Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի մտածելակերպը որդեգրո՞ւմ ես

Եհովայի մտածելակերպը որդեգրո՞ւմ ես

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը» (ՀՌՈՄ. 12։2

ԵՐԳ 56, 123

1, 2. Հոգևոր աճին զուգընթաց ի՞նչ ենք սկսում անել։ Բեր օրինակ։

ՓՈՔՐ երեխան նվեր է ստանում։ Ծնողները հուշում են նրան. «Շնորհակալություն ասա»։ Երեխան շնորհակալություն է հայտնում, բայց դա անում է զուտ այն պատճառով, որ ծնողներն են այդպես ցանկանում։ Սակայն մեծանալուն զուգընթաց նա սկսում է հասկանալ, թե ծնողներն ինչու են կարևորում երախտագիտությունը։ Ի վերջո նա սկսում է ոչ թե ծնողների դրդմամբ, այլ ի սրտե շնորհակալություն հայտնել ուրիշների արած լավ բաների համար, որովհետև սովորել է երախտագետ լինել։

2 Հոգևոր առումով էլ է այդպես լինում։ Երբ նոր ենք իմանում ճշմարտությունը, նախ սովորում ենք, թե որքան կարևոր է կատարել Եհովայի հիմնական պահանջները։ Սակայն հոգևոր աճին զուգընթաց սկսում ենք ավելի լավ հասկանալ Եհովայի մտածելակերպը՝ ինչ է սիրում ու ատում և ինչպես է վերաբերվում այս կամ այն բանին։ Երբ սովորում ենք Աստծու պես մտածել և թույլ ենք տալիս, որ նրա մտածելակերպը ազդի մեր որոշումների ու արարքների վրա, ցույց ենք տալիս, որ նրա մտքերը մերն ենք դարձրել։

3. Եհովայի մտածելակերպը որդեգրելը ինչո՞ւ կարող է դժվար լինել։

3 Թեև մենք հաճույքով ենք սովորում Եհովայի պես մտածել, սակայն դա կարող է դժվար լինել։ Պատճառը մեր անկատար միտքն է։ Օրինակ՝ մեզ համար գուցե դժվար լինի հասկանալ Եհովայի տեսակետը բարոյական մաքրության, նյութապաշտության, քարոզչական գործի, արյան սխալ գործածության կամ որևէ այլ բանի վերաբերյալ։ Նման դեպքերում ի՞նչ կարող ենք անել։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել Եհովայի մտածելակերպը մերը դարձնել։ Եվ դա ինչպե՞ս կանդրադառնա մեր ներկա և ապագա արարքների վրա։

ՈՐԴԵԳՐԻՐ ԱՍՏԾՈՒ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

4. Ի՞նչ պետք է անենք մեր միտքը նորոգելու համար։

4 Կարդա Հռոմեացիներ 12։2։ Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչ պետք է անենք, որ սովորենք Եհովայի պես մտածել։ Նախորդ հոդվածից իմացանք, որ «այս աշխարհի կերպարանքը» չընդունելու համար չպետք է մեր միտքը սնենք աշխարհում ընդունված գաղափարներով։ Սակայն Պողոսը նաև նշում է, որ պետք է «նորոգենք մեր միտքը»։ Դրա համար պետք է ուսումնասիրենք Աստծու Խոսքը, խորհենք սովորածի շուրջ, ձգտենք հասկանալ նրա մտածելակերպը և ամեն ջանք թափենք, որ այն մերը դարձնենք։

5. Ի՞նչ տարբերություն կա ընթերցանության և ուսումնասիրության միջև։

5 Ուսումնասիրությունը զուտ ընթերցանություն չէ։ Նաև բավական չէ միայն հարցերի պատասխաններն ընդգծել։ Ուսումնասիրելիս հարկավոր է խորհել, թե նյութը ինչ է ասում Եհովայի, նրա գործելակերպի ու մտածելակերպի մասին։ Պետք է ձգտենք հասկանալ, թե Աստված ինչու է պատվիրում անել այս կամ այն բանը և ինչու է որոշ բաներ դատապարտում։ Ուսումնասիրելիս հարկավոր է նաև խորհել, թե ինչ պետք է փոխենք մեր կյանքում և մտածելակերպի մեջ։ Իհարկե, ամեն ուսումնասիրության ժամանակ գուցե հնարավոր չլինի նյութը այս բոլոր տեսանկյուններից քննել։ Սակայն լավ կլինի ուսումնասիրության համար նախատեսված ժամանակի մի մասը, նույնիսկ կեսը տրամադրել խորհրդածությանը (Սաղ. 119։97; 1 Տիմոթ. 4։15

6. Ի՞նչ է տեղի ունենում, երբ խորհրդածում ենք Եհովայի մտքերի շուրջ։

6 Աստծու Խոսքի շուրջ կանոնավորաբար խորհելը հրաշալի արդյունք է բերում։ Մենք հավաստիանում ենք, որ Եհովայի միտքը կատարյալ է։ Սկսում ենք հասկանալ նրա տեսակետը և սրտանց ընդունում ենք այն։ Մեր միտքը նորոգվում է. մենք նոր մտածելակերպ ենք ձեռք բերում։ Եվ այդպես Եհովայի մտածելակերպը աստիճանաբար մերն է դառնում։

ՄՏՔԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՎՐԱ

7, 8. ա) Եհովան ի՞նչ տեսակետ ունի նյութական հարստության վերաբերյալ (տես հոդվածի սկզբի նկարները)։ բ) Եթե Եհովայի տեսակետը մերը դարձնենք, ինչի՞ն առաջնահերթություն կտանք։

7 Խորհրդածելը զուտ մտավարժություն չէ։ Մտքերն ու արարքները փոխկապակցված են (Մարկ. 7։21–23; Հակ. 2։17)։ Դա ավելի լավ հասկանալու համար քննենք մի քանի օրինակ։ Ավետարանները հստակ ցույց են տալիս, թե նյութական հարստության վերաբերյալ Եհովան ինչ տեսակետ ունի։ Երբ նա որոշում էր, թե երկրի վրա ով է մեծացնելու իր Որդուն, բոլոր մարդկանց միջից ընտրեց մի զույգի, որը համեստ միջոցներ ուներ (Ղևտ. 12։8; Ղուկ. 2։24)։ Երբ Հիսուսը ծնվեց, Մարիամը նրան «դրեց մսուրի մեջ, քանի որ իջևանատանը նրանց համար տեղ չկար» (Ղուկ. 2։7)։ Եթե Եհովան ցանկանար, կարող էր այնպես անել, որ իր Որդին ավելի լավ պայմաններում լույս աշխարհ գար։ Սակայն նրա համար ամենակարևորն այն էր, որ Հիսուսը հոգևոր միջավայրում դաստիարակվեր ու մեծանար։

8 Հիսուսի ծննդյան պատմությունից հասկանում ենք, թե Եհովան ինչ տեսակետ ունի նյութական հարստության վերաբերյալ։ Որոշ ծնողներ ջանք չեն խնայում, որ իրենց երեխաները ամենալավ բաներն ունենան, անգամ եթե դրա պատճառով տուժում է նրանց հոգևոր առողջությունը։ Սակայն Աստծու համար առաջնայինը մարդու հոգևոր բարօրությունն է։ Իսկ դու Եհովայի պե՞ս ես մտածում։ Ի՞նչ են ցույց տալիս քո գործերը (կարդա Եբրայեցիներ 13։5

9, 10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովայի պես սխալ ենք համարում ուրիշներին գայթակղելը։

9 Մյուս օրինակը բացահայտում է, թե Եհովան ինչպես է վերաբերվում այն մարդկանց, ովքեր գայթակղում են ուրիշներին, այսինքն՝ պատճառ են դառնում, որ նրանք մեղք գործեն կամ դադարեն Եհովային ծառայել։ Հիսուսն ասել է. «Ով գայթակղեցնի ինձ հավատացող այս փոքրերից մեկին, նրա համար ավելի լավ կլինի, որ նրա վզին մի աղացքար կապվի, և նա ծովը գցվի» (Մարկ. 9։42)։ Ի՜նչ սթափեցնող խոսքեր։ Քանի որ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր էությունը, կարող ենք համոզված լինել, որ Եհովան էլ նույն վերաբերմունքն ունի այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց արարքներով գայթակղության պատճառ են դառնում այլ քրիստոնյաների համար (Հովհ. 14։9

10 Եհովայի և Հիսուսի տեսակետը որդեգրե՞լ ենք։ Ի՞նչ են ցույց տալիս մեր գործերը։ Ենթադրենք՝ մեզ հագուստի և հարդարանքի ինչ-որ ոճ է դուր գալիս, որը, սակայն, կարող է տհաճություն պատճառել ժողովի անդամներից ոմանց կամ անբարո մտքեր առաջացնել։ Հավատակիցների հանդեպ սերն ու հոգատարությունը մեզ կմղի՞ զոհելու մեր նախասիրությունները (1 Տիմոթ. 2։9, 10

11, 12. Չարության հանդեպ Եհովայի տեսակետը որդեգրելը և ինքնատիրապետում դրսևորելը ինչպե՞ս կարող են պաշտպանել մեզ սխալ արարքներից։

11 Քննենք ևս մեկ օրինակ։ Եհովան ատում է անարդարությունը (Ես. 61։8)։ Թեև նա գիտի, որ անկատարություն ենք ժառանգել ու դրա պատճառով սխալ հակումներ ունենք, սակայն հորդորում է, որ իր պես ատենք չարությունը (կարդա Սաղմոս 97։10)։ Եթե խորհենք, թե Եհովան ինչու է ատում չարությունը, կկարողանանք նրա տեսակետը մերը դարձնել։ Դրա շնորհիվ ավելի շատ ուժ կունենանք, որ դիմադրենք սխալ բաներ անելու գայթակղությանը։

12 Եթե անարդարության վերաբերյալ Եհովայի տեսակետը որդեգրենք, կհասկանանք, թե որ արարքներն են սխալ, անգամ եթե նրա Խոսքում դրանց մասին կոնկրետ որևէ բան չի ասվում։ Այդպիսի արարքներից է, օրինակ, ուրիշի ծնկների վրա կատարվող պարը, որը անբարո վարքի դրսևորում է, սակայն գնալով ավելի մեծ տարածում է գտնում աշխարհում։ Ոմանք կարող են արդարացնել այդպիսի վարքը՝ պատճառաբանելով, թե դա սեռական հարաբերություն չէ։ * Բայց արդյո՞ք նման արարքը արտացոլում է Աստծու մտածելակերպը, ով գարշում է ամեն տեսակ չարությունից։ Ուրեմն եկեք հեռու մնանք սխալ գործերից՝ ինքնատիրապետում զարգացնելով և զզվելով այն ամենից, ինչ Եհովան ատում է (Հռոմ. 12։9

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ

13. Ինչո՞ւ է իմաստուն նախօրոք մտածել այն իրավիճակների մասին, որոնց դեռ չենք բախվել, ու հասկանալ Եհովայի տեսակետը։

13 Թերևս կան իրավիճակներ, որոնց դեռ չենք բախվել։ Եթե ուսումնասիրություն անելիս մտածենք, թե Եհովան ինչպես է վերաբերվում տարբեր հարցերի, հետագայում հեշտ կլինի կողմնորոշվել, թե նման իրավիճակներում ինչպես վարվենք։ Երբ արագ որոշում կայացնելու կարիք լինի, հանկարծակիի չենք գա (Առակ. 22։3)։ Եկեք քննենք աստվածաշնչյան մի քանի օրինակ։

14. Ի՞նչ ենք սովորում Հովսեփից։

14 Հովսեփը անմիջապես մերժեց Պետափրեսի կնոջ անբարո առաջարկները։ Սա խոսում է այն մասին, որ նա նախապես մտածել էր, թե Եհովան ինչպես է վերաբերվում ամուսնական հավատարմությանը (կարդա Ծննդոց 39։8, 9)։ Հովսեփն ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Հովսեփը Աստծու տեսակետը իրենն էր դարձրել։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե աշխատակիցդ սկսի ֆլիրտ անել քեզ հետ, կամ ինչ-որ մեկը բացահայտ սեռական բնույթի հաղորդագրություն կամ պատկեր ուղարկի բջջային հեռախոսիդ։ * Եհովային հավատարիմ մնալը ավելի հեշտ կլինի, եթե նախապես մտածես այն մասին, թե նա ինչպես է վերաբերվում նման բաներին, որդեգրես նրա մտածելակերպը և որոշես, թե ինչպես ես վարվելու այդպիսի իրավիճակներում։

15. Ինչպե՞ս կարող ենք երեք հրեաների նման դիմադրել ճնշմանը և հավատարիմ մնալ Եհովային։

15 Այժմ նկատի առնենք երեք եբրայեցի պատանիների՝ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի օրինակը։ Երբ Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե արձան կանգնեցրեց և բոլորին պատվիրեց դրան երկրպագել, նրանք հաստատակամորեն հրաժարվեցին դա անելուց։ Այս տղաների հստակ պատասխանը ցույց է տալիս, որ նրանք նախապես մտածել էին, թե ինչ է նշանակում հավատարիմ մնալ Եհովային (Ելք 20։4, 5; Դան. 3։4–6, 12, 16–18)։ Իսկ դո՞ւ ինչ կանես, եթե, օրինակ, գործատերդ բոլոր աշխատողներից գումար հավաքի կեղծ կրոնի հետ կապված տոնակատարության համար։ Կարիք չկա սպասելու, որ այդպիսի իրավիճակ առաջանա։ Ավելի լավ է՝ հենց հիմա մտածես, թե Եհովան ինչպես է վերաբերվում նման բաներին։ Այդ դեպքում քեզ համար ավելի հեշտ կլինի համապատասխան պահին երեք հրեաների պես տեղին խոսքեր ասել և ճիշտ վարվել։

Փնտրտուքներ արե՞լ ես, բժշկական փաստաթուղթ լրացրե՞լ ես և բժշկիդ հետ խոսե՞լ ես (տես պարբերություն 16)

16. Եթե Եհովայի մտածելակերպը լավ հասկանանք, դա ինչպե՞ս կօգնի պատրաստվել այնպիսի իրավիճակների, երբ շտապ բուժօգնության կարիք առաջանա։

16 Աստծուն հավատարիմ մնալու համար կարևոր է նախապես մտածել նաև այն մասին, թե ինչպես կվարվես, եթե շտապ բուժօգնության կարիք առաջանա։ Մենք հաստատապես հրաժարվում ենք ամբողջական արյան և դրա չորս հիմնական բաղադրիչների փոխներարկումից։ Սակայն կան արյան գործածության հետ կապված բուժմեթոդներ, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անձնական որոշում կայացնի՝ հաշվի առնելով Եհովայի մտածելակերպն արտացոլող սուրբգրային սկզբունքները (Գործ. 15։28, 29)։ Ինչ խոսք, ավելի լավ է այս ամենի մասին նախօրոք մտածել և ոչ թե հիվանդանոցում՝ ցավերի մեջ, երբ ստիպված ես արագ որոշում կայացնել։ Ուստի հիմա ճիշտ ժամանակն է, որ փնտրտուքներ անես, լրացնես բժշկական փաստաթուղթդ և խոսես բժշկիդ հետ։ *

17–19. Ինչո՞ւ է կարևոր հիմա իմանալ, թե Եհովան ինչ մտածելակերպ ունի։ Բեր օրինակ, թե որ իրավիճակին պետք է պատրաստված լինենք։

17 Երբ Պետրոսը Հիսուսին սխալ խորհուրդ տվեց՝ ասելով՝ «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր», վերջինս անմիջապես հակադարձեց նրան։ Հիսուսը, ըստ ամենայնի, շատ էր մտածել այն մասին, թե որն է Աստծու կամքը իր համար, և խորհել էր Սուրբ Գրքի այն հատվածների շուրջ, որոնք վերաբերում էին իր երկրային կյանքին ու մահվանը։ Դա նրան վճռականությամբ էր լցրել մինչև վերջ հավատարիմ մնալու Եհովային և իր կյանքը զոհելու մեզ համար (կարդա Մատթեոս 16։21–23

18 Այսօր Աստված կամենում է, որ իր ծառաները մտերմանան իր հետ և լիարժեքորեն մասնակցեն բարի լուրի քարոզչությանը (Մատթ. 6։33; 28։19, 20; Հակ. 4։8)։ Ինչպես Հիսուսի պարագայում, մարդիկ, հնարավոր է, լավ մղումներով փորձեն շեղել մեզ ճիշտ ճանապարհից։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե գործատերդ բարձր պաշտոն առաջարկի քեզ և խոստանա ավելացնել աշխատավարձդ, սակայն դա խանգարի հոգևոր գործերիդ։ Կամ եթե դպրոցական ես, ինչպե՞ս կվարվես, երբ քեզ առաջարկեն ուսումդ շարունակելու համար տեղափոխվել այլ վայր։ Այդ ժամանակ հավանաբար կցանկանաս աղոթել ու փնտրտուքներ անել, խորհրդակցել ընտանիքիդ անդամների ու երեցների հետ և հետո միայն որոշում կայացնել։ Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե հենց հիմա խորհես այն մասին, թե Եհովան ինչպես է վերաբերվում այդ հարցերին, և նրա մտածելակերպը քոնը դարձնես։ Այդ դեպքում նման առաջարկը քեզ ամենևին էլ չի գայթակղի։ Չէ՞ որ կունենաս կոնկրետ հոգևոր նպատակներ, սիրտդ լցված կլինի վճռականությամբ, և քեզ կմնա միայն ի կատար ածել այն որոշումը, որը նախապես կայացրել ես։

19 Կարող ես մտածել նաև այլ անսպասելի իրավիճակների մասին։ Իհարկե, ամեն իրավիճակ հնարավոր չէ կանխատեսել։ Բայց եթե անձնական ուսումնասիրության ժամանակ խորհենք, թե Եհովան ինչ մտածելակերպ ունի, ավելի հեշտ կլինի մեր սովորածը մտաբերել ու կիրառել ստեղծված իրավիճակում։ Ուստի եկեք միշտ հիշենք, թե որքան կարևոր է իմանալ Եհովայի տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ, նրա կարծիքը մերը դարձնել և խորհել այն մասին, թե դա ինչպես կազդի մեր ներկա և ապագա որոշումների վրա։

ԵՀՈՎԱՅԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ԵՎ ՔՈ ԱՊԱԳԱՆ

20, 21. ա) Ինչո՞ւ նոր աշխարհում մեր հարաբերական ազատությունը մեզ անսահման ուրախություն կբերի։ բ) Ինչպե՞ս կարող ենք այդ ուրախության համը այսօր իսկ առնել։

20 Մենք մեծ փափագով սպասում ենք նոր աշխարհին։ Մեզնից շատերը դրախտային երկրի վրա անվերջ ապրելու հույս ունեն։ Թագավորության իշխանության տակ մարդկությունը կազատվի այն ցավերից ու տառապանքներից, որոնք բնորոշ են այս աշխարհին։ Մարդիկ այն ժամանակ էլ կամքի ազատություն կունենան։ Յուրաքանչյուրը կկարողանա ըստ իր նախասիրության ու ցանկության ընտրություն կատարել։

21 Սակայն այդ ազատությունը, ինչ խոսք, անսահմանափակ չի լինի։ Ճիշտն ու սխալը որոշելու հարցում հեզ մարդիկ կառաջնորդվեն Եհովայի օրենքներով ու մտածելակերպով։ Դա մեծ ուրախություն կպատճառի և անսահման խաղաղություն կբերի (Սաղ. 37։11)։ Բայց մենք այսօր իսկ կարող ենք առնել այդ ուրախության համը, եթե Եհովայի մտածելակերպը մերը դարձնենք։

^ պարբ. 12 Նշված պարի ժամանակ կիսամերկ կատարողը հաճախորդի գիրկն է նստում և էրոտիկ շարժումներ անում։ Կախված արարքի փաստական հանգամանքներից՝ դա կարող է սեռական անբարոյություն համարվել, ինչը հիմք է տալիս իրավական քայլեր ձեռնարկելու։ Այն քրիստոնյան, ով նման գործողության է մասնակցել, պետք է երեցներից օգնություն խնդրի (Հակ. 5։14, 15

^ պարբ. 14 Բջջային կապի միջոցով բացահայտ սեռական բնույթի հաղորդագրություններ, լուսանկարներ և տեսագրություններ ուղարկելը կոչվում է սեքստինգ։ Կախված իրավիճակից՝ այս քայլը կարող է հիմք տալ իրավական քայլեր ձեռնարկելու։ Որոշ դեպքերում սեքստինգով զբաղվող անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում որպես սեռական հանցագործություն կատարած անձինք։ Ավելի շատ տեղեկությունների համար այցելիր jw.org կայքը և կարդա «Ի՞նչ պետք է իմանամ սեքստինգի մասին» հոդվածը (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ) կամ տես «Արթնացե՛ք»-ի 2013 թ. նոյեմբերի համարում տպագրված «Ինչպես կարող ես դեռահաս երեխայիդ հետ խոսել սեքստինգի մասին» հոդվածը (էջ 4–5)։

^ պարբ. 16 Մեր հրատարակություններում քննարկվել են համապատասխան աստվածաշնչյան սկզբունքներ։ Օրինակ՝ տես «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը (էջ 215–218)։