Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդօրինակիր Եհովայի արդարությունն ու ողորմությունը

Ընդօրինակիր Եհովայի արդարությունն ու ողորմությունը

«Դատեք ճշմարիտ արդարության համաձայն, իրար հանդեպ նվիրված սեր ու ողորմություն ցույց տվեք» (ԶԱՔ. 7։9, ծնթ.)։

ԵՐԳ 125, 88

1, 2. ա) Հիսուսն ինչպե՞ս էր վերաբերվում Աստծու Օրենքին։ բ) Դպիրներն ու փարիսեցիները ինչպե՞ս էին աղավաղում Օրենքը։

ՀԻՍՈՒՍԸ սիրում էր Մովսիսական օրենքը, և դա զարմանալի չէ։ Այն տվել էր նրա Հայրը՝ Եհովան, ով ամենակարևոր անձնավորությունն էր նրա կյանքում։ Սաղմոս 40։8-ում մարգարեաբար ասվել էր, որ Հիսուսը խորապես սիրելու էր Աստծու օրենքը. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է»։ Հիսուսը իր խոսքերով ու գործերով հաստատեց, որ Աստծու Օրենքը կատարյալ էր, օգտակար, և որ այն անշուշտ կատարվելու էր (Մատթ. 5։17–19

2 Պատկերացրու՝ ինչ ցավ էր ապրում Հիսուսը, երբ տեսնում էր, որ դպիրներն ու փարիսեցիները աղավաղում են իր Հոր Օրենքը։ Մի անգամ նա նրանց ասաց. «Տալիս եք անանուխի, սամիթի և չամանի տասանորդը»։ Այդ մարդիկ բծախնդրությամբ պահում էին Օրենքի ամենափոքր պահանջներից մի քանիսը։ Սակայն ո՞րն էր խնդիրը։ Հիսուսն ավելացրեց. «Բայց արհամարհում եք Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթ. 23։23)։ Ի տարբերություն փարիսեցիների, որոնք իրենց արդար էին համարում՝ Հիսուսն ըմբռնել էր Օրենքի ոգին։ Նա տեսնում էր Աստծու հատկությունները, որոնք արտացոլված էին յուրաքանչյուր պատվիրանում։

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Մենք՝ քրիստոնյաներս, Օրենքի ուխտի տակ չենք (Հռոմ. 7։6)։ Սակայն Եհովան այդ Օրենքը մեզ համար պահպանել է իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Նա ուզում է, որ ոչ թե Օրենքի մանրամասնություններով տարվենք, այլ հասկանանք ու կիրառենք «Օրենքի ավելի ծանրակշիռ բաները»՝ այն վեհ սկզբունքները, որոնք ընկած են պատվիրանների հիմքում։ Օրինակ՝ ի՞նչ սկզբունքներ ենք տեսնում, երբ կարդում ենք ապաստանի քաղաքների մասին։ Նախորդ հոդվածից իմացանք, թե ինչ դասեր կարող ենք քաղել՝ քննելով այն քայլերը, որ պետք է ձեռնարկեր առանց դիտավորության մարդ սպանած անհատը։ Սակայն ապաստանի քաղաքների մասին կարդալով՝ սովորում ենք նաև Եհովայի մասին և իմանում ենք, թե ինչպես կարող ենք արտացոլել նրա հատկությունները։ Ուստի այս հոդվածում կքննարկենք երեք հարց։ Ապաստանի քաղաքներն ինչպե՞ս են բացահայտում Աստծու ողորմությունը։ Դրանց շնորհիվ ի՞նչ ենք իմանում այն մասին, թե ինչպես է Եհովան վերաբերվում կյանքին։ Ինչպե՞ս են դրանք արտացոլում նրա կատարյալ արդարությունը։ Յուրաքանչյուր հարց քննելիս մտածիր, թե ինչպես կարող ես ընդօրինակել քո երկնային Հորը (կարդա Եփեսացիներ 5։1

«ՁԵԶ ՀԱՄԱՐ.... ՀԱՐՄԱՐ ՔԱՂԱՔՆԵՐ». ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

4, 5. ա) Հին Իսրայելում ի՞նչ էր արվել, որ մարդը հեշտությամբ հասներ ապաստանի քաղաք, և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ ենք սրանից սովորում Եհովայի մասին։

4 Ապաստանի վեց քաղաքներն էլ հեշտ էր հասնել։ Եհովան իսրայելացիներին պատվիրեց այնպես ընտրել քաղաքները, որ Հորդանան գետի երկու կողմերում էլ դրանք հավասարապես տեղաբաշխված լինեին։ Դա արվեց այն նպատակով, որ յուրաքանչյուր մարդ հեշտությամբ կարողանար արագ ապաստան գտնել (Թվեր 35։11–14)։ Ապաստանի քաղաքներ տանող ճանապարհները լավ վիճակում էին պահպանվում (2 Օրենք 19։3)։ Հրեական ավանդության համաձայն՝ ճանապարհներին նշանաձողեր էին տեղադրված, որոնք մարդկանց օգնում էին հեշտությամբ գտնել այդ քաղաքները։ Քանի որ երկրի ներսում ապաստանի քաղաքներ կային, առանց դիտավորության մարդ սպանած անհատը ստիպված չէր օտար երկիր փախչել, որտեղ նա կարող էր կեղծ աստվածների պաշտելու գայթակղության առաջ կանգնել։

5 Մտածիր. Եհովան ինքն էր մահապատիժ սահմանել դիտավորյալ սպանության համար, սակայն կարեկցանք ու պաշտպանություն գտնելու ինչպիսի՜ հնարավորություն տվեց պատահմամբ սպանություն գործած անհատներին։ «Ամեն ինչ հնարավորինս պարզ էր, հասկանալի ու հեշտ,— գրել է մի մեկնաբան։— Այդպիսին է Աստծու ողորմությունը»։ Եհովան քարսիրտ դատավոր չէ, որը փափագում է պատժել իր ծառաներին։ Նա «հարուստ է ողորմությամբ» (Եփես. 2։4

6. Փարիսեցիների տրամադրվածությունը ինչպե՞ս էր տարբերվում Աստծու վերաբերմունքից։

6 Ի տարբերություն Եհովայի՝ փարիսեցիները հակված չէին ողորմություն դրսևորելու։ Օրինակ՝ ավանդության համաձայն՝ նրանք երեք անգամից ավելի չէին ներում մարդու նույն թերացումը։ Հիսուսը հստակ ցույց տվեց, թե որքան սխալ էր նրանց վերաբերմունքը։ Նա առակ պատմեց մի փարիսեցու մասին, որն աղոթում էր. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես»։ Այնինչ այդ հարկահավաքը խոնարհաբար աղոթում էր Աստծուն՝ խնդրելով ողորմել իրեն։ Ինչո՞ւ էին փարիսեցիներն այդքան անսիրտ։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «ուրիշներին ոչինչ էին համարում» (Ղուկ. 18։9–14

Քո ներմանը տանող «ճանապարհը» բա՞ց է, այն լավ վիճակո՞ւմ է։ Ձգտիր մատչելի լինել (տես պարբերություն 4–8)

7, 8. ա) Եթե մեկը մեղք գործի քո դեմ, ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ներելու հարցում փորձվում է մեր խոնարհությունը։

7 Ընդօրինակիր Եհովային, ոչ թե փարիսեցիներին։ Կարեկցիր մարդկանց (կարդա Կողոսացիներ 3։13)։ Այնպես արա, որ նրանց համար հեշտ լինի քեզնից ներողություն խնդրել (Ղուկ. 17։3, 4)։ Ինքդ քեզ հարցրու. «Արագ և հեշտությա՞մբ եմ ներում ուրիշներին, այնպես որ նրանց համար դժվար չէ դիմել ինձ, նույնիսկ երբ շատ անգամ են սխալ գործում իմ դեմ։ Սրտանց ցանկանո՞ւմ եմ հաշտվել նրա հետ, ով վիրավորել կամ նեղացրել է ինձ»։

8 Ներելու հարցում փորձվում է մեր խոնարհությունը։ Փարիսեցիները չանցան այդ փորձությունը, քանի որ ուրիշներին իրենցից ցածր էին համարում։ Սակայն մենք՝ քրիստոնյաներս, ուրիշներին խոնարհաբար մեզանից «ավելի բարձր ենք համարում»՝ մեր ներմանն արժանի (Փիլիպ. 2։3)։ Կընդօրինակե՞ս Եհովային ու կանցնե՞ս խոնարհության փորձությունը։ Քո ներմանը տանող «ճանապարհը» թող միշտ բաց լինի. այն լավ վիճակում պահպանիր։ Ողորմություն դրսևորելու մեջ արագ եղիր, իսկ վիրավորվելու մեջ՝ դանդաղ (Ժող. 7։8, 9

ՀԱՐԳԻՐ ԿՅԱՆՔԸ ԵՎ «ԱՐՅՈՒՆԱՊԱՐՏ ՉԵՍ ԼԻՆԻ»

9. Եհովան ինչպե՞ս օգնեց իսրայելացիներին խորությամբ հասկանալ, որ մարդու կյանքը սուրբ է։

9 Իսրայելացիներին արյունապարտությունից պաշտպանելը ապաստանի քաղաքների հիմնական նպատակներից էր (2 Օրենք 19։10)։ Եհովան սիրում է կյանքը և ատում է «անմեղ արյուն թափող ձեռքերը» (Առակ. 6։16, 17)։ Արդար և սուրբ Աստված չէր կարող աչք փակել նույնիսկ պատահմամբ կատարված սպանության վրա։ Ճիշտ է, առանց դիտավորության մարդ սպանած անհատի հանդեպ ողորմություն էր դրսևորվում։ Սակայն նա պետք է տեղի ունեցածը ներկայացներ երեցներին, ու եթե որոշվեր, որ սպանությունը պատահմամբ է կատարվել, նա պետք է ապաստանի քաղաքում մնար մինչև քահանայապետի մահը։ Դա կարող էր նշանակել, որ այդ անհատը պետք է իր կյանքի մնացած մասն անցկացներ այնտեղ։ Այո՛, հետևանքները լուրջ էին, սակայն դա բոլոր իսրայելացիներին օգնում էր խորությամբ հասկանալ, որ մարդու կյանքը սուրբ է։ Իրենց կյանք Տվողին պատվելու համար նրանք պետք է խուսափեին որևէ գործողությունից կամ անգործությունից, որը կարող էր վտանգել ուրիշների կյանքը։

10. Ըստ Հիսուսի խոսքերի՝ ինչպե՞ս էին դպիրներն ու փարիսեցիները ցույց տալիս, որ չեն գնահատում կյանքը։

10 Ի տարբերություն Եհովայի՝ դպիրներն ու փարիսեցիները չէին գնահատում կյանքը։ Ինչպե՞ս։ Հիսուսը նրանց ասաց. «Գիտելիքներ ձեռք բերելու բանալին վերցրել եք։ Դուք ինքներդ չեք մտել և մտնել ցանկացողներին էլ խանգարել եք» (Ղուկ. 11։52)։ Նրանցից ակնկալվում էր, որ մարդկանց բացատրեին Աստծու Խոսքը և օգնեին հավիտենական կյանքի ճանապարհով գնալ։ Սակայն դրա փոխարեն՝ մարդկանց հեռացնում էին «կյանքի Գլխավոր Առաջնորդից»՝ Հիսուսից՝ մղելով նրանց այնպիսի ուղի բռնել, որը կարող էր հավիտենական կործանման տանել (Գործ. 3։15)։ Հպարտ ու եսասեր դպիրներն ու փարիսեցիները գրեթե չէին մտածում ուրիշների կյանքի և բարօրության մասին։ Որքա՜ն դաժան ու անգութ էին նրանք։

11. ա) Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ Եհովայի պես է վերաբերվում կյանքին։ բ) Ի՞նչը կօգնի, որ ծառայությանը վերաբերվենք այնպես, ինչպես Պողոս առաքյալը։

11 Ինչպե՞ս կարող ենք խուսափել դպիրների ու փարիսեցիների տրամադրվածությունից և ընդօրինակել Եհովային։ Մենք պետք է հարգանքով վերաբերվենք կյանքի պարգևին ու թանկ համարենք այն։ Պողոս առաքյալը հիմնովին վկայություն տալով էր դա անում։ Ուստի կարող էր ասել. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից» (կարդա Գործեր 20։26, 27)։ Այդուհանդերձ, մեղավորության կամ պարտքի զգացումը չէր, որ Պողոսին մղում էր քարոզելու, այլ նա սիրում էր մարդկանց ու թանկ էր համարում նրանց կյանքը (1 Կորնթ. 9։19–23)։ Մենք էլ պետք է ձգտենք կյանքին Եհովայի պես վերաբերվել։ Նա ցանկանում է, որ «բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Իսկ դու ցանկանո՞ւմ ես։ Եթե քո մեջ ողորմածություն զարգացնես, դա կնպաստի, որ ծառայության մեջ ավելի նախանձախնդիր լինես և ավելի մեծ ուրախություն ստանաս դրանից։

12. Անվտանգությունն ինչո՞ւ է կարևոր Աստծու ժողովրդի համար։

12 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովայի նման՝ կյանքը թանկ ենք համարում։ Դա կարող ենք անել, եթե ճիշտ վերաբերվենք անվտանգությանը։ Մենք պետք է հետևենք անվտանգության կանոններին թե՛ մեքենա վարելիս, թե՛ աշխատելիս, այդ թվում՝ երբ երկրպագության համար նախատեսված շինություններ ենք կառուցում, դրանցում տեխսպասարկման աշխատանքներ ենք կատարում կամ ուղևորվում ենք երկրպագության վայրեր։ Երբեք աշխատանքի արդյունավետությունը, փողը կամ գրաֆիկը ավելի կարևոր մի՛ համարիր, քան մարդկանց անվտանգությունն ու առողջությունը։ Մեր արդար Աստված միշտ է անում այն, ինչը ճիշտ է ու տեղին։ Մենք ուզում ենք նմանվել նրան։ Երեցները առավելապես պետք է ձգտեն հոգ տանել թե՛ իրենց, թե՛ իրենց շուրջն աշխատող մարդկանց անվտանգության մասին (Առակ. 22։3)։ Եթե երեցը քեզ հիշեցնում է անվտանգության կանոնների ու չափանիշների մասին, ընդունիր նրա խորհուրդը (Գաղ. 6։1)։ Կյանքին Եհովայի պես վերաբերվիր և «արյունապարտ չես լինի»։

«ԴԱՏԵՔ.... ԱՅՍ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ»

13, 14. Իսրայելի երեցները ինչպե՞ս կարող էին արտացոլել Եհովայի արդարությունը։

13 Եհովան Իսրայելի երեցներին պատվիրել էր որդեգրել արդարության իր բարձր չափանիշները։ Նախ երեցները պետք է պարզեին փաստերը։ Հետո պետք է մանրամասնորեն քննեին մարդասպանի շարժառիթները, վերաբերմունքն ու նախկինում ունեցած վարքը և այդ ամենը հաշվի առնելով՝ որոշեին՝ ողորմել նրան, թե ոչ։ Աստծու արդարությունն արտացոլելու համար նրանք պետք է պարզեին, թե արդյոք այդ անհատը գործել է «ատելությունից դրդված» և «դարան մտած», այսինքն՝ հանցավոր մտադրությամբ (կարդա Թվեր 35։20–24)։ Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքներին, առնվազն երկու վկա պետք է հաստատեին, որ կանխամտածված սպանություն է եղել (Թվեր 35։30

14 Փաստերը պարզելուց հետո երեցները պետք է կենտրոնանային այդ անձնավորության վրա, ոչ միայն նրա կատարած արարքի։ Նրանք պետք է խորաթափանցություն դրսևորեին, կարողանային ակնհայտ բաներից ավելին տեսնել, ձգտեին լիովին հասկանալ տեղի ունեցածը։ Իսկ ամենից առավել երեցները Եհովայի սուրբ ոգու կարիքն ունեին, որն իրենց կօգներ արտացոլել Աստծու հասկացողությունը, ողորմությունն ու արդարությունը (Ելք 34։6, 7

15. Մեղավորների նկատմամբ Հիսուսի վերաբերմունքը ինչպե՞ս էր տարբերվում փարիսեցիների վերաբերմունքից։

15 Փարիսեցիները կենտրոնանում էին միայն մեղսագործի կատարած արարքի վրա, ոչ թե նրա ներքին էության։ Երբ նրանք տեսան, որ Հիսուսը Մատթեոսի տանը ճաշկերույթի է մասնակցում, հարցրին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հարկահավաքների ու մեղավորների հետ հաց ուտում»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ուրեմն գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», որովհետև ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մատթ. 9։9–13)։ Արդյո՞ք Հիսուսը արդարացնում էր լուրջ մեղքերը։ Ամենևի՛ն։ Այն լուրը, որը նա հիմնականում քարոզում էր, զղջալու կոչ էր պարունակում (Մատթ. 4։17)։ Միևնույն ժամանակ Հիսուսը, խորաթափանցություն դրսևորելով, տեսավ, որ այդ «հարկահավաքներից ու մեղավորներից» առնվազն ոմանք ցանկանում էին փոխվել։ Նրանք պարզապես ուտելու համար չէին եկել Մատթեոսի տուն։ Այնտեղ ներկաներից «շատերը սկսել էին հետևել» Հիսուսին (Մարկ. 2։15)։ Ցավոք, փարիսեցիների մեծամասնությունը այդ մարդկանց մեջ չտեսավ այն, ինչ Հիսուսն էր տեսնում։ Փարիսեցիները չէին վարվում այն արդար ու ողորմած Աստծու պես, ում, իրենց խոսքով, երկրպագում էին։ Նրանք ուրիշների վրա մեղավորի պիտակ էին կպցնում՝ համարելով, որ նրանցից ոչ մի հույս չկա։

16. Իրավական կոմիտեն ի՞նչ պետք է ձգտի հասկանալ։

16 Այսօր երեցները պետք է ընդօրինակեն Եհովային, ով «սիրում է արդարությունը» (Սաղ. 37։28)։ Նախ նրանք պետք է բոլոր փաստերը «հետազոտեն և մանրակրկիտ հարցուփորձ անեն», որպեսզի պարզեն՝ անհատը սխալ գործել է, թե ոչ։ Եթե այո, երեցները պետք է այդ հարցը լուծեն Աստվածաշնչի առաջնորդության համաձայն (2 Օրենք 13։12–14)։ Երբ նրանք ծառայում են իրավական կոմիտեներում, պետք է մանրակրկիտ քննության արդյունքում որոշեն, թե արդյոք լուրջ մեղք գործած քրիստոնյան զղջում է։ Միշտ չէ, որ ակնհայտ է՝ անհատը զղջում է, թե ոչ։ Զղջումն ընդգրկում է մարդու տեսակետը, տրամադրվածությունն ու սրտի վիճակը (Հայտն. 3։3)։ Մեղք գործողը ողորմության արժանանալու համար պետք է զղջա։

17, 18. Երեցներն ինչպե՞ս կարող են հասկանալ՝ մարդը սրտանց է զղջում, թե ոչ (տես հոդվածի սկզբի նկարը)։

17 Ի տարբերություն Եհովայի ու Հիսուսի՝ երեցները չեն կարող կարդալ մարդկանց սրտերը։ Եթե երեց ես, ինչպե՞ս կարող ես հասկանալ՝ մարդը սրտանց է զղջում, թե ոչ։ Առաջին հերթին՝ աղոթիր Աստծուն՝ խնդրելով, որ քեզ իմաստություն ու հասկացողություն տա (1 Թագ. 3։9)։ Երկրորդ՝ քննիր Աստծու Խոսքն ու հավատարիմ ծառայի պատրաստած հրատարակությունները, որոնք կօգնեն քեզ «աշխարհին բնորոշ տրտմությունը» զանազանել «աստվածահաճո տրտմությունից»՝ իսկական զղջումից (2 Կորնթ. 7։10, 11)։ Նկատիր, թե Աստվածաշունչն ինչպես է ներկայացնում թե՛ զղջացող, թե՛ չզղջացող մարդկանց։ Տես, թե Սուրբ Գրքում ինչպես են նկարագրվում նրանց զգացմունքները, տրամադրվածությունն ու վարքը։

18 Երրորդ՝ ձգտիր մարդուն տեսնել ամբողջությամբ։ Հաշվի առ նրա անցյալը, մղումներն ու սահմանափակումները։ Աստվածաշնչում մարգարեաբար ասվել էր, թե ինչպիսին էր լինելու Հիսուսը՝ քրիստոնեական ժողովի գլուխը. «Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով։ Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի» (Ես. 11։3, 4)։ Երեցնե՛ր, դուք Հիսուսի կողմից նշանակված հովիվներ եք, ուստի նա կօգնի ձեզ, որ իր պես դատեք (Մատթ. 18։18–20)։ Այնքա՜ն շնորհակալ ենք, որ հոգատար երեցներ ունենք, ովքեր ջանում են այդպես վարվել։ Որքա՜ն ենք գնահատում նրանց անխոնջ ջանքերը, որ նրանք թափում են, որպեսզի մեր ժողովներում ողորմություն և արդարություն տիրի։

19. Ապաստանի քաղաքների մասին կարդալով՝ ի՞նչ սովորեցիր, որ կցանկանաս կիրառել քո կյանքում։

19 Մովսիսական օրենքն օգնում է Եհովայի ու նրա արդար սկզբունքների մասին «հիմնական գիտելիքներ» ձեռք բերել և «հասկանալ ճշմարտությունը» (Հռոմ. 2։20)։ Օրինակ՝ ապաստանի քաղաքներին վերաբերող օրենքը երեցներին սովորեցնում է «դատել ճշմարիտ արդարության համաձայն», իսկ մեզ բոլորիս սովորեցնում է «իրար հանդեպ նվիրված սեր ու ողորմություն ցույց տալ» (Զաք. 7։9, ծնթ.)։ Ճիշտ է, մենք Օրենքի տակ չենք։ Սակայն Եհովան չի փոխվում. նա այսօր էլ է կարևոր համարում արդարությունն ու ողորմությունը։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում ունենք երկրպագելու այն Աստծուն, ում պատկերով ենք ստեղծված, ում կարող ենք ընդօրինակել և ում մոտ կարող ենք ապաստան գտնել։