնահատել Եհովայի բարոյական բարձր չափանիշները (Ղուկ. 6։40)։ Դա լավագույն պաշտպանությունն է երեխայի համար, քանի որ այդպես նա կցանկանա անել այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում (Ես. 35։8

ՈՒՐԻՇՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ

14. Երեցներն ինչպե՞ս կարող են աջակցել ծնողներին, որ նրանք իրենց երեխաներին պատրաստեն մկրտության։

14 Ժողովի երեցները՝ որպես հոգևոր հովիվներ, կարող են աջակցել ծնողներին։ Ինչպե՞ս։ Երեխաների հետ խոսելիս դրական արտահայտվելով հոգևոր նպատակների վերաբերյալ։ Մի քույր, որը ավելի քան 70 տարի որպես ռահվիրա է ծառայել, հիշում էր, թե եղբայր Չարլզ Ռասելի խոսքերը ինչ ազդեցություն թողեցին իր վրա, երբ ինքը ընդամենը վեց տարեկան էր. «Նա 15 րոպե խոսեց ինձ հետ իմ հոգևոր նպատակների մասին»։ Այո՛, դրական և քաջալերական խոսքերը հարատև օգուտներ են տալիս (Առակ. 25։11)։ Երեցները նաև կարող են ծնողներին ու նրանց երեխաներին ներգրավել Թագավորության սրահի գործերի մեջ՝ երեխաներին տալով իրենց տարիքին ու կարողություններին համապատասխանող առաջադրանքներ։

15. Ժողովի մյուս անդամները ինչպե՞ս կարող են քաջալերել երեխաներին։

15 Ժողովի անդամները նույնպես կարող են օգնել՝ տեղին հետաքրքրություն ցույց տալով փոքրիկների հանդեպ։ Դրա համար հարկավոր է ուշադիր լինել և նկատել նրանց հոգևոր առաջընթացը։ Օրինակ՝ գուցե երեխան անկեղծ և մտածված մեկնաբանություն է տվել կամ միջշաբաթյա հանդիպման ժամանակ ներկայացրել է իր առաջադրանքը։ Գուցե դպրոցում քաջաբար պաշտպանել է իր հավատը և պահել անարատությունը կամ էլ օգտվել է հարմար առիթից ու վկայություն է տվել։ Մի՛ վարանիր, սրտանց գովի՛ր նրան։ Կարող ենք նաև նպատակ դնել և հանդիպումից առաջ կամ հետո զրուցել երեխաների հետ՝ անկեղծորեն հետաքրքրվելով նրանցով։ Այդպես նրանք կզգան, որ իրենք «մեծ ժողովի» մասնիկ են (Սաղ. 35։18

ԵՐԵԽԱՅԻԴ ՊԱՏՐԱՍՏԻՐ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ

16, 17. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ մեր երեխաները մկրտվեն։ բ) Ի՞նչը մեծ ուրախություն կպատճառի քրիստոնյա ծնողներին (տես հոդվածի սկզբի նկարը)։

16 Երեխաներին «Եհովայի խրատով» դաստիարակելը և «նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելը» քրիստոնյա ծնողների համար մեծ առանձնաշնորհում է (Եփես. 6։4; Սաղ. 127։3)։ Ի տարբերություն հին Իսրայելում ծնված երեխաների՝ այսօր մեր երեխաները ի ծնե նվիրված չեն Եհովային։ Բացի այդ, Աստծու և ճշմարտության հանդեպ սերը ժառանգաբար չի փոխանցվում։ Ուստի ծնողները իրենց զավակի ծնվելու օրվանից պետք է նպատակ դնեն և օգնեն նրան Քրիստոսի աշակերտը դառնալ՝ նվիրվել Եհովային ու մկրտվել։ Սրանից առավել կարևոր ի՞նչ կարող է լինել։ Չէ՞ որ միայն այս քայլերն անելով ու հավատարմորեն ծառայելով է հնարավոր փրկվել գալիք մեծ նեղության ժամանակ (Մատթ. 24։13

Ծնողները պետք է նպատակ դնեն իրենց երեխաներին օգնելու դառնալ Քրիստոսի աշակերտ (տես պարբերություն 16, 17)

17 Երբ Բլոսոմ Բրանդտը որոշեց մկրտվել, նրա աստվածավախ ծնողները ցանկացան հավաստիանալ, որ նա պատրաստ է այդ անչափ կարևոր քայլին։ Երբ նրանք համոզվեցին, որ նա արդեն պատրաստ է, թիկունք կանգնեցին այդ որոշմանը։ Մկրտությանը նախորդող գիշերը նրա հայրը մի անմոռանալի բան արեց։ Բլոսոմի խոսքերով՝ հայրը բոլորին խնդրեց ծնկի գալ և աղոթեց։ Նա Եհովային ասաց, որ շատ երջանիկ է, քանի որ իր փոքրիկ աղջիկը որոշել է իր կյանքը Նրան նվիրել։ Այդ դեպքից 60 տարի անց Բլոսոմն ասաց. «Վստահեցնում եմ ձեզ, որ երբեք՝ դարեր անց էլ չեմ մոռանա այդ գիշերը»։ Սիրելի՛ ծնողներ, թող որ ձեր սիրտն էլ լցվի բերկրանքով ու ցնծա ուրախությունից, երբ ձեր երեխաները նվիրվեն Եհովային ու մկրտվեն։

^ պարբ. 9 Ծնողները կարող են օգտակար տեղեկություն գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 304–310-րդ էջերում և քննարկել իրենց երեխայի հետ։ Տես նաև «Հարցերի արկղը» 2011 թ. ապրիլի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում, էջ 2։