Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուրախությամբ երգիր

Ուրախությամբ երգիր

«Մեր Աստծուն սաղմոս երգելը բարի է» (ՍԱՂ. 147։1

ԵՐԳ 10, 2

1. Երգեցողության շնորհիվ ի՞նչ կարող ենք անել։

ԵՐԳԵՐԻ խոսքեր գրող մի ճանաչված հեղինակ ասել է. «Բառերը մտքեր են ծնում, երաժշտությունը՝ զգացմունքներ, իսկ երգը օգնում է զգալ մտքերը»։ Ի՜նչ լավ է, որ մենք կարող ենք «զգալ» այն մտքերը, որոնցում փառաբանվում է մեր երկնային Հայրը՝ Եհովան, և արտահայտվում է մեր սերը նրա հանդեպ։ Ուստի զարմանալի չէ, որ երգեցողությունը ճշմարիտ երկրպագության կարևոր մասերից մեկն է՝ անկախ այն բանից՝ մենակ ենք երգում, թե Աստծու ծառաների հետ։

2, 3. ա) Ինչպե՞ս են ոմանք վերաբերվում ժողովում բարձրաձայն երգելուն։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Ինչպե՞ս ես վերաբերվում ժողովում բարձրաձայն երգելուն։ Դա դժվա՞ր է քեզ համար։ Որոշ մշակույթներում տղամարդիկ գուցե անհարմար զգան, երբ հարկավոր է հանրության մեջ երգել։ Նման վերաբերմունքը կարող է ազդել ամբողջ ժողովի վրա, հատկապես եթե առաջնորդություն վերցնողները պատճառներ են գտնում, որ չերգեն կամ ուրիշ գործերով զբաղվեն, երբ ժողովի մյուս անդամները երգում են (Սաղ. 30։12

3 Եթե գիտակցենք, որ երգեցողությունը մեր երկրպագության մասն է, ապա չենք ցանկանա դուրս գալ կամ բացակայել մեր հանդիպումների ծրագրի այդ մասից։ Ուստի պետք է ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս եմ վերաբերվում հանդիպումների ժամանակ երգելուն։ Ինչպե՞ս հաղթահարեմ վախս, որը կարող է խանգարել ինձ ուրախությամբ երգելու։ Ի՞նչ անեմ, որ լիարժեքորեն արտահայտեմ այն զգացմունքները, որոնք դրված են մեր երգերում»։

ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ

4, 5. Հին Իսրայելում ի՞նչ էր արվել Եհովային երգերով փառաբանելու համար։

4 Եհովայի հավատարիմ երկրպագուները դեռ վաղեմի ժամանակներից երաժշտությունն օգտագործում են նրան գովաբանելու համար։ Հատկանշական է, որ երբ հին իսրայելացիները հավատարմորեն ծառայում էին Եհովային, երգեցողությունը կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց երկրպագության մեջ։ Օրինակ, երբ Դավիթ թագավորը պատրաստություն էր տեսնում տաճարում մատուցվելիք ծառայության համար, 4 000 ղևտացու նշանակեց զբաղվելու Եհովային փառաբանող երաժշտությամբ։ Նրանցից 288-ը «սովորել էին Եհովային նվիրված երգեր երգել և այդ գործում հմուտ էին» (1 Տար. 23։5; 25։7

5 Տաճարի հանդիսավոր բացման ժամանակ երաժշտությունն ու երգեցողությունը կարևոր դեր ունեցան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ փողերի հնչյուններն ու երգիչների ձայները միախառնվեցին՝ միաձայն գովաբանելով ու շնորհակալություն հայտնելով Եհովային, և երբ որ երգիչները փողերի, ծնծղաների ու նվագարանների հնչյունների ներքո իրենց ձայները բարձրացրին՝ փառաբանելով Եհովային.... Եհովայի փառքը լցրեց ճշմարիտ Աստծու տունը»։ Պատկերացրու, թե սա որքան զորացրեց իսրայելացիների հավատը (2 Տար. 5։13, 14; 7։6

6. Եհովային երգերով փառաբանելու համար ի՞նչ արվեց այն ժամանակ, երբ Երուսաղեմի կառավարիչը Նեեմիան էր։

6 Երբ Նեեմիան ղեկավարում էր Երուսաղեմի պարսպի վերակառուցման աշխատանքները, որ կատարում էին հավատարիմ իսրայելացիները, նա ղևտացի երգիչների հավաքեց, որպեսզի երգեն երաժշտական գործիքների նվագակցությամբ։ Վերակառուցված պարսպի հանդիսավոր բացման ժամանակ նրանց կատարումը մեծ ուրախություն պատճառեց։ «Շնորհակալական երգեր երգելու համար» կազմվել էր «երկու մեծ երգչախումբ»։ Պարսպի վրայով շարժվելով հակառակ ուղղություններով՝ երգչախմբերը հանդիպեցին տաճարի տարածքի մոտ գտնվող հատվածում։ Նրանք այնպես էին երգում, որ նույնիսկ հեռվից էր լսվում (Նեեմ. 12։27, 28, 31, 38, 40, 43)։ Եհովայի համար, անկասկած, հաճելի էր լսել, թե ինչպես են իր ծառաները ոգևորությամբ գովերգում իրեն։

7. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ երգեցողությունը կարևոր դեր ունի քրիստոնյաների երկրպագության մեջ։

7 Երբ ստեղծվեց քրիստոնեական ժողովը, երաժշտությունը շարունակեց կարևոր դեր խաղալ ճշմարիտ երկրպագության մեջ։ Մարդկության պատմության ամենակարևոր գիշերը, երբ Հիսուսը հաստատեց Տիրոջ ընթրիքը, նա իր աշակերտների հետ գովաբանության երգեր երգեց (կարդա Մատթեոս 26։30

8. Առաջին դարի քրիստոնյաները ի՞նչ օրինակ են թողել Աստծուն գովերգելու հարցում։

8 Առաջին դարի քրիստոնյաները օրինակ են թողել Աստծուն միասնաբար գովերգելու հարցում։ Չնայած որ Եհովային երկրպագելու համար նրանք հաճախ հավաքվում էին մասնավոր տներում, համեստ միջավայրը չէր թուլացնում Եհովային գովերգելու նրանց եռանդը։ Աստծուց ներշնչված՝ Պողոս առաքյալը իր քրիստոնյա եղբայրներին հետևյալ հրահանգը տվեց. «Իրար սովորեցրեք և հորդորեք սաղմոսներով, Աստծուն ուղղված գովաբանություններով ու գոհունակությամբ լի հոգևոր երգերով, և ձեր սրտերում գովերգեք Եհովային» (Կող. 3։16)։ Մեր երգարանում ընդգրկված երգերը, իրոք որ, «գոհունակությամբ լի հոգևոր երգեր» են։ Դրանք «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից տրամադրվող հոգևոր սննդի մի մասն են (Մատթ. 24։45

ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՎԱԽԸ

9. ա) Ի՞նչն է ոմանց խանգարում ուրախությամբ երգելու մեր հանդիպումների ու համաժողովների ժամանակ։ բ) Ինչպե՞ս պետք է գովերգենք Եհովային, և ովքե՞ր պետք է առաջնորդություն վերցնեն այդ հարցում (տես հոդվածի սկզբի նկարը)։

9 Հնարավոր է՝ քո ընտանիքում, մշակույթում կամ միջավայրում ընդունված չէ երգել։ Կամ գուցե ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճույքով լսում ես պրոֆեսիոնալ երգիչների կատարումները և, երբ քո ձայնը համեմատում ես նրանց երգեցողության հետ, ամաչում ես կամ հիասթափություն ապրում։ Սակայն դա չպետք է խանգարի քեզ գովերգելու Եհովային, չէ՞ որ դա քո պարտականությունն է։ Ուստի բարձր պահիր երգարանդ, բարձրացրու գլուխդ ու սրտանց երգիր (Եզր. 3։11; կարդա Սաղմոս 147։1)։ Այսօր շատ Թագավորության սրահներում երգերի խոսքերը երևում են էկրաններին, ինչն օգնում է լիաձայն երգել։ Հետաքրքիր է նաև, որ Թագավորության երգերի կատարումը ընդգրկվել է Թագավորական ծառայության դպրոցի ծրագրում՝ նախատեսված երեցների համար։ Սա հստակ ցույց է տալիս, որ ժողովում երգելու հարցում երեցները պետք է առաջնորդություն վերցնեն։

10. Ի՞նչ պետք է հիշենք, եթե վախը մեզ խանգարում է լիաձայն երգելու։

10 Վախը այն գործոններից մեկն է, որը շատերին խանգարում է լիաձայն երգելու։ Հնարավոր է՝ նրանք վախենում են ուշադրություն գրավել կամ մտավախություն ունեն, որ իրենց երգեցողությունը տհաճ կլինի ուրիշների համար։ Սակայն մենք պետք է հիշենք, որ խոսելիս «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակ. 3։2)։ Բայց դա մեզ հետ չի պահում խոսելուց։ Ուստի ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ մեր անկատար ձայները մեզ հետ պահեն Եհովային գովերգելուց։

11, 12. Ո՞ր խորհուրդները կօգնեն մեզ բարելավել մեր երգեցողությունը։

11 Հնարավոր է՝ վախենում ենք երգել այն պատճառով, որ չգիտենք, թե ինչպես դա անել։ Սակայն մենք կարող ենք բարելավել մեր երգեցողությունը՝ հետևելով մի շարք պարզ խորհուրդների։ *

12 Ճիշտ ձևով շնչելով՝ դու կարող ես սովորել բարձր, լիահնչուն ձայնով երգել։ Ինչպես որ էլեկտրական հոսանքն է էներգիա հաղորդում լամպին, այնպես էլ շնչառությունն է ուժ տալիս քո ձայնին, երբ խոսում ես կամ երգում։ Հիշիր. երբ երգում ես, քո ձայնը պետք է այնքան բարձր հնչի, որքան խոսելու ժամանակ է հնչում, կամ նույնիսկ դրանից բարձր (տես «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը, էջ 182–184, «Հարկավոր է ճիշտ ձևով շնչել» ենթավերնագիրը)։ Երբ Աստվածաշնչում խոսվում է Եհովային գովերգելու մասին, նրա ծառաներին երբեմն խորհուրդ է տրվում երգել «ցնծության բացականչություններով» (Սաղ. 33։1–3

13. Ի՞նչ կարող ենք անել, որ ավելի վստահ երգենք։

13 Ընտանեկան երկրպագության ժամանակ կամ առանձին փորձիր հետևյալը։ Մեր երգարանից ընտրիր քո ամենասիրած երգը։ Բարձրաձայն ու վստահ կարդա երգի բառերը։ Ապա ձայնի նույն ուժգնությամբ որևէ տողի բոլոր բառերն ասա մի շնչով։ Դրանից հետո նույն հնչեղ ձայնով երգիր այդ հատվածը (Ես. 24։14)։ Արդյունքում՝ ձայնդ լիահնչուն կդառնա, և դա լավ է։ Թող դա չվախեցնի ու չշփոթեցնի քեզ։

14. ա) Ի՞նչը կօգնի, որ ձայնդ լիահնչուն լինի (տես « Ինչպես բարելավել երգեցողությունը» շրջանակը)։ բ) Ո՞ր խորհուրդներն ես գործնական համարում ձայնի հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։

14 Ձայնդ լիահնչուն չի լինի, եթե բերանդ բավարար չափով չբացես։ Հիշիր. երգելիս պետք է բերանդ ավելի լայն բացես, քան խոսելիս։ Իսկ ի՞նչ կարող ես անես, եթե զգում ես, որ ձայնդ թույլ է, կամ դրա տոնը չափազանց բարձր է։ Հետևիր այն գործնական խորհուրդներին, որ տրված են «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 184-րդ էջում՝ «Ինչպես կարելի է հաղթահարել որոշ խնդիրներ» շրջանակում։

ԵՀՈՎԱՅԻՆ ՍՐՏԱՆՑ ԳՈՎԵՐԳԻՐ

15. ա) Ի՞նչ հայտարարվեց 2016 թ. տարեկան հանդիպմանը։ բ) Որո՞նք են երգարանը վերանայելու նպատակներից մի քանիսը։

15 Ի՜նչ հուզիչ էր այն պահը, երբ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա)՝ 2016 թ. տարեկան հանդիպման ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ, եղբայր Ստիվեն Լեթը հայտարարեց, որ շուտով մեր հանդիպումներին գործածելու համար մատչելի կլինի նոր երգարան, որի վերնագիրն է «Ուրախությամբ գովերգենք Եհովային»։ Ինչպես ասաց եղբայր Լեթը, երգարանը վերանայելու նպատակներից մեկն այն էր, որ այն համապատասխանեցվեր «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության»՝ 2013 թ.-ին վերանայված անգլերեն հրատարակությանը։ Հարկավոր էր փոփոխել այն բառերն ու արտահայտությունները, որոնք այլևս չեն գործածվում «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակության մեջ։ Բացի այդ, երգարանում ընդգրկվել են նոր երգեր մեր քարոզչական գործի մասին, ինչպես նաև երգեր, որոնցում արտահայտվում է մեր գնահատանքը փրկանքի համար։ Մյուս կողմից, քանի որ երգեցողությունը մեր երկրպագության անբաժան մասն է, Կառավարիչ մարմինը ցանկություն հայտնեց, որ տպագրվեն բարձրորակ երգարաններ՝ նույնպիսի կազմով, ինչպիսին ունի «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը։

16, 17. Ի՞նչ փոփոխություններ են արվել նոր երգարանում։

16 «Ուրախությամբ գովերգենք Եհովային» երգարանում երգերը դասավորված են ըստ թեմաների, որպեսզի այն հեշտ լինի գործածել։ Օրինակ՝ առաջին 12 երգերը վերաբերում են Եհովային, իսկ հաջորդ 8 երգերը Հիսուսի ու փրկանքի մասին են։ Երգարանն ունի թեմատիկ ցանկ, որը օգտակար կլինի, օրինակ, հանրային ելույթի համար երգ ընտրելիս։

17 Որպեսզի յուրաքանչյուրս մղված լինի սրտանց երգելու, որոշ երգերի խոսքերը փոփոխվել են։ Դա արվել է այն նպատակով, որ միտքը ավելի պարզ հնչի, տեքստը լինի ավելի գեղեցիկ ու սրտառուչ։ Իսկ որոշ լեզուներում փոփոխվել են այն բառերն ու արտահայտությունները, որոնք այսօր գործածական չեն։ Նրբանկատությունից ելնելով՝ փոխվել է «Պահպանիր քո սիրտը» երգի վերնագիրը. այն այժմ կոչվում է «Պահպանենք մեր սիրտը»։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր հանդիպումներին ու համաժողովներին ներկա են լինում նորեկներ, հետաքրքրվող անձինք, պատանիներ, քույրեր, որոնք գուցե անհարմար դրության մեջ հայտնվեն, եթե երգելիս ուրիշներին խորհուրդ տան, թե նրանք ինչ անեն։ Այդ պատճառով երգի վերնագիրն ու խոսքերը փոփոխվել են։

Ընտանեկան երկրպագության ժամանակ սովորեք երգել մեր երգերը (տես պարբերություն 18)

18. Ինչո՞ւ արժե ծանոթանալ նոր երգարանի երգերին (տես նաև ծանոթագրությունը)։

18 «Ուրախությամբ գովերգենք Եհովային» երգարանի շատ երգեր գրվել են աղոթքի ձևով։ Դրանք երգելով՝ կարող ենք արտահայտել Եհովայի հանդեպ մեր ունեցած զգացմունքները։ Ուրիշ երգեր էլ կօգնեն մեզ «սիրո ու բարի գործերի մղել» իրար (Եբր. 10։24)։ Ինչ խոսք, մենք ուզում ենք ծանոթանալ մեր երգերի երաժշտությանը, ռիթմին ու խոսքերին։ Դու կարող ես դա անել՝ լսելով jw.org կայքում առկա վոկալ կատարումները։ Եթե տանը սովորես երգել մեր երգերը, կկարողանաս դրանք երգել վստահ, ի սրտե։ *

19. Ժողովում բոլորը ինչպե՞ս կարող են ուղղակիորեն մասնակցել Եհովային մատուցվող երկրպագությանը։

19 Հիշիր, որ երգեցողությունը մեր երկրպագության կարևոր մասերից է։ Այն զորեղ միջոց է արտահայտելու մեր սերն ու գնահատանքը Եհովայի հանդեպ (կարդա Եսայիա 12։5)։ Եթե ուրախությամբ երգես, ուրիշներին էլ կքաջալերես վստահությամբ երգելու։ Մեր հանդիպումներին հաճախող բոլոր մարդիկ՝ երիտասարդները, տարեցները, նորեկները, կարող են միանալ Եհովային ուղղակիորեն երկրպագելու այս ձևին։ Ուստի մի՛ վարանիր սրտանց երգել։ Հետևի՛ր սաղմոսերգուի հստակ հրահանգին, ով Աստծու ներշնչմամբ գրեց. «Գովերգե՛ք Եհովային»։ Այո՛, ուրախությամբ երգի՛ր (Սաղ. 96։1

^ պարբ. 11 Երգեցողությունը բարելավելու մասին ավելի շատ խորհուրդներ կգտնես «Դեյվիդ Սփլեյն։ Պատրաստվենք երգելու նոր երգերը» տեսանյութում, որը տեղադրված է «JW Broadcasting» հեռուստաալիքի կայքում (ՄԵՐ ՏԱՂԱՎԱՐԻՑ > ԵԼՈՒՅԹՆԵՐ

^ պարբ. 18 Որպեսզի տրամադրվենք երգելու, համաժողովի ծրագրի յուրաքանչյուր հատվածի սկզբում ցուցադրվում է տասը րոպե տևող երաժշտական տեսանյութ։ Այս նվագախմբային կատարումները օգնում են, որ մեր սիրտն ու միտքը պատրաստենք լսելու համաժողովի ծրագիրը։ Ուստի բոլորս էլ քաջալերվում ենք հենց սկզբից զբաղեցնել մեր տեղերը և ուշադրությամբ լսել այս կատարումները։