ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11
Զորություն ստանանք Աստծու Խոսքից
«Թող որ տոկունություն.... տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ» (ՀՌՈՄ. 15։5)։
ԵՐԳ 94 Շնորհակալ ենք քո Խոսքի համար
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Եհովայի ծառաները ի՞նչ դժվարություններ են կրում։
ԻՆՉՊԵՍ Եհովայի շատ ծառաների կյանքում, այնպես էլ քո կյանքում գուցե դժվար շրջան է։ Հնարավոր է՝ ժողովում ինչ-որ մեկը վիրավորել է քեզ (Հակ. 3։2)։ Գուցե Եհովային ծառայելու համար ծաղրուծանակի ես ենթարկվում համադասարանցիներիդ կամ աշխատակիցներիդ կողմից (1 Պետ. 4։3, 4)։ Կամ էլ ընտանիքիդ անդամները արգելում են հաճախել ժողովի հանդիպումներին և քարոզել բարի լուրը (Մատթ. 10։35, 36)։ Եթե ծանր փորձության միջով ես անցնում, հնարավոր է՝ այնպիսի զգացում ունենաս, թե ուր որ է կհանձնվես։ Բայց կարող ես վստահ լինել, որ Եհովան տոկալու ուժ և իմաստություն կտա քեզ։
2. Համաձայն Հռոմեացիներ 15։4-ի՝ Աստծու Խոսքը կարդալը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա։
2 Իր Խոսքում Եհովան մանրամասն նկարագրել է, թե ինչպես են անկատար մարդիկ հաղթահարել իրենց փորձությունները։ Այդ պատմությունները մեզ համար շատ արժեքավոր դասեր են պարունակում։ Այս միտքն ընդգծվում է նաև Հռոմեացիներ 15։4-ում գրված Պողոսի խոսքերում (կարդա)։ Աստվածաշնչյան արձանագրությունները կարող են մխիթարել մեզ և հույս տալ։ Բայց որպեսզի լիարժեք օգուտներ քաղենք դրանցից, մենք պետք է Աստվածաշունչն ընթերցելուց ավելին անենք։ Պետք է թույլ տանք, որ այն ձևավորի մեր մտածելակերպը և հասնի մեր սրտին։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ որևէ խնդրի հետ կապված առաջնորդություն ենք փնտրում։ Կարող ենք կիրառել Աստվածաշունչն ուսումնասիրելու մի մեթոդ, որը բաղկացած է հետևյալ քայլերից՝ 1) աղոթել, 2) պատկերացնել, 3) խորհրդածել և 4) կիրառել։ Նախ կտեսնենք, թե այս քայլերից յուրաքանչյուրը ինչ է ներառում։ * Այնուհետև կիմանանք, թե այս մեթոդը կիրառելով՝ ինչ կարող ենք սովորել Դավիթ թագավորի և Պողոս առաքյալի օրինակներից։
3. Նախքան Աստվածաշունչ կարդալը ի՞նչ պետք է անես և ինչո՞ւ։
3 1) Աղոթիր։ Նախքան Աստվածաշունչ կարդալը աղոթիր Եհովային, որ օգնի քեզ տեսնել, թե ինչ օգուտներ կարող ես քաղել քո ընթերցածից։ Օրինակ՝ եթե որևէ խնդրի հետ կապված առաջնորդություն ես փնտրում, դիմիր Եհովային, որ օգնի քեզ դրա վերաբերյալ սկզբունքներ գտնել իր Խոսքում (Փիլիպ. 4։6, 7; Հակ. 1։5)։
4. Ի՞նչը կօգնի, որ քո մտքում կենդանացնես աստվածաշնչյան պատմությունը։
4 2) Պատկերացրու։ Եհովան մեզ ստեղծել է մեր երևակայությունը գործի դնելու հրաշալի ունակությամբ։ Աստվածաշնչյան պատմությունը քո մտքում կենդանացնելու համար փորձիր պատկերացնել տվյալ տեսարանը և քեզ դիր գլխավոր կերպարի դերում։ Մտովի տես այն, ինչ նա է տեսել, և զգա այն, ինչ նա է հավանաբար զգացել։
5. Ի՞նչ է խորհրդածությունը, և ինչպե՞ս կարող ենք խորհրդածել։
5 3) Խորհրդածիր։ Խորհրդածել նշանակում է մտորել կարդացածի շուրջ և տեսնել, թե ինչպես է տվյալ նյութը առնչվում քեզ։ Այն օգնում է գտնել մտքերի կապը և խորությամբ հասկանալ ընթերցածը։ Առանց խորհրդածելու Աստվածաշունչ կարդալը նման է սեղանին թափված փազլի մասերին նայելուն։ Խորհրդածելով՝ կարծես միացնում ես այդ մասերը և տեսնում ամբողջական պատկերը։ Հետևյալ հարցերի շուրջ մտածելը կօգնի քեզ այս հարցում։ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց գլխավոր կերպարը խնդիրը հաղթահարելու համար։ Եհովան ինչպե՞ս օգնեց նրան։ Ի՞նչ դասեր եմ սովորում այս պատմությունից, որոնք կօգնեն ինձ հաղթահարել փորձություններս։
6. Ինչո՞ւ պետք է կիրառենք մեր սովորածը։
6 4) Կիրառիր։ Հիսուսն ասաց, որ եթե չենք կիրառում մեր սովորածը, նմանվում ենք մի մարդու, ով իր տունը ավազի վրա է կառուցում։ Նա շատ ջանքեր է թափում, բայց իզուր։ Ինչո՞ւ։ Քանի որ երբ քամիներն ու հեղեղները հարվածեն տանը, այն փուլ կգա (Մատթ. 7։24–27)։ Նմանապես, երբ աղոթում, պատկերացնում և խորհրդածում ենք, բայց չենք կիրառում սովորածը, մեր ջանքերն իզուր են անցնում։ Քանի որ փորձության ենթարկվելիս մեր հավատը գուցե բավականաչափ ամուր չլինի։ Բայց եթե ուսումնասիրենք ու կիրառենք սովորածը, ավելի լավ որոշումներ կկայացնենք, ձեռք կբերենք խաղաղություն և կզարգացնենք ամուր հավատ (Ես. 48։17, 18)։ Այժմ օգտագործելով այս մեթոդը՝ եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Դավիթ թագավորի հետ տեղի ունեցածից։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻՑ
7. Ո՞ր աստվածաշնչյան արձանագրությունն ենք քննելու։
7 Եղե՞լ է այնպես, որ ընկերդ կամ ընտանիքիդ անդամը դավաճանի քեզ։ Եթե այո, ապա մեծ օգուտներ կքաղես՝ քննելով Դավիթ թագավորի և նրա որդու՝ Աբիսողոմի մասին պատմությունը։ Վերջինս դավաճանեց իր հորը և փորձեց զավթել նրա իշխանությունը (2 Սամ. 15։5–14, 31; 18։6–14)։
8. Ինչպե՞ս կարող ես ստանալ Եհովայի օգնությունը։
8 1) Աղոթիր։ Այս պատմությունն ի մտի ունենալով՝ պատմիր Եհովային, թե ինչ ապրումներ ունես ուրիշի վատ վերաբերմունքի պատճառով (Սաղ. 6։6–9)։ Նկարագրիր, թե կոնկրետ ինչ ես զգում։ Հետո խնդրիր, որ օգնի քեզ գտնել սկզբունքներ, որոնք կիրառելով՝ կկարողանաս դուրս գալ այդ դժվար իրավիճակից։
9. Նկարագրիր Դավթի և Աբիսողոմի հետ տեղի ունեցածը։
9 2) Պատկերացրու։ Մտածիր, թե ինչ իրադարձություններ էին ծավալվել, և ինչպես էին դրանք անդրադարձել Դավթի վրա։ Դավթի որդի Աբիսողոմը տարիներ շարունակ ամեն ինչ արել էր, որ շահեր մարդկանց 2 Սամ. 15։7)։ Հարմար պահին նա լրտեսներ ուղարկեց, որոնք Իսրայելով մեկ ժողովրդին պետք է պատրաստեին ընդունելու նրան որպես թագավոր։ Նա նույնիսկ Աքիտոփելին՝ Դավթի մտերիմ ընկերոջն ու խորհրդականին, համոզեց միանալ ըմբոստությանը։ Ինքն իրեն թագավոր հռչակելուց հետո Աբիսողոմը փորձեց գերեվարել և սպանել Դավթին, ով այդ ժամանակ հավանաբար ծանր հիվանդ էր (Սաղ. 41։1–9)։ Սակայն Դավիթը, տեղեկանալով Աբիսողոմի նենգ ծրագրի մասին, փախավ Երուսաղեմից։ Ի վերջո Դավթի և Աբիսողոմի զորքերը բախվեցին իրար։ Ըմբոստների բանակը պարտվեց, և Դավթի որդի Աբիսողոմը սպանվեց։
սերը (10. Ինչպե՞ս կարող էր արձագանքել Դավիթ թագավորը։
10 Պատկերացրու՝ ինչ զգաց Դավիթը՝ իմանալով, թե ինչ է տեղի ունեցել։ Նա սիրում էր Աբիսողոմին և վստահում Աքիտոփելին, բայց երկուսն էլ դավաճանեցին իրեն։ Նրանք մեծ ցավ պատճառեցին Դավթին և նույնիսկ փորձեցին սպանել։ Դավիթը կարող էր կորցնել հավատը իր մյուս ընկերների հանդեպ՝ մտածելով, որ նրանք էլ կմիանան Աբիսողոմին։ Կամ կարող էր իր անձի վրա կենտրոնանալով՝ այլևս չմտածել ժողովրդի բարօրության մասին։ Նա կարող էր նաև ուղղակի թևաթափ լինել։ Բայց Դավիթն այդպես չվարվեց։ Փոխարենը՝ նա հաղթահարեց այդ դժվարությունը։ Ինչպե՞ս դա նրան հաջողվեց։
11. Ի՞նչ արեց Դավիթը անելանելի թվացող իրավիճակում։
11 3) Խորհրդածիր։ Ի՞նչ սկզբունքներ ենք սովորում այս պատմությունից։ Մտածիր, թե ինչ արեց Դավիթը, որ դուրս գա անելանելի թվացող իրավիճակից։ Նա խուճապի չմատնվեց և հապճեպ ու անմիտ որոշումներ չկայացրեց, ոչ էլ թույլ տվեց, որ վախը համակի իրեն և անվճռական դարձնի։ Փոխարենը՝ օգնության համար դիմեց Եհովային։ Նա օգնություն խնդրեց նաև իր ընկերներից։ Իսկ երբ որոշեց իր անելիքը, անմիջապես գործի անցավ։ Թեև Դավթին խիստ վիրավորել էին, սակայն նա կասկածամիտ չդարձավ, ոչ էլ ատելությամբ լցվեց ուրիշների հանդեպ։ Նա շարունակեց վստահել Եհովային և իր ընկերներին։
12. Եհովան ինչպե՞ս օգնեց Դավթին։
12 Ինչպե՞ս Եհովան օգնեց իր ծառա Դավթին։ Փնտրտուքներ անելով՝ կիմանաս, որ Եհովան Դավթին փորձությունների ներքո տոկալու ուժ տվեց (Սաղ. 3։1–8, ենթախորագիր)։ Նա օրհնեց Դավթի որոշումները։ Բացի այդ՝ աջակցեց նրա նվիրված ընկերներին, որ վերջիններս կարողանան պաշտպանել իրենց թագավորին։
13. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Դավթին, երբ որևէ մեկը լուրջ սխալ է գործել քո դեմ (Մատթեոս 18։15–17)։
13 4) Կիրառիր։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Դավթին»։ Փորձիր անմիջապես լուծել խնդիրը։ Կախված հանգամանքներից՝ գուցե որոշես հետևել այն խորհրդին, որի մասին Հիսուսը նշեց Մատթեոս 18-րդ գլխում, կամ կիրառել դրա հիմքում ընկած սկզբունքը (կարդա Մատթեոս 18։15–17)։ Սակայն պետք է զգույշ լինես, որ զգացմունքների ազդեցության տակ հապճեպ որոշումներ չկայացնես։ Դրա համար աղոթիր Եհովային, որ քեզ հանդարտ սիրտ և իմաստություն տա, որպեսզի կարողանաս գլուխ հանել իրավիճակից։ Մի՛ կորցրու վստահությունդ ընկերներիդ հանդեպ, այլ ընդունիր նրանց օգնությունը (Առակ. 17։17)։ Իսկ որ ամենակարևորն է, հետևիր Եհովայի առաջնորդությանը, որ նա տալիս է իր Խոսքի միջոցով (Առակ. 3։5, 6)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻՑ
14. 2 Տիմոթեոս 1։12–16, 4։6–11 և 17–22 համարները հատկապես ո՞ր իրավիճակներում կարող են քաջալերական լինել քեզ համար։
14 Հնարավոր է՝ ընտանիքիդ անդամները հալածում են քեզ, կամ գուցե ապրում ես մի երկրում, որտեղ Եհովայի ժողովրդի գործունեությունը խիստ սահմանափակված է կամ նույնիսկ արգելված։ Նման իրավիճակներում 2 Տիմոթեոս 1։12–16, 4։6–11 և 17–22 համարները կարդալը կարող է քաջալերական լինել քեզ համար։ * Պողոսը այս խոսքերը գրել է, երբ գտնվում էր բանտում։
15. Ինչի՞ մասին կարող ես աղոթել Եհովային։
15 1) Աղոթիր։ Նախքան վերոնշյալ համարները կարդալը Եհովային պատմիր քո խնդրի մասին և նկարագրիր, թե ինչ ես զգում։ Նշիր կոնկրետ բաներ։ Այնուհետև խնդրիր Եհովային, որ օգնի քեզ գտնել սկզբունքներ, որոնք կիրառելով՝ կկարողանաս հաղթահարել դժվարություններդ։
16. Ի՞նչ իրավիճակում էր Պողոսը։
16 2) Պատկերացրու։ Պատկերացրու քեզ Պողոսի իրավիճակում։ Դու բանտարկված ես Հռոմում։ Առաջին անգամ չես բանտում, բայց համոզված ես, որ այս անգամ քեզ մահապատժի են ենթարկելու։ Ընկերներիցդ ոմանք լքել են քեզ։ Դու ուժասպառ ես (2 Տիմոթ. 1։15)։
17. Ինչպե՞ս կարող էր արձագանքել Պողոսը իր դժվարություններին։
17 Առաքյալը գուցե մտածեր, որ եթե անցյալում այլ որոշումներ կայացրած լիներ, ապա բանտարկված չէր լինի։ Նա կարող էր դառնությամբ լցվել Ասիայում բնակվող այն մարդկանց հանդեպ, ովքեր երես էին թեքել իրենից, և չվստահեր նաև իր մյուս ընկերներին։ Բայց Պողոսն այդպես չվարվեց։ Նա շարունակեց վստահել հավատակիցներին և չկորցրեց իր հույսը։ Ինչպե՞ս դա նրան հաջողվեց։
18. Ինչպե՞ս Պողոսը արձագանքեց իր դժվարություններին։
18 3) Խորհրդածիր։ Ինչպե՞ս վարվեց Պողոսը ստեղծված իրավիճակում։ Անգամ մահվան սպառնալիքի ներքո Պողոսի համար ամենակարևորը Եհովայի անվանը փառք բերելն էր։ Նա մտածում էր ուրիշներին քաջալերելու մասին և ապավինում էր Եհովային՝ հաճախակի նրան աղոթելով (2 Տիմոթ. 1։3)։ Պողոսը շարունակ չէր մտածում այն եղբայրների մասին, ովքեր դավաճանել էին իրեն։ Փոխարենը՝ հավաստիացնում էր իր նվիրված ընկերներին, որ գնահատում է այն գործնական օգնությունը, որ նրանք ցուցաբերում են իր հանդեպ։ Բացի այդ՝ Պողոսը շարունակում էր ուսումնասիրել Աստծու Խոսքը (2 Տիմոթ. 3։16, 17; 4։13)։ Իսկ որ ամենակարևորն է, նա ոչ մի կասկած չուներ, որ Եհովան ու Հիսուսը սիրում են իրեն։ Նա նաև վստահ էր, որ նրանք իր կողքին են և կվարձատրեն իր հավատարիմ ծառայության համար։
19. Եհովան ինչպե՞ս օգնեց Պողոսին։
19 Եհովան նախազգուշացրել էր Պողոսին, որ լինելով քրիստոնյա՝ նա հալածանքներ է կրելու (Գործ. 21։11–13)։ Բայց նա նաև օգնեց առաքյալին։ Ինչպե՞ս։ Եհովան պատասխանեց Պողոսի աղոթքներին և զորացրեց նրան (2 Տիմոթ. 4։17)։ Նա նաև հավաստիացրեց, որ կտա այն վարձատրությունը, որը ստանալու համար առաքյալն այդքան ջանք էր թափել։ Բացի այդ՝ Եհովան մղեց Պողոսի հավատարիմ ընկերներին, որ օգնեն նրան։
20. Հաշվի առնելով Հռոմեացիներ 8։38, 39 համարները՝ Պողոսը ինչի՞ շնորհիվ կարողացավ դիմանալ փորձություններին, և դու ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան։
20 4) Կիրառիր։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Պողոսին»։ Պողոսի պես մենք էլ պետք է գիտակցենք, որ հավատի փորձություններ ենք ունենալու (Մարկ. 10։29, 30)։ Փորձությունների ներքո հավատարիմ մնալու համար մենք պետք է աղոթենք Եհովային և ուսումնասիրության լավ սովորություններ ունենանք։ Նաև պետք է միշտ հիշենք, որ ամենակարևորը Եհովային փառք բերելն է։ Այս ամենն անելով՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան երբեք չի լքի մեզ, և ոչինչ ու ոչ ոք չեն կարող բաժանել մեզ նրա սիրուց (կարդա Հռոմեացիներ 8։38, 39; Եբր. 13։5, 6)։
ՍՈՎՈՐԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄՅՈՒՍ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ
21. Ի՞նչն է օգնում Այային ու Հեկտորին հաղթահարել իրենց դժվարությունները։
21 Անկախ մեր հանգամանքներից՝ մենք կարող ենք զորանալ՝ քննելով աստվածաշնչյան
կերպարների օրինակները։ Ճապոնիայում ապրող Այա անունով մի ռահվիրա ասում է, որ Հովնանի օրինակը օգնել է իրեն հաղթահարել հրապարակային ծառայությանը մասնակցելու վախը։ Իսկ Ինդոնեզիայում ապրող Հեկտորը, ում ծնողները չեն ծառայում Եհովային, ասում է, որ Հռութի օրինակը մղում է իրեն սովորել Եհովայի մասին և ծառայել նրան։22. Ինչպե՞ս կարող ես հնարավորինս շատ օգուտներ քաղել Աստվածաշնչի թատերականացված ընթերցանության ձայնագրություններից և «Ընդօրինակեք նրանց հավատը» հոդվածաշարից։
22 Մեր տեսանյութերում, Աստվածաշնչի թատերականացված ընթերցանության ձայնագրություններում և «Ընդօրինակեք նրանց հավատը» հոդվածաշարում կգտնես մի շարք տեղեկություններ, որոնք մտքումդ կկենդանացնեն աստվածաշնչյան պատմությունները և կզորացնեն քեզ։ * Նախքան կդիտես, կլսես կամ կկարդաս դրանք խնդրիր Եհովային, որ օգնի քեզ կարևոր դասեր քաղել։ Պատկերացրու քեզ տվյալ կերպարի դերում։ Խորհրդածիր այն մասին, թե ինչպես են վարվել այդ հավատարիմները, և թե ինչպես է Եհովան օգնել նրանց հաղթահարել իրենց դժվարությունները։ Հետո սովորածդ կիրառիր կյանքում։ Շնորհակալություն հայտնիր Եհովային քեզ օգնելու համար և գնահատանքդ արտահայտիր՝ ուրիշներին քաջալերելով և աջակցելով։
23. Եսայիա 41։10, 13 համարների համաձայն՝ ի՞նչ խոստում է Եհովան մեզ տալիս։
23 Ապրելով Սատանայի կողմից ղեկավարվող այս աշխարհում՝ երբեմն գուցե դժվար, նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում հայտնվենք (2 Տիմոթ. 3։1)։ Բայց մենք չպետք է չափից շատ անհանգստանանք կամ վախենանք։ Եհովան գիտի, թե ինչերի միջով ենք անցնում։ Նա խոստանում է, որ նեղության պահին իր աջ ձեռքով ամուր կբռնի մեզ (կարդա Եսայիա 41։10, 13)։ Մենք լիովին համոզված ենք, որ Եհովան կօգնի մեզ և իր Խոսքի միջոցով կզորացնի, որ հաղթահարենք ցանկացած դժվարություն։
ԵՐԳ 96 Աստվածաշունչը գանձ է
^ պարբ. 5 Աստվածաշնչյան շատ պատմություններ ցույց են տալիս, որ Եհովան սիրում է իր ծառաներին և օգնում է նրանց դժվարությունների ժամանակ։ Այս հոդվածում կքննենք Աստվածաշունչն ուսումնասիրելու մի մեթոդ, որը կօգնի ավելի շատ օգուտներ քաղել աստվածաշնչյան արձանագրություններից։
^ պարբ. 2 Սա Աստվածաշունչն ուսումնասիրելու բազմաթիվ մեթոդներից մեկն է։ Այլ առաջարկներ կարող եք գտնել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Աստվածաշունչ» թեմայի «Կարդալ և հասկանալ Աստվածաշունչը» վերնագրի տակ։
^ պարբ. 14 Կարիք չկա «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման ժամանակ ընթերցել այս համարները։
^ պարբ. 22 Տես «Ընդօրինակեք նրանց հավատը. աստվածաշնչյան ժամանակների տղամարդիկ և կանայք» հոդվածաշարը jw.org կայքում (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՀԱՎԱՏ ԱՌ ԱՍՏՎԱԾ)