Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ճշմարտությունը գնիր և մի՛ վաճառիր»

«Ճշմարտությունը գնիր և մի՛ վաճառիր»

«Ճշմարտությունը գնիր և մի՛ վաճառիր, գնիր նաև իմաստություն, խրատ և հասկացողություն» (ԱՌԱԿ. 23։23

ԵՐԳ 94, 96

1, 2. ա) Ո՞րն է մեր ունեցած ամենաարժեքավոր բանը։ բ) Ո՞ր ճշմարտություններն ենք թանկ գնահատում և ինչո՞ւ (տես հոդվածի սկզբի նկարները)։

Ի՞ՆՉՆ է քեզ համար ամենից թանկ։ Այն կփոխանակե՞ս ավելի ցածր արժեք ունեցող ինչ-որ բանի հետ։ Եհովային նվիրված ծառաները առանց երկմտելու կպատասխանեն, որ իրենց ունեցած ամենաարժեքավոր բանը Եհովայի հետ մտերմությունն է, որը ոչնչի հետ չեն փոխի։ Մենք բարձր ենք գնահատում նաև աստվածաշնչյան ճշմարտությունը, որի միջոցով կարողացել ենք մեր երկնային Հոր հետ այդպիսի փոխհարաբերություններ զարգացնել (Կող. 1։9, 10

2 Մի պահ մտածիր, թե Եհովան՝ մեր Մեծ Ուսուցիչը, ինչ ճշմարտություններ է հայտնել Աստվածաշնչի միջոցով։ Նա հայտնել է իր անունը, որը խոր իմաստ ունի, բացահայտել է իր գրավիչ հատկությունները, տեղեկացրել է փրկանքի մասին, որը նա, սիրուց մղված, տվել է՝ զոհելով իր Որդուն։ Եհովան մեզ սովորեցրել է, թե ինչ է Մեսիական Թագավորությունը, և չքնաղ ապագայի հույս է տվել. օծյալ քրիստոնյաներին՝ երկնային կյանքի հնարավորություն, իսկ «ուրիշ ոչխարներին»՝ երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար (Հովհ. 10։16)։ Իր Խոսքում նա նշել է, թե ինչ վարք պետք է ունենանք։ Մենք թանկ ենք գնահատում այս բոլոր ճշմարտությունները, քանի որ դրանք մտերմացնում են մեզ Արարչի հետ և մեր կյանքին իմաստ են հաղորդում։

3. «Ճշմարտությունը գնելը» ի՞նչ չի նշանակում։

3 Եհովան առատաձեռն Աստված է։ Ճշմարտությունը փնտրող մարդկանց համար նա ոչ մի լավ բան չի խնայում։ Նրանց համար նա նույնիսկ իր Որդուն է զոհել։ Եվ իհարկե, ճշմարտության դիմաց Աստված մեզնից փող չի ուզում։ Երբ Սիմոն անունով մի մարդ Պետրոս առաքյալին փող առաջարկեց, որ վերջինս սուրբ ոգի փոխանցելու իշխանություն տա իրեն, Պետրոսը նրան հանդիմանեց՝ ասելով. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել» (Գործ. 8։18–20)։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում «ճշմարտությունը գնիր» արտահայտությունը։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

4. Այս հոդվածից ի՞նչ կիմանանք ճշմարտության մասին։

4 Կարդա Առակներ 23։23։ Աստվածաշնչյան ճշմարտությունը առանց ջանքեր թափելու հնարավոր չէ գտնել։ Այն ձեռք բերելու համար մարդը պետք է պատրաստ լինի զոհողություններ անելու։ Եթե արդեն «գնել» ես ճշմարտությունը, ապա, ինչպես նշում է իմաստուն առակագիրը, «մի՛ վաճառիր» այն, այսինքն՝ զգույշ եղիր, որ չկորցնես։ Եկեք քննարկենք, թե ինչ է նշանակում գնել ճշմարտությունը, և թե ինչ գին պետք է վճարենք դրա դիմաց։ Դա կօգնի այնքան շատ գնահատել ճշմարտությունը, որ երբեք չվաճառենք այն։ Նաև կտեսնենք, որ ճշմարտությունը գնելու համար արժե՛ ցանկացած զոհողություն անել։

5, 6. ա) Առանց փողի՝ ինչպե՞ս կարող ենք գնել ճշմարտությունը։ Բեր օրինակ։ բ) Ճշմարտությունը մեզ ի՞նչ օգուտ է բերում։

5 Եթե ինչ-որ բան ձրի է, դա դեռ չի նշանակում, թե այն ունենալու համար ոչինչ անել հարկավոր չէ։ Առակներ 23։23-ում «գնիր» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել նաև «ձեռք բեր»։ Երկու արտահայտություններն էլ հուշում են, որ ինչ-որ բան ունենալու համար հարկավոր է ջանք թափել կամ զոհողություն անել։ Ահա մի օրինակ։ Մի խանութ հայտարարում է, որ այնտեղից կարելի է ձրի բանան վերցնել։ Բայց արդյո՞ք այդ բանանները հրաշքով կհայտնվեն մեր սեղանին։ Իհարկե ո՛չ։ Մենք պետք է գնանք խանութ ու վերցնենք դրանք։ Թեև բանանը ձրի է, պետք է ինչ-որ չափով ջանք թափենք, ժամանակ տրամադրենք ու գնանք խանութ։ Նմանապես ճշմարտությունը գնելու համար փող հարկավոր չէ, սակայն անհրաժեշտ է ջանքեր թափել։

6 Կարդա Եսայիա 55։1–3։ Եհովայի խոսքերը, որոնք արձանագրել է Եսայիան, օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում գնել ճշմարտությունը։ Այստեղ Եհովան իր խոսքը համեմատում է ջրի, կաթի և գինու հետ։ Աստծու ճշմարտությունները սառը, զուլալ ջրի պես թարմացնում են մարդուն։ Եվ ինչպես որ կաթն է մեզ ուժ տալիս և նպաստում մանուկների աճին, այնպես էլ Եհովայի սննդարար խոսքերն են զորացնում մեզ և օգնում հոգևորապես աճել։ Իսկ ի՞նչ իմաստով են Եհովայի խոսքերը գինու նման։ Աստվածաշնչում ասվում է, որ գինին ուրախացնում է մարդու սիրտը (Սաղ. 104։15)։ Ուստի մեզ հորդորելով գինի առնել՝ Եհովան հավաստիացնում է, որ իր խոսքերի համաձայն ապրելով՝ մենք ուրախությամբ կլցվենք (Սաղ. 19։8)։ Ի՜նչ գեղեցիկ լեզվով է Աստված բացատրում, թե որքան օգտակար է իմանալ ճշմարտությունը և ապրել դրա համաձայն։ Մեր ջանքերը այն գինն են, որ վճարում ենք ճշմարտությունը գնելու համար։ Եկեք քննարկենք, թե ինչ հինգ բան ենք տալիս ճշմարտության դիմաց։

Ի՞ՆՉ ԵՍ ՏՎԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

7, 8. ա) Ճշմարտությունը գնելու համար ինչո՞ւ է հարկավոր ժամանակ ծախսել։ բ) Մի երիտասարդ կին ի՞նչ գին էր պատրաստ վճարելու, և դա ի՞նչ արդյունք բերեց։

7 Ժամանակ։ Ճշմարտությունը գնող ցանկացած մարդ պետք է վճարի այս գինը։ Մենք պետք է ժամանակ տրամադրենք, որ լսենք Թագավորության լուրը, կարդանք Սուրբ Գիրքն ու դրա վրա հիմնված հրատարակությունները, ուսումնասիրենք Աստվածաշունչը, պատրաստվենք ժողովի հանդիպումներին ու մասնակցենք դրանց։ Իսկ այդ ժամանակը «գնելու» համար պետք է հրաժարվենք պակաս կարևոր զբաղմունքներից (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։ Որքա՞ն ժամանակ է պահանջվում Աստվածաշնչի հիմնական ուսմունքները լավ յուրացնելու համար։ Դա կախված է մարդու հանգամանքներից։ Եհովայի իմաստության, ճանապարհների ու գործերի մասին մենք կարող ենք անվերջ սովորել (Հռոմ. 11։33)։ «Դիտարանի» առաջին համարում ճշմարտությունը նմանեցվում էր «քնքուշ ծաղկի» և ասվում էր. «Մի՛ բավարարվեք ճշմարտության մեկ ծաղկով։ Եթե մեկը բավական լիներ, այդքան շատ ծաղիկներ գոյություն չէին ունենա։ Շարունակեք հավաքել, փնտրեք նորերը»։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. «Որքա՞ն մեծ է ճշմարտության իմ ծաղկեփունջը»։ Նույնիսկ երբ հավերժ ապրենք, միշտ էլ սովորելու բան կունենանք Եհովայի մասին։ Այսօր կարևոր է մեր ժամանակն իմաստությամբ օգտագործել և հնարավորինս շատ ճշմարտություններ գնել։ Նկատի առնենք մի կնոջ օրինակ, ով փափագում էր իմանալ ճշմարտությունը։

8 Մարիկոն * երիտասարդ տարիքում ուսման նպատակով Ճապոնիայից մեկնեց Նյու Յորք (ԱՄՆ)։ Այդ ժամանակ նա մի կրոնական շարժման անդամ էր, որը սկիզբ էր առել 1950-ականների վերջին Ճապոնիայում։ Մի ռահվիրա քույր տնետուն քարոզելիս հանդիպեց Մարիկոյին։ Վերջինս համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրան այնքան դուր եկավ իր իմացածը, որ այդ քրոջը խնդրեց իր հետ շաբաթը երկու անգամ ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Թեև Մարիկոն դասերի վրա շատ ժամանակ էր ծախսում և դեռ մի բան էլ կես դրույքով աշխատում էր, բայց անմիջապես սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա հրաժարվեց որոշ հաճելի զբաղմունքներից, որպեսզի ճշմարտությունը սովորելու համար ժամանակ գնի։ Այսպիսի զոհողություններ անելով՝ Մարիկոն հոգևորապես արագ առաջադիմեց։ Մեկ տարի հետո նա մկրտվեց, իսկ վեց ամիս անց՝ 2006 թ.-ին, սկսեց ծառայել որպես ռահվիրա և մինչ օրս շարունակում է այդ ծառայությունը։

9, 10. ա) Ճշմարտությունը գնելով՝ սկսում ենք ինչպե՞ս վերաբերվել նյութական հարստությանը։ բ) Ի՞նչ հեռանկարից հրաժարվեց մի աղջիկ, և ի՞նչ է նա մտածում այդ մասին։

9 Նյութական հարստություն։ Ճշմարտությունը գնելու համար գուցե անհրաժեշտ լինի հրաժարվել շահութաբեր աշխատանքից կամ կարիերայից։ Երբ Հիսուսը Պետրոսին ու Անդրեասին առաջարկեց դառնալ «մարդկանց որսորդներ», նրանք թողեցին իրենց ձկնորսական ցանցերն ու գնացին նրա հետևից (Մատթ. 4։18–20)։ Ինչ խոսք, սա չի նշանակում, որ երբ մարդն իմանում է ճշմարտությունը, այլևս չպետք է աշխատի։ Չէ՞ որ նա ընտանիքին հոգ տանելու սուրբգրային պարտականություն ունի (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն մարդը պետք է փոխի իր առաջնահերթությունները և նյութական բաների հանդեպ վերաբերմունքը։ Հիսուսը հստակ ասել է. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա.... Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում» (Մատթ. 6։19, 20)։ Նկատի առնենք մի աղջկա օրինակ։

10 Մարիան մանկուց շատ էր սիրում գոլֆ խաղալ։ Նա ավագ դպրոցում ավելի հմտացավ այդ մարզաձևում և նույնիսկ հնարավորություն ստացավ ուսումը շարունակելու համալսարանում։ Գոլֆը Մարիայի կյանքն էր։ Նա ուզում էր պրոֆեսիոնալ գոլֆիստ դառնալ ու եկամտաբեր կարիերա ունենալ։ Հետո այնպես պատահեց, որ Մարիան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա շատ սիրեց այն ճշմարտությունները, որ իմացավ Սուրբ Գրքից, և սկսեց իր սովորածը կիրառել կյանքում։ Նա ասում է. «Որքան շատ էի ապրելակերպս ու մտածելակերպս համապատասխանեցնում Աստվածաշնչի չափանիշներին, այնքան ավելի երջանիկ էի դառնում»։ Մարիան հասկացավ, որ իր համար դժվար կլինի միաժամանակ ձգտել թե՛ հոգևոր, թե՛ նյութական հարստության (Մատթ. 6։24)։ Ճշմարտությունը գնելու համար նա հրաժարվեց պրոֆեսիոնալ գոլֆիստ դառնալու նպատակից և հարստություն ու ճանաչում ձեռք բերելու հեռանկարից։ Այժմ նա ծառայում է որպես ռահվիրա և, ինչպես ինքն է ասում, «ապրում է ամենաերջանիկ և իմաստալից կյանքով»։

11. Երբ ընդունում ենք ճշմարտությունը, մարդկանց հետ մեր ունեցած փոխհարաբերությունները ինչպե՞ս կարող են փոխվել։

11 Փոխհարաբերություններ։ Երբ որոշում ենք ապրել աստվածաշնչյան ճշմարտության համաձայն, ընկերների կամ ազգականների հետ մեր փոխհարաբերությունները կարող են փոխվել։ Ինչո՞ւ։ Հիսուսը իր հետևորդների մասին աղոթելիս ասաց. «Սրբացրու նրանց ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. 17։17)։ «Սրբացնել» բառը կարող է նշանակել նաև «առանձնացնել»։ Ընդունելով ճշմարտությունը՝ մենք առանձնանում ենք այս աշխարհից, քանի որ սկսում ենք ապրել Աստծու չափանիշներով և ոչ թե աշխարհի։ Քանի որ մեր արժեքները փոխվում են, մարդիկ մեզ ուրիշ աչքով են նայում։ Թեև մենք ուզում ենք լավ փոխհարաբերություններ պահպանել մեր հարազատների հետ, նրանցից ոմանք գուցե չցանկանան մտերմություն անել մեզ հետ կամ նույնիսկ հակառակվեն մեր հավատին։ Դա մեզ չի զարմացնում։ Հիսուսն ասել է. «Մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն» (Մատթ. 10։36)։ Նա նաև հավաստիացրել է, որ ինչ էլ զոհենք հանուն ճշմարտության, վարձատրությունը շատ ավելի մեծ կլինի (կարդա Մարկոս 10։28–30

12. Մի հրեա տղամարդ ի՞նչ գին վճարեց ճշմարտության համար։

12 Ահարոն անունով մի հրեա բիզնեսմեն մանկուց սովորել էր, որ Աստծու անունը չի կարելի արտասանել։ Սակայն նա ծարավ էր ճշմարտության։ Մի անգամ Եհովայի վկաներից մեկը նրան բացատրեց, որ եթե Աստծու անունը կազմող չորս բաղաձայններին համապատասխան ձայնանիշեր ավելացնի, կստացվի «Եհովա»։ Ահարոնը ոգևորված գնաց սինագոգ, որ իր հայտնագործության մասին պատմի ռաբբիներին։ Սակայն նրանք իր ակնկալածի պես չարձագանքեցին։ Ահարոնի ուրախությունը կիսելու փոխարեն՝ նրանք թքեցին նրա վրա ու վռնդեցին։ Ընտանիքում էլ հարաբերությունները լարվեցին։ Սակայն դա չվախեցրեց Ահարոնին։ Նա շարունակեց գնել ճշմարտությունը, դարձավ Եհովայի քաջ վկա և մինչև կյանքի վերջը հավատարմորեն ծառայեց նրան։ Եթե մենք էլ ենք ուզում Ահարոնի պես ճշմարտությամբ քայլել, պետք է պատրաստ լինենք այն բանին, որ մեր հասարակական դիրքը կամ ընտանեկան հարաբերությունները կարող են փոխվել։

13, 14. Ճշմարտությունը գնելու համար ի՞նչ փոփոխություններ պետք է անենք մեր կյանքում։ Բեր օրինակ։

13 Սխալ մտածելակերպ և վարք։ Ճշմարտությունն ընդունելու և Աստծու բարոյական չափանիշներով ապրելու համար մենք պետք է պատրաստ լինենք փոխելու մեր մտածելակերպն ու վարքը։ Պետրոս առաքյալը գրել է. «Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ վարվեք այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք, երբ չէիք ճանաչում Աստծուն, այլ.... սուրբ եղեք ամեն ինչում» (1 Պետ. 1։14, 15)։ Օրինակ՝ կորնթացիները, որոնք ապրում էին բարոյապես ապականված քաղաքում, ճշմարտությունը գնելու համար պետք է մեծ փոփոխություններ անեին իրենց կյանքում (1 Կորնթ. 6։9–11)։ Նրանց պես՝ շատերն այսօր թողել են Աստծուն տհաճ վարքը։ Պետրոսը իր օրերում ապրող քրիստոնյաներին նաև ասաց. «Բավական է, ինչքան ժամանակ որ անցյալում ազգերի կամքը կատարեցիք, երբ տրվել էիք անառակ վարքին, կրքերին, չափից շատ գինի խմելուն, խրախճանքներին, խմելու մրցումներին և անօրեն կռապաշտությանը» (1 Պետ. 4։3

14 Դևինն ու Ժասմինը երկար տարիներ հարբեցողներ են եղել։ Թեև Դևինը հմուտ հաշվապահ էր, բայց ալկոհոլի չարաշահման պատճառով հաճախակի կորցնում էր աշխատանքը։ Իսկ Ժասմինը հայտնի էր որպես կոպիտ ու բռնասեր անձնավորություն։ Մի օր, երբ նա հարբած քայլում էր ճանապարհով, հանդիպեց երկու Վկաների, որոնք միսիոներներ էին։ Վերջիններս պայմանավորվեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, բայց երբ հաջորդ շաբաթ եկան նրանց տուն, տեսան, որ երկուսն էլ հարբած են։ Դևինն ու Ժասմինը չէին սպասում, որ միսիոներները իրենցով կհետաքրքրվեն ու կգան իրենց տուն։ Սակայն հաջորդ անգամ ամեն ինչ այլ էր։ Հենց առաջին դասից Ժասմինն ու Դևինը սկսեցին ջանասիրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը և կիրառել իրենց սովորածը։ Երեք ամիս անց նրանք թողեցին խմելը, իսկ ավելի ուշ՝ օրինականացրին իրենց ամուսնությունը։ Գյուղում շատերը նկատեցին, որ այս զույգը փոխել է իր կյանքը, և իրենք էլ ցանկացան ուսումնասիրել Աստվածաշունչը։

15. Ի՞նչը կարող է լինել ամենադժվար բանը, որ մարդ պետք է անի ճշմարտությունը գնելու համար, և ինչո՞ւ։

15 Աստծուն տհաճ սովորույթներ և արարողություններ։ Այսպիսի սովորույթներից և արարողություններից հրաժարվելը կարող է ամենադժվար բանը լինել մարդու համար։ Թեև ոմանք, իմանալով, որ ինչ-որ սովորույթ տհաճ է Աստծուն, հեշտությամբ են հրաժարվում դրանից, կան մարդիկ, ովքեր վարանում են վճարել այս գինը՝ չուզենալով դեմ գնալ հարազատների, աշխատակիցների և մտերիմ ընկերների կարծիքին։ Իրավիճակը ավելի է բարդանում, երբ տվյալ սովորույթը կապված է մահացած հարազատներին պատվելու հետ (2 Օրենք 14։1)։ Սակայն քաջություն դրսևորած մարդկանց օրինակը կարող է օգնել մեզ անելու անհրաժեշտ փոփոխությունները։ Օրինակ՝ նկատի առնենք, թե առաջին դարում ինչպիսի վճռականությամբ գործեցին Եփեսոսի որոշ բնակիչներ։

16. Ի՞նչ արեցին որոշ եփեսացիներ՝ ճշմարտությունը գնելու համար։

16 Եփեսոսում շատ տարածված էր մոգությունը։ Ի՞նչ արեցին քրիստոնեություն ընդունած մարդիկ, ովքեր նախկինում մոգությամբ էին զբաղվում։ Աստվածաշնչում ասվում է. «Մոգությամբ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին։ Երբ դրանց գինը հաշվեցին, պարզվեց, որ հիսուն հազար արծաթադրամի արժողություն ունեին։ Այսպես Եհովայի խոսքը զորավոր կերպով աճում էր ու հաղթանակում» (Գործ. 19։19, 20)։ Այս հավատարիմ քրիստոնյաները մեծ զոհողություն արեցին և առատ օրհնություններ ստացան Աստծուց։

17. ա) Ի՞նչ գին ենք վճարում ճշմարտության համար։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Իսկ դո՞ւ ինչ գին ես վճարել ճշմարտության դիմաց։ Բոլորս էլ ժամանակ ենք ծախսում ճշմարտության ծաղիկներ հավաքելու համար։ Ոմանք նաև հրաժարվում են նյութական հարստություն ձեռք բերելու հնարավորությունից, երբեմն էլ ստիպված են լինում զոհել իրենց մտերիմների հետ ունեցած փոխհարաբերությունները։ Շատերը փոխում են իրենց մտածելակերպն ու վարքը և հրաժարվում են Աստծուն տհաճ սովորույթներից։ Սակայն ինչ գին էլ վճարենք, համոզված ենք, որ աստվածաշնչյան ճշմարտության համար արժե՛ ցանկացած զոհողություն անել։ Չէ՞ որ այդպես ձեռք ենք բերում ամենաթանկ բանը, որ մարդ կարող է ունենալ՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ։ Երբ մտածում ենք այն մասին, թե ճշմարտությունն իմանալով՝ ինչ մեծ օրհնություններ ենք ստանում, դժվարանում ենք պատկերացնել, որ ինչ-որ մեկը կցանկանա վաճառել այն։ Բայց ինչպե՞ս կարող է նման բան պատահել։ Ի՞նչ անենք, որ այդպիսի լուրջ սխալ չգործենք։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 8 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։