Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ահա՛ մենք, մե՛զ ուղարկեք»

«Ահա՛ մենք, մե՛զ ուղարկեք»

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՍ ծառայությունդ ընդլայնել և տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, գուցե նույնիսկ ուրիշ երկիր։ Եթե այո, ապա Բերգամների օրինակը հետաքրքիր կլինի քեզ համար։

Ջեքը և Մարի-Լինը միասին լիաժամ ծառայության մեջ են 1988 թ.-ից։ Նրանք էությամբ հարմարվող մարդիկ են, ինչի շնորհիվ բազմաթիվ նշանակումներ են ստացել Գվադելուպայում և Ֆրանսիական Գվիանայում։ Երկու տարածքներն էլ այժմ գտնվում են Ֆրանսիայի մասնաճյուղի հոգածության տակ։ Եկեք զրուցենք նրանց հետ։

— Ձեզ ի՞նչը մղեց լիաժամ ծառայություն սկսել։

Մարի-Լին — Մանկությունս անցել է Գվադելուպայում։ Հաճախ էի ամբողջ օրը ծառայում մայրիկիս հետ, ով եռանդուն քարոզիչ էր։ Միշտ սիրել եմ մարդկանց, դրա համար էլ 1985 թ.-ին, հենց դպրոցն ավարտեցի, ռահվիրայություն սկսեցի։

Ջեք — Պատանեկան տարիքից շրջապատված էի լիաժամ ծառայողներով, ովքեր շատ էին սիրում քարոզչական գործը։ Դպրոցական արձակուրդներին ենթառահվիրայություն էի անում։ Շաբաթ-կիրակի օրերին էլ երբեմն մորս կամ ժողովի եղբայրներից մեկի հետ ավտոբուսով գնում էի այլ տարածքներ, որտեղ ռահվիրաների հետ ամբողջ օրը ծառայում էինք։ Իսկ օրվա վերջում նրանց հետ գնում էինք ծովափ։ Շատ լավ օրեր էին։

1988-ին ամուսնացա Մարի-Լինի հետ։ Որոշ ժամանակ անց մտածեցի. «Քանի որ ազատ ենք՝ պարտավորություններ չունենք, ինչո՞ւ ծառայության մեջ ավելին չանենք»։ Ուստի ես էլ ռահվիրա դարձա։ Մեկ տարի անց՝ ռահվիրայական դպրոցում սովորելուց հետո, նշանակվեցինք հատուկ ռահվիրա։ Գվադելուպայի տարբեր տարածքներում ծառայելուց հետո առաջարկ ստացանք տեղափոխվել Ֆրանսիական Գվիանա։

— Տարիների ընթացքում տարբեր նշանակումներ եք ստացել։ Ի՞նչն է օգնել ձեզ հարմարվել փոփոխություններին։ 

Մարի-Լին — Ֆրանսիական Գվիանայում Բեթելի եղբայրները գիտեին, որ մեր սիրած աստվածաշնչյան համարը Եսայիա 6։8-ն է։ Երբ նրանք զանգում էին մեզ, հաճախ կատակով ասում էին. «Հիշում եք, չէ՞, ձեր սիրած համարը»։ Դրանից կռահում էինք, որ մեր նշանակման վայրը փոխվելու է։ Ուստի ասում էինք. «Ահա՛ մենք, մե՛զ ուղարկեք»։

Մենք ձգտում ենք նոր տարածքը չհամեմատել նախորդի հետ, որովհետև դա կխանգարի գնահատել այն ամենը, ինչ ունենք այդ պահին։ Նաև ջանում ենք ընկերանալ եղբայրների և քույրերի հետ։

Ջեք — Նախկինում մեր ընկերներից ոմանք, լավ մղումներից ելնելով, փորձում էին մեզ համոզել, որ չտեղափոխվենք. ուզում էին, որ իրենց կողքին մնայինք։ Բայց երբ հեռանում էինք Գվադելուպայից, եղբայրներից մեկը մեզ հիշեցրեց Հիսուսի խոսքերը՝ գրված Մատթեոս 13։38-ում. «Արտը աշխարհն է»։ Ուստի երբ մեր նշանակման վայրը փոխվում է, միշտ ինքներս մեզ հիշեցնում ենք, որ անկախ նրանից, թե որտեղ ենք ծառայում, դաշտը մեկն է։ Վերջիվերջո, կարևորը այդ տարածքում ապրող մարդիկ են։

Ամեն անգամ, երբ նոր վայր ենք տեղափոխվում, տեսնում ենք, որ այդտեղ էլ է հնարավոր երջանիկ լինել։ Դրա համար փորձում ենք տեղացիների պես ապրել։ Ուտելիքը տարբերվում է, բայց մենք ուտում ու խմում ենք այն, ինչ նրանք, իհարկե, հետևելով հիգիենայի կանոններին։ Մենք ձգտում ենք դրականորեն արտահայտվել յուրաքանչյուր վայրի մասին։

Մարի-Լին — Մենք շատ բան ենք սովորում նաև տեղի հավատակիցներից։ Հիշում եմ՝ նոր էինք եկել Ֆրանսիական Գվիանա։ Մի օր հորդառատ անձրև էր գալիս, ու մենք մտածեցինք, որ սպասենք՝ անձրևը դադարի, հետո նոր գնանք ծառայության։ Բայց մի քույր ինձ ասաց. «Հը՞, չե՞ս գալիս»։ Զարմացած հարցրի. «Բայց ո՞նց»։ Նա էլ պատասխանեց. «Վերցնում ես անձրևանոցդ, ու հեծանիվներով գնում ենք»։ Այդպես սովորեցի մի ձեռքով անձրևանոցը բռնել, մյուսով՝ հեծանիվի ղեկը։ Եթե քրոջ խորհուրդը չլսեի, անձրևների սեզոնին դուրս չէի գա ծառայության։

— Դուք տեղափոխվել եք մոտ 15 անգամ։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր մտածում են տեղափոխվելու մասին։

Մարի-Լին — Տեղափոխությունը կարող է դժվար լինել։ Այդ պատճառով շատ կարևոր է՝ մի այնպիսի անկյուն ունենաս, որ երբ ծառայությունից վերադառնաս, քեզ տանը զգաս։

Ջեք — Երբ տեղափոխվում էինք, սովորաբար ներկում էի նոր տան պատերը։ Եթե մասնաճյուղի եղբայրները իմանում էին, որ երկար չենք մնալու այդ վայրում, երբեմն կատակելով ասում էին. «Ջե՛ք, այս անգամ պատերը հանգիստ թող»։

Մարի-Լինը իրերը հավաքելու և տեղավորելու վարպետ է դարձել։ Նա ամեն ինչ դնում է արկղերի մեջ և դրանց վրա գրառումներ անում, օրինակ, «լոգարան», «ննջասենյակ» կամ «խոհանոց»։ Եվ երբ նոր տուն ենք տեղափոխվում, արկղերը դնում ենք համապատասխան սենյակներում։ Բացի այդ, կինս ցուցակ է կազմում, թե որ արկղում ինչ է դրված, որպեսզի մեզ անհրաժեշտ իրերը հեշտությամբ գտնենք։

Մարի-Լին — Քանի որ սովորել ենք կազմակերպված լինել, տեղափոխությունից հետո կարողանում ենք արագ հունի մեջ մտնել։

— Իսկ ինչպե՞ս եք ծրագրում ձեր ժամանակը, որ կարողանաք «ամբողջովին կատարել ձեր ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5

Մարի-Լին — Երկուշաբթի օրերը հանգստանում ենք և պատրաստվում ժողովի հանդիպումներին։ Երեքշաբթիից սկսած՝ գնում ենք ծառայության։

Ջեք — Թեև պետք է ամեն ամիս քարոզչական գործում որոշակի ժամեր անցկացնենք, բայց դա չէ մեր գլխավոր նպատակը։ Մեզ համար ամենակարևորը բարի լուրը մարդկանց հայտնելն է։ Տնից դուրս գալու պահից սկսած՝ ձգտում ենք խոսել բոլոր նրանց հետ, ում հանդիպում ենք։

Մարի-Լին — Երբ գնում ենք բնության գրկում ժամանակ անցկացնելու, հետս թերթիկներ եմ վերցնում։ Նույնիսկ եթե մարդկանց չենք ասում, որ Վկաներ ենք, ոմանք մոտենում ու գրականություն են խնդրում։ Դրա համար ուշադիր ենք, որ միշտ պատշաճ հագուկապ ու վարվելակերպ ունենանք։ Դա մարդկանց աչքից չի վրիպում։

Ջեք — Մենք վկայություն ենք տալիս նաև լավ հարևան լինելով։ Հաճախ մաքրում եմ մեր տան շրջակայքը։ Հավաքում եմ գետնին թափված թղթի կտորներն ու տերևները և լցնում աղբամանը։ Մեր հարևանները նկատում են դա, և երբեմն ոմանք մեզնից Աստվածաշունչ են խնդրում։

— Դուք հաճախ եք քարոզել հեռավոր տարածքներում։ Կպատմե՞ք մի դեպք, որը հատկապես հետաքրքիր է եղել ձեզ համար։

Ջեք — Գվիանայում որոշ տարածքներ դժվարհասանելի են։ Հաճախ մի շաբաթում վատ ճանապարհներով 600 կիլոմետր (370 մղոն) էինք անցնում։ Երբեք չեմ մոռանա մեր այցելությունը Ամազոնի անտառներում գտնվող Սենտ Էլի գյուղ։ Այնտեղ հասնելու համար մի քանի ժամ ճանապարհորդեցինք, սկզբում նավակով, հետո ամենագնաց ավտոմեքենայով։ Այդ գյուղում մարդկանց մեծ մասը ոսկի որոնողներ էին։ Եվ երբ նրանց գրականություն էինք տալիս, ոմանք, երախտագիտությունից մղված, մեզ ոսկու փոքր բնակտորներ էին նվիրում։ Երեկոյան մեր կազմակերպության տեսանյութերից մեկը ցուցադրեցինք։ Տեղացիներից շատերը եկան այն դիտելու։

Մարի-Լին — Մի քանի տարի առաջ Ջեքին խնդրեցին, որ Կամոպի գյուղում Հիշատակի երեկոյի ելույթը ինքը ներկայացնի։ Այնտեղ հասնելու համար պետք է չորս ժամ նավարկեինք Օյապոկ գետով։ Շատ ոգևորիչ այցելություն էր։

Ջեք — Որտեղ գետի մակարդակը ցածր էր, սահանքները բավականին վտանգավոր էին։ Մեր սիրտը թփթփում էր, երբ նավակը մոտենում էր այդ սահանքներին։ Այդ տեղերով անցնելու համար նավավարը պետք է հմուտ լիներ։ Չնայած դժվարություններին՝ դա հրաշալի ճամփորդություն էր։ Հիշատակի երեկոյին եկավ մոտ 50 մարդ, որոնցից միայն վեցն էին Վկաներ։ Ներկաների մեջ կային նաև հնդկացիներ։

Մարի-Լին — Այն երիտասարդները, ովքեր ուզում են ավելին անել Եհովայի համար, կարող են համոզված լինել, որ այսպիսի ծառայությունը կհարստացնի իրենց կյանքը։ Չէ՞ որ նման իրավիճակներում, երբ լիովին վստահում ես Եհովային, հավատդ նրա հանդեպ ամրանում է։ Մենք հաճախ ենք մեր կյանքում տեսել Եհովայի ձեռքը։

— Դուք մի քանի լեզու եք սովորել։ Դա ձեզ հե՞շտ է տրվում։

Ջեք — Ամենևի՛ն։ Մենք սովորում էինք դրանք, քանի որ անհրաժեշտ էր։ Մի անգամ այնպես եղավ, որ սրանանտոնգո * լեզվով ե՛ս պետք է անցկացնեի «Դիտարանի» ուսումնասիրությունը, բայց մինչ այդ նույնիսկ Աստվածաշնչի ընթերցանության հանձնարարություն չէի ստացել այդ լեզվով։ Հանդիպումից հետո եղբայրներից մեկին հարցրի՝ ո՞նց էր, նա էլ պատասխանեց. «Ամեն ինչ շատ լավ էր, թեև երբեմն ոչինչ չէինք հասկանում»։ Երբ սխալներ էի անում, միայն երեխաներն էին ասում այդ մասին։ Նրանցից շատ բան սովորեցի։

Մարի-Լին — Մի տարածքում Աստվածաշնչի ուսումնասիրություններ էի անցկացնում ֆրանսերենով, պորտուգալերենով և սրանանտոնգոյով։ Քույրերից մեկը խորհուրդ տվեց, որ ծառայությունը սկսեմ ինձ համար ամենադժվար լեզվով՝ պորտուգալերենով, և ավարտեմ ամենահեշտով՝ սրանանտոնգոյով։ Հետո հասկացա, թե դա որքան իմաստուն խորհուրդ էր։

Մի օր ծրագրել էի առաջին ուսումնասիրությունը անցկացնել սրանանտոնգոյով, երկրորդը՝ պորտուգալերենով։ Երկրորդ ուսումնասիրության ժամանակ ինձ հետ ծառայող քույրն ասաց. «Մարի-Լի՛ն, նա կարծես չի հասկանում՝ ինչ ես խոսում»։ Պորտուգալերենի փոխարեն՝ սկսել էի սրանանտոնգո լեզվով խոսել բրազիլացի կնոջ հետ։

— Ձեզ հետ ծառայած եղբայրներն ու քույրերը ձեզ շատ են սիրում։ Կասե՞ք՝ որն է գաղտնիքը։

Ջեք Առակներ 11։25-ում ասվում է. «Առատաձեռն հոգին կպարարտանա»։ Մենք միշտ ժամանակ ենք գտնում ուրիշների համար։ Ոմանք Թագավորության սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքների վերաբերյալ ասում էին ինձ. «Թող դրանով քարոզիչները զբաղվեն»։ Իսկ ես պատասխանում էի. «Բայց ես էլ եմ քարոզիչ, չէ՞։ Եթե գործ կա անելու, ես էլ եմ ուզում մասնակցել»։ Թեև մենք էլ բոլորի պես երբեմն առանձնանալու կարիք ենք ունենում, դա պատճառ չէ, որ ուրիշներին ժամանակ չտրամադրենք ու չաջակցենք։

Մարի-Լին — Մենք հետաքրքրվում ենք, թե հավատակիցներից ով ինչի կարիք ունի։ Գուցե նրանց պետք է, որ մեկը մի քանի ժամ պահի իրենց երեխաներին կամ դպրոցից տուն բերի։ Դրա համար այնպես ենք պլանավորում մեր օրը, որ կարողանանք ինչ-որ բանով օգնել։ Մենք մեր քույրերի ու եղբայրների կողքին ենք լինում, երբ նրանք մեր կարիքն են ունենում։ Այդպես մտերմանում ենք նրանց հետ։

— Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ ծառայելով այնտեղ, որտեղ ավելի շատ քարոզիչներ են հարկավոր։

Ջեք — Լիաժամ ծառայությունը հարստացրել է մեր կյանքը։ Ծառայելով տարբեր վայրերում՝ մենք վայելել ենք Եհովայի ստեղծագործությունները։ Ճիշտ է, դժվարություններ լինում են, բայց մտքի խաղաղություն ունենք, քանի որ գիտենք. որտեղ էլ լինենք, Աստծու ժողովուրդը մեր թիկունքին կանգնած կլինի։

Երբ երիտասարդ էի, Ֆրանսիական Գվիանայում ինձ բանտարկեցին քրիստոնեական չեզոքության համար։ Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր այս երկիր կվերադառնամ որպես միսիոներ և կայցելեմ բանտեր։ Եհովան իրոք որ առատապես օրհնում է իր ծառաներին։

Մարի-Լին — Երբ իմ անձը տրամադրում եմ ուրիշներին, մեծագույն ուրախությամբ եմ լցվում։ Մենք շատ երջանիկ ենք, որ ծառայում ենք Եհովային։ Դրա շնորհիվ ես ու Ջեքը է՛լ ավելի ենք մտերմացել։ Պատահում է, որ Ջեքը առաջարկում է ճաշի հրավիրել մի զույգի, որը քաջալերության կարիք ունի։ Ու ես ասում եմ. «Գիտե՞ս, ես էլ հենց այդ մասին էի մտածում»։ Այո՛, հաճախ է լինում, որ նույն բանն ենք մտածում։

Ջեք — Վերջերս իմացանք, որ շագանակագեղձի քաղցկեղ ունեմ։ Ճիշտ է, Մարի-Լինին դուր չեն գալիս իմ խոսքերը, բայց ես նրան ասում եմ. «Անո՛ւշս, թեև շատ ծեր չեմ, բայց եթե այսօր էլ մահանալու լինեմ, կյանքից կհեռանամ՝ բավարարվածության զգացումը սրտումս, քանի որ իմ կյանքը լի է եղել հոգևոր գանձերով՝ իրական արժեք ունեցող բաներով» (Ծննդ. 25։8

Մարի-Լին — Շատ անգամներ Եհովան մեզ անակնկալներ է արել։ Նա մեր առջև բացել է ծառայության բազմաթիվ դռներ և թույլ է տվել անել բաներ, որոնց մասին չէինք էլ երազի։ Մեր կյանքը իրոք որ լի է եղել հրաշալի օրհնություններով։ Ուր էլ Եհովայի կազմակերպությունը ուղարկի մեզ, կգնանք, քանի որ համոզված ենք, որ մեր հոգատար Հայրը մեզ իր գրկում կտանի։

^ պարբ. 32 Սրանանտոնգոն անգլերենի, նիդերլանդերենի, պորտուգալերենի և աֆրիկյան լեզուների խառնուրդ է, որը ձևավորվել է ստրուկների կողմից։