Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մերժիր աշխարհիկ մտածելակերպը

Մերժիր աշխարհիկ մտածելակերպը

«Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք.... աշխարհի սկզբունքների վրա են հիմնված» (ԿՈՂ. 2։8

ԵՐԳ 38, 31

1. Պողոս առաքյալն ի՞նչ խորհուրդ տվեց իր հավատակիցներին (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ Կողոսայի քրիստոնյաներին ուղղված իր նամակը, ըստ ամենայնի, գրել է մոտ 60–61 թթ.-ին, երբ ավարտին էր մոտենում իր առաջին բանտարկությունը Հռոմում։ Նամակում նա խոսում է այն մասին, թե որքան կարևոր է «հոգևոր հասկացողություն» ունենալ (Կող. 1։9)։ Այնուհետև ավելացնում է. «Սա ասում եմ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ համոզիչ փաստարկներով։ Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կող. 2։4, 8)։ Պողոսը նաև բացատրում է, թե որոշ տարածված գաղափարներ ինչու են սխալ, և թե ինչու աշխարհիկ մտածելակերպը կարող է գրավել անկատար մարդուն։ Օրինակ՝ այն կարող է անհատին այնպիսի զգացողություն տալ, իբր ինքը մյուսներից ավելի բարձր է ու ավելի իմաստուն։ Հետևաբար նամակի նպատակն էր՝ օգնել եղբայրներին մերժելու աշխարհիկ մտածելակերպն ու սխալ գործերը (Կող. 2։16, 17, 23

2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում և ինչո՞ւ։

2 Աշխարհիկ մտածելակերպ ունեցող մարդիկ արհամարհում կամ անտեսում են Եհովայի սկզբունքները, և եթե զգույշ չլինենք, այդպիսի մտածելակերպը կարող է աստիճանաբար թուլացնել մեր հավատը։ Այսօր մարդը հեշտությամբ կարող է ենթարկվել դրա ազդեցությանը հեռուստատեսության ու ինտերնետի միջոցով, ինչպես նաև աշխատանքի վայրում ու դպրոցում։ Այս հոդվածում մենք կիմանանք, թե ինչ կարող ենք անել, որ աշխարհիկ գաղափարները չապականեն մեր միտքը։ Ուստի կքննենք նման գաղափարների հինգ օրինակ և կտեսնենք, թե ինչպես կարող ենք մերժել դրանք։

ԿԱՐԻՔ ԿԱ՞ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԱՍՏԾՈՒՆ

3. Ո՞ր գաղափարն է շատերին դուր գալիս և ինչո՞ւ։

3 «Առանց Աստծուն հավատալու էլ կարող եմ լավ մարդ լինել»։ Շատ երկրներում հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր ասում են, որ Աստծուն չեն հավատում։ Նրանք իրենց կրոնավոր չեն համարում։ Այդպիսի մարդիկ գուցե խորապես չեն էլ ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք գոյություն ունի Աստված։ Եվ նրանց դուր է գալիս այն գաղափարը, որ ազատ են անելու այն, ինչ իրենց է հաճելի (կարդա Սաղմոս 10։4)։ Ոմանք էլ իրենց այնքան իմաստուն են համարում, որ ասում են. «Առանց Աստծուն հավատալու էլ կարող եմ բարձր չափանիշներով ապրել»։

4. Ինչպե՞ս օգնենք տրամաբանել այն մարդուն, ով ասում է, թե Ստեղծիչ չկա։

4 Արդյո՞ք այն գաղափարը, թե Ստեղծիչ չկա, տրամաբանական հիմնավորում ունի։ Եթե մարդը փորձի այս հարցի պատասխանը փնտրել գիտության մեջ, կարող է հեշտությամբ մոլորվել։ Սակայն պատասխանը շատ պարզ է։ Եթե շինությունը կառուցողի կարիք ունի, ապա մի՞թե նույնը չենք կարող ասել կենդանի օրգանիզմների մասին։ Իրականում երկրի վրա գոյություն ունեցող ամենապարզ կենդանի բջիջները շատ ավելի բարդ են, քան ցանկացած շինություն, քանի որ կարող են անել մի բան, ինչը ոչ մի տեսակի շինություն չի կարող։ Դրանք վերարտադրվում են։ Բջիջները պահպանում և պատճենում են այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է նոր բջջի ստեղծման համար։ Իսկ ո՞վ է կազմել այս կենդանի բջիջների նախագիծը։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբր. 3։4

5. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն գաղափարին, թե մարդը կարող է առանց Աստծուն հավատալու որոշել՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։

5 Իսկ ինչպե՞ս կարող ենք տրամաբանել այն հարցի շուրջ, թե մարդը կարող է առանց Աստծուն հավատալու որոշել՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Աստվածաշունչը նշում է, որ նույնիսկ անհավատ մարդիկ, հնարավոր է, առաջնորդվեն բարձր չափանիշներով (Հռոմ. 2։14, 15)։ Օրինակ՝ նրանք գուցե հարգեն ու սիրեն իրենց ծնողներին։ Սակայն ո՞րն է այն մարդու բարոյական չափանիշների հիմքը, ով չի ընդունում, որ կա սիրառատ Ստեղծիչ, որը բարու և չարի չափանիշներ է սահմանում (Ես. 33։22)։ Մտածող շատ մարդիկ կհամաձայնվեն, որ Երկիր մոլորակի ներկայիս աղետալի վիճակը հաստատում է այն փաստը, որ մարդը Աստծու օգնության կարիքն ունի (կարդա Երեմիա 10։23)։ Ուստի չպետք է ինքներս մեզ խաբենք՝ մտածելով, թե ինչ-որ մեկը կարող է լիովին զանազանել ճիշտն ու սխալը՝ չհավատալով Աստծուն ու չընդունելով նրա չափանիշները (Սաղ. 146։3

ՈՒՆԵ՞ՆՔ ԿՐՈՆԻ ԿԱՐԻՔ

6. Այսօր շատերն ինչպե՞ս են վերաբերվում կրոնին։

6 «Մարդն առանց կրոնի էլ կարող է երջանիկ լինել»։ Այս աշխարհիկ գաղափարը շատերին է գրավում, քանի որ նրանք կրոնը համարում են ձանձրալի և անիմաստ մի բան։ Շատ կրոններ մարդկանց հեռացնում են Աստծուց՝ սովորեցնելով կրակե դժոխքի մասին, տասանորդ հավաքելով և քաղաքական քարոզչությամբ զբաղվելով։ Ուստի զարմանալի չէ, որ գնալով ավելի շատ մարդիկ են կարծում, թե առանց կրոնի կարող են երջանիկ լինել։ Նրանք գուցե ասեն. «Հոգևոր հարցերն ինձ հետաքրքրում են, բայց ես չեմ ուզում անդամակցել որևէ կրոնական կազմակերպության»։

7. Ճշմարիտ կրոնը ինչպե՞ս է նպաստում երջանկությանը։

7 Իսկապե՞ս մարդը կարող է առանց կրոնի երջանիկ լինել։ Նա կարող է երջանիկ լինել առանց կեղծ կրոնի։ Սակայն չի կարող իսկական երջանկություն վայելել, եթե մտերիմ չլինի Եհովայի հետ, ով Աստվածաշնչում կոչվում է «երջանիկ Աստված» (1 Տիմոթ. 1։11)։ Եհովայի արած ամեն բան օգուտ է բերում ուրիշներին։ Նրա ծառաները նույնպես երջանիկ են, քանի որ կենտրոնանում են մարդկանց օգնելու վրա (Գործ. 20։35)։ Օրինակ՝ մտածիր, թե ինչպես է ճշմարիտ երկրպագությունը նպաստում ընտանիքի երջանկությանը։ Ճշմարիտ կրոնը սովորեցնում է հարգել ու պատվել կողակցին, սուրբ համարել ամուսնական երդումը, խուսափել շնությունից, ճիշտ դաստիարակել երեխաներին և իսկական սեր դրսևորել։ Այսպիսի երկրպագությունը մարդկանց միավորում է ժողովներում՝ ստեղծելով համաշխարհային եղբայրություն, որում երջանկություն է տիրում (կարդա Եսայիա 65։13, 14

8. Մատթեոս 5։3-ի օգնությամբ ինչպե՞ս կարող ենք տրամաբանել այն հարցի շուրջ, թե ինչն է երջանիկ դարձնում մարդկանց։

8 Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել այն աշխարհիկ գաղափարի շուրջ, թե մարդն առանց Աստծուն ծառայելու կարող է երջանիկ լինել։ Մտածենք հետևյալ հարցի մասին. «Ի՞նչն է երջանիկ դարձնում մարդկանց»։ Ոմանք բավականություն են ստանում աշխատանքից, սպորտից կամ սիրած զբաղմունքից։ Մյուսներին բավարարվածության զգացում է տալիս ընտանիքի կամ ընկերների մասին հոգ տանելը։ Այս ամենը կարող է հաճույք պատճառել, սակայն մեր կյանքը ավելի վեհ նպատակ ունի, որը հարատև երջանկություն է բերում։ Ի տարբերություն կենդանիների՝ մենք կարող ենք ճանաչել մեր Արարչին ու հավատարմորեն ծառայել նրան։ Մենք այնպես ենք ստեղծված, որ դա անելով՝ երջանկություն ենք ստանում (կարդա Մատթեոս 5։3)։ Օրինակ՝ Եհովայի ճշմարիտ երկրպագուները մեծ ուրախություն ու քաջալերանք են ստանում, երբ միասին հավաքվում են նրան պաշտելու համար (Սաղ. 133։1)։ Բացի այդ, նրանք երջանիկ են, քանի որ ունեն միասնական եղբայրություն, առողջ ապրելակերպ ու մեծ ուրախություն բերող հույս։

ՈՒՆԵ՞ՆՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՐԻՔ

9. ա) Սեքսի վերաբերյալ ի՞նչ տեսակետ է տարածված աշխարհում։ բ) Աստծու Խոսքն ինչո՞ւ է արգելում արտամուսնական սեքսը։

9 «Ինչո՞ւ դատապարտել արտամուսնական սեքսը»։ Մարդիկ գուցե ասեն. «Կյանքը պետք է վայելես։ Ինչո՞ւ է արտամուսնական սեքսը դատապարտելի»։ Այն գաղափարը, թե քրիստոնյաները պետք է հանդուրժեն սեռական անբարոյությունը, սխալ է։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծու Խոսքը արգելում է անբարո սեռական հարաբերությունները (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 4։3–8 * Եհովան իրավունք ունի օրենքներ սահմանելու մեզ համար, որովհետև նա է մեզ ստեղծել։ Աստծու օրենքի համաձայն՝ միայն իրար հետ ամուսնացած տղամարդուն ու կնոջն է թույլատրվում սեռական հարաբերություններ ունենալ։ Սա այն առանձնահատկություններից է, որով ամուսնական փոխհարաբերությունները տարբերվում են այլ տեսակի փոխհարաբերություններից։ Աստված մեզ օրենքներ է տալիս, քանի որ սիրում է մեզ։ Դրանք մեր օգտին են ծառայում։ Այն ընտանիքներում, որտեղ պահում են այդ օրենքները, տիրում է սեր ու հարգանք, և բոլորն իրենց ապահով են զգում։ Աստված չի հանդուրժում գիտակցված անհնազանդությունը (Եբր. 13։4

10. Քրիստոնյան ինչպե՞ս կարող է հեռու մնալ սեռական անբարոյությունից։

10 Աստծու Խոսքը սովորեցնում է՝ ինչպես հեռու մնալ սեռական անբարոյությունից։ Դա անելու կարևոր ձևերից մեկն այն է, որ հետևենք, թե ինչին են նայում մեր աչքերը։ Հիսուսն ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում։ Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու մի կողմ գցիր» (Մատթ. 5։28, 29)։ Ուստի քրիստոնյան պոռնկագրություն չի դիտի և անբարո խոսքեր ունեցող երգեր չի լսի։ Պողոս առաքյալը գրեց իր հավատակիցներին. «Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության.... հետ» (Կող. 3։5)։ Բացի այդ, պետք է հետևենք, թե ինչի մասին ենք մտածում ու խոսում (Եփես. 5։3–5

ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՁԳՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԻԵՐԱՅԻ

11. Կարիերա ունենալու հնարավորությունը ինչո՞ւ կարող է գրավիչ թվալ։

11 «Լավ կարիերան երջանկության բանալին է»։ Շատերը մեզ հորդորում են աշխարհիկ կարիերայի ձգտել և դա դարձնել մեր կյանքի նպատակը։ Դա կարող է նպաստել, որ մարդն ունենա դիրք, իշխանություն և հարստություն։ Քանի որ շատերն են կարիերան իրենց կյանքի գլխավոր նպատակը դարձնում, կարող է պատահել, որ քրիստոնյան էլ սկսի նույն կերպ մտածել։

12. Հաջող կարիերան երջանկության բանալի՞ն է։

12 Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ հաջող աշխարհիկ կարիերան, որի շնորհիվ մարդը հասնում է փառքի և իշխանության, հարատև երջանկություն է բերում։ Ո՛չ։ Հիշենք, որ ուրիշներին կառավարելու փափագը ու նրանց հիացմունքին արժանանալու ձգտումը այն ցանկություններն են, որ հրապուրեցին Սատանային։ Բայց արդյո՞ք նա երջանիկ է։ Ո՛չ։ Նա լի է բարկությամբ (Մատթ. 4։8, 9; Հայտն. 12։12)։ Երբ մենք մարդկանց պատմում ենք, թե ինչ մեծ օգուտ է բերում Աստծու իմաստությունը, և նրանց ցույց ենք տալիս հավիտենական կյանքի տանող ճանապարհը, դա մեզ մնայուն ուրախություն է բերում։ Իսկ աշխարհիկ կարիերան երբեք չի կարող բավարարվածության այդպիսի զգացում տալ։ Բացի այդ, այս աշխարհում տիրում է սաստիկ մրցակցության ոգի։ Այն մարդկանց մղում է իրարից առաջ անցնել, ծնում է նախանձ և ի վերջո դառնում է «վազք՝ քամու հետևից» (Ժող. 4։4

13. ա) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր աշխատանքին։ բ) Ըստ թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոսի նամակի՝ ի՞նչն էր նրան մեծ ուրախություն պատճառում։

13 Ճիշտ է, մենք պետք է մեր ապրուստը վաստակենք, և սխալ չէ ընտրել այնպիսի աշխատանք, որը մեզ հաճույք կպատճառի։ Սակայն աշխարհիկ աշխատանքը չպետք է դառնա մեր կյանքի ամենակարևոր բանը։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24)։ Երբ Եհովային ծառայելը և ուրիշներին նրա խոսքը սովորեցնելը դարձնում ենք մեր կյանքի գլխավոր գործը, անասելի ուրախություն ենք զգում։ Պողոս առաքյալը համոզվեց դրանում։ Կյանքի վաղ շրջանում նրան հուդայականության մեջ խոստումնալից կարիերա էր սպասում։ Սակայն նա իսկական երջանկություն գտավ, երբ սկսեց մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին ու տեսավ, թե ինչպես են մարդիկ արձագանքում Աստծու խոսքին, և ինչպես է դա փոխում նրանց կյանքը (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։13, 19, 20)։ Ոչ մի կարիերա չի կարող բավարարվածության այդպիսի զգացում տալ։

Երբ ուրիշներին պատմում ենք Աստծու և նրա իմաստության մասին, դա մեզ մնայուն ուրախություն է բերում (տես պարբերություն 12, 13)

ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

14. Այն գաղափարը, թե մարդն ի վիճակի է լուծելու իր խնդիրները, ինչո՞ւ կարող է գրավիչ թվալ։

14 «Մարդիկ ի վիճակի են լուծելու իրենց խնդիրները»։ Այս աշխարհիկ գաղափարը կարող է շատերին գրավել։ Ինչո՞ւ։ Քանի որ եթե այն ճիշտ լինի, դա կնշանակի, որ մարդը Աստծու առաջնորդության կարիքը չունի և կարող է ամեն ինչ իր ուզածով անել։ Բացի այդ, այն գաղափարը, թե մարդն ի վիճակի է լուծելու իր խնդիրները, կարող է համոզիչ թվալ, որովհետև որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ պատերազմները, հանցավորությունը, հիվանդություններն ու աղքատությունը գնալով նվազում են։ Մի տեղեկագրության մեջ ասվում է. «Մարդկության վիճակը լավանում է այն պատճառով, որ մարդիկ որոշել են աշխարհն ավելի լավը դարձնել»։ Արդյո՞ք նման մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ մարդը սկսում է հասկանալ, թե ինչպես լուծի իր բազմադարյան խնդիրները։ Այս հարցին պատասխանելու համար եկեք ծանոթանանք որոշ փաստերի։

15. Ո՞ր փաստերն են հստակ ցույց տալիս, թե որքան լուրջ են մարդկության խնդիրները։

15 Պատերազմներ։ Որոշ հաշվարկներով՝ երկու համաշխարհային պատերազմները խլեցին 60 միլիոն կամ ավելի մարդկանց կյանքեր։ Երկրորդ աշխարհամարտից հետո մարդկությունը այդպես էլ չսովորեց խուսափել պատերազմներից։ 2015 թ.-ին պատերազմների կամ հալածանքների պատճառով տեղահանվածների թիվը հասավ մոտ 65 միլիոնի։ Իսկ միայն 2015 թ. ընթացքում տեղահանվեց մոտ 12,4 միլիոն մարդ։ Հանցավորություն։ Թեև հանցագործությունների մի քանի տեսակներ որոշ տեղերում նվազել են, սակայն այլ տեսակներ, ինչպես օրինակ՝ կիբեռհանցավորությունը, ահաբեկչությունն ու ընտանեկան բռնությունը, աճում են տագնապալի արագությամբ։ Բացի այդ, շատերը կարծում են, որ կոռուպցիայի խնդիրը համաշխարհային մասշտաբով ավելի է սաստկացել։ Մարդկությունն ի վիճակի չէ վերջ դնելու հանցավորությանը։ Հիվանդություններ։ Այսօր որոշ հիվանդություններ վերահսկվում են։ Սակայն 2013-ին հրատարակված մի զեկույցում ասվում էր, որ ամեն տարի 60 տարեկանից ցածր ինը միլիոն մարդ է մահանում սրտի հիվանդություններից, կաթվածից, քաղցկեղից, շնչառական հիվանդություններից և շաքարախտից։ Աղքատություն։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ միայն Աֆրիկայում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը, որը 1990 թ.-ին 280 միլիոն էր, 2012 թ.-ին հասավ 330 միլիոնի։

16. ա) Ինչո՞ւ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության խնդիրները։ բ) Թագավորության ո՞ր օրհնությունների մասին են գրել Եսայիան և սաղմոսերգուն։

16 Ներկայիս տնտեսական ու քաղաքական համակարգերը կառավարվում են եսասեր անձանց կողմից։ Նրանք անշուշտ չեն կարող վերջ դնել պատերազմին, հանցավորությանը, հիվանդություններին և աղքատությանը։ Դա կարող է անել միայն Աստծու Թագավորությունը։ Մտածիր, թե Եհովան ինչեր է անելու մարդկության համար։ Պատերազմներ։ Աստծու Թագավորությունը վերացնելու է պատերազմների խորքային պատճառները՝ եսասիրությունը, կոռուպցիան, ազգայնամոլությունը, կեղծ կրոնը և հենց Սատանային (Սաղ. 46։8, 9Հանցավորություն։ Աստծու Թագավորությունը միլիոնավոր մարդկանց արդեն սովորեցնում է սիրել ու վստահել իրար և դա անում է այնպես, ինչպես ոչ մի կառավարություն չի կարող անել (Ես. 11։9Հիվանդություններ։ Եհովան կօրհնի իր ժողովրդին՝ տալով կատարյալ առողջություն (Ես. 35։5, 6Աղքատություն։ Եհովան կվերացնի չքավորությունը և իր ժողովրդին կլիացնի հոգևոր ու ֆիզիկական բարիքներով՝ տալով այնպիսի կյանք, որը շատ ավելի արժեքավոր է, քան հարստությունը (Սաղ. 72։12, 13

«ԻՄԱՑԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՔ»

17. Ինչպե՞ս կարող ենք մերժել աշխարհիկ մտածելակերպը։

17 Երբ որևէ աշխարհիկ գաղափար ես լսում, որը դեմ է քո հավատին, փնտրտուքներ արա և տես, թե Աստծու Խոսքն ինչ է ասում այդ մասին, նաև այդ հարցը քննարկիր փորձառու հավատակցի հետ։ Մտածիր, թե ինչու այդ գաղափարը կարող է գրավիչ թվալ, ինչու է նման մտածելակերպը սխալ, և ինչ փաստարկներ կարող ես բերել դրա դեմ։ Այո՛, բոլորս էլ կարող ենք պաշտպանվել աշխարհիկ մտածելակերպից՝ հետևելով այն խորհրդին, որ Պողոսը տվեց կողոսացիներին. «Իմաստությամբ վարվեք դրսինների հետ.... իմացեք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կող. 4։5, 6

^ պարբ. 9 Շատ մարդիկ չգիտեն, որ Հովհաննես 7։53–8։11 համարներն ընդգրկող հատվածը, որը հանդիպում է որոշ Աստվածաշնչերում, ավելացված է և Աստծու ներշնչմամբ գրված բնագրի մաս չի կազմում։ Հիմնվելով այս հատվածի վրա՝ ոմանք պնդում են, թե միայն մեղքից զերծ մարդը կարող է ուրիշին շնություն գործելու մեջ մեղավոր համարել։ Սակայն այն օրենքում, որն Աստված տվել էր Իսրայել ազգին, ասվում էր. «Եթե մի տղամարդու գտնեն ամուսին ունեցող կնոջ հետ պառկած, ապա երկուսն էլ պետք է մեռնեն» (2 Օրենք 22։22