Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10

Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ

Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ

«Երկուսով՝ Փիլիպոսն ու ներքինին, մտան ջուրը։ Եվ Փիլիպոսը մկրտեց նրան» (ԳՈՐԾ. 8։38

ԵՐԳ 52 Քրիստոնեական նվիրում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ադամն ու Եվան ի՞նչ կորցրին, և դա ի՞նչ հետևանքների հանգեցրեց։

ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ո՞վ իրավունք ունի սահմանելու, թե ինչն է բարի, և ինչը՝ չար։ Երբ Ադամն ու Եվան կերան բարին և չարը գիտենալու ծառից, նրանք հստակ ցույց տվեցին, որ չեն վստահում Եհովային և չեն ուզում հետևել նրա սահմանած չափանիշներին։ Նրանք գերադասեցին բարու և չարի սեփական չափանիշները սահմանել (Ծննդ. 3։22)։ Այդպես վարվելով՝ նրանք կորցրին Եհովայի հետ ընկերությունը, ինչպես նաև հավիտյան ապրելու հնարավորությունը։ Իսկ իրենց երեխաներին որպես ժառանգություն թողեցին մեղքն ու մահը (Հռոմ. 5։12)։ Ադամի ու Եվայի ընտրությունը իրենց սերունդների կյանքը տառապանքով լցրեց։

Եթովպացի ներքինին ընդունեց Հիսուսի մասին ճշմարտությունը և ցանկացավ հնարավորինս շուտ մկրտվել (տես պարբերություն 2–3)

2–3. ա) Եթովպացի ներքինին ինչպե՞ս արձագանքեց, երբ Փիլիպոսը քարոզեց իրեն։ բ) Մկրտվելով ի՞նչ օրհնություններ ենք ստանում և ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Ի տարբերություն Ադամի ու Եվայի՝ առաջին դարում ապրած մի մարդ բոլորովին այլ կերպ վարվեց։ Նա եթովպացի ներքինի էր։ Երբ Փիլիպոս ավետարանիչը քարոզեց նրան, նա այնքան թանկ գնահատեց այն, ինչ Եհովան ու Հիսուսը արել էին իր համար, որ անմիջապես մկրտվեց (Գործ. 8։34–38)։ Նույն ձևով էլ մենք, երբ նվիրվում ենք Աստծուն և մկրտվում, փաստում ենք, որ գնահատում ենք այն, ինչ Եհովան ու Հիսուսը արել են մեզ համար։ Նաև ցույց ենք տալիս, որ վստահում ենք Եհովային և ընդունում ենք, որ միայն նա իրավունք ունի սահմանելու, թե ինչն է բարի, և ինչը՝ չար։

3 Այժմ մտածիր այն օրհնությունների մասին, որ ստանում ենք Եհովային ծառայելով։ Դրանցից մեկն այն է, որ մենք ի վերջո կարող ենք հետ ստանալ ամեն բան, որ Ադամն ու Եվան կորցրին, այդ թվում՝ հավիտյան ապրելու հնարավորությունը։ Քանի որ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, Եհովան ներում է մեր մեղքերը և մեզ մաքուր խիղճ է տալիս (Մատթ. 20։28; Գործ. 10։43)։ Մենք նաև դառնում ենք Աստծու ընտանիքի մի մասը։ Նա մեզ հավանություն է տալիս և չքնաղ ապագա է խոստանում (Հովհ. 10։14–16; Հռոմ. 8։20, 21)։ Բայց չնայած այս բոլոր օրհնություններին՝ Եհովային ճանաչող մարդկանցից ոմանք վարանում են հետևել եթովպացի ներքինու օրինակին։ Ի՞նչն է նրանց խանգարում մկրտվել։ Եվ ինչպե՞ս կարող են հաղթահարել այդ խոչընդոտները։

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՄԱՆՑ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՄԿՐՏՎԵԼ

Խոչընդոտներ, որոնց բախվում են ոմանք նախքան մկրտվելը

Անվստահության զգացում (տես պարբերություն 4–5) *

4–5. Ի՞նչ մտահոգություններ ունեին երիտասարդ Էյվերին և Հաննան։

4 Անվստահության զգացում։ Էյվերիի ծնողները Եհովայի վկաներ են։ Նրա հայրը շատ հոգատար ծնող է և հիանալի երեց։ Չնայած այդ ամենին՝ Էյվերին վարանում էր մկրտվել։ Ինչո՞ւ։ Տղան պատմում է. «Մտածում էի, թե չեմ կարողանա հորս պես լավ քրիստոնյա լինել»։ Էյվերին նաև վստահ չէր, թե կկարողանա կատարել այն պարտականությունները, որ ապագայում, հնարավոր է, տրվեին իրեն. «Լարվում էի այն մտքից, որ ինձ գուցե խնդրեն հանրության առաջ աղոթել, ելույթ ունենալ, քարոզչական ծառայության հանդիպումներ անցկացնել և խմբի հետ գնալ ծառայության»։

5 18-ամյա Հաննան տառապում էր թերարժեքության զգացումից։ Նա մեծացել էր Եհովայի վկաների ընտանիքում։ Չնայած դրան՝ Հաննան վստահ չէր, թե կարող է ապրել Եհովայի սահմանած չափանիշներով։ Ինչո՞ւ։ Նա շատ ցածր ինքնագնահատական ուներ։ Երբեմն Հաննան էմոցիոնալ այնքան վատ վիճակում էր լինում, որ ինքն իրեն վնասվածքներ էր հասցնում։ Դա ավելի էր բարդացնում նրա վիճակը։ Աղջիկը պատմում է. «Ոչ մեկին չէի ասում, թե ինչ եմ անում, նույնիսկ ծնողներիս։ Իմ արածի պատճառով կարծում էի, թե Եհովան երբեք չի ցանկանա, որ իր ծառան դառնամ»։

Ընկերների ազդեցություն (տես պարբերություն 6) *

6. Ի՞նչն էր Վանեսային հետ պահում մկրտվելուց։

6 Ընկերների ազդեցություն։ 22-ամյա Վանեսան ասում է. «Ես մի լավ ընկերուհի ունեի, որի հետ գրեթե տասը տարի մտերիմ էի»։ Սակայն ընկերուհին նրան խանգարում էր հասնել մկրտության նպատակին, և դա Վանեսային ցավ էր պատճառում։ Աղջիկը նշում է. «Ինձ համար դժվար է ընկերանալ ինչ-որ մեկի հետ։ Ուստի վախենում էի, որ եթե վերջ դնեմ այդ ընկերությանը, այլևս մտերիմ ընկերուհի չեմ ունենա»։

Սխալվելու վախ (տես պարբերություն 7) *

7. Մակեյլա անունով մի աղջիկ ի՞նչ մտավախություն ուներ և ինչո՞ւ։

7 Սխալվելու վախ։ Մակեյլան հինգ տարեկան էր, երբ իր եղբայրը զրկվեց ընկերակցությունից։ Հետագա տարիներին նա տեսնում էր, թե իր ծնողները որքան են տառապում եղբոր արարքների պատճառով։ Աղջիկը խոստովանում է. «Մտածում էի՝ բա որ մկրտվելուց հետո մեղք գործեմ, ընկերակցությունից զրկվեմ ու կրկնապատկեմ ծնողներիս ցավը...»։

Հակառակության հանդիպելու վախ (տես պարբերություն 8) *

8. Ինչի՞ց էր վախենում Մայլս անունով մի տղա։

8 Հակառակության հանդիպելու վախ։ Մայլսի հայրն ու վերջինիս կինը Եհովայի ծառաներ են, սակայն տղայի հարազատ մայրը Վկա չէ։ Մայլսը պատմում է. «18 տարի մորս հետ եմ ապրել։ Վախենում էի նրան ասել, որ ուզում եմ մկրտվել, քանի որ տեսել էի նրա արձագանքը, երբ հայրս էր Վկա դարձել։ Մտավախություն ունեի, որ նա խնդիրներ կստեղծի ինձ համար»։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

9. Ի՞նչ է լինում, երբ մարդ խորությամբ հասկանում է, թե ինչքան սիրող ու համբերատար է Եհովան։

9 Ադամն ու Եվան դադարեցին ծառայել Եհովային, որովհետև իրենց սրտում ուժգին սեր չէին զարգացրել նրա հանդեպ։ Չնայած դրան՝ Աստված նրանց թույլ տվեց այնքան երկար ապրել, որ կարողանան երեխաներ ունենալ և իրենց սեփական չափանիշներով դաստիարակել նրանց։ Եհովայից անկախանալու որոշման հետևանքները շուտով բացահայտեցին, թե որքան անմիտ են վարվել Ադամն ու Եվան։ Նրանց ավագ որդին սպանեց իր եղբորը, ով ոչ մի մեղք չէր գործել իր դեմ, և ժամանակի ընթացքում բռնությունն ու եսասիրությունը համաճարակի պես տարածվեցին մարդկային ողջ ընտանիքում (Ծննդ. 4։8; 6։11–13)։ Սակայն Եհովան փրկության ճանապարհ բացեց Ադամի ու Եվայի այն հետնորդների համար, ովքեր կցանկանային ծառայել իրեն (Հովհ. 6։38–40, 57, 58)։ Եթե խորությամբ հասկանաս, թե ինչքան սիրող ու համբերատար է Եհովան, ավելի շատ կսիրես նրան։ Արդյունքում կցանկանաս մերժել Ադամի ու Եվայի բռնած ուղին և կյանքդ նվիրել Աստծուն։

Խոչընդոտները հաղթահարելու ձևեր

(տես պարբերություն 9–10) *

10. Սաղմոս 19։7-ի շուրջ խորհելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ դառնալու Եհովայի հավատարիմ ծառա։

10 Շարունակիր սովորել Եհովայի մասին։ Որքան լավ ճանաչես Արարչիդ, այնքան ավելի վստահ կլինես, որ կկարողանաս հավատարմորեն ծառայել նրան։ Էյվերին, ում մասին արդեն հիշատակել ենք, ասում է. «Երբ կարդացի Սաղմոս 19։7-ը և խորհեցի այնտեղ գրված խոստման շուրջ, վստահությամբ լցվեցի» (կարդա)։ Իսկ երբ տղան տեսավ, թե Եհովան ինչպես է կատարում իր խոստումը, սկսեց ավելի շատ սիրել նրան։ Սերը ոչ միայն վստահություն է տալիս, այլև հետ է պահում Աստծու համար տհաճ բաներ անելուց և ցանկություն է առաջացնում կատարելու նրա կամքը։ Հաննան ասում է. «Կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ սկսեցի գիտակցել, որ երբ ինքս ինձ ցավ եմ պատճառում, Եհովային էլ եմ ցավ պատճառում» (1 Պետ. 5։7)։ Հաննան Աստծու խոսքը կատարող դարձավ (Հակ. 1։22)։ Եվ դա ի՞նչ արդյունք բերեց։ Նա պատմում է. «Երբ տեսա, թե Եհովային հնազանդվելը ինչ մեծ օգուտ է տալիս, է՛լ ավելի սիրեցի նրան։ Հիմա համոզված եմ, որ երբ ունենամ Եհովայի օգնության կարիքը, նա անպայման կաջակցի ու կառաջնորդի ինձ»։ Հաննան կարողացավ հաղթահարել ինքն իրեն վնասվածքներ պատճառելու հակումը։ Նա իր կյանքը նվիրեց Եհովային ու մկրտվեց։

(տես պարբերություն 11) *

11. Վանեսան ի՞նչ արեց լավ ընկերներ գտնելու համար, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

11 Իմաստությամբ ընտրիր ընկերներիդ։ Վանեսան ի վերջո հասկացավ, որ իր ընկերուհին իրեն հետ է պահում մկրտվելուց, և վերջ դրեց այդ ընկերությանը։ Սակայն աղջիկը ուրիշ բան էլ արեց։ Նա ջանաց ժողովում նոր ընկերներ գտնել։ Վանեսայի խոսքով՝ Նոյի ու նրա ընտանիքի օրինակը օգնեց իրեն։ «Նրանց շուրջը ապրում էին Եհովային չսիրող մարդիկ,— ասում է նա,— բայց նրանք, իրար հետ շփվելով, զորանում էին»։ Մկրտվելուց որոշ ժամանակ հետո Վանեսան ռահվիրա դարձավ։ Նա ասում է. «Դա օգնեց ինձ լավ ընկերներ գտնել ոչ միայն մեր, այլև մյուս ժողովներում»։ Դու էլ կարող ես լավ ընկերներ գտնել, եթե բոլոր ուժերդ ներդնես այն գործի մեջ, որը Եհովան հանձնարարել է մեզ (Մատթ. 24։14

(տես պարբերություն 12–15) *

12. Ադամն ու Եվան ինչպիսի՞ վախ չունեին, և դա ի՞նչ հետևանքներ ունեցավ։

12 Առողջ վախ զարգացրու քո մեջ։ Վախը միշտ չէ, որ վնասակար է։ Օրինակ՝ մենք պետք է վախենանք Եհովային տխրեցնելուց (Սաղ. 111։10)։ Եթե Ադամն ու Եվան այդպիսի վախ ունենային, Աստծու դեմ չէին ապստամբի։ Ինչևէ, նրանք արեցին այդ քայլը։ Դրանից հետո նրանց աչքերը բացվեցին։ Ի՞նչ իմաստով։ Նրանք լիովին գիտակցեցին, որ մեղսագործներ են։ Այդուհետ մեր նախածնողները կարող էին իրենց երեխաներին փոխանցել միայն մեղք ու մահ։ Քանի որ Ադամն ու Եվան հասկացան, թե ինչ վիճակում են հայտնվել, ամաչեցին իրենց մերկությունից և ծածկվեցին (Ծննդ. 3։7, 21

13–14. ա) 1 Պետրոս 3։21-ի համաձայն՝ ինչո՞ւ չպետք է հիվանդագին վախ ունենանք մահից։ բ) Եհովային սիրելու ի՞նչ պատճառներ ունենք։

13 Այո՛, մենք պետք է առողջ վախ ունենանք Եհովայի հանդեպ, միևնույն ժամանակ չպետք է հիվանդագին վախ ունենանք մահից։ Մեր երկնային Հայրը հավիտենական կյանքի հասնելու ճանապարհ է բացել մեր առաջ։ Եթե մեղք գործենք, բայց անկեղծորեն զղջանք, նա կների մեր սխալները։ Նա կների մեզ՝ տեսնելով, որ հավատում ենք իր Որդու քավիչ զոհաբերությանը։ Իսկ մեր հավատն ապացուցելու հիմնական ձևերից մեկը Աստծուն նվիրվելն ու մկրտվելն է (կարդա 1 Պետրոս 3։21

14 Մենք Եհովային սիրելու շատ պատճառներ ունենք։ Ամեն օր նա ոչ միայն զանազան ախորժելի բարիքներ է տալիս մեզ, այլև սովորեցնում է իր և իր նպատակների մասին ճշմարտությունը (Հովհ. 8։31, 32)։ Նա ստեղծել է քրիստոնեական ժողովը, որ առաջնորդի և աջակցի մեզ։ Այժմ նա օգնում է, որ կարողանանք կրել մեր բեռները, իսկ ապագայի համար հույս է տալիս, որ հավիտյան կապրենք կատարյալ պայմաններում (Սաղ. 68։19; Հայտն. 21։3, 4)։ Երբ մտածում ենք, թե Եհովան որքան շատ բան է արել իր սերը ցույց տալու համար, մեր սրտում պատասխան սեր է արթնանում։ Իսկ երբ սիրում ենք Աստծուն, սկսում ենք առողջ վախ զգալ նրա հանդեպ. մենք վախենում ենք ցավ պատճառել նրան, ում այդքան սիրում ենք։

15. Մակեյլան ինչպե՞ս հաղթահարեց սխալվելու վախը։

15 Մակեյլան հաղթահարեց սխալվելու վախը, երբ հասկացավ, թե որքան ներողամիտ է Եհովան։ Նա ասում է. «Ես գիտակցեցի, որ բոլորս էլ անկատար ենք ու սխալական։ Բայց նաև հասկացա, որ Եհովան սիրում է մեզ ու փրկանքի հիման վրա ներում է մեր սխալները»։ Աստծու հանդեպ սերը այս աղջկան մղեց նվիրվել նրան ու մկրտվել։

(տես պարբերություն 16) *

16. Ի՞նչը Մայլսին օգնեց հաղթահարել հակառակության հանդիպելու վախը։

16 Մայլսը, ով վախենում էր, որ իր մայրը կհակառակվի մկրտվելու իր որոշմանը, օգնություն խնդրեց շրջանային վերակացուից։ Տղան պատմում է. «Մեր շրջանային վերակացուն նույնպես մեծացել է կրոնապես բաժանված ընտանիքում։ Նա օգնեց ինձ հասկանալ, թե ինչպես կարող եմ մորս հավաստիացնել, որ մկրտվելը ի՛մ որոշումն է, ոչ թե հորս»։ Մայլսը խոսեց մոր հետ, բայց վերջինս լավ չարձագանքեց։ Ի վերջո տղան ստիպված եղավ հեռանալ մոր տնից և ի կատար ածեց իր որոշումը։ Նա ասում է. «Երբ հասկացա, թե Եհովան ինչ լավ բաներ է արել ինձ համար, սիրտս երախտագիտությամբ լցվեց։ Մտորելով Հիսուսի քավիչ զոհաբերության շուրջ՝ գիտակցեցի, թե Եհովան ինչքան է ինձ սիրում։ Դա մղեց ինձ նվիրվել նրան ու մկրտվել»։

ՀԵՏ ՉԿԱՆԳՆԵՍ ՔՈ ՈՐՈՇՈՒՄԻՑ

Մենք կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում այն ամենը, ինչ Աստված արել է մեզ համար (տես պարբերություն 17)

17. Մեզնից յուրաքանչյուրը ի՞նչ հնարավորություն ունի։

17 Ուտելով բարին ու չարը գիտենալու ծառի պտղից՝ Եվան հրաժարվեց իր Հորից։ Երբ Ադամը միացավ իր կնոջ ապստամբությանը, դրանով ցույց տվեց, որ բացարձակապես չի գնահատում Եհովայի արած լավ բաները։ Մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի փաստելու, որ լիովին դեմ է Ադամի ու Եվայի կայացրած որոշմանը։ Մկրտվելով մենք Եհովային ցույց ենք տալիս մեր հավատն առ այն, որ նա իրավունք ունի բարու և չարի չափանիշներ սահմանելու մեզ համար, ինչպես նաև ապացուցում ենք, որ սիրում ու վստահում ենք մեր երկնային Հորը։

18. Ի՞նչ կարող ես անել, որ հավատարմորեն ծառայես Եհովային։

18 Մկրտությունից հետո մենք պետք է ջանքեր թափենք, որ ամեն օր առաջնորդվենք ոչ թե մեր, այլ Եհովայի չափանիշներով։ Այսօր միլիոնավոր մարդկանց դա հաջողվում է։ Դու էլ կարող ես նրանց պես վարվել, եթե շարունակես խորացնել Աստծու Խոսքի հասկացողությունդ, կանոնավորաբար շփվես եղբայրներիդ ու քույրերիդ հետ և խանդավառությամբ ուրիշներին պատմես այն ամենը, ինչ իմացել ես քո երկնային Հոր մասին (Եբր. 10։24, 25)։ Որոշումներ կայացնելիս հետևիր այն խորհուրդներին, որ Եհովան տալիս է իր Խոսքի ու կազմակերպության միջոցով (Ես. 30։21)։ Այդ դեպքում քո բոլոր «ծրագրերը կհաստատվեն» (Առակ. 16։3, 20

19. Ինչի՞ մասին պետք է շարունակես մտածել և ինչո՞ւ։

19 Եթե շարունակես մտածել այն մասին, թե Եհովայի առաջնորդությունը ինչ մեծ օգուտ է տալիս քեզ, ավելի ու ավելի շատ կսիրես նրան ու նրա չափանիշները։ Այդ դեպքում Սատանայի առաջարկած և ոչ մի բան քեզ չի հրապուրի ու Եհովայից չի հեռացնի։ Այժմ պատկերացրու, թե ինչ կզգաս հազար տարի հետո։ Երբ հիշես մկրտվելու որոշումդ, սիրտդ կցնծա, որ հարյուրամյակներ առաջ կայացրել ես կյանքիդ լավագույն որոշումը։

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

^ պարբ. 5 Մկրտվե՞լ, թե՞ ոչ. սա քո կյանքի ամենակարևոր որոշումն է։ Իսկ ինչո՞ւ։ Պատասխանը կգտնենք այս հոդվածում։ Դրանում գործնական խորհուրդներ կտրվեն այն մարդկանց, ովքեր մտածում են մկրտվելու մասին, սակայն չգիտեն, թե ինչպես հաղթահարեն այն դժվարությունները, որոնք այդ քայլն անելուց հետ են պահում իրենց։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Անվստահության զգացում։ Պատանին վարանում է մեկնաբանություն տալ։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Ընկերների ազդեցություն։ Վկա աղջիկը, որի աշխարհիկ ընկերուհին իր վրա վատ ազդեցություն է թողնում, ամաչում է, երբ տեսնում է իր հավատակիցներին։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Սխալվելու վախ։ Երբ աղջկա եղբայրը զրկվում է ընկերակցությունից և հեռանում է տնից, նա սկսում է վախենալ, որ ինքն էլ չի կարողանա Եհովայի հավատարիմ ծառա լինել։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Հակառակության հանդիպելու վախ։ Աղոթելիս տղան լարվում է, երբ իր ոչ Վկա մայրը խեթ-խեթ նայում է իրեն։

^ պարբ. 65 ՆԿԱՐ։ Անվստահության զգացում։ Պատանին որոշում է ավելի խոր ուսումնասիրություններ անել։

^ պարբ. 67 ՆԿԱՐ։ Ընկերների ազդեցություն։ Աղջիկը սովորում է հպարտանալ այն բանով, որ Եհովայի վկա է։

^ պարբ. 69 ՆԿԱՐ։ Սխալվելու վախ։ Աղջիկը մտերմանում է Աստծու հետ և մկրտվում է։

^ պարբ. 71 ՆԿԱՐ։ Հակառակության հանդիպելու վախ։ Տղան քաջությամբ է լցվում և մորը պատմում է իր հավատալիքների մասին։