Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12

Սերը կօգնի դիմանալ ատելությանը

Սերը կօգնի դիմանալ ատելությանը

«Սա եմ ձեզ պատվիրում. սիրեք միմյանց։ Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել» (ՀՈՎՀ. 15։17, 18

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Համաձայն Մատթեոս 24։9-ի՝ ինչո՞ւ չպետք է զարմանանք, որ աշխարհը ատում է մեզ։

ԵՀՈՎԱՆ մեզ ստեղծել է սիրելու և սիրված լինելու կարիքով։ Ուստի երբ ատելության ենք բախվում, գուցե շատ վատ զգանք և նույնիսկ վախենանք։ Ջորջինա անունով մի քույր, ով ապրում է Եվրոպայում, ասում է. «Երբ 14 տարեկան էի, մայրս սկսեց ատել ինձ, քանի որ ծառայում էի Եհովային։ Ես ինձ մերժված էի զգում և մտածում էի, որ երևի լավ մարդ չեմ»։ * Իսկ Դանիլո անունով մի եղբայր գրում է. «Եհովայի վկա լինելու համար զինվորները սպառնացին ինձ, վիրավորեցին և ծեծեցին։ Ես շատ վախեցած էի և ինձ նվաստացած էի զգում»։ Թեև մարդկանց ատելությունը ցավ է պատճառում, բայց չի զարմացնում մեզ։ Հիսուսը կանխագուշակել էր, որ մեզ ատելու են (կարդա Մատթեոս 24։9

2–3. Ինչո՞ւ են Հիսուսի հետևորդներն ատված։

2 Լինելով Հիսուսի հետևորդները՝ մենք ատված ենք այս աշխարհի կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև Հիսուսի նման մենք էլ «այս աշխարհի մի մասը» չենք (Հովհ. 15։17–19)։ Թեև մենք հարգում ենք մարդկային կառավարությունները, սակայն դրանցից ոչ մեկի կողմը դիրք չենք բռնում և պատիվ չենք տալիս պետական խորհրդանիշներին։ Մեր նվիրվածությունը Եհովայի հանդեպ բացարձակ է։ Մենք պաշտպանում ենք մարդկության վրա իշխելու Աստծու իրավունքը, ինչը Սատանան և իր «սերունդը» ակնհայտորեն մերժում են (Ծննդ. 3։1–5, 15)։ Մենք քարոզում ենք, որ միայն Աստծու Թագավորությունն է լուծելու մարդկության խնդիրները, և որ այն շուտով ջախջախելու է իր թշնամիներին (Դան. 2։44; Հայտն. 19։19–21)։ Այս լուրը բարի է հեզ մարդկանց համար, սակայն աղետալի՝ ամբարիշտների համար (Սաղ. 37։10, 11

3 Մեզ ատում են նաև այն պատճառով, որ ապրում ենք Աստծու արդար չափանիշներով։ Դրանք խիստ տարբերվում են այս աշխարհի ցածր բարոյական արժեքներից։ Այսօր մարդիկ հավանություն են տալիս այնպիսի անբարո սովորությունների, որոնց պատճառով Աստված կործանեց Սոդոմ և Գոմոր քաղաքները (Հուդա 7)։ Եվ քանի որ մենք Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներով ենք ապրում, շատերը ծաղրում են մեզ և համարում անհանդուրժող (1 Պետ. 4։3, 4

4. Ո՞ր հատկություններն են օգնում դիմանալ մարդկանց ատելությանը։

4 Ինչի՞ շնորհիվ կարող ենք դիմանալ մարդկանց ատելությանն ու թշնամական վերաբերմունքին։ Մենք պետք է հավատանք, որ Եհովան կօգնի մեզ։ Ամուր հավատը վահանի նման կօգնի հանգցնել «Չարի կրակոտ նետերը» (Եփես. 6։16)։ Հավատից բացի՝ մենք պետք է նաև սեր զարգացնենք։ Քանի որ սերը «բարկությամբ չի բորբոքվում»։ Այն դիմանում է ցանկացած վիրավորանքի (1 Կորնթ. 13։4–7, 13)։ Այժմ տեսնենք, թե ինչպես է Եհովայի, հավատակիցների և նույնիսկ թշնամիների հանդեպ սերը օգնում դիմանալ ատելությանը։

ԵՀՈՎԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

5. Ինչպե՞ս էր Եհովայի հանդեպ սերը զորացնում Հիսուսին։

5 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն իր հավատարիմ հետևորդներին ասաց. «Ես սիրում եմ Հորը, [դրա համար էլ] ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում» (Հովհ. 14։31)։ Եհովայի հանդեպ սերը զորացրեց Հիսուսին, որ դիմանա գալիք փորձություններին։ Աստծու հանդեպ սերը մեզ էլ կարող է օգնել։

6. Հռոմեացիներ 5։3–5 համարների համաձայն՝ ի՞նչ են զգում Եհովայի ծառաները, երբ աշխարհն ատում է իրենց։

6 Եհովայի հանդեպ սերը միշտ օգնել է նրա ծառաներին դիմանալ հալածանքին։ Երբ հրեաների բարձրագույն ատյանը արգելեց առաքյալներին քարոզել, Եհովայի հանդեպ սերը մղեց նրանց «Աստծուն հնազանդվել, ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29; 1 Հովհ. 5։3)։ Նման անկոտրում սերը այսօր զորացնում է մեր հավատակիցներին՝ օգնելով նրանց անսասան մնալ դաժան և զորեղ կառավարությունների հալածանքի ներքո։ Ուստի նրանք չեն վհատվում, այլ պատիվ են համարում այն, որ աշխարհն ատում է իրենց (Գործ. 5։41; կարդա Հռոմեացիներ 5։3–5

7. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեր ընտանիքի անդամները հալածում են մեզ։

7 Թերևս ամենադժվար փորձություններից մեկն այն է, երբ մեր ընտանիքի անդամներն են հալածում մեզ։ Տեսնելով, որ հետաքրքրվում ենք ճշմարտությամբ՝ նրանք գուցե մտածեն, որ մեզ մոլորեցրել են։ Կամ էլ գուցե կարծեն, թե խելքներս թռցրել ենք (համեմատիր Մարկոս 3։21)։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ բռնության ենթարկեն մեզ։ Նման բացասական վերաբերմունքը չպետք է զարմացնի մեզ։ Չէ՞ որ Հիսուսն ասել է. «Մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն» (Մատթ. 10։36)։ Ինչ խոսք, անկախ մեր ընտանիքի անդամների վերաբերմունքից՝ մենք չենք թշնամանա նրանց հետ։ Ընդհակառակը, որքան Եհովայի հանդեպ մեր սերը աճի, այնքան ավելի շատ կսիրենք մարդկանց (Մատթ. 22։37–39)։ Բայց նրանց հաճեցնելու համար մենք երբեք զիջումների չենք գնա աստվածաշնչյան սկզբունքների և օրենքների հարցում։

Որոշ ժամանակ գուցե տառապանքներ կրենք, բայց Եհովան միշտ մեր կողքին կլինի, որ մխիթարի և զորացնի մեզ (տես պարբերություն 8–10)

8–9. Ի՞նչն օգնեց մի քրոջ հավատարիմ մնալ դաժան հալածանքի ներքո։

8 Ջորջինան, ում մասին արդեն խոսեցինք, կարողացավ հավատարիմ մնալ՝ չնայած իր մոր դաժան վերաբերմունքին։ Ջորջինան պատմում է. «Ես ու մայրս միասին սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բայց վեց ամիս անց, երբ որոշեցի հաճախել հանդիպումներին, մորս վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ Նա սկսել էր հավատուրացների հետ շփվել և ինձ հետ խոսելիս նրանց կեղծ գաղափարներն էր կրկնում։ Նա դեն էր նետում գրականությունս, վիրավորում էր ինձ, քաշում մազերիցս, բռնում կոկորդիցս ու սկսում խեղդել։ Երբ 15 տարեկան դարձա, մկրտվեցի։ Մայրս ինձ տարավ ըմբոստ աղջիկների համար նախատեսված ուղղիչ ճամբար, որպեսզի ինձ հետ պահի Եհովային ծառայելուց։ Նրանցից ոմանք այնտեղ էին հայտնվել թմրադեղեր օգտագործելու և տարբեր հանցագործություններ անելու համար։ Հատկապես դժվար է տոկալ, երբ քեզ հալածում է մեկը, ով պետք է սիրեր ու հոգ տաներ քո մասին»։

9 Ի՞նչն օգնեց Ջորջինային տոկալ։ Նա ասում է. «Երբ մայրս իմ դեմ դուրս եկավ, այդ օրն ավարտել էի ողջ Աստվածաշնչի ընթերցանությունը։ Վստահ էի, որ գտել եմ ճշմարտությունը, և ինձ շատ մոտ էի զգում Եհովային։ Հաճախ աղոթում էի նրան, և նա լսում էր ինձ։ Երբ այդ ճամբարում էի ապրում, մի քույր հրավիրում էր ինձ իրենց տուն, և մենք միասին աստվածաշնչյան քննարկումներ էինք ունենում։ Այդ ընթացքում հավատակիցներս շատ էին զորացնում։ Նրանք ինձ ընտանիքի անդամի պես էին վերաբերվում։ Սեփական փորձով համոզվեցի, որ Եհովան շատ ավելի զորեղ է, քան ցանկացած հակառակորդ»։

10. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

10 Պողոս առաքյալը գրել է, որ ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմ. 8։38, 39)։ Անգամ եթե որոշ ժամանակ տառապանքներ կրենք, Եհովան մեր կողքին կլինի, որ մխիթարի ու զորացնի։ Եվ ինչպես Ջորջինայի օրինակից տեսանք, Եհովան օգնում է մեզ նաև մեր հոգևոր ընտանիքի միջոցով։

ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

11. Հովհաննես 15։12, 13 համարներում գրված Հիսուսի հորդորին հետևելը ինչպե՞ս օգնեց նրա աշակերտներին։ Բեր օրինակ։

11 Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը հիշեցրեց իր աշակերտներին միմյանց սիրելու կարևորության մասին (կարդա Հովհաննես 15։12, 13)։ Նա գիտեր, որ անձնազոհ սերը կօգնի նրանց միասնական լինել և դիմանալ աշխարհից եկող ատելությանը։ Նկատի առնենք Թեսաղոնիկեի ժողովի օրինակը։ Այդ ժողովի կազմավորման օրից ի վեր այնտեղ ծառայող քրիստոնյաները հալածանքների են բախվել։ Չնայած դրան՝ նրանք մյուս քրիստոնյաների համար հիանալի օրինակ էին հավատարմությամբ տոկալու և սեր դրսևորելու հարցում (1 Թեսաղ. 1։3, 6, 7)։ Պողոսը հորդորեց նրանց շարունակել սեր դրսևորել և դա անել «ավելի մեծ չափով» (1 Թեսաղ. 4։9, 10)։ Սերը պետք է մղեր նրանց սփոփել վհատվածներին և թիկունք կանգնել թույլերին (1 Թեսաղ. 5։14)։ Նրանք հետևեցին Պողոսի հորդորին։ Ուստի մեկ տարի անց թեսաղոնիկեցիներին գրած իր երկրորդ նամակում Պողոսը կարող էր ասել. «Ձեզանից յուրաքանչյուրի սերը աճում է իրար հանդեպ» (2 Թեսաղ. 1։3–5)։ Տեսնում ենք, որ սերը օգնեց նրանց տոկալ հալածանքների և նեղությունների ներքո։

Քրիստոնեական սերը կարող է օգնել մեզ դիմանալ ատելությանը (տես պարբերություն 12) *

12. Պատերազմի ժամանակ եղբայրներն ու քույրերը ինչպե՞ս սեր դրսևորեցին միմյանց հանդեպ։

12 Քննենք Դանիլոյի օրինակը, ում մասին խոսեցինք ավելի վաղ։ Երբ նրանց երկրում պատերազմ սկսվեց, նա և իր կինը շարունակեցին մասնակցել ժողովի հանդիպումներին, լավագույնն արեցին քարոզչական գործում և իրենց ունեցած ուտելիքից բաժին հանեցին հավատակիցներին։ Բայց մի օր Դանիլոյի տուն զինվորներ եկան։ Նա պատմում է. «Ինձ ստիպում էին, որ ուրանամ հավատս։ Երբ հրաժարվեցի այդպես վարվել, նրանք ծեծեցին ինձ։ Հետո ատրճանակը գլխիս պահեցին, բայց օդ կրակեցին։ Նախքան հեռանալը նրանք սպառնացին, որ կվերադառնան ու կբռնաբարեն կնոջս։ Սակայն մեր հավատակիցները շտապ քայլեր ձեռնարկեցին և մեզ գնացքով մեկ ուրիշ քաղաք ճանապարհեցին։ Երբեք չեմ մոռանա այդ անձնվեր եղբայրների դրսևորած սերը։ Իսկ երբ տեղ հասանք, հավատակիցները մեզ ջերմորեն ընդունեցին, ապահովեցին սննդով և օգնեցին՝ աշխատանք ու կացարան գտնենք։ Հետագայում մենք նույնպես կարողացանք հյուրընկալել պատերազմական գոտուց փախած մեր հավատակիցներին»։ Նման օրինակներից տեսնում ենք, որ քրիստոնեական սերը կարող է օգնել դիմանալ ատելությանը։

ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

13. Ինչպե՞ս կարող է սուրբ ոգին օգնել, որ շարունակենք ծառայել Եհովային, անգամ երբ մարդիկ ատում են մեզ։

13 Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց, որ սիրեն իրենց թշնամիներին (Մատթ. 5։44, 45)։ Իսկ հե՞շտ է այդպես վարվել։ Իհարկե ո՛չ։ Բայց սուրբ ոգու օգնությամբ հնարավոր է։ Ոգու պտուղը ներառում է սեր, համբերատարություն, բարություն, մեղմություն և ինքնատիրապետում (Գաղ. 5։22, 23)։ Այս հատկությունները օգնում են դիմանալ ատելությանը։ Շատերը, ովքեր հակառակվում էին ճշմարտությանը, փոխել են իրենց սրտի տրամադրվածությունը՝ տեսնելով իրենց Վկա կողակցի, երեխայի կամ հարևանի դրսևորած աստվածահաճո հատկությունները։ Նրանցից շատերը նույնիսկ ընդունել են ճշմարտությունը։ Հնարավոր է՝ քեզ համար էլ է դժվար սիրել նրանց, ովքեր ատում են քեզ միայն այն բանի համար, որ ծառայում ես Եհովային։ Այդ դեպքում Աստծուց իր սուրբ ոգին խնդրիր (Ղուկ. 11։13)։ Վստահ եղիր, որ Աստծու առաջնորդությանը հետևելով՝ միշտ հաջողության կհասնես (Առակ. 3։5–7

14–15. Ինչպե՞ս է Հռոմեացիներ 12։17–21-ը օգնել Յասմինին սեր դրսևորել ամուսնու հանդեպ՝ չնայած վերջինիս վատ վերաբերմունքին։

14 Նկատի առնենք Յասմինի օրինակը, ով ապրում է Մերձավոր Արևելքում։ Երբ նա Եհովայի վկա դարձավ, ամուսինը, կարծելով, թե իր կնոջը մոլորեցրել են, ամեն ինչ անում էր, որ խանգարեր նրան ծառայել Աստծուն։ Նա վիրավորում էր Յասմինին։ Բացի այդ՝ իրենց բարեկամներին, ինչպես նաև մի քահանայի ու մի վհուկի ասում էր, որ վախեցնեն նրան և մեղադրեն իր ընտանիքը քանդելու մեջ։ Մի անգամ նա նույնիսկ գնաց Թագավորության սրահ և ժողովի հանդիպման ժամանակ վիրավորական խոսքեր ասաց եղբայրներին։ Ամուսնու վատ վերաբերմունքի պատճառով Յասմինը հաճախ լաց էր լինում։

15 Ժողովում հավատակիցները մխիթարում և զորացնում էին Յասմինին։ Երեցները հորդորում էին նրան կիրառել Հռոմեացիներ 12։17–21 համարներում գրված խոսքերը (կարդա)։ Յասմինն ասում է. «Ինձ համար շատ դժվար էր։ Բայց ես աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ և ամեն ջանք թափում էի, որ կիրառեի աստվածաշնչյան խորհուրդները։ Ուստի երբ ամուսինս միտումնավոր կեղտոտում էր խոհանոցը, ես մաքրում էի այն, երբ վիրավորում էր ինձ, մեղմությամբ էի պատասխանում, իսկ երբ նա հիվանդ էր լինում, հոգ էի տանում նրա մասին»։

Սեր դրսևորելով մեզ հալածողների հանդեպ՝ գուցե փոխենք նրանց տրամադրվածությունը (տես պարբերություն 16–17) *

16–17. Ի՞նչ ես սովորում Յասմինի օրինակից։

16 Յասիմինը վարձատրվեց ամուսնու հանդեպ սեր դրսևորելու համար։ Նա ասում է. «Ամուսինս սկսեց ինձ ավելի շատ վստահել, քանի որ գիտեր, որ երբեք չեմ խաբում իրեն։ Նա սկսեց հարգանքով լսել, երբ կրոնի մասին էի խոսում, և մենք որոշեցինք ընտանիքում խաղաղ մթնոլորտ պահպանել։ Այժմ նա է ինձ հորդորում ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Մեր ընտանեկան կյանքը զգալիորեն բարելավվել է, և մենք խաղաղ փոխհարաբերություններ ենք վայելում։ Հույս ունեմ, որ ամուսինս կընդունի ճշմարտությունը, և մենք միասին կծառայենք Եհովային»։

17 Յասմինի օրինակը ցույց է տալիս, որ սերը «ամեն ինչի դիմանում է.... ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է» (1 Կորնթ. 13։4, 7)։ Ատելությունը զորեղ զգացում է և կարող է խոր ցավ պատճառել, սակայն սերը շատ ավելի զորեղ է։ Այն կարող է գրավել ճշմարտությանը հակառակվողների սիրտը։ Բացի այդ՝ սեր ցուցաբերելով՝ ուրախացնում ենք Եհովային։ Անգամ եթե հակառակորդները շարունակեն ատել մեզ, մենք կարող ենք ուրախ լինել։ Ինչպե՞ս։

ՈՒՐԱԽ՝ ՉՆԱՅԱԾ ԱՏԵԼՈՒԹՅԱՆԸ

18. Ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել՝ չնայած ատելությանը։

18 Հիսուսն ասել է. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ատեն ձեզ» (Ղուկ. 6։22)։ Իհարկե, մենք չենք ցանկանում ատված լինել։ Հավատի համար հալածանքներ կրելը մեզ հաճույք չի պատճառում։ Այդ դեպքում ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել՝ չնայած ատելությանը։ Նշենք երեք պատճառ։ Առաջին՝ երբ տոկում ենք, արժանանում ենք Աստծու հավանությանը (1 Պետ. 4։13, 14)։ Երկրորդ՝ մեր հավատը զտվում է և ավելի ամուր դառնում (1 Պետ. 1։7)։ Եվ երրորդ՝ մեզ անգին վարձատրություն է սպասում՝ հավիտենական կյանք (Հռոմ. 2։6, 7

19. Ինչո՞ւ էին առաքյալները ուրախ՝ չնայած որ ծեծվել էին։

19 Հիսուսի հարությունից կարճ ժամանակ հետո առաքյալները զգացին այն ուրախությունը, որի մասին նա ասել էր։ Թեև նրանց ծեծեցին և պատվիրեցին այլևս չքարոզել, բայց նրանք ուրախ էին։ Ինչո՞ւ։ Քանի որ «արժանի եղան նրա [Հիսուսի] անվան համար անարգանքի ենթարկվելու» (Գործ. 5։40–42)։ Նրանց սերն իրենց Տիրոջ հանդեպ ավելի մեծ էր, քան թշնամիների կողմից ատված լինելու վախը։ Նրանք ցույց տվեցին իրենց սերը՝ «առանց դադարի» հռչակելով բարի լուրը։ Այսօր էլ շատ եղբայրներ ու քույրեր շարունակում են հավատարմորեն ծառայել՝ չնայած դժվարություններին։ Նրանք գիտեն, որ Եհովան չի մոռանա իրենց աշխատանքը և այն սերը, որ դրսևորում են իր անվան հանդեպ (Եբր. 6։10

20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

20 Քանի դեռ այս աշխարհը գոյություն ունի, այն շարունակելու է ատել մեզ (Հովհ. 15։19)։ Բայց մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, Եհովան «կհաստատի.... ու կպահի» իրեն նվիրվածներին (2 Թեսաղ. 3։3)։ Ուրեմն եկեք շարունակենք սիրել Եհովային, մեր հավատակիցներին և նույնիսկ մեր թշնամիներին։ Հետևելով այս խորհրդին՝ մենք կլինենք միասնական և հոգևորապես ամուր, փառք կբերենք Եհովային և կփաստենք, որ սերը շատ ավելի զորեղ է, քան ատելությունը։

ԵՐԳ 106 Սեր դրսևորենք

^ պարբ. 5 Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք Եհովային, մեր հավատակիցներին և նույնիսկ մեր թշնամիներին սիրելու շնորհիվ դիմանալ այս աշխարհի ատելությանը։ Նաև կտեսնենք, թե ինչու Հիսուսն ասաց, որ կարող ենք երջանիկ լինել՝ չնայած մարդկանց թշնամական վերաբերմունքին։

^ պարբ. 1 Անունները փոխված են։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Զինվորների սպառնալիքներից հետո հավատակիցները օգնեցին Դանիլոյին և նրա կնոջը տեղափոխվել այլ քաղաք, որտեղ նրանց ջերմորեն ընդունեցին։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Յասմինի ամուսինը հալածում էր նրան։ Բայց Յասմինը, հետևելով երեցների տված խորհրդին, իր գործերով փաստեց, որ լավ կին է։ Օրինակ՝ նա հոգ էր տանում ամուսնու մասին, երբ վերջինս հիվանդ էր լինում։