Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շարունակեք քաջալերել իրար ամեն օր

Շարունակեք քաջալերել իրար ամեն օր

«Եթե ժողովրդի համար քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասացե՛ք» (ԳՈՐԾ. 13։15

ԵՐԳ 121, 45

1, 2. Ինչո՞ւ է քաջալերանքը կարևոր։

ՔՐԻՍՏԻՆԱՆ, [1] ով 18 տարեկան է, ասում է. «Ծնողներս հազվադեպ են ինձ գովում, բայց շատ են քննադատում։ Նրանց խոսքերը ցավ են պատճառում ինձ։ Նրանք ասում են, որ ես տհաս եմ, ինձնից երբեք մարդ դուրս չի գա, ու որ չաղ եմ։ Ես հաճախ լաց եմ լինում ու չեմ խոսում նրանց հետ։ Մտածում եմ՝ ոչ մի բանի պետք չեմ»։ Իսկապես, որքա՜ն ծանր ու դժվար կարող է լինել կյանքը առանց քաջալերանքի։

2 Մյուս կողմից՝ մտածենք, թե ինչ լավ ազդեցություն են թողնում մեր խոսքերը, երբ քաջալերում ենք մարդկանց։ Ռուբենը ասում է. «Երկար տարիներ պայքարում էի թերարժեքության զգացումի դեմ։ Բայց մի անգամ երեցներից մեկը, ում հետ ծառայության էի գնացել, նկատեց, որ ես անտրամադիր եմ։ Պատմեցի նրան իմ զգացումների մասին, ու նա կարեկցանքով լսեց ինձ։ Հետո հիշեցրեց իմ արած լավ բաները, նաև Հիսուսի խոսքերը, որ յուրաքանչյուրս ճնճղուկներից ավելի թանկ է։ Հաճախ եմ հիշում այդ համարը ու քաջալերվում։ Այդ երեցի խոսքերը շատ բան փոխեցին իմ մեջ» (Մատթ. 10։31

3. ա) Ի՞նչ ասաց Պողոս առաքյալը քաջալերելու մասին։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը ընդգծում է շարունակ քաջալերելու անհրաժեշտությունը։ Եբրայեցի քրիստոնյաներին Պողոս առաքյալը գրեց. «Զգուշացեք, եղբայրնե՛ր, որ չլինի թե կենդանի Աստծուց հեռանալով՝ ձեզնից որևէ մեկի մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ զարգանա, այլ շարունակեք իրար հորդորել [քաջալերել] ամեն օր.... որ չլինի թե ձեզնից որևէ մեկի սիրտը կարծրանա՝ տրվելով մեղքի հրապույրին» (Եբր. 3։12, 13)։ Մենք ավելի լավ ենք գիտակցում միմյանց քաջալերելու խորհրդի կարևորությունը, երբ հիշում ենք, թե ինչպես են մեզ ոգևորել ուրիշների քաջալերական խոսքերը։ Ուստի եկեք քննարկենք հետևյալ հարցերը։ Ինչո՞ւ է քաջալերելը կարևոր։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես են Եհովան, Հիսուսը և Պողոսը քաջալերել մարդկանց։ Ի՞նչ արդյունավետ կերպերով կարող ենք քաջալերել ուրիշներին։

ՄԱՐԴԻԿ ՔԱՋԱԼԵՐԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

4. Ովքե՞ր քաջալերանքի կարիք ունեն, և այսօր ինչո՞ւ է այն շատ քիչ։

4 Բոլորը քաջալերանքի կարիք ունեն, հատկապես երեխաները։ Մանկավարժ-հոգեբան Թիմոթի Էվենսը ասում է. «Ինչպես բույսը ջրի կարիք ունի, այնպես էլ երեխան.... քաջալերանքի։ Դրա շնորհիվ երեխան իրեն արժեքավոր ու գնահատված է զգում»։ Սակայն այս վերջին, դժվար ժամանակներում մարդիկ եսասեր են, նրանց մեջ բնական կապվածությունը քիչ է, իսկ քաջալերանքը՝ հազվագյուտ (2 Տիմոթ. 3։1–5)։ Շատերը իրենց ծնողներից գովասանքի խոսքեր չեն լսել, այդ պատճառով իրենք նույնպես չեն գովում իրենց երեխաներին։ Շատ աշխատողներ գովասանքի խոսքեր չեն ստանում, ուստի դժգոհում են, որ իրենց աշխատավայրում գնահատանքի մշտական պակաս կա։

5. Ի՞նչ է ներառում քաջալերելը։

5 Քաջալերելը հաճախ ներառում է մի լավ բանի համար անհատին գովելը, նշելը, թե ինչ լավ հատկություններ ունի նա, ինչպես նաև «վհատված հոգիներին» սփոփելը (1 Թեսաղ. 5։14)։ Հունարեն բառը, որ հիմնականում թարգմանվել է «քաջալերանք», բառացի նշանակում է «կողքին լինելու խնդրանք»։ Մեր եղբայրների ու քույրերի հետ համագործակցելիս երբեմն քաջալերական խոսքեր ասելու առիթներ են լինում (կարդա Ժողովող 4։9, 10)։ Հարմար առիթները օգտագործո՞ւմ ենք ասելու ուրիշներին, թե ինչու ենք սիրում և գնահատում նրանց։ Այդ հարցին պատասխանելուց առաջ մտածենք Առակներ 15։23-ում գրվածի շուրջ. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է»։

6. Ինչո՞ւ է Սատանան ուզում վհատեցնել մեզ։ Բեր օրինակ։

6 Բանսարկու Սատանան ուզում է մեզ վհատեցնել, քանի որ գիտի, որ վհատությունը կարող է թուլացնել հոգևորապես և այլ առումներով։ Առակներ 24։10-ում կարդում ենք. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։ Սատանան մի շարք աղետների և մեղադրանքների միջոցով փորձեց վհատեցնել արդար Հոբին, բայց նրա չար մտադրությունը ձախողվեց (Հոբ 2։3; 22։3; 27։5)։ Մենք կխափանենք Սատանայի մտադրությունը՝ քաջալերելով մեր ընտանիքի և ժողովի անդամներին։ Դրա շնորհիվ տանը և Թագավորության սրահում մեզ երջանիկ և հոգևորապես ապահով կզգանք։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

7, 8. ա) Աստվածաշնչյան ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովան կարևոր է համարում քաջալերելը։ բ) Ի՞նչ կարող են անել ծնողները Եհովայի օրինակին հետևելու համար (տես հոդվածի սկզբի նկարը)։

7 Եհովա։ Սաղմոսերգուն գրեց. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղ. 34։18)։ Երբ Երեմիան վախեցած էր և վհատված, Եհովան վստահեցրեց նրան, որ կօգնի (Երեմ. 1։6–10)։ Իսկ տարեց Դանիել մարգարեին քաջալերելու համար ուղարկեց մի հրեշտակի, որը զորացրեց մարգարեին և ասաց, որ նա «թանկագին մարդ է» (Դան. 10։8, 11, 18, 19)։ Կարո՞ղ ես դու էլ քաջալերել այն քարոզիչներին, ռահվիրաներին և տարեց եղբայրներին ու քույրերին, որոնց ուժը պակասել է։

8 Աստված և իր թանկագին Որդին միասին համագործակցել էին անհաշիվ տարիներ։ Սակայն, երբ Հիսուսը երկրի վրա էր, Եհովան չմտածեց, որ կարիք չկա Հիսուսին գովելու և քաջալերելու։ Հիսուսը երկնքից լսեց իր Հոր ձայնը, ով երկու տարբեր առիթներով ասաց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։17; 17։5)։ Այս խոսքերով Աստված գովեց իր Որդուն և վստահեցրեց, որ հավանում է նրա արած գործերը։ Անշուշտ, Հիսուսը քաջալերվեց, երբ երկու անգամ լսեց այս խոսքերը՝ իր ծառայության սկզբում և երկրային կյանքի վերջին տարվա ընթացքում։ Եհովան նաև ուղարկեց մի հրեշտակի, որ զորացնի Հիսուսին, երբ վերջինս տառապանքների մեջ էր իր մահվան նախորդ գիշերը (Ղուկ. 22։43)։ Եթե ծնող ես, կարող ես հետևել Եհովայի օրինակին՝ հաճախ քաջալերելով քո երեխաներին և գովելով նրանց, երբ ինչ-որ բան լավ են անում։ Հատկապես հարկավոր է ամեն կերպ աջակցել երեխաներին, երբ դպրոցում նրանց անարատությունը փորձության է ենթարկվում։

9. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում իր առաքյալներին։

9 Հիսուս։ Այն գիշերը, երբ Հիսուսը հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն, առաքյալները դրսևորեցին մի բացասական հատկություն՝ հպարտություն։ Հիսուսը նկատեց դա։ Նա խոնարհաբար լվաց նրանց ոտքերը, բայց նրանք շարունակեցին վիճել, թե իրենցից ով է մեծ։ Պետրոսն էլ չափազանց ինքնավստահություն դրսևորեց (Ղուկ. 22։24, 33, 34)։ Սակայն Հիսուսը առաքյալներին գովեց իրենց հավատարմության համար, որ փորձությունների ժամանակ իր կողքին են եղել։ Նաև ասաց, որ նրանք ավելի մեծ գործեր են անելու, քան ինքը, և վստահեցրեց, որ Աստված սիրում է նրանց (Ղուկ. 22։28; Հովհ. 14։12; 16։27)։ Ինքներս մեզ հարցնենք. «Ընդօրինակո՞ւմ եմ Հիսուսին՝ գովելով երեխաներիս և մյուսներին, երբ նրանք որևէ լավ բան են անում, թե՞ կենտրոնանում եմ նրանց թերությունների վրա»։

10, 11. Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ տեսնում է ուրիշներին քաջալերելու կարիքը։

10 Պողոս առաքյալ։ Իր նամակներում Պողոսը լավ կերպով արտահայտվեց իր հավատակիցների մասին։ Նրանցից ոմանց հետ առաքյալը մի քանի տարի ճամփորդել էր ու անկասկած գիտեր նրանց թերությունները, բայց բոլորի մասին լավ բաներ ասաց։ Օրինակ՝ Տիմոթեոսի մասին Պողոսը գրեց, որ նա՝ որպես «Տիրոջ ծառա [իր] սիրելի և հավատարիմ զավակն է», որը անկեղծորեն հոգ կտաներ մյուս քրիստոնյաների մասին (1 Կորնթ. 4։17; Փիլիպ. 2։19, 20)։ Իսկ Տիտոսին կորնթացիներին գրած նամակում գովեց՝ ասելով. «Նա իմ ընկերն է և իմ համագործակիցը ձեր շահերի համար» (2 Կորնթ. 8։23)։ Որքա՜ն պետք է որ քաջալերված լինեին Տիմոթեոսն ու Տիտոսը՝ իմանալով, թե ինչ է ասել Պողոսը իրենց մասին։

11 Պողոսն ու Բառնաբասը, վտանգելով իրենց կյանքը, վերադարձան այն վայրերը, որտեղ ենթարկվել էին վայրագ հարձակումների։ Օրինակ՝ չնայած որ Լյուստրայում մոլեռանդների կողմից մեծ հալածանքի էին ենթարկվել, նրանք վերադարձան այնտեղ, որ քաջալերեն նոր աշակերտներին հավատարիմ մնալ (Գործ. 14։19–22)։ Եփեսոսում Պողոսը դիմակայեց կատաղի ամբոխին։ Գործեր 20։1, 2-ում ասվում է. «Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկավ, որ գնա Մակեդոնիա։ Այդ վայրերով անցնելուց և շատ խոսքերով այնտեղ եղողներին քաջալերելուց հետո եկավ Հունաստան»։ Անկասկած, ուրիշներին քաջալերելը անչափ կարևոր էր Պողոսի համար։

ՔԱՋԱԼԵՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ

12. Ժողովի հանդիպումները ի՞նչ դեր են խաղում քաջալերելու և քաջալերություն ստանալու մեջ։

12 Պատճառներից մեկը, թե ինչու է մեր երկնային Հայրը պատվիրել, որ կանոնավորաբար հաճախենք ժողովի հանդիպումներին, այն է, որ կարողանանք քաջալերել և քաջալերություն ստանալ (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Հիսուսի վաղ հետևորդների նման՝ մենք միասին հավաքվում ենք, որ սովորենք և քաջալերվենք (1 Կորնթ. 14։31)։ Քրիստինան, ում մասին հիշատակվեց այս հոդվածի սկզբում, ասում է. «Ես շատ եմ սիրում ժողովի հանդիպումները, քանի որ այնտեղ ստանում եմ սեր և քաջալերանք։ Երբեմն ընկճված եմ մտնում Թագավորության սրահ, բայց քույրերը մոտենում են ինձ, գրկում են և ասում, որ լավ տեսք ունեմ, նաև ավելացնում են, որ ինձ սիրում են և ուրախանում են իմ հոգևոր առաջադիմությամբ։ Նրանց քաջալերական խոսքերը բարձրացնում են իմ տրամադրությունը»։ Որքա՜ն կարևոր է, որ յուրաքանչյուրս դեր ունենա «փոխադարձ քաջալերության» մեջ (Հռոմ. 1։11, 12

13. Ինչո՞ւ նույնիսկ Աստծու փորձառու ծառաները քաջալերանքի կարիք ունեն։

13 Նույնիսկ Աստծու փորձառու ծառաները քաջալերանքի կարիք ունեն։ Նկատի առնենք Հեսուի օրինակը։ Նա տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել էր Աստծուն։ Բայցևայնպես, Եհովան Մովսեսին ասաց, որ քաջալերի նրան. «Հեսուին առաջնորդ նշանակիր, քաջալերիր ու զորացրու նրան, քանի որ նա է անցնելու այս ժողովրդի առջևով և նա է տանելու նրան, որ ժառանգի այն երկիրը, որը դու տեսնելու ես» (2 Օրենք 3։27, 28)։ Հեսուին մեծ հանձնարարություն էր վստահված. առաջնորդել Իսրայել ազգին՝ նվաճելու Ավետյաց երկիրը։ Նա խնդիրների էր բախվելու, նույնիսկ պարտություն էր կրելու (Հեսու 7։1–9)։ Անկասկած, Հեսուն քաջալերվելու և զորանալու կարիք ուներ։ Մենք էլ կարող ենք քաջալերել երեցներին, այդ թվում շրջանային վերակացուներին, ովքեր տքնաջան աշխատում են Աստծու հոտին հոգ տանելու համար (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13)։ Մի շրջանային վերակացու ասում է. «Երբեմն եղբայրները շնորհակալական նամակներ են գրում՝ նշելով, թե ինչ թարմություն ստացան մեր այցելությունից։ Մենք պահում ենք այս նամակները և ընթերցում ենք, երբ վհատված ենք լինում։ Դրանք իսկական քաջալերության աղբյուր են»։

Մեր երեխաները կոգևորվեն, եթե ջերմորեն քաջալերենք նրանց (տես պարբերություն 14)

14. Ի՞նչ դեր ունեն գովասանքն ու քաջալերանքը խորհուրդն ընդունելու հարցում։

14 Երեցներն ու ծնողները գիտակցում են, որ գովեստի ու քաջալերանքի խոսքերը կարող են մղել դիմացինին, որ կիրառի Աստվածաշնչի խորհուրդը։ Երբ Պողոսը գովեց կորնթացիներին իր տված խորհուրդը կիրառելու համար, նրանք հավանաբար քաջալերվեցին ու մղվեցին շարունակելու ճիշտն անել (2 Կորնթ. 7։8–11)։ Անդրեասը, ով ունի երկու երեխա, ասում է. «Քաջալերանքն օգնում է, որ երեխաները հոգևորապես ու էմոցիոնալ հասունանան, և տրված խորհուրդը հասնի նրանց սրտին։ Նույնիսկ եթե մեր երեխաները գիտեն՝ ինչն է ճիշտը, քաջալերանքի շնորհիվ՝ ճիշտն անելը դառնում է սովորություն»։

ՔԱՋԱԼԵՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԵՐՊԵՐ

15. Ո՞րն է ուրիշներին քաջալերելու կերպերից մեկը։

15 Գնահատանք ցույց տուր հավատակիցներիդ ներդրած ջանքերի և նրանց լավ հատկությունների համար (2 Տար. 16։9; Հոբ 1։8)։ Եհովան ու Հիսուսը մեծապես գնահատում են այն ամենը, ինչ անում ենք Թագավորության գործին աջակցելու համար, նույնիսկ եթե հանգամանքների պատճառով մեր հնարավորությունները սահմանափակ են (կարդա Ղուկաս 21։1–4; 2 Կորնթացիներ 8։12)։ Օրինակ՝ մեր սիրելի տարեցները մեծ ջանքեր են թափում կանոնավորաբար հաճախելու և մասնակցելու ժողովի հանդիպումներին ու քարոզչական ծառայությանը։ Մի՞թե չպետք է գովենք ու քաջալերենք նրանց։

16. Ինչո՞ւ չպետք է վարանենք քաջալերել ուրիշներին։

16 Առիթներն օգտագործիր ուրիշներին քաջալերելու համար։ Եթե տեսնում ենք մի բան, ինչը արժանի է գովասանքի, չպետք է վարանենք արտահայտվել։ Տեսնենք, թե ինչ եղավ, երբ Պողոսը և Բառնաբասը Պիսիդիայի Անտիոքում էին։ Այնտեղի ժողովարանի պետերը ասացին նրանց. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդի համար քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասացե՛ք»։ Ի պատասխան՝ Պողոսը քաջալերական ելույթ արեց (Գործ. 13։13–16, 42–44)։ Եթե կարող ենք քաջալերական խոսք ասել, ապա ինչո՞ւ այդպես չվարվենք։ Գուցե նկատենք, որ երբ ուրիշներին քաջալերելը սովորություն ենք դարձնում, մարդիկ էլ իրենց հերթին մեզ են քաջալերում (Ղուկ. 6։38

17. Ի՞նչը կարող է քաջալերանքի մեր խոսքերը ազդեցիկ դարձնել։

17 Եղիր անկեղծ և նշիր կոնկրետ բաների մասին։ Գովեստի ու քաջալերանքի ընդհանուր խոսքերը կարող են օգտակար լինել, բայց Թյուատիրի քրիստոնյաներին ուղղված Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ կոնկրետ բաների համար գովելը ավելի արդյունավետ է (կարդա Հայտնություն 2։18, 19)։ Եթե ծնող ենք, օրինակ, կարող ենք գովել մեր երեխաներին՝ նշելով այն քայլերը, որ նրանք անում են հոգևորապես առաջադիմելու համար։ Միայնակ մորը կարող ենք գովել՝ ասելով, թե ինչն է մեզ տպավորում՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է նա, չնայած դժվարություններին, մեծացնում իր երեխաներին։ Այսպիսի քաջալերական խոսքերը կարող են շատ ազդեցիկ լինել։

18, 19. Ինչպե՞ս կարող ենք կերտել նրանց, ովքեր քաջալերանքի կարիք ունեն։

18 Եհովան անձամբ մեզ չի ասում, թե կոնկրետ ում ինչ խոսքերով քաջալերենք, ինչպես որ Մովսեսին ասաց։ Սակայն Եհովային հաճելի է, երբ քաջալերական խոսքեր ենք ասում մեր հավատակիցներին և ուրիշներին (Առակ. 19։17; Եբր. 12։12)։ Օրինակ՝ հանրային ելույթ ներկայացնող եղբորը կարող ենք ասել, թե իր ելույթի որ մտքերն էին մեզ համար օգտակար, կամ թե ինչպես այն օգնեց ավելի լավ հասկանալ որոշ աստվածաշնչյան համարներ։ Համաժողովից հետո հրավիրված հռետորին մի քույր գրեց. «Թեև ընդամենը մի քանի րոպե խոսեցինք, դու նկատեցիր, որ վհատված եմ, և մխիթարեցիր ու քաջալերեցիր ինձ։ Քո բարի խոսքերը՝ թե՛ բեմից հնչած, թե՛ ինձ ասված, ասես Եհովայի կողմից լինեին՝ ուղղված անձամբ ինձ»։

19 Ուրիշներին հոգևորապես կերտելու տարբեր կերպեր կգտնենք, եթե հետևենք Պողոսի խորհրդին. «Շարունակեք մխիթարել [քաջալերել, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.] և կերտել միմյանց, ինչպես որ անում եք» (1 Թեսաղ. 5։11)։ Անկասկած, մենք կհաճեցնենք Եհովային, եթե շարունակենք քաջալերել իրար ամեն օր։

^ [1] (պարբերություն 1) Որոշ անուններ փոխված են։