Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10

Դու կարող ես հանել «հին անձնավորությունը»

Դու կարող ես հանել «հին անձնավորությունը»

«Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով» (ԿՈՂ. 3։9

ԵՐԳ 29 Ապրենք մեր անվան համաձայն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչպիսի՞ն էր քո կյանքը նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը։

 ԻՆՉՊԻՍԻ՞Ն էր քո կյանքը նախքան Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելը։ Հնարավոր է՝ չես էլ ուզում հիշել այդ մասին։ Շատերս նման զգացումներ ունենք։ Ամենայն հավանականությամբ, մեր մտածելակերպն ու անձնավորությունը ձևավորվել էին այս աշխարհում ընդունված արժեքներով, այսինքն՝ ճշտի ու սխալի վերաբերյալ աշխարհի չափանիշներով։ Մենք «չունեինք հույս և առանց Աստծու էինք աշխարհում» (Եփես. 2։12)։ Բայց Աստվածաշնչի ուսումնասիրությունը լիովին փոխեց մեր կյանքը։

2. Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ ի՞նչ իմացար։

2 Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ դու իմացար, որ երկնային Հայր ունես, ով քեզ շատ է սիրում։ Հասկացար, որ եթե ուզում ես հաճեցնել նրան և դառնալ նրան պաշտողների ընտանիքի մի մասը, պետք է մեծ փոփոխություններ անես քո ապրելակերպում և մտածելակերպում, ինչպես նաև սովորես ապրել ճշտի ու սխալի վերաբերյալ նրա սահմանած չափանիշների համաձայն (Եփես. 5։3–5

3. Ըստ Կողոսացիներ 3։9, 10 համարների՝ Եհովան ի՞նչ է ցանկանում, որ անենք, և ի՞նչ կքննենք այս հոդվածում։

3 Լինելով մեր Ստեղծիչն ու երկնային Հայրը՝ Եհովան իրավունք ունի որոշելու, թե իր ընտանիքի անդամները ինչ անեն և ինչ չանեն։ Իսկ նա պահանջում է, որ նախքան մկրտվելը «հանենք մեր վրայից հին անձնավորությունը իր գործերով» (կարդա Կողոսացիներ 3։9, 10 * Այս հոդվածը մկրտվել ցանկացողներին կօգնի պատասխանել հետևյալ հարցերին. 1) ի՞նչ է «հին անձնավորությունը», 2) ինչո՞ւ է Եհովան ցանկանում, որ մեր վրայից հանենք հին անձնավորությունը, և 3) ինչպե՞ս կարող ենք դա անել։ Իսկ նրանք, ովքեր արդեն մկրտված են, այս հոդվածից կիմանան, թե ինչ կարող են անել, որպեսզի հին անձնավորությանը բնորոշ հատկությունները նորից գլուխ չբարձրացնեն։

Ի՞ՆՉ Է «ՀԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

4. Ինչպե՞ս կնկարագրես այն մարդուն, ում ղեկավարում է «հին անձնավորությունը»։

4 Այն մարդը, ում ղեկավարում է «հին անձնավորությունը», հիմնականում մտածում և գործում է մարմնավոր կերպով։ Նա կարող է լինել եսասեր, բարկացկոտ, անշնորհակալ և հպարտ։ Գուցե այդ անհատը սովորություն ունենա դիտելու պոռնկագրություն և այնպիսի ֆիլմեր, որոնք անբարոյություն կամ բռնություն են պարունակում։ Անկասկած, նա լավ հատկություններ էլ ունի և հնարավոր է՝ խղճի խայթ է զգում իր ասած կամ արած վատ բաների համար։ Թերևս նա ցանկանում է փոխել իր մտածելակերպն ու վարքը, բայց այդ ցանկությունն այնքան մեծ չէ, որ մղի նրան փոփոխություններ անելու (Գաղ. 5։19–21; 2 Տիմոթ. 3։2–5

Երբ մենք հանում ենք հին անձնավորությունը, մարմնավոր մտածելակերպն ու սովորությունները այլևս չեն ղեկավարում մեզ (տես պարբերություն 5) *

5. Հին անձնավորությունը հանելու վերաբերյալ ի՞նչ ողջամիտ տեսակետ պետք է ունենանք (Գործեր 3։19

5 Մենք անկատար ենք, հետևաբար չենք կարող մեր սրտից ու մտքից ամբողջությամբ արմատախիլ անել սխալ մտքերն ու ցանկությունները։ Ուստի ժամանակ առ ժամանակ կասենք ու կանենք բաներ, որոնց համար հետո կափսոսանք (Երեմ. 17։9; Հակ. 3։2)։ Բայց եթե մեր վրայից հանենք հին անձնավորությունը, մարմնավոր մտածելակերպն ու գործելակերպը էլ չեն ղեկավարի մեզ, և մենք բոլորովին այլ անձնավորություն կդառնանք (Ես. 55։7; կարդա Գործեր 3։19

6. Եհովան ինչո՞ւ է հորդորում մեզ ձերբազատվել հին անձնավորությանը բնորոշ մտածելակերպից և սովորություններից։

6 Եհովան մեզ հորդորում է, որ ձերբազատվենք սխալ մտածելակերպից և վատ սովորություններից, քանի որ շատ է սիրում մեզ և ուզում է, որ ուրախություն ստանանք մեր կյանքից (Ես. 48։17, 18)։ Նա գիտի, որ նրանք, ովքեր տրվում են սխալ ցանկություններին, վնասում են թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատի մարդկանց։ Դա ցավ է պատճառում Եհովային։

7. Ըստ Հռոմեացիներ 12։1, 2 համարների՝ ի՞նչ ընտրության առաջ ենք կանգնած։

7 Մեր ընկերներն ու ընտանիքի անդամները հնարավոր է՝ սկսեն ծաղրել մեզ՝ տեսնելով, որ փորձում ենք փոփոխություններ անել (1 Պետ. 4։3, 4)։ Նրանք գուցե ասեն, որ մենք իրավունք ունենք անելու այն, ինչ ուզում ենք, և չպետք է թույլ տանք, որ ուրիշներն ասեն մեզ, թե ինչպես վարվենք։ Բայց նրանք, ովքեր մերժում են Եհովայի չափանիշները, իրականում չեն կարող անկախ լինել, քանի որ այդպիսով թույլ են տալիս, որ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհը ձևավորի իրենց (կարդա Հռոմեացիներ 12։1, 2)։ Մենք բոլորս ընտրության առաջ ենք կանգնած՝ կա՛մ չհանել հին անձնավորությունը, որը մեղքն ու Սատանայի աշխարհն են ձևավորել, կա՛մ թույլ տալ, որ Եհովան փոխի մեզ՝ դարձնելով հնարավորինս լավ անձնավորություն՝ լավագույնը մեր ներկա իրավիճակում (Ես. 64։8

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՆԵԼ ՀԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

8. Ի՞նչը կօգնի մեզ ձերբազատվել սխալ մտածելակերպից և վատ սովորություններից։

8 Եհովան հասկանում է, որ սխալ մտածելակերպից և վատ սովորություններից ձերբազատվելու համար ժամանակ և ջանքեր են պետք (Սաղ. 103։13, 14)։ Ուստի նա իր Խոսքի, սուրբ ոգու և կազմակերպության միջոցով տալիս է մեզ իմաստություն, ուժ և անհրաժեշտ օգնություն, որ կարողանանք փոխել մեր հին անձնավորությունը։ Անկասկած, նա արդեն օգնել է քեզ։ Այժմ քննենք մի քանի գործնական քայլեր, որոնք անելով՝ կշարունակես ձերբազատվել հին անձնավորությանը բնորոշ մտածելակերպից ու հատկություններից, և կհամապատասխանես մկրտության պահանջներին։

9. Աստծու Խոսքն ինչպե՞ս կարող է օգնել քեզ։

9 Աստվածաշնչի միջոցով ինքնաքննություն արա։ Աստծու Խոսքը նման է հայելու. այն օգնում է, որ քննենք մեր մտածելակերպը, խոսելաձևը և գործելակերպը (Հակ. 1։22–25)։ Քեզ Աստվածաշունչ ուսուցանողը և այլ հասուն քրիստոնյաներ կարող են ցույց տալ, թե ինչպես ինքնաքննություն անես։ Օրինակ՝ Աստվածաշնչի միջոցով նրանք կօգնեն քեզ տեսնել, թե որոնք են քո ուժեղ և թույլ կողմերը։ Բացի այդ՝ կսովորեցնեն, թե որտեղ գտնես Աստծու Խոսքի վրա հիմնված նյութեր, որոնք օգտակար տեղեկություններ են պարունակում այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել վնասակար սովորությունները։ Եհովան էլ իր հերթին միշտ պատրաստ է օգնել քեզ։ Նա բոլորից լավ կարող է դա անել, քանի որ գիտի՝ ինչ կա քո սրտում (Առակ. 14։10; 15։11)։ Ուստի ամեն օր աղոթելը և նրա Խոսքն ուսումնասիրելը սովորություն դարձրու։

10. Ի՞նչ սովորեցիր Իլիի օրինակից։

10 Համոզված եղիր, որ Եհովայի սահմանած չափանիշները լավագույնն են։ Եհովայի բոլոր պատվերները մեր օգտի համար են։ Նրանք, ովքեր ապրում են նրա չափանիշների համաձայն, ձեռք են բերում ինքնահարգանք, կյանքի իմաստ և իսկական երջանկություն (Սաղ. 19։7–11)։ Իսկ նրանք, ովքեր մերժում են Եհովայի չափանիշները, կրում են մարմնի գործերի բերած դառը հետևանքները։ Նկատի առնենք Իլիի օրինակը։ Նա մեծացել է Եհովայի վկաների ընտանիքում։ Պատանեկան տարիքում նա վատ շրջապատ ընկավ և սկսեց զբաղվել թմրամոլությամբ, անբարոյությամբ և գողությամբ։ Իլին ասում է, որ բռնկուն և կռվարար անձնավորություն էր դարձել։ Նա խոստովանում է. «Ըստ էության, անում էի հենց այն, ինչ ծնողներս սովորեցրել էին, որ չանեմ»։ Բայց Իլին չէր մոռացել այն, ինչ սովորել էր փոքրուց։ Ի վերջո նա կրկին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, մեծ ջանքեր թափեց, որ ազատվի վատ սովորություններից, և 2000 թ.-ին մկրտվեց։ Իսկ ի՞նչ օգուտներ է քաղել Իլին՝ ապրելով Եհովայի չափանիշներով։ Նա ասում է. «Այժմ սիրտս խաղաղ է, խիղճս՝ մաքուր»։ * Ինչպես տեսնում ենք այս եղբոր օրինակից, նրանք, ովքեր հրաժարվում են ապրել Եհովայի սկզբունքներով, վնասներ են կրում։ Այդուհանդերձ, Եհովան պատրաստ է օգնել նրանց, որ փոխվեն։

11. Ո՞ր բաներն է Եհովան ատում։

11 Սովորիր ատել այն, ինչ Եհովան է ատում (Սաղ. 97։10)։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան ատում է «գոռոզ աչքերը, ստախոս լեզուն, անմեղ արյուն թափող ձեռքերը» (Առակ. 6։16, 17)։ Նրա համար նաև զզվելի է «արյուն թափող և խաբեբա մարդը» (Սաղ. 5։6)։ Աստված այնքան է ատում այդպիսի մտածելակերպն ու գործերը, որ Նոյի օրերում կործանեց բոլոր չար մարդկանց, ովքեր երկիրը բռնությամբ էին լցրել (Ծննդ. 6։13)։ Քննենք մեկ այլ օրինակ։ Մաղաքիա մարգարեի միջոցով Եհովան ասաց, որ ատում է նրանց, ովքեր անհավատարմությամբ են վարվում և ծրագրում են ամուսնալուծվել իրենց անմեղ կողակիցներից։ Աստված չի ընդունում այդպիսի մարդկանց երկրպագությունը և նրանց պատասխանատվության է ենթարկելու իրենց արարքների համար (Մաղ. 2։13–16; Եբր. 13։4

Եհովային տհաճ բան անելը պետք է մեզ համար նույնքան զզվելի լինի, որքան նեխած սնունդ ուտելը (տես պարբերություն 11–12)

12. Ի՞նչ է նշանակում «զզվել չարից»։

12 Եհովան ցանկանում է, որ «զզվենք չարից» (Հռոմ. 12։9)։ «Զզվել» նշանակում է խիստ հակակրանքի, ատելության զգացում ունենալ ինչ-որ բանի հանդեպ և գարշել դրանից։ Պատկերացրու՝ ինչ կզգաս, երբ քեզ նեխած սնունդ տան, որ ուտես։ Միայն այդ մտքից արդեն գուցե սիրտդ խառնի։ Նմանապես Եհովային տհաճ բան անելու միտքն անգամ պետք է զզվելի լինի մեզ համար։

13. Ինչո՞ւ պետք է պաշտպանենք մեր միտքը։

13 Պաշտպանիր քո միտքը։ Մեր մտքերը ազդում են մեր գործերի վրա։ Այդ իսկ պատճառով Հիսուսը սովորեցրեց մերժել այն մտքերը, որոնք կարող են լուրջ մեղքի տանել (Մատթ. 5։21, 22, 28, 29)։ Ինչ խոսք, մենք ցանկանում ենք հաճեցնել մեր երկնային Հորը, ուստի անչափ կարևոր է, որ անմիջապես արմատախիլ անենք ցանկացած վատ միտք, որ գուցե ծագի մեր մեջ։

14. Ի՞նչ են բացահայտում մեր խոսքերը, և ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածենք։

14 Հսկիր լեզուդ։ Հիսուսն ասաց. «Բերանից դուրս եկած բաները սրտից են դուրս գալիս» (Մատթ. 15։18)։ Այս համարը հստակ ցույց է տալիս, որ մեր խոսքերը բացահայտում են մեր ներքին անձնավորությունը։ Ուստի մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Արդյո՞ք հրաժարվում եմ ստելուց, նույնիսկ եթե ճիշտն ասելով՝ խնդիրների մեջ կընկնեմ։ Լինելով ամուսնացած՝ զգուշություն ցուցաբերո՞ւմ եմ, որ ֆլիրտ չանեմ հակառակ սեռի հետ շփվելիս։ Արդյո՞ք հեռու եմ մնում անվայել խոսքերից, ինչպես հեռու կմնայի ժանտախտից։ Երբ ինչ-որ մեկը բարկացնում է ինձ, հանդարտորե՞ն եմ պատասխանում»։ Այս հարցերի շուրջ խորհրդածելը օգտակար կլինի քեզ համար։ Մեր խոսքերը կարելի է նմանեցնել հագուստի կոճակների. եթե արձակենք կոճակները, մեզ համար ավելի հեշտ կլինի հանել հագուստը։ Նմանապես, եթե ձգտենք հեռու մնալ ստից, վիրավորական և անվայել խոսքերից, մեզ համար ավելի հեշտ կլինի հանել հին անձնավորությունը։

15. Ի՞նչ է նշանակում հին անձնավորությունը «ցցին գամել»։

15 Պատրաստ եղիր վճռական քայլեր ձեռնարկելու։ Պողոս առաքյալը մի ազդեցիկ համեմատություն արեց ցույց տալու համար, թե որքան կարևոր է լուրջ վերաբերվել մեր ապրելակերպը փոխելուն։ Նա գրեց, որ պետք է հին անձնավորությունը «ցցին գամենք» (Հռոմ. 6։6)։ Այլ կերպ ասած՝ ինչպես Հիսուսն էր պատրաստ Եհովային հաճեցնելու համար ցցին գամվել, այնպես էլ մենք պետք է պատրաստ լինենք Եհովային հաճեցնելու համար արմատախիլ անել այն մտածելակերպն ու սովորությունները, որոնք նա ատում է։ Միայն դրանից հետո կկարողանանք ունենալ մաքուր խիղճ և հավիտենական կյանքը վայելելու հեռանկար (Հովհ. 17։3; 1 Պետ. 3։21)։ Հիշենք, որ Եհովան իր չափանիշները չի հարմարեցնելու մեզ։ Մե՛նք պետք է փոխվենք և համապատասխանենք նրա չափանիշներին (Ես. 1։16–18; 55։9

16. Ինչո՞ւ պետք է վճռես շարունակ պայքարել մարմնական ցանկությունների դեմ։

16 Շարունակիր պայքարել մարմնական ցանկությունների դեմ։ Անգամ մկրտությունից հետո դու պետք է շարունակես պայքարել սխալ ցանկությունների դեմ։ Նկատի առնենք Մարիսյուի օրինակը։ Երիտասարդ տարիքում նա միասեռականի կյանքով էր ապրում։ Բայց մի օր հանդիպեց Եհովայի վկաներին ու սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Փոփոխություններ անելուց հետո 2002 թ.-ին Մարիսյուն մկրտվեց։ Նա երկար տարիներ է, ինչ ծառայում է Եհովային, բայց խոստովանում է, որ երբեմն անպատշաճ ցանկություններ է ունենում։ Եղբայրը թույլ չի տալիս, որ դա վհատեցնի իրեն։ Նա ասում է. «Ինձ ոգևորում է այն միտքը, որ չտրվելով այդ ցանկություններին՝ կարող եմ ուրախացնել Եհովայի սիրտը»։ *

17. Ինչո՞վ է քեզ համար օգտակար Նաբիխայի օրինակը։

17 Եհովայից օգնություն խնդրիր և վստահիր ոչ թե քո ուժերին, այլ նրա սուրբ ոգուն (Գաղ. 5։22; Փիլիպ. 4։6)։ Եթե ցանկանում ենք հանել հին անձնավորությունը և այլևս չհագնել այն, պետք է վճռական լինենք։ Քննենք Նաբիխա անունով մի կնոջ օրինակը։ Նաբիխայի հայրը լքեց նրան, երբ նա ընդամենը վեց տարեկան էր։ Նա ասում է. «Դա մեծ ցավ պատճառեց ինձ»։ Երբ Նաբիխան մեծացավ, դարձավ բարկացկոտ ու ագրեսիվ անձնավորություն, սկսեց թմրադեղերի վաճառքով զբաղվել, ձերբակալվեց և մի քանի տարի անցկացրեց ազատազրկման մեջ։ Բանտում Եհովայի վկաների օգնությամբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և լուրջ փոփոխություններ արեց իր կյանքում։ Նաբիխան պատմում է. «Որոշ վատ սովորություններից ձերբազատվելը դժվար չէր։ Օրինակ՝ հեշտությամբ հրաժարվեցի թմրադեղերից, ինչը չեմ կարող ասել ծխելու մասին»։ Մեկ տարուց ավել պայքարելուց հետո ի վերջո նա հաջողության հասավ։ Նաբիխան ասում է. «Ամենից շատ օգնեց Եհովային անդադար աղոթելը»։ Հիմա նա ուրիշներին հավաստիացնում է. «Վստահ եմ, որ եթե ես կարողացել եմ փոխվել Եհովային հաճեցնելու համար, ցանկացած մեկը կարող է»։ *

ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

18. 1 Կորնթացիներ 6։9–11 համարների համաձայն՝ ի՞նչ է հաջողվել անել Աստծու ծառաներից շատերին։

18 Առաջին դարում որոշ տղամարդիկ ու կանայք, ում Եհովան ընտրեց լինելու Քրիստոսի թագավորակիցները, մի ժամանակ վատ վարք էին դրսևորել. նրանք եղել էին շնացողներ, համասեռամոլներ և գողեր։ Բայց Եհովայի սուրբ ոգու օգնությամբ այդ մարդիկ կարողացել էին փոփոխություններ անել իրենց կյանքում (կարդա 1 Կորնթացիներ 6։9–11)։ Նմանապես այսօր Աստվածաշունչը օգնել է միլիոնավոր մարդկանց փոխել իրենց կյանքը։ * Նրանց հաջողվել է վերացնել արմատացած վատ սովորությունները։ Այդպիսի օրինակները ցույց են տալիս, որ դու նույնպես կարող ես փոփոխություններ անել քո կյանքում և ազատվել վատ սովորություններից, որպեսզի համապատասխանես մկրտության պահանջներին։

19. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

19 Հին անձնավորությունը հանելուց բացի՝ մկրտվել ցանկացողները պետք է ջանք թափեն, որ հագնեն նոր անձնավորությունը։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք անել դա, և թե ուրիշներն ինչպես կարող են օգնել մեզ։

ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր

^ Մկրտության պահանջներին համապատասխանելու համար մենք պետք է պատրաստ լինենք փոփոխություններ անելու մեր մտածելակերպի ու անհատականության մեջ։ Այս հոդվածից կիմանանք, թե որ հատկություններն են բնորոշ հին անձնավորությանը, ինչու պետք է ձերբազատվենք դրանցից և ինչպես կարող ենք դա անել։ Իսկ հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք հագնել նոր անձնավորությունը և չհանել այն անգամ մկրտությունից հետո։

^ ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Հանել հին անձնավորությունը» նշանակում է ձերբազատվել Եհովային տհաճ մտածելակերպից և հակումներից։ Մենք դա պետք է սկսենք անել նախքան մկրտվելը (Եփես. 4։22

^ Տես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարի «Բարկացկոտ էի ու ագրեսիվ» հոդվածը «Դիտարանի» 2012 թ. հոկտեմբերի 1-ի համարում։

^ ՆԿԱՐ։ Սխալ մտածելակերպից և վատ սովորություններից ձերբազատվելը նման է հին հագուստը հանելուն։