Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար

Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար

«Մկրտությունը.... հիմա էլ ձեզ է փրկում» (1 ՊԵՏ. 3։21

ԵՐԳ 52, 41

1, 2. ա) Ի՞նչ են զգում որոշ քրիստոնյա ծնողներ, երբ իրենց երեխաները ցանկանում են մկրտվել։ բ) Ինչո՞ւ են մկրտության թեկնածուներին հարցնում, թե արդյոք նվիրվել են Եհովային (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԾՆՈՂՆԵՐԸ նայում են իրենց աղջկան՝ Մարիային, որը կանգնած է մկրտության մյուս թեկնածուների կողքին։ Բարձր, հստակ ձայնով նա պատասխանում է հռետորի հնչեցրած երկու հարցերին, ինչից հետո մկրտվում է։

2 Մարիայի ծնողները հպարտ են, որ իրենց դուստրը որոշում է կայացրել անվերապահորեն նվիրվելու Եհովային ու մկրտվելու։ Սակայն մինչ այդ նրա մորը մի շարք հարցեր էին տանջում։ Մայրը մտածում էր. «Մարիան շատ փոքր չէ՞ մկրտվելու համար։ Նա իսկապե՞ս հասկանում է, թե ինչ կարևոր քայլ է անում։ Ավելի լավ չի՞ լինի, եթե նա մինչև մկրտվելը որոշ ժամանակ սպասի»։ Սրանք այն հարցերն են, որ տալիս են իրենց զավակներին սիրող շատ ծնողներ, երբ նրանք ցանկանում են մկրտվել (Ժող. 5։5)։ Չէ՞ որ նվիրումն ու մկրտությունը ամենակարևոր քայլերն են քրիստոնյայի կյանքում (տես « Նվիրվե՞լ ես Եհովային» շրջանակը)։

3, 4. ա) Պետրոս առաքյալը ինչպե՞ս ցույց տվեց մկրտության կարևորությունը։ բ) Մկրտությունն ինչո՞ւ կարելի է համեմատել Նոյի տապանի կառուցման հետ։

3 Խոսելով մկրտության մասին՝ Պետրոս առաքյալը հիշատակեց Նոյի տապանի կառուցումը. «Այն, ինչը համապատասխանում է սրան, այսինքն՝ մկրտությունը.... հիմա էլ ձեզ է փրկում» (կարդա 1 Պետրոս 3։20, 21)։ Տապանը ֆիզիկական կառույց էր՝ անհերքելի տեսանելի ապացույցն այն բանի, որ Նոյը անձնվիրաբար արել էր Աստծու կամքը։ Նա հավատարմորեն կատարել էր Եհովայի տված առաջադրանքը։ Հավատի տեսանելի գործերը նպաստեցին նրան, որ Նոյն ու իր ընտանիքը փրկվեն Ջրհեղեղից։ Ի՞նչ էր ուզում ասել Պետրոսը՝ բերելով այս օրինակը։

4 Տապանը Նոյի հավատի ապացույցն էր։ Ականատեսների առաջ մկրտվելը նույնպես տեսանելի ապացույց է։ Դա ցույց է տալիս, որ քրիստոնյա աշակերտը, հավատ դրսևորելով հարություն առած Քրիստոսի հանդեպ, նվիրվել է Եհովային։ Նվիրված աշակերտները Նոյի պես հնազանդորեն կատարում են Աստծու հանձնարարած գործը։ Ինչպես Նոյը փրկվեց Ջրհեղեղից, այնպես էլ մկրտված հավատարիմ քրիստոնյաները կփրկվեն, երբ գա այս չար աշխարհի վերջը (Մարկ. 13։10; Հայտն. 7։9, 10)։ Ուստի նվիրումն ու մկրտությունը շատ կարևոր են։ Նա, ով անտեղի հետաձգում է մկրտությունը, կարող է կորցնել հավիտյան ապրելու հնարավորությունը։

5. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

5 Հաշվի առնելով, որ մկրտությունը շատ կարևոր քայլ է՝ եկեք պատասխանենք երեք հարցի։ Աստվածաշունչն ի՞նչ է ասում մկրտության մասին։ Մարդն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նախքան մկրտվելը։ Քրիստոնյա ուսուցիչը ինչո՞ւ միշտ պետք է հիշի մկրտության կարևորության մասին, երբ սովորեցնում է իր զավակին կամ Աստվածաշունչ ուսումնասիրող այլ մարդկանց։

Ի՞ՆՉ Է ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

6, 7. ա) Ի՞նչ էր նշանակում Հովհաննեսի կատարած մկրտությունը։ բ) Ո՞ւմ մկրտությունն էր եզակի և ինչո՞ւ։

6 Աստվածաշնչում նախ կարդում ենք Հովհաննես Մկրտչի կատարած մկրտության մասին (Մատթ. 3։1–6)։ Նրանք, ովքեր մկրտվում էին Հովհաննեսի մկրտությամբ, դա անում էին ի նշան զղջման այն մեղքերի համար, որ իրենք գործել էին Մովսիսական օրենքի դեմ։ Սակայն հատկանշական է, որ Հովհաննեսի կատարած ամենակարևոր մկրտությունը զղջման հետ կապ չուներ։ Հովհաննեսը առանձնահատուկ պատիվ ունեցավ մկրտելու Հիսուսին՝ Աստծու կատարյալ Որդուն (Մատթ. 3։13–17)։ Հիսուսը ոչ մի մեղք չէր գործել, ուստի զղջալու կարիք չուներ (1 Պետ. 2։22)։ Նրա մկրտությունը խորհրդանշում էր այն, որ նա իր անձը ներկայացրեց Աստծու կամքը կատարելու համար (Եբր. 10։7

7 Երբ Հիսուսը ծառայում էր երկրի վրա, նրա աշակերտները նույնպես մկրտում էին մարդկանց (Հովհ. 3։22; 4։1, 2)։ Այդ մկրտությունները Հովհաննեսի կատարած մկրտությունների պես խորհրդանշում էին մարդկանց զղջումը այն մեղքերի համար, որ նրանք գործել էին Մովսիսական օրենքի դեմ։ Սակայն Հիսուսի մահից ու հարությունից հետո նրա հետևորդների համար մկրտությունը բոլորովին այլ իմաստ էր ստանալու։

8. ա) Հարություն առնելուց հետո Հիսուսը ի՞նչ առաջադրանք տվեց իր հետևորդներին։ բ) Բացատրիր, թե ինչու է մկրտությունը կարևոր։

8 Հարություն առած Հիսուսը 33 թ.-ին հայտնվեց ավելի քան 500 հոգու, որոնց մեջ կային տղամարդիկ, կանայք ու հավանաբար երեխաներ։ Հնարավոր է՝ հենց այդ ժամանակ էր, որ նա ասաց. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20; 1 Կորնթ. 15։6)։ Այո՛, ըստ երևույթին, Հիսուսի հարյուրավոր աշակերտներ լսեցին այս պատվերը։ Այդպիսով Հիսուսը ցույց տվեց, որ մկրտությունը պահանջ է նրանց համար, ովքեր վերցնում են իր աշակերտը լինելու լուծը (Մատթ. 11։29, 30)։ Նա, ով ցանկանում է Աստծուն ծառայել նրան հաճելի ձևով, պետք է հասկանա և ընդունի այն դերը, որ ունի Հիսուսը Եհովայի նպատակի իրականացման մեջ։ Դրանից հետո է, որ անհատը կարող է ջրում մկրտվել։ Միայն այդպիսի մկրտությունը կարող է արժանանալ Աստծու հավանությանը։ Աստվածաշնչում կան բազմաթիվ փաստեր, որ նրանք, ովքեր առաջին դարում դառնում էին Քրիստոսի աշակերտներ, հասկանում էին մկրտության կարևորությունը և անտեղի չէին հետաձգում այն (Գործ. 2։41; 9։18; 16։14, 15, 32, 33

ՄԻ՛ ՀԵՏԱՁԳԻՐ

9, 10. Մկրտության մասին ի՞նչ ենք սովորում եթովպացի ներքինու և Պողոս առաքյալի օրինակից։

9 Կարդա Գործեր 8։35, 36։ Նկատի առնենք հուդայականությունն ընդունած եթովպացի ներքինու օրինակը, որը Երուսաղեմում երկրպագություն մատուցելուց հետո տուն էր վերադառնում։ Եհովայի հրեշտակի առաջնորդությամբ Փիլիպոսը մոտեցավ եթովպացուն և «նրան քարոզեց Հիսուսի մասին բարի լուրը»։ Ինչպե՞ս արձագանքեց այդ տղամարդը։ Նրա արած քայլը ցույց տվեց, որ նա սրտանց գնահատում է իր լսած ճշմարտությունները։ Եթովպացին ցանկացավ Եհովայի սահմանած կարգի համաձայն վարվել, ուստի առանց հետաձգելու մկրտվեց։

10 Քննենք նաև այն հրեա տղամարդու օրինակը, ով հալածում էր քրիստոնյաներին։ Նա այն ազգից էր, որը նվիրված էր Աստծուն։ Սակայն հրեաները կորցրել էին Եհովայի հետ իրենց հատուկ փոխհարաբերությունները։ Այդ մարդը նախանձախնդրաբար պահում էր հրեական ավանդույթները, բայց մի բան փոխեց նրա կյանքը։ Նրան վկայություն տվեց հարություն առած ու փառավորված Հիսուս Քրիստոսը։ Ինչպե՞ս արձագանքեց այդ հրեան։ Նա ընդունեց քրիստոնյա աշակերտ Անանիայի օգնությունը և, ինչպես ասվում է Աստվածաշնչում, «ոտքի ելավ ու մկրտվեց» (Գործ. 9։17, 18; Գաղ. 1։14)։ Հավանաբար կռահեցիր, որ այդ հրեան այն մարդն էր, ով հետագայում ճանաչվեց որպես Պողոս առաքյալ։ Բայց ուշադրություն դարձրու. հենց որ Պողոսը սկսեց գնահատել այն դերը, որ Հիսուսն ուներ Աստծու նպատակի իրականացման մեջ, առանց հետաձգելու մկրտվեց (կարդա Գործեր 22։12–16

11. ա) Այսօր ի՞նչն է մղում Աստվածաշունչ ուսումնասիրող մարդկանց մկրտվելու։ բ) Ի՞նչ ենք զգում, երբ տեսնում ենք, որ նորերը մկրտվում են։

11 Նույնը կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր այսօր ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Նրանք, ովքեր հավատ ունեն և անկեղծորեն գնահատում են ճշմարտությունը, անկախ տարիքից, սրտանց ցանկանում են նվիրվել Աստծուն ու մկրտվել։ Հատկապես այս անհատների համար յուրաքանչյուր համաժողովի ժամանակ հնչում է ելույթ, որը ծրագրի կարևորագույն մասերից է։ Եհովայի վկաները ուրախանում են, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը ընդունում է ճշմարտությունը, առաջադիմում է ու մկրտվում։ Իսկ ինչպե՜ս են ցնծում քրիստոնյա ծնողները, երբ իրենց երեխաներին տեսնում են այն նոր աշակերտների շարքում, ովքեր պատրաստվում են մկրտվել։ 2017 թ. ծառայողական տարվա ընթացքում ավելի քան 284 000 անհատներ, ովքեր «ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», իրենց նվիրումը խորհրդանշեցին ջրի մկրտությամբ (Գործ. 13։48)։ Այս նոր մկրտված մարդիկ անկասկած հասկացել էին, որ մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար։ Իսկ ի՞նչ քայլեր էին նրանք արել, որ մկրտվեին։

12. Նախքան մկրտվելը ի՞նչ պետք է անի Աստվածաշունչ ուսումնասիրողը։

12 Նախքան մկրտվելը ուսումնասիրողը պետք է ճանաչի Աստծուն, իմանա նրա նպատակի մասին ու հասկանա, թե նա ինչ է արել մարդկանց փրկելու համար։ Այս ճշգրիտ գիտելիքների հիման վրա նա պետք է հավատ զարգացնի (1 Տիմոթ. 2։3–6)։ Այդ հավատը կմղի նրան մերժելու այն վարքը, որը հաճելի չէ Աստծուն, և ապրելու Եհովայի արդար չափանիշների համաձայն (Գործ. 3։19)։ Հասկանալի է, որ մարդու նվիրումը Աստծուն ընդունելի չի լինի, եթե նա այնպիսի գործեր է անում, որոնց պատճառով չի կարող ժառանգել Աստծու Թագավորությունը (1 Կորնթ. 6։9, 10)։ Սակայն պետք է հիշել, որ Եհովայի բարոյական բարձր չափանիշներով ապրելուց ավելին է հարկավոր։ Նա, ով ձգտում է արդար լինել Աստծու աչքում, նաև կհաճախի ժողովի հանդիպումներին և ակտիվորեն կմասնակցի քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։ Հիսուսն ասաց, որ այդ գործը կատարելու են իր ճշմարիտ աշակերտները (Գործ. 1։8)։ Միայն այս բաներն անելուց հետո է, որ նոր աշակերտը կարող է անձնական աղոթքի միջոցով նվիրվել Եհովային, իսկ դրանից հետո՝ ի նշան իր նվիրման մկրտվել ականատեսների առաջ։

ԹՈՂ ՄԿՐՏՎԵԼԸ ԼԻՆԻ ՔՈ ՆՊԱՏԱԿԸ

Մկրտության կարևորության մասին խոսո՞ւմ ես Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ (տես պարբերություն 13)

13. Աստվածաշունչ ուսուցանողները ինչո՞ւ պետք է հիշեն, որ մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար։

13 Երբ մեր երեխաներին կամ Աստվածաշունչ ուսումնասիրող այլ մարդկանց օգնում ենք անել անհրաժեշտ քայլերը, չպետք է մոռանանք, որ Քրիստոսի իսկական աշակերտը լինելու համար հարկավոր է մկրտվել։ Եթե միշտ հիշենք այս մասին, չենք վարանի հարմար պահերին Աստվածաշունչ ուսումնասիրողներին հստակ բացատրել ու ասել, թե որքան կարևոր են նվիրումն ու մկրտությունը։ Մենք անշուշտ ուզում ենք, որ մեր երեխաները և մյուսները առաջադիմեն ու մկրտվեն։

14. Ինչո՞ւ չպետք է որևէ մեկին ստիպենք մկրտվել։

14 Ինչ խոսք, ծնողները, Աստվածաշունչ ուսուցանողները կամ ժողովի մյուս անդամները չպետք է որևէ մեկին ստիպեն մկրտվել։ Եհովան այդպես չի վարվում (1 Հովհ. 4։8)։ Ուրիշներին սովորեցնելիս մենք պետք է հստակ ցույց տանք, թե որքան կարևոր է Աստծու հետ անձնական փոխհարաբերություններ զարգացնել։ Երբ ուսումնասիրողը սկսի սրտանց գնահատել ճշմարտությունը և ցանկանա վերցնել Քրիստոսի աշակերտը լինելու լուծը, նա կմղվի մկրտվելու (2 Կորնթ. 5։14, 15

15, 16. ա) Կա՞ արդյոք սահմանված տարիք, որից սկսած՝ մարդը կարող է մկրտվել։ Բացատրիր։ բ) Աստվածաշունչ ուսումնասիրողը ինչո՞ւ պետք է մկրտվի որպես Եհովայի վկա, նույնիսկ եթե նախկինում ուրիշ կրոնում մկրտվել է։

15 Չկա սահմանված տարիք, որից սկսած՝ մարդը կարող է մկրտվել։ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարբեր արագությամբ են հոգևորապես աճում ու հասունանում։ Շատերը մկրտվում են փոքր տարիքում և, երբ մեծանում են, շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային։ Ուրիշներն էլ մեծ տարիքում են իմանում աստվածաշնչյան ճշմարտությունը և հասկանում մկրտության կարևորությունը։ Նրանց մեջ կան նույնիսկ 100-ն անց մարդիկ։

16 Աստվածաշունչ ուսումնասիրող մի տարեց կին իրեն ուսուցանողին հարցրեց, թե արդյոք անհրաժեշտ է կրկին մկրտվել։ Բանն այն է, որ տարիների ընթացքում նա տարբեր կրոններում մկրտվել էր։ Նրանք երկուսով աստվածաշնչյան մի քանի համար քննարկեցին։ Այդ կինը հասկացավ, թե ինչ է պահանջում Աստված, և որոշ ժամանակ հետո մկրտվեց։ Թեև նա 80-ին մոտ էր, բայց չմտածեց, թե իր դեպքում մկրտությունն անհրաժեշտություն չէ։ Եհովային ընդունելի ձևով մկրտվելու համար հարկավոր է ճշգրտորեն իմանալ նրա կամքը։ Ուստի նոր աշակերտները պետք է մկրտվեն, նույնիսկ եթե նախկինում ուրիշ կրոնում են մկրտվել (կարդա Գործեր 19։3–5

17. Ինչի՞ մասին տեղին կլինի մտածել մկրտության օրը։

17 Բոլորն էլ իրենց մկրտության օրը շատ են ուրախանում։ Բայց այդ օրը նաև խորապես մտածելու ժամանակ է։ Նվիրման համաձայն ապրելու համար ջանքեր են հարկավոր։ Այդ պատճառով Հիսուսը աշակերտ դառնալը համեմատեց լուծ վերցնելու հետ։ Նրա աշակերտները պետք է «ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթ. 5։15; Մատթ. 16։24

18. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Մարիայի մայրը այս բաների մասին էր մտածում, երբ տվեց հոդվածի սկզբում նշված հարցերը։ Եթե ծնող ես, գուցե ինքդ քեզ հարցնես. «Իմ երեխան իսկապե՞ս պատրաստ է մկրտվելու։ Արդյո՞ք նա համապատասխան գիտելիքներ ունի, որ Աստծուն ընդունելի ձևով նվիրվի նրան։ Իսկ ի՞նչ նպատակներ նա պետք է դնի կրթության ու աշխատանքի հարցում։ Ի՞նչ կլինի, եթե երեխաս մկրտվի ու հետագայում լուրջ մեղք գործի»։ Հաջորդ հոդվածում կքննարկենք այս հարցերը և կխոսենք այն մասին, թե քրիստոնյա ծնողները ինչպես կարող են մկրտության վերաբերյալ հավասարակշռված տեսակետ պահպանել։