Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞վ է ձևավորում քո մտածելակերպը

Ո՞վ է ձևավորում քո մտածելակերպը

«Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (ՀՌՈՄ. 12։2

ԵՐԳ 88, 45

1, 2. ա) Ի՞նչ ասաց Հիսուսը, երբ Պետրոսը նրան խորհուրդ տվեց բարի լինել իր հանդեպ (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Հիսուսն ինչո՞ւ այդպես պատասխանեց։

ՀԻՍՈՒՍԻ աշակերտները չեն հավատում իրենց ականջներին. նրանք կարծում էին, թե Հիսուսը եկել է Իսրայելի թագավորությունը վերականգնելու, բայց նա ասում է, որ շուտով չարչարանքներ է կրելու և մահանալու է։ Ուստի Պետրոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»։ Սակայն Հիսուսը անմիջապես պատասխանում է. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մատթ. 16։21–23; Գործ. 1։6

2 Հիսուսն այս խոսքերով հստակ ցույց տվեց, որ Աստծու մտքերը խիստ տարբերվում են Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհի մտածելակերպից (1 Հովհ. 5։19)։ Պետրոսն այդ պահին արտացոլեց աշխարհի եսասիրական մտածելակերպը։ Բայց Հիսուսը շատ լավ գիտեր, որ իր Հայրը բոլորովին այլ տեսակետ ունի։ Եհովան ուզում էր, որ նա պատրաստվեր իրեն սպասող տառապանքներին և մահվանը։ Հիսուսի պատասխանը ցույց տվեց, որ աշխարհի մտածելակերպը իր համար ընդունելի չէ։

3. Ինչո՞ւ հեշտ չէ Եհովայի պես մտածել։

3 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ո՞ւմ պես ենք մտածում՝ Աստծո՞ւ, թե՞ աշխարհի։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք, ամենայն հավանականությամբ, մեր վարքը համապատասխանեցրել ենք Աստծու չափանիշներին։ Իսկ նույնը կարո՞ղ ենք ասել մեր մտածելակերպի մասին։ Արդյո՞ք ձգտում ենք Եհովայի մտածելակերպն ունենալ և ամեն ինչին նրա տեսանկյունից նայել։ Դա, անշուշտ, մեծ ջանքեր է պահանջում։ Իսկ աշխարհի մտածելակերպը որդեգրելու համար ոչինչ անել հարկավոր չէ, քանի որ աշխարհի ոգին օդի պես շրջապատում է մեզ (Եփես. 2։2)։ Ավելին, քանի որ այդ ոգին հաճախ մարդուն դրդում է սեփական շահը փնտրելու, այն կարող է շատ գրավիչ լինել։ Այո՛, Եհովայի պես մտածելը դժվար է, մինչդեռ աշխարհի մարդկանց պես մտածելը շատ հեշտ է։

4. ա) Ի՞նչ կլինի, եթե թույլ տանք, որ աշխարհը ձևավորի մեր մտածելակերպը։ բ) Ի՞նչ կսովորենք այս հոդվածից։

4 Եթե թույլ տանք, որ աշխարհը ձևավորի մեր մտածելակերպը, հնարավոր է՝ եսասեր դառնանք, ինչպես նաև սկսենք ինքներս բարոյական չափանիշներ սահմանել մեզ համար (Մարկ. 7։21, 22)։ Ուստի շատ կարևոր է, որ սովորենք մտածել ոչ թե մարդկանց պես, այլ Աստծու։ Այս հոդվածը կօգնի մեզ այդ հարցում։ Այն կբացատրի, թե ինչու է օգտակար որդեգրել Եհովայի մտածելակերպը, և թե ինչու դա չի սահմանափակում մեր ազատությունը։ Կքննենք նաև, թե ինչ պետք է անենք, որ աշխարհի մտածելակերպը չձևավորի մեզ։ Իսկ հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե Եհովան տարբեր հարցերում ինչ տեսակետ ունի, և ինչպես կարող ենք որդեգրել նրա մտածելակերպը։

ԵՀՈՎԱՅԻ ՊԵՍ ՄՏԱԾԵԼԸ ՕԳՏԱԿԱՐ Է ԵՎ ՀԱՃԵԼԻ

5. Ոմանց համար ինչո՞ւ է անընդունելի, որ ինչ-որ մեկը ձևավորի իրենց։

5 Որոշ մարդկանց համար անընդունելի է, որ ինչ-որ մեկը ազդեցություն ունենա իրենց մտածելակերպի վրա կամ ձևավորի այն։ Նրանք ասում են. «Ես իմ ուղեղն ունեմ»։ Սա ասելով՝ նրանք հավանաբար նկատի ունեն, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել և ունեն դրա իրավունքը։ Այդ մարդիկ չեն ուզում, որ իրենց վերահսկեն կամ ստիպեն դառնալ ուրիշների նման։ *

6. ա) Եհովան մեզ ի՞նչ ազատություն է տվել։ բ) Արդյո՞ք այդ ազատությունը անսահմանափակ է։

6 Համոզված եղիր, որ Եհովայի մտածելակերպը որդեգրել չի նշանակում կորցնել անհատականությունը կամ սեփական կարծիք չունենալ։ Ինչպես նշված է 2 Կորնթացիներ 3։17-ում, «ուր որ Եհովայի ոգին է, այնտեղ ազատություն կա»։ Մենք ազատ ենք լինելու այնպիսի մարդ, ինչպիսին ուզում ենք, նաև կարող ենք ունենալ մեր նախասիրություններն ու հետաքրքրությունները։ Հենց Աստված է մեզ այդպես ստեղծել։ Սակայն մեր ազատությունը սահմաններ ունի (կարդա 1 Պետրոս 2։16)։ Երբ հերթը հասնում է ճիշտն ու սխալը որոշելուն, Եհովան ուզում է, որ առաջնորդվենք իր չափանիշներով, որոնք ներկայացված են Աստվածաշնչում։ Արդյո՞ք դա խիստ սահմանափակում է մեր ազատությունը, թե՞ մեր օգտին է ծառայում։

7, 8. Ինչո՞ւ է սխալ կարծել, թե Եհովայի մտածելակերպը որդեգրելը խիստ սահմանափակում է մեր ազատությունը։ Բեր օրինակ։

7 Քննենք մի օրինակ։ Ծնողները ջանում են իրենց երեխաների մեջ բարոյական արժեքներ սերմանել։ Նրանք երեխաներին սովորեցնում են լինել ազնիվ, աշխատասեր ու հոգատար։ Սակայն դժվար թե որևէ մեկը մտածի, թե դրանով նրանք խիստ սահմանափակում են իրենց երեխաների ազատությունը։ Հակառակը՝ այդպես ծնողները նրանց պատրաստում են ինքնուրույն կյանքին՝ օգնելով, որ նրանք հաղթահարեն ապագա դժվարությունները։ Երբ այդ երեխաները մեծանան և սկսեն առանձին ապրել, նրանք ազատ կլինեն որոշումներ կայացնելու։ Եթե վճռեն ապրել իրենց փոխանցված արժեքների համաձայն, այնպիսի որոշումներ կկայացնեն, որոնց համար հետո չեն զղջա։ Արդյունքում նրանք զերծ կլինեն բազմաթիվ խնդիրներից, մտահոգություններից և հիասթափություններից։

8 Հոգատար ծնողի պես Եհովան ցանկանում է, որ իր երեխաները անսահման երջանիկ լինեն (Ես. 48։17, 18)։ Ուստի նա բարոյական չափանիշներ է սահմանել մեզ համար և սովորեցրել է, թե ինչպես վարվենք մյուս մարդկանց հետ։ Նա մեզ առաջարկում է իր մտածելակերպն ունենալ և իր արժեքներով ապրել։ Դա անելը մեզ կապանքների մեջ չի դնում, այլ զարգացնում է մեր մտածելու կարողությունը (Սաղ. 92։5; Առակ. 2։1–5; Ես. 55։9)։ Արդյունքում մենք ոչ թե կորցնում ենք մեր անհատականությունը, այլ կարողանում ենք ճիշտ որոշումներ կայացնել, որոնք նպաստում են մեր երջանկությանը (Սաղ. 1։2, 3)։ Ինչպես տեսնում ենք, Եհովայի պես մտածելը օգտակար է և հաճելի։

ԵՀՈՎԱՅԻ ՄՏՔԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ

9, 10. Ի՞նչն է փաստում, որ Եհովայի մտքերը անհամեմատ բարձր են աշխարհի մարդկանց մտքերից։

9 Մենք ուզում ենք որդեգրել Եհովայի մտածելակերպը նաև այն պատճառով, որ նրա մտքերը անհամեմատ բարձր են այս աշխարհի մարդկանց մտքերից։ Աշխարհը խորհուրդներ է տալիս բարոյականության, ընտանեկան փոխհարաբերությունների, աշխատանքի և կյանքի այլ բնագավառների վերաբերյալ։ Սակայն դրանցից շատերը չեն համապատասխանում Եհովայի մտածելակերպին։ Օրինակ՝ աշխարհը հաճախ հորդորում է ինքնագովազդով զբաղվել, ինչպես նաև հանդուրժում է սեռական անբարոյությունը։ Բացի այդ, աշխարհում ընդունված է այն կարծիքը, որ նույնիսկ առանց լուրջ պատճառի՝ ամուսինները կարող են անջատ ապրել կամ ամուսնալուծվել, եթե այդպես ավելի երջանիկ կլինեն։ Նման խորհուրդները հակասում են Աստվածաշնչին։ Իսկ կարո՞ղ է պատահել, որ աշխարհի որոշ խորհուրդներ այսօր ավելի արդիական լինեն։

10 Հիսուսն ասել է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթ. 11։19)։ Ճիշտ է, աշխարհը գիտատեխնիկական մեծ առաջընթաց է ապրել, բայց այդպես էլ չի կարողացել լուծել այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են պատերազմները, ռասիզմը և հանցավորությունը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել աշխարհում տիրող բարոյազրկության մասին։ Այսօր շատերն ընդունում են, որ դրա պատճառով քայքայվում են ընտանիքները, տարածվում են զանազան հիվանդություններ, և այլ խնդիրներ են ծագում։ Սակայն քրիստոնյաները, ովքեր առաջնորդվում են Աստծու սկզբունքներով և բարոյական մաքրություն են պահպանում, երջանիկ ընտանեկան կյանքով են ապրում, ավելի առողջ են և խաղաղություն են վայելում ողջ աշխարհի իրենց հավատակիցների հետ (Ես. 2։4; Գործ. 10։34, 35; 1 Կորնթ. 6։9–11)։ Արդյո՞ք այս ամենը չի փաստում, որ Եհովայի մտքերը անհամեմատ ավելի բարձր են աշխարհի մարդկանց մտքերից։

11. Ո՞վ ձևավորեց Մովսեսի մտածելակերպը, և արդյունքը ի՞նչ եղավ։

11 Եհովայի հավատարիմ ծառաները, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, լիովին ընդունում էին, որ նրա մտքերը անհամեմատ բարձր են։ Օրինակ, թեև Մովսեսը «եգիպտացիների ամբողջ իմաստությամբ» էր կրթվել, «իմաստուն սիրտ» ձեռք բերելու համար Եհովային դիմեց (Գործ. 7։22; Սաղ. 90։12)։ Նա Բարձրյալին խնդրեց. «Իմացրու ինձ.... քո ճանապարհները» (Ելք 33։13)։ Քանի որ Մովսեսը թույլ տվեց, որ Աստված ձևավորի իր մտածելակերպը, վերջինս նրա միջոցով զարմանահրաշ գործեր արեց և իրականացրեց իր նպատակը։ Բացի այդ, Եհովան պատվեց Մովսեսին՝ նրան իր Խոսքում հիշատակելով որպես ակնառու հավատի տեր մարդ (Եբր. 11։24–27

12. Ճիշտն ու սխալը որոշելիս Պողոս առաքյալը ինչի՞ վրա էր հիմնվում։

12 Պողոս առաքյալը շատ խելացի, կրթված մարդ էր և ամենաքիչը երկու լեզու գիտեր (Գործ. 5։34; 21։37, 39; 22։2, 3)։ Սակայն ճիշտն ու սխալը որոշելիս մերժում էր աշխարհի իմաստությունը և Աստծու Խոսքի վրա էր հիմնվում (կարդա Գործեր 17։2; 1 Կորնթացիներ 2։6, 7, 13)։ Արդյունքում նա մեծ հաջողությունների հասավ իր ծառայության մեջ և չկորցրեց այն հույսը, որ ապագայում հավիտենական վարձատրություն է ստանալու (2 Տիմոթ. 4։8

13. Ո՞վ պետք է որոշի՝ որդեգրել Աստծու մտածելակերպը, թե ոչ։

13 Անվիճելի է, որ Աստծու մտքերը բարձր են աշխարհի գաղափարներից։ Նրա չափանիշներով ապրելով՝ մենք անչափ երջանիկ կլինենք և հաջողությունների կհասնենք։ Սակայն Եհովան մեզ չի ստիպում իր պես մտածել։ Նույն ձևով վարվում են նաև «հավատարիմ և իմաստուն ծառան» ու ժողովի երեցները (Մատթ. 24։45; 2 Կորնթ. 1։24)։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի՝ որդեգրել Աստծու մտածելակերպը, թե ոչ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք որդեգրել Եհովայի մտածելակերպը։

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՁԵՎԱՎՈՐԻ ՔԵԶ

14, 15. ա) Եհովայի պես մտածելու համար ինչի՞ շուրջ պետք է խորհենք։ բ) Հռոմեացիներ 12։2-ի համաձայն՝ ինչո՞ւ չպետք է մեր միտքը լցնենք աշխարհի գաղափարներով։ Բեր օրինակ։

14 Հռոմեացիներ 12։2-ում կարդում ենք հետևյալ խորհուրդը. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ անկախ այն բանից, թե նախքան ճշմարտությունն իմանալը ինչ մտածելակերպ ենք ունեցել՝ կարո՛ղ ենք որդեգրել Աստծու մտածելակերպը։ Ճիշտ է, մեր մտածելակերպի վրա որոշ չափով ազդել են ժառանգական գործոնները և մեր անցյալը։ Բայց մարդու միտքը շատ ճկուն է և կարող է փոխվել։ Այդ փոփոխությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչով ենք սնում մեր միտքը և ինչի մասին ենք շարունակ խորհում։ Եթե Եհովայի մտքերի շուրջ խորհենք, կհամոզվենք, որ դրանք ճիշտ են։ Այդ ժամանակ ինքներս կցանկանանք որդեգրել Աստծու մտածելակերպը։

15 Սակայն ուշադրություն դարձրու, որ Եհովայի մտածելակերպը մերը դարձնելու համար այլևս չպետք է «ընդունենք այս աշխարհի կերպարանքը»։ Պետք է դադարենք մեր միտքը լցնել Աստծուն տհաճ գաղափարներով կամ տեսակետներով։ Որպեսզի հասկանանք, թե այդպես վարվելը ինչու է շատ կարևոր, բերենք մի օրինակ։ Ենթադրենք՝ մի մարդ, ցանկանալով բարելավել իր առողջությունը, որոշում է ճիշտ սննդակարգի հետևել։ Բայց դրանից ի՞նչ օգուտ կլինի, եթե նա կանոնավորաբար վնասակար սնունդ էլ ընդունի։ Նմանապես Եհովայի մտքերով սնվելը քիչ օգուտ կտա, եթե մեր միտքն աղտոտենք աշխարհի գաղափարներով։

16. Ի՞նչ պետք է անենք, որ պաշտպանենք մեր միտքը։

16 Իսկ հնարավո՞ր է այնպես անել, որ ընդհանրապես չլսենք աշխարհում ընդունված գաղափարները։ Ո՛չ, դա անխուսափելի է. մենք չենք կարող բառացիորեն «դուրս գալ աշխարհից» (1 Կորնթ. 5։9, 10)։ Օրինակ՝ քարոզչական ծառայության ժամանակ հաճախ ենք սխալ տեսակետներ լսում։ Չնայած դրան՝ կարող ենք այդ գաղափարների շուրջ չմտածել և դրանք չընդունել։ Հիսուսի պես պետք է անմիջապես մերժենք այն մտքերը, որոնք Սատանայի նպատակներին են ծառայում։ Բացի այդ, կարող ենք այնպես անել, որ երբ կարիք չկա, չլսենք աշխարհի գաղափարները (կարդա Առակներ 4։23

17. Ի՞նչ կարող ենք անել, որ ավելորդ անգամ չենթարկվենք աշխարհի մտածելակերպի ազդեցությանը։

17 Օրինակ՝ պետք է զգույշ լինենք մտերիմ ընկերներ ընտրելիս։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ եթե մտերիմ լինենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն երկրպագում Եհովային, վաղ թե ուշ կսկսենք նրանց պես մտածել (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։12, 32, 33)։ Զվարճության ձևեր ընտրելիս նույնպես պետք է զգույշ լինենք։ Մերժելով այն գրքերը, նյութերը, ֆիլմերն ու հաղորդումները, որոնցում ջատագովվում է էվոլյուցիոն տեսությունը, բռնությունը կամ սեռական անբարոյությունը՝ թույլ չենք տա, որ «Աստծու մասին գիտելիքներին» հակասող այդ գաղափարները թունավորեն մեր միտքը (2 Կորնթ. 10։5

Երեխայիդ սովորեցնո՞ւմ ես մերժել վնասակար զվարճությունները (տես պարբերություն 18, 19)

18, 19. ա) Ինչո՞ւ պետք է զգուշանանք աննկատ կերպով տարածվող աշխարհիկ գաղափարներից։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։

18 Մենք պետք է սովորենք նկատել ու մերժել նաև աշխարհիկ այն գաղափարները, որոնք աննկատ ձևով են փոխանցվում։ Օրինակ՝ զանգվածային լրատվամիջոցները երբեմն տեղեկությունները այնպիսի լույսի ներքո են ներկայացնում, որ հասարակությունը հակված լինի ընդունելու որևէ քաղաքական տեսակետ։ Երբեմն էլ լրատվամիջոցները հուզիչ պատմությունների միջոցով ակնարկում են, թե մարդը ինչ նպատակների պետք է ձգտի կյանքում։ Որոշ ֆիլմերում և գրքերում քարոզվում են «նախ՝ ես» և «նախ՝ ընտանիքս» գաղափարները, որոնք այնպես են ներկայացվում, որ տրամաբանական, գրավիչ և անգամ ճիշտ թվան։ Սակայն այդպես մտածող մարդիկ անտեսում են Աստվածաշնչի տեսակետը։ Այն սովորեցնում է, որ մենք և մեր ընտանիքը կարող ենք իսկապես երջանիկ լինել, եթե բոլորից և ամեն ինչից առավել Եհովային սիրենք (Մատթ. 22։36–39)։ Նույնիսկ որոշ մանկական գրքեր, հաղորդումներ, կինոնկարներ և մուլտֆիլմեր, որոնք ընդհանուր առմամբ անվնաս են, կարող են աննկատ ձևով հիմք նախապատրաստել, որ անբարո վարքը երեխայի համար ընդունելի դառնա։

19 Իհարկե, սա չի նշանակում, թե չենք կարող օգտակար զվարճություններ ընտրել։ Սակայն լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Նկատո՞ւմ եմ, թե երբ է աշխարհը փորձում ձևավորել մտածելակերպս, անգամ եթե դա աննկատ ձևով է արվում։ Երեխայիս կամ նույնիսկ իմ առաջ սահմաններ դնո՞ւմ եմ ընթերցանության և հեռուստացույց դիտելու հարցում։ Երեխայիս օգնո՞ւմ եմ, որ աշխարհիկ գաղափարների փոխարեն՝ ընդունի Եհովայի տեսակետը»։ Եթե պարզ տեսնենք, թե Աստծու մտածելակերպը ինչով է տարբերվում աշխարհի մտածելակերպից, «չենք ընդունի այս աշխարհի կերպարանքը»։

Ո՞Վ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՔՈ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ

20. Ինչի՞ց է կախված, թե ով կձևավորի մեզ՝ Աստված, թե աշխարհը։

20 Հիշիր, որ տեղեկությունների երկու աղբյուր կա՝ Եհովան և Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհը։ Ո՞ր աղբյուրն է քեզ ձևավորում։ Այն, որից սնվում ես։ Եթե ընդունենք աշխարհի գաղափարները, դրանք կձևավորեն մեր մտածելակերպը, և մենք կսկսենք աշխարհի մարդկանց պես մտածել ու գործել։ Ահա թե ինչու է անչափ կարևոր հետևել, թե ինչով ենք լցնում մեր միտքը և ինչի մասին ենք մտածում։

21. Հաջորդ հոդվածում ի՞նչ կարևոր բան ենք քննարկելու։

21 Ինչպես իմացանք, Եհովայի պես մտածելու համար բավական չէ հեռու մնալ մեր միտքը թունավորող գաղափարներից։ Պետք է նաև սնվենք Աստծու մտքերով, որ նրա մտածելակերպը մերը դարձնենք։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք դա անել։

^ պարբ. 5 Իրականում նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատացած են, թե իրենց մտածելակերպի վրա ոչ ոք չի ազդում, միևնույն է, տարբեր հարցերում գտնվում են ինչ-որ մեկի կարծիքի ազդեցության տակ՝ սկսած այն բարդ հարցից, թե ինչպես է առաջացել կյանքը, վերջացրած այն պարզ հարցով, թե ինչ հագնեն։ Սակայն մարդը կարող է ընտրել, թե ում թույլ տա ազդեցություն գործել իր վրա։