Կանչվել են խավարից դեպի լույս
«[Եհովան] խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ» (1 ՊԵՏ. 2։9)։
ԵՐԳ 116, 102
1. Ի՞նչ տեղի ունեցավ Երուսաղեմի կործանման ժամանակ։
Մ.Թ.Ա. 607 թ.-ին Բաբելոնի հսկայական բանակը Նաբուգոդոնոսոր II թագավորի գլխավորությամբ ներխուժեց Երուսաղեմ։ Արյունահեղության և ավերածությունների մասին Աստվածաշունչը ասում է. «[Նաբուգոդոնոսորը] սրով կոտորեց նրանց երիտասարդներին իրենց սրբարանում և չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ զառամյալին.... Նա այրեց ճշմարիտ Աստծու տունը և Երուսաղեմի պարիսպը քանդեց։ Բոլոր ամրոցները և ամեն թանկարժեք բան հրի մատնեց. ամեն ինչ ոչնչացվեց» (2 Տար. 36։17, 19)։
2. Ի՞նչ նախազգուշացում տվեց Եհովան Երուսաղեմի կործանման մասին, և ի՞նչ էր պատահելու հրեաներին։
2 Երուսաղեմի կործանումը անակնկալ չէր բնակիչների համար։ Երկար տարիներ Աստծու մարգարեները նախազգուշացրել էին ժողովրդին, որ եթե նրանք շարունակեն արհամարհել Աստծու Օրենքը, կմատնվեն բաբելոնացիների ձեռքը։ Շատերը մահանալու էին սրի բերանով, իսկ ով կենդանի մնար, կյանքի մնացած մասը հավանաբար գերի էր լինելու Բաբելոնում (Երեմ. 15։2)։ Ինչպիսի՞ն էր լինելու գերիների կյանքը։ Բաբելոնյան գերությունն արդյոք ունի՞ քրիստոնեական ժամանակների իր զուգահեռը։ Եթե այո, ապա ե՞րբ է այն եղել։
ԿՅԱՆՔԸ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
3. Ինչո՞վ էր Բաբելոնի գերությունը տարբերվում Եգիպտոսի ստրկությունից։
3 Այն ամենը, ինչ մարգարեները նախապես ասել էին, կատարվեց։ Օրինակ՝ Եհովան Երեմիայի միջոցով խորհուրդ էր տվել, որ ովքեր գերի կգնան Բաբելոն, հարմարվեն նոր իրավիճակին և օգտվեն այնտեղ իրենց տրված հնարավորություններից։ Նա ասել էր. «Տներ կառուցեք ու բնակվեք դրանց մեջ, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղները։ Խաղաղություն փնտրեք այն քաղաքի համար, ուր ձեզ գերության ուղարկեցի, և նրա համար Եհովային աղոթեք, որովհետև եթե նրանում խաղաղություն լինի, ձեզ համար ևս խաղաղություն կլինի» (Երեմ. 29։5, 7)։ Ովքեր ականջ դրեցին Աստծու խոսքերին, համեմատաբար լավ կյանքով ապրեցին Բաբելոնում։ Գերիներին իրավունք էր տրվել որոշ չափով ղեկավարել իրենց առնչվող գործերը։ Նրանք նույնիսկ ազատ էին երկրի սահմաններում տեղից տեղ գնալու։ Բաբելոնը հին աշխարհում առևտրի կենտրոն էր։ Պեղված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ հրեաները այնտեղ սովորել են առևտրով զբաղվել և տարբեր արհեստներ են ձեռք բերել, իսկ ոմանք նույնիսկ հարստացել են։ Այո՛, հրեաների կյանքը Բաբելոնում բոլորովին այլ էր, քան Եգիպտոսում, որտեղ նրանք դարեր առաջ ստրուկ էին (կարդա Ելք 2։23–25)։
4. Անհնազանդ իսրայելացիներից բացի, ուրիշ ովքե՞ր գերի ընկան, և ի՞նչ սահմանափակումներ ունեին նրանք երկրպագության մեջ։
4 Իսկ ինչպիսի՞ն էր հրեաների վիճակը երկրպագության հարցում։ Եհովայի տաճարը զոհասեղանի հետ ավերված էր, իսկ քահանայական կարգը այլևս կազմակերպված չէր գործում։ Գերիների մեջ կային Աստծու հավատարիմ ծառաներ, ովքեր պատժի արժանի ոչինչ չէին արել, սակայն մյուս բոլորի հետ պետք է իրենց կյանքը գերության մեջ անցկացնեին։ Ուստի նրանք ամեն հնարավոր բան արեցին՝ պահելու Աստծու Օրենքը։ Օրինակ՝ Դանիելը և իր երեք ընկերները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, հրաժարվեցին այն ուտելիքից, որն արգելված էր հրեաների համար։ Նաև մեզ հայտնի է, որ Դանիելը հավատարիմ մնաց Աստծուն կանոնավոր աղոթելու հարցում (Դան. 1։8; 6։10)։ Սակայն հեթանոս իշխանության ներքո աստվածավախ հրեայի համար անհնար էր պահել Օրենքի բոլոր պահանջները։
5. Եհովան ի՞նչ հույս էր տվել իր ժողովրդին, և ինչո՞վ էր իր խոստումը առանձնահատուկ։
5 Արդյո՞ք իսրայելացիները նորից կկարողանային ընդունելի ձևով երկրպագել Աստծուն։ Այդ ժամանակ դա ամենաանհավանական բանն էր թվում։ Բաբելոնը երբեք ազատություն չէր տվել իր գերիներին։ Սակայն նրանց վարած այդ քաղաքականությունը Աստծու համար խոչընդոտ չէր։ Նա խոստացել էր, որ իր ժողովուրդը ազատ է արձակվելու, և այդպես էլ եղավ։ Աստծու խոստումները երբեք առանց կատարվելու չեն մնում (Ես. 55։11)։
ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԸ
6, 7. Ինչո՞ւ կարիք եղավ վերաճշտել քրիստոնեական ժամանակների բաբելոնյան գերության մասին մեր հասկացողությունը։
6 Երբևէ քրիստոնյաները եղե՞լ են այնպիսի իրավիճակում, որը կարելի է համեմատել Բաբելոնի գերության հետ։ Երկար տարիներ «Դիտարանում» բացատրվել է, որ Աստծու ժամանակակից ծառաները Բաբելոնի գերության մեջ են հայտնվել 1918 թ.-ին և ազատվել են 1919-ին։ Սակայն որոշ պատճառներով, որոնց մասին կնշվի այս և հաջորդ հոդվածում, անհրաժեշտություն առաջացավ այս հարցը վերանայելու։
7 Մտածենք. Մեծ Բաբելոնը կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունն է։ Հետևաբար Աստծու ժողովուրդը 1918-ին պետք է ինչ-որ ձևով կեղծ կրոնի գերին լիներ։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Առաջին աշխարհամարտին նախորդող տարիներին Աստծու օծյալ ծառաները իրականում ազատվում էին Մեծ Բաբելոնից, ոչ թե դառնում նրա գերիները։ Ու թեև
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք հալածվում էին, սակայն այդ հետապնդումները գլխավորապես պետական իշխանությունների կողմից էին, ոչ թե Մեծ Բաբելոնի։ Ուստի Եհովայի ժողովուրդը, ըստ ամենայնի, չէր կարող 1918-ին ընկնել Բաբելոնի գերության մեջ։Ե՞ՐԲ Է ՍԿՍՎԵԼ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Ճշմարիտ քրիստոնեությունն ինչպե՞ս աղավաղվեց (տես հոդվածի սկզբի նկարը)։
8 Մ. թ. 33-ի Պենտեկոստեին հազարավոր հրեաներ և պրոզելիտներ օծվեցին սուրբ ոգով։ Այս նոր քրիստոնյաները դարձան «ընտրյալ ցեղ, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու [համար]» (կարդա 1 Պետրոս 2։9, 10)։ Առաքյալները իրենց կենդանության օրոք ժողովները պաշտպանում էին հավատուրացությունից։ Սակայն նրանց մահից հետո մարդիկ վեր կացան և «ծուռումուռ բաներ» խոսեցին, որպեսզի «աշակերտներին իրենց հետևից քաշեն» (Գործ. 20։30; 2 Թեսաղ. 2։6–8)։ Այդ մարդկանցից շատերը ժողովներում պատասխանատու անձինք էին՝ վերակացուներ, իսկ հետագայում դարձան «եպիսկոպոսներ»։ Սկսեց ձևավորվել հոգևորականության դաս, թեև Հիսուսն ասել էր իր հետևորդներին՝ «դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթ. 23։8)։ Արիստոտելի և Պլատոնի փիլիսոփայական գաղափարներով հրապուրված՝ որոշ ազդեցիկ մարդիկ կեղծ կրոնական ուսմունքներ տարածեցին, և ժամանակի ընթացքում Աստծու Խոսքի մաքուր ուսմունքները փոխարինվեցին դրանցով։
9. Ինչպե՞ս հավատուրաց քրիստոնեությունը ստացավ Հռոմեական կայսրության աջակցությունը, և ի՞նչ եղավ դրա հետևանքը։
9 313 թ.-ին արդեն իսկ հավատուրաց դարձած քրիստոնեությունը իրավական ճանաչում գտավ հռոմեացի հեթանոս կայսր Կոստանդինի կողմից։ Այդուհետ եկեղեցին և պետությունը սկսեցին գործել ձեռք ձեռքի տված։ Օրինակ՝ Նիկիայի տիեզերական ժողովից հետո Կոստանդինը, ով ներկա էր այդ ժողովին, հրամայեց, որ Արիոս քահանային աքսորեն, քանի որ նա տարակարծիք էր և չէր ընդունում, որ Հիսուսն Աստվածն է։ Հետագայում՝ Թեոդոսիոս կայսրի օրոք (379–395 թթ.) կաթոլիկ եկեղեցին, որը հավատուրաց քրիստոնեության ուղղություններից մեկն էր, ճանաչում ստացավ որպես Հռոմեական կայսրության պետական կրոն։ Պատմաբանները նշում են, որ չորրորդ դարում հեթանոս Հռոմը դարձավ քրիստոնյա։ Սակայն իրողությունն այն է, որ այդ ժամանակ քրիստոնեությունը միախառնվել էր հեթանոսությանը և դարձել Մեծ Բաբելոնի մի մասը։ Այնուհանդերձ, օծյալ քրիստոնյաների մի փոքր խումբ, որոնք Աստվածաշնչում համեմատվում են ցորենի հետ, իրենց լավագույնն էին անում Աստծուն երկրպագելու համար, սակայն մարդիկ չէին լսում, թե նրանք ինչ են ասում (կարդա Մատթեոս 13։24, 25, 37–39)։ Այդ օծյալ քրիստոնյաները Բաբելոնի գերության մեջ էին։
10. Մեր թվարկության առաջին մի քանի դարերի ընթացքում ինչի՞ հիման վրա կարող էին անկեղծ մարդիկ կասկածի տակ դնել եկեղեցու ուսմունքները։
10 Մեր թվարկության առաջին մի քանի դարերի ընթացքում շատերը կարող էին Աստվածաշունչը կարդալ հունարենով կամ լատիներենով։ Նրանք կարող էին Աստվածաշնչի ուսմունքները համեմատել եկեղեցու ուսմունքների հետ։ Աստվածաշնչից իրենց կարդացածի հիման վրա ոմանք մերժում էին եկեղեցու ոչ սուրբգրային դավանանքը, սակայն այդ ժամանակներում չափազանց վտանգավոր էր այդ մասին բացահայտ խոսելը, քանի որ դրա համար կարող էին կորցնել նույնիսկ իրենց կյանքը։
11. Աստվածաշունչն ինչպե՞ս անցավ հոգևորականների հսկողության տակ։
11 Որոշ ժամանակ անց հասարակ ժողովուրդը այլևս չէր կարող կարդալ և հասկանալ Աստվածաշունչը, քանի որ այն
լեզուները, որոնցով առկա էր այն, արդեն հնացած էին, իսկ եկեղեցին արգելում էր թարգմանել հասկանալի լեզուներով։ Արդյունքում՝ միայն հոգևորականներին և որոշ կրթված մարդկանց էր մատչելի Աստծու Խոսքը, թեպետ հոգևորականներից ոչ բոլորն էին կարողանում վարժ գրել ու կարդալ։ Եթե որևէ մեկի տեսակետը տարբերվում էր եկեղեցու սովորեցրած ուսմունքներից, նրան խիստ պատիժ էր հասնում։ Աստծու հավատարիմ օծյալ ծառաները շատ զգույշ էին և հավաքվում էին փոքր խմբերով, եթե իհարկե դա հնարավոր էր լինում։ Ինչպես բաբելոնյան գերության մեջ, այնպես էլ այդ ժամանակ «թագավորական քահանայությունը» չէր գործում կազմակերպված ձևով։ Մեծ Բաբելոնը մարդկանց սեղմած էր պահում իր կապանքների մեջ։ԼՈՒՅՍԸ ՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱԼ
12, 13. Ո՞ր երկու գործոնները նպաստեցին, որ Մեծ Բաբելոնի կապանքները թուլանան։ Բացատրիր։
12 Երբևէ ճշմարիտ քրիստոնյաները ազատություն կունենայի՞ն երկրպագելու Աստծուն բացահայտորեն և նրան ընդունելի կերպով։ Այո՛։ Երկու գործոնների շնորհիվ հոգևոր խավարի մեջ լույս ներթափանցեց։ Առաջինը 15-րդ դարի կեսերին տպագրական մեքենայի և շարժական տառերի գյուտն էր։ Նախքան տպագրությունը տարածում կգտներ Արևմուտքում, մարդիկ Աստվածաշունչը փութաջանորեն արտագրում էին ձեռքով։ Աստվածաշնչի կրկնօրինակները հազվագյուտ էին և թանկարժեք։ Կարծիք կա, որ հմուտ արտագրողից տասը ամիս էր պահանջվում ընդամենը մեկ օրինակ պատրաստելու համար։ Բացի այդ, նյութը (օրինակ՝ մագաղաթը), որի վրա արտագրվում էր տեքստը, թանկ արժեր։ Իսկ տպագրական մեքենայով թղթի վրա հնարավոր էր օրական 1 300 էջ տպել։
13 Երկրորդ գործոնն այն է, որ 16-րդ դարի սկզբին մի քանի տղամարդիկ որոշեցին Աստվածաշունչը թարգմանել ժողովրդին հասկանալի լեզվով։ Թարգմանիչներից շատերը ձեռնարկեցին այդ գործը՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։
Դա շարժեց եկեղեցու զայրույթը։ Նրանք վախենում էին, որ Աստվածաշունչը աստվածավախ մարդկանց ձեռքում կարող էր վտանգավոր զենք լինել։ Երբ Գիրքը մատչելի դարձավ, մարդիկ սկսեցին կարդալ այն ու հարցեր ուղղել. «Աստվածաշնչում որտե՞ղ է գրված քավարանի մասին, մահացածների համար վճարովի արարողությունների և պապերի ու կարդինալների մասին»։ Եկեղեցու տեսանկյունից՝ սա անարգանք էր իրենց հանդեպ։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը հարցականի տակ դնել եկեղեցու առաջնորդներին։ Ուստի եկեղեցին սկսեց պայքարել նրանց դեմ։ Տղամարդիկ ու կանայք դատապարտվում էին որպես հերետիկոս, քանի որ մերժում էին եկեղեցու ուսմունքները, որոնցից մի քանիսը հիմնված էին հեթանոս փիլիսոփաներ Արիստոտելի և Պլատոնի գաղափարների վրա՝ մարդիկ, որոնք ապրել են Հիսուս Քրիստոսի ծնվելուց առաջ։ Եկեղեցին մահվան էր դատապարտում, իսկ պետական իշխանությունները իրականացնում էին մահապատիժը։ Նպատակն էր՝ վախեցնել ժողովրդին, որ Աստվածաշունչը չկարդան և կասկածի տակ չդնեն եկեղեցուն։ Հիմնականում դա նրանց հաջողվեց։ Այնուամենայնիվ, որոշ քաջ անհատներ չվախեցան Մեծ Բաբելոնից։ Նրանք արդեն ճաշակել էին Աստծու Խոսքը և չէին ուզում բավարարվել այդքանով։ Այսպիսով՝ հիմք նախապատրաստվեց կեղծ կրոնից ազատագրման համար։14. ա) Ո՞ր հանգամանքները նպաստեցին Աստվածաշնչյան ճշգրիտ հասկացողությանը 1800-ականների վերջերին։ բ) Ինչպե՞ս եղբայր Ռասելը փնտրեց ճշմարտությունը։
14 Շատերը, ովքեր ծարավ էին աստվածաշնչյան ճշմարտություններին, փախան այնպիսի երկրներ, որտեղ եկեղեցու ազդեցությունը մեծ չէր։ Նրանք ցանկանում էին կարդալ, ուսումնասիրել ու շփվել միմյանց հետ՝ առանց որևէ մեկի պարտադրանքի, թե ինչ մտածել կամ ինչին հավատալ։ Այսպիսի մի երկրում՝ ԱՄՆ-ում, 1800-ականների վերջերին Չարլզ Թեյզ Ռասելը և իր ընկերակիցները սկսեցին կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը։ Սկզբում եղբայր Ռասելի նպատակն էր պարզել, թե հիմնական կրոններից որ մեկն է սովորեցնում ճշմարտությունը։ Նա տարբեր կրոնների, նույնիսկ ոչ քրիստոնեական կրոնների ուսմունքները ուշադրությամբ համեմատում էր Աստվածաշնչում գրվածների հետ։ Նա շուտով հասկացավ, որ այդ կրոններից ոչ մեկը ամբողջությամբ չէր հետևում Աստծու Խոսքին։ Ռասելը նաև հանդիպեց մի խումբ հոգևորականների այն հույսով, որ այդ տղամարդիկ կընդունեն և իրենց հոտին կսովորեցնեն այն ճշմարտությունները, որ ինքն ու իր ընկերակիցները գտել էին Աստվածաշնչում։ Սակայն այս առաջարկը չհետաքրքրեց նրանց։ Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկացան մի կարևոր բան. իրենք չէին կարող ընկերակցել այն կրոնների հետ, որոնք ուզում էին կառչած մնալ կեղծ ուսմունքներին (կարդա 2 Կորնթացիներ 6։14)։
15. ա) Քրիստոնյաները ե՞րբ անցան Մեծ Բաբելոնի լծի տակ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
15 Տեսանք, որ ճշմարիտ քրիստոնյաները Բաբելոնի գերության տակ ընկան առաքյալների մահից կարճ ժամանակ անց։ Սակայն որոշ հարցեր են առաջանում։ Ի՞նչ լրացուցիչ փաստեր կան, որ 1914 թ.-ին նախորդող տարիներին Աստծու օծյալ ծառաները իրականում ազատվում էին Մեծ Բաբելոնից, այլևս չլինելով վերջինիս գերին։ Արդյոք Եհովան դժգո՞հ էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր ծառաների տեմպը թուլացել էր քարոզչական գործում։ Այդ տարիների ընթացքում արդյո՞ք մեր եղբայրներից ոմանք փոխզիջումների գնացին քրիստոնեական չեզոքության հարցում և կորցրին Եհովայի հավանությունը։ Եվ եթե քրիստոնյաները կեղծ կրոնի գերին են եղել երկրորդ դարից սկսած, այդ դեպքում ե՞րբ նրանք ազատվեցին։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։