Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45

Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում մեզ

Ինչպե՞ս է սուրբ ոգին օգնում մեզ

«Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (ՓԻԼԻՊ. 4։13

ԵՐԳ 104 Սուրբ ոգին Աստծու պարգևն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Ի՞նչն է օգնում մեզ ամեն օր դիմանալ դժվարություններին։ Բացատրիր։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

«ԵՐԲ մտածում եմ, թե ինչ փորձության միջով եմ անցել, հասկանում եմ, որ իմ ուժերով չէի կարողանա դիմանալ»։ Այսպիսի բան երբևիցե ասե՞լ ես։ Շատերս ենք ասել։ Հնարավոր է՝ այսպես ես արտահայտվել, երբ խորհել ես այն մասին, թե ինչպես ես տարել որևէ լուրջ հիվանդություն կամ հարազատիդ մահը։ Հետ նայելով՝ թերևս հասկացել ես, որ կարողացել ես ամեն օր համբերել բացառապես այն բանի շնորհիվ, որ Եհովայի սուրբ ոգին «սովորականին գերազանցող ուժ» է տվել քեզ (2 Կորնթ. 4։7–9

2 Այո՛, մենք սուրբ ոգու աջակցության կարիքը շատ ունենք։ Այն մեզ անհրաժեշտ է նաև, որ դիմադրենք այս չար աշխարհի ազդեցությանը և պայքարենք «ոգեղեն չար ուժերի դեմ» (1 Հովհ. 5։19; Եփես. 6։12)։ Ուստի եկեք քննարկենք, թե սուրբ ոգին ինչպես է օգնում մեզ։ Նկատի կառնենք երկու ձև։ Այնուհետև կխոսենք այն մասին, թե ինչ պետք է անենք, որ լիարժեքորեն ստանանք սուրբ ոգու աջակցությունը։

ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ԶՈՐԱՑՆՈՒՄ Է ՄԵԶ

3. Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ դիմակայել դժվարություններին։

3 Եհովայի սուրբ ոգին օգնում է մեզ՝ տալով զորություն՝ ուժ, որ չնայած դժվարություններին՝ շարունակենք կատարել մեր պարտականությունները։ Պողոս առաքյալը բազմաթիվ փորձություններ ուներ։ Սակայն կարողանում էր հավատարմորեն ծառայել Եհովային, քանի որ ապավինում էր «Քրիստոսի զորությանը» (2 Կորնթ. 12։9)։ Իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ նա ոչ միայն ջանասիրաբար քարոզում էր բարի լուրը, այլև իր կարիքները հոգալու համար աշխատում էր։ Կորնթոսում նա մնում էր Ակյուղասի և Պրիսկիղայի տանը, որոնք վրանագործներ էին։ Քանի որ Պողոսն էլ նույն արհեստն ուներ, շաբաթվա որոշ օրերի նրանց հետ միասին աշխատում էր (Գործ. 18։1–4)։ Սուրբ ոգին Պողոսին ուժ էր տալիս և՛ աշխատելու, և՛ ծառայելու։

4. 2 Կորնթացիներ 12։7–9 համարների համաձայն՝ Պողոսը ի՞նչ պայքար էր մղում։

4 Կարդա 2 Կորնթացիներ 12։7բ–9։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով, որ «փշի նման ծակող մի ցավ» է տրվել իրեն։ Երբ մարմնիդ մեջ փուշ է մտնում, այն ցավեցնում է քեզ։ Ուստի Պողոսը նկատի ուներ, որ ինչ-որ փորձություն անդադար ցավ էր պատճառում իրեն։ Նրա խոսքով՝ այդ փորձությունը ասես «Սատանայի հրեշտակ» լիներ, որը շարունակ «ապտակում էր» իրեն։ Հնարավոր է՝ այդ փուշը հենց Սատանան և իր դևերը չէին մտցրել Պողոսի մարմինը, այսինքն՝ ստեղծել այդ խնդիրը։ Բայց երբ ոգեղեն չար էակները տեսան այդ փուշը, թերևս ցանկացան ավելի խորը մտցնել այն և սաստկացնել առաքյալի ցավը։ Իսկ ի՞նչ արեց Պողոսը։

5. Եհովան ինչպե՞ս պատասխանեց Պողոսի աղոթքներին։

5 Սկզբում Պողոսն ուզեց ազատվել փշից։ Ահա թե ինչ է նա գրել. «Երեք անգամ աղաչեցի Տիրոջը [Եհովային], որ այն հեռացվի ինձանից»։ Բայց չնայած Պողոսի աղոթքներին՝ փուշը մնաց։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Եհովան չպատասխանեց իր ծառայի աղոթքներին։ Բոլորովի՛ն։ Թեև Աստված Պողոսի խնդիրը չվերացրեց, բայց նրան ուժ տվեց դիմանալու։ Եհովան ասաց. «Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (2 Կորնթ. 12։8, 9)։ Աստծու աջակցության շնորհիվ առաքյալը չկորցրեց իր ներքին խաղաղությունն ու ուրախությունը (Փիլիպ. 4։4–7

6. ա) Եհովան ինչպե՞ս կարող է պատասխանել աղոթքներիդ։ բ) Պարբերության մեջ նշված համարներում ի՞նչ հավաստիացումներ են տրվում, և դրանցից որո՞նք են զորացնում քեզ։

6 Պողոսի պես երբևէ աղաչե՞լ ես Եհովային, որ ազատի քեզ փորձությունից։ Եթե չնայած աղաչանքներիդ՝ խնդիրը չի լուծվել և նույնիսկ բարդացել է, արդյո՞ք մտածել ես, թե քո երկնային Հայրը գոհ չէ քեզանից։ Եթե այո, ապա հիշիր Պողոսի օրինակը։ Ինչպես որ Աստված պատասխանեց նրա աղոթքներին, այնպես էլ կպատասխանի քո՛ աղոթքներին։ Նա գուցե չվերացնի խնդիրդ, բայց իր սուրբ ոգով քեզ այնքան ուժ կտա, որ դիմակայես փորձությանդ (Սաղ. 61։3, 4)։ Թեև հնարավոր է՝ այնպիսի զգացում ունենաս, թե «վայր ես գցված», բայց Եհովան երբեք ու երբեք չի լքի քեզ (2 Կորնթ. 4։8, 9; Փիլիպ. 4։13

ՍՈՒՐԲ ՈԳԻՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՄԵԶ

7–8. ա) Սուրբ ոգին ինչո՞վ է նման քամու։ բ) Պետրոս առաքյալը ինչպե՞ս է նկարագրել սուրբ ոգու ներգործությունը։

7 Ուրիշ ի՞նչ ձևով է սուրբ ոգին օգնում մեզ։ Ինչպես որ համընթաց քամին է ալեծուփ ծովում նավն առաջ տանում, այնպես էլ սուրբ ոգին է փոթորկալից փորձությունների միջով առաջ մղում մեզ՝ օգնելով հասնել խաղաղ հանգրվան՝ Աստծու խոստացած նոր աշխարհ։

8 Պետրոս առաքյալը, լինելով ձկնորս, լավ ծանոթ էր նավարկության նրբություններին։ Ուստի զարմանալի չէ, որ սուրբ ոգու ներգործությունը նկարագրելիս նա գործածել է մի բառ, որը, ըստ ամենայնի, կապ ունի նավարկության հետ։ Առաքյալը գրել է. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված»։ «Մղվել» բայով թարգմանված հունարեն բառը ուղղակիորեն նշանակում է «քշվել», «տարվել» (2 Պետ. 1։21

9. Պետրոսը ի՞նչ պատկեր է ստեղծել՝ գրելով, որ մարդիկ «սուրբ ոգուց մղված» են խոսել։

9 Ի՞նչ պատկեր է ստեղծում Պետրոսի օգտագործած բառը։ Ղուկասը, որը գրի է առել «Գործեր» գիրքը, հունարեն նույն բայի միջոցով նկարագրել է, թե ինչպես է «քամին նավը քշում» (Գործ. 27։15)։ Ուստի մի աստվածաշնչագետի խոսքով՝ Պետրոսը, ասելով, որ Աստվածաշունչը գրի առնողները սուրբ ոգուց էին մղվում, գործածել է մի հետաքրքիր փոխաբերական արտահայտություն, որը մարդկանց մտքում ծովագնացության պատկեր էր ծնում։ Պետրոսի խոսքերը, ըստ էության, նշանակում են, որ ինչպես նավն է, քամուց քշվելով, առաջ ընթանում դեպի իր նպատակակետը, այնպես էլ Աստվածաշունչը գրի առած մարգարեներն ու մյուս մարդիկ էին, սուրբ ոգուց մղվելով, կատարում իրենց առաջադրանքը։ Նրանք, ինչպես նշել է նույն աստվածաշնչագետը, «բացում էին իրենց առագաստները» և առաջ շարժվում։ Եհովան, «քամի»՝ սուրբ ոգի ուղարկելով, աշխատանքի իր բաժինն էր անում, իսկ այդ մարդիկ, սուրբ ոգու առաջնորդությամբ գործելով, իրենց բաժինն էին անում։

ՔԱՅԼ 1։ Կանոնավորաբար զբաղվիր հոգևոր գործերով

ՔԱՅԼ 2։ Կարողություններիդ սահմաններում առավելագույնն արա (տես պարբերություն 11) *

10–11. Ի՞նչ երկու բան պետք է անենք, որ սուրբ ոգին առաջ մղի մեզ։ Բացատրիր օրինակով։

10 Մեր ժամանակներում Եհովան իր ոգով այլևս չի ներշնչում մարդկանց, որ սուրբ գրքեր գրեն։ Սակայն այդ ոգին շարունակում է ներգործել Աստծու ծառաների վրա։ Եհովան առաջվա պես անում է աշխատանքի իր բաժինը։ Ուստի ի՞նչ պետք է անենք, որ նրա սուրբ ոգին օգնի մեզ։ Պետք է աշխատանքի մեր բաժինն անենք։ Բայց ինչպե՞ս։

11 Մտածենք հետևյալ օրինակի շուրջ։ Որպեսզի քամին նավն առաջ տանի, նավաստին պետք է երկու բան անի։ Առաջին՝ պետք է նավն ուղղի դեպի այն կողմը, որտեղ քամի է փչում։ Եթե նա մնա նավահանգստում, որտեղ քամի չկա, նավը առաջ չի գնա։ Երկրորդ՝ նավաստին պետք է նավի առագաստները բարձրացնի ու հնարավորինս լայն բացի։ Չէ՞ որ նույնիսկ քամու ժամանակ նավը առաջ չի ընթանա, եթե դրա առագաստները չլցվեն քամով։ Նույնը կարելի է ասել մեր մասին։ Մենք կկարողանանք շարունակ հավատարմորեն ծառայել Եհովային միայն այն դեպքում, եթե ընդունենք սուրբ ոգու օգնությունը։ Դրա համար հարկավոր է երկու բան անել։ Առաջին՝ պետք է գնանք այնտեղ, որտեղ «քամի» է փչում, այսինքն՝ զբաղվենք այն գործերով, որոնց ժամանակ Աստծու ոգին ներգործում է մեզ վրա։ Եվ երկրորդ՝ պետք է հնարավորինս լայն բացենք մեր «առագաստները», այլ կերպ ասած՝ մեր կարողությունների սահմաններում անենք առավելագույնը (Սաղ. 119։32)։ Եթե այսպես վարվենք, սուրբ ոգին մեզ առաջ կմղի փորձությունների ու հակառակության ալիքների միջով. այն կօգնի մեզ շարունակ հավատարմորեն ծառայել Եհովային ու հասնել նրա խոստացած նոր աշխարհ։

12. Այժմ ի՞նչ ենք քննարկելու։

12 Մինչ այժմ խոսեցինք այն մասին, թե սուրբ ոգին ինչ երկու ձևով է օգնում մեզ։ Այն մեզ զորացնում է, որ չնայած փորձություններին՝ հավատարիմ մնանք Աստծուն։ Բացի այդ՝ մեզ առաջ է մղում՝ օգնելով անշեղորեն ընթանալ այն ուղով, որը հավիտենական կյանքի է տանում։ Մնում է պարզել, թե ինչ պետք է անենք, որ լիարժեքորեն ստանանք սուրբ ոգու օժանդակությունը։ Եկեք քննարկենք չորս քայլ։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՍՏԱՆԱՆՔ ՍՈՒՐԲ ՈԳՈՒ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

13. 2 Տիմոթեոս 3։16, 17 համարների համաձայն՝ Սուրբ Գիրքը ինչո՞վ է օգտակար մեզ համար, բայց ի՞նչ պետք է անենք, որ այն ազդեցություն ունենա մեզ վրա։

13 Առաջին՝ ուսումնասիրենք Աստծու Խոսքը (կարդա 2 Տիմոթեոս 3։16, 17)։ «Աստծու ներշնչմամբ է գրված» արտահայտությամբ թարգմանված հունարեն բառը նշանակում է «աստվածաշունչ»։ Եհովան սուրբ ոգու միջոցով իր մտքերն է ներշնչել այն մարդկանց, որոնք գրի են առել իր Խոսքը։ Երբ կարդում ենք Սուրբ Գիրքը և խորհում դրա շուրջ, Աստծու խոսքերը մտնում են մեր միտքն ու սիրտը և մղում են մեր կյանքը համապատասխանեցնել նրա կամքին (Եբր. 4։12)։ Որպեսզի սուրբ ոգուց ավելի շատ օգնություն ստանանք, պետք է ժամանակ հատկացնենք Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելու և կարդացածի շուրջ խորությամբ մտածելու համար։ Այդ դեպքում Աստծու Խոսքը իր կնիքը կթողնի մեր բոլոր խոսքերի ու արարքների վրա։

14. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր քրիստոնեական հանդիպումներին «քամի է փչում»։ բ) Ի՞նչ պետք է անենք, որ հանդիպումների ժամանակ մեր «առագաստները» լայն բացված լինեն։

14 Երկրորդ՝ միասին երկրպագենք Աստծուն (Սաղ. 22։22)։ Մեր քրիստոնեական հանդիպումներին, այսպես ասած, «քամի է փչում»՝ ներկա է Եհովայի ոգին (Հայտն. 2։29)։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Որովհետև դրանց ժամանակ աղոթում ենք Աստծուն, որ մեզ տա իր ոգին, երգում ենք Թագավորության երգերը, որոնք հիմնված են Աստծու Խոսքի վրա, և սուրբգրային մտքեր ենք լսում, որ ներկայացնում են սուրբ ոգու միջոցով նշանակված եղբայրները։ Նույն ոգին օգնում է նաև քույրերին, որ պատրաստեն ու ներկայացնեն ծրագրի իրենց բաժինները։ Սակայն որպեսզի սուրբ ոգուց լիարժեք օգնություն ստանանք, հանդիպումներին պետք է պատրաստված գանք և մեր մասնակցությունը բերենք։ Եթե այդպես վարվենք, դրանց ժամանակ մեր «առագաստները» լայն բացված կլինեն ու կլցվեն «քամով»։

15. Սուրբ ոգին ինչպե՞ս է գործում քարոզչական ծառայության ժամանակ։

15 Երրորդ՝ մասնակցենք քարոզչական գործին։ Երբ քարոզելիս և ուսուցանելիս օգտվում ենք Աստվածաշնչից, թույլ ենք տալիս, որ սուրբ ոգին գործի մեր ծառայության ընթացքում (Հռոմ. 15։18, 19)։ Բայց որպեսզի Աստծու ոգուց լիակատար օգնություն ստանանք, պետք է կանոնավորաբար մասնակցենք քարոզչական գործին և, երբ հնարավոր է, համապատասխան խոսքեր կարդանք Սուրբ Գրքից։ Ծառայությունը բարելավելու համար կարելի է օգտվել «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկում բերվող զրույցների օրինակներից։

16. Ո՞րն է Աստծուց սուրբ ոգի ստանալու ուղղակի ճանապարհը։

16 Չորրորդ՝ աղոթենք Եհովային (Մատթ. 7։7–11; Ղուկ. 11։13)։ Աստծուց սուրբ ոգի խնդրելը այն ստանալու ուղղակի ճանապարհն է։ Ոչ ոք և ոչինչ, այդ թվում՝ բանտի պատերը և նույնիսկ Սատանան չեն կարող խանգարել, որ մեր աղոթքները հասնեն Եհովային, և որ նրա բարի պարգևը՝ սուրբ ոգին, հասնի մեզ (Հակ. 1։17)։ Իսկ ինչպե՞ս պետք է աղոթենք, որ սուրբ ոգուց օգնություն ստանանք։ Եկեք այս հարցը ավելի մանրամասնորեն ուսումնասիրենք՝ քննելով Հիսուսի պատմած առակներից մեկը, որը գրի է առել միայն Ղուկաս ավետարանագիրը։ *

ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՐԵՆ ԱՂՈԹԵՆՔ

17. Աղոթքի վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Հիսուսի առակից՝ արձանագրված Ղուկաս 11։5–9, 13 համարներում։

17 Կարդա Ղուկաս 11։5–9, 13։ Հիսուսի առակից իմանում ենք, թե ինչպես պետք է աղոթենք սուրբ ոգու համար։ Առակում հիշատակված մարդը իր «հաստատակամության համար» ստացավ այն, ինչի կարիքն ուներ։ Նա չվարանեց իր ընկերոջից օգնություն խնդրել, չնայած որ ուշ գիշեր էր (Ղուկ. 11։8 * Հիսուսը այս առակի միջոցով ի՞նչ էր ուզում սովորեցնել աղոթքի վերաբերյալ։ Ահա թե ինչ ասաց նա. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև»։ Այս խոսքերից սովորում ենք, որ սուրբ ոգուց օգնություն ստանալու համար պետք է այդ մասին հաստատակամությամբ աղոթենք։

18. Հիսուսի պատմած առակը հաշվի առնելով՝ ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կտա մեզ իր սուրբ ոգին։

18 Հիսուսի առակը նաև օգնում է հասկանալ, թե Եհովան ինչու մեզ կտա իր սուրբ ոգին։ Առակում հիշատակված մարդը ցանկանում էր հոգատար հյուրընկալ լինել։ Նա իրեն պարտավորված էր զգում կերակրել ուշ ժամին եկած հյուրին, բայց հյուրասիրելու բան չուներ։ Ուստի իր հարևանից հաց խնդրեց և ստացավ իր ուզածը, քանի որ հաստատակամությամբ խնդրեց։ Սրանով Հիսուսն ի՞նչ էր ուզում ասել։ Եթե անկատար մարդը համաձայնվում է օգնել իր հաստատակամ հարևանին, ուրեմն որքա՜ն ավելի մեծ պատրաստակամությամբ մեր երկնային սիրառատ Հայրը կօգնի նրանց, ովքեր հաստատակամորեն սուրբ ոգի են խնդրում իրենից։ Այնպես որ կարող ենք աղոթելիս վստահ լինել, որ Եհովան կկատարի մեր թախանձագին խնդրանքները և կտա մեզ իր ոգին (Սաղ. 10։17; 66։19

19. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ կկարողանանք մինչև վերջ հավատարիմ մնալ Աստծուն։

19 Թող վայրկյան անգամ չկասկածենք, որ ինչքան էլ Սատանան փորձի տապալել մեզ, մենք կանգուն կմնանք։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Որովհետև սուրբ ոգին օգնում է մեզ և դա անում է երկու ձևով։ Առաջին՝ այն մեզ ուժ է տալիս, որ դիմակայենք փորձություններին։ Եվ երկրորդ, ինչպես քամին է փչում առագաստներին և առաջ մղում նավը, այնպես էլ սուրբ ոգին է օգնում մեզ, որ Եհովային ծառայելով՝ առաջ շարժվենք ու հասնենք նրա խոստացած նոր աշխարհ։ Ուստի եկեք ամեն ինչ անենք, որ լիարժեքորեն ստանանք սուրբ ոգու օգնությունը։

ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր

^ պարբ. 5 Աստծու սուրբ ոգին ինչպե՞ս կարող է օգնել մեզ համբերությամբ տանել դժվարությունները։ Հոդվածում կտրվի այս հարցի պատասխանը, ինչպես նաև կխոսվի այն մասին, թե ինչ պետք է անենք, որ լիարժեքորեն ստանանք սուրբ ոգու օգնությունը։

^ պարբ. 16 Ղուկասը մյուս ավետարանագիրներից ավելի հաճախ է ընդգծում, որ աղոթքը շատ կարևոր էր Հիսուսի համար (Ղուկ. 3։21; 5։16; 6։12; 9։18, 28, 29; 18։1; 22։41, 44

^ պարբ. 17 Ղուկաս 11։8-ում «հաստատակամություն» թարգմանված հունարեն բառը կարող է բառացի թարգմանվել «համեստության պակաս» կամ «անամոթություն»։ Սակայն այս համատեքստում այն մատնանշում է անկոտրում համարձակություն կամ համառություն։ Հիսուսի առակում ամոթը այդ մարդուն հետ չպահեց, որ հաստատակամորեն խնդրի մի բան, ինչի կարիքն ուներ։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ նրանք նույնպես պետք է հաստատակամությամբ աղոթեն (Ղուկ. 11։9, 10

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ ՔԱՅԼ 1։ Եղբայրն ու քույրը գալիս են Թագավորության սրահ։ Հավատակիցների հետ մեկտեղ հավաքվելով՝ նրանք մասնակցում են մի միջոցառման, որին ներկա է Եհովայի ոգին։ ՔԱՅԼ 2։ Եղբայրն ու քույրը պատրաստվել են, որ իրենց մասնակցությունը բերեն ժողովի հանդիպմանը։ Նույն ձևով հարկավոր է վարվել այս հոդվածում հիշատակված մյուս հոգևոր գործերով զբաղվելիս. դրանք են Աստծու Խոսքի ուսումնասիրությունը, քարոզչական գործունեությունը և աղոթքը։