Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11

Լսիր Եհովայի ձայնին

Լսիր Եհովայի ձայնին

«Սա՛ է իմ սիրելի Որդին.... նրա՛ն լսեք» (ՄԱՏԹ. 17։5

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Եհովան ինչպե՞ս է հաղորդակցվել մարդկանց հետ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԵՀՈՎԱՆ սիրում է խոսել մարդկանց հետ։ Անցյալում նա իր մտքերը փոխանցել է մարգարեների, հրեշտակների և իր Որդու միջոցով (Ամոս 3։7; Գաղ. 3։19; Հայտն. 1։1)։ Իսկ այսօր նա մեզ հետ հաղորդակցվում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Եհովան իր Խոսքը գրել է տվել այն նպատակով, որ մենք կարողանանք հասկանալ իր մտածելակերպն ու գործելակերպը և ընդօրինակել իրեն։

2 Երբ Հիսուսը երկրի վրա էր, Եհովան նաև անձամբ է խոսել երկնքից։ Նա դա արել է երեք անգամ։ Եկեք քննենք, թե Աստված ինչ է ասել այդ ժամանակ, ինչ կարող ենք սովորել նրա ասածներից և ինչպես կարող ենք գործել դրանց համաձայն։

«ԴՈ՛Ւ ԵՍ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՈՐԴԻՆ»

3. Մարկոս 1։9–11 համարների համաձայն՝ Եհովան ի՞նչ ասաց, երբ Հիսուսը մկրտվեց, և ի՞նչ կարևոր ճշմարտություններ են հաստատում այդ խոսքերը։

3 Մարկոս 1։9–11 համարներում նկարագրված է առաջին դեպքը, երբ Եհովան խոսել է երկնքից (կարդա)։ Հիսուսի մկրտվելուց անմիջապես հետո Աստված ասաց. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»։ Ըստ ամենայնի, Հիսուսի սիրտը ջերմությամբ լցվեց, երբ լսեց իր Հոր ձայնը և այն սրտառուչ խոսքերը, որ Նա սիրում ու վստահում է իրեն։ Եհովայի խոսքերը երեք կարևոր ճշմարտություն հաստատեցին։ Առաջին՝ Հիսուսը իր Որդին է։ Երկրորդ՝ Եհովան սիրում է նրան։ Եվ երրորդ՝ Եհովան հավանում է իր Որդուն։ Եկեք ավելի հանգամանորեն քննենք այս երեք ճշմարտությունները։

4. Մկրտվելիս Հիսուսը ի՞նչ նոր իմաստով դարձավ Աստծու Որդին։

4 «Դո՛ւ ես իմ.... Որդին»։ Այս խոսքերով Եհովան ցույց տվեց, որ Հիսուսը նոր իմաստով դարձավ իր Որդին։ Երկնքում եղած ժամանակ Հիսուսը Աստծու ոգեղեն Որդին էր։ Իսկ մկրտվելիս նա օծվեց սուրբ ոգով ու դարձավ նաև Աստծու օծյալ Որդին, ինչը նրա առաջ հնարավորություն բացեց վերադառնալու երկինք և նստելու գահին որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր ու Քահանայապետ (Ղուկ. 1։31–33; Եբր. 1։8, 9; 2։17)։ Ուստի հասկանալի է, թե Հիսուսի մկրտության ժամանակ նրա Հայրը ինչու ասաց. «Դո՛ւ ես իմ.... Որդին» (Ղուկ. 3։22

Մենք ծաղկում ենք, երբ մեզ գովում ու քաջալերում են (տես պարբերություն 5) *

5. Սեր արտահայտելու և քաջալերելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։

5 «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին»։ Այն, որ Եհովան արտահայտեց իր սերն ու բարեհաճությունը, լավ հիշեցում է, որ մենք էլ մարդկանց քաջալերելու առիթներ փնտրենք (Հովհ. 5։20)։ Մենք ծաղկում ենք, երբ ինչ-որ մեկը, ում մասին հոգ ենք տանում, արտահայտում է իր սերը մեր հանդեպ և մեր արած լավ բաների համար գովում է մեզ։ Նույն ձևով էլ մեր ժողովի ու ընտանիքի անդամներն են զգում մեր սիրո և քաջալերանքի կարիքը։ Երբ գովում ենք ուրիշներին, զորացնում ենք նրանց հավատը և օգնում ենք հավատարմորեն ծառայել Եհովային։ Ծնողները պետք է հատկապես ուշադիր լինեն, որ չմոռանան քաջալերել իրենց զավակներին։ Երբ ծնողները ի սրտե գովում են երեխաներին և արտահայտում են իրենց սերը նրանց նկատմամբ, նրանք ծաղկի պես բացվում են։

6. Ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել Հիսուս Քրիստոսին։

6 «Ես քեզ հավանել եմ»։ Ինչպես ցույց են տալիս այս խոսքերը, Եհովան չէր էլ կասկածում, որ Հիսուսը հավատարմորեն կկատարի Իր կամքը։ Եթե Աստված այդքան վստահում է իր Որդուն, մենք նույնպես կարող ենք լիովին համոզված լինել, որ Հիսուսը հավատարմորեն կիրագործի Եհովայի բոլոր խոստումները (2 Կորնթ. 1։20)։ Երբ խորհում ենք Հիսուսի օրինակի շուրջ, ավելի շատ ենք ցանկանում սովորել նրանից և քայլել նրա հետքերով։ Եհովան նաև համոզված է, որ իր ծառաները՝ որպես խումբ, չեն դադարի հետևել իր Որդուն (1 Պետ. 2։21

«ՆՐԱ՛Ն ԼՍԵՔ»

7. Համաձայն Մատթեոս 17։1–5 համարների՝ ո՞ր իրադարձության ժամանակ Եհովան խոսեց երկնքից և ի՞նչ ասաց։

7 Կարդա Մատթեոս 17։1–5։ Երկրորդ անգամ Եհովան երկնքից խոսեց Հիսուսի այլակերպության ժամանակ։ Հիսուսը իր հետ վերցրել էր Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց հետ մի բարձր լեռ էր գնացել։ Այնտեղ առաքյալները զարմանահրաշ տեսիլք տեսան։ Հիսուսի երեսը արևի պես փայլեց, իսկ վերնազգեստը դարձավ լույսի պես պայծառ։ Ապա երկու կերպարանք հայտնվեցին, որոնք ներկայացնում էին Մովսեսին ու Եղիային։ Նրանք սկսեցին Հիսուսի հետ խոսել նրա մահվան և հարության մասին։ Առաքյալները մինչ այդ «քնով էին անցել», բայց երբ քնից սթափվեցին, տեսան այս արտասովոր երևույթը (Ղուկաս 9։29–32)։ Հետո մի լուսավոր ամպ ծածկեց նրանց, և ամպի միջից լսվեց Աստծու ձայնը. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»։ Բայց այս անգամ Եհովան ավելացրեց. «Նրա՛ն լսեք»։

8. Այլակերպության տեսիլքը ի՞նչ ազդեցություն ունեցավ Հիսուսի և առաքյալների վրա։

8 Այլակերպության տեսիլքը նախապես ցույց տվեց, թե Հիսուսը ինչ փառքի է արժանանալու և ինչ զորություն է ունենալու որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հիսուսին սպասող տառապանքներից և դաժան մահից առաջ այդ տեսիլքը, անկասկած, շատ քաջալերեց ու զորացրեց նրան։ Այն զորացրեց նաև առաքյալների հավատը և ուժ տվեց, որ դիմանան իրենց սպասող փորձություններին և տարիներ շարունակ կատարեն իրենց հանձնարարված դժվարին գործը։ Այլակերպության տեսիլքը տեսնելուց մոտ 30 տարի անց Պետրոս առաքյալը իր նամակներից մեկում անդրադարձավ դրան, ինչն էլ պարզ ցույց տվեց, որ այն դեռևս թարմ էր իր հիշողության մեջ (2 Պետ. 1։16–18

9. Հիսուսը ի՞նչ լավ խորհուրդներ է տվել իր աշակերտներին։

9 «Նրա՛ն լսեք»։ Ինչպես ցույց են տալիս այս խոսքերը, Եհովան ցանկանում է, որ մենք լսենք ու հնազանդվենք իր Որդուն։ Իսկ ի՞նչ է ասել Հիսուսը, երբ երկրի վրա էր։ Նա շատ կարևոր բաներ է սովորեցրել։ Օրինակ՝ իր հետևորդներին սովորեցրել է քարոզել բարի լուրը, ինչպես նաև բազմիցս ասել է, որ նրանք արթուն մնան (Մատթ. 24։42; 28։19, 20)։ Բացի այդ, Հիսուսը հորդորել է, որ նրանք «ամեն ջանք գործադրեն» «նեղ դռնով ներս մտնելու» համար և չհանձնվեն (Ղուկ. 13։24)։ Նա շեշտել է, թե ինչքան կարևոր է, որ իր հետևորդները սիրեն միմյանց, միասնական լինեն և պահեն իր պատվիրանները (Հովհ. 15։10, 12, 13)։ Որքա՜ն տեղին խորհուրդներ է տվել Հիսուսը իր աշակերտներին։ Դրանք այսօր նույնքան արդիական են, որքան այն ժամանակ։

10–11. Ինչպե՞ս ենք փաստում, որ լսում ենք Հիսուսին։

10 Հիսուսն ասել է. «Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ ձայնը» (Հովհ. 18։37)։ Մենք փաստում ենք, որ լսում ենք նրա ձայնը, երբ «շարունակում ենք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կող. 3։13; Ղուկ. 17։3, 4)։ Դա փաստում ենք նաև նրանով, որ «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ» եռանդով քարոզում ենք բարի լուրը (2 Տիմոթ. 4։2

11 Հիսուսը նշել է. «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը» (Հովհ. 10։27)։ Քրիստոսի հետևորդները իրենց Տիրոջ ձայնը լսում են ոչ միայն ուշադրություն դարձնելով նրա խոսքերին, այլև գործելով դրանց համաձայն։ Նրանք թույլ չեն տալիս, որ «կյանքի հոգսերը» իրենց շեղեն Աստծուն ծառայելուց (Ղուկ. 21։34)։ Հակառակը՝ Հիսուսի պատվերներին հետևելը նրանց համար ամենակարևոր բանն է, նույնիսկ ծանր հանգամանքներում։ Մեր հավատակիցներից շատերը տոկում են դաժան փորձությունների ներքո, ինչպիսիք են հակառակորդների հարձակումները, ծայրահեղ աղքատությունը և բնական աղետները։ Չնայած այդ նեղություններին՝ նրանք ամեն գնով հավատարիմ են մնում Եհովային։ Հիսուսը նրանց հավաստիացրել է. «Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է սիրում ինձ։ Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից» (Հովհ. 14։21

Ծառայության վրա կենտրոնանալով՝ ցույց ենք տալիս, որ լսում ենք Հիսուսին (տես պարբերություն 12) *

12. Է՞լ ինչպես կարող ենք ցույց տալ, որ լսում ենք Հիսուսին։

12 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ լսում ենք Հիսուսին։ Համագործակցելով նրանց հետ, ում նա նշանակել է իր ժողովրդին առաջնորդելու համար (Եբր. 13։7, 17)։ Աստծու կազմակերպությունը վերջին տարիներին բազմաթիվ նորամուծություններ է արել։ Այժմ մենք քարոզչական նոր գործիքներ ու մեթոդներ ենք կիրառում, փոխվել է նաև մեր միջշաբաթյա հանդիպման ձևաչափը և այն, թե ինչպես ենք կառուցում, նորոգում ու սպասարկում մեր Թագավորության սրահները։ Որքա՜ն շնորհակալ ենք այդ լավ մտածված առաջնորդության համար, որ եղբայրները տալիս են սիրուց մղված։ Եհովան, անկասկած, կօրհնի մեր ջանքերը, որ թափում ենք իր կազմակերպությունից եկած ժամանակահարմար ցուցումներին հետևելու համար։

13. Ինչպե՞ս ենք օրհնվում, երբ լսում ենք Հիսուսին։

13 Մենք մեծապես օրհնվում ենք, երբ լսում և կատարում ենք այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցրել է։ Նա իր աշակերտներին խոստացել է, որ իր ուսմունքները կթարմացնեն նրանց. «Դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։28–30)։ Աստծու Խոսքը, որի մաս են կազմում Հիսուսի կյանքի ու ծառայության մասին պատմող չորս Ավետարանները, թարմացնում է մեզ, վերականգնում է մեր հոգևոր ուժերը և մեզ իմաստուն է դարձնում (Սաղ. 19։7; 23։3)։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկ. 11։28

«ՓԱՌԱՎՈՐԵՑԻ ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԿՓԱՌԱՎՈՐԵՄ»

14–15. ա) Համաձայն Հովհաննես 12։27, 28 համարների՝ ե՞րբ էր, որ Եհովան երրորդ անգամ խոսեց։ բ) Եհովայի խոսքերը ինչո՞ւ մխիթարեցին ու զորացրին Հիսուսին։

14 Կարդա Հովհաննես 12։27, 28։ Հովհաննեսի Ավետարանում նշված է երրորդ դեպքը, երբ Եհովան խոսել է երկնքից։ Հիսուսը մահից մի քանի օր առաջ եկավ Երուսաղեմ՝ վերջին անգամ նշելու Պասեքը։ Նա իր շուրջը հավաքվածներին ասաց. «Հոգիս խռովված է»։ Ապա բարձրաձայն դիմեց Աստծուն. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդ ժամանակ Աստված խոսեց երկնքից և ասաց նրան. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։

15 Հիսուսի հոգին խռովված էր, քանի որ նրա ուսերին մեծ պատասխանատվություն էր դրված. նա պետք է մինչև վերջ հավատարիմ մնար Եհովային։ Նա շատ լավ գիտեր, թե ինչ տառապանքների միջով պիտի անցներ, գիտեր, որ իրեն դաժանորեն խարազանելու էին և մահապատժի էին ենթարկելու (Մատթ. 26։38)։ Ամեն ինչից առավել Հիսուսն ուզում էր փառավորել իր Հոր անունը։ Սակայն քանի որ իրեն դատապարտելու էին որպես Աստծուն հայհոյողի, նա խիստ անհանգստանում էր, որ իր մահը անարգանք կբերի Աստծու անվանը։ Ուստի նա շատ քաջալերվեց՝ լսելով Եհովայի խոսքերը։ Այժմ Հիսուսը կարող էր համոզված լինել, որ Եհովայի անունը փառավորվելու է։ Աստծու խոսքերը մխիթարեցին և զորացրին նրան դաժան փորձություններից առաջ։ Թեև ներկաներից հավանաբար միայն Հիսուսը հասկացավ, թե ինչ ասաց իր Հայրը, բայց Եհովան հոգ տարավ, որ հետագայում այդ խոսքերը գրի առնվեն բոլորիս համար (Հովհ. 12։29, 30

Եհովան կփառավորի իր անունը և կազատագրի իր ժողովրդին (տես պարբերություն 16) *

16. Երբեմն ի՞նչը գուցե խիստ անհանգստացնի մեզ։

16 Հիսուսի պես մենք էլ ենք մտահոգվում, երբ տեսնում ենք, որ Եհովայի անունը անարգվում է։ Հնարավոր է՝ մենք նույնպես անարդար վերաբերմունքի զոհ ենք դարձել։ Կամ գուցե խիստ անհանգստանում ենք այն ստերի պատճառով, որ հակառակորդները տարածում են մեր մասին։ Հավանաբար մեզ անհանգստացնում է այն, թե ինչ մեծ անարգանք են այդ ստերը բերում Աստծու և նրա կազմակերպության անվանը։ Սակայն խիստ անհանգստանալու հարկ չկա։ Նման դեպքերում մեր երկնային Հոր խոսքերը կարող են անչափ մխիթարել մեզ։ Դեռ ավելին՝ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի [մեր] սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Եհովային ոչ մի բան չի կարող խանգարել, որ փառավորի իր անունը։ Եվ նա Մեսիական Թագավորության միջոցով կչեզոքացնի այն բոլոր վնասները, որ Սատանան և նրա աշխարհը պատճառել են Իր հավատարիմ ծառաներին (Սաղ. 94։22, 23; Ես. 65։17

ԼՍԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՁԱՅՆԻՆ ԵՎ ՕՐՀՆՎԻՐ

17. Ըստ Եսայիա 30։21-ի՝ այսօր Եհովան ինչպե՞ս է խոսում մեզ հետ։

17 Եհովան այսօր նույնպես խոսում է մեզ հետ (կարդա Եսայիա 30։21)։ Ճիշտ է, մենք երկնքից չենք լսում նրա ձայնը, սակայն նա մեզ տվել է իր գրավոր Խոսքը՝ Աստվածաշունչը, որի միջոցով էլ մեզ հուշում է մեր ճանապարհը։ Բացի այդ, Եհովայի ոգին «հավատարիմ և իմաստուն տնտեսին» մղում է շարունակ հոգևոր սնունդ մատակարարել Իր ծառաներին (Ղուկ. 12։42)։ Եվ որքա՜ն առատ է այդ սնունդը։ Մեզ հասանելի են ոչ միայն տպագիր հրատարակություններ, այլև օնլայն նյութեր, ինչպես նաև բազմազան տեսանյութեր և ձայնագրություններ։

18. Եհովայի խոսքերը ինչպե՞ս են կերտում հավատդ և քաջություն տալիս քեզ։

18 Եկեք մեր մտքում վառ պահենք այն խոսքերը, որ Եհովան ասաց իր Որդուն, երբ վերջինս երկրի վրա էր։ Թող որ անձամբ Աստծու կողմից ասված խոսքերը մեզ վստահությամբ լցնեն, որ ամեն բան Եհովայի վերահսկողության տակ է, և որ շուտով նա կհատուցի Սատանայի ու նրա չար աշխարհի պատճառած բոլոր վնասները։ Թող որ վճռենք միշտ լսել Եհովայի ձայնին։ Եթե այդպես վարվենք, կկարողանանք տոկուն մնալ ցանկացած դժվարության ներքո, որ ունենք այսօր կամ կունենանք ապագայում։ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Դուք տոկունության կարիք ունեք, որպեսզի Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը» (Եբր. 10։36

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»

^ պարբ. 5 Երբ Հիսուսը երկրի վրա էր, Եհովան երեք անգամ խոսեց երկնքից։ Երկրորդ անգամ խոսելիս նա Քրիստոսի աշակերտներին հորդորեց ականջ դնել իր Որդուն։ Այսօր Եհովան մեզ հետ խոսում է իր գրավոր Խոսքի միջոցով, որի մաս են կազմում Հիսուսի սովորեցրած բաները, ինչպես նաև իր կազմակերպության միջոցով։ Այս հոդվածում քննարկվում է, թե Եհովային և Հիսուսին լսելով՝ ինչպես ենք օրհնվում։

^ պարբ. 52 ՆԿԱՐ։ Երեցը նկատում է, թե մի ծառայող օգնական ինչպես է մաքրում Թագավորության սրահի բակը և ծառայում գրականության սեղանի մոտ։ Նա սրտանց գովում է այդ երիտասարդին։

^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Սիեռա Լեոնեում մի ամուսնական զույգ ժողովի հանդիպումների հրավիրատոմս է տալիս տեղացի ձկնորսներից մեկին։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Մի երկրում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է, Վկաները ժողովի հանդիպումը հավատակիցներից մեկի տանն են անցկացնում։ Նրանք ոչ պաշտոնական հագուստով են, որպեսզի ուշադրություն չգրավեն։