Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող ես հարմարվել քո նոր ժողովին

Ինչպե՞ս կարող ես հարմարվել քո նոր ժողովին

«ՆՈՐ ժողով տեղափոխվելուց առաջ շատ էի անհանգստանում։ Չգիտեի՝ ինչպես ինձ կընդունեին այնտեղ, և արդյոք կկարողանայի ընկերներ գտնել»,— ասում է Ալենը։ * Նա տեղափոխվել է նոր վայր, որն ավելի քան 1 400 կիլոմետր (մոտ 900 մղոն) հեռու է իր տնից։

Եթե դու էլ ես տեղափոխվել նոր ժողով, հնարավոր է՝ անհանգիստ ես։ Ի՞նչը կօգնի քեզ հարմարվել։ Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել, եթե հարմարվելը քո պատկերացրածից ավելի դժվար է։ Մյուս կողմից, եթե քո ժողով նոր մարդիկ են տեղափոխվել, ի՞նչ կարող ես անել, որ նրանց համար ավելի հեշտ լինի հարմարվել փոփոխություններին։

ԻՆՉՊԵՍ ՆՈՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՄԱՏՆԵՐ ԳՑԵԼ ՈՒ ԾԱՂԿԵԼ

Մտածիր հետևյալ օրինակի շուրջ։ Երբ ծառերը տեղափոխում են, դրանք սթրես են տանում։ Ծառը հողից հանելիս սովորաբար արմատների մեծ մասը կտրում են, որպեսզի տեղափոխելը հեշտ լինի։ Երբ ծառը նոր վայրում են տնկում, այն պետք է անմիջապես նոր արմատներ գցի։ Նմանապես, երբ նոր ժողով ես տեղափոխվում, հնարավոր է՝ սթրես տանես։ Նախկին ժողովում դու արմատներ էիր գցել, այսինքն՝ մտերիմ ընկերներ էիր ձեռք բերել, և հոգևոր կյանքդ իր հունով էր ընթանում։ Այժմ դու պետք է նոր արմատներ գցես, որպեսզի ծաղկես նոր միջավայրում։ Ի՞նչը կօգնի քեզ դա անելու։ Աստվածաշնչյան սկզբունքների կիրառումը։ Նկատի առնենք դրանցից մի քանիսը։

Նա, ով կանոնավորաբար կարդում է Աստծու Խոսքը, «նման է ջրի առվակների մոտ տնկված ծառի, որն իր պտուղը տալիս է իր ժամանակին, և որի տերևները չեն թառամում։ Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղ. 1։1–3

Ինչպես որ ծառը առողջ մնալու համար պետք է մշտապես սնվի ջրի աղբյուրից, այնպես էլ քրիստոնյան հոգևորապես ամուր մնալու համար պետք է կանոնավորաբար սնվի Աստծու Խոսքով։ Ուստի շարունակիր ամեն օր կարդալ Աստվածաշունչը և կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Ընտանեկան երկրպագության և անձնական ուսումնասիրության հարցում պահպանիր լավ սովորություններդ։ Այն, ինչ հոգևոր առումով քեզ անհրաժեշտ էր նախկինում, անհրաժեշտ կլինի նաև նոր վայրում։

«Ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի» (Առակ. 11։25

Դու նոր ուժերով կլցվես ու ավելի արագ կհարմարվես փոփոխություններին, եթե լիարժեքորեն մասնակցես ծառայությանը։ «Կնոջս ու ինձ ամենից շատ օգնեց այն, որ նոր ժողով տեղափոխվելուց անմիջապես հետո սկսեցինք ծառայել որպես ենթառահվիրաներ։ Կարճ ժամանակ անց մենք արդեն ճանաչում էինք եղբայրներին ու ռահվիրաներին և ծանոթ էինք տարածքին»,— ասում է Քևինը, որը ժողովում ծառայում է որպես երեց։ Իսկ Ռոջերը, որի բնակության նոր վայրը նախկինից ավելի քան 1 600 կիլոմետր (1 000 մղոն) հեռու է, պատմում է. «Նոր ժողովին հարմարվելու լավագույն ձևը քարոզչական ծառայությանը հաճախ մասնակցելն է։ Բացի այդ, երեցներին տեղյակ պահիր, որ պատրաստ ես ամեն հարցում օգնելու, օրինակ՝ մասնակցելու Թագավորության սրահի մաքրությանը, փոխարինելու ժողովի հանդիպման ծրագրի որևէ բաժին ներկայացնողի կամ ինչ-որ մեկին մեքենայովդ տանելու ժողովի հանդիպումներին։ Երբ եղբայրներն ու քույրերը տեսնեն անձնազոհության ոգիդ, նրանք իրենց սրտի դռները կբացեն քո առաջ»։

«Ընդլայնեք ձեր սրտերը» (2 Կորնթ. 6։13

Եղբայրներին սիրելու հարցում ընդլայնիր քո սիրտը։ Երբ Մելիսան և իր ընտանիքը այլ վայր տեղափոխվեցին, նրանք սկսեցին ընկերանալ նոր ժողովի անդամների հետ։ «Հանդիպումից առաջ շուտ էինք գալիս Թագավորության սրահ, իսկ վերջում ուշ էինք գնում։ Այդպես կարողանում էինք շփվել մարդկանց հետ, ոչ միայն պարզապես բարևել»,— պատմում է նա։ Սրա շնորհիվ Մելիսան և իր հարազատները կարողացան շուտ սովորել նոր մարդկանց անունները։ Նրանք նաև հյուրասիրություն էին դրսևորում, ինչն ավելի ամրացրեց նոր ընկերների հետ փոխհարաբերությունները։ Մելիսան ասում է. «Մենք փոխանակեցինք մեր հեռախոսահամարները, որպեսզի կապի մեջ լինենք ու միասին զբաղվենք հոգևոր և այլ գործերով»։

Եթե նոր մարդկանց հետ շփվելը վախեցնում է քեզ, կարող ես սկզբում փոքր քայլեր անել։ Օրինակ՝ ժպտա, նույնիսկ եթե ցանկություն չունես։ Ժպիտը ուրիշներին կձգի դեպի քեզ։ Չէ՞ որ, ինչպես Աստվածաշունչն է ասում, «պայծառ աչքերը ուրախացնում են սիրտը» (Առակ. 15։30)։ Ռեյչլը, որը իր հարազատ տնից հեռու վայր տեղափոխվեց, պատմում է. «Բնավորությամբ ես մարդամոտ չեմ։ Երբեմն ինձ պետք է ստիպեմ շփվել նոր ժողովի անդամների հետ։ Երբ Թագավորության սրահում տեսնում եմ, որ մեկը մենակ նստած է ու ոչ ոքի հետ չի խոսում, մոտենում եմ նրան, քանի որ հնարավոր է՝ նա էլ ինձ պես ամաչկոտ է»։ Այսպիսով՝ նպատակ դիր ամեն հանդիպումից առաջ կամ հետո շփվելու որևէ նոր մարդու հետ։

Մյուս կողմից՝ պատահում է, որ նոր ժողով տեղափոխված անհատը առաջին մի քանի շաբաթվա ընթացքում մեծ խանդավառությամբ ծանոթանում է մարդկանց հետ։ Սակայն քանի որ ամեն նոր բան վաղ թե ուշ հնանում է, հնարավոր է՝ ժամանակի ընթացքում խանդավառությունը մարի։ Ուստի պետք է ջանքեր թափես, որ շարունակես ընկերանալ նոր ժողովի անդամների հետ։

Երբ ծառերը տեղափոխում են, դրանք սթրես են տանում, բայց երբ նոր վայրում են տնկում, դրանք նոր արմատներ են գցում

ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Որոշ ծառեր նոր միջավայրում շուտ են խոր արմատներ գցում, իսկ մյուսները՝ ուշ։ Նույնը կարելի է ասել նոր ժողովին հարմարվելու մասին։ Եթե որոշ ժամանակ առաջ ես տեղափոխվել, բայց դեռ փորձում ես հարմարվել, քեզ կարող են օգնել հետևյալ աստվածաշնչյան սկզբունքները։

«Չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղ. 6։9

Հարմարվելու համար ավելի շատ ժամանակ հատկացրու, քան նախապես մտածում էիր։ Օրինակ՝ «Գաղաադ» դպրոցում սովորած շատ միսիոներներ իրենց օտարերկրյա նշանակման մեջ մի քանի տարի անցկացնելուց հետո են այցելում հայրենի երկիր։ Դա նրանց օգնում է մտերմանալ տեղի եղբայրների հետ ու հարմարվել նոր մշակույթին։

Ալեխանդրոն, որը մի քանի անգամ տեղափոխվել է այլ վայր, գիտի, որ հնարավոր չէ շատ արագ հարմարվել։ Նա պատմում է. «Մեր վերջին տեղափոխությունից հետո կինս ասաց. «Ախր բոլոր ընկերներս նախկին ժողովում են»»։ Եղբայրը կնոջը հիշեցրեց, որ նույն բանը նա երկու տարի առաջ էր ասել, երբ տեղափոխվում էին նոր ժողով։ Սակայն այդ տարիների ընթացքում նա հետաքրքրություն էր ցույց տվել ուրիշների հանդեպ, և օտար մարդիկ դարձել էին նրա մտերիմ ընկերները։

«Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստությունից չէ, որ տալիս ես այս հարցը» (Ժող. 7։10

Նոր ժողովդ մի՛ համեմատիր նախկինի հետ։ Օրինակ՝ քո նոր ժողովի որոշ եղբայրներ, հնարավոր է, քո ակնկալածից ավելի զուսպ են կամ ավելի անմիջական։ Կենտրոնացիր նրանց դրական կողմերի վրա, ինչպես որ ուզում ես՝ նրանք անեն։ Որոշ նորեկներ, ի զարմանս իրենց, նկատել են, որ տեղափոխվելուց հետո սկսել են մտածել հետևյալ հարցի շուրջ. «Իսկապե՞ս սիրում եմ «ողջ եղբայրությունը»» (1 Պետ. 2։17

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ» (Ղուկ. 11։9

Շարունակիր աղոթել օգնության համար։ Դեյվիդը, ով որպես երեց է ծառայում, ասում է. «Մի՛ փորձիր քո ուժերով հաղթահարել դժվարություններդ։ Շատ բաներ մենք կարող ենք անել միմիայն Եհովայի օգնությամբ։ Ուստի աղոթիր դրանց մասին»։ Նույն միտքն է արտահայտում Ռեյչլը, որի խոսքերը բերված են վերևում. «Երբ ես ու ամուսինս զգում ենք, որ օտարանում ենք ժողովից, այդ մասին աղոթում ենք Եհովային՝ ասելով. «Եթե այնպիսի բան ենք անում, ինչը ուրիշներին վանում է մեզնից, խնդրում ենք, օգնիր մեզ հասկանալ դա»։ Հետո ձգտում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել եղբայրների ու քույրերի հետ»։

Ծնողնե՛ր, եթե ձեր երեխաները դժվարանում են հարմարվել, ժամանակ տրամադրեք, որ նրանց հետ աղոթեք այդ մասին։ Օգնեք նրանց նոր ընկերներ ձեռք բերել։ Այդ նպատակով հնարավորություններ ստեղծեք առողջ շփման համար։

ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՔ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ

Ինչպե՞ս կարող ես օգնել քո ժողով տեղափոխված անհատներին։ Ձգտիր հենց սկզբից իսկական ընկեր լինել։ Փորձիր պատկերացնել՝ ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեին, եթե նոր ժողով տեղափոխվեիր, և նույնը դու արա (Մատթ. 7։12)։ Կարո՞ղ ես նորեկներին հրավիրել ձեր տուն՝ մասնակցելու ընտանեկան երկրպագությանը կամ դիտելու «JW հեռարձակման» ամսական թողարկումը։ Կարո՞ղ ես նրանց հետ գնալ ծառայության։ Եթե նրանց հրավիրես ճաշելու, թեկուզև հասարակ ուտեստ հյուրասիրես, նրանք շատ կգնահատեն քո վերաբերմունքը։ Ուրիշ ի՞նչ ձևերով կարող ես գործնական օգնություն ցույց տալ նորեկներին։

«Երբ մենք տեղափոխվեցինք նոր ժողով, մի քույր մեզ տեղեկացրեց, թե որ խանութներում են գները մատչելի։ Դրանով նա մեզ շատ օգնեց»,— ասում է Կառլոսը։ Նրանք, ովքեր քո ժողով են տեղափոխվել այնպիսի վայրից, որտեղ կլիման ուրիշ է, շատ շնորհակալ կլինեն, եթե նրանց խորհուրդ տաս, թե ինչպես հագնվեն ձեր կլիմայական գոտում։ Բացի այդ, նրանց օգնած կլինես ծառայությունն արդյունավետ դարձնել, եթե պատմես ձեր համայնքի առանձնահատկությունների և այդտեղ տարածված կրոնական հավատալիքների մասին։

ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ՛ ՋԱՆՔԵՐ ԹԱՓԵԼ

Ալենը, որի մասին խոսեցինք նախաբանում, արդեն մեկ տարուց ավելի է՝ նոր ժողովում է։ Նա ասում է. «Սկզբում պետք է ինձ ստիպեի ծանոթանալ եղբայրների ու քույրերի հետ։ Բայց հիմա նրանք ասես իմ ընտանիքը լինեն, և ես երջանիկ եմ»։ Ալենը գիտակցում է, որ տեղափոխվելով՝ ամենևին էլ չի կորցրել իր ընկերներին։ Ընդհակառակը՝ նոր ընկերներ է ձեռք բերել, ովքեր թերևս ամբողջ կյանքում կմնան իր ընկերները։

^ պարբ. 2 Որոշ անուններ փոխված են։